ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 հուլիսի 2022 թվականի N 1051-Ն
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՋԱՐԴՄԱՆ, ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(3-րդ մաս)
10. ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
267. Ֆաբրիկաներում էլեկտրակայանքների (էլեկտրասարքավորումներ, տրանսֆորմատորային ենթակայաններ, էլեկտրամատակարարման բաշխիչ ցանցեր) շահագործումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1933-Ն և N 1939-Ն որոշումներով հաստատված պահանջներին համապատասխան:
268. Էլեկտրական սխեմաներում պետք է նախատեսվի սպառողների պաշտպանություն` ծանրաբեռնվածությունից և կարճ միացումներից:
269. Օգտակար հանածոների հանքահարստացման յուրաքանչյուր ֆաբրիկայում պետք է առկա լինեն`
1) էլեկտրամատակարարման սխեմա` ուժային և քարշային ցանցերի, էլեկտրատեղակայանքների (տրանսֆորմատորային ենթակայան, բաշխիչ ցանցեր և այլն) տեղաբաշխման նշմամբ.
2) միացությունների միագիծ սխեմա` ուժային ցանցերի, էլեկտրակայանքների, ինչպես նաև հոսանքի տեսակի, մալուխների ու հաղորդալարերի կտրվածքի, դրանց երկարության, մակնիշի, յուրաքանչյուր տեղակայման հզորության, հողանցման բոլոր տեղերի, պաշտպանական և փոխարկման (կոմուտացիա) ապարատների, ապահովիչների հալուն ներդիրների անվանական հոսանքի, պաշտպանված գծի ամենահեռավոր կետում կարճ միացման հոսանքի նշմամբ: Շահագործման ընթացքում էլեկտրամատակարարման սխեմայում փոփոխություններ առաջանալու դեպքում դրանք անմիջապես պետք է արտացոլվեն սխեմայի վրա:
270. Յուրաքանչյուր կարգավորող ապարատի վրա պետք է լինի հատուկ գրառում, որում նշվում է դրանով միացող կայանքը:
271. Հոսանքագծերում մարդկանց աշխատելու ժամանակ անջատված գործարկիչների, ավտոմատների և բարձրավոլտ բաշխիչ սարքերի բռնակին պետք է փակցվի ազդագիր` «Չմիացնել, մարդիկ են աշխատում» գրառմամբ:
272. Էլեկտրատեղակայանքներում սպասարկման աշխատանքների անվտանգ կատարման համար պետք է օգտագործվեն էլեկտրապաշտպանիչ միջոցներ (դիէլեկտրիկ ձեռնոցներ, կրկնակոշիկներ, մեկուսիչ գորգեր, պաշտպանիչ ակնոցներ և այլն): Պաշտպանիչ միջոցների օգտագործումից առաջ, ամեն անգամ պետք է ստուգվեն դրանց սարքինությունը, արտաքին վնասվածքների բացակայությունը, պիտանիության ժամկետը:
273. Պաշտպանիչ միջոցները, որոնք կիրառվում են էլեկտրակայանքների սպասարկման համար, պարբերաբար պետք է ենթարկվեն էլեկտրական փորձարկումների` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1933-Ն և N 1939-Ն որոշումներով հաստատված տեխնիկական կանոններով պահանջվող ժամանակի պարբերականությամբ: Արգելվում է օգտագործել ժամկետանց պաշտպանիչ միջոցներ:
274. Ֆաբրիկայի բոլոր աշխատողները պետք է ուսուցանվեն էլեկտրահարումից և այլ վնասվածքային գործոններից տուժած մարդկանց փրկելու, նրանց առաջին օգնություն ցույց տալու եղանակների իմացության հարցերով:
275. Բաշխիչ սարքերի շինություններում երկար առարկաներ (խողովակ, սանդուղք և այլն) մտցնել և դրանց հետ չցանկապատված էլեկտրակայանքների մոտակայքում աշխատել թույլատրվում է միայն աշխատանքների կատարման համար պատասխանատու անձի անմիջական հսկողության ներքո:
276. Գործարկիչ ապարատների միջոցով առանձին արտադրական մեքենաների և մեխանիզմների միացումը և անջատումը կարող են կատարել միայն այն անձինք, ովքեր ստացել են թույլտվություն` այդ մեքենաների և մեխանիզմների ինքնուրույն սպասարկման համար և անցել են հատուկ հրահանգավորում: Գործարկիչ ապարատների վրա` անջատման ընթացքում պետք է կախվի ցուցանակ` «Չմիացնել» գրառմամբ:
277. Եթե սարքավորումը ժամանակավորապես անջատված է եղել, ապա գործարկելուց առաջ այն պետք է զննել, համոզվել լարում ընդունելու, սարքին լինելու մեջ և առաջիկա միացման մասին զգուշացնել դրա վրա աշխատող անձանց:
278. Ֆաբրիկայի աշխատատեղերը պետք է լուսավորվեն` համաձայն գործող սանիտարական նորմերի:
279. Էլեկտրական լամպերը պետք է տեղադրվեն այնպես, որպեսզի դրանց անվտանգ սպասարկումը հնարավոր լինի կատարել առանց էլեկտրասարքավորումներից լարումը հանելու: Նշված պահանջը չի տարածվում այնպիսի էլեկտրալամպերի վրա, որոնք տեղադրված են փակ, բաշխիչ սարքավորումների խցիկներում:
280. Ֆաբրիկայի ընդհանուր լուսավորության ցանցի համար պետք է կիրառվեն մեկուսապատված չեզոք հաղորդալարով էլեկտրալամպեր` 220 Վ-ից ոչ բարձր լարմամբ:
281. Բարձր վտանգավորությամբ շինություններում հատակից 2,5 մ-ից պակաս բարձրության վրա շիկացած էլեկտրալամպեր տեղադրելու դեպքում պետք է կիրառվեն 42 Վ-ից ոչ բարձր լարմամբ հատուկ կառուցվածքի լամպեր: Այս պահանջները չեն տարածվում այն էլեկտրալամպերի վրա, որոնց սպասարկումը կատարվում է ամբարձիչ կռունկներից կամ հարթակներից:
282. Այնպիսի արտադրամասերում, որտեղ էլեկտրալամպերը տեղադրված են մեծ բարձրության վրա, դրանց սպասարկումը թույլատրվում է կատարել ամբարձիչ սարքերի միջոցով, ընդ որում, աշխատանքը պետք է կատարվի դիէլեկտրիկ ձեռնոցներով, երկրորդ անձի ներկայությամբ:
283. 127-200 Վ լարում ունեցող լյումինեսցենտային լամպերը թույլատրվում է կախել 2,5 մ-ից ոչ ցածր բարձրության վրա` պայմանով, որ դրանց հպակային մասերն ապահով լինեն պատահական հպումներից:
284. Շիկացած էլեկտրալամպերով տեղային մշտական լուսավորության համար պետք է կիրառվի հետևյալ լարումը`
1) ոչ բարձր վտանգավորությամբ շինությունների համար` 220 Վ-ից ոչ ավելի.
2) բարձր վտանգավորությամբ շինությունների համար` 42 Վ-ից ոչ ավելի:
285. Հատուկ կառուցվածքի էլեկտրալամպերի համար թույլատրվում է լարում` ներառյալ մինչև 220 Վ`
1) եթե դրանք համարվում են վթարային լուսավորության բաղկացուցիչ մասը և սնվում են հոսանքի անկախ աղբյուրից.
2) եթե տեղադրված են բարձր վտանգավորությամբ շինություններում:
286. 42 Վ-ից բարձր լարմամբ էլեկտրալամպերի մետաղե արմատուրը պետք է հուսալիորեն հողանցվի:
287. 127-220 Վ լարմամբ լյումինեսցենտային լամպերի օգտագործումը տեղային լուսավորության համար թույլատրվում է միայն այն դեպքում, եթե բացառվում է դրանց հպումը հոսանքալարերի հետ: Խոնավ, առանձնապես խոնավ, շոգ և քիմիական ակտիվ միջավայրով շինություններում տեղային լուսավորության համար թույլատրվում է օգտագործել միայն հատուկ կոնստրուկցիայի արմատուրով լյումինեսցենտային լամպեր:
288. Բարձր վտանգավորությամբ շինություններում ձեռքի լամպերի սնուցման համար պետք է օգտագործվի 42 Վ-ից ոչ բարձր լարում: 42 Վ և դրանից ցածր լարմամբ լամպերի սնուցումը պետք է կատարվի էլեկտրական առանձին փաթույթներով առաջնային և երկրորդային լարման տրանսֆորմատորներից:
289. Առանձնապես վտանգավոր շինություններում, ինչպես նաև անբարենպաստ պայմանների դեպքում, երբ էլեկտրահարման վտանգի հավանականությունը մեծանում է նեղվածության, աշխատողների համար ոչ նպաստավոր պայմանների, մեծ մետաղե կոնստրուկցիաների և հողանցման սարքերի անհարմար դիրքի պատճառով, ձեռքի և փոխադրովի լամպերի սնուցման համար պետք է կիրառվի 12 Վ-ից ոչ բարձր լարում:
290. Ռեագենտների լուծույթների պատրաստման տեղում տեղային լուսավորության համար թույլատրվում է կիրառել փոխադրովի էլեկտրալամպեր` 12 Վ-ից ոչ բարձր լարմամբ:
291. Արտադրական շինություններում բաց, չպաշտպանված լյումինեսցենտային լամպերի կիրառումն արգելվում է:
292. Թույլ լուսավորության պայմաններում և գիշերային ժամերին աշխատելու դեպքում մարդիկ պետք է ունենան անհատական փոխադրովի լամպեր:
293. Էլեկտրագործիքները (էլեկտրադրելներ, էլեկտրապնդօղակիչներ, հղկման և ողորկման մեքենաներ, էլեկտրազոդիչներ և այլն) պետք է ունենան կրկնակի մեկուսացում:
294. Փոխադրովի էլեկտրագործիքների լարումը պետք է լինի`
1) ոչ բարձր վտանգավոր շինություններում` 220 Վ-ից ոչ բարձր.
2) բարձր վտանգավորությամբ շինություններում` 42 Վ-ից ոչ բարձր:
295. Պաշտպանիչ թողարկիչի առկայության դեպքում, որն ապահովում է էլեկտրագործիքի հեռահար կառավարումը և ցանցից ակնթարթային ավտոմատ անջատումը, կարճ միացման կամ հողանցման լարի կտրման դեպքում թույլատրվում է էլեկտրագործիքի օգտագործումը 220 Վ լարմամբ` անկախ շինության դասից:
296. Եթե հնարավոր չէ ապահովել էլեկտրագործիքի աշխատանքը 42 Վ լարմամբ, թույլատրվում է կիրառել 220 Վ լարում` միայն պաշտպանիչ միջոցների (ձեռնոցներ) կիրառման դեպքում:
297. Էլեկտրագործիքների միացման համար նախատեսված խրոցակային միացումները պետք է ունենան շփման համար անմատչելի հոսանքատար լարեր, հողանցման համար լրացուցիչ հպատեղեր:
298. 12 Վ և 42 Վ լարման խրոցակային միացումները (խրոցակ, վարդակ)` ըստ իրենց կոնստրուկտիվ կատարման, պետք է տարբերվեն սովորական խրոցակային միացումներից` նախատեսված 127 Վ և 220 Վ լարման համար, և բացառեն 12 Վ և 42 Վ լարման վարդակների միացումը 127 Վ և 220 Վ խրոցակային վարդակների հետ:
299. Էլեկտրագործիքն էլեկտրական ցանցին միացնելու համար պետք է կիրառվի փողրակային հաղորդալար: Թույլատրվում է կիրառել նաև ռետինե փողրակի մեջ մտցված` 500 Վ-ից ոչ ցածր լարմամբ մեկուսացված բազմաերակային ճկուն հաղորդալարեր:
300. 1000 Վ լարումից բարձր էլեկտրակայանքներում մեկ անձի կողմից զննումներ կատարելու ժամանակ արգելվում է որևէ աշխատանք կատարել, ինչպես նաև անցնել ցանկապատից ներս, մտնել բաշխիչ սարքվածքների և յուղային անջատիչների խցիկները: Սարքավորումների, ապարատների և հաղորդաձողավորումների զննումը պետք է կատարվի խցիկի շեմից կամ պատնեշի հետևից:
301. 1000 Վ-ից բարձր էլեկտրակայանքների որևէ հոսանքատար մասի հողի հետ միացում հայտնաբերվելու դեպքում արգելվում է մինչև դրա անջատումը մարդկանց մոտենալ այդպիսի վնասված տեղին մինչև 4-5 մ հեռավորության վրա, փակ բաշխիչ կայաններում` մինչև 8-10 մ հեռավորության վրա: Բաց ենթակայաններում ավելի մոտ հեռավորության վրա մարդկանց մոտենալը թույլատրվում է միայն հողի հետ միացումը վերացնելու նպատակով կոմուտացման ապարատների հետ գործողություններ կատարելու դեպքում, ինչպես նաև տուժածներին օգնություն ցույց տալու նպատակով: Այդ դեպքում աշխատողը պարտավոր է իրեն վնասազերծել քայլային լարման ազդեցությունից` հագնելով դիէլեկտրիկ կոշիկներ, փռելով մեկուսիչ գորգեր կամ հողից մեկուսանալու այլ հուսալի նյութեր: Բոլոր գործողությունները պետք է կատարվեն դիէլեկտրիկ ձեռնոցներով կամ մեկուսիչ մետաղաձողերի կիրառմամբ:
302. Ժամանակավոր ցանկապատերի վրա պետք է փակցվի ցուցանակ` «Կանգնի՛ր, բարձր լարում է» գրառմամբ:
303. 1000 Վ-ից բարձր լարմամբ էլեկտրատեղակայանքներում վերանորոգման աշխատանքները պետք է կատարվեն միայն կազմակերպական և տեխնիկական միջոցառումների իրականացումից հետո` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1933-Ն և N 1939-Ն որոշումներով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում գործող տեխնիկական կանոնների:
304. Կարգադրագրով աշխատանքների կատարման ժամանակ պատասխանատու անձն աշխատանքների ամբողջ ընթացքում պետք է գտնվի աշխատատեղում: Արգելվում է 1000 Վ-ից բարձր լարմամբ կայանքներում կամ բաց ենթակայաններում վերանորոգում կատարող աշխատողների խմբից որևէ մեկին մենակ թողնել օբյեկտում:
305. Աշխատանքային ընդմիջումների ժամերին խումբը պետք է հեռանա էլեկտրակայանքի շենքից կամ բաց ենթակայանից` տեղում թողնելով ցուցադրական ազդագրերը, ցանկապատերը, հողանցման միջոցները: Արգելվում է աշխատողներից որևէ մեկին ընդմիջումից հետո մենակ մտնել 1000 Վ-ից բարձր լարմամբ կայանքի շենք կամ բաց ենթակայան` առանց աշխատանքային խմբի ղեկավարի թույլտվության:
306. Շարժական մեկուսիչ ցանկապատերը (ցանց կամ վահանակ) պետք է ունենան այնպիսի կոնստրուկցիա, որ բացառվի աշխատողների պատահական կամ սխալմամբ հպումը լարման տակ գտնվող հոսանքատար մասերին: Պետք է նաև ստեղծվեն պայմաններ` ցանկապատերի անվտանգ ու կայուն տեղադրման համար:
307. Կապի և ազդարարման սարքերի սնուցումը, բացառությամբ հատուկ տրանսպորտային սարքերի, պետք է իրականացվի 220 Վ-ից ոչ բարձր լարմամբ` լուսավորման ցանցից, մարտկոցային կուտակիչներից կամ ուղղիչ կայանքից: Ազդարարման սարքերի համար, բացառությամբ ազդարարման կենտրոնական կայանքից, թույլատրվում է գծերն անցկացնել 24 Վ լարմամբ չմեկուսացված հաղորդալարերով:
308. Էլեկտրաշարժիչների և դրանց կողմից շարժաբերվող մեխանիզմների վրա պետք է դրվեն էլեկտրաշարժիչի և մեխանիզմի պտտման ուղղությունը ցույց տվող սլաքներ:
309. Էլեկտրական մեքենաների և գործարկիչ-կարգավորիչ ապարատների, արտանցիչների տուփերը պետք է հուսալիորեն ամրակցվեն և փակվեն կափարիչներով: Մեքենայի աշխատանքի ժամանակ կափարիչի բացումն արգելվում է:
310. Ստատորի, խարիսխի և բևեռների փաթույթների արտանցքերը պետք է ունենան մականշում: Գործարկիչ-կարգավորիչ սարքերի վրա պետք է նշվեն «Գործարկում» և «Կանգ» դիրքերը:
311. Անջատիչների, հպակների, մագնիսական գործարկիչների, ինչպես նաև վահանակների վրա խմբակային հավաքակցված ապահովիչների մոտ պետք է լինեն գրառումներ այն մասին, թե որ շարժիչին են դրանք վերաբերում:
312. Էլեկտրաշարժիչը վերանորոգման նպատակով կանգնեցնելու համար պետք է սնուցող մալուխը հոսանքազրկել վահանակից և շարժաբերի անջատիչի վրա կախել ցուցանակ` «Չմիացնել, մարդիկ են աշխատում» գրառմամբ: Ցուցանակը հանել և մեքենան միացնել թույլատրվում է միայն այն դեպքում, երբ աշխատանքը կատարող անձը մատյանում կատարում է գրանցում դրա ավարտի մասին, իսկ աշխատանքն ընդունող անձը` էլեկտրաշարժիչի գործարկման թույլտվություն տալու մասին:
11. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԳԱԶԱՄԱՔՐԻՉ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
313. Էլեկտրաֆիլտրի կամ դրա առանձնամասերի ներքին զննումը և վերանորոգումը պետք է կատարվեն միայն գրավոր կարգադրագիր-թույլտվությամբ` էլեկտրաֆիլտրի շահագործման համար պատասխանատու անձի անմիջական մասնակցությամբ:
314. Էլեկտրաֆիլտրի կամ դրա առանձնամասերի ներքին զննումը և վերանորոգումը պետք է կատարվեն էլեկտրաֆիլտրը լարումից անջատելուց, հսկիչ համակարգը հողանցումից ազատելուց, էլեկտրաֆիլտրի իրանն օդափոխելուց հետո:
315. Եթե էլեկտրաֆիլտրի միջով անցել են պայթյունավտանգ կամ թունավոր գազեր, ապա դրա զննման և վերանորոգման աշխատանքներն սկսելուց առաջ պետք է կատարվի գազաչափական անալիզ` համոզվելու համար, որ էլեկտրաֆիլտրում թունավոր, վտանգավոր գազեր չեն մնացել:
316. 1000 Վ-ից բարձր լարման տակ գտնվող բարձրացնող-ուղղիչ ագրեգատների խորշերի կամ մասերի տեղաբաշխվածության և այլ տեղերի բանալիները միաժամանակ պետք է օգտագործեն առնվազն երկու անձինք, ովքեր ունեն համապատասխան որակավորման խումբ:
317. Հերթապահին մենակ չի թույլատրվում կատարել որևէ աշխատանք` բացառությամբ այն աշխատանքների, որոնք նախատեսված են ֆաբրիկայի ղեկավարության կողմից հաստատված էլեկտրաֆիլտրերի սպասարկման արտադրական հրահանգով:
318. Էլեկտրաագրեգատների և ուղղիչ գծերի լարման միացման ու անջատման, ինչպես նաև պահեստային ագրեգատների սնուցման գործողությունները կարող են կատարվել միայն օպերատիվ անձնակազմի աշխատողներից մեկի միջոցով: Գազամաքրման սարքերի հերթապահը կարող է ընդգրկվել այդ աշխատանքներում` որպես խմբի անդամ (երկրորդ դեմք):
12. ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
319. Դեպի ֆաբրիկա հանքաքարի փոխադրումը հպակային էլեկտրաքարշերով կատարելու դեպքում բեռնաթափման տեղերում պետք է տեղադրվեն նախազգուշական ցուցանակներ` էլեկտրական հոսանքից էլեկտրահարման վտանգի մասին:
320. Էլեկտրաքարշային հանքահանման հպակային հաղորդալարերը, որոնք մտնում են ընդունող բունկերների տակ գտնվող շինությունները, պետք է սարքավորվեն բաժնեմասային (սեկցիոն) անջատիչներով` հողանցող դանակներով:
321. Արգելվում է բարձրանալ էլեկտրաքարշի վագոնիկ, եթե անջատված չէ հպակային ցանցի լարումը:
322. Արգելվում է ոչ սարքին վագոնիկները բարձել հանքաքարով, ինչպես նաև դրանք վերանորոգել բեռնաթափման հարթակներում:
323. Վագոնիկների բեռնաթափումը կպչուն հանքաքարից և այլ նյութերից դրանց մաքրումը պետք է կատարվեն մեքենայացված եղանակով (շրջմամբ, քերիչներով, հիդրոլվացմամբ և այլն) կամ հատուկ հարմարանքների օգնությամբ:
324. Նախքան փոշի առաջացնող նյութերի բեռնաբարձումը և բեռնաթափումը պետք է իրականացվեն փոշեճնշման միջոցառումներ և օգտագործվեն փոշուց պաշտպանվելու անհատական միջոցներ:
325. Ֆաբրիկայի և դրան հարակից արտադրամասերի տարածքում ավտոմեքենաների երթևեկության կարգը և արագությունը սահմանում է կազմակերպության ղեկավարությունը` հաշվի առնելով տարածքի պայմանները, ճանապարհների և տրանսպորտային միջոցների վիճակը:
326. Հանքաքարի մատուցումն ավտոմեքենաներով կատարվելու դեպքում ընդունման բունկերի բեռնաթափման հարթակում անհրաժեշտ է`
1) տեղադրել հենակներ, որոնք կբացառեն ավտոմեքենայի ցած գլորվելը բունկերի մեջ.
2) նախատեսել ավտոմեքենայի հետընթաց շարժում` բեռնաթափման տեղից 30 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա.
3) նախատեսել միջոցառումներ` մեքենան թեքության վրա կանգնելու դեպքում դրա ինքնագործարկումը կանխելու համար.
4) շրջադարձի հարթակների պարագծով ընդունման բունկերի մոտ հարթակի կողեզրից տեղադրել 1 մ-ից ոչ պակաս բարձրությամբ ցանկապատ` ավտոմեքենայի ցած գլորվելը կանխելու համար.
5) արգելել մարդկանց գտնվելը կամ որևէ աշխատանքի կատարումը բեռնաթափման հարթակում` ավտոմեքենայի աշխատանքային գոտում:
327. Արգելվում է բեռնաթափումից հետո ավտոմեքենաների երթևեկելը բարձրացված թափքով, ինչպես նաև կատարել հետընթաց շարժում` առանց անընդհատ ձայնային ազդանշաններ տալու:
328. Ստորերկրյա պայմաններում աշխատող փոխակրիչների վրա պետք է օգտագործվեն դժվար հրկիզվող ժապավեններ, իսկ երկրի մակերևույթի վրա տեղակայված փոխակրիչների վրա, որոնք փոխադրում են սառը վիճակում գտնվող նյութեր, նախատեսվում է օգտագործել ընդհանուր արդյունաբերական նշանակություն ունեցող ժապավեններ:
329. Ժապավենային փոխակրիչների սրահների և էստակադների շինարարական կոնստրուկցիաները պետք է պատրաստվեն չհրկիզվող նյութերից: Այդ դեպքում շարժաբերային կայաններում և բեռնաթափման կետերում, ինչպես նաև փոխակրիչի ամբողջ երկարությամբ պետք է տեղադրվի ավտոմատ հրդեհային ազդարարում: Այդ միջոցների ավտոմատ գործարկման ազդանշանները պետք է ընդունվեն դիսպետչերական կետում:
330. Ժապավենային փոխակրիչների կայանքը պետք է ունենա`
1) բլոկավորման սարքվածք` սարքավորման աշխատանքների դադարեցման համար.
2) վթարային սարքվածք` փոխակրիչի երկարության ցանկացած կետից դրա աշխատանքների դադարեցման համար.
3) ազդարարման սարք` սարքավորման գործարկման սկզբի համար.
4) բլոկավորման սարք` փոխակրիչի անջատումից հետո դրա հետկառավարումը բացառելու համար.
5) բազրիքներով ցանկապատված անցումային կամրջակներ.
6) հարմարանքներ, որոնք պետք է խոչընդոտեն կողքից ժապավենի դուրս ընկնելը.
7) պաշտպանիչ սարքավորումներ` փոխակրիչների տակով մարդկանց անցման տեղերում.
8) ժապավենի ձգման սարքավորումներ.
9) սարքավորումներ` ժապավենը և թմբուկը կպչուն նյութերից մաքրելու համար.
10) տեղային բլոկավորում` կենտրոնական կառավարման կետից սարքավորման գործարկումը կասեցնելու համար.
11) շարժաբերն անջատող սարք` բեռնաթափման ձագարների և ճոռերի խցանման դեպքերում:
331. Ժապավենային փոխակրիչների բեռնաթափման սայլակների վրա պետք է տեղակայվեն ծայրային անջատիչներ, իսկ ռելսուղիների վրա` հատուկ հենակներ:
332. Ավտոմատ կարգով վարնետող սայլակների և շարժական փոխակրիչների էլեկտրաշարժիչների սնուցումը պետք է կատարվի կախովի ճկափողավոր մալուխների միջոցով: Թույլատրվում է ավտոմատ կարգով վարնետող սայլակների էլեկտրաշարժիչների սնուցումը կատարել նաև սպասարկման հարթակից կամ հատակից 3,5 մ-ից ոչ պակաս բարձրությամբ անցկացված հպալարերով: Նշվածից ցածր բարձրությամբ (3,5 մ-ից մինչև 2,5 մ) հպալարերի անցկացման դեպքում դրանք պետք է ցանկապատվեն:
333. Բեռնաթափման սայլակները պետք է սարքավորվեն դրանց ինքնակամ շարժումը կասեցնող հատուկ հարմարանքներով:
334. Փոխակրիչի փոխադրաժապավենի տակ թափվածքները պետք է մաքրվեն մեքենայացված եղանակով (հիդրավլիկ մաքրում և այլն): Գլխամասային, պոչային կամ շեղման թմբուկների տակ գտնվող նյութերը ձեռքով մաքրելը թույլատրվում է միայն ժապավենը կանգնեցված վիճակում` հավաքելով շարժաբերի էլեկտրասնուցման սխեման, գործարկման սարքի վրա նախատեսելով նախազգուշացնող նշան` «Չմիացնել, մարդիկ են աշխատում» գրառմամբ:
335. Փոխակրիչի գործարկման համակարգը պետք է ունենա բլոկավորում, ինչը կբացառի շարժիչի աշխատանքը գլխամասային և ծայրային թմբուկների ցանկապատերը հանված լինելու դեպքում:
336. Ժապավենային փոխակրիչների տակ գտնվող ելքի և մուտքի տեղերում պետք է տեղադրվեն պաշտպանական վահանակներ, որպեսզի բացառվեն մարդկանց վնասվելը ժապավենից թափվող նյութերից:
337. Փոխակրիչի ժապավենը շարժման ժամանակ չպետք է ունենա շեղումներ, որոնք թմբուկները դուրս կբերեն եզրերից: Աշխատանքի ընթացքում ժապավենը պետք է կանգնեցվի հատուկ հարմարանքի միջոցով:
338. Փոխակրիչի ժապավենի տեղապտույտը պետք է վերացվի թմբուկը և ժապավենը համապատասխան սարքվածքով ձգելուց հետո: Արգելվում է միացնել փոխակրիչը և այն շահագործել, եթե դրա շարժվող և պտտվող մասերը (ժապավենը, թմբուկները, հոլովակները) լցված են փոխադրվող նյութերով:
339. Եթե փոխակրիչի տանող, ձգող և թեքող թմբուկները տեղակայված են այնպես, որ դրանց առանցքը գտնվում է հատակից 1,5 մ-ից ավելի բարձրության վրա, պետք է շարժաբերի և թմբուկի սպասարկման համար կառուցվեն հարթակներ` սարքավորված 1 մ-ից ոչ պակաս բարձրությամբ սանդուղքներով ու բազրիքներով: Հարթակները պետք է ունենան ցանցավոր կամ հոծ, չսայթաքող ծածկույթ:
340. Փոխակրիչի սրահի և էստակադի բարձրությունը գետնից մինչև դրա կոնստրուկցիաների ստորին մասը պետք է լինի 2 մ-ից ոչ պակաս: Սրահի կամ էստակադի լայնությունը պետք է համապատասխանի անցատեղերի ապահովման հետևյալ պայմաններին`
1) փոխակրիչի մի կողմից` 800 մմ-ից ոչ պակաս (մարդկանց անցատեղերի և փոխակրիչի մյուս կողմից 700 մմ-ից ոչ պակաս` ժապավենի մինչև 1400 մմ լայնության դեպքում, 800 մմ-ից ոչ պակաս` ժապավենի 1400 մմ-ից ավելի լայնության դեպքում.
2) երկու և ավելի զուգահեռ փոխակրիչների միջև` 1000 մմ-ից ոչ պակաս, իսկ սրահի պատի և փոխակրիչի հատվածամասի միջև 700 մմ-ից ոչ պակաս` ժապավենի մինչև 1400 մմ լայնության դեպքում, և 800 մմ-ից ոչ պակաս` ժապավենի 1400 մմ-ից ավելի լայնության դեպքում:
341. Թիթեղավոր փոխակրիչների և սնուցիչների տեղակայման դեպքում պետք է նախատեսվի հնարավորություն` դրանք երկու կողմից սպասարկելու համար փոխկրիչների միջև ազատ անցատեղերը պետք է ընդունվի 1,2 մ-ից ոչ պակաս, իսկ փոխկրիչի և շինության պատերի միջև` 1 մ-ից ոչ պակաս:
342. Ստորերկրյա խցերում, բեռնաթափման կետերում և արտադրական այլ շենքերում ու շինություններում հարակից սարքավորումների եզրաչափերի միջև և շինության պատից սարքավորումների միջև նվազագույն հեռավորությունը որոշելու համար պետք է հաշվարկել` հիմք ընդունելով մեքենաների և սարքավորումների ու դրանց հանգույցների միջև տեղաշարժման, վերանորոգման ապահովման հնարավորությունը, բայց ոչ պակաս`
1) հիմնական անցատեղերում` 1,5 մ.
2) մեքենաների միջև աշխատանքային հարթակներում` 1 մ.
3) շինության պատի և մեքենայի միջև` 0,7 մ:
343. Փոխակրիչային հոսքագծերի բաց կատարմամբ տեղակայման դեպքում պետք է ստեղծվի հնարավորություն` հիմնական հանգույցներին և հարակից սարքավորումներին մոտենալու համար:
344. Թեքությամբ տեղակայված թիթեղավոր և քերակավոր փոխակրիչները պետք է սարքավորվեն տրանսպորտային օղակների որսիչներով, որոնք ժապավենի կտրման դեպքում կկանխեն դրա փախչելը:
345. Պարուրակների և քերակավոր փոխակրիչների տեղակայման դեպքում թույլատրվում է դրանց միակողմանի սպասարկում` 0,8 մ լայնությամբ ազատ անցատեղերից: Պարուրակների և քերակավոր փոխակրիչների պատյանների կափարիչները պետք է սարքավորվեն բլոկավորմամբ, որը կբացառի մոտենալ փոխկրիչների պտտվող և շարժվող մասերին` դրանց աշխատանքի ժամանակ:
346. Ստորերկրյա-վերերկրյա փոխակրիչային սրահները երկրի մակերևույթ դուրս գալու դեպքում դրանց վրա պետք է նախատեսվեն արտաքին անցատեղեր, ինչպես նաև անցատեղեր` փոխակրիչի վրայով անցնելու համար:
347. Սրահներից և էստակադներից դուրս եկող տարահանման ելքերն ու փոխակրիչների վրա տեղակայված անցման կամրջակները պետք է լինեն իրարից 100 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա: Կամրջակները պետք է ունենան 0,8 մ լայնություն` ցանկապատված 1 մ-ից ոչ պակաս բարձրությամբ բազրիքներով:
348. 70-ից բարձր թեքությամբ փոխակրիչային սրահների անցատեղերում պետք է տեղադրվեն աստիճաններ կամ փայտե սանդուղքներ:
349. Եթե փոխակրիչային սրահներով իրականացվում է փոշու և գազի անջատումով նյութերի փոխադրում, ապա դրանց շենքերին հարող տեղերում պետք է կառուցվեն ինքնափակվող դռներով միջնապատեր:
350. 60-ից բարձր թեքությամբ տեղադրված թիթեղավոր փոխակրիչները պետք է սարքավորվեն սևեռակապնդիչ սարքերով, որոնք փոխակրիչի կանգառի դեպքում կարգելակեն ժապավենի բեռնվածքային ճյուղի տեղաշարժը հակառակ ուղղությամբ:
351. Հանքաքարը ձեռքով տեսակավորելու ժամանակ փոխակրիչային ժապավենի շարժման արագությունը չպետք է գերազանցի 0,5 մ/վրկ-ը: Հանքաքարի տեսակավորման տեղերում ժապավենը պետք է ցանկապատվի:
352. Փոխակրիչները սարքավորումներից և անցատեղերից վերև տեղադրելու դեպքում դրանք ստորին մասից պետք է փակվեն համատարած երեսապատվածքով, ինչը կկանխի հանքաքարի կտորների ներքև ընկնելու հնարավորությունը:
353. Ժապավենային փոխակրիչներով չոր և փոշի առաջացնող նյութերի, ինչպես նաև բարձր ջերմաստիճանով և գոլորշի անջատող նյութերի փոխադրման դեպքում բարձման և բեռնաթափման տեղերը պետք է պատսպարվեն, ինչպես նաև ձեռնարկվեն միջոցներ` օդի մեջ փոշու քանակությունը սահմանային թույլատրելի չափաքանակներին հասցնելու համար: Փոշենման չոր նյութերի փոխադրման ժամանակ դրանց վերախառնման գոտիները պետք է հերմետիկացվեն:
354. Էլևատորները, քերակավոր փոխակրիչները և պարուրակները, որոնցով փոխադրվում են չոր և փոշի առաջացնող նյութեր, պետք է ամբողջ երկարությամբ ծածկվեն խիտ պատյանով, իսկ բարձման-բեռնաթափման տեղերը պետք է սարքավորվեն ծածկոցներով: Փոխակրիչների մեխանիզմների նկատմամբ դիտարկումներ իրականացնելու համար պատյանների վրա պետք է թողնվեն պատուհաններ` ամուր փակվող դռներով:
355. Խոնավ նյութեր փոխադրող էլևատորները` խյուսի ցայտումներից խուսափելու համար, ամբողջ երկարությամբ պետք է փակվեն վահանակներով կամ պատյաններով: Էլևատորի բարձման և բեռնաթափման տեղերում պետք է տեղակայվեն վթարային անջատիչներ:
356. Տեխնոլոգիական ընդհանուր շղթայի մեջ մտնող այլ սարքավորումների հետ փոխակրիչների միաժամանակ աշխատանքի դեպքում առանձին մեքենաների և սարքերի էլեկտրահաղորդակները պետք է բլոկավորվեն:
Այդ դեպքում`
1) բոլոր սարքավորումների գործարկումը և կանգնեցումը պետք է կատարվեն որոշակի հաջորդականությամբ` համաձայն ֆաբրիկայի տեխնոլոգիական սխեմայի.
2) որևէ սարքավորման կամ փոխակրիչի հանկարծակի կանգնման դեպքում սխեմայով դրան նախորդող սարքավորումը կամ փոխակրիչը պետք է ավտոմատ կարգով անջատվի.
3) պետք է լինի տեղային բլոկավորում, ինչը կբացառի փոխակրիչի կամ այլ մեքենայի գործարկումը կառավարման կետից:
357. Բոլոր փոխակրիչները պետք է ունենան սարք` նախատեսված հիմնական անցատեղերի կողմից ցանկացած կետից շարժաբերի վթարային կանգնեցումն իրականացնելու համար:
358. Բոլոր էլևատորները պետք է սարքավորվեն արգելակման և որսման սարքվածքներով, որոնք կբացառեն օղակային շղթայի հետընթաց շարժը և որսալու շղթան` դրա կտրման դեպքում:
359. Թեք փոխակրիչների վրա, որոնցում հնարավոր է աշխատանքային ճյուղից փոխադրող նյութի թափվելը, անհրաժեշտ է ամբողջ երկարությամբ տեղակայել պաշտպանիչ խցանիչներ:
360. Ինքնաթափ սայլակների և ինքնագնաց փոխակրիչների անվասարքերը պետք է լինեն ցանկապատված: Ցանկապատի և ռելսի միջև բացակը պետք է լինի 10 մմ-ից ոչ ավելի:
361. Փոխակրիչների ձգման հարմարանքների բեռները, ինչպես նաև ձգման թմբուկները պետք է ցանկապատվեն և տեղակայվեն այնպես, որպեսզի ճոպանի կամ ժապավենի կտրման դեպքում բացառվի բեռի կամ թմբուկի ընկնելը ստորին հարկերում գտնվող մարդկանց կամ տեղակայված սարքավորումների վրա:
362. Պարուրակային վերամբարձիչները, որոնք տեղակայված են սպասարկող անձնակազմի համար ազատ մուտք ունեցող շինություններում, պետք է սարքավորվեն շարժական հարմարանքներով` բեռնաթափման ընդունարանների փակման համար:
13. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ, ՀԱՎԱՔԱԿՑՄԱՆ ԵՎ ՃՈՊԱՆԱՍԱՐՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ
363. Ֆաբրիկայի արտադրամասերում, կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված ժամանակացույցին համապատասխան, պետք է կատարվեն սարքավորումների պրոֆիլակտիկ զննումներ:
364. Ծանր քաշ և մեծ չափեր ունեցող սարքավորումների փոխադրումը պետք է կատարվի վերելքաամբարձիչային մեխանիզմների միջոցով` տեխնիկական պատասխանատու անձի ղեկավարությամբ: Արգելվում է սարքավորումների, դրանց մասերի և հանգույցների փոխադրման ժամանակ դրանք քարշ տալ հողի, հատակի, ռելսագծերի վրայով: Արգելվում է նաև աշխատել վերելքաամբարձիչային մեքենաներով, ինչպես նաև մեխանիզմներով, որոնք չեն ենթարկվել տեխնիկական անվտանգության փորձաքննության, զննման և փորձարկման:
365. Վերանորոգումից առաջ սարքավորումների, մեխանիզմների, սարքերի, տեխնիկական այլ միջոցների աշխատանքը պետք է դադարեցվի:
366. Սարքավորումների (ջարդիչներ, քարամաղեր, դասակարգիչներ, ֆլոտմեքենաներ, փոխակրիչներ և այլն) վերանորոգումը թույլատրվում է սկսել դրանց վրա եղած փոշիներն ու այլ նստվածքները մաքրելուց ու լվանալուց հետո: Այն սարքավորումները, որոնք աշխատում են թունավոր ռեագենտների միջավայրում, վերանորոգումից առաջ պետք է տևական մաքրվեն և վնասազերծվեն:
367. Սարքավորումների և դրանց էլեկտրաշարժաբերների միաժամանակ վերանորոգման ժամանակ պետք է վերանորոգում իրականացնող կազմակերպության կողմից մշակվեն և հաստատվեն միջոցառումներ` աշխատանքների անվտանգ կատարման համար:
368. Փոշեհավաքիչի հետ միացված օդափոխիչի վերանորոգումը, որն արտադրամասի աշխատանքի ժամանակ գտնվում է լիցքավորման տակ, թույլատրվում է կատարել միայն ռոտորի արգելակված դիրքի և անջատված էլեկտրական սխեմայի դեպքում, որպեսզի կանխվի ռոտորի պատահական պտույտը:
369. Սարքավորման էլեկտրաշարժիչի անջատումը պետք է կատարվի ապահովիչները հանելով կամ ավտոմատ կարգով ուժային ցանցը խզելով: Գործարկման սարքի վրա պետք է կախվի ցուցանակ` «Չմիացնել, մարդիկ են աշխատում» գրառմամբ:
370. Սարքավորումների վերանորոգման-հավաքակցման հարթակների չափերը պետք է լինեն այնպիսին, որ դրանցում տեղավորվեն սարքավորումների խոշոր հանգույցները, տարրերը, մեքենամասերը, հարմարանքները, գործիքները, ինչպես նաև վերանորոգման համար անհրաժեշտ բոլոր նյութերը: Վերանորոգվող հանգույցները, տարրերը, մեքենաները պետք է տեղաբաշխվեն այնպես, որպեսզի դրանց արանքներով լինեն ազատ անցատեղեր:
371. Եթե վերանորոգումների ժամանակ նախատեսվում է կատարել հիմնական տեխնոլոգիական սարքավորումներ կրող կոնստրուկցիաների փոփոխություններ, ապա դրանք պետք է կատարվեն արտադրող գործարանի հետ համաձայնեցված նախագծերով:
372. Եթե վերանորոգման աշխատանքների կատարման համար անհրաժեշտ է պատրաստել լաստակներ, ապա վերջիններս պետք է պատրաստվեն ամուր փայտից կամ այլ նյութերից: Այդ նպատակի համար պատահական նյութերի օգտագործումն արգելվում է:
373. Եթե հնարավոր չէ պատրաստել վերանորոգման լաստակներ, ապա 13 մ-ից ավելի բարձրության վրա սանդուղքներով աշխատանքներ կատարելու դեպքում պետք է օգտագործվեն փրկարար գոտիներ, որոնց ամրացման տեղերը պետք է նշվեն մետաղակոնստրուկցիաների վրա:
374. Վերանորոգման հարթակներում կատարվող աշխատանքների մեքենայացման համար պետք է օգտագործվեն ծածկի ուժեղացված շինարարական տարրեր` բլոկների կախման կամ մոնոռելսերի ամրացման համար: Արգելվում է ֆերմաներից, հեծաններից և այլ շինարարական կոնստրուկցիաներից կախել հարմարություններ` առանց ստուգելու դրանց ամրությունը:
375. Կապալային եղանակով վերանորոգման աշխատանքներ կատարելու դեպքում պատվիրատու և կապալառու կազմակերպությունները պետք է աշխատանքների կատարման ամբողջ ժամանակաշրջանի համար կազմեն կարգադրագիր-թույլտվություն կամ ակտ` վերանորոգումներ կատարելու համար` նշելով կոնկրետ տեղամասը (արտադրամասը), որտեղ պետք է իրականացվեն վերանորոգման աշխատանքներ:
376. Կապալառու եղանակով վերանորոգում իրականացնող կազմակերպությունը պատասխանատվություն է կրում իրեն ամրագրված տեղամասում (արտադրամասում) աշխատանքների կատարման որակի և տեխնիկական անվտանգության նորմերի պահանջների ապահովման համար:
377. Ֆաբրիկայի գործող արտադրամասերում, տեղամասերում, ագրեգատներում վերանորոգման և հավաքակցման աշխատանքներ կատարելու դեպքում վերանորոգման աշխատանքների ղեկավարը ֆաբրիկայի ղեկավարի հետ միասին պետք է հաստատեն կարգադրագիր-թույլտվություն և գործեն համաձայն դրա:
378. Ապարաջարդիչ մեքենաների վերանորոգման ժամանակ դրանց վրա մարդկանց բարձրանալը թույլատրվում է միայն սանդուղքների օգնությամբ: Արգելվում է վերևից իջնել ներքևի աշխատատեղ` առանց փրկարար գոտու և պաշտպանիչ ճոպանի:
379. Պտտվող ռոտորով մեքենաների (մուրճային, բռունցքային, հարվածանդրադարձային ապարաջարդիչներ, թմբուկային մաղեր և այլն) ներսում վերանորոգման աշխատանքներ կատարելուց առաջ անհրաժեշտ է քանդել դրանց շարժաբերի էլեկտրական սխեման, անջատել վերանորոգվող սարքավորումների էլեկտրական շարժիչները, կափարիչներն ամրացնել այնպես, որպեսզի բացառվի դրանց ինքնակամ փակվելը:
380. Բունկերներում ներպատվածքի վերանորոգման և փոխման ժամանակ անհրաժեշտ է կիրառել այնպիսի հարմարանք, ինչը կապահովի բունկերի թեք պատերի վրա աշխատանքների անվտանգ կատարումը:
381. Հալած ցինկով ներպատվածքի լցումը պետք է կատարեն այն անձինք, ովքեր այդ աշխատանքների կատարման համար անցել են ուսուցում, հրահանգավորում և ունեն համապատասխան որակավորում: Ներպատվածքի լցումը թույլատրվում է կատարել միայն տեխնիկական պատասխանատու անձի անմիջական ղեկավարությամբ:
382. Աղացամեքենաների թմբուկը պտտելու, ինչպես նաև նոր ներպատվածք շարելու ժամանակ, մարդկանց ներկայության դեպքում ներպատվածքային հեղույսների հանելն արգելվում է:
383. Հատուկ մեխանիզմների բացակայության դեպքում ներպատվածքային սալիկների փոխադրումը և աղացամեքենայի մեջ տեղադրումը պետք է կատարվեն համաձայն արտադրական հրահանգի: Նույն հրահանգի պահանջներով պետք է կատարվեն նաև աղացամեքենաների թմբուկի մեջ ներպատվածքների եռակցումը և կտրումը:
384. Օդային փողրակների, պնևմոսարքերի, գործիքների միացումը և անջատումը թույլատրվում է կատարել միայն օդի մատակարարումն անջատելուց հետո:
385. Հատիչով և ձեռքի ուրիշ գործիքներով մեքենամասերի կտրման, մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ աշխատողները պետք է օգտագործեն պաշտպանիչ ակնոցներ, իսկ անհրաժեշտության դեպքում` պաշտպանիչ վարագույր:
386. Գազաբոցային աշխատանքները (գազաեռակցում, էլեկտրաեռակցում, գազով կտրում) պետք է կատարվեն` պահպանելով հրդեհային անվտանգության գործող կանոնները:
387. Եռակցման և կտրման աշխատանքների կատարման տեղերում չպետք է լինեն բոցավառվող նյութեր:
388. Եռակցման ժամանակ բոլոր փայտանյութերը և շինության մյուս հրկիզվող մասերը, որոնք գտնվում են մինչև 2 մ հեռավորության վրա, անհրաժեշտ է պաշտպանել չհրկիզվող նյութերով:
389. Եռակցման աշխատանքների կատարման տեղերում պետք է տեղադրվեն հրդեհաշիջման միջոցներ (կրակմարիչներ, մոտակա հրշեջ խողովակագծին միացված փողրակներ, ոչ պակաս 0,2 մ3 տարողությամբ ջրի տարողություն կամ ավազով արկղ):
390. Այրոցային և կտրման սարքերը, որոնք նախատեսված են գազաբոցային աշխատանքների կատարման համար, պետք է սարքավորվեն հետադարձ կափույրներով:
391. Փոփոխական հոսանքի եռակցման կայանքները պետք է ունենան պարապ ընթացքի լարման ավտոմատ անջատման կամ դրա` մինչև 12 Վ սահմանափակման սարք` ժամանակի ոչ պակաս 0,5 վրկ պահպանմամբ:
392. Մշտական էլեկտրաեռակցման աշխատանքները շինություններում պետք է կատարվեն այդ նպատակի համար հատկացված օդափոխվող տեղերում` սարքավորված հրդեհաշիջման սարքավորումներով:
393. Ֆաբրիկայի բաժանմունքներում ու արտադրամասերում էլեկտրաեռակցման կայանքների միացումը պետք է կատարվի միացման հատուկ կետերից (վահանակներից), որոնք պետք է մշտապես գտնվեն փակի տակ:
394. Էլեկտրաեռակցման կայանքի իրանը, ինչպես նաև եռակցման տրանսֆորմատորի երկրորդական փաթույթի սեղմակը, որին միացվում է դեպի արտադրատեսակը (առարկան) տանող լարը, պետք է լինեն հողանցված:
395. Եռակցման աշխատանքները փակ դժվարամատչելի տեղերում, բարձրության վրա, խոնավ շինություններում և այլն, պետք է կատարվեն կարգադրագիր-թույլտվությամբ` որպես կարգ մշտական հոսանքի օգտագործմամբ:
396. Եռակցման աշխատանքները փակ տարողություններում պետք է կատարվեն երկու անձանց մասնակցությամբ, որոնցից մեկը պետք է գտնվի տարողությունից դուրս և իրականացնի հսկողություն աշխատանքների անվտանգ կատարման նկատմամբ: Տարողության մեջ եռակցում կատարող անձը պարտադիր կարգով պետք է ունենա պաշտպանիչ գոտի և պարան, որի ծայրը պետք է գտնվի տարողությունից դուրս գտնվող անձի մոտ:
397. Արգելվում է եռակցման աշխատանքներ կատարել ճնշման տակ գտնվող փակ անոթներում (կաթսաներ, բալոններ, խողովակագծեր), հրկիզվող կամ պայթյունավտանգ նյութեր պարունակող բալոնների վրա:
398. Տաք և հեշտ բռնկվող հեղուկների, ինչպես նաև տաք և պայթյունավտանգ գազերով լցավորման համար նախատեսված ցիստեռնների, բալոնների, տակառների, ռեզերվուարների էլեկտրաեռակցումը և կտրումը` առանց նախնական վտանգազերծման և գոլորշամաքրման, արգելվում է:
14. ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀԱՆՔԱՔԱՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
399. Ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքար մշակող ֆաբրիկաները համարվում են ճառագայթային վտանգ ներկայացնող օբյեկտներ, և դրանց նկատմամբ, սույն կանոնների պահանջներին զուգահեռ, պետք է կիրառվեն ճառագայթային անվտանգության պահանջներ, որոնք սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1219-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1489-Ն որոշումներով ու այլ իրավական ակտերով:
400. Ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքար մշակող ֆաբրիկաները պետք է ունենան ճառագայթային հսկողության օբյեկտային ծառայություն, որը պետք է ապահովի ֆաբրիկայի հսկման ու դիտարկման գոտիներում ճառագայթային մոնիթորինգը:
401. Ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքար մշակող ֆաբրիկաները պետք է ունենան ճառագայթային անվտանգության ծրագիր, որով պետք է սահմանված լինեն`
1) ճառագայթային անվտանգության համար պատասխանատուները.
2) ներօբյեկտային և շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի համակարգերը.
3) անձնակազմի կատեգորավորման նրանց դոզիմետրիկ հսկողության համակարգը.
4) անձնակազմի անհատական պաշտպանության կազմակերպման կարգը.
5) օպտիմալացման սկզբունքի ներդրման պայմաններն ու կարգը:
402. Ճառագայթային անվտանգության ծրագրի բովանդակության նկատմամբ պահանջները սահմանվում են Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կողմից:
403. Ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքար մշակող ֆաբրիկաներում պետք է լինի աշխատանքների որակի ապահովման ծրագիր:
404. Ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքար մշակող ֆաբրիկա շահագործող կազմակերպությունը ճառագայթային անվտանգության նորմատիվային-տեխնիկական փաստաթղթերով սահմանված կարգով պետք ապահովի անձնակազմի ուսուցումը ճառագայթային անվտանգության հարցերով և ներդնի ճառագայթային վտանգավոր աշխատանքների կատարման թույլտվության միջոցառումներ:
405. Ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքար մշակող ֆաբրիկայի նախագիծը պետք է ունենա առանձին բաժին` «Ճառագայթային անվտանգությունը» վերնագրով, որով պետք է սահմանվեն ֆաբրիկայի հսկման և դիտարկման գոտիները, ճառագայթային անվտանգության անցակետերը, ճառագայթային հսկողության սարքավորումները, դոզիմետրիկ և ռադիոմետրիկ չափումների ծավալն ու պարբերականությունը, ճառագայթային պաշտպանության ստացիոնար ու շարժական միջոցները և այլն: Նախագծով պետք է սահմանվեն նաև ֆաբրիկայից սահմանային թույլատրելի ռադիոակտիվ արտանետումներն ու արտահոսքերը, որոնք պետք է լինեն հաստատված Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կողմից:
406. Ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքար մշակող ֆաբրիկա շահագործող կազմակերպությունը պետք է ապահովի օբյեկտի դիտարկման գոտու բնակչության վթարային ազդարարումը:
407. Ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքար մշակող ֆաբրիկաների նախագծերը ենթակա են ճառագայթային անվտանգության, տեխնիկական անվտանգության, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, ինչպես նաև սանիտարահիգիենիկ անվտանգության փորձաքննությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
408. Ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքարի երկարաժամկետ պահման համար նախատեսված պահեստները պետք է տեղակայվեն հատուկ հարթակների վրա: Պահեստների տեղադրման ժամանակ պետք է ապահովվի դրանց լավագույն քամահարման պայմանների ստեղծումը: Առանձին պահեստների միջև հեռավորությունը պետք է լինի 20-25 մ-ից ոչ պակաս:
409. Օդում ռադիոակտիվ գազեր ու փոշի հավաքվելուց խուսափելու նպատակով ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքարի երկարաժամկետ պահման համար նախատեսված պահեստները պետք է ունենան արհեստական օդափոխության համակարգ: Օդափոխության համակարգից դեպի մթնոլորտ արտանետվող օդը պետք է ռադիոակտիվ նյութեր կլանող ֆիլտրերի օգնությամբ ենթարկվի մաքրման: Պահեստի տարածքը պետք է լինի ցանկապատված, իսկ պահեստի տարածքի մուտքն ու ելքը պետք է վերահսկվեն:
410. Ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքար մշակող ֆաբրիկայի տարածքում տեղաբաշխված հանքաքարի ծախսային պահեստները պետք է գտնվեն հիմնական արտադրական շինություններից ոչ պակաս, քան 50 մ, իսկ վարչատնտեսական շենքերից ու օժանդակ շինություններից` ոչ պակաս, քան 100 մ հեռավորության վրա:
411. Այն տեխնոլոգիական օպերացիաները, որոնք իրենց բնույթով չեն կարող իրականացվել հերմետիկորեն, այսինքն` կարող են դառնալ ռադիոակտիվ գազերի (այդ թվում` ռադոնի ու թորոնի) կամ աերոզոլների անջատման աղբյուր, պետք է իրականացվեն առանձնացված շինություններում:
412. Հիմնական և միջանկյալ արտադրանքի փոխանցումը մեկ տեխնոլոգիական տեղամասից մյուսը պետք է իրականացվի ճնշման տակ աշխատող, կամ առանց ճնշման աշխատող խողովակագծերով` խյուսի կամ լուծույթի տեսքով: Փոշենման չոր նյութերի համար պետք է կիրառվեն պնևմատրանսպորտային, թրթռացող սարքեր, իսկ բացառիկ դեպքերում` հերմետիկացված փակ կոնտեյներներ:
413. Տեխնոլոգիական գործընթացների մեքենայացումը պետք է նախագծված լինի այնպես, որպեսզի կարգավորող կամ վերանորոգող անձնակազմին անհրաժեշտ չլինի մտնել ճառագայթման բարձր մակարդակ կամ օդի ռադիոակտիվությամբ աղտոտվածություն ունեցող տեղեր կամ աշխատել մակերեսային ռադիոակտիվ աղտոտվածությամբ սարքավորումների հետ:
414. Յուրաքանչյուր բաժանմունքում (տեղամասում) անջատվող ռադիոակտիվ փոշու, աերոզոլների և ռադոն գազի քանակությունը պետք է որոշվի սահմանված մեթոդաբանությամբ կատարված հաշվարկների միջոցով:
415. Ֆիլտրացման համար պետք է կիրառվեն անընդհատ գործողության ապարատներ, ինչը կկանխի ռադիոակտիվ նստվածքները ձեռքով հանելը և մաքրելը:
416. Փոշու և ռադիոակտիվ գազերի աղբյուր հանդիսացող բոլոր ապարատները պետք է ունենան հատուկ ծածկոցներ: Ֆիլտրացման, խտացման, լուծազատման, կլանման, հանքահարստացման, գրավիտացման բաժանմունքներում գտնվող ապարատները և տարողությունները, որոնցում առկա է ռադիոակտիվ խյուսը, պետք է ապահովված լինեն հերմետիկ կափարիչներով` նվազագույն աշխատանքային բացվածքով:
417. Ռադիոակտիվ նյութերի բարձր պարունակությամբ աղերի չորացման և թրծման (բովման) բաժանմունքներում պետք է կիրառվեն նյութերի բարձումը և բեռնաթափումը մեքենայացված և ավտոմատացված եղանակով կատարող անընդհատ գործողության վառարաններ: Չորացման և թրծման (բովման) բաժանմունքի բոլոր ապարատները պետք է սարքավորվեն պատրաստի արտադրանքից փոշու որսման համակարգով: Փոշի առաջացնող պատրաստի արտադրանքը կոնտեյներներում պետք է տարավորվի հերմետիկացված խցերում ավտոմատ բարձման եղանակով` հսկելով բարձվող նյութի մակարդակը և զանգվածը:
418. Շրջանառվող ջրամատակարարման համակարգի ջուրը կարող է օգտագործվել հանքահարստացման հիմնական տեխնոլոգիական գործընթացներում: Ռադոնի կոնցենտրացիան ջրի մեջ (դրա օգտագործման տեղում) պետք է չգերազանցի 1x10-8 Ci/l (3.7x105 Bq/m3):
419. Բնական ռադիոակտիվ իզոտոպների պարունակությունը ջրում չպետք է գերազանցի թույլատրելի կոնցենտրացիան: Այն խողովակագծերը, որոնցով հոսում են ռադիոակտիվ նյութեր պարունակող ջրեր, պետք է տեղակայված լինեն բնակելի շրջաններից 200 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:
420. Հեղուկ ռադիոակտիվ թափոնների փոխադրման ու պահպանման կառուցվածքների նկատմամբ տնտեսական խմելու ջրի խողովակաշարի տեղադրման ուղին և խողովակների տեղադրման համակարգը պետք է լինեն այնպիսին, որպեսզի ցանկացած իրավիճակում բացառվի ռադիոակտիվ նյութերի ներթափանցումը խողովակաշար:
421. Կազմակերպության տարածքից դուրս անցնող հատուկ կոյուղու ուղեգիծը պետք է ունենա տարբերանշում: Նշված ուղեգծի վրա որևէ շինարարական աշխատանքների կատարումը, որը կապված է գրունտի խախտման հետ, արգելվում է:
422. Հոսքային ջրերը, որոնք պարունակում են ռադիոակտիվ իզոտոպներ, որպես կանոն, պետք է հետ վերադարձվեն դեպի տեխնոլոգիական գործընթաց, իսկ եթե դրանք մղվում են դեպի բաց ջրավազաններ, ապա պետք է նախապես մաքրվեն մինչև ճառագայթային անվտանգության նորմերով խմելու ջրի համար սահմանված կոնցենտրացիայի մակարդակը: Տեխնոլոգիական գործընթացի արդյունքում ռադիոակտիվ նյութերով չաղտոտված հոսքաջրերը պետք է օգտագործվեն տեխնիկական ջրամատակարարման համակարգերում:
423. Պայմանական «մաքուր» և կենցաղային հոսքային ջրերի մղումը դեպի ընդհանուր կոյուղի թույլատրվում է դրանց լրիվ կենսաբանական մաքրումից հետո, ինչպես նաև այն դեպքում, եթե դրանցում ռադիոակտիվ և թունավոր նյութերի պարունակությունը (հոսքային ջրերի հիմնական զանգվածի հետ խառնումից կամ տարրալուծումից հետո) չի գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:
424. Բոլոր շենքերում և շինություններում պետք է նախատեսվի մեխանիկական դրդմամբ ներհոսման-արտաձգման օդափոխություն: Վնասակար արտազատումների բացակայության դեպքում թույլատրվում է առանձին շինություններն օդափոխել բնական օդափոխությամբ:
425. Բունկերներում ռադիոակտիվ նյութերի բարձր պարունակությամբ հանքաքար պահելու դեպքում դրանցում օդի նոսրացում ստեղծելու նպատակով պետք է նախատեսել մեխանիկական արտաձգման օդափոխություն: Բաց մտոցներում (լյուկերում) ներծծման արագությունը պետք է լինի 1 մ/վրկ: Փոշի առաջացնող սարքավորումների ծածկոցներից արտածծվող օդի քանակությունը որոշվում է հաշվարկով, որի դեպքում ներծծվող օդի արագությունն ընդունվում է 1,5-2,0 մ/վրկ:
426. Արտադրական շինությունների քամհարմամբ օդափոխման համար անհրաժեշտ օդի քանակությունը որոշվում է հաշվարկով` ելնելով վնասակար արտազատումների տարրալուծման պայմաններից (ռադիոակտիվ նյութերը և թունավոր նյութերը` մինչև սահմանային թույլատրելի կոնցենտրացիան) և այլ պարամետրերից (օդի ջերմաստիճանը, խոնավությունը և այլն): Նշված հաշվարկներում, համաձայն ռադիացիոն անվտանգության նորմերի, անհրաժեշտ է նաև հաշվի առնել աշխատողների արտաքին ճառագայթահարման գործոնը:
427. Օդի ընդունումը (մղումը) ներհոսման օդափոխման համակարգի համար պետք է կատարվի այն գոտիներից, որտեղ մթնոլորտային օդում ռադիոակտիվ նյութերի կոնցենտրացիան չի գերազանցում աշխատանքային շինությունների համար թույլատրելի կոնցենտրացիայի արժեքի 0,1-ը, իսկ թունավոր նյութերի կոնցենտրացիայի արժեքը` 0,3-ը:
428. Տեղային արտածծիչներով հեռացվող օդը, որը պարունակում է փոշի, ռադիոակտիվ, քիմիական նյութեր և ունի տհաճ հոտ, մինչև մթնոլորտ արտանետելը պետք է ենթարկվի մաքրման:
429. Աշխատանքային շինությունների, տրանսպորտի, սարքավորումների և ապարատների մակերեսներին ռադիոակտիվ աղտոտվածությունը չպետք է գերազանցի ճառագայթային անվտանգության նորմերով ու կանոններով սահմանված թույլատրելի արժեքները:
430. Վերանորոգման ուղարկելուց առաջ պետք է ստուգվի տեխնոլոգիական սարքավորումների արտաքին ռադիոակտիվ աղտոտվածությունը, անհրաժեշտության դեպքում` իրականացվի դրանց ապաակտիվացում: Որպես մետաղի ջարդոն հանձնվող սարքավորումները ենթակա են պարտադիր ապաակտիվացման: Վերանորոգման ուղարկվող կամ որպես մետաղի ջարդոն հանձնվող սարքավորման արտաքին մակերեսի ցանկացած մասից գամմա ճառագայթման դոզայի հզորությունը չպետք է գերազանցի 0.5 mSV/հ (50 mR/հ):
431. Ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքար մշակող ֆաբրիկաներ զանգվածի տեղափոխումը պետք է իրականացվի հիդրոտրանսպորտային մղման եղանակով` մետաղի խողովակներով կամ փակ երկաթբետոնե վաքերով: Արտադրական օբյեկտների տեխնոլոգիական հեղուկ ռադիոակտիվ մնացորդները, թափոնները պոչամբարից պետք է առանձնացվեն հատուկ կոյուղու համակարգով (հատուկ կոյուղի):
432. Ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքար մշակող ֆաբրիկաների պոչամբարի շահագործման ժամանակ պոչամբարի լվացվող թեք մակերեսից ռադիոակտիվ փոշիների և աերոզոլների տարածումը կանխելու նպատակով պոչամբարի լվացվող թեք մակերեսը պետք է ծածկվի առնվազն 0.5 մ հաստությամբ մաքուր հողի շերտով: Լցված հողի շերտը պետք է կանաչապատվի խոտով:
433. Խորքային ջրերում ռադիոակտիվ իզոտոպների պարունակության հսկողության համար պոչամբարի խորքային ջրերի հոսքերի ուղղությամբ պետք է նախատեսվեն նմուշարկման (դիտարկման) հորատանցքեր: Հորատանցքերի տեղաբաշխվածությունը և քանակը որոշվում են` ելնելով հիդրոերկրաբանական պայմաններից, այնպիսի հաշվարկով, որպեսզի հորատանցքերի միջև հեռավորությունը լինի 300 մ-ից ոչ պակաս, իսկ դրանցից առնվազն մեկը լինի դիտարկման գոտու սահմանագլխին:
434. Ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքար մշակող ֆաբրիկայի պոչամբարի կոնսերվացումը պետք է կատարվի համաձայն նախագծի և սկսվի տղմալցման նյութի բնական խտացումից հետո: Եթե կոնսերվացված պոչամբարը տեղակայված է բնակավայրերից 2 կմ հեռավորության վրա, ապա այն ամբողջ տարածքով պետք է ցանկապատվի երկաթբետոնե` 2 մ-ից ոչ պակաս բարձրությամբ ցանկապատով: Եթե կոնսերվացված պոչամբարը տեղակայված է բնակավայրից 2 կմ-ից ավելի հեռավորության վրա, թույլատրվում է դրա պարագծով կառուցել երկաթբետոնե սյուներով փշալարերով ցանկապատ:
435. Եթե ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքար մշակող ֆաբրիկայի կոնսերվացված պոչամբարը տեղակայված է բնակավայրերից, տրանսպորտային և այլ հաղորդակցուղիներից 5 կմ-ից ավելի հեռավորության վրա, և շրջակա տեղանքը պիտանի չէ տնտեսական նպատակներով օգտագործման համար, ապա սանիտարահիգիենիկ հսկողության և տեղական ինքնակառավարման մարմինների համաձայնությամբ թույլատրվում է դրա շուրջը չցանկապատել: Այս դեպքում պոչամբարի պարագծով տեղադրվում են համապատասխան նախազգուշական և արգելիչ նշաններ: Պոչամբարի կոնսերվացման ժամանակ բոլոր ապամոնտաժվող սարքավորումները, որոնց վրա առկա է ռադիոակտիվ աղտոտվածություն, ենթակա են ապաակտիվացման:
15. ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՆԻՏԱՐԱԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
436. Յուրաքանչյուր հանքահարստացման ֆաբրիկային կից նախատեսվում է կառուցել սանիտարակենցաղային շենքեր: Նշված շենքերը պետք է ունենան կանանց և տղամարդկանց բաժանմունքներ և հաշվարկված լինեն ֆաբրիկայի լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատանքների համար:
437. Սանիտարակենցաղային շենքերի կազմում պետք է լինեն արտահագուստի հանդերձարան, արտահագուստի չորացման և փոշեզատման սենյակ, սանհանգույցներ, ցնցուղարան, աշխատանքային արտահագուստի և կոշիկի նորոգման ու լվացման սենյակ, շնչադիմականոց, սպասք, կանացի անձնական հիգիենայի սենյակ, առաջին բուժօգնության կետ:
438. Սանիտարակենցաղային շենքը, սննդի օբյեկտը և առաջին օգնության կետը պետք է գտնվեն հողմակողմում, արդյունահանված հանքաքարի բաց պահեստարաններից, ապարների ջարդման, տեսակավորման կայանքներից առնվազն 50 մ հեռավորության վրա, բայց հիմնական արտադրական շենքերից 500 մ-ից ոչ հեռու:
439. Բոլոր սանիտարակենցաղային շինությունները, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82-Ն հրամանի, պետք է ունենան ներծծիչ արտաձգիչ օդափոխություն, որը կապահովի օդում վնասակար խառնուրդների սահմանային թույլատրելի քանակությունը:
440. Յուրաքանչյուր ֆաբրիկայում կազմակերպության ղեկավարի հրամանով պետք է նշանակվի տեխնիկական պատասխանատու անձ` սանիտարակենցաղային շինությունների համակարգի սարքին վիճակում պահպանման և շահագործման համար:
441. Սանիտարակենցաղային շենքերի հանդերձարանների ցնցուղարանի թողունակությունը պետք է ապահովի ֆաբրիկայի յուրաքանչյուր հերթափոխի բոլոր աշխատողների լողանալը և զգեստափոխվելը` ոչ պակաս 45 րոպե տևողությամբ:
442. Ցնցուղարանը պետք է ապահովված լինի տաք և սառը ջրով, ցնցուղին ժամում 500 լիտր հաշվարկով: Տաք ջրի և գոլորշու խողովակները պետք է լինեն մեկուսացված, ցնցուղարանի հատակը` սալիկապատված:
443. Լողանալու համար նախատեսված ջուրը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 876 հրամանի պահանջներին:
444. Ֆաբրիկայի հիմնական բաժանմունքներում, ինչպես նաև ցնցուղարանի հանդերձարաններում, պետք է լինեն առաջին օգնության համապատասխան միջոցներ և դրա կազմակերպման համար ուսուցանված անձինք: Առաջին օգնությունը ցույց տալուց հետո, անհրաժեշտության դեպքում, աշխատողների հերթական բժշկական սպասարկումը պետք է կազմակերպվի լիցենզավորված բժշկական կազմակերպությունում:
445. Ֆաբրիկայի խմելու ջուրը պարբերաբար, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 876 հրամանով սահմանված ժամկետներում, պետք է ենթարկվի քիմիակենսաբանական հետազոտության: Ջուրը խմելու և տնտեսական նպատակների համար թույլատրվում է օգտագործել միայն Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թույլտվությամբ:
446. Խմելու ջրի համակարգերն սպասարկող անձնակազմը պարտադիր կարգով պետք է ենթարկվի պարբերական բժշկական զննության` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան:
447. Ֆաբրիկայի խմելու ջրի որակի, ինչպես նաև սանիտարակենցաղային շինությունների` սույն կանոններով սահմանված պահանջներին համապատասխանության նկատմամբ հսկողությունն իրականացվում է տվյալ կազմակերպության, իսկ պետական վերահսկողությունը` համապատասխան պետական լիազոր մարմինների կողմից` օրենքով սահմանված կարգով:
Պաշտոնական հրապարակման օրը` 12 հուլիսի 2022 թվական: