Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՑ ԵՂԱՆԱԿՈՎ ՄՇԱԿՎՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՑ ԵՂԱՆԱԿՈՎ ՄՇԱԿՎՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2022 թվականի N 1050-Ն

 

ԲԱՑ ԵՂԱՆԱԿՈՎ ՄՇԱԿՎՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

4. ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՕԴԱՅԻՆ ԵՎ ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐԸ

 

258. Էլեկտրահաղորդման օդային գծերի տակ չպետք է լինեն ապարի, հանքաքարի հենակոճղի, ռելսերի և այլ նյութերի դարսակներ:

259. Հանքաստիճանի վրա հեռավորությունն էլեկտրահաղորդման օդային գծերի ներքևի ֆազի հաղորդալարից մինչև գետնի մակերևույթը հաղորդալարերի առավելագույն կախվածքի դեպքում պետք է լինի ոչ պակաս N 1 աղյուսակում բերված մեծություններից:

 

Աղյուսակ N 1

 

.______________________________________________________________.

|Գծի անցման շրջանը    |Ֆազի լարից մինչև  գետին հեռավորությունը,|

|                     |մ լարման դեպքում`                       |

|                     |կՎ                                      |

|                     |________________________________________|

|                     |մինչև  1 կՎ   |1-10 կՎ    |35 կՎ        |

|_____________________|______________|___________|_____________|

|Բացահանքի և  ապարային|6             | 6         | 6           |

|լցակույտի տարածք     |              |           |             |

|_____________________|______________|___________|_____________|

|Մարդկանց համար       |5             |5          |5            |

|դժվարամատչելի և      |              |           |             |

|տրանսպորտի համար     |              |           |             |

|անմատչելի տեղեր      |              |           |             |

|_____________________|______________|___________|_____________|

|Հանքաստիճանի շեպեր   | 3            | 3         | 3           |

.______________________________________________________________.

 

260. Հորիզոնական հեռավորությունն էլեկտրահաղորդման գծերի եզրային հաղորդալարերից դրանց ամենամեծ շեղման դեպքում շենքերի ու շինությունների մերձակա ցցված մասերի միջև պետք է լինի ոչ պակաս 2 մ-ից` գծի` մինչև 10 կՎ լարման դեպքում և 4 մ` գծի` մինչև 35 և 110 կՎ-ի լարման դեպքում:

261. Հանքաստիճանի վրա հորիզոնական հեռավորությունը 10 կՎ լարմամբ էլեկտրահաղորդման (անշարժ կամ շարժական) գծի եզրային հաղորդալարից պետք է լինի ոչ պակաս ստորև բերված մեծություններից`

1) չշեղված դիրքում` մինչև հպման ցանցի եզրային հաղորդալարը 2,5 մ.

2) չշեղված դիրքում` մինչև ավտոճանապարհի հողային ծածկույթի եզրը 2 մ:

262. Լարման տակ գտնվող օդային էլեկտրահաղորդման գծերի տակ էքսկավատորների, ամբարձիչների, հորատման մեքենաների, ավտոմեքենաների և այլ մեքենասարքավորումների աշխատանքը թույլատրվում է, եթե օդով այդ մեքենասարքավորումների բարձրացնող սարքերի հեռավորությունը բարձրացված վիճակում մինչև լարման տակ գտնվող մոտակա հաղորդալարը կազմում է ոչ պակաս`

1) մինչև 1-20 կՎ լարման դեպքում` 2 մ.

2) մինչև 35 կՎ լարման դեպքում` 4 մ: Ավտոմոբիլային ճանապարհների հետ հատման դեպքում հեռավորությունը հաղորդալարի ներքևի ֆազից մինչև մեքենայի վերևի կետը կամ բեռը պետք է լինի ոչ պակաս.

3) մինչև 20 կՎ լարման դեպքում` 2 մ.

4) մինչև 35 կՎ լարման դեպքում` 2,5 մ:

263. Մինչև 35 կՎ էլեկտրահաղորդման գծերում թույլատրվում է օգտագործել շարժական հենասյուներ, որոնց հեռավորությունը միմյանցից պետք է լինի 50 մ-ից ոչ ավելի:

264. Պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ վտանգավոր գոտում գտնվող բոլոր օդային և մալուխային էլեկտրահաղորդման գծերը պետք է անջատվեն, պայթյունից հետո գծերը միացնելուց առաջ զննվեն և բացահայտված թերությունները վերացվեն:

265. Արգելվում է էլեկտրահաղորդման գծերի վրա աշխատանքներ կատարել ամպրոպի ժամանակ:

266. Ճկուն մալուխների միացումը պետք է կատարվի ռետինացման (վուլկանացում) միջոցով: Մալուխի ջղի մեկուսապատվածքը ռետինացման միջոցով վերականգնելուց հետո պետք է փորձարկվի դրա դիէլեկտրիկ ամրությունը: Հոսանքի փորձարկման լարման մեծությունը նոմինալից (անվանականից) պետք է մեծ լինի առնվազն 2 անգամ, փորձարկման տևողությունը սահմանվում է 5 րոպե:

267. Շարժական մեքենաները սնող ճկուն մալուխը պետք է անցկացնել այնպես, որպեսզի բացառվի դրա վնասվելու, սառչելու, կպչելու, ապարի տակ մնալու, դրա վրայով մեքենաների և սարքավորումների անցման հնարավորությունը: Ջրավորված տեղանքով մալուխը պետք է անցկացվի հենարանների վրայով: Հերթափոխի սկզբում և աշխատանքի ընթացքում ճկուն մալուխները պետք է զննվեն տվյալ կայանքն սպասարկող անձնակազմի կողմից:

268. Ճկուն մալուխի տեղափոխումը պետք է կատարվի մեխանիզմների օգնությամբ` կիրառելով մալուխների ծալվածքների շառավղի սահմանափակումն ապահովող հատուկ հարմարանքներ: Մալուխի նորոգումը պետք է կատարվի սնող կետից անջատելուց և մնացորդային էլեկտրական լիցքից լիցքաթափելուց հետո:

269. Լարման տակ գտնվող էլեկտրական մալուխն էքսկավատորին մոտեցնելու համար սպասարկող անձնակազմը պետք է օգտվի դիէլեկտրիկ ձեռնոցներից (թաթմաններից) կամ մեկուսացված բռնակով հատուկ հարմարանքից:

270. Ավտոճանապարհի հետ հատման մասերում, մալուխը պետք է վնասումից պաշտպանված լինի խողովակներով, պատյանով և կիսախողովակով:

271. Մինչև 1000 Վ լարումով ճկուն մալուխները, որոնց աշխատանքը պահանջում է հաճախակի անջատումներ, պետք է միացվեն խրոցակային ագույցներով, իսկ վարդակը (հորիզոնական) պետք է տեղադրվի սնման աղբյուրի կողմից:

272. Ներհանքային 1000 Վ և ավելի լարում ունեցող շարժական ցանցերի հենաթռիչքներում հաղորդալարերի, հողանցվող ճոպանների միացումը պետք է կատարվի հատուկ սեղմակներով: Յուրաքանչյուր հենաթռիչքում մեկ հաղորդալարի կամ ճոպանի վրա նախատեսվում է ունենալ 3-ից ոչ ավելի միացումներ:

273. Արգելվում է մեկից ավելի միացում կամ արտուղղում գործարկիչների և տրանսֆորմատորների սեղմակներից, եթե դա նախատեսված չէ սեղմակի կամ միացման արմատուրի կառուցվածքով:

 

5. ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

274. Բացահանքերի էլեկտրական լուսավորման ցանցերում, ինչպես նաև շարժական մեքենաների ու սարքավորումների հիմնական էլեկտրական լուսավորության կետերում պետք է կիրառվի 220 Վ-ից ոչ ավելի մեկուսացված չեզոք կետով և գծային լարումով էլեկտրական համակարգ: Լուսավորման հատուկ տեսակներ կիրառելու դեպքերում թույլատրվում է 220 Վ-ից բարձր լարում:

275. Ձեռքի շարժական լամպերի սնուցման համար պետք է օգտագործվեն փոփոխական հոսանքի 36 Վ-ից ոչ բարձր գծային լարում և հաստատուն հոսանքի` մինչև 50 Վ լարում:

276. Առանձին տրանսֆորմատորային ենթակայաններից սնվելու դեպքում բացահանքից դուրս գտնվող լցակույտերի ու ավտոճանապարհների լուսավորման համար թույլատրվում է օգտագործել 380/220 Վ լարում:

277. Մինչև 1650 Վ ներառյալ լարումով հաստատուն հոսանքի հպացանցի շարժական և անշարժ հենասյուներից թույլատրվում է հպման լարից բարձր հենարանի վրա կախել էլեկտրական լուսավորության հաղորդալարեր և լամպեր: Հպման լարի և լուսավորման հաղորդալարերի միջև հեռավորությունն ուղղաձիգով պետք է լինի 1,5 մ-ից ոչ պակաս: Լուսավորության ցանցի մեկուսիչները կիրառվում են 1650 Վ-ից բարձր լարման համար: Կողային կախման դեպքում հեռավորությունը հպման լարից մինչև հենասյունը պետք է լինի 1 մ-ից ոչ պակաս:

278. Արգելվում է հենասյուներից հպման լարերի և կապի լարերի համատեղ կախելը:

279. Լուսավորության հաղորդալարերից ցածր փայտե հենասյուների վրա կախված լամպերի և լուսատուների փոխելը պետք է կատարվի հպման լարը հոսանքից անջատելուց հետո:

280. Լուսավորման ցանցի նորոգումը (կեռերի, ցցաձողերի և մեկուսիչների փոխելը, հաղորդալարերի ձգումը) պետք է կատարվի հպման և լուսավորման ցանցերի լարումը հանելուց հետո:

281. Բացահանքի աշխատանքային տեղերի լուսավորությունը պետք է կատարվի համաձայն N 2 աղյուսակով սահմանված նորմերի:

 

Աղյուսակ N 2

 

._____________________________________________________________________.

|Բացահանքի         |Նվազագույն  |Հարթությունը,   |Ծանոթագրություն     |

|օբյեկտները        |լուսավորու- |որում           |                    |

|                  |թյունը, լկ  |նորմավորվում է  |                    |

|                  |            |լուսավորությունը|                    |

|__________________|____________|________________|____________________|

|1                 |2           |3               |4                   |

|__________________|____________|________________|____________________|

|Աշխատանքների      |0,2         |լուսավորվող     |լուսավորման ենթակա  |

|կատարման վայրի    |            |մակերևույթի     |վայրը սահմանվում է  |

|տարածքը           |            |մակարդակով      |բացահանքի           |

|                  |            |                |ղեկավարության       |

|                  |            |                |կողմից              |

|__________________|____________|________________|____________________|

|Մեքենայի աշխատելու|5           |հորիզոնական     |լուսավորությունը    |

|տեղեր`            |            |ուղղաձիգ        |պետք է ապահովի      |

|բացահանքերում,    |8           |                |աշխատող             |

|ապարների          |            |                |մեքենասարքավորում-  |

|լցակույտում և  այլ|            |                |ների գործողությունն |

|տեղամասերում      |            |                |ամբողջ խորությամբ և |

|                  |            |                |բարձրությամբ        |

|__________________|____________|________________|____________________|

|Ձեռքի աշխատանքի   |5           |հորիզոնական     |լուսավորությունը    |

|տեղեր             |            |ուղղաձիգ        |ապահովվում է        |

|__________________|10          |հորիզոնական     |լուսավորվող         |

|Ավտոմեքենաների    |            |                |մակերևույթի         |

|(ավտոգնացքների)   |3           |                |մակարդակով          |

|բեռնաթափման տեղեր`|            |                |                    |

|լցակույտերում,    |            |                |                    |

|փոխաբեռնման       |            |                |                    |

|կետերում          |            |                |                    |

|__________________|____________|________________|____________________|

|Բուլդոզերի կամ այլ|10          |տրակտորի        |                    |

|տրակտորային       |            |թրթուրի         |                    |

|մեքենայի աշխատելու|            |մակերևույթի     |                    |

|վայրը             |            |մակարդակով      |                    |

|__________________|____________|________________|____________________|

|Հորատման          |10          |ուղղաձիգ        |լուսավորությունը    |

|աշխատանքների      |            |                |ապահովվում է        |

|կատարման տեղեր    |            |                |հորատման հաստոցի    |

|                  |            |                |բարձրությամբ        |

|__________________|____________|________________|____________________|

|Մեքենաների և      |30          |հորիզոնական     |հատակից 0,8 մ       |

|մեխանիզմների      |            |                |բարձրությամբ        |

|խցիկներ           |            |                |                    |

|__________________|____________|________________|____________________|

|Հողածուծ սարքի    |10          |հորիզոնական     |հողածուծային սարքի  |

|սրահ և            |            |                |սրահներում` հատակից |

|հողածուծային      |            |                |0,8 մ բարձրությամբ  |

|խյուսափոսի (զումֆ)|            |                |                    |

|վայրը             |            |                |                    |

|__________________|____________|________________|____________________|

|Փոխակրիչային      |5           |փոխակրիչի       |                    |

|հոսքային գծեր     |            |մակերևույթի     |                    |

|                  |            |վրա             |                    |

|                  |            |                |                    |

|__________________|____________|________________|____________________|

|Փոխակրիչային      |10          |հորիզոնական     |                    |

|թմբուկների        |            |                |                    |

|սպասարկման գոտի   |            |                |                    |

|__________________|____________|________________|____________________|

|Փոխակրիչային      |50          |փոխակրիչային    |ապարատեսակավորման   |

|ժապավենների       |            |ժապավենի        |տեղից 1,5 մ-ից ոչ   |

|ապարների ձեռքով   |            |մակերևույթի     |ավելի               |

|ջոկման տեղեր      |            |վրա             |հեռավորության վրա`  |

|                  |            |                |փոխակրիչային        |

|                  |            |                |ժապավենի շարժման    |

|                  |            |                |հակառակ ուղղությամբ |

|__________________|____________|________________|____________________|

|Տեղամասերում      |10          |հորիզոնական     |                    |

|աշխատողների       |            |                |                    |

|տաքացման          |            |                |                    |

|շինություններ     |            |                |                    |

|__________________|____________|________________|____________________|

|Բացահանքի         |3           |հորիզոնական     |                    |

|հանքաստիճանների   |            |                |                    |

|սանդուղքներ և     |            |                |                    |

|իջնելու տեղեր     |            |                |                    |

|__________________|____________|________________|____________________|

|Բացահանքում       |1           |հորիզոնական     |                    |

|աշխատողների       |            |                |                    |

|մշտական           |            |                |                    |

|տեղաշարժման       |            |                |                    |

|ուղիներ           |            |                |                    |

|__________________|____________|________________|____________________|

|Ավտոճանապարհներ   |0,5-3       |հորիզոնական     |լուսավորությունն    |

|բացահանքի         |            |                |ապահովվում է        |

|շրջագծում (կախված |            |                |ավտոմեքենաների      |

|երթևեկության      |            |                |երթևեկության        |

|ինտեսիվությունից) |            |                |մակարդակով          |

._____________________________________________________________________.

 

8. ԿԱՊԻ ԵՎ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

282. Բացահանքը պետք է սարքավորված լինի տեխնոլոգիական գործընթացների ղեկավարումը, հսկողությունն ու աշխատանքների անվտանգությունն ապահովող տեխնիկական միջոցների համալրով, այդ թվում` հեռախոսային կապով (ռադիոկապով): Կապի և ազդարարման միջոցների սնեցումը` բացառությամբ հատուկ տրանսպորտային սարքավորումների, պետք է կատարվի 220 Վ-ից ոչ բարձր գծային լարումով` լուսավորության ցանցից, կուտակիչային մարտկոցներից կամ ուղղիչ կայանքներից: Մինչև 24 Վ լարումով սնվող ազդարարման համակարգերի համար (բացառությամբ ազդարարման կենտրոնական կայանից) թույլատրվում է գծերն անցկացնել մերկ հաղորդալարերով:

283. Բացահանքում պետք է նախատեսել օպերատիվ դիսպետչերական կառավարման հետևյալ միջոցները`

1) արտաքին կապ` միջքաղաքային կապի մոտակա հանգույցների հետ.

2) դիսպետչերական կապ` բոլոր արտադրամասերի, տեղամասերի և ծառայությունների միջև.

3) բջջային հեռախոսակապ.

4) ռադիոկապ` ռացիաների օգտագործմամբ.

5) տագնապային ազդարարում (պահակային ծառայություն, լեռնափրկարար և հրշեջ ծառայություններ և այլն).

6) պայթեցման աշխատանքների մասին ազդարարում:

284. Բացահանքի կապի կայանքները պետք է պաշտպանված լինեն բարձր լարման էլեկտրական գծերի խանգարիչ և վտանգավոր ազդեցությունից, ամպրոպային լիցքերից և թափառող հոսանքներից:

 

9. ՋՐՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՑԱՄԱՔԵՑՈՒՄԸ

 

285. Բացահանքի ջրավորվածության դեպքում կազմակերպության կողմից պետք է մշակվեն և ձեռնարկվեն աշխատանքների անվտանգությունն ապահովող ցամաքեցման համապատասխան միջոցառումներ: Մակերևութային և ստորգետնյա ջրերի բնական հոսք չունեցող յուրաքանչյուր բացահանք պետք է ապահովված լինի ջրհանման համակարգով:

286. Բացահանքերի ցամաքեցումը և ջրհանման աշխատանքները նախատեսվում է իրականացնել համաձայն նախագծի` հաշվի առնելով հանքավայրի լեռնատեխնիկական և ջրաերկրաբանական պայմանները:

287. Ցամաքուրդային (դրենաժային) հանքահորերի, բովանցքերի, հետախուզահորերի, հորատանցքերի և այլ փորվածքների ելանցքերը պետք է պաշտպանված լինեն դրանցով լեռնային փորվածքները մակերևութային ջրեր թափանցելուց: Բացահանքի տարածքում սողանքի առկայության դեպքում սողանքային զանգվածի մակերևույթը պետք է պաշտպանված լինի ջրհեռացնող առուներով` նախատեսված զանգվածի մեջ մակերևութային ջրերի ներհոսքի կանխման համար:

288. Ամեն տարի կազմակերպությունը պետք է մշակի և հաստատի գարնանն ու աշնանը, ինչպես նաև ձնհալի և հորդ անձրևների ժամանակ, բացահանքի աշխատանքների անվտանգությունն ապահովող միջոցառումներ:

289. Հին ջրածածկ փորվածքների կամ այլ ջրավազանների (գետեր, լճեր, արհեստական լճակներ) մոտակայքում լեռնային աշխատանքներ թույլատրվում է կատարել միայն կազմակերպության ղեկավարության կողմից հաստատված նախագծով, որի մեջ պետք է նախատեսված լինեն ջրի ճեղքումն արգելակող և աշխատանքների անվտանգ կատարման սահմանները որոշող հատուկ ապահովիչ բնամասեր թողնելը: Մարկշեյդերական ծառայությունը, մինչև լեռնային աշխատանքները նշված բնամասերին մոտենալը, ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, պետք է այդ մասին գրավոր իրազեկի կազմակերպության ղեկավարությանը:

290. Ջրքաշման հանքահորերի ենթակայանները պետք է սնվեն 2 էլեկտրահաղորդման գծերից, որոնցից յուրաքանչյուրը կարող է ապահովել հանքահորի աշխատանքը` առավելագույն ծանրաբեռնվածությամբ:

291. Բացահանքերի և ջրհանման հանքահորերի ջրահեռացման կայանքը պետք է գործի ավտոմատ գործելակարգով` ապահովելով շարքից դուրս եկած պոմպի փոխարինումը պահուստային պոմպով, պոմպերի հեռակառավարումը և կայանքների աշխատանքի վերահսկողությունը, դեպի կառավարման կետ ազդանշաններ հաղորդելը:

292. Ջրքաշման հանքահորի շինարարության ժամանակ անհրաժեշտ է նախատեսել սարքավորումներ, ջրի ճեղքման դեպքում մարդկանց անվտանգ դուրս բերումը և սարքավորումների պահպանումն ապահովելու համար:

293. Վերևի ջրատար հորիզոնի տակ ցանկացած ամրության ապարներում ստորգետնյա ջրքաշման փորվածքներ անցնելիս, անհրաժեշտ է փորել առաջանցիկ հորատանցք, որի երկարությունը, կախված ապարների ամրությունից, պետք է լինի 5 մ-ից ոչ պակաս և նախատեսված լինի ամրակապման կամ լեռնային փորվածքներ անցահատելու անձնագրում:

294. Յուրաքանչյուր անցահատվող փորվածքում պետք է լինի համապատասխան նյութերի պաշար` անհրաժեշտության դեպքում ժամանակավոր ֆիլտրացման միջնապատ կառուցելու համար:

295. Հանքավայրի ցամաքեցման ժամանակ առաջացող փլվածքներն ու ճեղքերը, ինչպես նաև հնարավոր փլվածքատեղերը մակերևույթում պետք է հուսալի արգելապատվեն` այդ գոտիներ մարդկանց, կենդանիների և փոխադրամիջոցների պատահաբար ընկնելը կանխարգելելու համար:

296. Ջրքաշման հանքահորի գլխավոր ջրհան խուցի հատակը պետք է 0,5 մ բարձր լինի մերձհանքափողային փորվածքներում հանքափոխադրման գծերի ռելսերի գլխիկից:

297. Թույլատրվում է գլխավոր ջրհան կայանքի համար կառուցել խորացված (մերձհանքափողային բակի մակարդակից ցածր) տեսակի խցեր, պայմանով, որ դրանցում տեղադրվեն ջրհանման անխափան և անվտանգ աշխատանքն ապահովող հարմարանքներ:

298. Գլխավոր ջրհան կայանքին կից պետք է լինի ջրհավաքիչ: Ջրքաշման հանքահորերում ջրահավաքիչը պետք է ունենա երկու բաժանմունք: Բաց ջրհանման ջրահավաքչի տարողությունը պետք է համապատասխանի ջրի ոչ պակաս, քան երեքժամյա ներհոսին, իսկ ստորգետնյա ջրհանման դեպքում` երկժամյա ներհոսին:

299. Գլխավոր ջրհան կայանքի պոմպակայանը պետք է կառուցվի ջրահավաքների մոտ: Աշխատանքային պոմպերը պետք է ունենան միատեսակ ճնշում: Պոմպերի գումարային արտադրողականությունը պետք է ապահովի ջրի մեկ օրվա սպասելիք ներհոսի առավելագույն պոմպահանումը 20 ժամվա ընթացքում: Լրացուցիչ նախատեսվում են գործող պոմպերի արտադրողականության 20-25 տոկոսի չափով պահուստային պոմպեր:

300. Բացահանքից հեռացվող ջուրը պետք է թափվի մոտակա ջրահոսքը կամ այնպիսի տեղեր, որպեսզի բացառվի ջրաթափանց ապարներով դրա հետադարձ ներթափանցումը փորվածքներ, ճեղքվածքներ և ճահճացման վայրեր: Բացահանքի ցամաքեցումից ստացված ջուրը պետք է արտամղել (թափել) այն պարզեցնելուց և վնասակար խառնուրդներից մաքրելուց հետո: Ջրի արտամղման վայրերը պետք է համաձայնեցվեն Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ:

301. Գլխավոր ջրհան պոմպակայանը պետք է միացվի`

1) հանքափողին` թեք անցարանով, որն արտանցվում է հանքափողի մեջ, պոմպակայանի հատակից առնվազն 7 մ բարձրության վրա.

2) մերձհանքափողային բակի հետ` առնվազն մեկ հերմետիկորեն փակվող անցարանով:

302. Օդի բացասական ջերմաստիճան ունեցող վայրերում մակերևույթում գտնվող ջրհան կայանքներն ու խողովակները, մինչև ձմռան սկիզբը, պետք է ջերմապահպանվեն, իսկ պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ վնասվելուց պաշտպանելու համար` դրանք պետք է ծածկվեն:

303. Մակերևույթի վրա տեղակայված խողովակագծերը պետք է ունենան ջրից լրիվ դատարկումն ապահովող հարմարանք:

304. Արգելվում է ջրքաշման հորանցքի ելանցքի մոտակայքում վառել խարույկ, ելանցքերի սառույցը հալեցնել բաց կրակով, ինչպես նաև ներքին այրման շարժիչով մեքենայի կայանումը` շարժիչն աշխատելու ժամանակ:

305. Ջրքաշման-օդափոխման հորանցքերի ելանցքերը պետք է հանքաստիճանի հատակից 1 մ բարձրությամբ բոլորապատվեն ծակոտկեն խողովակներով, ներկվեն վառ գույնով, դրանց վրա գրվի հորանցքի համարը, ելանցքը փակվի եռակցված մետաղացանցով:

 

10. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՆԱՍԱԿԱՐ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

306. Բացահանքերում աշխատողների անվտանգության և առողջության ապահովմանը ներկայացվող պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում գործող սանիտարական կանոններով և նորմերով, հիգիենիկ նորմատիվներով և այլ իրավական ակտերով:

307. Բացահանքերում աշխատանքներ իրականացնող բոլոր աշխատողները ենթակա են պարտադիր բժշկական զննության Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան:

308. Արտադրական վնասակար գործոնների ներքո աշխատանքները պետք է կատարվեն անհատական պաշտպանության միջոցների պարտադիր կատարմամբ` ԵՏՀ 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 878 որոշմամբ ընդունված ՄՄ ՏԿ 019/2011 «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն:

309. Բացահանքում արտադրական միջավայրի վնասակար գործոնների և աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության կանխարգելմանն ուղղված գործատուի կողմից սանիտարական կանոնների և նորմերի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից:

310. Բացահանքի մթնոլորտային օդում և աշխատանքային գոտու օդում քիմիական նյութերի քանակությունները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներին, բաղադրությանը, օդի հիմնական բաղադրիչ մասերի և վնասակար խառնուրդների պարունակությանը, գործող սանիտարահիգիենիկ նորմատիվներին:

311. Թունավոր գազերի անջատման աղբյուր ունեցող բացահանքերում (տրանսպորտային միջոցների աշխատանքից, հրդեհված տեղամասերից, հավաքվող ջրերից, պայթեցման աշխատանքներից և այլն), աշխատատեղում վնասակար գազերի պարունակությունը որոշելու համար յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ պետք է կատարվի օդի հետազոտություն: Զանգվածային պայթեցումներից հետո մարդկանց մուտքը բացահանք թույլատրվում է միայն մթնոլորտում թունավոր գազերի պարունակությունը որոշելուց և այն սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխանեցնելուց հետո: Օդի նմուշարկումը և մթնոլորտում թունավոր գազերի պարունակության որոշումն իրականացվում է տվյալ կազմակերպության միջոցների հաշվին` մասնագիտացված կազմակերպությունների միջոցով:

312. Բացահանքի վատ օդափոխվող և անշարժ օդով գոտիներում բնական օդափոխումն ակտիվացնելու համար, պետք է կազմակերպել արհեստական օդափոխություն` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թվականի օգոստոսի 4-ի թիվ 83-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ-IV-12.02.01-04 «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» շինարարական նորմերին համապատասխան:

313. Այն բացահանքերում, որտեղ տեղի են ունենում քիմիական նյութերի և միացությունների անջատումներ, պետք է կիրառվեն համապատասխան միջոցներ անմիջապես դրանց առաջացման տեղերում փոշու, թունավոր գազերի և ագրեսիվ ջրերի մուտքը դադարեցնելու կամ որսալու համար: Եթե կիրառվող միջոցներն ամբողջությամբ չեն ապահովում բացահանքերում փոշոտվածության իջեցումը, էքսկավատորների, հորատման հաստոցների և մյուս մեքենասարքավորումների խցիկները պետք է մեկուսացվեն, և կատարվի օդի լավորակում:

314. Լեռնային զանգվածի շերեփման, ինչպես նաև ավտոճանապարհների շահագործման ժամանակ փոշեգոյացումը նվազեցնելու նպատակով տաք եղանակներին պետք է ապահովել լեռնային զանգվածի ոռոգում:

315. Արգելվում է քարհատ մեքենաների, հորատող հաստոցների, հորատիչների էլեկտրագայլիկոնների աշխատանքն առանց փոշեորսման կամ փոշեճնշման արդյունավետ միջոցների:

316. Ապարների ջարդման-տեսակավորման կայանքներում, ինչպես նաև լեռնային զանգվածի վերաբեռնման տեղամասերում փոշու առաջացման տեղերը պետք է մթնոլորտից մեկուսացվեն պատյանով կամ ծածկույթով` ապահովելով դրանց ներքնամասից կեղտոտ օդի արտածծումը և հետագա մաքրումը:

317. Ամռանը ձեռքով ապարաջոկման ժամանակ փոխակրիչների վրա պետք է կատարվի ոռոգում, կամ կիրառվեն փոշեճնշման այլ միջոցներ:

318. Մերկացված կամ մանրացված լեռնային ապարներից փոշին փչման եղանակով մաքրելու ժամանակ պետք է այդպիսի տեղամասերի մակերեսը ծածկել կապակցող լուծույթով: Մշակումն ավարտված հանքաստիճանների ու փխրուն նստվածքներով լցված լցակույտերի վրա պետք է կատարվեն ռեկուլտիվացման աշխատանքներ:

319. Բացահանքերում ներքին այրման շարժիչներով աշխատող ավտոմեքենաների, բուլդոզերների, տրակտորների և այլ մեքենասարքավորումների կիրառումը թույլատրվում է միայն արտանետվող գազերի մեջ թունավոր խառնուրդները վնասազերծող հարմարանքի առկայության դեպքում:

320. Բացահանք ներհոսող ջրերից թունավոր գազերն անջատվելու դեպքում պետք է ձեռնարկվեն միջոցներ հանքաստիճանի շեպի միջոցով ծծանցվող ջրերի քանակը պակասեցնելու կամ իսպառ վերացնելու համար:

321. Դիտահորերը և արտադրական կեղտաջրերն արտամղող պոմպակայանների հորանցքերը պետք է ունենան հուսալի փական:

322. Նորոգման նպատակներով մարդկանց հորեր իջեցնելը թույլատրվում է միայն ջուրը բաց թողնելուց, խնամքով օդափոխելուց և վնասակար գազերի պարունակությունն ստուգելուց հետո:

323. Հորերում և հորանցքերում վնասակար գազերի առկայության կամ թթվածնի անբավարար քանակության դեպքում բոլոր աշխատանքները դրանցում պետք է կատարվեն ճկուն փողրակ ունեցող հակագազերով:

 

2. ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

324. Օգտակար հանածոների այն բացահանքերը, որոնց անձնակազմի բնական ճառագայթման աղբյուրներով պայմանավորված ճառագայթահարման տարեկան դոզան գերազանցում է 1 մԶվ-ն, համարվում են ճառագայթային վտանգ ներկայացնող օբյեկտներ և դրանց նկատմամբ, սույն Կանոնի պահանջներին զուգահեռ, պետք է կիրառվեն ճառագայթային անվտանգության պահանջներ, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1219-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1489-Ն որոշումներով և այլ իրավական ակտերով:

325. Ճառագայթային վտանգ ներկայացնող բացահանքերը պետք է ունենան ճառագայթային անվտանգության ծրագիր, որով պետք է սահմանվեն`

1) ճառագայթային անվտանգության համար պատասխանատուները.

2) ճառագայթային վտանգ ներկայացնող գոտիները (հսկման գոտին) և բացահանքին հարակից այն տարածքները, որտեղ պետք է իրականացվի շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգ (դիտարկման գոտին).

3) ներհանքային և շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի համակարգերը.

4) անձնակազմի կատեգորիավորման և անձնակազմի դոզիմետրիկ հսկողության համակարգը.

5) անձնակազմի անհատական պաշտպանության կազմակերպման կարգը.

6) օպտիմալացման սկզբունքի ներդրման պայմաններն ու կարգը:

326. Ճառագայթային անվտանգության ծրագրի բովանդակության նկատմամբ պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից:

327. Ռադիոակտիվ նյութեր պարունակող օգտակար հանածոների` բաց եղանակով մշակվող հանքավայրերում պետք է լինի աշխատանքների որակի ապահովման ծրագիր:

328. Ռադիոակտիվ նյութեր պարունակող օգտակար հանածոների բաց եղանակով մշակվող հանքավայրերը շահագործող կազմակերպությունը պետք է ապահովի անձնակազմի պատրաստումը ճառագայթային անվտանգության հարցերով և ներդնի ճառագայթային վտանգավոր աշխատանքների կատարման թույլտվության միջոցառումներ:

329. Ճառագայթային իրավիճակի բարձր ցուցանիշներ (օդում ռադիոակտիվ իզոտոպների բարձր խտություն, գամմա ճառագայթման բարձր հզորություն) ունեցող օգտակար հանածոների բաց եղանակով մշակվող հանքավայրերում լեռնային աշխատանքները պետք է մշակվեն և իրականացվեն բնական օդափոխության առավելագույն արդյունավետությամբ` բացվող խրամուղիների, լցակույտերի և կառույցների ռացիոնալ տեղաբաշխման ժամանակ` հաշվի առնելով քամիների վարդը (ըստ ուղղության քամիների բաշխվածությունը):

330. Եթե հանքի առանձին հատվածներում հնարավոր է սահմանային թույլատրելի մակարդակի գերազանցմամբ ռադիոակտիվ խառնուրդների կուտակում, ապա անհրաժեշտ է այդ գոտիներում ճառագայթային անվտանգության նորմերով ու կանոններով սահմանված կարգով իրականացնել արհեստական օդափոխություն:

331. Ռադիոակտիվ նյութեր պարունակող օգտակար հանածոների բաց եղանակով մշակվող հանքավայրի արհեստական օդափոխությունը պետք է ապահովի օդում ռադիոակտիվ խառնուրդի պարունակությունը մինչև թույլատրելի խտության մակարդակին իջեցնելը: Օդափոխման շիթի արագությունը պետք է լինի բավարար աղտոտված տարածքներից վնասակար բաղադրիչների արդյունավետ արտամղման համար և կազմի ոչ պակաս 0,6 մ/վրկ` վերընթաց հոսքերի համար և 0,25 մ/վրկ` հորիզոնական շիթերի համար:

332. Անբավարար ճառագայթային իրավիճակի դեպքում հանքավայրի աղտոտված տարածքներում աշխատող անձնակազմը, փոշուց և ռադիոակտիվ աերոզոլներից պաշտպանության նպատակով, պետք է ապահովված լինի շնչադիմակներով:

333. Վերանորոգման ուղարկելուց առաջ պետք է ստուգվի լեռնային սարքավորումների արտաքին ռադիոակտիվ աղտոտվածությունը, անհրաժեշտության դեպքում, իրականացվի դրանց ապաակտիվացում: Որպես մետաղի ջարդոն հանձնվող սարքավորումները ենթակա են պարտադիր ապաակտիվացման: Վերանորոգման ուղարկվող կամ որպես մետաղի ջարդոն հանձնվող սարքավորման արտաքին մակերեսի ցանկացած մասից գամմա ճառագայթման դոզայի հզորությունը չպետք է գերազանցի 0.5 մյուSV/հ (50 մյուR/հ):

334. Ռադիոակտիվ աղտոտվածությամբ տեխնոլոգիական սարքավորումների ապաակտիվացումը պետք է իրականացվի ամուր ծածկույթ ունեցող հատուկ հարթակի վրա: Ապաակտիվացման արդյունքում առաջացած ռադիոակտիվ հեղուկները պետք է հավաքվեն հատուկ տարաների մեջ: Արգելվում է ապաակտիվացման արդյունքում առաջացած ռադիոակտիվ հեղուկների արտահոսքը շրջակա միջավայր:

335. Ռադիոակտիվ նյութ պարունակող հանքանյութի փոխադրումը պետք է կատարվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի N 1263 որոշման պահանջներին համապատասխան:

336. Այն արտադրական գոտիները, որտեղ տեսակավորվում ու պահեստավորվում է ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքարը, պետք է ցանկապատվեն ամբողջ պարագծով: Այդ գոտիներ մուտքն ու ելքը պետք է վերահսկվի և լինեն համապատասխան նախազգուշական նշաններ (ճառագայթային անվտանգության նշան, ինչպես նաև «Մուտքը, ելքը արգելվում է» մակագրությունը):

337. Ռադիոակտիվ նյութեր պարունակող օգտակար հանածոների բաց եղանակով մշակվող հանքավայրերի հսկման գոտում աշխատող անձնակազմի ելքն ու մուտքը պետք է իրականացվեն ճառագայթային անվտանգության անցակետով: Ճառագայթային անվտանգության անցակետի նկատմամբ պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1489-Ն որոշման պահանջներին և այլ իրավական ակտերին համապատասխան:

338. Ռադիոակտիվ նյութեր պարունակող օգտակար հանածոների բաց եղանակով մշակվող հանքերի մարման ժամանակ արտադրական գործունեության հետևանքով խախտված հողատարածքները պետք է ենթարկվեն ռեկուլտիվացիայի: Ռեկուլտիվացիայի նախագիծը կարող են կազմել լիցենզավորված մասնագիտացված կազմակերպությունները: Նախագիծը ենթակա է ճառագայթային անվտանգության, շրջակա միջավայրի վրա ազդեցության, սանիտարահիգիենիկ անվտանգության, ինչպես նաև տեխնիկական անվտանգության փորձաքննությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

339. Խորքային ջրերում ռադիոակտիվ իզոտոպների պարունակության հսկողության համար հանքավայրում խորքային ջրերի հոսքերի ուղղությամբ պետք է նախատեսվեն նմուշարկման (դիտարկման) հորատանցքեր: Հորատանցքերի տեղաբաշխվածությունը և քանակը որոշվում են` ելնելով հիդրոերկրաբանական պայմաններից, այնպիսի հաշվարկով, որպեսզի հորատանցքերի միջև հեռավորությունը լինի 300 մ-ից ոչ պակաս: Այս դեպքում մեկ կամ երկու հորատանցք պետք է լինի սանիտարապաշտպանիչ գոտուց դուրս, իսկ դրանցից առնվազն մեկը լինի դիտարկման գոտու սահմանագլխին:

340. Ջրաթափոնային շեղջի (հիդրոոտվալ) շահագործման ժամանակ փոշու առաջացման հնարավորության և լվացվող թեքվածքի մակերեսից ռադիոակտիվ աերոզոլների տարածման վերացման նպատակով այդ մակերեսները, մինչև նախագծով նախատեսված մակարդակները լվացմանը, պետք է ծածկվեն մաքուր հողի շերտով, որի հաստությունը պետք է լինի 0.5 մ-ից ոչ պակաս:

341. 0.005 տոկոսից ցածր քանակությամբ ուրան պարունակող լեռնային ապառների լցակույտերի ու ցածր ակտիվության ռադիոակտիվ թափոնների օգտագործման նկատմամբ պահանջները սահմանվում են այլ համապատասխան իրավական ակտերով:

342. Ռադիոակտիվ նյութեր պարունակող օգտակար հանածոների բաց եղանակով մշակվող հանքերում փոշու հետ պայքարի միջոցառումների իրականացման, մթնոլորտի կազմի նկատմամբ սահմանված նորմերի և ճառագայթային անվտանգության պահպանման համար պատասխանատու են այդ հանքերը շահագործող կազմակերպությունները:

 

3. ՍԱՆԻՏԱՐԱԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

343. Յուրաքանչյուր բացահանքին կամ մի քանի բացահանքերին կից նախատեսվում է կառուցել սանիտարակենցաղային շենքեր: Նշված շենքերը պետք է ունենան կանանց և տղամարդկանց բաժանմունքներ և լինեն հաշվարկված բացահանքի լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատանքի համար:

344. Սանիտարակենցաղային շենքերի կազմում պետք է լինեն` արտահագուստի հանդերձարան, հագուստի չորացման և փոշեզրկման սենյակ, սանհանգույցներ, ցնցուղարան, լվացքատուն, աշխատանքային արտահագուստի, կոշիկի նորոգման, մաքրման և լվացման սենյակ, սպասք և շնչադիմականոց, կանացի անձնական հիգիենայի սենյակ, առաջին բուժօգնության միջոցներ:

345. Սանիտարակենցաղային շենքը, սննդի օբյեկտը, առաջին բուժօգնության կետը պետք է գտնվեն հողմակողմում, հանքաքարի բաց պահեստներից, ապարների ջարդման տեսակավորման կայանքներից առնվազն 50 մ հեռավորության վրա, բայց հիմնական արտադրական շենքերից 500 մ-ից ոչ հեռու:

346. Փոքր բացահանքերում թույլատրվում է տեղակայել նվազագույն հարմարություններով սանիտարակենցաղային շինություններ:

347. Հանդերձարանի և ցնցուղարանի թողունակությունը պետք է ապահովի բացահանքի յուրաքանչյուր հերթափոխի բոլոր աշխատողների լողանալը և զգեստափոխվելը` ոչ ավելի, քան 45 րոպե տևողությամբ:

348. Ցնցուղարանը պետք է ապահովված լինի տաք և սառը ջրով, մեկ ցնցուղին ժամում 500 լիտր հաշվարկով և ունենա կարգավորիչ ծորակներով ջրախառնիչ հարմարանք:

349. Տաք ջրի և գոլորշու խողովակները պետք է լինեն մեկուսացված կամ հատակից 2 մ բարձրությամբ պաշտպանված:

350. Լողանալու համար նախատեսված ջուրը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2003 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 876 հրամանով հաստատված սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:

351. Ցնցուղարանի, հագուստի պահման բաժանմունքի և հանդերձարանի հատակները պետք է լինեն խոնավակայուն և չսայթաքող, պատերն ու միջնապատերը` մինչև 2,5 մ բարձրությամբ երեսապատված սալիկներով:

352. Բոլոր սանիտարակենցաղային շինությունները համաձայն «ՀՀՇՆ IV-12.02.01-2004 «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» շինարարական նորմերի», պետք է ունենան ներծծիչ-արտածծիչ օդափոխություն, որը կապահովի օդում վնասակար խառնուրդների սահմանային թույլատրելի քանակությունը:

353. Բացահանքի բոլոր արտադրամասերում, տեղամասերում, արհեստանոցներում, ինչպես նաև հիմնական լեռնային և տրանսպորտային ագրեգատներում և ցնցուղարանի հանդերձարանում, պետք է լինեն առաջին օգնության համապատասխան միջոցներ և դրա կազմակերպման համար ուսուցված անձինք: Առաջին օգնություն ցույց տալուց հետո աշխատողների հետագա բժշկական սպասարկումը (անհրաժեշտության դեպքում) պետք է կազմակերպվի լիցենզավորված բժշկական կազմակերպությունում:

354. Բացահանքի յուրաքանչյուր տեղամասում ձմռանը տաքանալու, ինչպես նաև անձրևից պաշտպանվելու համար աշխատավայրերից 300 մ ոչ ավելի հեռավորության վրա պետք է կառուցվեն հատուկ շինություններ: Նշված շինությունները պետք է ունենան սեղաններ, աթոռներ, լվացարան, լվացվելու և մաքրվելու միջոցներ (օճառ, խոզանակ, սրբիչ), արտահագուստի կախիչ, ապահովված լինեն ինքնուրույն խմելու ջրամատակարարման համակարգով կամ ջրի որակին համապատասխանող ջրակուտակիչներով, այդ թվում` շշալցված: Տաքացվող սենյակի ջերմաստիճանը պետք է լինի 200-ից ոչ ցածր:

355. Էքսկավատորների, տեխնոլոգիական ավտոտրանսպորտի, հորատման հաստոցների և մյուս մեքենասարքավորումների խցիկները պետք է լինեն ջերմապաշտպանված և կահավորված տաքացնող անվտանգ սարքերով:

356. Բացահանքի աշխատատեղերի բաց տեղամասերում, ընդհանուր սանիտարական նորմերին համապատասխան, թույլատրվում է սարքավորել փակ տեսակի շարժական սանհանգույցներ:

357. Բացահանքում յուրաքանչյուր ամիսը երկու անգամ պետք է կազմակերպվի արտահագուստի լվացում, անհրաժեշտության դեպքում, արտահագուստի և կոշիկի վերանորոգում:

358. Բացահանքի ղեկավարությունը պարտավոր է բոլոր աշխատողներին ապահովել անհրաժեշտ քանակի որակյալ խմելու ջրով:

359. Բացահանքի աղբյուրի խմելու ջուրը պարբերաբար, նորմատիվներով սահմանված ժամկետներում, պետք է ենթարկվի քիմիամանրէաբանական հետազոտության: Ջուրը խմելու և տնտեսական նպատակների համար կարելի է օգտագործել միայն Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թույլտվությամբ:

360. Խմելու ջրի համակարգերն սպասարկող անձնակազմը պարտադիր կարգով պետք է ենթարկվի պարբերական բժշկական զննության Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան:

361. Խմելու ջրի տարաները պետք է պատրաստվեն սահմանված կարգով թույլատրված նյութերից:

362. Բացահանքի խմելու ջրի որակի, սանիտարակենցաղային շինությունների համապատասխանության նկատմամբ հսկողությունն իրականացնում է տվյալ կազմակերպությունը, պետական վերահսկողությունը` Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը` իրենց իրավասությունների սահմաններում:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 12 հուլիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.07.2022
N 1050-Ն
Որոշում