Սեղմել Esc փակելու համար:
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 12 հուլիսի 2022 թ.

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

ՀՀ կառավարության ներկայացուցիչ` ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հ. Խաչատրյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վարկային պատմությունների կազմի մեջ մտնող տեղեկությունների փոխանակման կարգի մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

ՀՀ կառավարությունն իր` 2022 թվականի հունիսի 9-ի N 822-Ա որոշմամբ հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վարկային պատմությունների կազմի մեջ մտնող տեղեկությունների փոխանակման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցով դիմել Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Կառավարության` 2022 թվականի հունիսի 13-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը, սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վարկային պատմությունների կազմի մեջ մտնող տեղեկությունների փոխանակման կարգի մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2021 թվականի դեկտեմբերի 21-ին Մոսկվայում` ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովման, ինչպես նաև վարկային ռիսկերի նվազեցման համար ֆինանսական շուկաներում պայմաններ ստեղծելու նպատակով:

2. Համաձայնագրով սահմանվում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` Միություն) շրջանակներում վարկային պատմությունների կազմի մեջ մտնող տեղեկությունների և Համաձայնագրով նախատեսված այլ տեղեկատվության փոխանակման (այսուհետ` անդրսահմանային փոխանակում) կարգը:

3. Տեղեկությունները և այլ տեղեկատվությունը, որոնց մասով իրականացվում է անդրսահմանային փոխանակում, ներառում են վարկային հաշվետվություն տրամադրելու վերաբերյալ հարցումը, վարկային պատմության սուբյեկտի համաձայնությունը կամ այդ համաձայնության առկայության մասին տեղեկատվությունն այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի լիազորված կազմակերպություն է ուղարկվում վարկային հաշվետվություն տրամադրելու վերաբերյալ հարցումը, վարկային հաշվետվությունը, վարկային պատմությունների կազմի մեջ մտնող տեղեկությունների վիճարկմանն առնչվող փաստաթղթերը:

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության հիման վրա ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- անդրսահմանային փոխանակումն իրականացնել լիազորված կազմակերպությունների փոխգործակցության միջոցով` դրանց միջև կնքված պայմանագրերով նախատեսված կարգով և պայմաններով և ապահովել այդ պայմանագրերի նախագծերի համաձայնեցումը լիազորված մարմնի կողմից, եթե դա նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ (հոդված 3, 1-ին կետ, 1-ին պարբերություն),

- ապահովել, որ անդրսահմանային փոխանակումը կազմակերպելու նպատակով ՀՀ լիազորված մարմինն անդրսահմանային փոխանակմանը մասնակցող լիազորված կազմակերպության մասին պաշտոնապես տեղեկացնի մյուս Կողմերին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (այսուհետ` Հանձնաժողով) Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 10 օրացուցային օրվանից ոչ ուշ, ինչպես նաև ապահովել, որ լիազորված կազմակերպության փոփոխման դեպքում ՀՀ լիազորված մարմինն այդ փոփոխությունների մասին պաշտոնապես տեղեկացնի մյուս Կողմերին և Հանձնաժողովին` այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 10 օրացուցային օրվանից ոչ ուշ (հոդված 3, 3-րդ կետ),

- ապահովել, որ Համաձայնագրի իրագործման նպատակով վարկային հաշվետվությունը տրամադրվի վարկային պատմության օգտատիրոջ հարցման հիման վրա և ներառի, այդ թվում` վարկային պատմության սուբյեկտի նույնականացման տվյալները և նրա պարտավորությունների վերաբերյալ տեղեկությունները (հոդված 4, 3-րդ կետ),

- ապահովել, որ հարցում ստացող ՀՀ լիազորված կազմակերպությունը վարկային հաշվետվությունը կամ վարկային պատմության բացակայության մասին ծանուցումն ուղարկի հարցում կատարող լիազորված կազմակերպության հասցեով` հարցումն ստանալու օրվանից հետո 3 աշխատանքային օրվանից ոչ ուշ (հոդված 4, 7-րդ կետ),

- հարցման կատարման անհնարինության դեպքում ապահովել, որ հարցում ստացող ՀՀ լիազորված կազմակերպությունն այդ մասին ծանուցի հարցում կատարող լիազորված կազմակերպությանը (նշելով պատճառները)` հարցումն ստանալու օրվանից հետո 3 աշխատանքային օրվանից ոչ ուշ (հոդված 4, 9-րդ կետ),

- երաշխավորել, որ վարկային պատմության ՀՀ օգտատիրոջ կողմից վարկային հարաբերությունների ձևակերպման մասին պայմանագրի կնքումը մերժվելու դեպքում, վարկային պատմության ՀՀ օգտատերը վարկային պատմության սուբյեկտի պահանջով նրան հնարավորություն կընձեռի ծանոթանալու համապատասխան վարկային այն հաշվետվության բովանդակությանը, որն ստացվել է անդրսահմանային փոխանակման շրջանակներում (այդպիսի հաշվետվության առկայության դեպքում) հոդված 4, 11-րդ կետ),

- ապահովել, որ վարկային պատմության սուբյեկտի համաձայնության բնօրինակը պահվի վարկային պատմության ՀՀ օգտատիրոջ մոտ` այդ համաձայնության գործողության ժամկետն ավարտվելու օրվանից հետո առնվազն 3 տարի (հոդված 5, 5-րդ կետ),

- ապահովել, որ ՀՀ լիազորված մարմինը, ՀՀ լիազորված կազմակերպությունն ու վարկային պատմության ՀՀ օգտատերն ապահովեն այն տեղեկատվության պաշտպանությունը, որի մասով իրականացվում է անդրսահմանային փոխանակում` Համաձայնագրին, Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին ու ակտերին և ՀՀ օրենսդրությանը համապատասխան դրա մշակման, պահպանման և փոխանցման ժամանակ (հոդված 6, 1-ին կետ),

- տեղեկատվության պաշտպանության պայմաններն ու կարգը կարգավորող ՀՀ նորմատիվ իրավական ակտերում, որոնց առնչությամբ իրականացվում է անդրսահմանային փոխանակումը, փոփոխություն կատարելու դեպքում ապահովել, որ ՀՀ լիազորված մարմինն այդ փոփոխությունների մասին տեղեկացնի մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններին և Հանձնաժողովին` այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 30 օրացուցային օրվանից ոչ ուշ (հոդված 6, 2-րդ կետ),

- Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում` Համաձայնագրի գործողության ժամանակահատվածում անդրսահմանային փոխանակման ժամանակ ստացված տեղեկատվության մասով, ՀՀ օրենսդրությանը համապատասխան, ձեռնարկել դրա պաշտպանությանն ուղղված այնպիսի միջոցներ, որոնք համարժեք են այդ տեղեկատվությունն ստացած ՀՀ վարկային պատմությունների կազմի մեջ մտնող տեղեկությունների նկատմամբ կիրառվող միջոցներին, ինչպես նաև նշված տեղեկատվության պահպանման ամբողջ ժամանակահատվածում` Համաձայնագրի 7-րդ հոդվածով նախատեսված նպատակներից տարբերվող նպատակներով դրա օգտագործումը թույլ չտալուն ուղղված միջոցներ (հոդված 6, 3-րդ կետ),

- անդրսահմանային փոխանակման ժամանակ ստացված տեղեկատվությունն օգտագործել բացառապես վարկային հարաբերությունների ձևակերպման և (կամ) ձևակերպված վարկային հարաբերությունների դիտանցման նպատակով (հոդված 7),

- ՀՀ օրենսդրությանը համապատասխան անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Համաձայնագրով նախատեսված` տեղեկատվության անդրսահմանային փոխանակման կարգի խախտումների կանխարգելման ու կանխման, և նման խախտումների ցանկացած դեպքի քննության համար, ինչպես նաև ապահովել, որ խախտումը թույլ տված անձը պատասխանատվություն կրի ՀՀ օրենսդրությանը համապատասխան (հոդված 8):

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վարկային պատմությունների կազմի մեջ մտնող տեղեկությունների փոխանակման կարգի մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

12 հուլիսի 2022 թվականի

ՍԴՈ-1659

 

Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 12 հուլիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
12.07.2022
N ՍԴՈ-1659
Որոշում