Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ Հ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հուլիսի 2022 թվականի N 270-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 393-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետը և 2-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածների 1-ին մասերը` Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել պետական օժանդակության գնահատման կարգը` համաձայն հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի «Պետական օժանդակության գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 393-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի օգոստոսի 1-ից:

 

    ՆԱԽԱԳԱՀ                                Գ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

2022 թ. հուլիսի 26

Երևան

 

Հավելված

Մրցակցության պաշտպանության

հանձնաժողովի

2022 թվականի հուլիսի 26-ի

N 270-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից պետական օժանդակության գնահատման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) նվազագույն թույլատրելի չափի (դե-մինիմիս) օժանդակություն` օժանդակություն, որի արժեքային արտահայտությունը չի գերազանցում տասը միլիոն ՀՀ դրամը և որը պետական օժանդակության տրամադրման ծրագրի շրջանակներում երեք տարվա ընթացքում տրամադրվում կամ տրամադրվել է միևնույն տնտեսավարող սուբյեկտին.

2) օրենքով թույլատրելի պետական օժանդակություն` օրենքով նախատեսված կամ շրջակա միջավայրի պաշտպանությանը, կլիմայի փոփոխության ազդեցության մեղմացմանը և ադապտացմանը, սոցիալական բնույթի խնդիրների լուծմանը, բնական աղետների կամ այլ բացառիկ դեպքերի հետևանքով առաջացած վնասների փոխհատուցմանը, սահմանամերձ համայնքների զարգացմանը, տարածքային համաչափ զարգացմանը, մշակութային ժառանգությունների պահպանությանը, օրենքով կամ միջազգային պայմանագրով նախատեսված պարտականությունների կատարմանը ուղղված օժանդակություն.

3) սույն կարգով օգտագործվող այլ հասկացությունները և տերմինները կիրառվում են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով (այսուհետ նաև` Օրենք) սահմանված իմաստով:

 

ԳԼՈՒԽ 2
ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՓՈՒԼԵՐԸ

 

3. Հանձնաժողովի կողմից պետական օժանդակության գնահատումն իրականացվում է.

1) մինչև պետական օժանդակության տրամադրումը (ex ante), կամ

2) պետական օժանդակության տրամադրումից հետո (ex post):

4. Պետական օժանդակության գնահատում իրականացնելիս Հանձնաժողովն իրականացնում է հետևյալ գործողությունները.

1) պետական օժանդակության առկայության հարցի գնահատում.

2) նվազագույն թույլատրելի չափի օժանդակության առկայության հարցի գնահատում.

3) պետական օժանդակության արգելված լինելու հարցի գնահատում.

4) Օրենքով թույլատրելի պետական օժանդակության հարցի գնահատում` մրցակցության կանխման, սահմանափակման կամ արգելման հատկանիշների համատեքստում:

 

ԳԼՈՒԽ 3
ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

5. Պետական օժանդակության առկայության փաստը հաստատվում է, հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

1) օժանդակություն ստացողը տնտեսավարող սուբյեկտ է.

2) օժանդակություն տրամադրողը պետական օժանդակություն տրամադրող մարմին է, իսկ օժանդակության աղբյուրը հանրային ֆինանսներ կամ հանրային ռեսուրսներ են.

3) օժանդակության տրամադրման հարցում դրսևորվում է ընտրողականություն.

4) օժանդակության տրամադրմամբ տնտեսավարող սուբյեկտի համար ստեղծվում են տնտեսական առավելություններ:

 

ԳԼՈՒԽ 4
ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԸ

 

6. Օժանդակություն ստացողի` տնտեսավարող սուբյեկտ լինելու պայմանի առկայության հաստատման համար անհրաժեշտ չափանիշը տվյալ սուբյեկտի տնտեսական գործունեություն իրականացնելն է` անկախ այդ սուբյեկտի կազմակերպական-իրավական ձևից կամ իրավական կարգավիճակից: Վերոնշյալը վերաբերում է նաև շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և Օրենքի իմաստով պետական մարմին հանդիսացող սուբյեկտներին:

7. Տնտեսավարող սուբյեկտի կողմից միաժամանակ և՛ տնտեսական, և՛ ոչ տնտեսական գործունեություն իրականացնելու պայմաններում, տվյալ սուբյեկտը որպես տնտեսավարող սուբյեկտ դիտարկվում միայն տնտեսական գործունեության իրականացման մասով:

 

ԳԼՈՒԽ 5
ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՖԻՆԱՆՍ ԿԱՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԸ

 

8. Պետական օժանդակություն տրամադրող մարմինն Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով նախատեսված սուբյեկտն է:

9. Ի թիվս այլնի, պետական օժանդակության հնարավոր տեսակները կամ դրսևորման ձևերն են.

1) սուբսիդիան.

2) դրամաշնորհը.

3) օգնությունը.

4) վարկը կամ վարկերի տրամադրումն արտոնյալ տոկոսադրույքով.

5) փոխառությունը.

6) գույքը.

7) արտոնությունները.

8) պարտավորությունների չեղարկումը կամ ստանձնումը.

9) հարկերից ազատումը, նվազեցումները, հետաձգումները և վճարման տարժամկետումը.

10) արտոնյալ պայմաններով երաշխիքների տրամադրումը.

11) ներդրումը, որի վերադարձելիության դրույքն ավելի ցածր է, քան ցանկացած այլ ներդրման պարագայում.

12) մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների զեղչերը, այդ թվում` շարժական և անշարժ գույքի իրացումը` շուկայական գնից ցածր գնով:

10. Պետական օժանդակության աղբյուրի հանրային ֆինանս կամ հանրային ռեսուրս լինելու պայմանը ենթադրում է պետական օժանդակության տրամադրմամբ պետական կամ համայնքային բյուջեի համար որոշակի ֆինանսական բեռի, այդ թվում` որոշակի առկա միջոցների պակասեցման, պարտավորությունների առաջացման կամ բաց թողնված օգուտի առկայություն: Հանրային ֆինանսների կամ հանրային ռեսուրսների առկայության հարցը քննարկելիս Հանձնաժողովը գնահատում է տնտեսավարող սուբյեկտին տրամադրված առավելության և պետական բյուջեի համար ստեղծվող ֆինանսական բեռի կամ բաց թողնված օգուտի միջև անմիջական կապի առկայության հարցը:

 

ԳԼՈՒԽ 6
ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆՏՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԸ

 

11. Պետական օժանդակության ընտրողականության պայմանը ենթադրում է պետական օժանդակության տրամադրում կոնկրետ տնտեսավարող սուբյեկտի, տնտեսավարող սուբյեկտների որոշակի խմբի, որոշակի ապրանքի կամ որոշակի ոլորտի համար: Ընտրողականության պայման կարող է առկա լինել նաև այն դեպքում, երբ պետական օժանդակությունը, օրինակ` հարկերի կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտականությունից ազատումը, տրամադրվում է կոնկրետ տնտեսավարող սուբյեկտի, այն դեպքում, երբ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով համանման իրավիճակում այլ տնտեսավարող սուբյեկտներ չեն օգտվում նման օժանդակությունից:

12. Պետական օժանդակության տրամադրման ընտրողականության տեսակներն են.

1) դե-յուրե ընտրողականություն, որի դեպքում օժանդակությունը նախատեսվում է տրամադրել միայն որոշակի սուբյեկտների, ինչն ուղղակիորեն բխում է օժանդակության տրամադրման հնարավորություն նախատեսող իրավանորմից.

2) դե ֆակտո ընտրողականություն, որի դեպքում թեև օժանդակություն տրամադրելու վերաբերյալ չափանիշներն ընդհանուր կարգով սահմանված են պետական օժանդակության տրամադրումը նախատեսող իրավական ակտով, սակայն դրանց կառուցվածքն այնպիսին է, որ դրա կիրառման արդյունքում ստեղծվող առավելություններից իրականում օգտվում են տնտեսավարող սուբյեկտների ընդամենը որոշակի խումբ.

3) հայեցողական ընտրողականություն, որի դեպքում պետական մարմինների հայեցողական լիազորությունների արդյունքում կոնկրետ առավելությունը տրամադրվում է միայն որոշ տնտեսավարող սուբյեկտների.

4) ոլորտային ընտրողականություն, որի դեպքում օժանդակությունը տրամադրվում է բոլոր այն տնտեսավարող սուբյեկտներին, որոնք գործունեություն են իրականացնում որոշակի ոլորտում:

5) տարածաշրջանային ընտրողականություն, որի դեպքում օժանդակությունը տրամադրվում է բոլոր այն տնտեսավարող սուբյեկտներին, որոնք գործունեություն են ծավալում որոշակի տարածքում:

 

ԳԼՈՒԽ 7
ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԸ

 

13. Օժանդակության տրամադրման արդյունքում տնտեսական առավելության ստեղծման պայմանն առկա է, երբ պետական օժանդակության տրամադրման հետևանքով տնտեսավարող սուբյեկտների համար ստեղծվում են այնպիսի առավելություններ, որոնք ազատ տնտեսական մրցակցության պայմաններում տրամադրվող օժանդակության բացակայության դեպքում տնտեսավարող սուբյեկտները չէին ունենա:

14. Օժանդակության տրամադրման արդյունքում տնտեսական առավելության ստեղծման պայմանի առկայության հարցը քննարկելիս Հանձնաժողովը գնահատում է տրամադրվող օժանդակության ազդեցությունը այն ստացող տնտեսավարող սուբյեկտի գործունեության վրա:

15. Օժանդակության տրամադրման արդյունքում տնտեսական առավելության ստեղծման պայմանն առկա է ինչպես այն դեպքերում, երբ տրամադրվում են որոշակի դրական տնտեսական առավելություններ, այնպես էլ, երբ տնտեսավարող սուբյեկտն ազատվում է որոշակի պարտավորությունների կատարումից, այդ թվում` իր տնտեսական գործունեության հետ կապված որոշակի ծախսերից:

 

ԳԼՈՒԽ 8
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

16. Պետական օժանդակության առկայության փաստի հաստատման դեպքում Հանձնաժողովը գնահատում է նվազագույն թույլատրելի չափի օժանդակության առկայության հարցը:

17. Նվազագույն թույլատրելի չափի օժանդակություններն արգելված պետական օժանդակություններ չեն:

 

ԳԼՈՒԽ 9
ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

18. Հանձնաժողովը գնահատում է պետական օժանդակության արգելված լինելու հարցը, եթե առկա չէ նվազագույն թույլատրելի չափի օժանդակություն:

19. Պետական օժանդակության արգելված լինելու հարցը քննարկելիս Հանձնաժողովը պարզում է մրցակցության կանխման, սահմանափակման կամ արգելման կամ դրա հնարավորության կամ սպառողների շահերի վնասման, ինչպես նաև հնարավոր վնասման հարցը:

20. Պետական օժանդակության շրջանակներում մրցակցության կանխման, սահմանափակման կամ արգելման հնարավոր դրսևորում, ի թիվս այլնի, կարող է լինել պետական օժանդակություն տրամադրելու արդյունքում այն ստացող տնտեսավարող սուբյեկտի մրցակիցների թվի կրճատումը (շուկայից դուրս մղումը) և ապրանքի գնի արհեստական իջեցումը կամ բարձրացումը:

21. Արգելված պետական օժանդակության առկայության հարցը քննարկելիս Հանձնաժողովը, ի թիվս այլնի, հաշվի է առնում հետևյալ հանգամանքները.

1) պետական օժանդակության չափը և (կամ) քանակը.

2) պետական օժանդակություն ստացող սուբյեկտների թվաքանակը.

3) պետական օժանդակության տեսակը կամ դրսևորման ձևը.

4) պետական օժանդակություն ստացողի փոքր, միջին կամ խոշոր տնտեսավարող սուբյեկտ լինելու հանգամանքը.

5) այն ապրանքային շուկան, որտեղ տվյալ պետական օժանդակություն ստացող տնտեսավարող սուբյեկտը գործունեություն է ծավալում և տվյալ տնտեսավարող սուբյեկտի մրցակցային դիրքը.

6) պետական օժանդակություն ստանալու համար անհրաժեշտ պայմանները.

7) պետական օժանդակության տրամադրման նպատակի հիմնավորվածությունը.

8) պետական օժանդակության տրամադրման ժամանակահատվածը.

9) պետական օժանդակության շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին իրականացվող ծախսերի բնույթը.

10) մինչև պետական օժանդակությունը տրամադրելն այն ստացող տնտեսավարող սուբյեկտի ֆինանսական դրությունը.

11) պետական օժանդակության չափի և ապրանքային շուկայի ծավալի հարաբերակցությունը.

12) համապատասխան ապրանքային շուկայում պետական օժանդակություն ստացող կամ ստացած տնտեսավարող սուբյեկտի մասնաբաժնի փոփոխությունը, ինչպես նաև մրցակցային իրավիճակը բնութագրող այլ հատկանիշների փոփոխությունը.

13) պետական օժանդակության ազդեցությունը սպառողների շահերի վրա.

14) պետական օժանդակության տրամադրման նպատակի և ընտրված օժանդակության տեսակի համաչափությունը.

15) պետական օժանդակության տրամադրման արդյունքում հնարավոր դրական և բացասական հետևանքների հարաբերակցությունը:

22. Արգելված պետական օժանդակության առկայության հարցը գնահատելիս Հանձնաժողովը, ի թիվս այլնի, քննարկում է նաև հետևյալ հարցերը.

1) արդյո՞ք պետական օժանդակությունը առավելություններ է ստեղծում միայն այն ստացող տնտեսավարող սուբյեկտի համար.

2) արդյո՞ք պետական օժանդակության տրամադրումը բացասական ազդեցություն է ունենում սպառողների շահերի վրա.

3) արդյո՞ք պետական օժանդակության տրամադրմամբ ծածկվում են տնտեսավարող սուբյեկտի ընթացիկ գործունեության հետ կապված գործառնական ծախսերը, ինչն իր ազդեցությունն է ունենում այն ստացող տնտեսավարող սուբյեկտի ապրանքների իրացման գնային քաղաքականության վրա.

4) արդյո՞ք պետական օժանդակության տրամադրմամբ տնտեսավարող սուբյեկտը ձեռք է բերում գերիշխող դիրք կամ ամրապնդվում է այն:

23. Արգելված պետական օժանդակության առկայության հարցը քննարկելիս` Հանձնաժողովը հատուկ ուշադրություն է դարձնում պետական օժանդակության տրամադրման արդյունքում շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության առաջացման հարցին:

24. Մրցակցության կանխման, սահմանափակման կամ արգելման կամ դրա հնարավորության կամ սպառողների շահերի վնասման կամ հնարավոր վնասման առկայության դեպքում Հանձնաժողովը պետական օժանդակության տրամադրումը համարում է արգելված, բացառությամբ այն դեպքերի, երբ միաժամանակ առկա են հետևյալ պայմանները.

1) տվյալ օժանդակության տրամադրումը նպատակաուղղված է հանրային նշանակություն ունեցող գերակա բարիքի ստեղծմանը.

2) պետական օժանդակության տրամադրման նպատակին հնարավոր չէր հասնել մրցակցությունը կանխող, սահմանափակող, արգելող կամ սպառողների շահերը վնասող այլ առավել նվազ միջոցներով:

25. Սույն կարգի 24-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի միաժամանակյա առկայության հիմնավորման պարտականությունը կրում է մինչև պետական օժանդակության տրամադրումը պետական օժանդակության թույլատրելիության գնահատման համար դիմողը, իսկ տրամադրված պետական օժանդակության գնահատման դեպքում` պետական օժանդակություն տրամադրող մարմինը:

 

ԳԼՈՒԽ 10
ՕՐԵՆՔՈՎ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

26. Պետական օժանդակության արգելված լինելու հարցի գնահատում իրականացնելուց հետո Հանձնաժողովն իրականացնում է Օրենքով թույլատրելի պետական օժանդակության առկայության հարցի գնահատում:

27. Մրցակցության կանխման, սահմանափակման կամ արգելման հատկանիշների առկայության պայմաններում Հանձնաժողովը գնահատում է այն հարցը, թե արդյոք առկա է օրենքով նախատեսված կամ շրջակա միջավայրի պաշտպանությանը, կլիմայի փոփոխության ազդեցության մեղմացմանը և ադապտացմանը, սոցիալական բնույթի խնդիրների լուծմանը, բնական աղետների կամ այլ բացառիկ դեպքերի հետևանքով առաջացած վնասների փոխհատուցմանը, սահմանամերձ համայնքների զարգացմանը, տարածքային համաչափ զարգացմանը, մշակութային ժառանգությունների պահպանությանը, օրենքով կամ միջազգային պայմանագրով նախատեսված պարտականությունների կատարմանը ուղղված օժանդակություն:

 

ԳԼՈՒԽ 11
ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ

 

28. Մինչև պետական օժանդակության տրամադրումը պետական օժանդակության գնահատման վարույթի հարուցման հիմքերն են.

1) պետական օժանդակության տրամադրումը նախաձեռնող մարմնի կամ պետական օժանդակություն ստանալու համար դիմող տնտեսավարող սուբյեկտի կողմից սույն հավելվածի Ձև 1-ի պահանջներին համապատասխան Հանձնաժողով ներկայացված դիմումը.

2) Հանձնաժողովի սեփական նախաձեռնությունը, որի դրսևորման դեպքում պետական օժանդակության թույլատրելիության գնահատման վարույթը հարուցվում է Հանձնաժողովի որոշմամբ:

29. Սույն կարգի 26-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերում օժանդակության թույլատրելիության գնահատման համար դիմող սուբյեկտը պարտավոր է Հանձնաժողով ներկայացնել այնպիսի տեղեկատվություն, որը թույլ կտա Հանձնաժողովին բացահայտել.

1) համապատասխան ապրանքները, մրցակից տնտեսավարող սուբյեկտներին, սպառողների շրջանակը, որոնց վրա կարող է ազդել պետական օժանդակության տրամադրումը.

2) պետական օժանդակության առնչվող ապրանքային շուկաները, դրանց ապրանքատեսակային և աշխարհագրական սահմանները, սուբյեկտների կազմը և ծավալը:

30. Սույն կարգի 26-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դիմումը ներկայացվում է Հանձնաժողովի e-Compete էլեկտրոնային համակարգի, «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի, Հանձնաժողովի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեի ([email protected]), «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի» (https://e-request.am/) միջոցով կամ թղթային եղանակով:

31. Սույն կարգի 26-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դիմումում անհրաժեշտ է ներկայացնել նաև հետևյալ տեղեկատվությունը.

1) պետական օժանդակության տրամադրումը նախաձեռնող մարմնի (կազմակերպության) տվյալները (լրիվ անվանում, գտնվելու վայրի հասցե, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե).

2) պետական օժանդակության ծրագրով պետական օժանդակությունը կոնկրետ տնտեսավարող սուբյեկտի տրամադրելու դեպքում, այն ստացողի տվյալները, մասնավորապես.

ա. լրիվ անվանումը, ՀՎՀՀ-ն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, գտնվելու վայրի հասցեն և ծանուցման հասցեն, եթե այն տարբերվում է գտնվելու վայրի հասցեից.

բ. գործունեության ոլորտների, իսկ հնարավորության դեպքում նաև այն ապրանքային շուկաների վերաբերյալ, որտեղ տվյալ տնտեսավարող սուբյեկտը գործունեություն է ծավալում.

3) պետական օժանդակության ծրագրով պետական օժանդակությունը որոշակի պայմանների բավարարող տնտեսավարող սուբյեկտների տրամադրելու դեպքում ներկայացվում են տեղեկատվություն.

ա. պետական օժանդակություն ստացող սուբյեկտների մոտավոր թվաքանակի վերաբերյալ.

բ. գործունեության ոլորտի վերաբերյալ, որի նկատմամբ կիրառելի է պետական օժանդակությունը.

գ. պետական օժանդակություն ստանալու համար անհրաժեշտ պայմանների վերաբերյալ.

4) պետական օժանդակության տրամադրման ծրագրի շրջանակներում տրամադրվող պետական օժանդակության ընդհանուր չափի և (կամ) քանակի վերաբերյալ տեղեկատվությունը.

5) պետական օժանդակության տեսակի կամ դրսևորման ձևի մանրամասն նկարագրությունը.

6) պետական օժանդակության նպատակի նկարագրությունը.

7) պետական օժանդակության տրամադրման ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկատվությունը.

8) պետական օժանդակության տրամադրման ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունը.

9) պետական օժանդակության տրամադրման իրավական հիմք հանդիսացող ակտը կամ նախագիծը:

32. Սույն կարգի 26-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերում օժանդակության թույլատրելիության գնահատման համար դիմող սուբյեկտը պարտավոր է Հանձնաժողով ներկայացնել այնպիսի տեղեկատվություն, որը թույլ կտա Հանձնաժողովին բացահայտել.

1) համապատասխան ապրանքները, մրցակից տնտեսավարող սուբյեկտներին, սպառողների շրջանակը, որոնց վրա կարող է ազդել պետական օժանդակության տրամադրումը.

2) պետական օժանդակության հետ առնչվող ապրանքային շուկաները, դրանց ապրանքատեսակային և աշխարհագրական սահմանները, սուբյեկտների կազմը և ծավալը:

33. Պետական օժանդակության տրամադրումից հետո պետական օժանդակության գնահատման վարույթը հարուցվում է տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման առիթներից որևէ մեկի հիման վրա:

34. Պետական օժանդակության գնահատման վարույթի հարուցումից հետո պետական օժանդակության բացակայության, նվազագույն թույլատրելի չափի պետական օժանդակության հայտնաբերման կամ արգելված պետական օժանդակության վերաբերյալ ապացույցներ ձեռք չբերելու, ինչպես նաև Օրենքով թույլատրելի պետական օժանդակության առկայության դեպքում Հանձնաժողովը համապատասխան որոշմամբ վարույթը կարճում է:

35. Պետական օժանդակության գնահատում իրականացնելիս Հանձնաժողովն ուսումնասիրում է համապատասխան ոլորտը, որի նկատմամբ կիրառելի է պետական օժանդակությունը և անհրաժեշտության դեպքում հատկորոշում է համապատասխան ապրանքային շուկան:

 

ԳԼՈՒԽ 12
ՄԻՆՉԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

36. Մինչև պետական օժանդակության տրամադրումը պետական օժանդակության գնահատում իրականացնելիս Հանձնաժողովը բացահայտում կամ կանխատեսում է պետական օժանդակության տրամադրման հետևանքով որևէ ապրանքային շուկայում մրցակցության կանխման, սահմանափակման, արգելման կամ սպառողների շահերի վնասման հնարավորությունը:

37. Մինչև պետական օժանդակության տրամադրումը պետական օժանդակության գնահատումն իրականացվում է պետական օժանդակության թույլատրելիության գնահատման վարույթի շրջանակներում, որի արդյունքում Հանձնաժողովի որոշմամբ թույլատրվում կամ արգելվում է պետական օժանդակություն տրամադրելը և ստանալը:

38. Հանձնաժողովը թույլատրում է պետական օժանդակություն տրամադրելը և ստանալը, եթե առկա չեն պետական օժանդակություն տրամադրելը և ստանալը արգելելու հիմքեր:

 

ԳԼՈՒԽ 13
ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

39. Պետական օժանդակության տրամադրումից հետո պետական օժանդակության գնահատում իրականացնելիս Հանձնաժողովը գնահատում է դրա փաստացի ազդեցությունը համապատասխան ապրանքային շուկայի մրցակցային իրավիճակի, ինչպես նաև սպառողների շահերի վրա:

40. Պետական օժանդակության տրամադրումից հետո պետական օժանդակության փաստացի ազդեցության գնահատման անհնարինության կամ ոչ նպատակահարմարության դեպքում, Հանձնաժողովը գնահատում է դրա հնարավոր ազդեցությունը համապատասխան ապրանքային շուկայի մրցակցային իրավիճակի, ինչպես նաև սպառողների շահերի վրա:

41. Գնահատման ենթակա տրամադրված պետական օժանդակություններն ընտրելիս Հանձնաժողովը հաշվի է առնում.

1) տրամադրված պետական օժանդակության չափը կամ քանակը.

2) ոլորտը կամ տարածքը, որի նկատմամբ կիրառելի է տվյալ պետական օժանդակությունը.

3) պետական օժանդակության տեսակը կամ դրսևորման ձևը.

4) այն ոլորտը կամ ապրանքային շուկան, որի նկատմամբ կիրառելի է տվյալ պետական օժանդակությունը, ինչպես նաև տվյալ ապրանքային շուկայի կենտրոնացվածության աստիճանը.

5) տրամադրված պետական օժանդակության չափը կամ քանակը և դրա հարաբերակցությունը համապատասխան ապրանքային շուկայի ծավալի հետ:

42. Հանձնաժողովը տրամադրված պետական օժանդակություններն ընտրելիս հաշվի է առնում նաև պետական օժանդակության տրամադրման վերաբերյալ պետական օժանդակություն տրամադրող մարմինների կողմից հետևյալ հարցերին տրված պատասխանները.

1) Արդյո՞ք պետական օժանդակությունը նպատակաուղղված է անկանխատեսելի և հրատապ լուծում պահանջող հարցերի լուծմանը կամ արտակարգ կամ ֆորսմաժորային իրավիճակի հետևանքով առաջացած խնդիրների կարգավորմանը.

2) Արդյո՞ք առկա են տրամադրումից հետո պետական օժանդակության նկատմամբ վերահսկողության մեխանիզմներ.

3) Արդյո՞ք առկա են պետական օժանդակության տրամադրումից հետո պետական օժանդակության սահմանաչափի արդյունավետության գնահատման մեխանիզմներ.

4) Արդյո՞ք պետական օժանդակությունը բնութագրվում է առավել բարձր աստիճանի ընտրողականությամբ.

5) Արդյո՞ք պետական օժանդակություն տրամադրման համար սահմանված են եղել որոշակի պայմաններ և առաջնահերթություններ, այդ թվում` «առավել վաղ դիմորդն ունի առաջնահերթություն» սկզբունքը:

43. Պետական օժանդակության տրամադրումից հետո պետական օժանդակության գնահատումը իրականացվում է տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի շրջանակներում:

44. Պետական օժանդակության տրամադրումից հետո պետական օժանդակության գնահատում իրականացնելիս Հանձնաժողովը, ի թիվս այլնի, իրականացնում է մինչև պետական օժանդակության տրամադրումը և պետական օժանդակության տրամադրումից հետո համապատասխան ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի ուսումնասիրություն և համեմատություն, որի հիման վրա պարզում է, թե ինչ է տեղի ունեցել պետական օժանդակության տրամադրման արդյունքում, և ինչ տեղի կունենար պետական օժանդակության բացակայության պայմաններում:

45. Հանձնաժողովն արգելված պետական օժանդակության վերադարձման կամ դադարեցման կարգը և ժամկետները սահմանում է Հանձնաժողովի որոշմամբ տրված հանձնարարության ձևով:

 

ՁԵՎ 1

 

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

ՊԱՐՈՆ/ՏԻԿԻՆ ___________________________________

Դիմում ներկայացնող անձ` _________________________________

(ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը,

իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը)

Ներկայացուցիչ`____________________________________________

(անունը, ազգանունը, ներկայացուցչության հիմքը)

Ծանուցման հասցե և հեռախոսահամար` _____________________________________

 

Ծանուցման էլեկտրոնային փոստի հասցե(1)`_________________________________

__________________________________________

1) Դաշտը պարտադիր չէ լրացման համար: Լրացվելու դեպքում բոլոր ծանուցումները կարող են ուղարկվել նշված էլեկտրոնային փոստի հասցեին:

 

ԴԻՄՈՒՄ

 

Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասը` խնդրում ենք թույլատրել_________________________

____________________________________________________________________

պետական օժանդակության տրամադրումը(2):

__________________________________________

2) Անհրաժեշտ է դաշտում լրացնել պետական օժանդակության տրամադրման թույլատրելիության գնահատման համար դիմող պետական մարմնի կամ տնտեսավարող սուբյեկտի տվյալները:

_________________________________________________________________________

______________________________________________________________________(3):

________________________

3) Պետական օժանդակության թույլատրելիության գնահատման դիմումում և դրան կից ներկայացված տեղեկատվությունում օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկությունների առկայության դեպքում դիմումը պետք է պարունակի այդ մասին նշում, ինչպես նաև համապատասխան իրավական հիմքի վկայակոչում ու հիմնավորում:

 

Կից ներկայացվում է պետական օժանդակության թույլատրելիության գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվությունը:

 

    Հարգանքով`      __________________     ________________________

                    (ստորագրությունը)          (անուն, ազգանուն)

 

______________________________

(տարին, ամիսը, ամսաթիվը)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 29 հուլիսի 2022 թվական:

 

 

pin
Մրցակցության պաշտպանության հ
26.07.2022
N 270-Ն
Որոշում