Սեղմել Esc փակելու համար:
ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԵՂԱՆԱԿՈՎ ՄՇԱԿՎՈՂ ՕԳՏԱԿԱՐ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԵՂԱՆԱԿՈՎ ՄՇԱԿՎՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2022 թվականի N 1049-Ն

 

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԵՂԱՆԱԿՈՎ ՄՇԱԿՎՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

263. 300-ից ավելի թեքման անկյունով թեք և ուղղաձիգ փորվածքների միաճոպան վերհան կայանքների գերվերհանման բարձրությունը պետք է լինի`

1) վերելքավանդակով և վերհանային տախտամածներով կայանքներում` 6 մ-ից ոչ պակաս, 3 մ/վրկ-ից ավելի վերելքի վերհանման արագության դեպքում.

2) վերելքավանդակով և վերհանման կայանքներում` 4 մ-ից ոչ պակաս, մինչև 3 մ/վրկ արագության դեպքում.

3) բեռնատար վերհանման տախտամածներով և շրջվող վերելքավանդակներով վերհանման կայանքներում` 2,5 մ-ից ոչ պակաս.

4) մարդկանց բադյաներով իջեցման և բարձրացման ժամանակ` 4 մ-ից ոչ պակաս:

264. Որպես գերվերհանման բարձրություն պետք է հաշվել`

1) չշրջվող վերելքավանդակների համար` այն բարձրությունը, որը վերելքավանդակը կարող է ազատ բարձրանալ իր նորմալ դիրքից մինչև վերևի ընդունող հարթակում ճոպանի սեղմիչն ուղղորդիչ փոկանիվի օղագոտու տարրերի հետ հպվելը.

2) շրջվող վերելքավանդակների համար` այն բարձրությունը, որը վերելքավանդակը կարող է մարդկանց նստելու ժամանակ ազատ բարձրանալ իր նորմալ դիրքից մինչև վերելքավանդակի հենահարթակի (պլատֆորմա) շրջման սկիզբը.

3) վերհան տախտամածներով և շրջվող վերելքավանդակներով բեռների վերհանման համար` այն բարձրությունը, որը վերհան տախտակամածովը կամ շրջվող վերելքավանդակը բեռնաթափման ժամանակ կարող են ազատ իրենց նորմալ դիրքից բարձրանալ մինչև ճոպանի վերևի սեղմիչի հպումը` վերհան արկղի կամ շրջվող վերելքավանդակի ուղղորդիչ փոկանվի օղագոտու հետ.

4) բադիայով վերհանման համար` այն բարձրությունը, որը բադիան կարող է ազատ բարձրանալ զրոյական հարթակից մինչև ճոպանի վերևի սեղմիչի կամ ուղղորդիչ շրջանակի վերին եզրի հպումը` ուղղորդիչ փոկանիվի օղագոտու հետ:

265. Բոլոր տեսակի բազմաճոպան վերհան կայանքների համար գերվերհանման բարձրությունը պետք է լինի 7 մ-ից ոչ պակաս` բաղկացած 3 մ-ից ոչ պակաս ազատ վերհանումից և պաշտպանիչ սարքերի տեղադրման բարձրությունից:

266. Մինչև 300 թեքման անկյունով փորվածքներում թեք վերհան կայանքների գերվերհանման ուղին պետք է լինի`

1) երկծայրային վերհան կայանքներում` 6 մ-ից ոչ պակաս.

2) մեկ ծայրային բեռնատար վերհան կայանքներում` 2,5 մ-ից ոչ պակաս.

3) մեկ ծայրային բեռնամարդատար և մարդատար վերհան կայանքներում` 4 մ-ից ոչ պակաս:

267. Աշխատողներին հետախուզահորեր և ոչ խորը հորաններ իջեցնելու և բարձրացնելու համար ձեռքի ճախարակներ օգտագործելու դեպքում պարտադիր պետք է պահպանվեն հետևյալ պայմանները`

1) ճախարակները պետք է ունենան արգելիչ սարքավորումներ և ավտոմատ կարգով գործող արգելակներ.

2) ճախարակները պետք է ունենան երկու մետաղե ղեկալծակ.

3) մարդկանց իջեցումը և բարձրացումը ճախարակով պետք է կատարվեն 1 մ/վրկ-ից ոչ ավելի արագությամբ.

4) վերհան կայանքը պետք է ունենա ազդանշանային սարքավորումներ.

5) հետախուզահորի խորացման ժամանակ ճախարակները բադիայի հետ միասին օգտագործելու դեպքում ճոպանի ծայրը պետք է ամուր ամրակցվի ճախարակի լիսեռին, որի վրա պետք է մնա ճոպանի` երեքից ոչ պակաս չբացված գալար.

6) ճախարակով մարդկանց իջեցնելու և բարձրացնելու ժամանակ պետք է օգտագործվեն միայն 0,6 մմ տրամագծով մետաղալարերով ճոպաններ:

 

2. ՃՈՊԱՆՆԵՐ ԵՎ ԿՑՈՐԴՄԱՆ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐ` ՈՒՂՂԱՁԻԳ ԵՎ ԹԵՔ ՓՈՐՎԱԾՔՆԵՐՈՎ ՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ԲԵՌՆԵՐԻ ԻՋԵՑՄԱՆ ՈՒ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

 

268. Հանքահորային վերհան կայանքների տրանսպորտավերհանիչ սարքերի վրա կիրառվող մետաղե ճոպանները (հայրենական կամ օտարերկրյա) պետք է ունենան համապատասխանության սերտիֆիկատ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Վերհանման և ձգման ճոպանները, որոնք կիրառվում են մարդկանց և բեռների բարձրացման համար նախատեսված սարքերի վրա, պետք է լինեն կայուն մետաղալարերից` ցինկապատված կամ հակակոռոզիոն:

269. Հանքահորային վերհան կայանքների մեխանիզմների և հակաբեռների վրա կիրառվող ճոպանները կախելու ժամանակ պետք է ունենան ամրության պաշար ոչ պակաս, քան`

1) 10-ապատիկ` բազմակի օգտագործման առասանների համար.

2) 9-ապատիկ` մարդատար և վթարային վերանորոգման վերհան կայանքների համար.

3) 8-ապատիկ` շփման փոկանիվով միաճոպան և բազմաճոպան վերհան կայանքների համար.

4) 7,5-ապատիկ` բեռնամարդատար վերհան կայանքների, ինչպես նաև կախվածքով մեխանիկական բեռնիչների (գրեյֆերների) համար.

5) 7-ապատիկ` բեռնատար բազմաճոպան վերհան կայանքների համար.

6) 6-ապատիկ` շարժական վթարային կայանքների, փրկարարական սանդուղքների, հանքահորի ուղղատուների համար.

7) 5,5-ապատիկ` ռետինե հավասարակշռիչ ճոպանների, ինչպես նաև կախովի տախտամածների համար` 600 մինչև 1500 մ խորությամբ հանքահորերի հորատանցման դեպքում.

8) 5-ապատիկ` անցահատման վերհան կայանքների, հորատանցման վերհան կայանքների ճոպանային ուղղատուների, հորատանցման սարքավորումների համար.

9) 3-ապատիկ` դինամիկ բեռնվածությունից ամորտիզացիոն և արգելակման ճոպանների պարաշյուտների համար:

270. ՈՒղղաձիգ հանքահորերի համար վերհան ճոպանների ուղղալարի երկարությունը 600մ-ից ավելի լինելու դեպքում դրանք կարող են կախվել, եթե ճոպանի բոլոր մետաղալարերի գումարային խզման ուժի հարաբերությունը ծայրային բեռի նկատմամբ կազմում է ոչ պակաս`

1) 13-ապատիկ` մարդատար վերհան կայանքների համար.

2) 11,5-ապատիկ շփման փոկանվով վերհան կայանքների միաճոպան և բազմաճոպան մարդատար բեռնամարդատար և բեռնատար վերհան կայանքների համար` բացառությամբ պարաշյուտներով չսարքավորված երկճոպան վերհաններից.

3) 10-ապատիկ` բեռնամարդատար վերհան կայանքների համար.

4) 9,5-ապատիկ` բազմաճոպան բեռնատար վերհան կայանքների համար.

5) 8,5-ապատիկ` բեռնատար վերհան կայանքների համար:

271. Ամրության պաշարը, հաշվարկած նաև ճոպանի զանգվածը, պետք է լինի ոչ պակաս 4,5-ապատիկ` բեռնատար վերհան կայանքների համար և 5-ապատիկ` մարդատար և բեռնամարդատար վերհան կայանքների համար:

272. Յուրաքանչյուր բազմաճոպան վերհան կայանքի վրա, անկախ դրա կիրառման նշանակությունից, պետք է լինեն 2-ից ոչ պակաս հավասարակշռիչ ճոպաններ:

273. Օժանդակ տրանսպորտի ճանապարհների ձգիչ ճոպանները կախման դեպքում պետք է ունենան ամրության պաշար ոչ պակաս, քան`

1) 6-ապատիկ` ստորերկրյա մարդատար ճոպանուղիների, միառելս ու գրունտային ռելսուղիների համար.

2) 5-ապատիկ` միառելս ու գրունտային ռելսուղիների, թեք փորվածքներում օժանդակ կարապիկների համար.

3) 4-ապատիկ` կեռաշերեփների, մանևրային և օժանդակ կարապիկների համար.

4) 3-ապատիկ` հանքախորշային սարքավորումների փոխադրման համար:

 

3. ՀԱՆՔԱՅԻՆ ՃՈՊԱՆՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ

 

274. Հանքային ճոպանները պետք է փորձարկվեն հավատարմագրված ճոպանափորձարկման կայաններում (լաբորատորիաներում):

275. Թեք և ուղղաձիգ հանքահորերի բոլոր վերհան ճոպանները, տախտկամածովերի կախման ճոպանները, փրկարարական սանդուղքները, հորատման ճոճերը, հավասարակշռիչ ճոպանները կախելուց առաջ պարտադիր պետք է փորձարկվեն:

276. Ճոպանների կրկնակի փորձարկումները պետք է կատարվեն հետևյալ ժամկետներում`

1) մարդատար և բեռնամարդատար վերհան կայանքների ճոպանները` յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ.

2) բեռնատար, վթարավերանորոգման և շարժական վերհան կայանքների, ինչպես նաև փրկարարական սանդուղքների ճոպանները` կախելուց 12 ամիս հետո, այնուհետ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ.

3) բեռնատար, բեռնամարդատար վերհան կայանքների բազմահյուս ոչ ցինկապատված ճոպանները կախելուց հետո` յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ, այնուհետև յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ: Ճոպանները կարող են կրկնակի չփորձարկվել, եթե դրանք պարբերաբար ենթարկվում են գործիքային դեֆեկտոսկոպիկ ստուգման:

277. Ճոպանի փորձարկման համար դրա ծայրից կտրվում է 1,5 մ երկարությամբ կտոր կրկնակի փորձարկման համար, ճոպանի ամրացման վերջին սեղմիչի մասից կտրվում է նույն երկարությամբ կտոր:

278. Փորձարկման ուղարկվող ճոպանի յուրաքանչյուր նմուշ պետք է ունենա դրան ամրացված պիտակ: Պիտակի վրա պետք է պարզ և ընթեռնելի նշված լինեն կազմակերպության անվանումը, վերհան կայանքի համարը և կիրառման նշանակությունը, ճոպանի աջ և ձախ դիրքը, գործարանային համարը, ճոպանի տրամագիծը և կառուցվածքը, նմուշի փորձարկման ուղարկելու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը:

279. Ճոպանը պետք է հանվի օգտագործումից կամ փոխարինվի նորով, եթե սպառվել է դրա ծառայության սահմանային ժամկետը կամ եթե կրկնակի փորձարկման ժամանակ բացահայտվել է, որ`

1) ճոպանի ամրության գործակիցը ցածր է 7-ապատիկից` մարդատար և վթարային վերանորոգման վերհանների համար, 6-ապատիկից` բեռնամարդատար վերհանների համար և 5-ապատիկից` բեռնատար, շարժական վերհանների և փրկարարական սանդուղքների համար.

2) մետաղալարերի կտրված և գերծռված մասերի գումարային մակերեսը կազմում է ճոպանի բոլոր լարերի լայնական կտրվածքի 25%-ը:

 

4. ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՃՈՊԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

280. Արգելվում է մարդատար, բեռնամարդատար և բեռնատար վերհան կայանքներում օգտագործել պատռված, փքված, հանգույցներով և այլ վնասվածքներով ճոպաններ:

281. Պարանակապ ճոպանների կիրառումը թույլատրվում է միայն հորիզոնական փորվածքներով և մինչև 300 թեքման անկյունով թեք փորվածքներով բեռների փոխադրման ժամանակ, ինչպես նաև ստորերկրյա կախովի մարդատար ճոպաններում, միառելս և գրունտային ուղիներում:

282. Վերհան կայանքների ճոպանները պետք է զննվեն հանքի տեխնիկական պատասխանատու անձի կողմից հետևյալ ժամկետներում`

1) ամենօրյա` ուղղաձիգ և թեք վերհան կայանքների վերհան մեխանիզմների և հակակշիռների ճոպանները, փոկանիվներով վերհան կայանքների հավասարակշռիչ ճոպանները, հանքահորի անցման ժամանակ կախովի մեխանիկական բեռնիչների (գրեյֆերների) ճոպանները.

2) ամենշաբաթյա` թմբկագլանային տեսակի մեքենաների վերհան կայանքների հավասարակշռիչ ճոպանները, արգելակային և ուղղատու ճոպանները, տախտամածների, մալուխների և հորատանցման սարքավորումների կախման ճոպանները.

3) ամենամսյա` ամորտիզացիոն և հետհար ճոպանները, վերհանման ու հավասարակշռիչ ճոպանները, հանքահորերում մշտապես գտնվող ճոպանները` ներառյալ զրահապատ հատվածները:

283. Յուրաքանչյուր ճոպան պետք է մանրակրկիտ զննվի ամբողջ երկարությամբ` դրա 0,3 մ/վրկ-ից ոչ ավելի արագությամբ շարժման ժամանակ: Վերհան սարքերի ճոպանները, որոնցում պոկված մետաղալարի քանակը գերազանցում է 2 %-ը, ամենօրյա զննումը թույլատրվում է կատարել 1 մ/վրկ-ից ոչ ավելի արագությամբ շարժման ժամանակ:

284. Եթե ճոպանի զննման ժամանակ բացահայտվում է, որ ճոպանի ոլորման որևէ հատվածում պոկված մետաղալարի քանակը կազմում է ընդհանուր մետաղալարերի քանակի 5 %-ը, իսկ ներքին հավասարակշռիչ ճոպանի մետաղալարերի 10 %-ը, ապա ճոպանը պետք է փոխարինվի նորով: Եթե ճոպանի վնասված մասը գտնվում է ամրակցման մասում, թույլատրվում է պոկված մետաղալարերի ծայրը կտրել և այն նորից ամրակցել հանգուցաօղակին:

285. Արգելվում է փակ կառուցվածքով վերհան ճոպանների շահագործումը`

1) մետաղալարերի արտաքին շերտի բարձրության 50%-ից ավելի մաշվածության դեպքում.

2) ճոպանի արտաքին շերտի ձևավոր պրոֆիլի հյուսվածքի 5 քայլին հավասար տարածքի վրա երեք կամ ճոպանի աշխատանքային ամբողջ երկարության վրա 12 խզված լարերի առկայության դեպքում.

3) ձևավոր պրոֆիլի արտաքին լարերի կցվանքի խախտման դեպքում, եթե ճոպանի մակերեսի վրա անհարթությունն առաջացել է դրա երկայնական առանցքի շուրջն արտաքին լարերը կեսից ոչ պակաս քանակությամբ ոլորվելուց:

286. Ուղղատու ճոպանները ենթակա են փոխման`

1) նոմինալ տրամագծի 15 % մաշվածության դեպքում.

2) փակ կառուցվածքով ճոպանի 100 մ-ի երկարության վրա արտաքին ճոպանալարերի երկու կտրվածքի հայտնաբերման դեպքում:

287. Բազմաճոպանային վերհան կայանքներում պարբերաբար, բայց ոչ ուշ, քան 6 ամիսը մեկ անգամ հատուկ սարքի միջոցով պետք է կատարվի ճոպանի հարաբերական գերբեռնվածության ստուգում: Եթե ճոպանի հարաբերական գերբեռնվածությունը վերհան մեքենայի ստորին դիրքում գտնվելու ժամանակ գերազանցում է 15%, կամ վերին դիրքում` 25%, ապա վերհան կայանքը պետք է կանգնեցվի` ճոպանի վրա բեռնվածության վերաբաշխման կարգավորման աշխատանքներ կատարելու համար:

288. Օժանդակ տրանսպորտի ճոպանները ենթակա են զննման հետևյալ ժամկետներում`

1) ամենօրյա` մարդատար կախովի ճոպանային և բեռնամարդատար միառելս ու գրունտային ուղիների ճոպանները, ինչպես նաև թեք փորվածքներում օգտագործվող օժանդակ կարապիկների ճոպանները.

2) ամենշաբաթյա` մարդատար կախովի ճոպանային ուղիների կեռաշերեփների մանևրային և օժանդակ կարապիկների ճոպանները.

3) 6 ամիսը մեկ անգամ` կախովի ճոպանուղիների, միառելս և գրունտային ուղիների ճոպանները:

289. Բոլոր վերհան ճոպանները բացի տեսողական (դիտողական) զննումներից, ենթակա են նաև գործիքային զննման:

290. Ճոպանները պետք է հանվեն շահագործումից և փոխարինվեն նորերով, եթե ճոպանամետաղի կտրվածքի կորուստը հասել է`

1) ուղղաձիգ հանքահորերում օգտագործվող վերհան ճոպաններում, մարդատար, բեռնամարդատար երկճոպանի կայանքների ճոպաններում, տախտամածային ճոպաններում, ինչպես նաև արգելակային պարաշյուտների ճոպաններում` 10 %-ի.

2) մետաղե միջուկով վերհան ճոպաններում, եզրի կլոր հյուսվածքով ճոպաններում, ուղղաձիգ հանքահորերում օգտագործվող բոլոր կառուցվածքների ճոպաններում` 15 %-ի.

3) օրգանական միջուկով կլոր հյուսվածքով ուղղաձիգ և հորիզոնական փորվածքներում օգտագործվող բեռնամարդատար վերհանների ճոպաններում, հանքերի շինարարության և շահագործման ժամանակ կիրառվող ուղղատու ճոպաններում, ինչպես նաև լեռնանցման սարքավորումների ճոպաններում` 18 %-ի.

4) 45 մմ և ավելի տրամագծով կլոր հյուսվածքով օրգանական միջուկով ուղղաձիգ բեռնատար վերհանների ճոպաններում, հանքահատման ճոպաններում, ինչպես նաև կախովի տախտամածների ճոպաններում` 20 %-ի.

5) հավասարակշռիչ ճոպաններում` 24 %-ի:

291. Ճոպանների զննման և հսկման արդյունքները պետք է անմիջապես մտցվեն ճոպանների զննման գրանցամատյաններում, որի ձևը և վարման կարգը հաստատվում է կազմակերպության ղեկավարի կողմից:

292. Հորատանցման կարապիկները, որոնք նախատեսված են տախտկամածովների, ապահովիչ վահանակների, խողովակագծերի և ուղղորդիչ ճոպանների կախման համար պետք է ունենան ճոպանի գերլարումը կարգավորող պաշտպանիչ միջոցներ:

293. Մարդկանց իջեցման և բարձրացման յուրաքանչյուր վերհան կայանք պետք է ունենա փորձարկված և կախելու համար պիտանի պահուստային ճոպան, իսկ բազմաճոպանային վերհանները` գլխային ճոպանների լրիվ համախումբ:

 

5. ԿԱԽՈՎԻ ԵՎ ԿՑՈՎԻ ՍԱՐՔԵՐ

 

294. Մարդատար և բեռնամարդատար վերհանների վերելքավանդակները պետք է ունենան երկու միմյանցից անկախ կախոց` աշխատանքային և ապահովիչ: Թույլատրվում է բազմաճոպանային վերհաններին օգտագործել առանց ապահովիչ կախոցների` պայմանով, որ մեքենաները և հակաբեռներն ամրացվեն ճոպանին ոչ պակաս, քան երկու կետերում: Կլոր հավասարակշռիչ ճոպանները պետք է ամրակցվեն մեքենային` անմիջապես դարձակային սարքի միջոցով:

295. Մարդատար, բեռնամարդատար վերհանների կցովի սարքերի յուրաքանչյուր կախոց, ինչպես նաև բադյաների կցովի սարքերը պետք է պատրաստվեն 13-ապատիկ ամրության ռեսուրսով, բեռնատար վերհանների, ինչպես նաև տախտամածների և այլ սարքավորումների կցման սարքավորումները` 10-ապատիկ ամրության ռեսուրսով: Բեռնամարդատար վերհան կայանքների կախվածքային և կցման սարքերը պետք է ապահովեն 15-ապատիկ ամրության ռեսուրս` վերհանով իջնող բոլոր մարդկանց առավելագույն քաշի համեմատ: Ուղղատու և հանքահատ ճոպանները պետք է պատրաստվեն 6-ապատիկ ամրության ռեսուրսով:

296. Շահագործման տրանսպորտավերհանային կայանքներում կախովի և կցովի սարքավորումների օգտագործման ժամկետը պետք է լինի 5 տարուց ոչ ավելի, վթարավերանորոգման սարքերի, ինչպես նաև օդափոխման և թևային հանքահորերի (որոնք ծառայում են վթարների ժամանակ մարդկանց տեղափոխման համար) սարքերի համար` 7 տարուց ոչ ավելի, բադյաների կցովի սարքերի համար` 2 տարուց ոչ ավելի: Բադյաների կցովի սարքերը պետք է ունենան հարմարանքներ, որոնք բադյայի շարժման ժամանակ հուսալիորեն կփակեն կեռի բացվածքը և կբացառեն դրա ինքնակամ անջատումը:

297. Բոլոր տեսակի կախովի և կցովի սարքերը պետք է ունենան դրոշմվածք` գործարանային համարի և պատրաստման տարեթվի նշումով:

 

6. ՎԵՐՀԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ ԵՎ ԿԱՐԱՊԻԿՆԵՐ

 

298. Փաթաթման տրամագծի նվազագույն հարաբերությունը ճոպանի տրամագծին պետք է լինի`

1) 120` շփման փոկանվով միաճոպան վերհան մեքենաների համար.

2) 95` շփման փոկանվով բազմաճոպան վերհան մեքենաների համար.

3) 78` երկրի մակերևույթի վրա գտնվող միաճոպան վերհան կայանքների թմբկագլանների և ուղղորդիչ փոկանիվների, ինչպես նաև առանց շեղման փոկանվի բազմաճոպան վերհան կայանքների համար.

4) 60` ստորերկրյա վերհան մեքենաների և կարապիկների թմբկագլանների և ուղղորդիչ փոկանիվների, ինչպես նաև փորվածքների հորատանցման ժամանակ օգտագործվող մեքենաների և կարապիկների համար.

5) 50` շարժական վերհան կայանքների, ապարների լցակույտում օգտագործվող կարապիկների թմբկագլանների և ուղղորդիչ փոկանիվների, ինչպես նաև բացատարման կարապիկների համար.

6) 20` տախտկամածովերի, կախովի պոմպերի, խողովակագծերի, փրկարարական սանդուղքների կախման համար նախատեսված հորատանցման բեռնատար կարապիկների թմբկագլանների և ուղղորդիչ փոկանիվների համար:

299. Բեռնամարդատար և մարդատար վերհան կայանքների համար ուղղաձիգ և թեք հանքահորերի (600-ից ավելի) ճոպանների փաթաթումը թմբկագլանին պետք է լինի միաշերտ:

300. Թույլատրվում է ճոպանի`

1) երկշերտ փաթաթում թմբկագլանի վրա` երկրի մակերևույթի վրա գտնվող ուղղաձիգ բեռնատար վերհան կայանքների համար և 300-600 թեքման անկյունով փորվածքներով մարդկանց իջեցման և բարձրացման ժամանակ.

2) եռաշերտ փաթաթում` մինչև 300 թեքման անկյունով թեք փորվածքներով մարդկանց իջեցման և բարձրացման դեպքերում, ուղղաձիգ և հորիզոնական փորվածքների հորատանցման դեպքերում, ստորերկրյա ուղղաձիգ և թեք բեռնատար վերհան կայանքների համար, ինչպես նաև երկրի մակերևույթի վրա գտնվող բեռնատար հանքահանման կայանքների համար.

3) բազմաշերտ փաթաթում` վթարավերանորոգման և օժանդակ բեռնատար վերհան կայանքների վրա (ապարային լցակույտեր, էստակադների վրա բեռի բարձրացում, ուղղաձիգ և թեք փորվածքների տեղամասերով նյութերի իջեցում և բարձրացում), ինչպես նաև հորատման կարապիկների վրա (արագությունը 0,4 մ/վրկ-ից ոչ ավելի) ու փրկարար սանդուղքների կարապիկների վրա (արագությունը մինչև 0,35 մ/վրկ):

301. Նոր հավաքակցվող վերհան մեքենաների թմբկագլանները պետք է երկու կողմից ունենան անվապռունկներ` բարձրությունը ճոպանի 1,5 տրամագծից ոչ պակաս: Թմբկագլանների փաթաթման մակերեսները պետք է ունենան սպիրալաձև ակոսիկներ:

302. Թմբկագլանի վրա մեկից ավելի շերտով ճոպանի փաթաթման դեպքում պետք է պահպանվեն հետևյալ պայմանները`

1) թմբկագլանի անվապռունկը պետք է ճոպանի վերին շերտից բարձր լինի կանգնած ճոպանի 2,5 տրամագծից ոչ պակաս.

2) փաթաթման մակերեսի կառուցվածքը կամ թմբկագլանի անվապռունկը պետք է ապահովեն ճոպանի սահուն անցումը փաթաթման հաջորդ շերտը.

3) ճոպանի տեղաշարժը պետք է կատարվի` կախված դրա շահագործման ինտենսիվությունից, բայց ոչ պակաս, քան 6-12 ամիս հետո:

303. Արգելվում է ճոպանի ծայրի ամրացումը թմբկագլանի լիսեռին: Ճոպանի ծայրի ամրացումը թմբկագլանին պետք է կատարվի թմբկագլանի վրա նախատեսված հատուկ սարքվածքի միջոցով, որը հնարավորություն կտա ճոպանն ամրացնել երեքից ոչ պակաս կետերով: Ճոպանի ձգվածությունը թմբկագլանի վրա ամրացված տեղում թուլացնելու համար պետք է թմբկագլանի մակերեսի վրա թողնել հինգից ոչ պակաս շփման գալարներ:

304. Շփման փոկանիվներով վերհան կայանքներ տանող փոկանիվների և բարձակային փոկանիվների երեսպատվածքը պետք է ամրացվի այնպես, որ սեգմենտների ակոսների եզրերին չլինեն միացնող մասեր, որոնք ամրակցման խախտման դեպքում կարող են ընկնել ճոպանի տակի ակոսի մեջ: Երեսպատվածքն ամրացնող հեղյուսները ենթակա են զննման` յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ: Երեսպատվածքի սեգմենտները պետք է փոխվեն նորերով, եթե մաշվելու հետևանքով դրանց մնացորդային բարձրությունը ճոպանի 0,75 տրամագծի չափ է: Բարձակային հարթակները պետք է ունենան մթնոլորտային տեղումներից պաշտպանիչ ծածկույթ, կամ հարմարանք` ձյան և սառույցի հեռացման համար:

305. ՈՒղղաձիգ փորվածքներով մարդկանց իջեցման կամ բարձրացման առավելագույն արագությունը պետք է լինի 12 մ/վրկ-ից ոչ ավելի, իսկ թեք փորվածքներով` 5 մ/վրկ-ից ոչ ավելի: Բադյաների մեջ ուղղորդիչներով մարդկանց իջեցման կամ բարձրացման առավելագույն արագությունը պետք է լինի 8 մ/վրկ-ից ոչ ավելի, իսկ այնպիսի տեղերում, որտեղ բացակայում են ուղղորդիչները` 1 մ/վրկ-ից ոչ ավելի:

306. ՈՒղղաձիգ փորվածքներով բեռների իջեցման կամ բարձրացման ժամանակ առավելագույն արագությունը որոշվում է նախագծով, իսկ թեք փորվածքներով վերհանման բեռների իջեցման կամ բարձրացման ժամանակ` 7 մ/վրկ-ից ոչ ավելի, վագոնիկներով բեռների իջեցման կամ բարձրացման ժամանակ` 5 մ/վրկ-ից ոչ ավելի:

307. Ուղղորդիչների միջոցով բադյաներով բեռների բարձրացման և իջեցման ժամանակ բադյաների շարժման արագությունը չպետք է գերազանցի 12 մ/վրկ-ը, իսկ այնպիսի տեղերում, որտեղ բացակայում են ուղղորդիչները` 2 մ/վրկ:

308. Վերհանման տախտակամածովների, պոմպերի, ջրահեռացման խողովակների և հորատանցման սարքավորումների տեղաշարժման ժամանակ վերհան կայանքի արագությունը պետք է լինի 0,2 մ/վրկ-ից ոչ ավելի, փրկարարական սանդուղքների տեղաշարժման ժամանակ` 0,35 մ/վրկ-ից ոչ ավելի:

309. Վերհան կայանքի միջին դանդաղեցման մեծությունը, ինչպես ապահովիչ, այնպես էլ աշխատանքային արգելակման ժամանակ, չպետք է գերազանցի սույն Կանոնի N 3 աղյուսակում նշված մեծություններին.

 

Աղյուսակ N 3

 

._____________________________________________________________________.

|Թեքության անկյունը, աստիճանը|5  |10 |15 |20 |25 |30 |40 |50 և  ավելի |

|____________________________|___|___|___|___|___|___|___|____________|

|Դանդաղեցման մեծությունը,    |0,8|1,2|1,8|2,5|3,0|3,5|4,0| 5,0        |

|մ/վրկ2                      |   |   |   |   |   |   |   |            |

._____________________________________________________________________.

 

310. Վերհան կայանքի միջին դանդաղեցման մեծությունն ապահովիչ արգելակման ժամանակ պետք է լինի ոչ պակաս 0,75 մ/վրկ2` փորվածքի թեքության անկյունը մինչև 300-ի դեպքում, և ոչ պակաս 1,5 մ/վրկ2` փորվածքի թեքության անկյունը 300-ից ավելի լինելու դեպքում:

311. Շփման փոկանիվով վերհան կայանքները, որոնց վրա արգելակների միջոցով հնարավոր չէ ապահովել պահանջվող դանդաղեցում, պետք է սարքավորվեն ավտոմատ կարգով կարգավորվող ապահովիչ արգելակներով:

312. Ձուլված կամ դրոշմված օղագոտով փոկանիվները, որոնց համար երեսպատվածք նախատեսված չէ, ենթակա են փոփոխման նորերով` օղագոտու կամ անվապռնկի նախնական հաստության 50%-ի չափով մաշվածության դեպքում:

313. Փոկանիվները ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ պետք է զննվեն հանքի տեխնիկական պատասխանատու անձի կողմից: Զննումների արդյունքները պետք է գրանցվեն հանքի ղեկավարի կողմից հաստատված վերհան կայանքների զննման արդյունքների գրանցամատյանում` նկարագրելով փոկանիվի ակոսի կտրվածքի ամենամաշված տեղը:

314. Հանքային վերհան կայանքները գերբարձրացումից և արագության գերազանցումից պաշտպանելու համար պետք է ապահովված լինեն հետևյալ ապահովիչ սարքվածքներով`

1) բարձրակի վրա տեղադրված ծայրային անջատիչներով, որոնք կանջատեն վերհան մեքենան և կմիացնեն ապահովիչ արգելակը` մեքենան ընդունող հարթակի մակարդակից 0,5 մ և ավելի բարձրանալու դեպքում.

2) վերհան մեքենայի ընթացքի կարգավորիչի վրա տեղադրված ծայրային անջատիչներով` նախատեսված բարձրակի վրա տեղադրված ծայրային անջատիչների աշխատանքների կրկնակման (դուբլիրովանի) համար.

3) արագության սահմանափակիչներով.

4) բարձրակի վրա և հանքահորի հորահատակի մեջ դրված ամորտիզացնող սարքերով:

315. Հանքային վերհան կայանքները պետք է սարքավորվեն հետևյալ պաշտպանիչ և բլոկավորման սարքերով`

1) շարժիչի գերբեռնվածության և լարման բացակայության ժամանակ գործող առավելագույն հոսանքի և զրոյական պաշտպանությամբ.

2) հանքահորում ճոպանի կախվելը բացառող պաշտպանությամբ.

3) հանքահորի ընդունող հարթակներում պաշտպանիչ վանդակների բլոկավորմամբ, որը մեքենավարի մոտ կմիացնի «Կանգ» ազդանշանը պաշտպանիչ վանդակները բաց լինելու դեպքում, ինչպես նաև կկասեցնի վանդակների բացումն այն դեպքում, եթե տվյալ հորիզոնի ընդունող հարթակներում բացակայում է վերելքավանդակը.

4) բլոկավորմամբ, որը թույլ կտա միացնելու շարժիչը` մեքենայի գերբարձրացումը կանխելու նպատակով.

5) բլոկավորման աղեղով` դինամիկ արգելակիչի և դարձափոխի հպակների միջև.

6) պաշտպանիչ արգելակումը կանխող բլոկավորմամբ, եթե աշխատանքային արգելակիչի բլոկը չի գտնվում «արգելակված է» դիրքում, իսկ կառավարման ապարատի բռնակը` զրոյական դիրքում.

7) բլոկավորմամբ, որը հանքահորի հորատանցման, ամրակապման աշխատանքների կատարման ժամանակ կապահովի բադիայի կանգնեցում` չհասած աշխատանքային տախտամածին` մինչև 5 մ հեռավորության վրա.

8) բեռնաթափման կորերի վրա մեքենաների կախվածության պաշտպանությամբ.

9) ճոպանների սահումը պաշտպանող բլոկավորմամբ.

10) սարքվածքով, որն ազդանշան կտա մեքենավարին արգելակային ճոպանների պոկման ժամանակ.

11) սարքվածքով, որն ազդանշան կտա մեքենավարին հավասարակշռիչ ճոպանների օղակներն անթույլատրելի չափով բարձրանալու դեպքում,

12) արագության սահմանափակման կրկնարկող սարքերով, եթե հիմնական սահմանափակիչը չունի լրիվ ինքնավերահսկում,

13) արգելակման կաղապարի (կոլոդկա) առավել մաշվածությունը ֆիքսող բլոկավորմամբ,

14) շինվածքով, որը ցուցասարքով ազդանշան կտա մեքենավարին ճոճվող հարթակների և նստեցման բռունցքների մասին.

15) վերհան կայանքի դանդաղեցման սկիզբն ավտոմատ կարգով ազդարարող ձայնային ազդանշանով:

316. Յուրաքանչյուր վերհան մեքենայի կարապիկի վրա պետք է նախատեսվեն աշխատանքային և ապահովիչ մեխանիկական արգելակներ` իրարից անկախ միացվող շարժաբերներով:

317. Փրկարարական սանդուղքների և լեռնանցման բեռնատար կարապիկների վրա պետք է նախատեսվեն`

1) մանևրային արգելակ` շարժիչի լիսեռի կամ միջանկյալ լիսեռի վրա.

2) ապահովիչ արգելակ.

3) թմբկագլանի վրա սևեռակապնդիչ արգելակաձողային սարքվածք.

4) բլոկավորում, որը կբացառի էլեկտրաշարժիչի գործարկումը բեռի իջեցման ուղղությամբ այն դեպքում, երբ միացված են ապահովիչ արգելակը և սևեռակապնդիչ սարքվածքը:

318. Այն հանքահորերում, որտեղ տեղադրված են մի քանի վերհան կայանքներ, դրանցից յուրաքանչյուրի կառավարման վահանակի վրա պետք է լինեն վթարային անջատման կոճակներ` բոլոր վերհան կայանքների միաժամանակյա կանգնեցման համար:

319. Յուրաքանչյուր վերհան կայանք պետք է ունենա անխափան գործող`

1) սարքեր, որոնք պետք է գրանցեն կայանքի աշխատանքային բոլոր ցիկլերը և վերլուծեն դրա շարժման արագությունը և ուղղությունը.

2) ամպերմետրեր և վոլտմետրեր` գլխավոր հաղորդալարի և էլեկտրադինամիկ արգելակման շղթայում.

3) մանոմետրեր, որոնք պետք է արգելակման համակարգում գրանցեն խտացրած օդի կամ յուղի ճնշումը:

320. Վերհան կայանքի մեքենավարը հերթափոխի սկզբին աշխատանքներն սկսելուց առաջ պարտավոր է ստուգել մեքենայի սարքինությունը` նախքան մարդկանց իջեցման և բարձրացման իրականացումը, կատարել վերելքավանդակի (բադիայի) դատարկ ընթացքով տեղափոխում: Վերհան կայանքի ստուգման արդյունքները մեքենավարը պարտավոր է գրանցել հերթափոխի ընդունման-հանձնման գրանցամատյանում:

321. Վերհան կայանքի սրահում, բացի աշխատանքային էլեկտրական լուսավորությունից, պետք է լինի նաև վթարային լուսավորություն` հանքի ընդհանուր էլեկտրացանցից:

322. Գործարկումից առաջ և հետագայում, յուրաքանչյուր տարին մեկ անգամ, մասնագիտացված կազմակերպության կողմից հանքի մեխանիկական և էներգետիկ ծառայության մասնագետների մասնակցությամբ պետք է կատարվեն վերհան կայանքների վերստուգում և կարգաբերում:

323. Ավտոմատացված համակարգերով վերհան կայանքների էլեկտրական մասը և սարքերը ենթակա են վերստուգման և կարգաբերման 6 ամիսը մեկ անգամ: Նոր շահագործման հանձնված վերհան կայանքների արգելակման սարքավորումների և լիսեռների վերստուգման ժամանակ անհրաժեշտ է կատարել դրանց արատանշում (դեֆեկտոսկոպիա): Հետագայում արատանշումը պետք է կատարվի պարբերաբար` 3 տարին մեկ անգամ:

324. Վերստուգման և կարգաբերման աշխատանքների կատարման հետ միաժամանակ պետք է կատարվի վերհան կայանքի տեղադրման մարկշեյդերական ստուգում, ինչպես նաև մաշվածության լրիվ ստուգում և կազմվի համապատասխան ակտ:

325. Վերհան կայանքի վերստուգումից և կարգաբերումից հետո պարտադիր կարգով պետք է կատարվի դրա ստուգիչ փորձարկում: Փորձարկումից հետո կազմվում է համապատասխան ակտ, որը հաստատվում է հանքի ղեկավարության կողմից:

326. Յուրաքանչյուր վերհան կայանքում պետք է պահվեն հետևյալ փաստաթղթերը`

1) վերհան մեքենայի, ռեդուկտորի, պարաշյուտային սարքերի տեխնիկական անձնագրերը.

2) արգելակման սարքավորման մանրամասն սխեման` հիմնական չափերի նշումով.

3) սկզբունքային (կատարողական) էլեկտրական սխեմաները.

4) պարաշյուտային սարքերի սխեման.

5) հրահանգ վերհան` կայանքի մեքենավարի համար.

6) կազմակերպության կնիքով կնքված և կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված հետևյալ գրանցամատյանները. «Գրանցամատյան վերհան կայանքի զննման արդյունքների», «Գրանցամատյան վերհան ճոպանների զննման արդյունքների», «Գրանցամատյան վերհան կայանքի մեքենավարի հերթափոխի ընդունման-հանձնման մասին».

7) վերհան կայանքի աշխատանքի ժամանակացույցը (գրաֆիկը)` հաստատված հանքի կազմակերպության ղեկավարի կողմից.

8) վերհան կայանքի տեխնիկական զննման և վերանորոգման ռեգլամենտային քարտերը:

 

9. ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐ

 

1. ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

327. Օգտակար հանածոների ստորերկրյա եղանակով մշակվող հանքավայրերի օբյեկտների էլեկտրատեղակայանքների (էլեկտրասարքավորումներ, էլեկտրամատակարարման ցանցեր) շահագործումը պետք է կատարվի սույն Կանոնի, ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1933-Ն և ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1939-Ն որոշումներով հաստատված պահանջներին համապատասխան:

328. Յուրաքանչյուր հանքում պետք է լինի էլեկտրամատակարարման սխեման` տեղադրված լեռնային աշխատանքների զարգացման պլանի վրա: Սխեմայի վրա պետք է ցույց տրվեն ուժային և էլեկտրաքարշուժային ցանցերը, էլեկտրասարքավորումների տեղադրման վայրը, հոսանքի տեսակը, մալուխների երկարությունը, կտրվածքը, յուրաքանչյուր տեղակայանքի լարումն ու հզորությունը, բոլոր հողանցումների տեղադրման վայրը, պաշտպանիչ և փոխարկման (կոմմուտացիա) սարքերի տեղաբաշխվածությունը, մաքսիմալ ռելեների հոսանքների նախադրվածքը և ապահովիչների հալվող ներդիրների նոմինալ հոսանքն ուժային և լուսավորության ցանցի ապարատներում, ինչպես նաև պաշտպանվող հիմնական գծի կամ ճյուղավորման առավել հեռու կետերում կարճ միացման հոսանքները: Շահագործման ընթացքում էլեկտրամատակարարման սխեմայում փոփոխություններ առաջանալու դեպքում դրանք պետք է անմիջապես արտացոլվեն սխեմայի վրա:

329. Էլեկտրատեղակայանքների և էլեկտրացանցերի անվտանգ սպասարկման համար կազմակերպության ղեկավարի հրամանով պետք է նշանակվեն տեխնիկական պատասխանատու անձինք` յուրաքանչյուրի պարտականությունների սահմանմամբ:

330. Էլեկտրատեղակայանքների սպասարկման ժամանակ պետք է կիրառվեն էլեկտրապաշտպանիչ միջոցներ (դիէլեկտրիկ ձեռնոցներ, բոտիներ, մեկուսիչ գորգեր, մեկուսիչ մետաղաձողեր, փոխադրովի հողանցումներ և այլն) և անհատական պաշտպանման միջոցներ (պաշտպանիչ ակնոցներ, էլեկտրոմոնտյորի գոտի և այլն): Պաշտպանիչ միջոցները պետք է պարտադիր կարգով, պարբերաբար ենթարկվեն էլեկտրական փորձարկման: Պաշտպանիչ միջոցների օգտագործումից առաջ, ամեն անգամ, պետք է ստուգվեն դրանց սարքինությունը, արտաքին վնասվածքների բացակայությունը, կեղտոտվածությունը, պիտանելիության ժամկետը: Ժամկետանց պաշտպանիչ միջոցներից օգտագործումն արգելվում է:

331. Կազմակերպության բոլոր աշխատողները պետք է ուսուցանվեն էլեկտրահարումից և այլ վնասվածքային գործոններից տուժած մարդկանց ազատելու, նրանց առաջին օգնությունը ցույց տալու եղանակների իմացության հարցերով` համաձայն կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված ուսումնամեթոդական ծրագրերի:

332. Ապահովիչների հալվող ներդիրները պետք է լինեն տրամաչափված արտադրող գործարանի կամ էլեկտրալաբորատորիայի կողմից` նոմինալ հոսանքի ներդիրի դրոշմի վրա նշումով: Արգելվում է առանց տրամաչափման և առանց փամփուշտ-ապահովիչների հալվող ներդիրների կիրառումը:

333. Արգելվում է հանքերում տրանսֆորմատորների խուլ հողանցված չեզոք կետով ցանցերի կիրառումը` բացառությամբ այն հատուկ տրանսֆորմատորներից, որոնք օգտագործվում են միայն էլեկտրաքարշային բացատարման հպման ցանցերի փոխակերպիչ սարքավորումների սնման համար:

334. Մարդկանց էլեկտրական հոսանքից վնասվելուց պաշտպանելու համար պետք է կիրառվեն պաշտպանիչ հողանցումներ, իսկ ստորերկրյա էլեկտրատեղակայանքներում մինչև 1140 Վ լարման դեպքում` նաև վնասված ցանցից ավտոմատ անջատման պաշտպանիչ ապարատներ: 380 Վ, 660 Վ լարումով վնասված ցանցի և հպակային ցանցերի անջատման տևողությունը չպետք է գերազանցի 0,2 վրկ-ը, իսկ 1140 Վ լարման դեպքում` 0,12 վրկ:

335. Էլեկտրակայանքների հողանցումն իրականացվում է հատուկ սարքերով` բաղկացած հողանցիչներից և հողանցող հաղորդիչներից: Հողանցիչները բաժանվում են գլխավորների և տեղականների: Հանքում պետք է լինի ոչ պակաս, քան երկու գլխավոր հողանցիչ (հիմնական և պահուստային)` տեղադրված հորատակի մեջ, միացված մերձհանքահորային էլեկտրամեքենայական խցերին և ստորերկրյա կենտրոնական ենթակայանին: Հողանցիչ հաղորդաշղթան պատրաստվում է 100 մմ2 -ից ոչ պակաս կտրվածքով մետաղաճոպանից:

336. Տեղական հողանցիչները տեղադրվում են յուրաքանչյուր`

1) բաշխիչ և տրանսֆորմատորային ենթակայաններում.

2) անշարժ և շարժական բաշխիչ կայանների մոտ.

3) անհատական տեղակայված անջատիչի կամ բաշխիչ սարքվածքի մոտ.

4) մալուխային օղագոտու մոտ.

5) առանձին տեղակայված մեքենայի մոտ: Թույլատրվում է նաև հողանցվող մի խումբ օբյեկտների համար տեղադրել մեկ ընդհանուր հողանցիչ:

337. Հողանցիչն ամրացվում է հաղորդիչներին 50 մմ2 կամ 25 մմ2 կտրվածքով մետաղաճոպանով` պատրաստված պողպատից կամ պղնձից: Տեղական և գլխավոր հողանցիչներն ամրակցող հաղորդիչները նախատեսվում է պատրաստել պողպատե զրահից, կապարից և այլ նյութերից:

338. Սարքի հողանցման ընդհանուր անցողիկ դիմադրությունը չպետք է գերազանցի 2 Օմ-ը: Հողանցիչների զննումների և չափումների արդյունքները գրանցվում են հանքի կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված գրանցամատյանում:

339. Հանքի էլեկտրատեղակայանքների վրա աշխատող անձինք յուրաքանչյուր հերթափոխում, պարտադիր կարգով, պետք է կատարեն հողանցումների արտաքին զննում: Հողանցիչ կայանքում անսարքություն բացահայտելու դեպքում պետք է այն անմիջապես անջատվի` մինչև սարքին վիճակի հասցնելը: Հանքում ոչ պակաս, քան երեք ամիսը մեկ անգամ, պետք է կատարվեն բոլոր հողանցման սարքերի զննում և հողանցող ցանցի ընդհանուր դիմադրության չափում: Հողանցման դիմադրությունը պետք է չափվի նաև դրանց նոր հավաքակցման կամ տեղափոխման ժամանակ:

340. Հանքի յուրաքանչյուր գործարկիչ ապարատի վրա պետք է լինի հստակ գրառում, որը պետք է ցույց տա դրան միացվող տեղակայանքը կամ տեղամասն առավելագույն հոսանքի ռելեի նախադրվածքի գործարկման կամ դյուրահալ ապահովիչի նոմինալ հոսանքի մեծությունը:

341. Արգելվում է`

1) 1140 Վ և ավելի էլեկտրատեղակայանքների օպերատիվ սպասարկումն առանց պաշտպանիչ միջոցների կիրառման.

2) էլեկտրասարքավորումների և մալուխների վերանորոգումը, միացումը և անջատումը, եթե դրանք գտնվում են 42 Վ և ավելի լարման տակ.

3) էլեկտրասարքավորումների շահագործումը, եթե անսարք են պայթյունապաշտպանության միջոցները, բլոկավորման, հողանցման համակարգերը, պաշտպանության սարքերը, խախտված է կառավարման սխեման, վնասված են մալուխները.

4) լարման տակ ունենալ չօգտագործվող էլեկտրական ցանցեր` բացառությամբ պահուստայինից.

5) առանց արտադրող գործարանի հետ համաձայնեցման` փոխել էլեկտրասարքավորումների գործարանային կառուցվածքը և սխեման, կառավարման սխեման, ինչպես նաև սարքերի պաշտպանության տրամաչափումը.

6) սարքերից, սարքավորումներից հանել նշանները, գրառումները, կապարակնիքները:

342. Ստորերկրյա հանքի կենտրոնական ենթակայանը, մարդատար, բեռնամարդատար վերհան կայանքները, գլխավոր օդափոխման օդափոխիչները, կաթսայատների ցանցային և սնուցող պոմպերը պետք է ապահովված լինեն երկրի մակերևույթի վրա տեղադրված ենթակայանի որևէ բաժանմունքից սնվող, միմյանց փոխարինող, երկու մալուխային գծերով, իսկ գլխավոր ջրահանման կայանքը պետք է սնվի ստորերկրյա տեղադրված կենտրոնական ենթակայանից:

 

2. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԼԱՐԵՐ

 

343. Էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման համար ստորերկրյա հանքերի փորվածքներում պետք է օգտագործվեն պատյան կամ պաշտպանիչ ծածկույթ ունեցող, այրում չտարածող պղնձե կամ ալյումինե ջղերով մալուխներ`

1) հորիզոնական և թեք` մինչև 450 թեքման անկյունով փորվածքներում` կապարե, պոլիվինիլքլորիդային կամ ալյումինե պատյանով զրահապատված մալուխներ.

2) ուղղաձիգ և թեք` 450-ից բարձր թեքման անկյունով փորվածքներում` սկզբնական անցկացման համար ուժային և հսկողական լարային զրահով կապարե, ալյումինե կամ պոլիվինիլքլորիդային պատյանով ռետինե կամ տոգորված թղթային մեկուսացմամբ մալուխներ.

3) շարժական մեքենաների ու մեխանիզմների, ինչպես նաև մաքրահանման բլոկներում էլեկտրասարքավորումների սնուցման համար 380-660Վ լարումով ցանցերում` ճկուն էկրանացված մալուխներ.

4) տեղամասային շարժական ենթակայանների միացման համար` լարային կամ ժապավենային զրահապատ մալուխներ.

5) գազաանվտանգ հանքերում լուսավորության գծերի համար` զրահապատ կամ պոլիվինիլքլորիդային պատյանով մալուխներ:

344. Արգելվում է ուժային մալուխներ անցկացնել մաքուր օդ մատակարարող, ռելսային փոխադրամիջոցներով սարքավորված թեք հանքահորերով և թեքվածքներով, ինչպես նաև փայտե ամրակապ ունեցող ուղղահայաց հանքահորերով:

345. 450-ից բարձր թեքման անկյունով ուղղաձիգ և թեք փորվածքներով հսկողական շղթաների և կառավարման շղթաների ամրակապման դեպքում պետք է կիրառվեն հսկողական զրահապատ մալուխներ, 450-ից ցածր թեքման անկյունով հորիզոնական և թեք փորվածքներում` ճկուն մալուխներ:

346. Հեռախոսային կապի բոլոր տեսակի գծերի համար պետք է կիրառվեն հանքային հեռախոսային մալուխներ: Գազի և փոշու տեսակետից անվտանգ հանքերի ազդանշանման և կապի համակարգերի համար, որոնք սնվում են 24 Վ-ից ոչ բարձր լարումով, թույլատրվում է օգտագործել մերկ կամ դաշտային հաղորդալարեր:

 

3. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ ԵՎ ԱՊԱՐԱՏՆԵՐ

 

347. Ստորերկրյա հանքի փորվածքներում պետք է կիրառվեն հանքային կատարմամբ էլեկտրական մեքենաներ, ապարատներ, տրանսֆորմատորներ և սարքեր: Գազի և փոշու տեսակետից անվտանգ հանքերի հիմնական չոր փորվածքներում թույլատրվում է կիրառել ոչ հանքային կատարմամբ էլեկտրասարքավորումներ:

348. Ձեռքի էլեկտրական մեքենաների և գործիքների (գայլիկոն, հորատամուրճ, զոդիչ, էլեկտրասղոց) սնուցման համար թույլատրվում է կիրառել 220 Վ-ից ոչ բարձր լարում:

349. Էլեկտրաէներգիայի անշարժ ընդունիչների, շարժական ենթակայանների համար, ինչպես նաև հանքահորերի հորատանցման ժամանակ թույլատրվում է կիրառել 6000 Վ-ից ոչ բարձր լարում:

350. Էլեկտրաէներգիայի շարժական ընդունիչների սնուցման համար (բացառությամբ շարժական ենթակայանները) թույլատրվում է կիրառել 1140 Վ-ից ոչ բարձր լարում:

351. Կառավարման շղթաների սնուցման համար թույլատրվում է`

1) անշարժ մեխանիզմների համար` մինչև 60 Վ լարում.

2) շարժական մեխանիզմների համար` մալուխային հաղորդալարերի դեպքում` 42 Վ-ից ոչ բարձր լարում:

352. Արգելվում է ստորերկրյա փորվածքներում մինչև 1140 Վ լարման դեպքում կիրառել յուղեր և այլ տաք հեղուկներ պարունակող փոխարկման (կոմուտացիայի) և գործարկման ապարատներ:

 

4. ԽՑԵՐ` ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

353. Նոր կառուցվող բոլոր էլեկտրամեքենայական խցերն ու ենթակայանների խցերը, որոնցում մեկ տարուց ավելի ծառայության ժամկետով տեղադրվում են յուղով լցավորված էլեկտրասարքավորումներ, պետք է ամրացվեն չհրկիզվող նյութերով:

354. Բոլոր փորվածքամիացումները և խցերի մուտքերը, ինչպես նաև դրանց հարող լեռնային փորվածքները, խցի երկու կողմից` 5 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա, պետք է ամրացվեն այն նյութով, ինչով ամրացվում է խուցը: Ստորերկրյա կենտրոնական ենթակայանի և գլխավոր ջրահեռացման խցերի հատակների մակարդակը պետք է բարձր լինի հորանամերձ բակի ռելսուղիների գլխիկների նշագծից` բարձր լինի ոչ պակաս` 0,5 մ-ից:

355. Այն խցերում, որտեղ տեղադրված են էլեկտրասարքավորումներ, հրդեհային դռներից բացի, պետք է լինեն նաև վանդակավոր դռներ` փակիչ սարքերով: Եթե խցի դռները մշտական չեն սպասարկվում աշխատողների կողմից, պետք է լինեն փակ վիճակում: Խցի մուտքի մոտ պետք է կախվի ցուցանակ` «Կողմնակի մարդկանց մուտքն արգելվում է» գրառմամբ: Բացի դրանից, խցերի մեջ տեսանելի տեղերում պետք է կախվեն վտանգի նշան պարունակող նախազգուշական միջոցներ:

356. Ենթակայանների 10 մ-ից ավելի երկարությամբ խցերը պետք է ունենան երկու ելք` տեղադրված խցի իրարից համեմատաբար հեռու մասերում:

357. Խցերում ապարատների և մեքենաների միջև դրանց վերանորոգման և տեղափոխման նպատակով պետք է թողնվեն 0.8 մ-ից ոչ պակաս լայնությամբ անցուղիներ: Խցերի պատերի կողմից պետք է թողնվեն հավաքակցման անցատեղեր` 0,5 մ-ից ոչ պակաս լայնությամբ:

358. Մեքենաներից և ապարատներից տրանսֆորմատորների յուղի հոսքը պետք է դադարեցվի անմիջապես, իսկ թափված յուղը հավաքվի: Խցի մուտքի առջև դրա հատակի մակարդակից 100 մմ-ից ոչ պակաս բարձրության վրա պետք է կառուցվի թեքավուն պատվար: Մեքենայական և տրանսֆորմատորային խցերի պատերը ու տանիքը պետք է ներկվեն սպիտակ գույնի ներկով, խցերում չպետք է լինեն կաթոցներ:

 

5. ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐՆԵՐԻ ՄԱԼՈՒԽՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

359. 1140 Վ-ից բարձր լարում ունեցող ստորերկրյա ցանցերում պետք է իրականացվեն գծերի, տրանսֆորմատորների և էլեկտրաշարժիչների պաշտպանություն` կարճ միացումներից և հոսանքակորուստներից:

360. Ստորերկրյա հանքի կենտրոնական ենթակայանը սնուցող գծերում թույլատրվում է կիրառել առավելագույն հոսանքային պաշտպանություն` ժամանակի սահմանափակ պահման և ակնթարթային գործողության անջատիչներով, ինչպես նաև պաշտպանություն հողի վրա կարճ միացումից` ժամանակի` մինչև 0,7 վրկ պահմամբ: Էլեկտրաշարժիչների համար պետք է նախատեսվեն նաև զրոյական պաշտպանություն հոսանքի բեռնվածքից և զրոյական պաշտպանություն:

361. Մինչև 1140 Վ լարման դեպքում պետք է իրականացվի`

1) առավելագույն պաշտպանություն կարճ միացման հոսանքից տրանսֆորմատորների և դրանցից դուրս եկող միացումների համար` ավտոմատ անջատիչների միջոցով.

2) պաշտպանություն կարճ միացման հոսանքից` էլեկտրաշարժիչների և դրանց սնուցող մալուխների համար.

3) պաշտպանություն` հոսանքի բեռնվածքից և գերտաքացումից.

4) զրոյական պաշտպանություն.

5) էլեկտրական ցանցի պաշտպանություն դեպի հող վտանգավոր հոսանքակորուստներից` ներառյալ պաշտպանություն ամբողջ էլեկտրական ցանցին միացված, մեկ կամ զուգահեռ միացումով աշխատող տրասֆորմատորների խմբի համար:

362. Մեկ կամ զուգահեռ աշխատող տրանսֆորմատորներին միացված մալուխների ընդհանուր երկարությունը պետք է սահմանափակվի ունակությամբ հողի նկատմամբ, ոչ ավելի 1 մկ Փ յուրաքանչյուր ֆազի համար:

363. Ռելսային պաշտպանության անջատիչ ապարատների սարքերի ընտրությունը, ավտոմատ անջատիչների կամ մագնիսական գործարկիչների առավելագույն հոսանքի գործարկման մեծությունը, հոսանքի առանձին ընդունիչներում դրված ապահովիչների հալուն ներդիրների անվանական հոսանքը, ինչպես նաև այդ սարքերի գործարկման պարամետրերի հաշվարկը և ստուգումը պետք է կատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1933-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան:

 

6. ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

364. Բոլոր հանքախորշային մեքենաները պետք է էլեկտրական ցանցին միացվեն մագնիսական գործարկիչների կամ հատուկ մագնիսական կայանների (կառավարման կայան) օգնությամբ: Նշված գործարկիչների և մագնիսական կայանների կառավարումը պետք է իրականացվի հեռակառավարման վահանակից` տեղադրված իրեն մեքենայի վրա, կամ դրան մոտ տարածությունում:

365. Հանքախորշային մեքենաների և մեխանիզմների կառավարման սխեմաները պետք է ապահովեն`

1) զրոյական պաշտպանություն.

2) մեքենաների իրանի հողանցման անընդմեջ հսկողություն.

3) ապարատի ինքնակամ միացման պաշտպանություն` արտաքին շղթայից կարճ միացման դեպքում:

366. Վերանորոգման և օժանդակ աշխատանքները կատարելուց առաջ մեքենաների շարժական մասերից պետք է հանվի լարումը, և ձեռնարկվեն միջոցներ մեքենաների հանկարծակի գործարկումը կանխարգելելու համար:

 

7. ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄ` ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՑ ՍՆՎՈՂ ԼԱՄՊԵՐՈՎ

 

367. Ստորերկրյա հանքի բոլոր աշխատանքային տեղերը, ինչպես նաև սանդուղքները, մարդկանց համար անցատեղերը և ավտոտրանսպորտային ուղիները, անկախ սնուցման աղբյուրներից, պետք է ունենան հիմնական և վթարային լուսավորություն: Բոլոր տեղերում թույլատրվում է վթարային լուսավորության համար կիրառել մարտկոցային անհատական լուսավորություն:

368. Ցանցային լամպերով պետք է լուսավորվեն հանքի աշխատանքային գոտիները, ինչպես նաև բոլոր լեռնային փորվածքները, որոնք ծառայում են բեռների փոխադրման և մարդկանց տեղաշարժի համար: Մաքրահանման հանքախորշերը պետք է լուսավորվեն մինչև 36 Վ լարմամբ լամպերով, իսկ խցի բարձրությունը 4 մ-ից ավելի լինելու դեպքում` 127 Վ-ից ոչ բարձր լարմամբ լուսարձակներով:

369. Ստորերկրյա հանքերում պետք է կիրառվեն հանքային կատարմամբ լամպեր: Թույլատրվում է լուսավորության համար կիրառել 24 Վ-ից բարձր լարումով լամպեր` առանց արմատուրայի: Ստորերկրյա լուսավորիչ կայանքների սնուցման համար պետք է ընդունել 127 Վ-ից ոչ բարձր լարում: Անշարժ լյումինեսցենտային լուսավորության համար թույլատրվում է գծային լուսավորում` 220 Վ լարումով:

370. Էլեկտրական ցանցից սնվող լամպերով փորվածքների լուսավորությունը պետք է իրականացվի սույն Կանոնի N 4 աղյուսակում նշված նվազագույն լուսավորության (լկս) նորմերից ոչ պակաս:

 

Աղյուսակ N 4

 

._____________________________________________________________________.

|Ստորերկրյա հանքի օբյեկտները        |Հարթությունը, որում       |Նվազա-|

|                                   |նորմավորվում է            |գույն |

|                                   |լուսավորությունը          |լուսա-|

|                                   |                          |վորու-|

|                                   |                          |թյունը|

|___________________________________|__________________________|______|

|1. Նախապատրաստական հանքախորշեր և   |հատակի վրա` հորիզոնական   |15    |

|մաքրահանման հանքախորշերի           |__________________________|      |

|կեռաշերեփային ուղիներ              |հանքախորշում` ուղղահայաց  |10    |

|___________________________________|__________________________|______|

|2. Հիմնական բացատարման փորվածքներ  |հատակի վրա` հորիզոնական   |5     |

|___________________________________|__________________________|______|

|3. Այլ հիմնական փորվածքներ (օդափո- |հատակի վրա` հորիզոնական   |2     |

|խության հանքիջանցքներ, մարդկանց    |                          |      |

|անցումների համար տեղեր և  այլն)    |                          |      |

|___________________________________|__________________________|______|

|4. Մարդկանց տեղաշարժի համար        |հատակի վրա` հորիզոնական   |3     |

|վերընթաց սանդուղքներով փորվածքներ  |(սանդուղքի աստիճանները)   |      |

|___________________________________|__________________________|______|

|5. Ստորերկրյա էլեկտրաենթակայաններ, |հատակի վրա` հորիզոնական   |75    |

|տրանսֆորմատորային և  մեքենայական   |__________________________|      |

|խցեր                               |ուղղահայաց` ստուգիչ-չափիչ |150   |

|                                   |սարքերի վահանակների       |      |

|                                   |վրա                       |      |

|___________________________________|__________________________|______|

|6. Պայթուցիկ նյութերի պահեստներ    |հատակի վրա` հորիզոնական   |30    |

|___________________________________|__________________________|______|

|7. Ստորերկրյա բուժկետեր            |հորիզոնական` հատակից 0.8 մ|100   |

|                                   |բարձրության վրա           |      |

|___________________________________|__________________________|______|

|8. Հանքահորերի ընդունման հարթակներ |հատակի վրա` հորիզոնական   |15    |

|                                   |__________________________|      |

|                                   |ուղղահայաց` ազդանշանային  |20    |

|                                   |վահանակի վրա              |      |

|___________________________________|__________________________|______|

|9. Մերձհանքահորային շրջիչներ       |հորիզոնական` հատակից 0.8 մ|15    |

|                                   |բարձրության վրա           |      |

._____________________________________________________________________.

 

371. Արգելվում է ստորերկրյա փորվածքներում լամպերի սնուցման համար օգտագործել հանքային կատարմամբ տրանսֆորմատորներ:

 

8. ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊ ԵՎ ԱԶԴԱՐԱՐՈՒՄ

 

372. Ստորերկրյա հանքի բոլոր աշխատանքային գոտիները, ծառայական նշանակությամբ խցերը, վթարների վերացման համար նախատեսված տեղերը պետք է սարքավորվեն երկլարային հեռախոսակապով, որը կունենա անմիջական ելք երկրի մակերևույթի վրա գտնվող համահանքային հեռախոսակայանի (դիսպետչերական կետի) հետ: Ստորերկրյա հանքերում թույլատրվում է օգտագործել նաև ժամանակակից բջջային հեռախոսներ, ռադիոկապի միջոցներ:

373. Ստորերկրյա հանքի հեռախոսային կապի սարքերի սնուցումը պետք է իրականացվի 127Վ-ից ոչ բարձր գծային լարումով` լուսավորության ցանցից կամ մարտկոցային կուտակիչներից: Ազդարարման սարքերի սնուցման համար թույլատրվում է 220 Վ-ից ոչ բարձր լարում` հոսանքակորստից պաշտպանության առկայությամբ: Տրանսպորտային ազդարարման սարքերի սնուցումը թույլատրվում է հպակային ցանցից` 275Վ-ից ոչ բարձր լարումով` հալուն ապահովիչների առկայությամբ: Ստորերկրյա ռադիոկապի և նախազգուշական ազդարարման կապերի սնուցումը պետք է կատարվի 60Վ-ից ոչ բարձր լարումով աղբյուրից:

374. Բոլոր էլեկտրական մեքենաները, սարքերը, տրանսֆորմատորները և մյուս էլեկտրասարքավորումները, դրանց պայթյունավտանգ պատյանները, մալուխները, հողանցումները պետք է պարբերաբար զննվեն`

1) յուրաքանչյուր հերթափոխում` մեքենաների և մեխանիզմների վրա աշխատողների կողմից, ինչպես նաև հերթապահ էլեկտրափականագործների կողմից.

2) շաբաթը մեկ անգամ` հանքի տվյալ տեղամասի տեխնիկական պատասխանատու անձի (տեղամասի մեխանիկ) կողմից.

3) եռամսյակը մեկ անգամ` հանքի ղեկավար տեխնիկական պատասխանատու աշխատողների (մեխանիկ, էլեկտրիկ) կողմից:

375. Ապարատների պաշտպանությունը հոսանքի կորստից պետք է ստուգվի յուրաքանչյուր հերթափոխից առաջ` տեղամասի տեխնիկական պատասխանատու անձի կողմից: Ստուգման արդյունքները պետք է գրանցվեն հատուկ ցուցատախտակների վրա` պաշտպանության սարքերի տեղադրման վայրերում:

376. Հանքային էլեկտրական տեղակայանքների և մալուխների մեկուսիչների նկատմամբ հողի հարաբերական դիմադրությունը 127-1140 Վ նոմինալ լարվածության դեպքում պետք է լինի հետևյալ նորմերից ոչ ցածր`

1) հանույթի և հորատանցման մեքենաների էլեկտրաշարժիչների համար` 0.5 ՄՕմ.

2) այլ մեքենաների էլեկտրաշարժիչների, լուսավորության տրանսֆորմատորների, գործարկման ագրեգատների, ձեռքի գայլիկոնների համար` 1 ՄՕմ.

3) գործարկման և բաշխիչ ապարատների, ցանկացած երկարությամբ մալուխների համար` 1ՄՕմ: Արգելվում է չռետինացված պարաններով ճկուն մալուխների կիրառումը: Բոլոր ապարատների ավտոմատ պաշտպանությունը պետք է ստուգվի մինչև դրանք հանք իջեցնելը: Հետագա ստուգումները պետք է իրականացվեն ոչ պակաս, քան տարին մեկ անգամ:

377. Տրանսֆորմատորային յուղերը, որոնք օգտագործվում են ստորերկրյա փորվածքներում տեղադրված ապարատներում և սարքերում, պետք է ստուգվեն ոչ պակաս, քան 6 ամիսը մեկ անգամ: Յուղերի ֆիզիկաքիմիական հատկությունները պետք է ստուգվեն ոչ պակաս, քան տարին մեկ անգամ:

 

9. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿՈՒՏԱԿԻՉԱՅԻՆ ԼԱՄՊԵՐ

 

378. Արգելվում է մարդկանց իջնել ստորերկրյա հանք, տեղաշարժվել փորվածքներով, ինչպես նաև աշխատանքներ կատարել առանց միացված անհատական կուտակիչային լամպի: Յուրաքանչյուր ստորերկրյա հանքում սարքին վիճակում գտնվող լամպերի քանակը պետք է 10%-ով ավելին լինի հանքի աշխատողների ցուցակային թվից: Ստորերկրյա հանքի աշխատողներին տրված կուտակիչային լամպերը պետք է ապահովեն անընդմեջ նորմալ լուսավորում` 10 ժամից ոչ պակաս տևողությամբ:

379. Լամպերը պետք է տրվեն մաքուր և սարքին վիճակում և հանքի մեխանիկական ծառայության կողմից յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ ստուգվեն լամպերի լիցքավորման կայաններում: Լամպերի ստուգման արդյունքները պետք է ձևակերպվեն ակտով, անսարք լամպերն անմիջապես պետք է հանվեն օգտագործումից:

380. Յուրաքանչյուր հանքին կամ փոքր հանքերի խմբերին կից պետք է տեղադրվեն լամպային տնտեսություններ, որոնցում պետք է նախատեսվեն տեղեր ինքնափրկիչների և շնչադիմակների պահման, ստուգման և տրման համար, ինչպես նաև շինություններ`

1) լամպերի ընդունման, հավաքման, մաքրման և կուտակիչների էլեկտրոլիտների նախապատրաստման ու լցման համար.

2) կուտակիչային լամպերի պահման և տրման համար.

3) կուտակիչների լիցքավորման համար.

4) ուղղիչ ագրեգատների համար.

5) օժանդակ շինություններ (արհեստանոց, պահեստարան և այլն): Լամպային տնտեսությունները պետք է սարքավորվեն այնպես, որպեսզի հնարավոր լինի նաև դրանց ինքնասպասարկումը:

381. Էլեկտրոլիտի լուծույթի նախապատրաստման և դրանք կուտակիչներ լցավորման համար պետք է կիրառվեն հատուկ հարմարանքներ, որոնք կկանխեն էլեկտրոլիտի հոսքը և ցայտումները: Էլեկտրոլիտ պատրաստող աշխատողներին պետք է տրվեն պաշտպանիչ ակնոցներ, ռետինե ձեռնոցներ և գոգնոցներ: Շինությունում պետք է պահվեն չեզոքացնող լուծույթներ և փոշիներ` մարդկանց մարմինն էլեկտրոլիտով այրվելու դեպքում օգտագործելու համար:

382. Լամպային տնտեսության բոլոր սենյակները պետք է պահվեն մաքուր վիճակում և ունենան ներծծիչ-արտածծիչ օդափոխություն` ինչպես ընդհանուր, այնպես էլ տեղական: Սեղանները, որոնց վրա կատարում են լամպերի քանդում, մաքրում և լցավորում, նույնպես պետք է ունենան օդափոխություն:

383. Արգելվում է լամպային տնտեսության շինություններում ծխել, ունենալ ծխելու պարագաներ և օգտվել բաց կրակից:

384. Լամպային տնտեսությունում պետք է լինեն կրակմարիչներ, չոր ավազով լցված արկղեր: Տնտեսության բոլոր սենյակները միմյանցից պետք է բաժանվեն չհրկիզվող պատերով և իրար հետ կապվեն դռներով:

 

10. ՀԱՆՔԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ ԵՎ ՀՐԴԵՀԱՇԻՋՈՒՄԸ

 

385. Կառուցման, շահագործման և վերակառուցման մեջ գտնվող բոլոր ստորերկրյա հանքերում պետք է իրագործվեն հրդեհային անվտանգության միջոցառումներ` ուղղված հրդեհների առաջացման կանխարգելմանը, ինչպես նաև տեղայնացմանը և վերացմանը: Արգելվում է շահագործման ընդունել նոր հանքեր, հորիզոններ, տեղամասեր, բլոկներ, որոնցում սահմանված չափով չեն նախատեսված հրդեհային անվտանգության պահանջները: Հրդեհային անվտանգության միջոցառումները պետք է արտացոլվեն նոր կամ վերակառուցվող հանքերի նախագծի մեջ, գործող և նախապատրաստվող հորիզոններում, լեռնային աշխատանքների զարգացման պլաններում:

386. Բոլոր բարձրակները և թարմ օդ մատակարարող հանքահորերի, հետախուզահորերի, և հանքուղիների վերհանային շինությունները պետք է կառուցվեն չհրկիզվող նյութերից: Չհրկիզվող նյութերով պետք է ամրապնդվեն`

1) բոլոր ուղղաձիգ և թեք հանքահորերի, հանքուղիների, ինչպես նաև հետախուզահորերի հորաբերանները` երկրի մակերևույթից 10 մ-ից ոչ պակաս երկարությամբ.

2) ուղղաձիգ և թեք հանքահորերի, հանքուղիների, հետախուզահորերի կցորդամասերը` հորիզոնների փորվածքներով և հորանամերձ բակերով փոխհատվող փորվածքի մերձակա պատի ամեն կողմից 10 մ-ից ոչ պակաս երկարությամբ.

3) հիմնական թեքությունների հորաբերանները, բացատարման և օդափոխության հանքամիջանցքների անցարանները, կցորդամասերը` փոխհատվող փորվածքի մերձակա պատի ամեն կողմից 10 մ-ից ոչ պակաս երկարությամբ.

4) գլխավոր և օժանդակ օդափոխության կայանքների շինությունների օդափոխության անցուղիները, ինչպես նաև բոլոր օդաջեռուցիչների (կալորիֆեր) անցուղիները` 10 մ երկարությամբ:

387. Ստորերկրյա հանքի օդամղիչ հորանների, հետախուզահորերի հորաբերանները պետք է ունենան մետաղե կափույրներ, իսկ հանքուղիները` մետաղե դռներ: Կափույրները պետք է գործարկվեն երկու տեղերից` անմիջապես բարձրակից և վերհանքային շինության արտաքին մասից:

388. Արգելվում է ծխել հանքում, վերհանքային շինություններում և սենյակներում, էլեկտրամեքենաշինական խցերում, էլեկտրատեղակայանքներում:

389. Արգելվում է ցանկացած տեսակի վառելիքի, ինքնաբռնկվող ապարների և նյութերի համար տեղակայել պահեստներ` վերհանքային շինություններից մինչև 100 մ հեռավորության վրա:

390. Հակահրդեհային նյութերի, սարքավորումների և հարմարանքների պահման համար պետք է կազմակերպվեն`

1) պահեստներ` տեղադրված վերհանքային շինություններից և հանքուղու բերանից մինչև 100մ հեռավորության վրա` կապված վերջիններիս հետ երկաթուղով կամ ավտոճանապարհներով.

2) ստորերկրյա պահեստներ` տեղադրված յուրաքանչյուր գործող հորիզոնում համալրված հակահրդեհային միջոցներով, նյութերով, գործիքներով և գույքով: Վթարների վերացման համար պահեստներից ծախսված հակահրդեհային նյութերը և միջոցները պետք է լրացվեն մեկ օրվա ընթացքում:

391. Հանքերում` գազավորված մթնոլորտում, հրդեհաշիջման աշխատանքները պետք է կատարեն միայն լեռնափրկարար ծառայությունների աշխատողները: Հրդեհների վերացմանը` լեռնափրկարարների հսկողությամբ կարող են մասնակցել նաև հանքի և հակահրդեհային ծառայության աշխատողները` ունենալով մեկուսիչ ինքնափրկարարական միջոցներ:

 

--------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.07.2022
N 1049-Ն
Որոշում