Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 օգոստոսի 2022 թվականի N 1296-Լ

 

ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գործազուրկների զբաղվածության ապահովման ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ.

2) մինչև 2023 թվականի փետրվարի 15-ն իրականացնել ծրագրի իրականացման միջանկյալ գնահատում` ծրագրի հետագա իրականացման նպատակահարմարության որոշման նպատակով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. օգոստոսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի օգոստոսի 18-ի

N 1296-Լ որոշման

 

ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 

ԳԼՈՒԽ 1. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Ծրագրի նպատակն է մեծացնել գործազուրկի աշխատանքի տեղավորման հնարավորությունները և նպաստել նրա ընտանիքի աղքատության հաղթահարմանը:

2. Ծրագրի մասին տեղեկատվությունն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` ծառայություն) պաշտոնական (https://socservice.am) կայքէջում: Ծառայության տարածքային կենտրոնը (այսուհետ` տարածքային կենտրոն) տեղեկատվությունը տեղադրում է տարածքային կենտրոնի գտնվելու վայրում` տեսանելի տեղում, ինչպես նաև տարածում զանգվածային լրատվության միջոցների և հնարավոր այլ իրազեկման աղբյուրների միջոցով:

3. Ծրագրի շրջանակներում գործատու է համարվում այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, որը չի հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին, մինչև սույն ծրագրի համար դիմում ներկայացնելը գործել է առնվազն երկու տարի անընդմեջ, վերջին երեք ամսվա ընթացքում անընդհատ ունեցել է առնվազն 10 վարձու աշխատող, և նրա կողմից հաշվարկված եկամուտների փաստացի ֆոնդը նշված ժամանակահատվածում չի նվազել, կամ նվազումը կազմել է ոչ ավելի, քան 5 տոկոս:

4. Ծրագրի շրջանակում միանվագ փոխհատուցում է տրամադրվում այն գործատուին, որն առնվազն մեկ տարի, իսկ սեզոնային աշխատանքի դեպքում` գումարային 12 ամիս (յուրաքանչյուր տարի 8 ամսից ոչ ավելի) ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքում գործազուրկի հետ, ընդ որում` աշխատանքային պայմանագիրը չի կարող կնքվել ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով: Գործատուն նպաստառու գործազուրկի հետ սեզոնային աշխատանքով ապահովելու դեպքում կարող է կնքել նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիր մինչև 8 ամիս տևողությամբ:

5. Ծրագրի շրջանակներում գործատուին վճարվում է միանվագ փոխհատուցում`

1) տարածքային կենտրոնում հաշվառված և վերջին երեք ամսվա ընթացքում անընդմեջ գործազուրկի կարգավիճակ ունեցող` 35 տարեկանից բարձր տարիքի յուրաքանչյուր գործազուրկի աշխատանքի տեղավորման դեպքում` 250 000 դրամի չափով.

2) յուրաքանչյուր նպաստառու գործազուրկի աշխատանքի տեղավորման դեպքում` 350 000 դրամի չափով, ընդ որում` նպաստառու գործազուրկին սեզոնային աշխատանքով ապահովելու դեպքում` միանվագ փոխհատուցման չափը որոշվում է աշխատանքային պայմանագրի ժամկետին համապատասխան, այսինքն` 350000/12 *n, որտեղ n-ը` աշխատանքային պայմանագրով նախատեսված ամիսների թիվն է:

 

ԳԼՈՒԽ 2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

6. Ծրագրի շրջանակներում փոխհատուցում ստանալու նպատակով գործատուն ծառայության պաշտոնական կայքէջի միջոցով լրացնում է առցանց դիմում` կցելով համապատասխան աշխատանքային պայմանագիրը և մուտքագրում աշխատանքի ընդունվող անձի հանրային ծառայության համարանիշը: Գործատուի դիմումն ընդունվում է համակարգի կողմից միայն այն դեպքում, երբ հաստատվում է, որ աշխատանքի ընդունվող անձը գործազուրկ է (նպաստառու գործազուրկ է) և համապատասխանում է սույն ծրագրի 4-րդ կետով նախատեսված չափանիշներին:

7. Գործատուի էլեկտրոնային դիմումն ընդունվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնի, գործատուի և գործազուրկի միջև կնքվում է միանվագ փոխհատուցում տրամադրելու մասին պայմանագիր, որի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը (այսուհետ` նախարար):

8. Ծառայությունը միանվագ փոխհատուցումը տրամադրում է գործատուին` նրա բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով:

9. Միանվագ փոխհատուցումը տրամադրվում է գործատուին սույն ծրագրի 4-րդ կետով սահմանված ժամկետներում աշխատանքային հարաբերությունները պահպանելու դեպքում` նշված ժամկետների ավարտից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

10. Տարածքային կենտրոնը եռամսյակը մեկ անգամ իրականացնում է գործազուրկների զբաղվածության ապահովման ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգ` նախարարի կողմից սահմանված մոնիթորինգի և գնահատման կարգին համապատասխան:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.08.2022
N 1296-Լ
Որոշում