Սեղմել Esc փակելու համար:
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՏԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՏԻԳՐԱՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

Ք. Երևան

    4 օգոստոսի 2022 թ.                          ԲԴԽ-61-Ո-Կ-12

 

ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՏԻԳՐԱՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ` ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

նախագահությամբ`

Բարձրագույն դատական խորհրդի

    նախագահի պաշտոնակատար                       Ս. Չիչոյանի,

մասնակցությամբ`

    անդամներ                                    Գ. Բեքմեզյանի,

                                                Դ. Խաչատուրյանի,

                                                Մ. Մակյանի,

                                                Լ. Մելիքջանյանի,

                                                Ս. Միքայելյանի,

                                                Ա. Մխիթարյանի,

                                                Վ. Քոչարյանի,

 

Դատավորների ընդհանուր ժողովի

էթիկայի և կարգապահական հարցերի

    հանձնաժողովի նախագահ                        Ս. Մարաբյանի,

 

Դատավորների ընդհանուր ժողովի

էթիկայի և կարգապահական հարցերի

    հանձնաժողովի անդամ                          Հ. Հարությունյանի,

 

    քարտուղարությամբ`                           Ա. Շիլաջյանի

 

դռնբաց նիստում, քննության առնելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի` «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2022 թվականի մայիսի 27-ի N-Կ-6/2022 որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,

 

ՊԱՐԶԵՑ.

 

1. Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել թիվ ԵԴ/1151/06/21 դատական գործով փաստաբան Ռուբեն Բաբլոյանի` Վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Տիգրան Սիմոնյանին (այսուհետ նաև` Դատավոր) կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 09.02.2022 թվականին Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին (այսուհետ նաև` Հանձնաժողով) ներկայացրած հաղորդումը:

Հանձնաժողովը 28.03.2022 թվականին N-Կ-5/2022 որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ:

Հանձնաժողովի 27.05.2022 թվականի N-Կ-5/2022 որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ` Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

i

Վարույթ հարուցած մարմինը, վկայակոչելով Սահմանադրության 27-րդ, 61-րդ, 63-րդ հոդվածները, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 6-րդ և 8-րդ հոդվածները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ, 136-րդ, 137-րդ, 288-րդ, 402-րդ հոդվածները, Սահմանադրական դատարանի որոշումները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, մասնավորապես նշել է.

«Հաղորդման, դրան կից ներկայացված փաստաթղթերի, թիվ ԵԴ/1151/06/21 դատական գործի նյութերի և «Դատական համակարգ տվյալների կենտրոն» համակարգչային ծրագրի միջոցով կատարված ուսումնասիրությունից պարզվել է.

1) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Ա. Ալեքսանյանի, քննության առնելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանպորտային հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ քննիչ Ն. Ստեփանյանի կողմից ներկայացված միջնորդությունը` մեղադրյալ Արտուշ Հենրիկի Ղամբարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, 2021 թվականի նոյեմբերի 17-ին կայացված որոշմամբ մերժել է այն: Նշված որոշման դեմ Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Տ. Հակոբյանի կողմից 2021 թվականի նոյեմբերի 29-ին ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը 2021 թվականի դեկտեմբերի 21-ին մակագրվել է Դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանին: Դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանը 2021 թվականի դեկտեմբերի 23-ին կայացված որոշմամբ թիվ ԵԴ/1151/06/21 գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի նոյեմբերի 17-ի որոշման դեմ Երևան քաղաքի դատախազության դատախազ Տ. Հակոբյանի կողմից բերված վերաքննիչ բողոքն ընդունել է վարույթ:

2) Դատարանը, նախագահությամբ դատավոր` Տ. Սիմոնյանի, դռնփակ դատական նիստում, դատական ստուգման ենթարկելով թիվ ԵԴ/1151/06/21 գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2021 թվականի նոյեմբերի 17-ի` կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը քննության առնելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, 2022 թվականի հունվարի 13-ին կայացված որոշմամբ ՀՀ Երևան քաղաքի դատախազության դատախազ Տիգրան Հակոբյանի վերաքննիչ բողոքը բավարարել է, բեկանել և փոփոխել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2021 թվականի նոյեմբերի 17-ի թիվ ԵԴ/1151/06/21 գործով որոշումը, բավարարել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ն. Ստեփանյանի միջնորդությունը և թիվ 60105121 քրեական գործով մեղադրյալ Արտուշ Հենրիկի Ղամբարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը 2 (երկու) ամիս ժամկետով:

3) Միևնույն ժամանակ, Դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի թիվ ԵԴ/1151/06/21 դատական գործով 2022 թվականի հունվարի 13-ին կայացված որոշումը Ն. Ստեփանյանը և Ռ. Բալոյանն ստացել են առձեռն` 2022 թվականի փետրվարի 10-ին, նույն օրն այն Դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի ԴԴ-8-Ե-4644/22 գրությամբ ուղարկվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ պետին` մեղադրյալ Արտուշ Ղամբարյանին հանձնելու համար:

4) Թիվ ԵԴ/1151/06/21 դատական գործով մեղադրյալ Արտուշ Ղամբարյանի պաշտպաններ Ռ. Բալոյանը և Զ. Վարդանյանը Դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանին հասցեագրված 2022 թվականի հունվարի 18-ին, 27-ի և 31-ի դիմումներով պահանջել են անհապաղ տրամադրել թիվ ԵԴ/1151/06/21 քր. գործով 2022 թվականի հունվարի 13-ի Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը:

5) Թիվ ԵԴ/1151/06/21 դատական գործով մեղադրյալ Արտուշ Ղամբարյանի պաշտպաններ Ռ. Բալոյանը և Զ. Վարդանյանը Դատարանի 2022 թվականի հունվարի 13-ի որոշման դեմ 2022 թվականի փետրվարի 15-ին վճռաբեկ բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան, որի ընդունումը Վճռաբեկ դատարանի 2022 թվականի մարտի 28-ի որոշմամբ մերժվել է:

Սույն վարույթի տեսանկյունից էական նշանակություն ունի այն հանգամանքը, որ անձի համար Սահմանադրությամբ և քրեական դատավարության օրենսդրությամբ երաշխավորված է իրեն ազատությունից զրկելու դեպքում անհապաղ դրա պատճառների մասին տեղեկացվելու, ինչպես նաև իրեն ազատությունից զրկելու մասին որոշումը բողոքարկելու իրավունքը, եթե գտնում է, որ այն ապօրինի է: Այդ իրավունքների գործնական իրացումն ապահովելու համար օրենսդիրը սահմանել է, որ խափանման միջոց ընտրելու մասին որոշումը անձին տրվում է անհապաղ, ընդ որում` նաև սահմանել է, որ վերաքննիչ դատարանի որոշումը նրան է հանձնվում եռօրյա ժամկետում: Այլ կերպ ասած` խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին որոշումը մեղադրյալին և նրա պաշտպանին եռօրյա ժամկետում հանձնելը հետապնդում է երկու սկզբունքային նպատակ. մի կողմից այն հնարավորություն է տալիս մեղադրյալին ծանոթանալու այն պատճառների մասին, որոնք հիմք է ընդունել դատարանը նրա նկատմամբ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց ընտրելու մասին որոշում կայացնելիս, մյուս կողմից` այդ դատական ակտի հետ անհամաձայնություն ունենալու դեպքում` բողոքարկելու այն և վերադաս դատարանի կողմից իր նկատմամբ կայացված դատարանի որոշման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգման, ընդհուպ` ազատ արձակման, եթե այն եղել է ապօրինի:

Այլ կերպ ասած` ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ, 287-րդ և 288-րդ հոդվածների համալիր մեկնաբանության` անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելիս դատարանը (այդ թվում` վերաքննիչ ատյանը) շահագրգիռ կողմերին պարտավոր է անհապաղ տրամադրել համապատասխան որոշման օրինակը: Նման դատողության հիմքում ընկած է այն հանգամանքը, որ ազատության սահմանափակման դեպքում յուրաքանչյուր ոք իրավունք ունի իմանալու իր իրավունքների այդպիսի սահմանափակման հիմքում ընկած հիմնավորումներն ու պատճառաբանությունները: Ընդ որում, դատական ակտի պատճառաբանություններին հասանելիությունից է գլխավորապես կախված բողոքարկման իրավունքի իրացման արդյունավետությունը: Այսինքն` կայացված դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու եղանակով անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրացումը կախված է այն հանգամանքից, թե որքանով է բողոքարկվող դատական ակտը հասանելի հասցեատիրոջը (շահագրգիռ անձին) և ինչ ողջամիտ ժամկետում նա կարող է հիմնավոր բողոք ներկայացնել իր իրավունքների դատական պաշտպանության համար: Իսկ որոշման բացակայության պայմաններում անձն իր տրամադրության տակ չի ունենում բողոքարկման ենթակա դատական ակտը, և արդյունքում` զրկվում վերադաս ատյաններ օրենքով նախատեսված պահանջներին համապատասխան բողոք կազմելու հնարավորությունից:

Տվյալ դեպքում թիվ ԵԴ/1151/06/21 դատական գործով որոշումը կայացվել է 2022 թվականի հունվարի 13-ին, կայացված որոշման հիման վրա քաղվածք է կազմվել, որը ստացվել է 2022 թվականի հունվարի 14-ին: Մինչդեռ որոշման օրինակը (ամբողջական) կողմերին հասանելի է դարձել միայն 2022 թվականի փետրվարի 10-ին` առձեռն ստանալու միջոցով: Նման պայմաններում կալանավորված անձ Արտուշ Ղամբարյանը և նրա պաշտպաններ Ռ. Բալոյանը և Զ. Վարդանյանը տևական ժամանակ զրկված են եղել խնդրո առարկա դատական ակտի վերաբերյալ իրենց անհամաձայնությունը վերադաս ատյանում բարձրաձայնելու հնարավորությունից: Ընդ որում, որոշման պատճառաբանություններին հասանելիության տևական բացակայությունը, ըստ էության, զրկել է վերջիններին վարույթն իրականացնող մարմնին որոշակի միջնորդություններ (օրինակ` գրավ ընտրելու) ներկայացնելու հնարավորությունից:

Բացի այդ, ուշադրության է արժանի այն փաստը, որ փաստացի Դատարանն անձին կալանավորել է առանց օրենքով սահմանված կարգով կայացված որոշման, այլ կայացված որոշման քաղվածքով, որի մասին որևէ իրավակարգավորում օրենքը չի նախատեսում, այսինքն` նման դատավարական փաստաթուղթ օրենքով գոյություն չունի: Այսինքն` օրենսդիրը որոշման քաղվածքը որպես դատավարական փաստաթուղթ չի նախատեսում, այլ քրեադատավարական օրենսդրության ողջ տրամաբանությունից (առկա են նաև մի շարք Վճռաբեկ դատարանի նախադեպեր) ուղղակիորեն բխում է, որ պետք է լինի որոշում` իր ներածական, նկարագրական-պատճառական և եզրափակիչ մասերով, իսկ որոշման քաղվածքը որևէ իրավական նշանակություն կամ հետևանքներ, ըստ էության, չի կարող ունենալ և/կամ առաջացնել:

Վերոգրյալի հիման վրա Հանձնաժողովը գտնում է, որ քննարկվող դեպքում առկա են ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի, 288-րդ հոդվածի 7-րդ մասի և 402-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների խախտման հատկանիշներ»:

Ներկայացված միջնորդությամբ Հանձնաժողովը գտել է, որ դատավոր Տիգրան Սիմոնյանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք վերջինը կատարել է դիտավորությամբ այնքանով, որքանով իր կողմից 2022 թվականի հունվարի 13-ին կայացված դատական ակտի պահանջը նախ ի կատար է ածվել քաղվածքով, իսկ բուն որոշումը հանձնվել է դատավարության մասնակիցներին միայն 2022 թվականի փետրվարի 10-ին, ընդ որում` երեք անգամ կողմի կողմից դիմում ներկայացնելուց հետո: Նման պայմաններում, թույլ տալով կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարք, դատավոր Տիգրան Սիմոնյանը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը:

 

3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Սույն կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորը բացատրություն և պատասխան չի ներկայացրել ինչպես վարույթ հարուցող մարմնին, այնպես էլ Բարձրագույն դատական խորհրդին:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

1. Հանձնաժողովի 27.05.2022 թվականի N-Կ-5/2022 որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ` Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

2. Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի կողմից 2022 թվականի օգոստոսի 2-ին ներկայացվել է հրաժարականի դիմում:

3. Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 3-ի թիվ ԲԴԽ-75-Ո-243 որոշմամբ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի լիազորությունները 2022 թվականի օգոստոսի 3-ից դադարել են:

 

5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննարկելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը` Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցի քննությունը ենթակա է կարճման` հետևյալ պատճառաբանությամբ.

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհուրդը կարճում է, եթե կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը վերսկսելուց հետո առկա են սույն օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված դատավորի լիազորությունների դադարման հիմքեր:

Նույն օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` Դատավորի լիազորությունները դադարում են, եթե նա հրաժարական է ներկայացնում:

Քննարկվող պարագայում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի կողմից 2022 թվականի օգոստոսի 2-ին ներկայացվել է հրաժարականի դիմում, որի հիման վրա Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 3-ի թիվ ԲԴԽ-75-Ո-243 որոշմամբ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի լիազորությունները 2022 թվականի օգոստոսի 3-ից դադարել են, ուստի Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ առկա է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը կարճելու հիմքը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 147-րդ հոդվածի 6-րդ մասի 5-րդ կետով, 156-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 155-րդ հոդվածով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը կարճել:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

Բարձրագույն դատական խորհրդի

    Նախագահի պաշտոնակատար                  Ս. Չիչոյան    

 

    Անդամներ`                              Գ. Բեքմեզյան

                                           Դ. Խաչատուրյան

                                           Մ. Մակյան

                                           Ս. Միքայելյան

                                           Ա. Մխիթարյան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 15 օգոստոսի 2022 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
04.08.2022
N ԲԴխ-61-Ո-Կ-12
Որոշում