Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ԱՆՁԻՆ ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ Վ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ԱՆՁԻՆ ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԱՆՁԻՆ ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ ՃԱՆԱՉԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                           թիվ ԱՎԴ2/2912/02/19

    Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ2/2912/02/19      2022 թ.

Նախագահող դատավոր` Ս. Թորոսյան

    Դատավորներ`        Ա. Մխիթարյան

                       Գ. Խանդանյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

 

2022 թվականի հունիսի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով Մայրանուշ Երանոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.06.2021 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի Մայրանուշ Երանոսյանի, դատավարության մասնակիցներ` Արարատի մարզի Գեղանիստ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի` Հակոբ Երանոսյանին անգործունակ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Մայրանուշ Երանոսյանը պահանջել է Հակոբ Երանոսյանին ճանաչել անգործունակ:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ե. Քոչարյան) (այսուհետ` Դատարան) 17.08.2020 թվականի վճռով դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.06.2021 թվականի որոշմամբ Մայրանուշ Երանոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.08.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Վերաքննիչ դատարանի դատավոր Ա. Մխիթարյանը ներկայացրել է հատուկ կարծիք:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մայրանուշ Երանոսյանը (ներկայացուցիչ` Լիլիթ Սահակյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ, 60-րդ, 66-րդ, 67-րդ հոդվածները, 251-րդ հոդվածի 1-ին մասը, 252-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը և Վերաքննիչ դատարանը պատշաճ չեն գնահատել գործում եղած բոլոր ապացույցները, յուրաքանչյուր ապացույց չեն գնահատվել փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից: Դատարանները հաշվի չեն առել դիմումատուի կողմից ներկայացված բժշկական փաստաթղթերը, պատշաճ չեն ուսումնասիրել դրանց բովանդակությունը, ավելին` չի նշանակվել դատահոգեբուժական փորձաքննություն դիմումի ելքով շահագրգիռ անձի հոգեկան առողջության վերաբերյալ հարցերի պարզաբանման համար: Այնինչ, առկա ախտորոշումները և դիմումի ելքով շահագրգիռ անձի վիճակն առնվազն պետք է հուշեին Դատարանին, որ ախտորոշման բնույթը և հետևանքներն անձի ֆիզիկական և հոգեկան առողջության տեսանկյունից գնահատելու համար անհրաժեշտ է մասնագիտական գիտելիքների առկայություն, այն է` փորձագետի եզրակացություն:

Հակոբ Երանոսյանի առողջական վիճակին վերաբերող ներկայացված ապացույցները փաստում են այն մասին, որ վերջինիս ստացած վնասվածքները կապված են գլխուղեղի հետ, և ակնհայտ է, որ որպես հետևանք` կարող են ինչպես մտավոր, այնպես էլ հոգեկան առողջության խաթարման պատճառ դառնալ: ՈՒստի, Դատարանի համար այդպիսի վնասվածքները հիմնավոր կասկած և հիմք պետք է հանդիսանային գործով փորձաքննություն նշանակելու համար: Մինչդեռ Դատարանը, դատահոգեբուժական փորձաքննություն չնշանակելով, զրկել է դիմումատուին իր դիմումի հիմքում դրված փաստն ապացուցելու` անձին անգործունակ ճանաչելու հիմքը պարզելու համար միակ թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույց ներկայացնելուց, ինչն էլ անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 18.06.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Ծննդյան ակտի գրանցման վերաբերյալ ՔԿԱԳ Էրեբունի և Նուբարաշեն տարածքային բաժնի պետի պաշտոնակատարի կողմից 28.11.2019 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Հակոբ Երանոսյանը ծնվել է 01.02.1990 թվականին, որի մասին ծննդյան վերաբերյալ ակտերի գրանցման գրքում կատարվել է թիվ 10 գրանցումը, «Ծնողները» սյունակում հայրը նշված է` մոր հայտարարության հիման վրա` Մարտիկ Երանոսյան, մայրը` Մայրանուշ Սոսի Երանոսյան (հատոր 1-ին, գ.թ. 9):

2. «Էրեբունի» բժշկական կենտրոնի կողմից 22.11.2019 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Հակոբ Երանոսյանը գտնվում է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, կարգավիճակը` ստացիոնար, ախտորոշում` պոլիտրավմա, կոմատոզ վիճակ: Հիվանդն ընդունվել է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք 21.04.2019 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 10):

3. «Էրեբունի» բժշկական կենտրոնի կողմից 06.11.2019 թվականին տրված թիվ 023736/2326/411 ընթացիկ էպիկրիզի համաձայն` Հակոբ Երանոսյանը գտնվել է ստացիոնար բուժման կլինիկական հիվանդանոցի «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում 22.04.2019 թվականից: Ախտորոշում` զուգակցված ծանր բաց թափանցող գանգուղեղային վնասվածք, գանգի թաղի, հիմի և դիմային գանգի բազմաթիվ բազմաբեկոր կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ ծանր աստիճանի ծանրության` կոնտուզիոն հեմոռագիկ օջախների առաջացումով, ուղեղի ցողունի առաջնակի ախտահարումով և կոնտուզիոն հեմոռագիկ օջախի առաջացումով, սուբարախնոիդալ արյունազեղում, պնևմոցեֆալիա, գլխուղեղի այտուց: Աջ նախաբազկի զույգ ոսկրերի դիստալ մետաէպիֆիզների բաց կոտրվածք տեղաշարժով (հատոր 1-ին, գ.թ. 11):

4. Արարատի մարզի Գեղանիստ համայնքի ղեկավարի կողմից 06.11.2019 թվականին տրված N 057 տեղեկանքի համաձայն` Մայրանուշ Երանոսյանը բնակվում է Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 1-ին փողոցի թիվ 13 հասցեում: Ընտանիքի անդամները` Թովմասյան Մարտիկ Հակոբի` ամուսինը, Երանոսյան Հակոբ Մարտիկի` տղան, Երանոսյան Վիկտորյա Մարտիկի` աղջիկը (հատոր 1-ին, գ.թ. 12):

5. «Էրեբունի» բժշկական կենտրոնի կողմից 28.07.2020 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Հակոբ Երանոսյանը գտնվում է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, կարգավիճակը` ստացիոնար, ախտորոշում` պոլիտրավմա: Հիվանդն ընդունվել է անգիտակից վիճակում 07.02.2020 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 44):

6. «Էրեբունի» բժշկական կենտրոնի կողմից 21.05.2020 թվականին տրված թիվ 023736/2326/411 էպիկրիզի համաձայն` Հակոբ Երանոսյանը գտնվել է ստացիոնար բուժման կլինիկական հիվանդանոցի Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում 22.04.2019 թվականից մինչև այսօր` 21.05.2020 թվականը: Ախտորոշում` զուգակցված ծանր բաց թափանցող գանգուղեղային վնասվածք, գանգի թաղի, հիմի և դիմային գանգի բազմաթիվ կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ ծանր աստիճանի ծանրության` կոնտուզիոն հեմոռագիկ օջախների առաջացումով, ուղեղի ցողունի առաջնակի ախտահարումով և կոնտուզիոն հեմոռագիկ օջախի առաջացումով, սուբարախնոիդալ արյունազեղում, պնևմոցեֆալիա, գլխուղեղի այտուց: Աջ նախաբազկի զույգ ոսկրերի դիստալ մետաէպիֆիզների բաց կոտրվածք տեղաշարժով: Պոչուկի շրջանի պառկելախոց II-III0: Հետվիրահատական վիճակ գանգուղեղային վերքի վիրաբուժական մշակումից, ԱՎՄ զարկերակի կապից և աջ նախաբազկի մ.օ.ս.-ից հետո, ԹԱՇ-ից հետո (հատոր 1-ին, գ.թ. 45)::

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կիրառած դատավարական իրավունքի նորմի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք անձին անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործերով անձին անգործունակ ճանաչելու հիմքերի առկայությունը պարզելու նպատակով դատարանը պարտավոր է նշանակել դատահոգեբուժական փորձաքննություն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն` ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փաստերը, որոնք, օրենքի կամ նորմատիվ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի համաձայն` ապացույցի տեսակներն են` (...) փորձագետի եզրակացությունը, (...):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փորձագետի եզրակացությունը գործի քննության ընթացքում գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ որևէ այլ բնագավառում հատուկ գիտելիքների օգտագործում պահանջող հարցերի բացահայտման և պարզաբանման նպատակով ձեռք բերված գրավոր փաստաթուղթն է, որը տրվում է փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ առաջադրված հարցերին պատասխանելու միջոցով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը կարող է փորձաքննություն նշանակել գործին մասնակցող անձի միջնորդությամբ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` իր նախաձեռնությամբ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` օրենքով նախատեսված դեպքերում իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելիս փորձագետին հարցեր առաջադրելու իրավունք ունի նաև առաջին ատյանի դատարանը:

Վերոգրյալի իրավանորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փորձագետի եզրակացությունն ապացույցի տեսակ է, որը ձեռք է բերվում գործի քննության ընթացքում գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ որևէ այլ բնագավառում հատուկ գիտելիքների օգտագործում պահանջող հարցերի բացահայտման և պարզաբանման նպատակով: Առաջին ատյանի դատարանը, որպես ընդհանուր կանոն, կարող է փորձաքննություն նշանակել գործին մասնակցող անձի միջնորդությամբ, իսկ իր նախաձեռնությամբ միայն բացառիկ` օրենքով նախատեսված դեպքերում:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու իրավունակությունը և գործունակությունը չեն կարող սահմանափակվել այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին, որը հոգեկան խանգարման հետևանքով չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, կարող է դատարանով անգործունակ ճանաչվել` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Նրա նկատմամբ սահմանվում է խնամակալություն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը քաղաքացու հոգեկան խանգարման վերաբերյալ հիմնավոր կասկածների առկայության դեպքում քաղաքացուն անգործունակ ճանաչելու հիմքերի առկայությունը պարզելու նպատակով նշանակում է դատահոգեբուժական փորձաքննություն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացու հոգեկան վիճակի մասին անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար դատարանը պետք է նշանակի դատահոգեբուժական փորձաքննություն, քանի որ քաղաքացուն անգործունակ ճանաչելը հնարավոր է բացառապես բժշկական և իրավական չափանիշների համընկնման դեպքում: Բացահայտելով բժշկական չափանիշի էությունը` հարկ է նշել, որ այն ենթադրում է քաղաքացու «հոգեկան խանգարման» տեսակի որոշում, այն է` քաղաքացու գոյություն ունեցող հոգեկան խանգարումներից մեկի կամ մի քանիսի հայտնաբերում, որոնք ուղղակիորեն բացասաբար են ազդում մարդու սոցիալական բաղադրիչի վրա:

Այսպես, մասնագիտական գրականության մեջ գիտակցությունը բնորոշվում է որպես ճանաչողության բարձրագույն ձև, որն ինտեգրում է իր մեջ հոգեկան ոլորտի բոլոր պրոցեսներն ու ֆունկցիաները: Գիտակցության խանգարման դեպքում տեղի է ունենում իրական աշխարհի ներքին (վերացական) և արտաքին (զգացողական, զգայական) կապերի արտացոլման խախտում: Այդպիսի խանգարումներից է կոման, որը դրսևորվում է գիտակցության լրիվ կորստով(1):

__________________________

1) Տե՛ս Բժշկական հոգեբանություն, ուսումնական ձեռնարկ, խմբ. Խ. Վ. Գասպարյան, էջեր 80-81:

 

Ինչ վերաբերում է իրավական չափանիշին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դրսևորվում է անձի` իր գործողությունների նշանակությունը հասկանալու կամ դրանք ղեկավարելու և այդ գործողությունների հետևանքները կանխատեսելու ունակության կորստով: Իրավական չափանիշի շնորհիվ հնարավոր է որոշել անձի հոգեկան խանգարման խորությունը (ծանրությունը), որն այս կամ այն կերպ ազդում է այդ անձի կողմից քաղաքացիական իրավունքների և պարտականությունների իրականացման թույլատրելիության վրա:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու համար կարևոր հիմք է հանդիսանում դատարանի` քաղաքացու հոգեկան (գիտակցության) խանգարման վերաբերյալ հիմնավոր կասկածների և անձի հոգեկան (գիտակցության) խանգարման մասին բավարար տվյալների առկայությունը: ՈՒստի անձի հոգեկան (գիտակցության) խանգարման վերաբերյալ հարցը քննելիս դատարանի մոտ առաջացած հիմնավոր կասկածի բավարարման կամ հերքման համար պետք է դատարանի կողմից ձեռնարկվեն բավարար միջոցներ, որոնց վերջնարդյունքում կփարատվեն կամ կհերքվեն այդ կասկածները:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված «հիմնավոր կասկած» եզրույթի բացահայտմանը, արձանագրում է հետևյալը.

Այսպես, Հրաչյա Աճառյանի «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում» «հիմնավոր» բառի իմաստային բացատրությունը տրվում է որպես «ամուր հիմք ունեցող», իսկ «կասկած» բառի բացատրությունը` որպես «երկմտության վիճակ, տարակուսանք»:(2)

__________________________

2) Տե՛ս Հ. Աճառյանի «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան», էջ 61, 351:

 

Նախկինում կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, գնահատելով «հիմնավոր կասկած» եզրույթը, մեկնաբանել է այն որպես մտքի վիճակ, որը համոզմունքից տարբերվում է նրանով, որ մտորման առարկան դեռևս միանշանակ չի համարվում: Այսինքն` «հիմնավոր կասկած» եզրույթի ներքո պետք է նկատի ունենալ այնպիսի ծանրակշիռ փաստարկներ, որոնց առկայության պարագայում դատարանի մոտ կձևավորվի ողջամիտ կասկած (տե՛ս, Սոֆիա Խաչատրյանն և Սիրվարդ Խաչատրյանն ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/5599/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը):

Այսպիսով, վերոնշյալից հետևում է, որ օրենսդիրը, քաղաքացուն անգործունակ ճանաչելու և դրանից ծագող իրավական հետևանքների կարևորությամբ պայմանավորված, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսել է հատուկ կառուցակարգ: Այդ կառուցակարգի շրջանակներում օրենսդիրը միաժամանակ նախատեսել է, որ քաղաքացու հոգեկան խանգարման վերաբերյալ դատարանի մոտ առաջացած հիմնավոր կասկածների և անձին անգործունակ ճանաչելու հիմքերի առկայության դեպքում դատարանը պետք է նշանակի դատահոգեբուժական փորձաքննություն: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ծանր գանգուղեղային վնասվածքը, գլխուղեղի ծանր սալջարդը, գիտակցության խանգարումը, մասնավորապես` անձի կոմայի մեջ գտնվելը, բավարար հիմք են, որպեսզի դատարանի մոտ հիմնավոր կասկած առաջանա անձի հոգեկան խանգարման վերաբերյալ, ըստ այդմ` նմանատիպ իրավիճակում դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու իր լիազորությունն իրականացնելու համար:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Մայրանուշ Երանոսյանը, 25.12.2019 թվականին դիմելով Դատարան, հայտնել է, որ ինքը հանդիսանում է դիմումի քննության ելքով շահագրգիռ անձ, Հակոբ Երանոսյանի մայրը, ով տուժել է ավտովթարի հետևանքով և 21.04.2019 թվականից գտնվում է «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում կոմատոզ վիճակում, հետևաբար` հաշվի առնելով վերջինիս անգիտակից վիճակում գտնվելու և իր գործողությունները ղեկավարել չկարողանալու, բացարձակ անօգնական վիճակում և մշտական խնամքի կարիք ունենալու հանգամանքները, պահանջել է 01.02.1990 թվականին ծնված Հակոբ Մարտիկի Երանոսյանին ճանաչել անգործունակ:

Դատարանը 17.08.2020 թվականի վճռով մերժել է Մայրանուշ Երանոսյանի դիմումը` պատճառաբանելով, որ «... դիմումատու Մայրանուշ Սոսի Երանոսյանի կողմից դատարանին չներկայացվեց որևէ ապացույց առ այն, որ Հակոբ Մարտիկի Երանոսյան

(ծնված 01.02.1990 թվականին) մոտ առկա է հոգեկան խանգարում, ինչի հետևանքով նա չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք: Ավելին, վերջինս գործի քննության ընթացքում հայտնեց, որ իր որդին երբևէ հոգեկան խնդիրներ չի ունեցել»:

Վերաքննիչ դատարանը 18.06.2021 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է այն պատճառաբանությամբ, որ «... Դատարանի կողմից դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն առաջանում է միայն այն դեպքում, երբ դատարանի մոտ հիմնավոր կասկածներ են առաջանում քաղաքացու հոգեկան խանգարման վերաբերյալ: Այլ կերպ ասած, դրանք կարող են լինել այն դեպքերը, երբ օրինակ գործով ձեռք բերված ապացույցները իրենց բավարարության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից դատարանի մոտ ներքին համոզմունք չեն ձևավորում տվյալ քաղաքացու անգործունակ ճանաչելու հիմքերի առկայության մեջ և պարզելու համար անձի մոտ իրոք առկա է հոգեկան խանգարում, թե ոչ և դրա հետևանքով իր գործողությունների նշանակությունը հասկանալու և դրանք ղեկավարել չկարողանալու փաստերը, Դատարանն իրավասու է նշանակել դատաբժշկական փորձաքննություն: Մինչդեռ տվյալ պարագայում նման փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունն ի սկզբանե բացակայել է: Վերաքննիչ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է նրանով, որ դիմողն ինքը չի վկայակոչել իր որդու մոտ հոգեկան խանգարման փաստ, ավելին, ներկայացրած ապացույցներով էլ հաստատել է, որ որդու մոտ իր գործողությունների նշանակությունը չհասկանալու փաստն առաջացել է ավտովթարի հետևանքով ստացած վնասվածների արդյունքում»:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Տվյալ դեպքում թե՛ Դատարանը, և թե՛ Վերաքննիչ դատարանը անտեսել են այն հանգամանքը, որ ըստ գործում առկա ապացույցի` «Էրեբունի» բժշկական կենտրոնի կողմից 21.05.2020 թվականին տրված էպիկրիզի, Հակոբ Երանոսյանը գտնվել է ստացիոնար բուժման կլինիկական հիվանդանոցի Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում 22.04.2019 թվականից մինչև 21.05.2020 թվականը: Ախտորոշում` զուգակցված ծանր բաց թափանցող գանգուղեղային վնասվածք, գանգի թաղի, հիմի և դիմային գանգի բազմաթիվ կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ ծանր աստիճանի ծանրության` կոնտուզիոն հեմոռագիկ օջախների առաջացումով, ուղեղի ցողունի առաջնակի ախտահարումով և կոնտուզիոն հեմոռագիկ օջախի առաջացումով, սուբարախնոիդալ արյունազեղում, պնևմոցեֆալիա, գլխուղեղի այտուց: Աջ նախաբազկի զույգ ոսկրերի դիստալ մետաէպիֆիզների բաց կոտրվածք տեղաշարժով: Պոչուկի շրջանի պառկելախոց II-III0: Հետվիրահատական վիճակ գանգուղեղային վերքի վիրաբուժական մշակումից, ԱՎՄ զարկերակի կապից և աջ նախաբազկի մ.օ.ս.-ից հետո, ԹԱՇ-ից հետո:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ բժշկի կողմից տրված` Հակոբ Երանոսյանի առողջությանը վերաբերող տեղեկանքն ինքնին Դատարանի մոտ պետք է առաջացներ քաղաքացու հնարավոր անգործունակություն առաջացնող հիմքերի վերաբերյալ հիմնավոր կասկած և հիմք հանդիսանար դրանց առկայությունը պարզելու նպատակով դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու համար:

i

Մինչդեռ Դատարանը, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքի վերաբերյալ եզրահանգումներ է կատարել` չունենալով դատավարական օրենքով սահմանված կարգով ձեռք բերման ենթակա ապացույցը` համապատասխան դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, ինչով թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, ինչը նաև անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.06.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 18 հունիսի 2022 թվական:

 

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
10.06.2022
N ԱՎԴ2/2912/02/19
Որոշում