Սեղմել Esc փակելու համար:
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ԿԵՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                 Վարչական գործ թիվ ՎԴ/4104/05/18

    դատարանի որոշում                      2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/4104/05/18

Նախագահող դատավոր` Ա. Պողոսյան

Դատավորներ` Կ. Բաղդասարյան

Ա. Սարգսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի մայիսի 24-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի «Ֆաբերլիկ Զակավկազյե» ՍՊ ընկերության (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` Կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության 28.12.2017 թվականի թիվ 1011815 ակտը մասնակի` 3-րդ, 4-րդ կետերի մասով, և Կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի 20.03.2018 թվականի թիվ 17/2 որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.10.2021 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության 28.12.2017 թվականի թիվ 1011815 ակտը և Կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի 20.03.2018 թվականի թիվ 17/2 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 04.03.2020 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.10.2021 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 04.03.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Նիկոլայ Հակոբյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ Արման Մնացականյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել իրավահարաբերության ծագման պահին գործող «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասը, 6-րդ, 25-29-րդ և 124-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետի կիրառման իրավաչափության մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված չեն: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, սովորաբար կիրառվող գին պետք է դիտվի հարկային հաշվում նշված ապրանքի գինը` առանց գնի իջեցման: Այս հետևությունը չի բխում նշված իրավանորմի բովանդակությունից: Իրավահարաբերության ծագման պահին գործող «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետի կիրառման իմաստով համեմատության համար հիմք է հանդիսանում ոչ թե այս կամ այն ապրանքի հայտարարված գինը կամ շուկայական արժեքը, այլ` իրական գործարքի փաստացի արժեքը` հատուցման ենթակա գումարի մեծությունը:

Հարկային մարմնի կողմից հաշվարկներ կատարված լինելու Վերաքննիչ դատարանի հետևությունը, որը համընկնում է Դատարանի հետևությանը, չի հիմնավորվում որևէ ապացույցով, որևէ հաշվարկով: Այդ մասին միայն նշված է ակտում, ինչը, սակայն, հարկային մարմինը չի հիմնավորել գործի քննության ընթացքում:

Վիճարկվող ակտի իրավաչափությունը որոշելիս, բացի «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետի մեկնաբանությունից, կիրառման մեթոդիկայից, անհրաժեշտ էր պարզել նաև, թե ակտը, այդ թվում նաև` առաջադրված հարկային պարտավորությունների չափը, արդյո՞ք բխում է ստուգման ընթացքում հարկային մարմնի կողմից ձեռք բերված ապացույցներից, թե` ոչ:

Գործում առկա ապացույցներով չեն հաստատվում ակտի հիմք հանդիսացող, գործի լուծման համար կարևոր նշանակություն ունեցող վերը նշված հանգամանքները, իսկ եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը: Նշված փաստերի ապացուցման բեռը կրում է վարչական մարմինը, ինչից հետևում է, որ համապատասխան ապացույցների բացակայության պայմաններում ակտն իրավաչափ գնահատվել չէր կարող:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.10.2021 թվականի որոշումը և փոփոխել այն` ամբողջությամբ բավարարել վերաքննիչ բողոքը:

 

2.1. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Կոմիտեի ներկայացրած պատասխանի հիմնավորումները.

Սույն գործով դատական ակտ կայացնելիս դատարանի կողմից պարզվել են գործի քննության ու լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները, վճռում տրվել են իրավական հիմնավորումները, Կոմիտեից պահանջվել են հիմնավորող ապացույցները, հետազոտվել և գնահատվել են գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները, վճիռը կայացվել է ՀՀ գործող օրենսդրության նորմերի հիմնավորումներով:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, վերանայելով դատական ակտը վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում, գործի քննության ժամանակ ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար, որոշում է կայացրել գործի նյութերի, առկա ապացույցների ուսումնասիրության, կիրառվող իրավական նորմերի վերլուծության հիման վրա, անդրադառնալով սույն գործով կայացրած վճռի հիմնավորումների իրավաչափությանը, վերլուծելով բողոքաբերի հիմնավորումներն ու փաստարկները, կայացված որոշմամբ պատճառաբանելով վերաքննիչ բողոքը մերժելու և վճիռն անփոփոխ թողնելու իր համոզմունքը: Հետևաբար, հիմնավոր չէ բողոքաբերի եզրահանգումն առ այն, որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել Դատարանի կողմից թույլ տրված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ, 25-29-րդ և 124-րդ հոդվածների խախտումներին, որոնք հանգեցնում են գործի սխալ լուծմանը և առկա են Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմքերը:

Վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացված հիմնավորումներով Կոմիտեի ներկայացուցիչը խնդրել է Ընկերության վճռաբեկ բողոքը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Կոմիտեի նախագահի 23.01.2017 թվականի թիվ 1011815 հանձնարարագրով հանձնարարվել է Ընկերությունում իրականացնել ՀՀ օրենսդրությամբ հարկային մարմնին վերապահված իրավասության սահմաններում տնտեսվարող սուբյեկտի գործունեության ոլորտում օրենքի և այլ իրավական ակտերի հիման վրա հարկային մարմին ներկայացված հաշվետվությունների, հաշվարկների և այլ փաստաթղթերի արժանահավատությունը պարզելու, ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու նպատակով բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող ՀՀ օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում: Ընկերության տնօրեն Ի. Անդրոպովան ստորագրել և ստացել է Կոմիտեի նախագահի 23.01.2017 թվականի թիվ 1011815 հանձնարարագրի օրինակը 17.02.2017 թվականին, իսկ ստուգումը փաստացի սկսվել է 06.03.2017 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 65-66).

i

2) Կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության 28.12.2017 թվականի թիվ 1011815 ակտի 3-րդ և 4-րդ կետերով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ և 25-րդ հոդվածների համաձայն` Ընկերությանն առաջադրվել է 334.774.454 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկի գծով պարտավորություն: Կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության 28.12.2017 թվականի թիվ 1011815 ակտով հաստատված է համարվել որ. «Ավելացված արժեքի հարկ. (...) Հարկային հաշիվներում արտացոլված տվյալների ստուգմամբ պարզվել է, որ դրանցում վաճառվող ապրանքները, առանձին տողերով արտացոլվել են վաճառքի արժեքներով և դրանց համապատասխան ԱԱՀ գումարներով, սակայն նույն հաշիվներում «ընդամենը» (բոլոր ապրանքների արժեքների և ԱԱՀ գների հանրագումարը) տողով մեխանիկորեն փոփոխված նշվել են ավելի փոքր արժեքներ և ԱԱՀ գումարներ, քան կազմում են այդ հաշիվներում առանձին տողերով նշված ապրանքների արժեքների և ԱԱՀ-ի գումարների թվաբանական հանրագումարները: Հաշվարկային (թղթային) փաստաթղթերում արտացոլված տվյալների ստուգմամբ պարզվել է, որ վաճառվող ապրանքները նշված են իրենց վաճառքի արժեքներով, այնուհետև արտացոլված է «զեղչ», գրառումը և զեղչի գումարները, որոնք նվազեցվել են հաշվում ներառված բոլոր ապրանքների վաճառքի արժեքների թվաբանական հանրագումարից և ԱԱՀ-ն հաշվարկված է զեղչված արժեքից: Ընկերությունը բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարները հաշվարկել և հարկային մարմին ներկայացված ԱԱՀ հաշվարկներում արտացոլել է հարկային հաշիվների ընդամենը տողում արտացոլված ԱԱՀ գումարների և հաշվարկային փաստաթղթերում արտացոլված` զեղչված արժեքներից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների չափով: (...) ընկերությունը ստուգվող ժամանակահատվածում հարկային մարմին չի ներկայացրել վերադաս հարկային մարմնի կողմից սահմանված ձևի հայտարարություն` առևտրային զեղչեր կիրառելու վերաբերյալ: Ինչպես հարկային հաշիվներում, այնպես էլ հաշվարկային փաստաթղթերում վերը նշված` նվազեցված արժեքները և կիրառված զեղչերը տարբեր հաշվետու ժամանակաշրջաններում և տարբեր գնորդների մոտ կազմում են տարբեր չափեր (դրույքաչափեր): Հարկային հաշիվներում և հաշվարկային փաստաթղթերում արտացոլված տվյալներով, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված դրույթի կիրառման առումով որպես այդպիսի գործարքների համեմատելի հարկվող շրջանառություններ են ընդունվել` նույն հաշվետու ժամանակաշրջաններում (նույն ամիսների ընթացքում) իրացված նույն ապրանքների զեղչված (նվազեցված) արժեքները, համեմատելով զեղչումից (նվազեցումից) հետո ստացված բարձր և ցածր արժեքները: Այսինքն` համադրման համար վերցվել են այն զեղչված (նվազեցված) արժեքները, որոնք գնորդները փաստացի պետք է հատուցեն այդ ապրանքների գնումների դիմաց» (հատոր 1-ին, գ.թ. 13-21, 67-73).

3) Կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի 20.03.2018 թվականի թիվ 17/2 որոշման համաձայն` «(...) Միևնույն ժամանակ, բողոքի քննարկման ընթացքում Հանձնաժողովը եկել է եզրակացության, որ հարկային պարտավորությունների հաշվարկման ընթացքում թույլ են տրվել անճշտություններ, որոնք կարող են ճշգրտվել միայն ընկերությունում վերստուգում իրականացնելու միջոցով» (հատոր 1-ին, գ.թ. 23-31, 114-122):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել իրավահարաբերության ծագման պահին գործող «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ և 27-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե արդյոք կարող են իրավահարաբերության ծագման պահին գործող «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետի կիրառմամբ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ առաջադրվել հարկային պարտավորություններ այն դեպքում, երբ այդ իրավադրույթի կիրառման համար անհրաժեշտ իրավական և փաստական հանգամանքների առկայությունը չի հիմնավորվում բավարար ապացույցներով:

 

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի համաձայն` ԱԱՀ-ով հարկվող օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում ԱԱՀ վճարողների կողմից իրականացվող նույն օրենքի 6 հոդվածով սահմանված բոլոր գործարքների (գործառնությունների) ամբողջ արժեքը (շրջանառությունը), եթե օրենքով այլ բան չի նախատեսված:

Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` ԱԱՀ-ով հարկվող գործարքներ (գործառնություններ) են համարվում`

1) ապրանքների մատակարարումը` գործարք, որն իրականացվում է ապրանքների (այդ թվում` արտադրանքի և անշարժ գույքի) սեփականության իրավունքը որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց այլ անձի փոխանցելու միջոցով (...),

2) անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառումը` նույն օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող անձանց կողմից ապրանքների անհատույց հատկացում կամ ծառայությունների անհատույց մատուցում տվյալ անձանց կամ այլ անձանց կամ նրանց ապրանքների մատակարարում և ծառայությունների մատուցում` տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորաբար կիրառվող գներից էականորեն ցածր գներով, բացառությամբ օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում իրավական այլ ակտով սահմանված դեպքերի:

Նույն հոդվածի 5-րդ կետի 2-րդ պարբերության համաձայն` նույն օրենքի դրույթների կիրառման առումով գործարք է դիտվում որոշակի մեկ տեսակի ապրանքի օտարումը կամ մեկ տեսակի ծառայության մատուցումը` (...):

Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` ապրանքների անհատույց մատակարարման, ծառայությունների անհատույց մատուցման, ինչպես նաև այն դեպքում, երբ դրանց դիմաց տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորականի համեմատ կիրառվում են գործարքի իրական արժեքից 20 և ավելի տոկոսով ցածր գներ (մասնակի հատուցում), հարկման օբյեկտ է համարվում այդպիսի կամ նույնանման գործարքների համար համեմատելի հանգամանքներում որպես հարկվող շրջանառություն ընդունվող` նույն օրենքին համապատասխան որոշվող մեծության (գործարքի արժեքի, վճարի վարձատրության, պարգևի կամ այլ դրամական հատուցման մեծության), իսկ դրա բացակայության դեպքում` համանման պայմաններում գործող այլ հարկ վճարողի կողմից համեմատելի հանգամանքներում նույնանման գործարքների համար սովորաբար որպես հարկման օբյեկտ ընդունվող մեծության (գործարքի իրական արժեքի) 80 տոկոսը կազմող մեծությունը: Նույն կետի դրույթները չեն կիրառվում, եթե հրապարակային պայմանագրի համաձայն, ապրանքներ մատակարարող կամ ծառայություններ մատուցող անձը հրապարակային պայմանագրով առևտրային զեղչերի կիրառման օրվան նախորդող առնվազն երկու աշխատանքային օր առաջ հարկային մարմին է ներկայացրել վերադաս հարկային մարմնի կողմից սահմանված ձևի հայտարարություն` առևտրային զեղչեր կիրառելու վերաբերյալ:

Վերոնշյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործարքը սովորաբար կիրառվող գներից էականորեն ցածր գնով կնքված որակելու համար պետք է իրացման փաստացի գների և իրական արժեքի միջև առկա լինի 20 և ավելի տոկոսի տարբերություն: Նման տարբերության առկայության դեպքում հարկման օբյեկտ է համարվում այդպիսի կամ նույնանման գործարքների համար համեմատելի հանգամանքներում որպես հարկվող շրջանառություն ընդունվող, այսինքն`

§ գործարքների կամ վաճառքի գնի ամբողջ արժեքի մեծության 80 տոկոսը կազմող մեծությունը, իսկ դրա բացակայության դեպքում`

i

§ համանման պայմաններում գործող այլ հարկ վճարողի կողմից համեմատելի հանգամանքներում նույնանման գործարքների համար սովորաբար որպես հարկման օբյեկտ ընդունվող մեծության 80 տոկոսը կազմող մեծությունը: Այսինքն` անհրաժեշտ է, որպեսզի սկզբնապես հաստատվի սովորականի համեմատ գործարքի իրական արժեքից 20 և ավելի տոկոսով ցածր գներ կիրառված լինելու հանգամանքը, այնուհետև, դրանով պայմանավորված, որոշվի հարկման օբյեկտը: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավոր վարչական ակտն իր բովանդակությամբ պետք է համապատասխանի դրա ընդունման համար օրենքով սահմանված պահանջներին, նշում պարունակի այն բոլոր էական փաստական և իրավաբանական հանգամանքների վերաբերյալ, որոնք վարչական մարմնին հիմք են տվել ընդունելու համապատասխան որոշում: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներում անդրադարձել է վարչական ակտի հիմնավորվածության հարցին` արձանագրելով, որ վարչական ակտը հիմնավորելու` վարչական մարմնի պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել վարչական վարույթի մասնակիցների սուբյեկտիվ իրավունքների և ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը (տե՛ս, Գիթա Հեյդարիմարանջեհն ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության թիվ ՎԴ/6781/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը): ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ օրենսդրի կողմից վարչական ակտի հիմնավորում պարունակելու պահանջն ինքնանպատակ չէ, այն հնարավորություն է տալիս շահագրգիռ անձանց, ովքեր համաձայն չեն ընդունված վարչական ակտի հետ, վարչական բողոք կամ դատարան հայց ներկայացնելով, գործնականում իրացնել իրենց արդյունավետ իրավական պաշտպանության և դատարան դիմելու հիմնարար իրավունքները: Միաժամանակ վարչական մարմնի կողմից ընդունված հիմնավորված վարչական ակտը գործնականում իրական հնարավորություն է տալիս վարչական բողոքը քննարկող վարչական մարմնին կամ դատարանին պարզելու այն փաստական և իրավական հիմքերը, որոնք վարչական ակտն ընդունած վարչական մարմինը դրել է իր որոշման հիմքում (տե՛ս, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/2127/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը): Հիմք ընդունելով վարչական ակտերի հիմնավորվածության պահանջի վերաբերյալ վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ապրանքների մատակարարման դիմաց տվյալ գործարքների համար սովորականի համեմատ գործարքի իրական արժեքից 20 և ավելի տոկոսով ցածր գներ կիրառված լինելու հիմքով տնտեսվարող սուբյեկտի համար լրացուցիչ հարկային պարտավորություններ առաջադրող վարչական ակտը պետք է պարունակի հիմնավորում` տնտեսվարող սուբյեկտի կողմից գործարքի իրական արժեքից 20 և ավելի տոկոսով ցածր գներով ապրանքներն իրացնելու, և ըստ այդմ` հարկվող օբյեկտը որոշելու եղանակի վերաբերյալ: Վերոգրյալը, ըստ էության, այն էական փաստական և իրավաբանական հանգամանքներից մեկն է, որը հիմք է հանդիսանում` իրավահարաբերության ծագման պահին գործող «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետի կիրառմամբ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրելու համար:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործը հարուցվել է Ընկերության վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է մասնակի` 3-րդ, 4-րդ կետերի մասով, վերացնել Կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության 28.12.2017 թվականի թիվ 1011815 ակտը, ինչպես նաև Կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի 20.03.2018 թվականի թիվ 17/2 որոշումը:

Դատարանը մերժել է Ընկերության հայցը` պատճառաբանելով, որ տվյալ դեպքում առկա է եղել Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված` ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշելու կարգի կիրառման անհրաժեշտ նախապայմանը, իսկ հարկային մարմնի կողմից ճիշտ են կիրառվել Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետի կարգավորումները: Դատարանն արձանագրել է նաև, որ հայցվորի կողմից առաջադրված պարտավորության մեծության, դրանում տեղ գտած թվաբանական սխալների վերաբերյալ որևէ հիմնավորում չի ներկայացվել, որպիսի պայմաններում առաջադրված պարտավորության մեծության իրավաչափությունը` Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետի կիրառումն իրավաչափ գնահատելու պայմաններում, քննության առարկա չի դարձվել: Միաժամանակ, Դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատարանը վիճարկման հայցի շրջանակներում ստուգում է վարչական վարույթի իրավաչափությունը, այլ ոչ թե իրականացնում է կրկնակի վարչական վարույթ, և միայն ներկայացված ապացույցների, դրանց հիման վրա հաշվարկված պարտավորությունների թվաբանական անճշտությունների վերաբերյալ հայցվորի կողմից առարկայական դիրքորոշում կամ հիմնավորումներ ներկայացնելու պայմաններում Դատարանը ձեռնամուխ կլիներ այլ ապացույցների (այդ թվում` փորձագետի եզրակացության) ձեռք բերմանը:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Ընկերության վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ, իրավաչափ է համարել Դատարանի պատճառաբանությունները:

Սույն որոշմամբ հայտնած իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն` Կոմիտեի նախագահի 23.01.2017 թվականի թիվ 1011815 հանձնարարագրով հանձնարարվել է Ընկերությունում իրականացնել ՀՀ օրենսդրությամբ հարկային մարմնին վերապահված իրավասության սահմաններում տնտեսվարող սուբյեկտի գործունեության ոլորտում օրենքի և այլ իրավական ակտերի հիման վրա հարկային մարմին ներկայացված հաշվետվությունների, հաշվարկների և այլ փաստաթղթերի արժանահավատությունը պարզելու, ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու նպատակով բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող ՀՀ օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում: Կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության 28.12.2017 թվականի թիվ 1011815 ակտի 3-րդ և 4-րդ կետերով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ և 25-րդ հոդվածների համաձայն` Ընկերությանն առաջադրվել է 334.774.454 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկի գծով պարտավորություն: 20.03.2018 թվականի թիվ 17/2 որոշմամբ Կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովն արձանագրել է, որ հարկային պարտավորությունների հաշվարկման ընթացքում թույլ են տրվել անճշտություններ, որոնք կարող են ճշգրտվել միայն ընկերությունում վերստուգում իրականացնելու միջոցով:

Տվյալ դեպքում Կոմիտեի կողմից ընդունված ակտով Ընկերությանն առաջադրվել է 334.774.454 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկի գծով պարտավորություն, որի համար հիմք է ընդունվել Կոմիտեի կողմից ուսումնասիրված հաշվարկային փաստաթղթերի միայն մի մասը: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, այն դեպքում, երբ համապատասխան ապացույցներով չի հաստատվում ապրանքների մատակարարման դիմաց տվյալ գործարքների համար սովորականի համեմատ գործարքի իրական արժեքից 20 և ավելի տոկոսով ցածր գներ կիրառված լինելու հանգամանքը, ապա հարկվող օբյեկտը Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով որոշվել չի կարող: Իսկ համապատասխան գործարքի համար կիրառվող արժեքը սովորականի համեմատ որոշելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել տվյալ գործարքների այնպիսի մի խմբաքանակ, որը հնարավորություն կընձեռի վարչական մարմնի մոտ ողջամտորեն ձևավորելու այնպիսի համոզում, որով կհավաստվի տվյալ գործարքի տեսակի համար սովորաբար կիրառվող արժեքը: Միայն վերոնշյալ գործողությունները կատարելուց և գործարքների սովորաբար կիրառվող իրական արժեքները պարզելուց հետո վարչական մարմինը կարող է հաստատված համարել տնտեսվարող սուբյեկտի կողմից գործարքի իրական արժեքից 20 և ավելի տոկոսով շեղում թույլ տալու հանգամանքը, որպիսի փաստի հաստատումից հետո կորոշվի հարկվող օբյեկտը, որը, առաջին հերթին, կազմում է այդպիսի կամ նույնանման գործարքների համար համեմատելի հանգամանքներում որպես հարկվող շրջանառություն ընդունվող մեծության 80 տոկոսը: Այլ կերպ ասած` հարկվող օբյեկտը որոշելիս պետք է նախ պարզել նույնանման գործարքների համար համեմատելի հանգամանքներում որպես հարկվող շրջանառություն ընդունվող մեծությունը:

Այնինչ վարչական մարմնի կողմից ուսումնասիրվել է Ընկերության հաշվարկային փաստաթղթերի միայն մի մասը, որը, սակայն, վերոգրյալ վերլուծությունների հաշվառմամբ, բավարար չէ Ընկերության հարկվող շրջանառությունը որոշելու համար: Դեռ ավելին, Կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի որոշմամբ նույնպես արձանագրվել է, որ հարկային պարտավորությունների հաշվարկման ընթացքում թույլ են տրվել անճշտություններ, որոնք կարող են ճշգրտվել միայն ընկերությունում վերստուգում իրականացնելու միջոցով, որպիսի հանգամանքն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Ստորադաս դատարանների կողմից ուսումնասիրության առարկա դարձնելով հարկային մարմնի կողմից հարկվող օբյեկտը պարզելիս հանգամանքների համեմատելիությունը, այսինքն` այդպիսի կամ նույնանման գործարքների համար համեմատելի հանգամանքներում որպես հարկվող շրջանառություն ընդունվող մեծությունը որոշելու իրավաչափությունը` արձանագրվել է, որ Կոմիտեի կողմից առաջադրված մեծությունն իրավաչափ է, որպիսի եզրահանգումը պայմանավորված է միայն այն հանգամանքով, որ Ընկերությանը տրամադրված է եղել ժամկետ` պատասխանողի կողմից ներկայացված փաստաթղթերին և առաջադրված պարտավորություններում հնարավոր թվաբանական սխալների վերաբերյալ հիմնավորումներ ներկայացնելու համար, մինչդեռ Ընկերությունը մինչև գործի քննության ավարտը, որևէ թվաբանական սխալ չի վկայակոչել: Որպիսի պայմաններում առաջադրված պարտավորության մեծության իրավաչափությունը քննարկման առարկա չի դարձվել, այն պայմաններում, երբ պետք է քննարկման ենթարկվեր և ապացուցվեր հենց այդ հանգամանքը: Այսպես`

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի համաձայն` եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը: Ապացուցման բեռը կրում է` վիճարկման հայցով` վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը` դրա համար հիմք ծառայած փաստերի մասով. (...):

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում (...):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադառնալով վերը նշված նորմի վերլուծությանը, արձանագրել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: (...) ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է` դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը` որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին (տե՛ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և մյուսների թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ գործի փաստերն ի պաշտոնե պարզելու գործընթացում դատարանի կողմից ողջամիտ միջոցների ձեռնարկումը չի կարող կրել ձևական բնույթ, այլ նման միջոցների ձեռնարկման դեպքում դատարանը պարտավոր է դրանց կատարման նկատմամբ լինել հետևողական: Իսկ այդպիսի հետևողականության ցուցաբերման անարդյունավետության դեպքում դատարանը պարտավոր է վիճելի մնացած փաստի չապացուցման բացասական հետևանքները դնել այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմի վրա` հաշվի առնելով նաև, որ վարչական դատավարությունում վարչական ակտի համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը կրում է այդ ակտն ընդունած վարչական մարմինը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ «Միքանդ» ՍՊԸ-ի թիվ ՎԴ3/0043/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածից բխում է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու («ex officio») սկզբունքը դատական ապացուցման գործընթացում, մասնավորապես, դրսևորվում է կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ ապացույցներ պահանջելու վարչական դատարանի պարտականությամբ: (...) (տե՛ս, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ վարչական դատավարությունում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունն ապացուցելու ծանրությունը` ապացուցման բեռը, օրենսդրի կողմից դիտարկվում է որպես գործին մասնակցող անձի դատավարական պարտականություն, որն ապահովված է որոշակի անբարենպաստ հետևանքների առաջացման սպառնալիքով: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական դատավարությունում բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու բացասական (անբարենպաստ) հետևանքները, ըստ էության, հանգում են հետևյալին. բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայության կամ բացակայության վիճելի մնալու դեպքում դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված):

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ վարչական դատավարությունում ապացուցման գործընթացի ճիշտ կազմակերպման, ապացուցողական նյութի լրիվության, վարույթի բնականոն ընթացքի ապահովման և արդյունքում գործի ճիշտ լուծման համար կարևոր նշանակություն ունի այն հարցը, թե դատավարության կոնկրետ որ մասնակցի վրա է ընկնում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման ծանրությունը կամ ապացուցման բեռը: Գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը կարգավորող օրենսդրական նորմերը` ապացուցման բեռի բաշխման կանոնները, վճռորոշ նշանակություն են ստանում այն դեպքում, երբ կողմերի ներկայացրած, ինչպես նաև գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (ex օfficiօ) սկզբունքի իրագործման պայմաններում ձեռք բերված ապացույցները բավարար չեն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության մասին օբյեկտիվ և հիմնավորված եզրահանգում կատարելու համար: Ըստ այդմ, ապացուցման բեռի բաշխման կանոնները հանդես են գալիս այն կառուցակարգի դերում, որը թույլ է տալիս գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում որոշելու այն սուբյեկտին, ով պարտավոր է ներկայացնելու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները հաստատող ապացույցները և պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները:

i

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ուժով միջամտող վարչական ակտն անվավեր ճանաչելու հայցապահանջի (վիճարկման հայց) հիման վրա հարուցված վարչական գործի շրջանակներում այդ վարչական ակտի համար հիմք ծառայած փաստերի ապացուցման բեռը կրում է վարչական մարմինը: Ընդ որում, վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը, ըստ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի, որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում: Հետևաբար միջամտող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված բոլոր ապացույցների հետազոտումից հետո տվյալ վարչական ակտի ընդունման համար հիմք ծառայած որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու դեպքում վարչական դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված) (տե՛ս, Սիրանուշ Վարդանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0634/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Տվյալ դեպքում Ընկերությանն առաջադրված պարտավորության մեծության իրավաչափությունը հենց այն հանգամանքն է, որը պետք է ապացուցվեր վարչական ակտն ընդունած մարմնի` Կոմիտեի կողմից, և քանի դեռ այդ հանգամանքը ապացուցված չէ, դրա բացասական հետևանքները կրում է Կոմիտեն: Ըստ այդմ` Կոմիտեի կողմից ներկայացված տեղեկատվության և ակտում արտացոլված գումարների վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու, այդ թվում` թվաբանական անհամապատասխանություններ հայտնաբերելու և այդպիսի անճշտությունների առկայությունը հիմնավորելու որևէ պարտավորություն Ընկերության վրա դրվել չէր կարող: Ուստի միայն այն հանգամանքը, որ Ընկերության կողմից չեն կատարվել նշված գործողությունները, չի կարող հիմք հանդիսանալ վարչական ակտով Ընկերության վրա դրված պարտավորության իրավաչափության գնահատման համար հատկապես այն պայմաններում, երբ Կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի կողմից նույնպես արձանագրվել է, որ հարկային պարտավորությունների հաշվարկման ընթացքում թույլ են տրվել անճշտություններ, ուստի առկա է վերստուգում անցկացնելու անհրաժեշտություն, մինչդեռ տվյալ հանգամանքն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում ստորադաս դատարանները պետք է ձեռնամուխ լինեին վարչական ակտով Ընկերության վրա դրված պարտավորությունների իրավաչափությունը հիմնավորող բավարար ապացույցների ձեռք բերմանը` միաժամանակ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ առաջին հերթին վարչական մարմինն է կրում վարչական ակտի համար հիմք ծառայած փաստերի մասով ապացուցման պարտականությունը, որի չկատարման դեպքում վերջինս կրում է նաև դրա բացասական հետևանքները:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճարկվող ակտով Ընկերությանն առաջադրված պարտավորության, ինչպես նաև դրա չափի վերաբերյալ հիմք հանդիսացած հանգամանքների ապացուցման պարտականությունը վարչական մարմնի կողմից չկատարելու պայմաններում այդ հանգամանքների առկայությունը մնացել է վիճելի, որպիսի փաստն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

i

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները հերքվում են սույն որոշմամբ նշված պատճառաբանություններով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` (...) պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով (...) հայցադիմումների (...) համար` ոչ դրամական պահանջով` բազային տուրքի քառապատիկի չափով: (...) դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար` ոչ դրամական պահանջի գործերով` բազային տուրքի տասնապատիկի չափով: (...) դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար` ոչ գույքային բնույթի պահանջի գործերով` բազային տուրքի քսանապատիկի չափով:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:

Սույն գործով Ընկերությունը դատարան ներկայացրած հայցադիմումի համար վճարել է 8.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 42), մինչդեռ վճարման էր ենթակա 4.000 ՀՀ դրամ` որպես մեկ ոչ դրամական պահանջի գործերով հայցադիմումի համար օրենքով սահմանված պետական տուրքի գումար: Ընկերությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք և բողոքի համար վճարել է 10.000 ՀՀ դրամ (հատոր 3-րդ, գ.թ. 20): Վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը և վճարել է 100.000 ՀՀ դրամ, մինչդեռ վճարման էր ենթակա 20.000 ՀՀ դրամ` որպես մեկ ոչ դրամական պահանջի գործերով վճռաբեկ բողոքի համար օրենքով սահմանված պետական տուրքի գումար:

ՈՒստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «ա» կետի հիմքով ավել վճարված պետական տուրքը` 84.000 ՀՀ դրամը, ենթակա է վերադարձման Ընկերությանը:

Նկատի ունենալով, որ Ընկերության վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոմիտեից հօգուտ Ընկերության ենթակա է բռնագանձման 34.000 ՀՀ դրամ` որպես վերջինիս կողմից հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.10.2021 թվականի որոշումը և փոփոխել այն` անվավեր ճանաչել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության 28.12.2017 թվականի թիվ 1011815 ակտը մասնակի` 3-րդ, 4-րդ կետերի մասով, և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի 20.03.2018 թվականի թիվ 17/2 որոշումը:

2. ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հօգուտ «Ֆաբերլիկ Զակավկազյե» ՍՊ ընկերության բռնագանձել 34.000 ՀՀ դրամ` որպես վերջինիս կողմից հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում 20 մայիսի 2022 թվական:

 

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.05.2022
N ՎԴ/4104/05/18
Որոշում