Սեղմել Esc փակելու համար:
ԲԺՇԿԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՄԱՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐՆ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԺՇԿԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՄԱՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐՆ ԱՌԱՆՑ ՊԱՑԻԵՆՏԻ ԿԱՄ ՆՐԱ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 սեպտեմբերի 2022 թվականի N 1388-Ն

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՄԱՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐՆ ԱՌԱՆՑ ՊԱՑԻԵՆՏԻ ԿԱՄ ՆՐԱ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել բժշկական գաղտնիք համարվող տվյալներն առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության փոխանցելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Հ. Մաթևոսյան

 

2022 թ. սեպտեմբերի 8

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի սեպտեմբերի 8-ի

N 1388-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԲԺՇԿԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՄԱՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐՆ ԱՌԱՆՑ ՊԱՑԻԵՆՏԻ ԿԱՄ ՆՐԱ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են բժշկական գաղտնիք համարվող տվյալները (այսուհետև` տվյալներ) առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության փոխանցելու հետ կապված հարաբերությունները:

2. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված իրավասու մարմինների և անձանց կողմից հարցումների դեպքում տվյալները այդ մարմիններին և անձանց փոխանցվում են ՀՀ կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով կամ էլեկտրոնային կամ թղթային եղանակով:

3. Տվյալները էլեկտրոնային կամ թղթային եղանակով փոխանցում են բժշկական կազմակերպությունները` իրավասու մարմինների և անձանց կողմից հարցումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

4. Տվյալները բժշկական կազմակերպություններին և ՀՀ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին փոխանցվում են բացառապես էլեկտրոնային եղանակով, էլեկտրոնային առողջապահության հարթակի միջոցով:

5. Էլեկտրոնային առողջապահության հարթակի միջոցով կամ էլեկտրոնային առողջապահության համակարգից ներբեռնելու տարբերակով տվյալների փոխանցման մասին ամբողջական տեղեկությունը պահպանվում է էլեկտրոնային առողջապահության համակարգի, իսկ սույն կարգի 8-րդ կետում նկարագրված դեպքում` ՀՀ կառավարության փոխգործելիության հարթակի իրադարձությունների մատյաններում:

6. Թղթային եղանակով տվյալների փոխանցման մասին տեղեկատվությունը ամրագրվում է պացիենտի բժշկական փաստաթղթում:

7. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնց գործունեությունը կարգավորող իրավական ակտերում նախատեսված են այդ մարմիններին տվյալների փոխանցման իրավական կարգավորումներ, տվյալների տրամադրումն իրականացվում է համաձայն այդ կարգավորումների:

i

8. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք տվյալներին վերաբերող դեպքերը վարում են ՀՀ կառավարության փոխգործելիության հարթակին միանալու տեխնիկական ապահովվածություն ունեցող էլեկտրոնային համակարգերի միջոցով, տվյալները ստանում են ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշմամբ հաստատված կարգով:

9. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք չունեն սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերում նկարագրված տվյալների փոխանցման համապատասխանություն, և անգիտակից պացիենտի կոնտակտային անձին կամ ընտանիքի չափահաս անդամներին տվյալների փոխանցումն իրականացվում է հետևյալ կերպ.

1) տեղեկություն հայցողը տվյալներին տիրապետող բժշկական կազմակերպությանը ներկայացնում է գրավոր հարցում, որը պարունակում է հարցման սուբյեկտի վերաբերյալ որևէ անձնական տվյալ, հայցվող տվյալների նկարագրություն և հղում այն իրավական ակտերին, որոնք հավաստում են տեղեկությունը հայցողի` այդ տվյալները ստանալու կամ դրանց հասանելիություն ունենալու իրավունքը, կամ բանավոր հարցում, եթե անձը ներկայացնում է անգիտակից պացիենտի կոնտակտային անձի կամ ընտանիքի չափահաս անդամի կարգավիճակը հավաստող փաստաթղթերը.

2) հարցումը ստացող բժշկական կազմակերպությունը պատրաստում և տրամադրում է բժշկական կազմակերպության տնօրենի ստորագրությամբ և կնիքով հաստատված պատասխանը: Անհրաժեշտության դեպքում կցվում են նաև այլ բժշկական փաստաթղթերի պատճենները, որոնց վրա կատարվում է «իսկականի հետ ճիշտ է» գրառում:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 սեպտեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.09.2022
N 1388-Ն
Որոշում