Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԵՐԵՆ ԳՐԱՎՈՐ ԵՎ ԲԱՆԱՎՈՐ ԽՈՍՔՈՒՄ ԴԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԵՐԵՆ ԳՐԱՎՈՐ ԵՎ ԲԱՆԱՎՈՐ ԽՈՍՔՈՒՄ ԴԱՍԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

304.0087.301100

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆ

 

14 նոյեմբերի 2000 թվականի թիվ 87

 

ՀԱՅԵՐԵՆ ԳՐԱՎՈՐ ԵՎ ԲԱՆԱՎՈՐ ԽՈՍՔՈՒՄ ԴԱՍԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Լեզվագործածության ասպարեզում ճշգրտություն, միօրինակություն և անաղարտություն ապահովելու նպատակով և հիմք ընդունելով լեզվի պետական տեսչության կանոնադրության 7-րդ կետի «գ» և «զ» ենթակետերի պահանջները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

հաստատել հայերեն գրավոր և բանավոր խոսքում դասական թվականների գործածության կանոնները:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ լեզվի պետական տեսչության

թիվ 87 հրամանով

14 նոյեմբերի 2000թ.

 

ՀԱՅԵՐԵՆ ԳՐԱՎՈՐ ԵՎ ԲԱՆԱՎՈՐ ԽՈՍՔՈՒՄ ԴԱՍԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

Նկատի ունենալով, որ պաշտոնական փաստաթղթերում և այլ գրություններում անմիօրինակություն է ստեղծվել արաբական թվանշաններով արտահայտվող դասական թվականները գործածելիս, այսինքն` անհրաժեշտ մասնիկները (-ին, -րդ) երբեմն գրվում, երբեմն չեն գրվում (օրինակ` 1-ին կետ, 1 կետ, 2-րդ հոդված, 2 հոդված, 3-րդ գլուխ, 3 գլուխ, 4-րդ նկար, 4 նկար և այլն), գործող կանոնների միասնականացման, ճշգրտման և անկանոնության վերացման նպատակով անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ կանոններով.

1. Դասական թվականները արաբական թվանշաններով արտահայտելու դեպքում անհրաժեշտ մասնիկները միշտ գրել. օրինակ` 1-ին կետ, 2-րդ հոդված, 3-րդ գլուխ, 4-րդ նկար, 5-րդ վարժություն, 8-րդ աղյուսակ և այլն:

2. Թվականների` առանց նշված մասնիկների գործածությունը թույլատրելի համարել հետադաս կիրառության դեպքում` վերնագրերում, ենթավերնագրերում, հղումներում և այլն. օրինակ` կետ 1, հոդված 2, գլուխ 3, մաս 4, «Աշխատանքից ազատվել է հաստիքների կրճատման պատճառով. հիմքը` ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 36, կետ 1»:

3. Հետադաս դիրքում անթույլատրելի համարել դասականի իմաստ արտահայտող թվանշանները և տառերը հոլովված ձևերով և հոդերով գործածելը, այսինքն` գրել ոչ թե կետ 1-ի, գլուխ II-ով, մաս գ-ից, բաժին 4-րդի, նկար 5-ը, սյունակ YI-ը և այլն, այլ 1-ին կետի, II գլխով, գ մասից, 4-րդ բաժնի, 5-րդ նկարը (ն), YI սյունակը (ն) և այլն:

Ծանոթություն 1: Սույն կանոնը չի վերաբերում անձնանունների հետ գործածվող հատուկ անվան արժեք ունեցող թվականներին: Նման դեպքերում հոլովվում և հոդ ստանում է միայն թվականը, օրինակ` Տիգրան Առաջինի, Արշակ Երկրորդով, Խոսրով Երրորդը (ն) և այլն:

Ծանոթություն 2: Հայոց այբուբենի տառերով արտահայտված դասական թվականները անձնանունների հետ գործածվելիս կարդացվում են ոչ թե տառանվամբ, այլ այնպես, ինչպես դասական թվականները: Այսինքն` պետք է արտասանել ոչ թե Տիգրան Ա, Արշակ Բ, Խոսրով Գ, այլ Տիգրան Առաջին, Արշակ Երկրորդ, Խոսրով Երրորդ և այլն:

Ծանոթություն 3: Թվարկման դեպքում հայոց այբուբենի տառերով արտահայտված դասական թվականները կարող են կարդացվել նաև ըստ հնչման, այսինքն` 1-ին հոդվածի ա (կամ առաջին) կետ, II բաժնի բ (կամ երկրորդ) պարբերություն և այլն:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «30» 11 2000 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 30400143

 

 

pin
Լեզվի տեսչություն
14.11.2000
N 87
Հրաման