Սեղմել Esc փակելու համար:
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱԳԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 4 հոկտեմբերի 2022 թ.

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱԳԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուրադյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր` 2022 թվականի օգոստոսի 24-ի N 1327-Ա որոշմամբ հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցով դիմել Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2022 թվականի օգոստոսի 25-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2022 թվականի ապրիլի 19-ին Մոսկվայում` Եվրասիական տնտեսական միությունում (այսուհետ` Միություն) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ` անդամ պետություններ) տարածքով փոխադրումներ իրականացնելիս ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական լուծումների կիրառության ընդլայնման միջոցով Միության ներքին շուկայում ապրանքների շրջանառության օրինականության ապահովման նպատակով:

2. Համաձայնագիրն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև: Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

3. Բացի Համաձայնագրի 1-ին հոդվածով սահմանված հասկացություններից, Համաձայնագրում օգտագործվող այլ հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով սահմանված նշանակություններով:

Համաձայնագրով սահմանվում են երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով հետագծման օբյեկտների փոխադրումների հետագծման համար (այսուհետ` անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծում) Միությունում նավիգացիոն կապարակնիքների կիրառման կարգավորման հիմքերը և այդ հետագծման իրականացումը կազմակերպելու մեխանիզմը: Համաձայնագրով սահմանված են նավիգացիոն կապարակնիքների կիրառման պայմանները և կարգը, հետագծման օբյեկտների, ապրանքները տեղափոխող տրանսպորտի տեսակների, ապրանքների փոխադրումների հետագծման մասնակիցների, ազգային օպերատորների և հսկողական մարմինների տեղեկատվական փոխգործակցությանն առնչվող հիմնական դրույթները:

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության հիման վրա ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

ա) Համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված հետագծման օբյեկտների փոխադրումների հետագծումն ապահովելու նպատակով ՀՀ կողմից հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու պարագայում, Հանձնաժողովին տրամադրել հետագծման այդպիսի օբյեկտների մասին տեղեկատվությունը (հոդված 3, կետ 3, պարբերություն 1),

բ) սահմանել ազգային օպերատոր կամ ՀՀ գործադիր իշխանության մարմին (այսուհետ` լիազորված օպերատոր (մարմին)), որը լիազորված է ՀՀ հսկող մարմինների և լիազորված օպերատորների (մարմինների) հետ փոխգործակցության համար, և դրա մասին տեղեկացնել Հանձնաժողովին (հոդված 4, կետ 3, պարբերություն 1),

գ) ապահովել, որ ՀՀ օպերատորն ապահովի անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման համար կիրառվող` տեղեկատվական համակարգի աշխատանքը` մշտական հիմունքներով` շաբաթը 7 օր, օրական 24 ժամվա ընթացքում, և երաշխավորել, որ վերոհիշյալ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ օպերատորը կրի պատասխանատվություն` ՀՀ օրենսդրությանը համապատասխան (հոդված 5, կետ 1),

դ) երաշխավորել, որ ՀՀ օպերատորի` անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման համար կիրառվող տեղեկատվական համակարգերով ապահովվեն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին պարբերությունով սահմանված տեղեկատվական պահանջները (հոդված 5, կետ 2, պարբերություններ 1-9),

ե) ապահովել, որ Համաձայնագրի 5-րդ հոդվածի 2-րդ կետի չորրորդ պարբերության մեջ նշված տեղեկությունները և տեղեկատվությունը պահվեն 3 տարուց ոչ պակաս կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված` ավելի տևական ժամկետի ընթացքում. պահպանման նշված ժամկետը հաշվարկվում է կոնկրետ փոխադրման հետագծման ժամանակ օգտագործված` նավիգացիոն կապարակնիքի ապաակտիվացման օրվան հաջորդող օրվանից (հոդված 5, կետ 3),

զ) երաշխավորել, որ անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման համար կիրառվեն Հանձնաժողովի կողմից սահմանվող պահանջները բավարարող նավիգացիոն կապարակնիքներ (հոդված 6, կետ 1),

է) ապահովել, որ անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման համար օգտագործվող նավիգացիոն կապարակնիքը պարունակի նավիգացիոն կապարակնիքի եզակի նույնականացման համարը և ՀՀ տեղեկատվական համակարգում գրանցված ՀՀ օպերատորի մասին տեղեկատվությունը (հոդված 7, կետ 1),

ը) ապահովել, որ կոնկրետ փոխադրման հետագծման ժամանակահատվածի համար նավիգացիոն կապարակնիքը պարունակի Համաձայնագրի 7-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված տեղեկատվությունը (հոդված 7, կետ 2),

թ) ապահովել, որ եթե այլ բան սահմանված չէ Հանձնաժողովի կողմից, ՀՀ լիազորված օպերատորը (մարմինը), որն իրականացնում է անդամ պետությունների տարածքներով փոխադրման հետագծումը, իրական ժամանակի ռեժիմում մյուս այն անդամ պետությունների լիազորված օպերատորներին (մարմիններին) ներկայացնի Համաձայնագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան` Հանձնաժողովի կողմից սահմանված տեղեկությունները, որոնց տարածքներով կփոխադրվեն (փոխադրվում են) հետագծման օբյեկտները (հոդված 9, կետ 3),

ժ) ապահովել, որ ՀՀ լիազորված օպերատորը (մարմինը), եթե հետագծման օբյեկտները փոխադրվելու (փոխադրվում) են ՀՀ տարածքով, իրականացնեն այդպիսի փոխադրման մասին տեղեկատվության հավաքագրումը, մշակումը, փոխանցումը (ներառյալ ՀՀ հսկող մարմնին տեղեկատվության փոխանցումը) և այլ գործողություններ, որոնք անհրաժեշտ են ՀՀ տարածքով դրա հետագծումն ապահովելու համար` Համաձայնագրի 9-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան ստացված տեղեկությունների հիման վրա (հոդված 9, կետ 4),

ժա) արգելել ՀՀ տարածքով ընթացուղում (փոխադրման ժամանակ) նավիգացիոն կապարակնիքը հանելը, որի ժամանակ կապարակնքման տարրի անջատումը տեղի է ունեցել առանց ազգային օպերատորի այն տեղեկատվական համակարգի հնարավորություններն օգտագործելու, որտեղ այն գրանցված է, կամ Համաձայնագրի 10-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հանձնաժողովի կողմից սահմանված` նավիգացիոն կապարակնիքը հանելու գործողությունների կատարման կարգի խախտմամբ` առանց հետագծման օբյեկտի դիտարկումը ընթացուղում (փոխադրման ժամանակ) դադարեցնելու (հոդված 11, կետ 2),

ժբ) ապահովել, որ ՀՀ հսկող մարմինը` մյուս կողմերի հսկող մարմինների հետ, միջպետական տեղեկատվական փոխգործակցությունն այն հետագծման օբյեկտների առնչությամբ, որոնց փոխադրումը հետագծվում է Համաձայնագրին համապատասխան, իրականացնի Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ` Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով (հոդված 14),

ժգ) սահմանել ՀՀ օպերատորի ծառայությունների գները (սակագները) (նավիգացիոն կապարակնիքներ դնելը (հանելը), անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման ապահովումը, տեղեկատվության տրամադրումը, հետագծման օբյեկտին` նավիգացիոն կապարակնիքների անհրաժեշտ քանակությամբ ապահովումը, Հանձնաժողովի կողմից սահմանվող այլ ծառայություններ)` համաձայն ՀՀ օրենսդրության, և երաշխավորել, որ ՀՀ օպերատորի ծառայությունների գները (սակագները) լինեն տնտեսապես հիմնավորված (հոդված 16, կետ 1, պարբերություն 1),

ժդ) ապահովել, որ ՀՀ օպերատորի կողմից անդամ պետությունների տարածքներում հակամենաշնորհային օրենսդրության խախտումների կանխումն իրականացվի ՀՀ պետական իշխանության համապատասխան մարմինների կողմից (հոդված 16, կետ 1, պարբերություն 2),

ժե) Համաձայնագրի 9-րդ հոդվածի 2-րդ կետի իրագործումն ապահովել ՀՀ օպերատորի մասնակցությամբ լիազորված օպերատորի (մարմնի) կողմից ընդունվող` ժամանակավոր ինտեգրացիոն տեխնոլոգիական լուծումների իրագործման միջոցով` նախքան ծրագրաապարատային համալիրը ստեղծելը և գործողության մեջ դնելը` Հանձնաժողովի կողմից սահմանված պահանջներին համապատասխան (հոդված 17, կետ 1),

ժզ) ապահովել Համաձայնագրի 4-րդ հոդվածի 3-րդ կետի իրագործումը Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում (հոդված 18, կետ 2),

ժէ) ապահովել, որ ՀՀ լիազորված օպերատորը (մարմինը) ապահովի Համաձայնագրի 17-րդ հոդվածով նախատեսված` ժամանակավոր ինտեգրացիոն տեխնոլոգիական լուծումների մշակումը` Համաձայնագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերություններով և 17-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված` Հանձնաժողովի ակտերն ուժի մեջ մտնելու օրվանից 90 օրացուցային օրվա ընթացքում (հոդված 18, կետ 3),

ժը) ծանուցել Հանձնաժողովին Համաձայնագրի 17-րդ հոդվածով նախատեսված` ժամանակավոր ինտեգրացիոն տեխնոլոգիական լուծումների կայացման մասին ՀՀ լիազորված օպերատորի (մարմնի) պատրաստակամության վերաբերյալ` ՀՀ լիազորված օպերատորից (մարմնից) այդպիսի տեղեկատվությունն ստանալու օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում (հոդված 18, կետ 4):

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

4 հոկտեմբերի 2022 թվականի

ՍԴՈ-1665

 

Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 5 հոկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
04.10.2022
N ՍԴՈ-1665
Որոշում