ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
6 հոկտեմբերի 2022 թվականի N 1538-Ն
 
ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԶՈՀԵՐԻՆ ԿԱՑԱՐԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԲՆԱԻՐԱՅԻՆ, ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ, ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՈՐԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2.2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում` համապատասխան հաստատությունում, որակի նվազագույն չափորոշիչները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
Հայաստանի Հանրապետության
    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան
 
2022 թ. հոկտեմբերի 6
Երևան
 
Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի հոկտեմբերի 6-ի
N 1538-Ն որոշման
 
ՈՐԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԶՈՀԵՐԻՆ ԿԱՑԱՐԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԲՆԱԻՐԱՅԻՆ, ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ, ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
 
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
1. Սույն հավելվածով սահմանված` մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում` համապատասխան հաստատությունում, որակի չափորոշիչները հանդիսանում են նվազագույն: Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարան տրամադրող, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնություն և խնամք տրամադրող հաստատությունները և կազմակերպությունները կարող են լավարկել այն չափորոշիչները, որոնցով տրամադրելու են համապատասխան ծառայությունները կամ ներկայացնել առավել բարելավված պայմաններ:
2. Սույն հավելվածի 1-ին կետում նշված ծառայությունների չափորոշիչները ներկայացվում են ըստ ծառայությունների տեսակների:
3. Սույն հավելվածով նախատեսված ծառայությունները տրամադրելիս անհրաժեշտ է ապահովել հետևյալ պայմանները`
1) խտրականության բացառում.
2) մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի անվտանգության ու արդար վերաբերմունքի ապահովում.
3) արդարադատության հասանելիություն և հայցային պահանջ ներկայացնելուն չխոչընդոտում.
4) վերաինտեգրման ապահովում.
5) մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի անձնական կյանքի գաղտնիության ապահովում.
6) հատուկ կատեգորիայի երեխա զոհի լավագույն շահի ապահովում.
7) մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհի և հատուկ կատեգորիայի զոհի կարծիքը հաշվի առնելը (հատուկ կատեգորիայի զոհերի կարծիքը հաշվի է առնվում նրանց տարիքին և հասունության մակարդակին համապատասխան):
4. Սույն հավելվածի 3-րդ կետով նախատեսված պայմաններն անվերապահորեն կիրառելի են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման բոլոր զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի նկատմամբ:
 
2. ԿԱՑԱՐԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՈՐԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
 
5. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարան տրամադրվում է միայն դրա անհրաժեշտության դեպքում` մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհի գրավոր համաձայնությամբ: Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հատուկ կատեգորիայի զոհի փոխարեն համաձայնությունը տրվում է նրա ծնողի, օրինական ներկայացուցչի, խնամակալի կամ նման համաձայնություն տալու իրավունք ունեցող այլ անձի կողմից:
6. Կացարանը պետք է համապատասխանի հակահրդեհային և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված անվտանգության այլ կանոններին:
7. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարան տրամադրելու նախապայմաններն են`
1) անվտանգության ապահովումը` ներառյալ կացարանն անվտանգության համակարգով կահավորելը, տեսախցիկները և կացարանում անհատական պաշտպանության միջոցների (աերոզոլային սարքեր, ազդարարման համակարգ և այլն) առկայությունը: Արգելվում է տեսախցիկներ տեղադրել բնակելի սենյակում և սանհանգույցում.
2) գաղտնիությունը` ներառյալ կացարանի գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը չհրապարակելը:
8. Կացարանի տրամադրումը չի պարտավորեցնում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին ստանալ բոլոր ծառայությունները, որոնք տրամադրվում են կացարանում: Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կոնկրետ զոհին և հատուկ կատեգորիայի զոհին` կացարանում տրամադրվող ծառայությունները պետք է հիմնվեն նրա կարիքների գնահատման վրա:
9. Կացարանում համակեցության կանոնների պահպանումը և կացարանում գտնվող այլ անձանց իրավունքները և ազատությունները հարգելն ու չոտնահարելը պարտադիր է: Կացարանում համակեցության կանոնների պահպանման կամ կացարանում գտնվող այլ անձի իրավունքները և ազատությունները հարգելու ու չոտնահարելու նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է կացարան տրամադրող կազմակերպությունը կամ հաստատությունը:
10. Կացարանում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի ընդունելությունն իրականացվում է շուրջօրյա` կացարանի հերթապահի կողմից: Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հատուկ կատեգորիայի երեխա զոհերն ընդունվում են իրենց օրինական ներկայացուցչի հետ, եթե այդպիսին կա, և եթե դա չի հակասում երեխայի լավագույն շահին, իսկ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերն ընդունվում են իրենց խնամքի տակ գտնվող երեխաների հետ միասին: Եթե մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհի խնամքի տակ գտնվող երեխան 12 տարեկանից բարձր է, ապա զոհն իր երեխայի հետ համատեղ կացարանում տեղավորվում է այնպես, որպեսզի բացառվի մարդկանց թրաֆիքինգի և շահագործման այլ զոհերի կամ հատուկ կատեգորիայի զոհերի հետ շփումը, բացառությամբ այն դեպքերի, եթե այդ շփումը բխում է երեխայի լավագույն շահից: Եթե մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհը գտնվում է ծանր հոգեբանական վիճակում, ապա նրա խնամքի տակ գտնվող երեխան նրա հետ միասին ընդունվում է կացարան, եթե դա բխում է երեխայի լավագույն շահից կամ մինչև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհի ծանր հոգեբանական վիճակի բարելավումը նրա և երեխայի շփումը կազմակերպվում է սոցիալական աշխատողի կամ հոգեբանի ներկայությամբ:
11. Կացարանում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին ընդունում են անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով, իսկ դրանց բացակայության դեպքում` առանց դրա` նշում կատարելով այլ փաստաթղթերից մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը և այլ տվյալներ, որոնք հայտնի են:
12. Կացարան ընդունելիս մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին գրանցում են հաշվառման մատյանում, նրան ենթարկում են բժշկական զննման, ըստ անհրաժեշտության` նաև սանիտարական մշակման, և տեղափոխում կարանտինային բաժանմունք մինչև 15 օր տևողությամբ: Վարակիչ հիվանդությունների արձանագրման դեպքում կարանտինային բաժանմունքում նախատեսվում է առանձնացված սենյակ` մեկուսացման նպատակով:
 i 
13. Անձը չի կարող ընդունվել կացարան` ներառյալ կարանտինային բաժանմունքում գտնվելուց հետո, եթե ունի Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1286 որոշմամբ հաստատված և շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկը: Այդ դեպքում կազմակերպությունը կամ հաստատությունը մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
14. Կացարանում պետք է լինի իրական հնարավորություն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման յուրաքանչյուր զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին տրամադրել բնակելի առանձին սենյակ, բացառությամբ այն դեպքերի, երբ հակառակի մասին խնդրում է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհը կամ հատուկ կատեգորիայի զոհը կամ նրանք հանդիսանում են մերձավոր ազգականներ կամ դա բխում է նրանց անվտանգությունից կամ այլ ցուցումներից: Բնակելի սենյակում չեն կարող միաժամանակ բնակվել չորսից ավելի` մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ: Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհն իր երեխայի հետ միասին, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հատուկ կատեգորիայի զոհն իր ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի հետ միասին բնակվում են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման այլ զոհերից կամ հատուկ կատեգորիայի զոհերից անջատ, բացառությամբ սույն հավելվածի 10-րդ և 23-րդ կետերով նախատեսված դեպքերի:
15. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին կացարանում հատկացվող բնակելի տարածության չափը չի կարող պակաս լինել ինը քառակուսի մետրից` մեկ անձի համար:
16. Կացարանը պետք է ունենա բավարար բնական և արհեստական լուսավորություն և օդափոխություն, լինի մատչելի մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի համար, ինչպես նաև բացառի ավելորդ ֆիզիկական անհարմարությունը, մասնավորապես, հաշմանդամություն ունեցող անձանց համար: Կացարանը պետք է մշտապես ապահովված լինի տաք և սառը ջրով:
17. Կացարանում պետք է ապահովվի 18-24 oC ջերմաստիճան, որը կարգավորելու հնարավորություն ունի նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհը կամ հատուկ կատեգորիայի զոհը:
18. Կացարանում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին անհատական օգտագործման համար տրամադրվում է`
1) հագուստի պահարան և մահճակալ.
2) անկողնային պարագաներ և սպիտակեղեն.
3) խոհանոցային սպասք (ափսե, բաժակ, գդալ, սնունդ պատրաստելու սպասք և այլն).
4) հագուստ (անհրաժեշտության դեպքում).
5) անձնական հիգիենայի պարագաներ (սրբիչ, օճառ, ատամի մածուկ, խոզանակ և այլն).
6) անհրաժեշտության դեպքում` երեխաների խնամքի պարագաներ` իր տարիքին համապատասխան.
7) սնունդ` օրական առնվազն երեք անգամ, ընդ որում, հատուկ սննդակարգի կարիք ունեցող անձանց համար բժշկի ցուցումով նշանակվում է դիետիկ սնունդ (մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհի ցանկության դեպքում սնունդը կարող է պատրաստվել իր կողմից ինքնուրույն, իսկ հատուկ կատեգորիայի զոհը կարող է մասնակցություն ունենալ սննդի պատրաստման ընթացքին).
8) մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհի յուրաքանչյուր երեխայի, ինչպես նաև տարիքային առանձնահատկություններից ելնելով` հատուկ կատեգորիայի երեխա զոհի համար մանկական մահճակալ:
19. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհը կամ հատուկ կատեգորիայի զոհը սնունդ, հագուստ, հիգիենայի և այլ պարագաներ ստանում է սույն հավելվածի 3-րդ գլխով նախատեսված չափով և ժամկետով, եթե առավել չափ չի տրամադրում կացարան տրամադրող կազմակերպությունը կամ հաստատությունը:
20. Կացարանը պետք է ապահովված լինի ընդհանուր օգտագործման սեղանով, աթոռներով, բազկաթոռներով, հագուստի կախիչներով, կենցաղային իրերի պահարանով, հեռուստացույցով, սառնարանով, գազօջախով կամ էլեկտրական օջախով, աղբամանով և կենցաղում անհրաժեշտ այլ պարագաներով:
21. Եթե կացարանը երկհարկանի է կամ այնտեղ առկա են երեքից ավելի բնակելի սենյակներ, ապա կացարանում պետք է լինի առնվազն երկու սանհանգույց:
22. Կացարանում առօրյան` ներառյալ քնելու և վերկացի ժամերը որոշում է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհը կամ հատուկ կատեգորիայի զոհը:
23. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման տարբեր սեռերի զոհերը կամ հատուկ կատեգորիայի զոհերը բնակվում են առանձին կացարաններում կամ կացարանի առանձին մուտք ունեցող բնակելի սենյակներում: Եթե կացարանում առանձին բնակեցնելու հնարավորությունը բացակայում է, ապա մարդկանց թրաֆիքինգի և շահագործման նույն սեռի զոհերի կամ հատուկ կատեգորիայի զոհերի առկայությունը բացառում է հակառակ սեռի զոհերի կամ հատուկ կատեգորիայի զոհերի ընդունումը, բացառությամբ, եթե`
1) մարդկանց թրաֆիքինգի և շահագործման տարբեր սեռերի զոհերը կամ հատուկ կատեգորիայի զոհերը մերձավոր ազգականներ են.
2) մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհն ընդունվում է իր մինչև 12 տարեկան երեխայի հետ:
24. Եթե կացարանում տրամադրվում են նաև այլ ծառայություններ, դրանց տրամադրումը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին` ներառյալ սույն հավելվածում նախատեսված չափորոշիչներին:
 
3. ԲՆԱԻՐԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
 
 i 
25. Բնաիրային օգնությունը տրամադրվում է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի կարիքների գնահատման հիման վրա` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 984-Ն որոշմամբ:
26. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին որպես բնաիրային օգնություն տրամադրվում է սնունդ, հագուստ, կոշիկ, անկողնային և հիգիենայի պարագաներ, երեխաների խնամքի պարագաներ, առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ:
27. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին տրամադրվող սնունդը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սննդի կոնկրետ տեսակին ներկայացվող պահանջներին և լինի պիտանի օգտագործման համար:
28. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին սննդամթերքը տրամադրվում է հետևյալ նվազագույն չափաբաժիններով`
 
._________________________________________________________________________.
|Սննդամթերքի անվանումը    |Չափի                  |Մեկ մարդու համար` օրական|
|                         |միավորը               |(զտաքաշ)                |
|_________________________|______________________|________________________|
|                         |                      |երեխաների |մեծահասակների|
|_________________________________________________________________________|
|                           1. Հաց և  ընդեղեն                             |
|_________________________________________________________________________|
|Սպիտակ հաց               |գրամ                  |300       |300          |
|_________________________|______________________|__________|_____________|
|II կարգի ալյուրից        |գրամ                  |100       |150          |
|պատրաստված հաց           |                      |          |             |
|_________________________|______________________|__________|_____________|
|Մակարոնեղեն              |գրամ                  |30        |40           |
|_________________________|______________________|__________|_____________|
|Ձավարեղեն (հաճար, ձավար, |գրամ                  |100       |150          |
|բլղուր, հնդկաձավար)      |                      |          |             |
|_________________________|______________________|__________|_____________|
|Լոբեղեն (լոբի, սիսեռ,    |գրամ                  |30        |50           |
|ոսպ)                     |                      |          |             |
|_________________________________________________________________________|
|                     2. Կարտոֆիլ և  այլ բանջարեղեն                       |
|_________________________________________________________________________|
|Կարտոֆիլ                 |գրամ                  |300       |200          |
|_________________________|______________________|__________|_____________|
|Բանջարեղեն ըստ սեզոնի    |գրամ                  |500       |500          |
|_________________________________________________________________________|
|                       3. Մրգեր և  հատապտուղներ                          |
|_________________________________________________________________________|
|Թարմ մրգեր ըստ սեզոնի    |գրամ                  |250       |250          |
|_________________________|______________________|__________|_____________|
|Չորացրած մրգեր           |գրամ                  |20        |15           |
|_________________________________________________________________________|
|                        4. Շաքար և  հրուշակեղեն                          |
|_________________________________________________________________________|
|Շաքար                    |գրամ                  |10        |10           |
|_________________________|______________________|__________|_____________|
|Մուրաբա, ջեմ             |գրամ                  |15        |15           |
|_________________________|______________________|__________|_____________|
|Մեղր                     |գրամ                  |20        |20           |
|_________________________|______________________|__________|_____________|
|Քաղցրավենիք              |գրամ                  |20        |20           |
|_________________________________________________________________________|
|                         5. Կաթ և  կաթնամթերք                            |
|_________________________________________________________________________|
|Կաթնաշոռ                 |գրամ                  |60        |30           |
|_________________________|______________________|__________|_____________|
|Կաթ                      |գրամ                  |200       |200          |
|_________________________|______________________|__________|_____________|
|Մածուն, կեֆիր            |գրամ                  |200       |200          |
|_________________________|______________________|__________|_____________|
|Թթվասեր                  |գրամ                  |50        |40           |
|_________________________|______________________|__________|_____________|
|Պանիր                    |գրամ                  |20        |20           |
|_________________________|______________________|__________|_____________|
|Կարագ                    |գրամ                  |50        |50           |
|_________________________________________________________________________|
|                          6. Միս և  մսամթերք                             |
|_________________________________________________________________________|
|Միս                      |գրամ                  |50        |100          |
|_________________________|______________________|__________|_____________|
|Թռչնամիս                 |գրամ                  |50        |100          |
|_________________________________________________________________________|
|                         7. Ձուկ և  ձկնամթերք                            |
|_________________________________________________________________________|
|Ձուկ, ծովամթերք          |գրամ                  |30        |50           |
|_________________________________________________________________________|
|                                8. Ձու                                   |
|_________________________________________________________________________|
|Ձու                      |հատ                   |1         |1            |
|_________________________________________________________________________|
|                          9. Բուսական յուղեր                             |
|_________________________________________________________________________|
|Բուսական յուղ            |գրամ                  |25        |25           |
|_________________________________________________________________________|
|                      10. Ոչ ալկոհոլային խմիչքներ                        |
|_________________________________________________________________________|
|Կակաո                    |գրամ                  |3         |-            |
|_________________________|______________________|__________|_____________|
|Սուրճ                    |                      |-         |3            |
|_________________________|______________________|__________|_____________|
|Թեյ                      |գրամ                  |1         |2            |
|_________________________________________________________________________|
|                             11. Այլ մթերք                               |
|_________________________________________________________________________|
|Տոմատի մածուկ            |գրամ                  |5         |5            |
|_________________________|______________________|__________|_____________|
|Խմորիչ                   |գրամ                  |1         |1            |
|_________________________|______________________|__________|_____________|
|Աղ` յոդացված             |գրամ                  |5         |5            |
|_________________________|______________________|__________|_____________|
|Համեմունք                |գրամ                  |1         |1            |
|_________________________|______________________|__________|_____________|
|Մասուր                   |գրամ                  |20        |20           |
._________________________________________________________________________.
 
29. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհը կամ հատուկ կատեգորիայի զոհ կարող է հրաժարվել կոնկրետ սննդամթերքներից` դրա մասին գրավոր հայտնելով բնաիրային օգնություն կամ կացարան տրամադրող կազմակերպությանը կամ հաստատությանը:
30. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին հագուստն ու կոշիկը տրամադրվում են հետևյալ քանակով`
 
._____________________________________________________________________.
|Հագուստի                |Չափի    |Քանակը` հաշվարկված |Շահագործման    |
|անվանումները            |միավորը |մեկ անձի համար     |ժամկետը (տարի) |
|________________________|________|___________________|_______________|
|Վերնաշապիկ, ներքնաշապիկ |հատ     |6                  |1              |
|________________________|________|___________________|_______________|
|Վարտիք                  |հատ     |6                  |1              |
|________________________|________|___________________|_______________|
|Գիշերային հագուստ       |հատ     |4                  |1              |
|(ամառ, ձմեռ)            |        |                   |               |
|________________________|________|___________________|_______________|
|Կոշիկ (ամառ, ձմեռ)      |զույգ   |4                  |1              |
|________________________|________|___________________|_______________|
|Վերնազգեստ              |հատ     |2                  |1              |
|________________________|________|___________________|_______________|
|Անդրավարտիք             |հատ     |2                  |1              |
|________________________|________|___________________|_______________|
|Գլխարկ (ամառ, ձմեռ)     |հատ     |1                  |1              |
|________________________|________|___________________|_______________|
|Զուգագուլպա, գուլպա     |զույգ   |8                  |1              |
|(ամառ, ձմեռ)            |        |                   |               |
|________________________|________|___________________|_______________|
|Հողաթափեր և  ռետինե     |զույգ   |4                  |1              |
|հողաթափեր               |        |                   |               |
|________________________|________|___________________|_______________|
|Բաճկոն                  |հատ     |1                  |1              |
._____________________________________________________________________.
 
31. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին սույն հավելվածի 30-րդ կետով նախատեսված հագուստը տրամադրվում է հաշվի առնելով նրանց սեռը, տարիքը, հնարավորինս` նախասիրությունները, և բացառելով ալերգիկ կամ այլ բացասական հնարավոր հետևանքները:
32. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին անկողնային և հիգիենայի պարագաները տրամադրվում են հետևյալ քանակով`
 
.____________________________________________________________.
|Անկողնային և  հիգիենայի |Չափի    |Քանակը`       |Շահագործման|
|պարագաների անվանումները |միավորը |հաշվարկված մեկ|ժամկետը    |
|                        |        |մահճակալի կամ |           |
|                        |        |անձի համար    |           |
|____________________________________________________________|
|                    1. Անկողնային պարագաներ                 |
|____________________________________________________________|
|Սավան                   |հատ     |3             |1 տարի     |
|________________________|________|______________|___________|
|Անջրանցիկ սավան         |հատ     |2             |1 տարի     |
|________________________|________|______________|___________|
|Վերմակասավան            |հատ     |3             |1 տարի     |
|________________________|________|______________|___________|
|Բարձի երես (վերին)      |հատ     |3             |1 տարի     |
|________________________|________|______________|___________|
|Ներքնակի երես           |հատ     |2             |1 տարի     |
|________________________|________|______________|___________|
|Սրբիչ                   |հատ     |4             |1 տարի     |
|________________________|________|______________|___________|
|Ներքնակ                 |հատ     |1             |1 տարի     |
|________________________|________|______________|___________|
|Բարձ                    |հատ     |1             |1 տարի     |
|________________________|________|______________|___________|
|Տաք վերմակ              |հատ     |1             |1 տարի     |
|________________________|________|______________|___________|
|Ամառային վերմակ         |հատ     |1             |1 տարի     |
|____________________________________________________________|
|                    2. Հիգիենայի պարագաներ                  |
|____________________________________________________________|
|Օճառ` ձեռքի             |գրամ    |400           |1 ամիս     |
|________________________|________|______________|___________|
|Շամպուն                 |միլիլիտր|400           |1 ամիս     |
|________________________|________|______________|___________|
|Լվացքի փոշի             |գրամ    |400           |1 ամիս     |
|________________________|________|______________|___________|
|Սպասք լվանալու նյութեր  |գրամ    |300           |1 ամիս     |
|________________________|________|______________|___________|
|Ատամի մածուկ            |հատ     |1             |1 ամիս     |
|________________________|________|______________|___________|
|Ատամի խոզանակ           |հատ     |1             |2 ամիս     |
|________________________|________|______________|___________|
|Զուգարանի թուղթ         |հատ     |3             |1 ամիս     |
|________________________|________|______________|___________|
|Մեկանգամյա օգտագործման  |հատ     |1             |2 ամիս     |
|սափրող սարք             |        |              |           |
|________________________|________|______________|___________|
|Սանր                    |հատ     |1             |3 ամիս     |
|________________________|________|______________|___________|
|Կնոջ հիգիենիկ պարագա    |հատ     |12            |1 ամիս     |
.____________________________________________________________.
 
33. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհի խնամքի տակ գտնվող երեխայի կամ հատուկ կատեգորիայի երեխա զոհի խնամքի պարագաները, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի համար առաջին անհրաժեշտության այլ ապրանքները տրամադրվում են ըստ պահանջի` հաշվի առնելով նրանց կարիքները:
 
4. ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
 
34. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին հոգեբանական օգնություն կարող է տրամադրել հոգեբանի բակալավրի, մագիստրոսի կամ մասնագետի կրթություն ունեցող այն անձը, ով ունի հոգեբանի աշխատանքի առնվազն 5 տարվա փորձ, և պետական, տեղական ինքնակառավարման մարմինների կամ միջազգային կամ հասարակական կազմակերպությունների կողմից վերապատրաստվել է հանցագործությունից տուժած անձանց կամ բռնության` ներառյալ ընտանիքում բռնության ենթարկված անձանց հետ հոգեբանական աշխատանքներ իրականացնելու համար: Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հատուկ կատեգորիայի երեխա զոհին հոգեբանական օգնություն տրամադրում է սույն կետով նախատեսված պահանջներին համապատասխանող մանկական հոգեբանը:
35. Հոգեբանական օգնությունը տրամադրվում է անձի` մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկվելու հետևանքով առաջացած անկայուն հոգեբանական վիճակը վերականգնելու, սթրեսը հաղթահարելու, սոցիալական կապերը և ընտանիքի հետ հարաբերությունները վերահաստատելու, կարողություններն ամրապնդելու, անկախության և ինքնաբավության համար անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու և անձին վերասոցիալականացնելու համար:
36. Հոգեբանական օգնությունը տրամադրվում է անհատական վերականգնողական ծրագրերի միջոցով: Հոգեբանը վերականգնողական ծրագիրը վերանայում է պարբերաբար, սակայն ոչ ուշ, քան երկու ամիսը մեկ:
37. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին հոգեբանական օգնություն տրամադրելու նպատակով հոգեբանը գնահատում է անձի հոգեբանական վիճակը, մշակում և պարբերաբար վերանայում է անհատական վերականգնողական ծրագիրը` ներառելով անձի համար անհրաժեշտ միջոցառումներ, և իրականացնում այն:
38. Հոգեբանական օգնություն տրամադրվում է հետևյալ եղանակներով`
1) սոցիալ-հոգեբանական ծառայություններ.
2) հոգեբանական ախտորոշում և անձի ուսումնասիրություն.
3) սոցիալ-հոգեբանական պատրոնաժ (պարբերական դիտարկում).
4) հոգեկանխարգելիչ աշխատանք.
5) հոգեբանական խորհրդատվություն.
6) ճգնաժամային հոգեբանական օգնություն.
7) հոգեբանական շտկում.
8) հոգեբանական պատրաստումներ, քննարկումներ և զրույցներ` ներառյալ խմբային:
39. Սույն հավելվածի 38-րդ կետում նշված օգնության կոնկրետ եղանակը կամ դրանց համակցությունը որոշում է հոգեբանը` հոգեբանական վերականգնման ծրագրի շրջանակներում:
 
5. ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
 
40. Խորհրդատվական օգնությունը տրամադրվում է տարբեր ոլորտների մասնագետների կողմից` մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկվելու հետևանքով ստեղծված իրավիճակից դուրս գալու, սոցիալական խնդիրների լուծման ուղիներ և եղանակներ գտնելու միջոցների, հասարակությանը սոցիալական վերաինտեգրմանն ուղղված խորհուրդների և առաջարկությունների, ինչպես նաև համարժեք աջակցություն ստանալու համար:
41. Խորհրդատվական օգնությունը մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին ուղղորդելն է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ, միջազգային կամ հասարակական կազմակերպություններ` սույն հավելվածի 40-րդ կետում նշված նպատակների համար, ինչպես նաև կացարանում գտնվելիս կամ խնամք տրամադրելիս կազմակերպության կամ հաստատության մասնագետների կողմից տեղեկատվություն տրամադրելը, իսկ, անհրաժեշտության դեպքում, նաև համապատասխան մարմիններ և կազմակերպություններ համատեղ այցելելը:
42. Հոգեբանական և իրավաբանական խորհրդատվությունը տրամադրվում է սույն հավելվածի 4-րդ և 6-րդ գլուխների պայմաններին համապատասխան:
43. Խորհրդատվական օգնություն տրամադրող մասնագետը պատասխանատու է տրամադրվող տեղեկատվության ամբողջական, ճշգրիտ, նպատակային և կիրառելի լինելու համար: Անհրաժեշտության դեպքում, տրամադրվում են խորհրդատվական բուկլետներ` անհրաժեշտ տեղեկատվությամբ` մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին հասկանալի լեզվով:
44. Խորհրդատվական օգնությունը մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հատուկ կատեգորիայի զոհին տրամադրվում է նրա օրինական ներկայացուցչի հետ միասին, եթե դա չի հակասում հատուկ կատեգորիայի երեխա զոհի լավագույն շահին:
 
6. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
 
45. Իրավաբանական օգնությունը կարող է տրամադրել իրավաբանի բակալավրի, մագիստրոսի կամ մասնագետի կրթություն ունեցող այն անձը, ով ունի փաստաբանական գործունեության արտոնագիր կամ իրավաբանի աշխատանքի առնվազն 5 տարվա փորձ և պետական, տեղական ինքնակառավարման մարմինների կամ միջազգային կամ հասարակական կազմակերպությունների կողմից վերապատրաստվել է հանցագործությունից տուժած անձանց կամ բռնության ենթարկված անձանց հետ աշխատանքներ իրականացնելու համար: Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հատուկ կատեգորիայի երեխա զոհին իրավաբանական օգնություն տրամադրվում է օրինական ներկայացուցչի միջոցով, եթե դա չի հակասում երեխայի լավագույն շահին:
46. Իրավաբանական օգնությունը ներառում է`
1) խորհրդատվություն` հայցադիմումների, դիմումների, բողոքների և այլ իրավաբանական բնույթի դատավարական փաստաթղթերի կազմում` ներառյալ իրավաբանական տեղեկատվության տրամադրում.
2) ներկայացուցչություն կամ պաշտպանություն` քրեական, քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերով.
3) այլ աջակցություն` անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, փաստաթղթերի վերականգնման կամ դրանց բացակայության դեպքում դրանք ձեռքբերման համար:
47. Սույն հավելվածի 46-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված իրավաբանական օգնությունը կարող է տրամադրվել միայն փաստաբանի կողմից:
 
7. ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՈՐԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
 
48. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի խնամքը` նրանց ընտանիքում (հարազատ սոցիալական միջավայրում) կամ կացարանում` առօրյային առավել մոտ սոցիալ-կենցաղային պայմաններում, պահելու և հասարակությունում ներառելու նպատակով անհրաժեշտ օգնությունն է:
49. Եթե խնամքը տրամադրվում է կազմակերպության կամ հաստատության կացարանում, ապա այն տրամադրվում է սույն հավելվածի 2-6-րդ գլուխներով, իսկ եթե մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի ընտանիքում (հարազատ սոցիալական միջավայրում)` 3-6-րդ գլուխներով նախատեսված պայմանների ապահովմամբ:
50. Խնամք տրամադրելիս հավելյալ կարող են տրամադրվել աջակցություն կրթության ստացմանը, ժամանցի կազմակերպմանը, բժշկական օգնության և սպասարկման տրամադրմանը, ինչն ապահովվում է համապատասխան մարմինների և հիմնարկների հետ համագործակցության միջոցով:
51. Խնամքի տրամադրումը, այդ թվում` համապատասխան հաստատությունում, կարող է իրականացվել միայն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության դեպքում:
 
8. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
52. Սույն հավելվածով նախատեսված` մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում` համապատասխան հաստատությունում, որակի նվազագույն չափորոշիչների ապահովման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
53. Եթե ծառայությունը կամ օգնությունը տրամադրվում է կազմակերպության կամ հաստատության կողմից, ապա սույն հավելվածով նախատեսված` մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում` համապատասխան հաստատությունում, որակի նվազագույն չափորոշիչների ապահովման նկատմամբ մշտադիտարկումը, ինչպես նաև վերահսկողությունն իրականացվում է նաև այդ կազմակերպության կամ հաստատության ղեկավարության կողմից:
54. Ծառայություններ կամ օգնություն տրամադրող կազմակերպության կամ հաստատության ղեկավարության կողմից մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի հետ տարվող անհատական աշխատանքի մշտադիտարկումը` որպես ծառայությունների արդյունավետության ստուգման ձև, սահմանվում է սույն հավելվածի N 1 ձևով: Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհի և հատուկ կատեգորիայի զոհի հետ տարվող անհատական աշխատանքի մշտադիտարկումն իրականացվում է առնվազն ամիսը մեկ անգամ:
55. Սույն հավելվածով նախատեսված նվազագույն չափորոշիչները չապահովելը կամ մասնակիորեն ապահովելը կարող է հանգեցնել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին համապատասխան հաստատություն և կազմակերպություն չուղղորդելուն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ` մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին ծառայություններ մատուցելու իրավահարաբերությունների դադարեցմանը:
56. Սույն հավելվածով նախատեսված ծառայություններ կամ օգնություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն դիմած կազմակերպությունը կամ հաստատությունը պարտավոր է ներկայացնել սույն հավելվածով նախատեսված պահանջների համապատասխանելիությունը փաստող կամ հիմնավորող փաստաթղթեր` ներառյալ մասնագետներին ներկայացվող պահանջները:
57. Եթե կազմակերպության կամ հաստատության գործունեության ընթացքում տեղի են ունենում այնպիսի փոփոխություններ, որոնք չեն համապատասխանում սույն հավելվածով նախատեսված պահանջներին, ապա կազմակերպության կամ հաստատության ղեկավարությունը ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:
58. Եթե սույն հավելվածի 57-րդ կետում նախատեսված տեղեկատվությունը փոխանցելուց հետո, սույն հավելվածով նախատեսված պահանջներին անհամապատասխանությունը չի վերացվում 10 աշխատանքային օրվա ընթացքում, ապա Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ` մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին ծառայություններ մատուցելու իրավահարաբերությունները դադարում են:
 
Ձև N 1
 
ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԻ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԶՈՀԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ
 
Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի անունը, ազգանունը և հայրանունը____________________________________________
___________________________________________________________________________
 
Ծննդյան ամսաթիվ __________________________________________ ____________ ից ___________ -ը նախատեսված անհատական աշխատանքի մշտադիտարկում
 
.____________________________________________________________________.
|NN |Նշումներ մարդկանց             |Անհատական |Վերանայման|Վերանայում |
|ը/կ|թրաֆիքինգի և                  |աշխատանքի |կարիքը    |իրականացնող|
|   |շահագործման զոհի կամ          |շտկման    |          |մասնագետի  |
|   |հատուկ կատեգորիայի զոհի       |մասին     |          |անունը,    |
|   |վիճակի մասին                  |որոշում   |          |ազգանունը, |
|   |______________________________|(նշել     |          |հայրանունը |
|   |առկա են     |փոփոխությունները |վերանայման|          |և  ստորա-  |
|   |դրական      |բացակայում են    |կարիք     |          |գրությունը |
|   |փոփոխու-    |կամ առկա են      |ունեցող   |          |           |
|   |թյուններ    |բացասական        |ծառայու-  |          |           |
|   |(մանրամասն  |փոփոխություններ  |թյունը)   |          |           |
|   |նկարագրել(1)|(նշել պատճառները)|          |          |           |
|___|____________|_________________|__________|__________|___________|
|1. |            |                 |          |          |           |
|___|____________|_________________|__________|__________|___________|
|2. |            |                 |          |          |           |
|___|____________|_________________|__________|__________|___________|
|3. |            |                 |          |          |           |
|___|____________|_________________|__________|__________|___________|
|4. |            |                 |          |          |           |
|___|____________|_________________|__________|__________|___________|
|5. |            |                 |          |          |           |
|___|____________|_________________|__________|__________|___________|
|6. |            |                 |          |          |           |
|___|____________|_________________|__________|__________|___________|
|7. |            |                 |          |          |           |
|___|____________|_________________|__________|__________|___________|
|8. |            |                 |          |          |           |
|___|____________|_________________|__________|__________|___________|
|9. |            |                 |          |          |           |
|___|____________|_________________|__________|__________|___________|
|10.|            |                 |          |          |           |
.____________________________________________________________________.
 
______________________________________________________
1) Դրական փոփոխությունները ներկայացվում են ըստ ոլորտների`
- մարմնական, հոգեկան, հուզական վիճակ,
- խոսքային, ճանաչողական, զգայական շարժողական ոլորտ,
- շփումների ոլորտ,
- ինքնասպասարկման ոլորտ,
- սոցիալ-կենցաղային և աշխատանքային հարմարեցման և սոցիալիզացիայի ոլորտ:
 
Հատուկ կարծիք և դիտարկումներ_________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
 
Մասնագետ ________________________________
(Ա.Ա.Հ, ստորագրություն, ամսաթիվ)
 
Ղեկավար ________________________________
(Ա.Ա.Հ, ստորագրություն, ամսաթիվ)
 
Պաշտոնական հրապարակման օրը` 6 հոկտեմբերի 2022 թվական: