ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 նոյեմբերի 2022 թվականի N 1815-Ա
«ԶԻՆՎՈՐԻ ՏՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) կողմից ներկայացված` Հենաշարժողական խնդիրներ ունեցող, զինվորական ծառայության/հայրենիքի պաշտպանության ժամանակ վնասվածք, խեղում կամ հիվանդություն ձեռք բերած անձանց համար հարմարեցված տների կառուցման ծրագրին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, համայնք Աբովյան, գյուղ Բալահովիտ 7-րդ փողոց 1/2 հասցեում գտնվող, 0.597 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք) (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 28032022-07-0157 վկայական) նվիրաբերել կազմակերպությանը (գտնվելու վայրը` ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Մինաս Ավետիսյան 4-րդ փողոց, շենք 6, բնակարան 19, պետական գրանցման վկայական` 211.171.959032, գրանցման ամսաթիվ` 19.05.2017 թվական)` հենաշարժողական խնդիրներ ունեցող վիրավոր զինվորների համար հարմարեցված տների կառուցման ծրագրի իրականացման նպատակով` համաձայն վերջինիս կողմից ներկայացված ներդրումային ծրագրի:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել գույքի նվիրաբերության պայմանագիր` դրանում սահմանելով, որ`
1) կազմակերպության կողմից հենաշարժողական խնդիրներ ունեցող վիրավոր զինվորների համար հարմարեցված տների կառուցման նպատակով գույքի հանձնման-ընդունման պահից սկսած 4 տարվա ընթացքում կիրականացվի շուրջ 450 մլն դրամի ներդրում.
2) սույն որոշման 2-րդ կետից բխող նվիրաբերության հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին.
3) նվիրաբերության պայմանի խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով նվիրաբերությունը կհամարվի վերացված, և նվիրաբերություն ստացողը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը` դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին` առանց դրանց արժեքի փոխհատուցման:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին` սույն որոշման 3-րդ կետում նշված պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. նոյեմբերի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի նոյեմբերի 24-ի
N 1815-Ա որոշման
ՀԵՆԱՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ/ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՎՆԱՍՎԱԾՔ, ԽԵՂՈՒՄ ԿԱՄ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՀԱՐՄԱՐԵՑՎԱԾ ՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ԶԻՆՎՈՐԻ ՏԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ
Զինվորի տան մասին
Խնդրի նկարագրությունը
Ծրագրի նկարագրությունը
Ծրագրի շահառուները
Ծրագրի նպատակը
Ծրագրի ժամկետները և բյուջեն
Զինվորի տան մասին
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը հիմնադրվել է 2018 թվականին` «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» բարեգործական ՀԿ-ի (վերանվանվել է «Զինվորի տուն» բարեգործական ՀԿ) կողմից` ՊՆ և ԵՊԲՀ հետ գործակցությամբ:
Կենտրոնն ամբողջական վերականգնողական համալիր է, որտեղ անվճար վերականգնողական բուժում են ստանում հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած զինվորները: Վերականգնողական բուժմանը զուգահեռ զինվորական ծառայության ընթացքում վնասվածք, խեղում կամ հիվանդություն ձեռք բերած անձանց (այսուհետ` կազմակերպության շահառու) համար իրականացվում են սոցիալական, կրթական, մշակութային, ժամանցային բազմաթիվ ծրագրեր, լուծվում են շահառուների աշխատանքի, սոցիալական վերաինտեգրման խնդիրները: Կենտրոնը մինչ այսօր ամենատարբեր ծրագրերի շրջանակում սպասարկել է 5000-ից ավելի շահառուի:
Հենաշարժողական խնդիրներ ունեցող, զինվորական ծառայության/հայրենիքի պաշտպանության ժամանակ վնասվածք, խեղում կամ հիվանդություն ձեռք բերած անձանց համար հարմարեցված տների կառուցման ծրագիրը
ԶԻՆՎՈՐԻ ՏԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ
Խնդրի նկարագրությունը
2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ բազմաթիվ զինվորներ ստացել են ծանր ողնուղեղային և գանգուղեղային վիրավորումներ, ունեն վերջույթների ամպուտացիաներ և այլ վնասվածքներ, որոնց հետևանքով ձեռք են բերել հենաշարժողական խնդիրներ: Հայաստանի քաղաքային և գյուղական բնակավայրերի ենթակառուցվածքները, ինչպես նաև բնակելի շենքերն ու տները հարմարեցված չեն նրանց տեղաշարժին: Շենք-շինությունների զգալի մասը, այդ թվում` նորակառույցները, չունեն թեքահարթակներ, իսկ առկայության պարագայում պարզապես չեն համապատասխանում միջազգայնորեն ընդունված ստանդարտներին, ֆունկցիոնալ չեն:
Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց կարիքներին չեն համապատասխանում ոչ միայն քաղաքային և գյուղական ենթակառուցվածքները, այլև տների ու բնակարանների ներսի հարդարումը: Մասնավորապես, մուտքի և միջսենյակային դռները չունեն անվասայլակով տեղաշարժվելու համար համապատասխան բացվածք, հարմարեցված չեն նաև սանհանգույցներն ու լոգարանները:
Հասկանալի է, որ վերը նշված վնասվածքներով շահառուները կենցաղում ունենում են բազմաթիվ խնդիրներ:
Ծրագրի նկարագրությունը
Վերը նշված վնասվածք ունեցող շահառուներ դիմել են մեզ` «Զինվորի տուն» բարեգործական ՀԿ, որպեսզի իրենց համար կառուցվեն հարմարեցված տներ: Զինվորի տան շահառուներն առաջարկել են կառուցել բնակելի տներ, որոնք լիովին կհամապատասխանեն հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց պահանջներին:
Բնակելի տները նախատեսվում է կառուցել հետևյալ հասցեով` Կոտայքի մարզ, գյուղ Բալահովիտ, 7-րդ փողոց, թիվ 1/2 հողամաս: Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել 8 մեկհարկանի առանձնատուն և 1 երկհարկանի կացարան, որոնք ամբողջությամբ հարմարեցված կլինեն տեղաշարժման խնդիր ունեցող անձանց կարիքներին:
Կացարանը նախատեսված է լինելու այն մարզաբնակ շահառուների (զինվորական ծառայության ընթացքում վնասվածք, խեղում կամ հիվանդություն ձեռք բերած` հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված կամ չճանաչված) համար, որոնք տևական ժամանակ մասնակցելու են կազմակերպության կողմից իրականացվող ուսումնական ծրագրերին և/կամ ամբուլատոր բուժում են ստանալու «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում: Կացարանը հնարավորություն կունենա միաժամանակ լուծել թվով 20 շահառուի կեցության խնդիր: Ինչպես բուժական, այնպես էլ կրթական ծրագրերն ունեն ժամանակային սահմանափակում, հետևաբար հնարավոր կլինի մշտապես ներգրավել նոր շահառուների` ապահովելով մեծ հոսունություն:
8 մեկհարկանի առանձնատները նախատեսված են լինելու կազմակերպության այն շահառուների համար, որոնք ունեն հենաշարժողական խնդիրներ և ցանկանում են ծրագրի իրականացման համար ներդնել 10,000,000 դրամ:
Համալիրը կլինի ամբողջությամբ կանաչապատ, կներառի այգի, հանգստի գոտի, մանկական խաղահրապարակ, մարզադահլիճ` նախատեսված հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց մարզումների համար:
Մարզադահլիճի առկայությունը կխթանի շահառուների առողջ ապրելակերպը, քանի որ հաշմանդամությունը, այն էլ երիտասարդ տարիքում, սահմանափակում է շահառուների ակտիվ կյանք վարելու հնարավորությունը: Մարզադահլիճում մարզումները մաս կկազմեն շահառուների վերականգնողական բուժման ծրագրի:
Կազմակերպությունը հողահատկացումից հետո կսկսի նախագծանախահաշվային աշխատանքները, կկազմվեն բնակելի տների կառուցապատման նախագծերը, կհստակեցվեն առանձնացվող տարածքների չափերը:
Ըստ գլխավոր հատակագծի` հողակտորը բաժանվելու է 2 հատվածի`
1) առաջին հատվածում կառուցվելու են կացարանը, զրուցարանը, մարզադահլիճը, հանգստի գոտին.
2) երկրորդ հատվածը բաժանվելու է 8 մասի, որոնցից յուրաքանչյուրի վրա կառուցվելու է մեկ առանձնատուն: Համաձայն գլխավոր հատակագծի` ընդհանուր հողամասից յուրաքանչյուր տան համար սահմանազատված հողամասը` կառուցված բնակելի տան հետ միասին, կազմակերպությունը պարտավորվում է նվիրաբերել ծրագրի շահառուներին:
Ծրագրի շահառուները
Ծրագրի շահառու են հանդիսանում զինվորական ծառայության կամ հայրենիքի պաշտպանության ժամանակ վնասվածք, խեղում կամ հիվանդություն ձեռք բերած անձինք, որոնց վնասվածքը հանգեցրել է հենաշարժողական խնդիրների առաջացմանը:
Կացարանի շահառու են հանդիսանում կրթական ծրագրերի մասնակցող կամ ամբուլատոր բուժում ստացող` զինվորական ծառայության կամ հայրենիքի պաշտպանության ժամանակ վնասվածք, խեղում կամ հիվանդություն ձեռք բերած անձինք` անկախ հաշմանդամություն ունենալու հանգամանքից:
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակներն են`
. ստեղծել հարմարավետ կենցաղային պայմաններ ու միջավայր ծրագրի շահառուների համար,
. բարձրացնել շահառուների կյանքի որակը, հնարավորություն տալ վարել ակտիվ կենսակերպ` նպաստելով զինվորական ծառայության/հայրենիքի պաշտպանության ժամանակ վնասվածք, խեղում կամ հիվանդություն ձեռք բերած անձանց սոցիալական վերաինտեգրմանը,
. ստեղծել հնարավորություն մարզաբնակ շահառուներին ունենալ կացարան մայրաքաղաքին մոտ` ուսանելու կամ ամբուլատոր պայմաններով տևական բուժում ստանալու ժամանակահատվածում:
Ծրագրի ժամկետները և բյուջեն
Ծրագրի նախագծանախահաշվային աշխատանքները նախատեսվում է սկսել հողհատկացումից անմիջապես հետո, դրանք կտևեն շուրջ 6 ամիս: Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել շինթույլտվություն ստանալուց անմիջապես հետո: Ծրագիրն ամբողջությամբ, ներառյալ` բարեկարգման աշխատանքները, կիրականացվի շինթույլտվություն ստանալուց հետո 4 տարում:
Յուրաքանչյուր տան համար նախատեսված է, նախնական հաշվարկով, շուրջ 40 մլն դրամ բյուջե: Կացարանի կառուցման և կահավորման համար պլանավորվում է ծախսել շուրջ 75 մլն դրամ: Զրուցարանի կառուցման և տարածքի ընդհանուր բարեկարգման աշխատանքների համար անհրաժեշտ է շուրջ 35 մլն դրամ, մարզադահլիճի համար նախատեսվում է ծախսել 20 մլն դրամ: Ընդհանուր ներդրման չափը կազմում է շուրջ 450 մլն դրամ:
Նախաձեռնության իրագործման համար շահառուներից յուրաքանչյուրը պատրաստ է ներդնել 10 մլն դրամը:
Զինվորի տունը պարտավորվում է իր պատճառով ծրագրի չիրականացման դեպքում ամբողջությամբ վերադարձնել շահառուների կողմից ներդրված գումարը: