Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԴՐԱՄԱԳԻՏԱԿԱՆ ԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԴՐԱՄԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼ ...

 

 

050.0328.261200

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 դեկտեմբերի 2000 թվականի թիվ 328

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԴՐԱՄԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամագիտական արժեքների պահուստի ձևավորման կարգը» (կցվում է):

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը` սույն որոշման 1-ին կետով հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամագիտական արժեքների պահուստի ձևավորման կարգը» ընդգրկել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ծախսերի նախահաշվի և կապիտալ ներդրումների ծրագրի կազմումը, կատարումը և վերահսկումը» ձեռնարկի նախագծի հավելվածներում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2000 թվականի դեկտեմբերի 26-ի

թիվ 328 որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԴՐԱՄԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՖՈՆԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Սույն կարգը կանոնակարգում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված դրամագիտական արժեքների հնարավոր կորուստների ապահովման համար պահուստաֆոնդի ձևավորումը, կարգավորումը և չիրացված դրամագիտական արժեքների դուրսգրումը ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռից:

 

2. Սույն կարգի իմաստով

 

2.1. Դրամագիտական արժեքներ` ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամներ և հուշամեդալներ:

2.2. Հուշադրամներ` ՀՀ արժույթով հատուկ հատված մետաղադրամներ, որոնց պատրաստման համար օգտագործվել են թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներ, ձեռնարկվել են դրամահատման տեխնոլոգիայի և գեղարվեստական ձևավորման հատուկ մեթոդներ, և որոնք շրջանառության մեջ հանդես են գալիս որպես օրինական վճարամիջոց` անվանական արժեքով:

2.3. Հուշամեդալներ` հատուկ հատված մետաղադրամներ, որոնց պատրաստման համար օգտագործվել են թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներ, ձեռնարկվել են դրամահատման տեխնոլոգիայի և գեղարվեստական ձևավորման հատուկ մեթոդներ, և որոնք օրինական վճարամիջոց չեն և չունեն անվանական արժեք:

2.4. Դրամագիտական արժեքների ապահովման պահուստ` ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռում դրամագիտական արժեքներին հակակշիռ գրանցված պահուստ, որը ձևավորվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված դրամագիտական արժեքների գծով` պահուստին կատարվող հատկացումների (մասհանումների) հաշվին: Նշված հատկացումները կատարվում են ՀՀ կենտրոնական բանկի ծախսերի հաշվին:

 

3. Դրամագիտական արժեքների ապահովման պահուստաֆոնդի ձևավորումը և

կարգավորումը

 

3.1. ՀՀ կենտրոնական բանկը ձևավորում է հատուկ պահուստաֆոնդ` ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված դրամագիտական արժեքների չիրացման հետ կապված հնարավոր կորուստները ծածկելու նպատակով:

3.2. Դրամագիտական արժեքների ապահովման պահուստաֆոնդի հաշվառման համար ՀՀ կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանում նախատեսված է 2529 «Դրամագիտական արժեքների ապահովման պահուստաֆոնդ» հաշիվը: Հաշիվը հակակշռային է, ունի պասիվային մնացորդ և հաշվեկշռի ակտիվում հանդես է գալիս բացասական նշանով:

3.3. 2529 «Դրամագիտական արժեքների ապահովման պահուստաֆոնդ» հաշիվը համալրվում է` թղթակցելով 7513 «Հատկացումներ այլ ակտիվների հնարավոր կորուստների ապահովման պահուստներին» հաշվի հետ:

3.4. Դրամագիտական արժեքների ապահովման պահուստաֆոնդի ձևավորման նպատակով ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված դրամագիտական արժեքները, ելնելով հաշվետու ժամանակաշրջանի պահին դրանց թողարկման տարիների թվից, դասակարգվում են 6 խմբի:

3.5. Դրամագիտական արժեքների ապահովման պահուստաֆոնդին 7513 «Հատկացումներ այլ ակտիվների հնարավոր կորուստների ապահովման պահուստներին» հաշվից սույն կարգի 3.3 կետով սահմանված մասհանումները կատարվում են հուշադրամների և հուշամեդալների յուրաքանչյուր չիրացված տեսակի գծով` դրամագիտական արժեքների ինքնարժեքի նկատմամբ ստորև բերված աղյուսակում նշված չափերով.

.__________________________________________________________________.

|  Դրամագիտական   |      Դրամագիտական արժեքների    | Պահուստներին  |

|  արժեքների      |      թողարկման տարիների թիվը   | մասհանումների |

|  խմբերը         |                                | սահմանաչափերը |

|                 |                                | (%)           |

|_________________|________________________________|_______________|

|     1           |               2                |       3       |

|_________________|________________________________|_______________|

|     I           | Դրամագիտական արժեքի թողարկման  |     0%        |

|                 | պահից մինչև  1 տարի            |               |

|    II           |    1-3 տարի                    |    30%        |

|   III           |    3-5 տարի                    |    40%        |

|    IV           |    5-8 տարի                    |    60%        |

|     V           |   8-10 տարի                    |    80%        |

|    VI           |   10 տարուց ավելի              |   100%        |

.__________________________________________________________________.

 

3.6. Դրամագիտական արժեքների ապահովման պահուստաֆոնդի մեծությունը ճշգրտվում է յուրաքանչյուր ֆինանսական տարվա վերջին աշխատանքային օրը: Եթե 2529 «Դրամագիտական արժեքների ապահովման պահուստաֆոնդ» հաշվի մնացորդը գերազանցում է դրամագիտական արժեքների պորտֆելի նկատմամբ սույն կարգի 3.5 կետով սահմանված չափը, ապա հաշիվը դեբետագրվում է գերազանցող գումարի չափով` թղթակցելով 6923 «Եկամուտներ դրամագիտական արժեքների ապահովման պահուստի կարգավորումից» հաշվի հետ: Եթե 2529 «Դրամագիտական արժեքների ապահովման պահուստաֆոնդ» հաշվի մնացորդը պակաս է դրամագիտական արժեքների պորտֆելի նկատմամբ սույն կարգի 3.5 կետով սահմանված չափից, ապա հաշիվը կրեդիտագրվում է պակասող գումարի չափով` թղթակցելով 7513 «Հատկացումներ այլ ակտիվների հնարավոր կորուստների ապահովման պահուստներին» հաշվի հետ:

 

4. Դրամագիտական արժեքների դուրսգրումը ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռից

 

4.1. Դրամագիտական արժեքների որևէ տեսակի չիրացման վերաբերյալ հիմնավոր կարծիք ունենալու դեպքում ՀՀ կենտրոնական բանկի էմիսիոն գործառնությունների և դրամական պահուստների վարչության պետը համապատասխան զեկուցագրով դիմում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահին:

4.2. ՀՀ կենտրոնական բանկի նախագահը սույն կարգի 4.1 կետում նշված զեկուցագրի հիման վրա որոշում է կայացնում համապատասխան դրամագիտական արժեքը ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռից դուրս գրելու և ոչնչացնելու, վերաձուլելու կամ որպես այլ ակտիվ վերագրանցելու վերաբերյալ:

4.3. Դրամագիտական արժեքները ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռից դուրս են գրվում ՀՀ կենտրոնական բանկի նախագահի կարգադրության հիման վրա` «Դրամագիտական արժեքների ապահովման պահուստաֆոնդի» հաշվին, իսկ միջոցների անբավարար լինելու դեպքում` 7513 «Հատկացումներ այլ ակտիվների հնարավոր կորուստների ապահովման պահուստներին» հաշվին:

4.4. Թանկարժեք մետաղներից դրամագիտական արժեքները ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռից դուրս գրվելուց հետո հաշվառվում են որպես թանկարժեք մետաղներ` ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռի համապատասխան հաշիվներում, թանկարժեք մետաղների ինքնարժեքի չափով թղթակցելով դրամագիտական արժեքների համապատասխան հաշիվների հետ:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
26.12.2000
N 328
Որոշում