Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՏԱԼԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՏԱԼԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ Բ ...

 

 

020.0276.100101

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

10 հունվարի 2001 թվականի N ՍԴՈ-276

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՏԱԼԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԲԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հ. Բեգլարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իտալական Հանրապետության կառավարության միջև ուղևորների և բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին 1999 թվականի օգոստոսի 7-ին Երևանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Բեգլարյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Քննության առարկա համաձայնագիրը Պայմանավորվող պետությունների կառավարությունների միջև ստորագրվել է 1999 թվականի օգոստոսի 7-ին` Երևանում: Համաձայնագրի նպատակն է կարգավորել երկու երկրների միջև կամ այդ տարածքներով տարանցմամբ իրականացվող` ուղևորների և բեռների ավտոտրանսպորտային փոխադրումները:

2. Համաձայնագրով սահմանվում է, որ յուրաքանչյուր Կողմի փոխադրող պետք է իրավունք ունենա երկու երկրների միջև, ինչպես նաև տարանցմամբ մյուս Կողմի տարածքով, իրականացնել ուղևորների և բեռների փոխադրում այն Պայմանավորվող կողմի երկրում գրանցված ավտոտրանսպորտային միջոցներով, որտեղ փոխադրողն ունի իր գրանցված գրասենյակը:

3. Համաձայնագիրն առանձնացնում է կանոնավոր և ոչ կանոնավոր փոխադրումներ հասկացությունները: Կանոնավոր փոխադրումները երկու երկրների միջև հաստատվում են Կողմերի իրավասու մարմինների կողմից և իրականացվում են հատուկ թույլտվության հիման վրա: Թույլտվությունը` չփոխանցվող և ժամկետային փաստաթուղթ է: Համաձայնագրով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ փոխադրումները կարող են իրականացվել առանց թույլտվության` ոչ կանոնավոր փոխադրումներ (փակ դռներով փոխադրում, վերադարձ առանց ուղևորների), տարանցիկ փոխադրումներ, հանգուցյալների աճյունների փոխադրում, ցուցահանդեսների համար նախատեսված բեռների փոխադրում և այլն:

Համաձայնագիրը սահմանում է երկու երկրների իրավասու մարմինների` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության և Իտալական Հանրապետության տրանսպորտի և նավագնացության նախարարության, ցամաքային տրանսպորտի վարչության ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովի իրավասությունները:

Համաձայնագրով Պայմանավորվող կողմերի ընկերություններին արգելվում է ներքին ուղևորափոխադրումներ կատարել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում:

4. Համաձայնագրով կարգավորվում են նաև փոխադրողների և ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի կողմից ճանապարհային երթևեկության և փոխադրումների կանոնների, ինչպես նաև համաձայնագրի դրույթների խախտման համար պատասխանատվության հարցերը:

Երկու պետությունների անվտանգության ապահովմանն է ուղղված համաձայնագրի այն դրույթը, համաձայն որի բեռնափոխադրումներ կատարող ավտոտրանսպորտային միջոցների մուտքը մի Պայմանավորվող պետության տարածք, այդ տարածքում դրանց տեղաշարժվելը և մնալը կարգավորվում է հատուկ կանոններով: Ընդ որում, այդ կանոնների կիրառման և ավտոտրանսպորտային միջոցների ստուգումների հիմքում ընկած է փոխադարձության սկզբունքը:

5. Համաձայնագրով նախատեսված են Պայմանավորվող կողմերի տարածքների միջև փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների վարորդների և անձնակազմի այլ անդամների անձնական օգտագործման և ուղևորության ընթացքում ավտոտրանսպորտային միջոցների համար անհրաժեշտ այն առարկաները, որոնք ազատվում են մաքսատուրքերից: Մաքսային այս արտոնությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է ֆինանսական պարտավորություններ:

6. Համաձայնագրի 28 հոդվածը Պայմանավորվող կողմերին իրավունք է վերապահվում իրենց պետության անվտանգությունը պաշտպանելու անհրաժեշտությունից ելնելով փոխադարձաբար սահմանափակել ազատ տեղաշարժվելու իրավունքը` բեռների տրանսպորտային փոխադրումները կարգավորելու միջոցով:

Համաձայնագրի 28 հոդվածը համահունչ է Մարդու քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 12 հոդվածի պահանջներին, որը` որպես պետության տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման հիմք, ի թիվս այլ հիմքերի, նախատեսում է նաև պետական անվտանգության պաշտպանության անհրաժեշտությունը:

7. Քննության առարկա համաձայնագիրը երկու պետությունների ուղևորների և բեռների կանոնավոր փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային ձեռնարկությունների համար ստեղծում է հավասար հնարավորություններ` առանց միակողմանի արտոնությունների և նախապատվությունների:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Իտալական Հանրապետության կառավարության միջև ուղևորների և բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին 1999 թվականի օգոստոսի 7-ին Երևանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

10 հունվարի 2001 թ.

ՍԴՈ-276

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
10.01.2001
N ՍԴՈ-276
Որոշում