Սեղմել Esc փակելու համար:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ Չ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀՀ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁ ...

 

26.12.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 նոյեմբերի 2023 թվականի N 2076-Ն

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ` ԱՏԳ ԱԱ 8703 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻՆ ԴԱՍՎՈՂ ԹԵԹԵՎ ՄԱՐԴԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱԶԱՏ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասը և «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 270-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` միություն) անդամ չհանդիսացող պետություններից միության մաքսային տարածք մինչև 2023 թվականի դեկտեմբերի 4-ը ներառյալ ժամանակավոր ներմուծման նպատակով ներմուծված և առանց միության մաքսային տարածքը լքելու նույն նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների (այսուհետ` ավտոմոբիլ) ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում պետական աջակցության ծրագիրը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 21.12.2023 թիվ 2287-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է սույն որոշման 1-ին կետում նշված ավտոմոբիլների նկատմամբ, որոնց համար 2023 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում ներկայացվել է ազատ շրջանառության նպատակով ձևակերպման համար ուղևորային մաքսային հայտարարագիր և միասնական դրույքաչափով իրականացվել է մաքսատուրքերի և հարկերի վճարում:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. նոյեմբերի 30

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի նոյեմբերի 30-ի

N 2076-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՄԻՆՉԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ը ՆԵՐԱՌՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԵՎ ԱՌԱՆՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԸ ԼՔԵԼՈՒ ՆՈՒՅՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ԱՏԳ ԱԱ 8703 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻՆ ԴԱՍՎՈՂ ԹԵԹԵՎ ՄԱՐԴԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱԶԱՏ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

(վերնագիրը փոփ. 21.12.2023 թիվ 2287-Ն որոշում)

 

1. Սույն որոշմամբ նախատեսված պետական աջակցության ծրագրի նպատակն է ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվող` ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության նպատակով ձևակերպման ժամանակ միասնական դրույքաչափով վճարվող մաքսատուրքերի և հարկերի մասնակի փոխհատուցումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` մեղմելու համար միության օրենսդրության շրջանակներում ֆիզիկական անձանց անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար սահմանված` մաքսային վճարների բարձր դրույքաչափերի ազդեցությունն անձանց սոցիալական վիճակի վրա:

2. Սույն ծրագրի շահառու կարող է հանդիսանալ միության անձ հանդիսացող այն ֆիզիկական անձը (այսուհետ` շահառու), ով մինչև 2023 թվականի դեկտեմբերի 4-ը ներառյալ ժամանակավոր ներմուծման նպատակով միության անդամ չհանդիսացող պետություններից միության մաքսային տարածք ներմուծել է ավտոմոբիլ, որը մինչև սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված ուղևորային մաքսային հայտարարագիրը ներկայացնելու ամսաթիվը նույն նպատակով գտնվել է Հայաստանի Հանրապետության տարածքում: Շահառու կարող է հանդիսանալ նաև միության անձ հանդիսացող այն ֆիզիկական անձը (այսուհետ` շահառու), որին պատկանող ավտոմոբիլը մինչև 2023 թվականի դեկտեմբերի 4-ը ներառյալ ժամանակավոր ներմուծման նպատակով ներմուծվել է Հայաստանի Հանրապետություն և մինչև սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված ուղևորային մաքսային հայտարարագիրը ներկայացնելու ամսաթիվը նույն նպատակով գտնվել է Հայաստանի Հանրապետության տարածքում:

(2-րդ կետը փոփ. 21.12.2023 թիվ 2287-Ն որոշում)

3. Ծրագրի իրականացումն ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն (այսուհետ` կոմիտե):

4. Ծրագրի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել 2023 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին:

5. Մինչև սույն ծրագրի իրականացման ժամկետի ավարտը սույն որոշման 1-ին կետով նախատեսված յուրաքանչյուր ավտոմոբիլի համար ազատ շրջանառության նպատակով ուղևորային մաքսային հայտարարագիր ներկայացնելու և միասնական դրույքաչափերով մաքսատուրքերը և հարկերը վճարելու դեպքում յուրաքանչյուր շահառուին տրամադրվող փոխհատուցման գումարը կազմում է`

1) միասնական դրույքաչափով վճարված մաքսատուրքերի և հարկերի մեծության 40%-ը, եթե վերջինիս կողմից հայտարարագրվել է մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմոբիլ.

2) միասնական դրույքաչափով վճարված մաքսատուրքերի և հարկերի մեծության 70%-ը, եթե վերջինիս կողմից հայտարարագրվել է 5 տարվանից ավելի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմոբիլ:

6. Ծրագրի շրջանակներում սույն հավելվածով նախատեսված փոխհատուցումն ստանալու նպատակով շահառուն սույն ծրագրի իրականացման ժամկետում ավտոմոբիլի հայտարարագրման համար ներկայացնում է ազատ շրջանառության նպատակով ներմուծման ուղևորային մաքսային հայտարարագիր` օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

7. Մաքսային մարմինն օրենսդրությամբ սահմանված ժամկետներում իրականացնում է մաքսային մուտքի անդորրագրի լրացումը և կատարում է միասնական դրույքաչափերով մաքսատուրքերի և հարկերի հաշվարկը:

8. Շահառուի կողմից մաքսատուրքերի և հարկերի պարտավորության կատարման նպատակով իրականացվում է հաշվարկված մաքսատուրքերի և հարկերի համապատասխանաբար 60%-ի վճարումը, եթե վերջինիս կողմից ներկայացվել է մինչև 5 տարվա թողարկման տարեթիվ ունեցող ավտոմոբիլի հայտարարագիր, և 30%-ի վճարումը, եթե նրա կողմից ներկայացվել է 5 տարվանից ավելի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմոբիլի հայտարարագիր:

9. Մաքսային մարմնի կողմից միասնական դրույքաչափով հաշվարկված մաքսատուրքերի և հարկերի գումարի և շահառուի կողմից սույն հավելվածի 8-րդ կետի համաձայն վճարված գումարի տարբերության վճարումն իրականացվում է աջակցության ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին:

10. Սույն հավելվածի 9-րդ կետով սահմանված վճարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն իրականացնում է պետական բյուջեի ծախսային և եկամտային մասերում համապատասխան ձևակերպումներ` կոմիտեի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածի յուրաքանչյուր աշխատանքային օրվա կտրվածքով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված` հայտարարագիր ներկայացրած շահառուների վերաբերյալ տեղեկատվության և վերջիններիս մաքսատուրքերի և հարկերի մասով փոխհատուցման ենթակա գումարների մասով: Սույն կետով նախատեսված տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն կոմիտեն ներկայացնում է էլեկտրոնային եղանակով յուրաքանչյուր աշխատանքային օրվա մասով մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը, ինչից հետո ֆիզիկական անձի մաքսատուրքերի և հարկերի գծով պարտավորությունը մաքսային գործառնությունների կատարման նպատակով համարվում է կատարված:

11. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը կոմիտեի կողմից տեղեկատվություն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է սույն հավելվածի 10-րդ կետով նախատեսված ձևակերպումը և կոմիտեին ներկայացնում տեղեկատվություն` ձևակերպումը կատարված լինելու վերաբերյալ:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 նոյեմբերի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.11.2023
N 2076-Ն
Որոշում