Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ ՈՐՈՇՄԱՆ ՊԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ ՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍՈՒՄ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                           թիվ ԵԴ/20571/02/18

    Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/20571/02/18       2023 թ.

Նախագահող դատավոր` Ս. Թորոսյան

    Դատավորներ`        Ն. Մարգարյան

                       Լ. Հովհաննիսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Գ. Հակոբյան

զեկուցող Ա. Մկրտչյան

Ս. Մեղրյան

Է. Սեդրակյան

 

2023 թվականի սեպտեմբերի 06-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Արմեն Հակոբյանի հայցի ընդդեմ Կառլեն Կիրակոսյանի` վնասը հատուցելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.06.2022 թվականի որոշման դեմ Արմեն Հակոբյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արմեն Հակոբյանը պահանջել է Կառլեն Կիրակոսյանից բռնագանձել 3.000.000 ՀՀ դրամ` որպես իրեն պատճառված վնասի հատուցում:

Դատարանի 23.09.2020 թվականի արձանագրային որոշմամբ պատասխանող Կառլեն Կիրակոսյանը փոխարինվել է իր իրավահաջորդներով` Արմեն և Մանյա Կիրակոսյաններով:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 07.03.2022 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.06.2022 թվականի որոշմամբ Արմեն Հակոբյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 07.03.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Հակոբյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Արմեն և Մանյա Կիրակոսյանները (ներկայացուցիչ Ա. Քալաշյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ և 13-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործով Վերաքննիչ դատարանն իրացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով իրեն վերապահված լիազորությունը` մերժել է վերաքննիչ բողոքը և շտկել սխալ պատճառաբանված դատական ակտը` չանդրադառնալով վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին: Մինչդեռ սույն գործով առկա չի եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքը, որի պայմաններում Վերաքննիչ դատարանը պարտավոր էր անդրադառնալ վերաքննիչ բողոքում նշված հիմքերին և հիմնավորումներին:

Վերաքննիչ բողոքում նշվել է, որ Դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ և 66-րդ հոդվածների խախտում, մասնավորապես` Դատարանը պատշաճ չի հետազոտել գործում առկա ապացույցները, հակառակ պարագայում` հաստատված կհամարեր Կառլեն Կիրակոսյանի կողմից վնաս պատճառելու հանգամանքը:

Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի սահմաններից և քննության առարկա է դարձրել «սկզբնական պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը կարող է փաստացի ուղղվել նաև վերջինիս իրավահաջորդներին» իրավական հարցադրումը, որը Դատարանում քննարկման առարկա չի հանդիսացել և վերաքննիչ բողոքում այդ մասով հարց չի բարձրացվել:

Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2018 թվականի թիվ ԵԿԴ/0219/02/15 քաղաքացիական գործով որոշմանը, որի համաձայն` դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում քննելը մրցակցության սկզբունքի դրսևորում է քաղաքացիական դատավարությունում: Վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքաբերի կողմից մատնանշված բողոքի հիմքերով և հիմնավորումներով ու չի կարող քննության առարկա դարձնել դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումներ, որոնք չեն ներկայացվել վերաքննիչ բողոքում:

Եթե Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա դարձներ վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները, ապա կհամոզվեր, որ Դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ և 66-րդ հոդվածների խախտումներ, քանի որ գործում առկա գրավոր ապացույցներով հաստատվում են Կառլեն Կիրակոսյանի հակաիրավական վարքագիծը, վերջինիս մեղքի առկայությունը, պատճառած վնասը, ինչպես նաև հակաիրավական վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը, որոնց առկայության պայմաններում բողոքաբերն ունի պատճառված վնասի հատուցում ստանալու լեգիտիմ ակնկալիք:

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին` արդյունքում չկատարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, ինչը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել և փոփոխել այն` Վերաքննիչ դատարանի 03.06.2022 թվականի որոշումը` հայցը բավարարել, կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Արմեն Կիրակոսյանի և Մանյա Կիրակոսյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

Հայցը ենթակա է մերժման ոչ միայն այն հիմքով, որ առկա չէ միակ ապացույցը` մեղադրական դատավճիռը, որով հիմնավորված կհամարվեր Կառլեն Կիրակոսյանին մեղսագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու փաստը, և որը հիմք կհանդիսանար վերջինիցս պահանջելու հատուցել հանցագործությամբ պատճառված նյութական վնասը, այլև Կառլեն Կիրակոսյանի կողմից ենթադրյալ կատարված հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պարտավորությունը չի կարող դրվել նրա իրավահաջորդներ Մանյա և Արմեն Կիրակոսյանների վրա: ՈՒստի, վճռաբեկ բողոքում նշված այն փաստարկը, որ այդ հարցը քննության առարկա չի դարձել, անհիմն է:

Դատարանը, մերժելով հայցը, վճռի հիմքում դրել է այն փաստարկը, որ հայցվորը չի ներկայացրել որևէ ապացույց Կառլեն Կիրակոսյանի կողմից հանցագործություն կատարելու և դրա արդյունքում իրեն վնաս պատճառելու վերաբերյալ, առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, որով հաստատված կհամարվեր Կառլեն Կիրակոսյանի մեղքն իրեն մեղսագրվող արարքում:

Վճռաբեկ բողոքն անհիմն է, քանի որ Վերաքննիչ դատարանն օգտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված իր լիազորությունից և կայացրել է հիմնավորված դատական ակտ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Էրեբունի և Նուբարաշեն բաժնի պետի տեղակալ Պ. Գրիգորյանը 21.08.2010 թվականին կայացրել «Կատարողական վարույթ հարուցելու մասին» որոշում (հատոր 1-ին, գ.թ. 17).

2) ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Էրեբունի և Նուբարաշեն բաժնի պետի տեղակալ Պ. Գրիգորյանը 24.08.2010 թվականին կազմել է պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին ակտ պարտապանին պատկանող երշիկի եփման և ծխեցման վառարանը` 2.000.000 ՀՀ դրամ, վակումային փաթեթավորող սարքը` 1.000.000 ՀՀ դրամ գնահատված արժեքով, (...):

Նույն ակտով վերը նշված գույքն ի պահ է հանձնվել Ահարոն, Արտյոմ և Արմեն Կիրակոսյանների հորը` Կառլեն Բալաբեկի Կիրակոսյանին, ու նրան բացատրվել է նշված գույքը վատնելու, թաքցնելու, օտարելու և փոփոխելու դեպքում քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 18).

3) թիվ ԵԷԴ/0927/02/10 քաղաքացիական գործով 19.12.2011 թվականին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրվել է կատարողական թերթ, որտեղ որպես պահանջատեր նշվել է Արմեն Արարատի Հակոբյանը, իսկ որպես պարտապան` Ահարոն Կառլենի Կիրակոսյանը (հատոր 1-ին, գ.թ. 16).

4) թիվ 12113816 քրեական գործով մեղադրական եզրակացության պատճենի համաձայն` Կառլեն Բալաբեկի Կիրակոսյանը մեղադրվել է այն բանի համար, որ վերջինս նախազգուշացված լինելով արգելանքի տակ գտնվող գույքերը վատնելու, թաքցնելու, օտարելու և փոխելու դեպքում քրեական պատասխանատվության մասին, 2014-2015թթ. արգելանքի տակ գտնվող երշիկի եփման և ծխեցման վառարանը, ինչպես նաև վակումային փաթեթավորող սարքն ապօրինաբար հանձնել է մեկ ուրիշի` կատարելով հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով (հատոր 1-ին, գ.թ. 9-12).

5) թիվ ԵԷԴ/0068/01/16 քրեական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 09.07.2018 թվականի որոշմամբ քրեական գործի վարույթը կարճվել է և ամբաստանյալ Կառլեն Կիրակոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է` վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:

Միաժամանակ, նույն որոշմամբ տուժող և քաղաքացիական հայցվոր Արմեն Հակոբյանի քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության, նրան իրավունք է վերապահվել հետագայում քաղաքացիական հայց ներկայացնել դատարան` քաղաքացիական դատավարության կարգով (հատոր 1-ին, գ.թ. 13-15).

6) թիվ ԵԷԴ/0068/01/16 քրեական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 09.07.2018 թվականի որոշմամբ ամբաստանյալ Կառլեն Կիրակոսյանը դատարանին հայտնել է, որ ընդունում է, որ իր գործողություններով վնաս է պատճառել, սակայն չի կարող ասել, թե որքան (հատոր 1-ին, գ.թ. 13-15).

7) Արմեն Հակոբյանը 24.09.2018 թվականին դատարան մուտքագրված հայցադիմումով պահանջել է Կառլեն Կիրակոսյանից հօգուտ իրեն բռնագանձել 3.000.000 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցում (հատոր 1-ին, գ.թ. 3-7).

8) մահվան մասին թիվ ԲԱ106736 պետական վկայականի համաձայն` Կառլեն Բալաբեկի Կիրակոսյանը 15.04.2019 թվականին մահացել է (հատոր 1-ին, գ.թ. 61).

9) ՀՀ Երևան նոտարական տարածքի նոտար Մ. Սարգսյանի 05.05.2020 թվականի թիվ 244 գրության համաձայն` Արմեն Կառլենի Կիրակոսյանը և Մանյա Ավետիքի Կիրակոսյանը Կառլեն Բալաբեկի Կիրակոսյանի մահից հետո դիմել են ժառանգության ընդունման համար (հատոր 1-ին, գ.թ. 77).

10) Դատարանի 23.09.2020 թվականի արձանագրային որոշմամբ լուծվել է պատասխանողի իրավահաջորդության հարցը և որոշվել է Արմեն Կիրակոսյանին ու Մանյա Կիրակոսյանին ծանուցել որպես պատասխանողներ (հատոր 1-ին, գ.թ. 91-92):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցադրմանը, թե արդյո՞ք վերաքննիչ դատարանը որոշման պատճառաբանական մասում պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են:

ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանն օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանների` բողոքարկման ենթակա դատական ակտերը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանում գործերի քննության կարգը, ինչպես նաև վերաքննության սահմանները սահմանվում են օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտը բեկանում է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքին և դրա հիմնավորումներին, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

Համանման իրավական կարգավորումներ է պարունակել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգիրքը (այսուհետ` Նախկին օրենսգիրք):

Անդրադառնալով Նախկին օրենսգրքի` վերաքննության սահմանների վերաբերյալ կարգավորումներին` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է վերաքննիչ դատարանը դատական ակտը պետք է վերանայի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Ընդ որում, վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայելիս պետք է պարտադիր անդրադառնա վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերին և հիմնավորումներին (տե՛ս Տիգրան Կիրակոսյանն ընդդեմ Վիկտոր Խոլոդնիյի թիվ ԵԷԴ/0871/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2010 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է և վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը որոշում է վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններում: Նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նաև նշանակում է, որ վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հակառակ դեպքում Նախկին օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի դրույթը կկրի հռչակագրային բնույթ, եթե դատարանները սահմանափակվեն զուտ այդ դրույթին համահունչ վերաքննիչ բողոքի հիմքերը դատական ակտում շարադրելով և չանդրադառնան այդ հիմքերի հիմնավորվածության հարցին: Հետևաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ (տե՛ս Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ գործով կայացված որոշմամբ հավելել է, որ վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանական մասում վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին անդրադառնալու ու դրանց գնահատական տալու պահանջն օրենսդրի կողմից ինքնանպատակ չի սահմանվել: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ բողոքարկման ինստիտուտի միջոցով անձի դատական պաշտպանության իրավունքի իրացումը կկրի զուտ ձևական բնույթ, եթե վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում կայացնի բողոքը մերժելու մասին` առանց գնահատման արժանացնելու բողոքում ներկայացված յուրաքանչյուր հիմք և, ըստ այդմ, անձին զրկելով բողոքում բարձրացված յուրաքանչյուր հիմքի կապակցությամբ վերադաս դատարանի եզրահանգումը ստանալու իրավունքից (տե՛ս Վարդան Աթայանն ընդդեմ Մանվել Տեր-Առաքելյանի, երրորդ անձ «Ռեգնում» լրատվական գործակալության թիվ ԵԿԴ/1320/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

Վերահաստատելով և զարգացնելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում քննելը մրցակցության սկզբունքի դրսևորում է քաղաքացիական դատավարությունում: Վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքաբերի կողմից մատնանշված բողոքի հիմքերով և հիմնավորումներով և չի կարող քննության առարկա դարձնել դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք չեն ներկայացվել վերաքննիչ բողոքում: Ընդ որում, վերաքննության սահմանները նաև ենթադրում են, որ վերաքննիչ դատարանն անդրադառնում է միայն բողոքի այն հիմքերին և հիմնավորումներին, որոնց վերաբերյալ փաստարկները ներկայացվել են առաջին ատյանի դատարանում, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքաբերը զրկված է եղել դրանք ներկայացնելու հնարավորությունից (տե՛ս «Հ.Վ.Մ. Միլի Ֆուդ» ՍՊԸ-ն ընդդեմ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0219/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ գործով կայացված որոշմամբ գտել է, որ սահմանափակ վերաքննության պայմաններում վերաքննության փուլում`

1. վերանայման օբյեկտը պետք է լինի ստորադաս դատարանի կողմից կայացված և բողոքարկվող դատական ակտը, այլ ոչ գործն ընդհանրապես.

2. բողոքարկվող դատական ակտը պետք է վերանայվի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում.

3. վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և դրանց հիմնավորումներին` քննարկման առարկա դարձնելով դրանցից յուրաքանչյուրը և կատարելով եզրահանգում դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նաև հավելել, որ վերաքննության սահմանների վերաբերյալ վերը նշված ընդհանուր կանոններին զուգահեռ օրենսդիրը նախատեսել է նաև որոշ բացառություններ: Այսպես.

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի և 365-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումները հիմք ընդունելով` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում առկա է 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, որի հիման վրա վերաքննիչ դատարանը բեկանում է բողոքարկվող դատական ակտը (բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերի), վերաքննիչ դատարանը չի առաջնորդվում ընդհանուր կանոնով և վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերը չի քննում, այլ անդրադառնում է միայն վերաքննիչ բողոքում տեղ գտած` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված համապատասխան հիմքին, որի հիման վրա բեկանել է դատական ակտը: ՈՒստի, Վճռաբեկ դատարանը գտել է, որ նման դեպքերում վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալու ընդհանուր կանոնն այլևս չի գործում:

2. ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ օրենսդրի կողմից նախատեսվել է մեկ այլ բացառություն, որը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ և 379-րդ հոդվածի 1-ին մասերի կարգավորումներից: Մասնավորապես` եթե առկա են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը, ապա վերաքննիչ դատարանը կաշկանդված չէ վերաքննիչ բողոքի հիմքերով և հիմնավորումներով: Այսինքն` անդրադառնալով միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքին, որի հիման վրա բեկանում է դատական ակտը, վերաքննիչ դատարանը մյուս հիմքերին այլևս չի անդրադառնում: Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վկայակոչված կարգավորման ուժով վերաքննիչ դատարանը ոչ միայն չի անդրադառնում վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին, այլև չի սահմանափակվում բողոքի հիմքերով և հիմնավորումներով, և անկախ այն բանից` բողոքում տեղ է գտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, թե` ոչ, վերաքննիչ դատարանը բեկանում է բողոքարկվող դատական ակտը:

3. ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ վերաքննիչ դատարանի կողմից բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալու կանոնից բացառություն է նաև այն դեպքը, երբ բողոք բերած անձը բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը չի հայտնել առաջին ատյանի դատարանում` միաժամանակ զրկված չլինելով նման դիրքորոշում հայտնելու հնարավորությունից: ՈՒստի, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ նման իրավիճակում վերաքննիչ դատարանը ոչ թե իրավասու է չանդրադառնալու, այլ պարտավոր է չանդրադառնալ վերաքննիչ բողոքի այնպիսի հիմքերի, ի հիմնավորումն որոնց բողոք բերած անձը հայտնում է այնպիսի դիրքորոշում, որը կարող էր հայտնել, սակայն չի հայտնել առաջին ատյանի դատարանում (տե՛ս Վարդանուշ Բեժանյանը, Շալիկո, Նառա և Նոնա Պարանյաններն ընդդեմ Վաչագան Հակոբյանի թիվ ԼԴ1/0188/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.05.2020 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Արմեն Հակոբյանը 24.09.2018 թվականին դատարան մուտքագրված հայցադիմումով պահանջել է Կառլեն Կիրակոսյանից բռնագանձել 3.000.000 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցում:

Գործի քննության ընթացքում հայտնի է դարձել, որ պատասխանող Կառլեն Կիրակոսյանը 15.04.2019 թվականին մահացել է: Երևան նոտարական տարածքի նոտար Մ. Սարգսյանի 05.05.2020 թվականի թիվ 244 գրության համաձայն` Արմեն Կառլենի Կիրակոսյանը և Մանյա Ավետիքի Կիրակոսյանը Կառլեն Բալաբեկի Կիրակոսյանի մահից հետո դիմել են ժառանգության ընդունման համար:

Դատարանը 23.09.2020 թվականի արձանագրային որոշմամբ լուծել է պատասխանողի իրավահաջորդության հարցը և որոշել է Արմեն Կիրակոսյանին ու Մանյա Կիրակոսյանին ծանուցել որպես պատասխանողներ:

Դատարանը, 07.03.2022 թվականի վճռով մերժելով հայցը, արձանագրել է, որ «(...) միայն հարուցված քրեական գործը, ինչպես նաև դրա հիման վրա Դատարանի կողմից կայացված վերը նշված որոշումը հիմք չէ ներկայացված հայցը բավարարելու համար, քանի որ տվյալ անձի մեղքը դատական ակտով չի հաստատվել:

(...)

Ինչ վերաբերում է վերը նշված մեղադրական եզրակացությանը և Դատարանի` քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշմանը, ապա նշվածով հաստատվում է միայն այն, որ առկա է եղել Պատասխանողի նկատմամբ հարուցված քրեական գործ, որը սակայն կարճվել է և քրեական հետապնդումը դադարեցվել է` վաղեմության ժամկետը լրանալու հետևանքով: Այսինքն, նշված փաստաթղթերով հաստատվում է միայն այն, որ առկա է եղել կասկած` հանցագործություն կատարված լինելու վերաբերյալ, սակայն կոնկրետ դատավճիռ, ինչով կհավաստվեր հանցագործության կատարման փաստը` առկա չէ:

(...)

Միաժամանակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերը նշված իրավանորմերից հետևում է, որ հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով, ինչը տվյալ դեպքում բացակայում է, քանի որ Դատարանի` գործի վարույթը կարճելու որոշումը, ինչպես նաև մեղադրական եզրակացությունը չեն հանդիսանում օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, իսկ օրինական ուժի մեջ մտած դատավճռի բացակայության դեպքում` անձը չի կարող համարվել հանցագործություն կատարած: (...)»:

Վերաքննիչ դատարանը բողոքարկվող դատական ակտով արձանագրել է, որ Դատարանը հայցը մերժելով, թեև վճիռը սխալ է պատճառաբանել, այդուհանդերձ այն ենթակա չէ բեկանման, քանի որ նշված թերությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով կարող էր շտկվել և շտկվել է Վերաքննիչ դատարանի կողմից` անփոփոխ թողնված վճիռը պատճառաբանելու միջոցով: Արդյունքում, մերժելով Արմեն Հակոբյանի վերաքննիչ բողոքը և անդրադառնալով Դատարանի եզրահանգման իրավաչափությանը` Վերաքննիչ դատարանը նախ անդրադարձել է այն հարցադրմանը, թե «(...) արդյոք սկզբնական պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը կարող է փաստացի ուղղվել նաև վերջինիս իրավահաջորդներին, (...)»: Միաժամանակ, պատճառաբանելով դատական ակտը` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «(...) Կառլոս Կիրակոսյանին ուղղված նյութաիրավական պահանջով հայցվորը խնդրել է վերջինիցս բռնագանձել 3.000.000 ՀՀ դրամի չափով իրեն պատճառված վնասը, այսինքն` Կառլոս Կիրակոսյանին վերագրել է վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորությունը, որի առկայությունը պետք է հաստատվեր հենց բռնագանձման վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, մինչդեռ գործի քննության ընթացքում պատասխանողը մահացել է, այսինքն` չի հաստատվել Կառլոս Կիրակոսյանի` Արմեն Հակոբյանի օգտին 3.000.000 ՀՀ դրամի չափով գումար վճարելու պարտավորությունը, նման պարտավորությունը չի հաստատվել նաև քրեական գործով, քանի որ քրեական գործի վարույթը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով կարճվելու պայմաններում հարուցված քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության:

Փաստերի նման դասավորվածությունից հետևում է, որ 3.000.000 ՀՀ դրամի պարտավորությունը չի ներառվել Կառլոս Կիրակոսյանի ժառանգական զանգվածում, ինչն էլ, իր հերթին, վկայում է այն մասին, որ բացառվել է Կառլոս Կիրակոսյանի իրավահաջորդներ Մանյա և Արմեն Կիրակոսյանների դեմ ուղղված նյութաիրավական պահանջի բավարարումը, քանի որ հայցի առարկա պարտավորությունը ներառված չի եղել Կառլոս Կիրակոսյանի ժառանգական զանգվածում, ինչն առնվազն վկայում է այն մասին, որ Մանյա և Արմեն Կիրակոսյանների մոտ որևէ հիմքով չի ծագել նշված չափով վնասը հատուցելու պարտավորություն: (...)»:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Վերաքննիչ դատարանը, 03.06.2022 թվականի որոշման ներածական մասում նշելով, որ քննվում է Արմեն Հակոբյանի վերաքննիչ բողոքը, նկարագրական մասում նշելով այդ բողոքի հիմքերը և հիմնավորումները, վերաքննիչ բողոք ներկայացրած անձի պահանջը, նույն որոշման պատճառաբանական մասում չի անդրադարձել բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն իր կողմից կայացված դատական ակտի պատճառաբանական մասն ամբողջովին կառուցել է այն հարցադրման շուրջ, թե «արդյոք սկզբնական պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը կարող է փաստացի ուղղվել նաև վերջինիս իրավահաջորդներին», այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում նշված հարցադրման վերաբերյալ որևէ փաստարկ կամ դիրքորոշում ներկայացված չի եղել: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքում վկայակոչված փաստարկներին այն մասին, որ «դատարանը (...) խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ, 66-րդ հոդվածների պահանջները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածը», «(...) դատարանը պատշաճ ուսումնասիրության չի ենթարկել գործում առկա ապացույցները, մասնավորապես թիվ ԵԷԴ/0068/01/16 քրեական գործով դատարանի որոշումը, համաձայն որի ամբաստանյալ Կառլեն Կիրակոսյանն ընդունել է իր կողմից վնաս պատճառելու հանգամանքը», «(...) դատարանի այն դիրքորոշումը, որ հայցի առարկա է հանդիսացել հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումը, չի համապատասխանում իրականությանը, քանի որ հայցը վերնագրված է «պատճառված վնասի հատուցման մասին», իսկ եզրափակիչ մասը` մեջբերում. «բռնագանձել 3.000.000 (երեք միլիոն) ՀՀ դրամ գումար` որպես պատճառված վնասի հատուցում» (...)»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկվող որոշման պատճառաբանական մասում Վերաքննիչ դատարանի կողմից որևէ անդրադարձ և եզրահանգում չի կատարվել նշված փաստարկների հիմնավորվածության վերաբերյալ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, չանդրադառնալով Արմեն Հակոբյանի վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին ու, մասնավորապես, վերաքննիչ բողոքում բարձրացված այն փաստարկներին, որ Դատարանը պատշաճ ուսումնասիրության չի ենթարկել գործում առկա ապացույցները, մասնավորապես` թիվ ԵԷԴ/0068/01/16 քրեական գործով դատարանի որոշումը, որի համաձայն` ամբաստանյալ Կառլեն Կիրակոսյանն ընդունել է իր կողմից վնաս պատճառելու հանգամանքը, ինչպես նաև հաշվի չի առել բողոք բերած անձի այն պնդումը, որ հայցը ներկայացվել է ոչ թե որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պահանջ, այլ ընդհանուր կանոններով` որպես պատճառված վնասի հատուցում, թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ և 381-րդ հոդվածների խախտում, ինչն ազդել է գործի ելքի վրա:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի հիմքերի վերաբերյալ վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի խախտման հիմքով գործը նոր քննության ուղարկելու պայմաններում վճռաբեկ բողոքի մյուս հիմքերին անդրադառնալ հնարավոր չէ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը` Արմեն Հակոբյանի վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից քննելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.06.2022 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Գ. Հակոբյան

Զեկուցող Ա. Մկրտչյան

Ս. Մեղրյան

Է. Սեդրակյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 6 սեպտեմբերի 2023 թվական:

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=45880421203888640

 

Միասնական կայք` 27.11.23-10.12.23

 

 

pin
Վճռաբեկ դատարան
06.09.2023
N ԵԴ/20571/02/18
Որոշում