Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                       Վարչական գործ

    դատարանի որոշում                            թիվ ՎԴ/13403/05/21

    Վարչական գործ թիվ ՎԴ/13403/05/21            2022թ.

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ`

Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Լ. Հակոբյան

Հ. Բեդևյան

Ք. Մկոյան

 

2022 թվականի դեկտեմբերի 13-ին

գրավոր ընթացակարգով քննելով Մամիկոն Ասլանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.02.2022 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Մամիկոն Ասլանյանի ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և ՀՀ արդարադատության նախարարության (այսուհետ` Համապատասխանողներ) 05.12.2021 թվականի ընտրությունների արդյունքների հիման վրա ընտրված և ձևավորված Վանաձոր համայնքի ավագանու առաջին նիստին Մամիկոն Ասլանյանի մասնակցությունը, վերջինիս` Վանաձոր համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու և քվեարկելու իրավունքն ապահովելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Մամիկոն Ասլանյանը պահանջել է պարտավորեցնել Համապատասխանողներին ապահովելու 05.12.2021 թվականի ընտրությունների արդյունքների հիման վրա ընտրված և ձևավորված Վանաձոր համայնքի ավագանու առաջին նիստին Մամիկոն Ասլանյանի մասնակցությունը և Վանաձոր համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու և քվեարկելու իրավունքը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 24.12.2021 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.02.2022 թվականի որոշմամբ Մամիկոն Ասլանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 24.12.2021 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մամիկոն Ասլանյանը (ներկայացուցիչ` Արամազդ Կիվիրյան):

Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությունը (ներկայացուցիչ` Նարեկ Մովսիսյան) և ՀՀ արդարադատության նախարարությունը (ներկայացուցիչ` Ռուբինա Մխիթարյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել են` ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածը, 48-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերը, 61-րդ հոդվածի 1-ին կետը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, 8-րդ հոդվածը, 13-րդ հոդվածը, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» 1966 թվականի միջազգային դաշնագրի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 14-րդ հոդվածը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ հոդվածը, 21-րդ հոդվածի 1-ին մասը, «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններում ժողովրդավարական ընտրությունների, ընտրական իրավունքների և ազատությունների չափանիշների մասին» կոնվենցիայի 1-ին հոդվածը, 2-րդ հոդվածի «ա» կետը, «Ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 141.1-րդ հոդվածը, 142.2-րդ հոդվածի 1-ին մասը, նույն հոդվածի 4-րդ, 6-րդ մասերը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 102-րդ հոդվածի 3.2 կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, 10-րդ հոդվածը, 68-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, քանի որ ձերբակալված կամ կալանավորված անձանց ընտրելու կամ ընտրվելու իրավունքի կարգավորումը հանդիսանում է հանրային իրավահարաբերություններից առաջացող վեճ և պետք է դիտարկվի անձի սահմանադրական իրավունքի` ընտրելու և ընտրվելու իրավունքների իրացման տեսանկյունից, ուստի այն պետք է կարգավորվի վարչական դատավարության կարգով:

Վերաքննիչ դատարանի որոշմամբ դատական պաշտպանության իրավունքի և գործերի առարկայական ընդդատության առնչությամբ տրվել են այնպիսի մեկնաբանություններ, որոնք չեն բխում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում` 22.04.2016 թվականի թիվ ՎԴ/1621/05/14, 27.11.2015 թվականի թիվ ՎԴ/4901/05/11 վարչական գործերով, 03.12.2010 թվականի թիվ ԵԱՔԴ/1369/02/09 քաղաքացիական գործով որոշումներով տրված մեկնաբանություններից:

Վերաքննիչ դատարանը սույն գործի փաստերը բավարար կերպով չի ուսումնասիրել, որի հետևանքով եկել է այն եզրահանգման, որ հայցվորի կողմից բողոքարկվել է նախաքննություն իրականացնող մարմնի որոշումը, մինչդեռ սույն դեպքում հայցապահանջը վերաբերում է ընտրական իրավունքի իրացման հնարավորություն ստեղծելուն: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված չէ նշված հարցի լուծումը վարույթն իրականացնող մարմնին վերապահելու վերաբերյալ կարգավորում, մինչդեռ Դատարանը և Վերաքննիչ դատարանը գտնում են, որ տվյալ հարցի կարգավորումը հնարավոր չէ վարչական դատավարության կարգով, ուստի ակնհայտ է, որ տվյալ պարագայում առկա է իրավունքի զարգացման խնդիր:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.02.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնելով Դատարանի 24.12.2021 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

2.1 Վճռաբեկ բողոքի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված պատասխանի հիմնավորումները.

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման ստորև բերված հիմնավորումներով.

Ավագանու նիստին կալանավորված անձի մասնակցությունը և քվեարկությունն ապահովելու հարցի լուծումը քրեական դատավարությունից դուրս որևէ մարմնի, այդ թվում` ՀՀ արդարադատության նախարարությանը, վերապահված չէ, և նախարարությունը, ի դեմս քրեակատարողական կոնկրետ հիմնարկի, լիազորված չէ սեփական նախաձեռնությամբ իրեն նման լիազորություն վերապահել: Կալանավորված անձը ներգրավված է քրեական վարույթին, ունի որոշակի իրավունքներ և պարտականություններ, որոնք բխում են իր քրեադատավարական կարգավիճակից և քրեական վարույթ իրականացնող մարմինն է օժտված այնպիսի գործիքակազմով, որը հնարավորություն է տալիս կալանավորված անձին թույլատրել այս կամ այն վայր մեկնել, տեսակցել այլ անձանց հետ և այլն, որպիսի հարցերը չեն կարող քննարկվել սույն քրեական վարույթից դուրս, ընդ որում` վարչական դատավարության կարգով:

Բացի այդ, անձի` որպես ավագանու անդամի գործունեությունն իրականացվում է երկարատև ժամանակահատվածում, որի ընթացքում կալանք խափանման միջոց կիրառված լինելը կարող է առաջացնել ոչ միայն բարձրացված, այլև տարաբնույթ այլ խնդիրներ և անհամատեղելի իրավիճակներ, որոնք ևս քրեական վարույթն իրականացնող մարմնի տիրույթում են և չեն կարող լուծում ստանալ իր լիազորությունների շրջանակներում նախարարության կողմից:

 

2.2 Վճռաբեկ բողոքի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված պատասխանի հիմնավորումները.

Մամիկոն Ասլանյանի վճռաբեկ բողոքը` ընտրելու և ընտրվելու իրավունքի տրամադրման հանրային բնույթի մասով հիմնավոր է, իսկ ՀՀ գլխավոր դատախազությանը` 05.12.2021 թվականի ընտրությունների արդյունքների հիման վրա ընտրված և ձևավորված Վանաձոր համայնքի ավագանու առաջին նիստին Մամիկոն Ասլանյանի մասնակցությունը, համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու և քվեարկելու իրավունքն ապահովելուն պարտավորեցնելու պահանջի մասով անհիմն է և ենթակա մերժման` հետևյալ հիմնավորմամբ.

Կալանավորված անձանց կողմից ընտրելու և ընտրվելու իրավունքի իրացման ապահովման պարտականությունն ըստ էության վերապահված է տվյալ քրեակատարողական հիմնարկի պետին: Քրեական վարույթ իրականացնող մարմինները չեն կարող միջամտել նշված իրավահարաբերություններին դրանց իրացումն ապահովելու և սահմանափակելու տեսանկյունից և նշված հարցի լուծումը դուրս է քրեական վարույթ իրականացնող մարմինների լիազորությունների տիրույթից:

Նկատի ունենալով, որ դատախազը չուներ և ներկայումս էլ չունի լիազորություն և գործիքակազմ Մամիկոն Ասլանյանի` ավագանու նիստերին մասնակցությունը, համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու և քվեարկելու իրավունքն ապահովելու համար` դատախազության վրա նշված իրավունքների ապահովման պարտականություն դրվել չի կարող, հետևաբար պայմանավորված տվյալ ոլորտում գործառույթներ չունենալու հանգամանքով` դատախազի որպես պատասխանողի ներգրավումը տվյալ գործով անհիմն է: Բացի այդ, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` որպես պատասխանող` դատախազը կարող է հանդես գալ միայն իր հարուցած` պետական շահերի պաշտպանության հայցի քննության շրջանակներում ներկայացված հակընդդեմ հայցերով:

Ինչ վերաբերում է հայցվորի պահանջի բնույթին, ապա այն կրում է հանրային բնույթ և ընդդատյա է ՀՀ վարչական դատարանին:

 

3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, 10-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն դեպքում Վճռաբեկ դատարանի խնդիրն է մարդու իրավունքների ու ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու իր սահմանադրական գործառույթի շրջանակներում պարզել. արդյո՞ք խնդրո առարկա վեճն ընդդատյա է ՀՀ վարչական դատարանին:

 

Դատավարական իրավունքի առանցքային ինստիտուտներից է գործերի առարկայական ընդդատության ինստիտուտը, որը ՀՀ վճռաբեկ դատարանի բնորոշմամբ` դատավարական նորմերի այնպիսի համակցություն է, որը կարգավորում է դատարանի քննությանը ենթակա բոլոր գործերի բաշխումը ՀՀ դատական իշխանության առաջին ատյանի կոնկրետ դատարանների միջև (տե՛ս, «Վեստ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/0830/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարր է դիտարկել անձի` այն դատարանում իր գործի քննության իրավունքը, որի ընդդատությանն օրենքով հանձնված է տվյալ գործը (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 03.02.2009 թվականի ՍԴՈ-787 որոշումը):

Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործերի առարկայական ընդդատության կանոնների պատշաճ կիրառումը կարևոր երաշխիք է ինչպես դատարանի մատչելիության, այնպես էլ «օրինական դատարանի» կողմից գործի քննության իրավունքների արդյունավետ իրացման համար:

ՀՀ վարչական դատարանին գործերի առարկայական ընդդատության ընդհանուր շրջանակը սահմանվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածով: Նշված հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ներառյալ հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը, վարչական մարմինների միջև այն վեճերը, որոնք ենթակա չեն լուծման վերադասության կարգով, հանրային իրավունքի բնագավառում գործող կամ գործելու նպատակ ունեցող միավորումների, ներառյալ` արհեստակցական միությունների գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ վեճերով գործերը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի (...) ենթակայությանը վերապահված գործերը, ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված գործերը:

Վարչական դատարանին գործերի առարկայական ընդդատության կանոններն ամբողջականանում են նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի (այսուհետ` Դատական օրենսգիրք), ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հետևյալ նորմերում.

Դատական օրենսգրքի 20-րդ հոդվածի համաձայն` առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է դատական կարգով քննության ենթակա բոլոր գործերը, բացառությամբ մասնագիտացված դատարանների ենթակայությանը վերապահված գործերի:

Դատական օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանին են ենթակա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված գործերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածը սահմանում է. «1. Քաղաքացիական գործերը ենթակա են քննության առաջին ատյանի դատարանում, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի և հակակոռուպցիոն դատարանին ենթակա գործերի:

2. Քաղաքացիական են համարվում իրավունքի մասին վեճի հետ կապված բոլոր գործերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (այսուհետ` վարչական դատարան) կամ Սահմանադրական դատարանի իրավասությանը վերապահված գործերի: ...»:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 44-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները քննում են բոլոր քրեական գործերը, բացառությամբ հակակոռուպցիոն դատարանին ընդդատյա գործերի, քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր (նյութեր), ինչպես նաև վերահսկողություն են իրականացնում քրեական գործի մինչդատական վարույթի նկատմամբ:

Այսպիսով, վարչական դատարանին գործերի առարկայական ընդդատության ընդհանուր կանոնի համաձայն` վարչական դատարանի ընդդատությանն են վերապահված հանրային իրավահարաբերություններից ծագող գործերը: Այսինքն` վարչական դատարանին ընդդատյա գործերի առաջնային տարբերակիչ հատկանիշը վիճելի իրավահարաբերության հանրային բնույթն է: Միաժամանակ նշված ընդհանուր կանոնից կատարված են հետևյալ բացառությունները. վարչական դատարանին ընդդատյա չեն հանրային իրավահարաբերություններից ծագող`

- ՀՀ սահմանադրական դատարանի ենթակայությանը վերապահված գործերը,

- ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը,

- պատժի կատարման հետ կապված գործերը:

Այսինքն` վարչական դատարանի իրավասության տիրույթում են հանրային իրավահարաբերություններից ծագող այն բոլոր գործերը, որոնց ընդդատությունն օրենքով վերապահված չէ ՀՀ սահմանադրական դատարանին, ընդհանուր իրավասության դատարանին և որոնք կապված չեն պատժի կրման հետ: Այլ կերպ` վարչական դատարանին ընդդատյա չեն հանրային հարաբերություններից բխող այն գործերը, որոնց քննության իրավասությունն օրենքով հատուկ վերապահված է այլ դատարանի:

Վճռաբեկ դատարանն առանձնացրել է հանրային և մասնավոր իրավահարաբերությունների տարանջատման չափանիշները: Մասնավորապես` հանրային իրավահարաբերությունը մասնավոր հարաբերությունից տարանջատվում է թե՛ սուբյեկտային կազմով, թե՛ բովանդակությամբ և թե՛ օբյեկտով:

Իրավահարաբերությունը հանրային հատկանիշով բնութագրելու համար նախևառաջ անհրաժեշտ է, որ հարաբերության կողմ հանդես գա հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը (վարչական մարմիններ, դրանց պաշտոնատար անձինք, այդ թվում` պետական և համայնքային ծառայողներ):

Իրավահարաբերության բովանդակությունը տվյալ հարաբերության սուբյեկտների փոխադարձ իրավունքների և պարտականությունների ամբողջությունն է, որը հանրային բնույթի իրավահարաբերության պարագայում հանգում է հետևյալին. այդ հարաբերության կողմ հանդիսացող հանրային իշխանության սուբյեկտն ունի օրենքով սահմանված իր իշխանական լիազորություններն իրականացնելու պարտականություն, ինչն էլ հանդիսանում է ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների իրացման անհրաժեշտ և բավարար պայմանը:

Իրավահարաբերության օբյեկտն այն նյութական և (կամ) հոգևոր արժեքն է, ինչի կապակցությամբ որոշակի իրավաբանական փաստի (փաստական կազմի) հիման վրա կողմերի միջև ծագում է իրավահարաբերությունը: Հանրային իրավահարաբերությունները ծագում են հանրային շահը սպասարկող սուբյեկտների` պետության և համայնքի կողմից այն իրացնելու և կյանքի կոչելու, սոցիալական ոլորտում այն առարկայացնելու կապակցությամբ, քանի որ հանրային իրավունքով կարգավորվող հարաբերության շրջանակներում սուբյեկտը գործում է ոչ թե իր, այլ հանրային շահերի վերհանման և ապահովման նպատակով: Իրավական շահը դասակարգվում է հանրայինի և ոչ հանրայինի` դասակարգման հիմքում դնելով այդ շահը կրող սուբյեկտին. հանրային շահի կրողը հասարակությունն է` որպես մեկ միասնական, ամբողջական օրգանիզմ: Ընդ որում, շահը հանրային որակելու համար պարտադիր նախապայման չէ հասարակության բոլոր անդամների կողմից այդ շահի ընկալելի, ընդունելի լինելու հանգամանքը: Սակայն հանրային շահը տարբերվում է մասնավոր շահից ոչ միայն սուբյեկտային չափանիշով, այլ նաև իր առարկայով, քանի որ հանրային շահի առարկան համընդհանուր, համամարդկային որոշակի բարիքներն են, որոնց առարկայացումը հասարակական կյանքում անհրաժեշտ նախապայման է հասարակության գոյատևման և հետագա զարգացման համար (տե՛ս, «Վեստ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/1621/05/14 վարչական գործով 22.04.2022 թվականի որոշումը):

Այսպիսով, հանրային-իրավական բնույթի է այն հարաբերությունը, որում կողմերից մեկն անպայմանորեն հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտն է, որը հանրային շահի իրացման կապակցությամբ իրացնում է օրենքով սահմանված իր հանրային իշխանական լիազորությունները:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում հայցադիմումի ընդունելիության հարցը լուծելիս տվյալ գործի ընդդատությունը որոշելու համար նախ անհրաժեշտ է պարզել վիճելի իրավահարաբերության բնույթը` բացահայտելով հանրային իրավահարաբերություններին բնորոշ վերը նշված հատկանիշների առկայությունը (բացակայությունը), հաջորդիվ` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բացառությունների բացակայությունը (առկայությունը):

Վարչական դատարանին գործերի առարկայական ընդդատության վերը նշված կանոնների համակարգային վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգել, որ օրենսդիրը սահմանված իրավակարգավորումներով բացառել է այնպիսի իրավիճակի հնարավորությունը, երբ անձի ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված այս կամ այն իրավունքի կամ ազատության պաշտպանությունը դուրս մնա դատական վերահսկողության տիրույթից: Այլ կերպ` առարկայական ընդդատության կանոններն իրենց համակցության մեջ ամբողջականորեն երաշխավորում են անձի` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը: Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով անձի իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը պետք է ապահովվի վարչադատավարական կարգով, եթե այդ իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը այլ դատարանների իրավասության տիրույթից դուրս է:

 

Սույն գործով Մամիկոն Ասլանյանը, 23.12.2021 թվականին դիմելով Դատարան, պահանջել է պարտավորեցնել Համապատասխանողներին ապահովելու 05.12.2021 թվականի ընտրությունների արդյունքների հիման վրա ընտրված և ձևավորված Վանաձոր համայնքի ավագանու առաջին նիստին Մամիկոն Ասլանյանի մասնակցությունը և Վանաձոր համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու և քվեարկելու իրավունքը:

Դատարանը 24.12.2021 թվականի որոշմամբ Մամիկոն Ասլանյանի հայցադիմումի ընդունումը մերժել է այն հիմնավորմամբ, որ հայցապահանջը փաստացի ուղղված է նախաքննության մարմնի որոշման և (կամ) գործողությունների բողոքարկմանը, որը դուրս է ՀՀ վարչական դատարանի ընդդատության սահմաններից, և ներկայացված պահանջի (բողոքի) նկատմամբ կիրառելի են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված քրեադատավարական բողոքարկման ընթացակարգերը, մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը:

Վերաքննիչ դատարանը 15.02.2022 թվականի որոշմամբ Մամիկոն Ասլանյանի վերաքննիչ բողոքը մերժել է` հիմնավոր համարելով Դատարանի եզրահանգումն առ այն, որ ներկայացված պահանջը վարչական դատավարության կարգով դատարանում քննության ենթակա չէ, քանի որ հայցապահանջը փաստացի ուղղված է նախաքննության մարմնի որոշման և (կամ) գործողությունների բողոքարկմանը, որը դուրս է ՀՀ վարչական դատարանի ընդդատության սահմաններից:

Ըստ այդմ` Դատարանը և Վերաքննիչ դատարանը գտել են, որ հայցադիմումի ընդունումը ենթակա է մերժման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, այն է` հայցը ենթակա չէ դատարանում քննության:

Վճռաբեկ դատարանը, Դատարանի և Վերաքննիչ դատարանի դիրքորոշումների ու եզրահանգումների հիմնավորվածությունը գնահատելու համար անհրաժեշտ է համարում պարզել.

- արդյո՞ք սույն գործով վեճը ծագել է հանրային իրավահարաբերությունից,

- ըստ այդմ` արդյո՞ք առկա են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բացառությունները, մասնավորապես` արդյո՞ք խնդրո առարկա գործը սահմանադրաիրավական կամ քրեաիրավական հարաբերություններից բխող գործ է:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործով Համապատասխանողների և հայցվոր Մամիկոն Ասլանյանի միջև ծագած իրավահարաբերությունը հանրային բնույթի է` հաշվի առնելով, որ.

- Համապատասխանողները հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտներ են, որոնք իրացնում են օրենքով սահմանված իրենց հանրային իշխանական լիազորությունները,

- Համապատասխանողներն իրենց հանրային իշխանական լիազորություններն իրականացնում են հայցվորի ընտրական իրավունքի կապակցությամբ, և իրենց վարքագծով առաջացնում ուղղակի փաստական հետևանքներ հայցվորի համար:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բացառություններին, նախ արձանագրում է, որ հայցվորի ընտրական իրավունքի պաշտպանությունը ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածով սահմանված` ՀՀ սահմանադրական դատարանի լիազորությունների տիրույթում չէ:

Ինչ վերաբերում է Դատարանի և Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ սույն դեպքում կիրառելի են քրեադատավարական բողոքարկման ընթացակարգերը, Վճռաբեկ դատարանը նշված դիրքորոշումը հիմնավոր չի համարում հետևյալ պատճառաբանությամբ.

Նախկին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողությունները և որոշումները կարող են սույն օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկվել դատավարության մասնակիցների կողմից: Քննիչի և հետաքննության մարմնի աշխատակցի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել համապատասխան դատախազին, դատախազի որոշումները և գործողությունները` վերադաս դատախազին, դատարանինը` վերադաս դատարան: Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում քրեական հետապնդման մարմնի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել դատարան:

Նախկին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասը (որը վերաբերում է դատական վերահսկողության ոլորտին) սահմանում էր. «Դատարանը, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով, քննում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքները»:

Նախկին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

ՀՀ սահմանադրական դատարանը, քննելով Նախկին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, Նախկին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, վերջինիս` «Դատական վերահսկողությունը մինչդատական վարույթի նկատմամբ» վերտառությունը կրող 39-րդ գլխի նորմերի համալիր վերլուծության արդյունքում 07.12.2009 թվականի թիվ ՍԴՈ-844 որոշմամբ արձանագրել է, որ հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքների քննությունը, որպես մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործառույթ, ունի իր առանձնահատուկ խնդիրներն ու նպատակները, մասնավորապես` բողոքարկվող որոշումների և գործողությունների օրինականությունը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և օրենսդրության այլ ակտերի պահանջներին համապատասխանությունը) ստուգելու արդյունքում պարզել անձի (կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության այլ մասնակցի կամ այլ անձի) իրավունքների և ազատությունների խախտման փաստը և կայացնել համապատասխան որոշում` անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության, կամ բողոքը մերժելու վերաբերյալ:

ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով Նախկին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող 290-րդ հոդվածով կարգավորվող քրեադատավարական հարաբերությունների օբյեկտին, արձանագրել է նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քրեական գործերով մինչդատական վարույթում որպես դատական բողոքարկման անմիջական օբյեկտ (առարկա) են հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որոշումները և գործողությունները, այսինքն` այնպիսի որոշումներ ու գործողություններ, որպիսիք հատկապես մատնանշված են օրենսգրքի համապատասխան նորմերում:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեադատավարական բողոքարկման ընթացակարգերի կիրառմամբ, մասնավորապես, Նախկին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի իրավական հիմքով` նշված հոդվածով նախատեսված սուբյեկտները դատական պաշտպանության իրենց իրավունքը կարող են իրացնել, իսկ ընդհանուր իրավասության դատարանն իրավասու է իր վերահսկողական գործառույթն իրականացնել միայն հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որոշումների, գործողությունների ու անգործության դեմ:

Մինչդեռ, սույն դեպքում առկա չէ Նախկին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված բողոքարկման անմիջական օբյեկտը (առարկան), այն է` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որոշում, գործողություն կամ անգործություն: Դատարան ներկայացված հայցով Մ. Ասլանյանը չի հայցել դատական պաշտպանություն ընդդեմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որևէ որոշման, գործողության կամ անգործության, որպիսի պայմաններում հայցվորի դատական պաշտպանության իրավունքը ենթակա չէ իրացման քրեադատավարական ընթացակարգերի կիրառմամբ` մասնավորապես, Նախկին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի իրավական հիմքով:

Վերոհիշյալի հիման վրա հաշվի առնելով, որ սույն դեպքում հանրային իրավահարաբերություններից ծագող գործով հայցվորի դատական պաշտպանության իրավունքը ենթակա չէ իրացման ո՛չ սահմանադրական արդադարատության շրջանակներում, ո՛չ քրեադատավարական բողոքարկման ընթացակարգերով` ընդհանուր իրավասության դատարանի կողմից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորի դատական պաշտպանության իրավունքը պետք է իրացվի վարչադատավարական կարգով:

Միաժամանակ, վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործի ընդդատության հարցը դիտարկել նաև այն իրավունքի համատեքստում, որի դատական պաշտպանությունը հայցում է հայցվորը:

Սույն դեպքում, հայցապահանջը նպատակաուղղված է հայցվորի ընտրական իրավունքի պաշտպանությանը:

«Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (այսուհետ` Վենետիկի հանձնաժողով)` «ԱՊՀ անդամ պետություններում ժողովրդավարական ընտրությունների, ընտրական իրավունքների և ազատությունների մասին կոնվենցիայի մասին» 19.03.2007 թվականի CDL-AD(2007)007 կարծիքի համաձայն` ժողովրդավարական ընտրությունների, քաղաքացիների ընտրական իրավունքների և ազատությունների չափանիշների խախտման դեպքում` տուժած անձն ունի խախտման դեմ դատարան դիմելու, ընտրական մարմինների կողմից իր խախտված իրավունքների վերականգնման իրավունք: Առանց բողոքարկման վերաբերյալ պատշաճ կանոնների առկայության ընտրական օրենքը պարզապես անկատար է (lex imperfecta):

Վենետիկի հանձնաժողովի` «Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին հաշվետվություն» 14.12.2009 թվականի CDL-AD(2009)054 զեկույցի համաձայն` ընտրելու իրավունքը և ընտրվելու իրավունքը երաշխավորվում են անձի կողմից իրավասու դատարան դիմելու հնարավորությամբ:

Վենետիկի հանձնաժողովի` «Ընտրական վեճերի վերաբերյալ բանաձևի մասին» 08.10.2020 թվականի CDL-AD(2020)025 զեկույցի համաձայն` ընտրական վեճերը չեն կարող սահմանափակվել միայն ընտրությունների օրը ներկայացված կամ ընտրությունների արդյունքների վերաբերյալ բողոքներով, որոնք հաճախ ընտրական գործընթացի ամենատեսանելի վեճերն են: Դրանք նաև ընդգրկում են ընտրական գործընթացի ընթացքում ծագող ցանկացած տեսակի վեճ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով վարչական դատարան դիմելու իրավունքը վերապահված է այն ֆիզիկական կամ իրավաբանական անձին, ով համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ` Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.(...):

Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի բովանդակությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության կարգով վարչական դատարան դիմելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք, ով համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել է կամ անմիջականորեն կարող է խախտել իր ընտրելու և (կամ) ընտրվելու իրավունքը, ներառյալ, եթե` խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքի իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքի իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով:

Ըստ այդմ` արձանագրելով, որ հայցվորը դատական պաշտպանության է դիմել ընդդեմ պաշտոնատար անձի այն անգործության, որով, հայցվորի գնահատմամբ, խոչընդոտներ են հարուցվել իր ընտրական իրավունքի իրականացման համար` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորի ընտրական իրավունքի պաշտպանությունը ենթակա է իրացման վարչադատավարական կարգով:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործն ընդդատյա է ՀՀ վարչական դատարանին, և առկա չէ հայցադիմումի ընդունումը մերժելու` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմք:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, կայացնելով «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, սահմանափակել է Մամիկոն Ասլանյանի դատարանի մատչելիության իրավունքը, ինչի արդյունքում խաթարվել է դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների բուն էությունը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նկատել, որ սույն դեպքում, գործողության կատարման հայց ներկայացնելու նախապայմանները բավարարված են ոչ բոլոր Համապատասխանողների դեմ ներկայացված պահանջի առնչությամբ:

Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը:

Նույն օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` գործողության կատարման հայցի դեպքում հայց կարող է ներկայացվել (...) ա. մեկամսյա ժամկետում` վարչական մարմնի կողմից գործողության կատարումը մերժելու մասին իրազեկվելու պահից, բ. երկամսյա ժամկետում այն պահից, երբ լրացել է հայցվող գործողության կատարման համար սահմանված ժամկետը (...):

Վերը նշված նորմերի համադրված վերլուծությունից բխում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով գործողության կատարման հայց ներկայացնելու անհրաժեշտ նախապայմանը տվյալ գործողության հայցումն է իրավասու վարչական մարմնից: Անձի մոտ գործողության կատարման հայց ներկայացնելու իրավունքը ծագում է, եթե նա սկզբնապես տվյալ գործողության կատարման պահանջով դիմել է վարչական մարմնին, որի կողմից, սակայն, տվյալ գործողությունը չի կատարվել: Ըստ այդմ` գործողության կատարման հայց ներկայացնելիս հայցվորից պահանջվում է ներկայացնել բավարար ապացույցներ գործողության կատարման հայց ներկայացնելու նշյալ նախապայմանի առկայությունը, այն է` տվյալ գործողությունը կատարելու պահանջով պատասխանող վարչական մարմնին դիմելու փաստը հիմնավորող պատշաճ ապացույցներ:

Սույն դեպքում Մ. Ասլանյանի հայցը ներկայացված է ընդդեմ Համապատասխանողներ ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և ՀՀ արդարադատության նախարարության:

Գործում առկա է հայցադիմումին կից Դատարան ներկայացված` փաստաբաններ Լ. Սահակյանի և Ե. Վարոսյանի` ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահին, ՀՀ արդարադատության նախարարին և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հասցեագրված 22.12.2021 թվականի թվագրմամբ դիմումը, որով միջնորդել են ձեռնարկել համապատասխան միջոցներ` Մ. Ասլանյանի մասնակցությունն ավագանու նիստին ապահովելու ուղղությամբ (հատոր 1, գ.թ. 36-37):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախ` հայցադիմումին կից չի ներկայացվել որևէ ապացույց փաստաբաններ Լ. Սահակյանի և Ե. Վարոսյանի` հայցվոր Ա. Ասլանյանի ներկայացուցիչը լինելու փաստի վերաբերյալ, բացի այդ` գործում առկա չէ որևէ ապացույց` Լ. Սահակյանի և Ե. Վարոսյանի դիմումը դրա հասցեատեր պետական մարմիններում մուտքագրված լինելու փաստի վերաբերյալ: Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փաստաբաններ Լ. Սահակյանի և Ե. Վարոսյանի դիմումը չի կարող դիտարկվել որպես պատշաճ ապացույց այդ դիմումի հասցեատեր պետական մարմիններից խնդրո առարկա գործողությունը հայցելու փաստի վերաբերյալ:

Գործում առկա է հայցադիմումին կից ներկայացված` ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Վ. Մխիթարյանի` Մամիկոն Ասլանյանի ներկայացուցիչ Ռ. Հակոբյանի միջնորդության հիման վրա ընդունված 22.12.2021 թվականի «Միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը (հատոր 1, գ.թ. 38-39): Ըստ նշված որոշման` 22.12.2021 թվականին Մ. Ասլանյանի պաշտպան Հակոբյանից ստացվել է միջնորդություն, որով խնդրել է ապահովել Մ. Ասլանյանի ընտրելու և ընտրվելու իրավունքի իրացումը, այն է` 24.12.2021 թվականի Մ. Ասլանյանին քրեակատորողական հիմնարկից տեղափոխել Վանաձորի համայնքապետարանի վարչական մասնաշենքի դահլիճ, որտեղ կայանալու է ավագանու առաջին նիստը: 22.12.2021 թվականի «Միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ միջնորդությունը մերժվել է: Նշված որոշումը Մ. Ասլանյանի ներկայացուցիչ Ռ. Հակոբյանի կողմից բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն, և ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ, առաջին դասի խորհրդական Ն. Մովսիսյանը 27.12.2021 թվականին բողոքը մերժելու մասին որոշում է կայացրել (հատոր 1, գ.թ. 74-80): Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 24.12.2021 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը կայացնելու պահի դրությամբ 27.12.2021 թվականի որոշումը դեռևս ընդունված չէր:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և ՀՀ արդարադատության նախարարության դեմ ներկայացված հայցապահանջների մասով գործում առկա չեն ապացույցներ 24.12.2021 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը կայացնելու պահի դրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով գործողության կատարման հայց ներկայացնելու անհրաժեշտ նախապայմանի առկայության, այն է` խնդրո առարկա գործողության կատարումը ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից և ՀՀ արդարադատության նախարարությունից հայցելու փաստի վերաբերյալ: Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Դատարանի կողմից քննարկման առարկա պետք է դարձվի ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և ՀՀ արդարադատության նախարարության դեմ ներկայացված հայցապահանջների մասով հայցադիմումը վարույթ ընդունելու հնարավորության հարցը` պայմանավորված գործողության կատարման հայց ներկայացնելու նախապայմանների առկայությամբ կամ բացակայությամբ:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ հոդվածներով և 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.02.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 24.12.2021 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Լ. Հակոբյան

Հ. Բեդևյան

Ք. Մկոյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 13 դեկտեմբերի 2022 թվական:

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=38562071809968919

 

Միասնական կայք` 27.11.23-10.12.23

 

 

pin
Վճռաբեկ դատարան
13.12.2023
N ՎԴ/13403/05/21
Որոշում