Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՄՆԱՎՈ՞Ր ԵՆ ԱՐԴՅՈՔ ՏՈՒԺՈՂԻ ԲՈՂՈՔԻ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԻՄՆԱՎՈ՞Ր ԵՆ ԱՐԴՅՈՔ ՏՈՒԺՈՂԻ ԲՈՂՈՔԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ ԷՄԱՆՈՒԵԼ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԵՎ Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    Հայաստանի Հանրապետության                    ԵԴ/0203/11/20

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր` Ա. Բեկթաշյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ` Հ. Ասատրյանի

մասնակցությամբ

                   դատավորներ`     Լ. Թադևոսյանի

                                   Ա. Պողոսյանի

                                   Ս. Օհանյանի

 

    10 նոյեմբերի 2023 թվական       ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի դեկտեմբերի 22-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ. Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում 2019 թվականի հոկտեմբերի 2-ին հարուցվել է թիվ 12871819 քրեական գործը` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, և նույն թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Գ. Ալեքսանյանի որոշմամբ ընդունվել է վարույթ:

1.1. Նախաքննության մարմնի` 2019 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ թիվ 12871819 քրեական գործի վարույթը կարճվել է` Էմանուել Թումանյանի, Արմեն Կուզիկյանի և մյուսների նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` հանցակազմի, և ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով` դիմողի բողոքի բացակայության հիմքերով:

1.2. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Ա.Չիչոյանի` 2020 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ, նախաքննության մարմնի վերոգրյալ որոշման դեմ դիմողներ Ա.Կուզիկյանի և Է.Թումանյանի ներկայացուցիչ Թ. Բաղդասարյանի կողմից ներկայացված բողոքը մերժվել է` անհիմն լինելու պատճառաբանությամբ:

2. Նախաքննության մարմնի և դատախազի վերոգրյալ որոշումների դեմ դիմողների ներկայացուցիչ Թ. Բաղդասարյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել դիմողներ Է.Թումանյանի և Ա. Կուզիկյանի իրավունքների խախտումները:

Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ դիմողների ներկայացուցիչ Թ. Բաղդասարյանի բողոքը բավարարվել է, և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցվել է վերացնել դիմողների իրավունքների խախտումները:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2020 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ դատախազի վերաքննիչ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի վերոգրյալ որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի վերոգրյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ. Ասլանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի մայիսի 12-ի որոշմամբ ընդունվել է վարույթ(1): Վճռաբեկ դատարանը 2023 թվականի մայիսի 30-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

____________________

1) Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի, սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Ըստ բողոքի հեղինակի` ստորադաս դատարանների դատական ակտերը օրինական և հիմնավոր չեն, դրանք կայացվել են քրեադատավարական օրենքի էական խախտմամբ, որն ազդել է գործի ելքի վրա:

6. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարաններն ուշադրություն չեն դարձրել քրեական գործ հարուցելու մասին որոշման բովանդակությանը, որտեղ արձանագրված է նաև, որ վիճաբանության ընթացքում Ռոման Տերբալյանը, Արթուր Հոսեինը, Էմանուել Թումանյանը և Արմեն Կուզիկյանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց` պատճառելով մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ցավ: Բողոքաբերի պնդմամբ` վարույթն իրականացնող մարմինը քրեական գործ հարուցելու մասին որոշմամբ արձանագրել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշների, մասնավորապես` օբյեկտիվ կողմի առկայությունը, որով հստակ ընդգծել է քրեական գործի սահմանները ոչ միայն կոնկրետ արարքով (in rem), այլև անձանց շրջանակով (in personam), ինչն էլ նշանակում է, որ նկարագրված դեպքի առթիվ նշված անձանց արարքներին իրավաբանական գնահատական տալու որևէ սահմանափակում չէր կարող լինել:

6.1. Բողոքաբերը փաստել է, որ քրեական գործի նախաքննությամբ չի հիմնավորվել վերը նշված անձանց գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմը, սակայն հաստատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի առկայության հանգամանքը, և քանի որ վերը նշված բոլոր անձինք իրենց ցուցմունքներով և դիմումներով դիրքորոշում են հայտնել իրենց հարվածներ հասցնող անձանց նկատմամբ բողոք չունենալու մասին և համաձայնություն են տվել ոչ արդարացնող հիմքով իրենց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ, որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու մասին` դիմողի բողոքի բացակայության հիմքով:

6.2. Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի այն պնդմանը, որ Է.Թումանյանը և Ա.Կուզիկյանն իրենց դիրքորոշումները ենթադրաբար հայտնել են ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի առնչությամբ, որը որպես հանցակազմի օբյեկտիվ կողմի դրսևորում նախատեսում է նաև բռնություն գործադրելը, բողոքաբերն այն հիմնազուրկ է համարել` այն հիմնավորմամբ, որ նշված հոդվածով նախատեսված հանցակազմը դասվում է հանրային մեղադրանքի գործերի շարքին, որի պայմաններում դիրքորոշում պարզելու անհրաժեշտություն առկա չէր:

6.3. Միևնույն ժամանակ, ըստ բողոքաբերի, վարույթն իրականացնող մարմինը զրկված է եղել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու հնարավորությունից, քանի որ առկա է եղել քրեական գործի վարույթը բացառող հանգամանք` դիմողների դիրքորոշումը բողոք չունենալու վերաբերյալ: Ավելին, բողոքաբերը փաստել է, որ անգամ բողոքի առկայության դեպքում վարույթն իրականացնող մարմինը չէր կարող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածով սահմանված կարգով քրեական գործ հարուցել, քանի որ նշված հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ են հանցագործության նոր դեպք և հանցավոր արարք կատարած նոր անձ:

7. Վերոգրյալից բացի, բողոքաբերը նշել է նաև, որ ստորադաս դատարանների դատական ակտերը բավարար չափով պատճառաբանված չեն, դատական ակտերում տեղ գտած հետևությունները հիմնված չեն դատական քննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա, ստորադաս դատարանները չեն պարզաբանել, թե ինչու են եկել նշված հետևության, և որ իրավանորմերով են ղեկավարվել նման որոշում կայացնելիս:

8. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի օգոստոսի 3-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումները` նախաքննության մարմնի` 2019 թվականի դեկտեմբերի 24-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

9. Վկաներ Ռոման Տելբարյանը և Արթուր Հոսեինը ցուցմունքներ են տվել այն մասին, որ վիճաբանության բոլոր մասնակիցները միմյանց հարվածել են և հարվածներ են ստացել(2):

 

_____________________

2) Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, էջեր 115-120:

 

9.1. Է.Թումանյանը հայտնել է, որ վիճաբանության մասնակիցները փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց(3):

 

______________________

3) Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, էջ 124:

 

9.2. Ա.Կուզիկյանը որպես վկա հարցաքննվելիս իր ցուցմունքում նշել է, որ տեսնելով իր ընկեր Էմանուելին անծանոթ տղայի հետ վիճելիս` մոտեցել է, փորձել է բաժանել, որի ընթացքում հարվածել է և հարվածներ է ստացել(4):

 

____________________

4) Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, էջ 111-112:

 

9.3. 2019 թվականի դեկտեմբերի 20-ին նախաքննության մարմինը ստացել է Է.Թումանյանի, Ա.Կուզիկյանի և մյուսների կողմից ներկայացված դիմումները, որտեղ վերջիններս նշել են, որ վիճաբանության մասնակիցների նկատմամբ բողոք չունեն և միաժամանակ դեմ չեն ու չեն առարկում, որ իրենց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացվի` ոչ արդարացնող հիմքով(5):

 

___________________

5) Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, էջեր 122 և 124:

 

10. Նախաքննության մարմնի` 2019 թվականի դեկտեմբերի 24-ի որոշման համաձայն. «(...) Պետք է փաստել, որ վարույթն իրականացնող մարմինը, քրեական գործով ձեռք բերված ապացույցների շրջանակներում հաստատված չի համարել Էմանուել Թումանյանի, Ռոման Տելբարյանի, Արմեն Կուզիկյանի և Արթուր Հոսեինի կողմից խուլիգանություն կատարելու հանգամանքը, սակայն միաժամանակ հաստատված է համարել այն հանգամանքը, որ վերը նշված վիճաբանության ընթացքում վերջիններս հարվածներ են հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերին, հետևաբար վերջիններիս արարքները պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը, այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս վարույթն իրականացնող մարմնին դիմումներ են ներկայացրել այն մասին, որ միմյանց դեմ բողոք չունեն և միաժամանակ դեմ չեն և չեն առարկում, որ իրենց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացվի ոչ արդարացնող հիմքով, վերջիններիս նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով չի կարող քրեական հետապնդում իրականացվել` դիմողի բողոքի բացակայության հիմքով (...)»(6):

 

___________________

6) Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 126-140 և հատոր 2-րդ, թերթեր 1-5:

 

11. Առաջին ատյանի դատարանը` 2020 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ բավարարելով դիմողների ներկայացուցիչ Թ. Բաղդասարյանի բողոքը, նշել է. «(...) Վարույթն իրականացնող մարմինը 2020 թվականի դեկտեմբերի 24-ին որոշում է կայացրել, ի թիվս այլ անձանց` Էմանուել Թումանյանի և Արմեն Կուզիկյանի նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով քրեական հետապնդում չիրականացնել վերջիններիս արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմի բացակայության հիմքով, որից հետո հաստատված համարելով վերջիններիս կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված արարքում առկա հանցակազմը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով քրեական հետապնդում չի իրականացրել` դիմողի բողոքի բացակայության հիմքով, այն դեպքում, երբ կոնկրետ չի պարզվել ով ում է ծեծել, կոնկրետ որ անձանց արարքների մեջ է առկա առերևույթ ծեծի հանցակազմի հատկանիշները, ով կամ ովքեր են հանդիսանում ենթադրյալ տուժողները, կոնկրետ ով կամ ովքեր կարող էին բողոք ներկայացնել մասնավոր գործի շրջանակներում, որ չեն ներկայացրել: Վարույթն իրականացնող մարմինը ընդհանրական ձևով նշել է, որ վերջիններիս նկատմամբ հաստատված է համարում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված արարքի հանցակազմը, այն դեպքում, երբ վերջիններիս չի պարզաբանվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով իրենց վերագրվող արարքի էությունը, որի պայմաններում վերջիններս հնարավորություն կունենային դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնելու, քանի որ անկախ դիմողի (տուժողի) բողոքի բացակայության հանգամանքից, գործի վարույթը պետք է շարունակվի սովորական կարգով` հնարավորություն տալով ենթադրյալ հանցանք կատարած անձին արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի առջև ապացուցել իր անմեղությունը:

Ինչ վերաբերում է Էմանուել Թումանյանի և Արմեն Կուզիկյանի կողմից հայտնած դիրքորոշումներին, մասնավորապես` հարվածներ հասցնող անձանց դեմ բողոք չունենալուն, ապա Դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման մեջ, որպես հանցակազմի օբյեկտիվ կողմի դրսևորում նախատեսում է նաև բռնություն գործադրելու տարրեր, որի պայմաններում ենթադրվում է, որ վերջիններս հայտնել են նման դիրքորոշում վերը նշված հոդվածի շրջանակներում:

(...)

Այսպիսով, Դատարանը փաստում է, որ 2019 թվականի դեկտեմբերի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Գ. Ալեքսանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով Էմանուել Թումանյանի և Արմեն Կուզիկյանի նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում կայացնելով, խախտել է Էմանուել Թումանյանի և Արմեն Կուզիկյանի իրավունքները և օրինական շահերը, մասնավորապես` անմեղության կանխավարկածի սկզբունքը և արդար դատաքննության իրավունքը, ուստի հաշվի առնելով վերը նշվածը, Դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է և այն պետք է բավարարել (...)»(7):

 

______________________________

7) Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 79-89

 

12. Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի դեկտեմբերի 22-ի որոշման համաձայն` «(...) Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշման վերը նշված հիմնավորումները դիտարկելով վերոգրյալ իրավական նորմերի և ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, գտնում է, որ այդ հիմնավորումներն ամբողջությամբ բխում են դրանցից, որպիսի պայմաններում այդ հիմնավորումներն ընդունելի են նաև Վերաքննիչ դատարանի համար:

Վերոգրյալ փաստական հանգամանքների առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ 2019 թվականի դեկտեմբերի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Դ. Ալեքսանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով Էմանուել Թումանյանի և Արմեն Կուզիկյանի նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում կայացնելով, խախտել է Էմանուել Թումանյանի և Արմեն Կուզիկյանի իրավունքները և օրինական շահերը, մասնավորապես` անմեղության կանխավարկածի սկզբունքը և արդար դատաքննության իրավունքը (...)»(8):

 

_________________________

8) Տե՛ս նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 54-63:

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք տուժողի բողոքի բացակայության հիմքով Էմանուել Թումանյանի և Արմեն Կուզիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշմամբ վերջիններիս իրավունքների ու օրինական շահերի խախտված լինելու մասին ստորադաս դատարանների հետևությունները:

14. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև` ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 33-րդ հոդվածի համաձայն` «1. Կատարված հանցագործության ծանրությունից և բնույթից ելնելով` քրեական դատավարությունում հետապնդումն իրականացվում է հանրային և մասնավոր կարգով:

2. Մասնավոր հետապնդման գործեր են համարվում սույն օրենսգրքի 183 հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բացակայում է դիմողի բողոքը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (...) 118-րդ հոդվածով (...) նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, և կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման (...)»:

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված քրեական հետապնդումը բացառող հանգամանքի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ տվյալ նորմը կիրառելի է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում`

ա) վարույթն իրականացնող մարմինը հաստատված է համարել, որ անձը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ արարք է կատարել,

բ) բացակայում է դիմողի (տուժողի) բողոքը,

գ) ենթադրյալ հանցանք կատարած անձը չի առարկում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ(9):

 

___________________________

9) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արման Մակարյանի գործով 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԿԴ/0182/11/13 որոշումը, 13-րդ կետ, mutatis mutandis, Վահագն Եղիազարյանի գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ՇԴ/0012/11/13 որոշումը:

 

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- Է.Թումանյանը, Ա.Կուզիկյանը, Ռ.Տելբարյանը և Ա.Հոսեինը որպես վկա հարցաքննվելիս ցուցմունքներ են տվել այն մասին, որ վիճաբանության բոլոր մասնակիցները միմյանց հարվածել են և հարվածներ են ստացել(10),

 

____________________

10) Տե՛ս սույն որոշման 9-9.2-րդ կետերը:

 

- 2019 թվականի դեկտեմբերի 20-ին նախաքննության մարմինը ստացել է Է.Թումանյանի, Ա.Կուզիկյանի և մյուսների կողմից ներկայացված դիմումները, որտեղ վերջիններս նշել են, որ վիճաբանության մասնակիցների նկատմամբ բողոք չունեն և միաժամանակ դեմ չեն ու չեն առարկում, որ իրենց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացվի` ոչ արդարացնող հիմքով(11),

 

_______________________

11) Տե՛ս սույն որոշման 9.3-րդ կետը:

 

- նախաքննության մարմինը, 2019 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ Է.Թումանյանի, Ա.Կուզիկյանի և մյուսների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով տուժողի բողոքի բացակայության հիմքով քրեական հետապնդում չիրականացնելով, արձանագրել է, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հաստատված է համարվել վերջիններիս կողմից վիճաբանության ընթացքում միմյանց հարվածներ հասցնելը, և միևնույն ժամանակ վարույթն իրականացնող մարմնին վերջիններս դիմումներ են ներկայացրել այն մասին, որ միմյանց դեմ բողոք չունեն և չեն առարկում, որ իրենց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացվի` ոչ արդարացնող հիմքով(12),

 

___________________

12) Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

 

- Առաջին ատյանի դատարանը, 2020 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ դիմողների ներկայացուցիչ Թ. Բաղդասարյանի բողոքը բավարարելով, նշել է, որ նախաքննության մարմնի վերոգրյալ որոշմամբ խախտվել են Է.Թումանյանի և Ա.Կուզիկյանի իրավունքներն ու օրինական շահերը, մասնավորապես` անմեղության կանխավարկածի սկզբունքը և արդար դատաքննության իրավունքը(13),

 

____________________

13) Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

 

- Վերաքննիչ դատարանը, մերժելով դատախազի վերաքննիչ բողոքը և Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի օգոստոսի 3-ի որոշումը թողնելով անփոփոխ, ընդունելի է համարել Առաջին ատյանի դատարանի որոշմամբ արտահայտված դիրքորոշումները` Է.Թումանյանի և Ա.Կուզիկյանի իրավունքների ու օրինական շահերի խախտված լինելու մասին(14):

 

_____________________

14) Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:

 

17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը` 2020 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ դիմողների ներկայացուցիչ Թ. Բաղդասարյանի բողոքը բավարարելով, իսկ Վերաքննիչ դատարանը` այդ որոշումն օրինական ուժի մեջ թողնելով, անտեսել են այն հանգամանքը, որ խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես վկա հարցաքննվելիս միմյանց փոխադարձաբար հարվածներ հասցնելու և հարվածներ ստանալու փաստը հայտնել են հենց իրենք` վիճաբանության մասնակիցները, այդ թվում` Է.Թումանյանը և Ա.Կուզիկյանը: Ընդ որում, նախաքննության մարմնին հասցեագրված իրենց դիմումներում վիճաբանության մասնակիցները փաստացի հայտնել են, որ վիճաբանության մյուս մասնակիցների դեմ բողոք չունեն և չեն առարկում, որ իրենց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացվի` ոչ արդարացնող հիմքով:

17.1. Սույն գործի փաստական հանգամանքների հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Է.Թումանյանի և Ա. Կուզիկյանի մասնակցությամբ վիճաբանության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործով քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների գնահատման արդյունքում վարույթն իրականացնող մարմինը հաստատված է համարել միայն վիճաբանության մասնակիցների կողմից միմյանց հարվածներ հասցնելու, այսինքն` դիմողներ Է.Թումանյանի և Ա.Կուզիկյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու հանգամանքը, ինչի կապակցությամբ կողմերը հայտնել են, որ միմյանց նկատմամբ բողոք չունեն և դեմ չեն, որ իրենց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացվի ոչ արդարացնող հիմքով: Մինչդեռ վերջին հանգամանքը զրկել է վարույթն իրականացնող մարմնին հետագա քննություն իրականացնելու հնարավորությունից, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված ենթադրյալ արարքի կապակցությամբ քրեական հետապնդումն իրականացվում է մասնավոր կարգով, որի պարագայում բողոքի բացակայությունը քրեական հետապնդումը բացառող հանգամանք է:

18. Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի կողմից ներկայացված և Վերաքննիչ դատարանի կողմից ընդունելի համարված այն դիրքորոշմանը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի հանցակազմը որպես օբյեկտիվ կողմի դրսևորում նախատեսում է նաև բռնություն գործադրելու տարրեր և ենթադրվում է, որ դիմողների դիրքորոշումը ներկայացվել է տվյալ հոդվածի շրջանակներում, ապա Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում բողոքաբերի այն պնդմանը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքի առնչությամբ քննվող գործը դասվում է հանրային հետապնդման գործերի շարքին, որոնց նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված վարույթը բացառող` բողոքի բացակայության հանգամանքը կիրառելի չէ, ուստի այդ պայմաններում բողոքի առկայության կամ բացակայության վերաբերյալ դիրքորոշում պարզելը առարկայազուրկ կլիներ:

19. Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ տուժողի բողոքի բացակայության հիմքով Էմանուել Թումանյանի և Արմեն Կուզիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշմամբ վերջիններիս իրավունքների ու օրինական շահերի խախտված լինելու մասին ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն:

20. Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, 2020 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ բավարարելով դիմողների ներկայացուցիչ Թ.Բաղդասարյանի բողոքը, իսկ Վերաքննիչ դատարանը, 2020 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ այն օրինական ուժի մեջ թողնելով, թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 183-րդ հոդվածների պահանջների խախտում, որն իր բնույթով էական է և ՀՀ քրեական դատավարության 398-րդ հոդվածի համաձայն` հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար: Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել, ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանել և փոփոխել, նախաքննության մարմնի` 2019 թվականի դեկտեմբերի 24-ի որոշման դեմ դիմողներ Էմանուել Թումանյանի և Արմեն Կուզիկյանի ներկայացուցիչ Թ.Բաղդասարյանի բողոքը` մերժել:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի օգոստոսի 3-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումները բեկանել և փոփոխել:

2. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Գ.Ալեքսանյանի` 2019 թվականի դեկտեմբերի 24-ի որոշման դեմ դիմողներ Էմանուել Թումանյանի և Արմեն Կուզիկյանի ներկայացուցիչ Թ.Բաղդասարյանի բողոքը մերժել:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Ասատրյան

Դատավորներ` Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

__________________________________

ԻՐՏԵԿ - սույն որոշումը բացակայում է www.datalex.am կայքէջում, իսկ Միասնական կայքում այն հրապարակվել է 2023 թվականի նոյեմբերի 28-ին:

 

Միասնական կայք` 27.11.23-10.12.23

 

 

pin
Վճռաբեկ դատարան
10.11.2023
N ԵԴ/0203/11/20
Որոշում