Սեղմել Esc փակելու համար:
ԻՐԱՎԱՉԱՓ Է ԱՐԴՅՈ՞Ք ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՐԱՎԱՉԱՓ Է ԱՐԴՅՈ՞Ք ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ Կ. ԵՂՆՈՒԿՅԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԱՐԳ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                    ԵԷԴ/0039/01/17

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր` Ռ. Մխիթարյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ` Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ

 դատավորներ`     Ս. Ավետիսյանի

                                Ա. Պողոսյանի

                                 Ս. Օհանյանի

 

    10 հոկտեմբերի 2023 թվական                   ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի հունիսի 3-ի որոշման դեմ Կարո Հակոբի Եղնուկյանի պաշտպան Տ. Հայրապետյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) թիվ ԵԷԴ/0039/01/17 քրեական գործի դատական քննության ընթացքում` 2022 թվականի մայիսի 12-ի նիստում, արձանագրային որոշմամբ մերժել է ամբաստանյալ Կարո Հակոբի Եղնուկյանի սահմանահատումների արգելքը վերացնելու մասին պաշտպան Տ. Հայրապետյանի միջնորդությունը:

2. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2022 թվականի հունիսի 3-ի որոշմամբ պաշտպան Տ. Հայրապետյանի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության` բողոքարկվող դատական ակտը վերաքննիչ բողոքարկման ենթակա չլինելու պատճառաբանությամբ:

3. Վերաքննիչ դատարանի` վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել պաշտպան Տ. Հայրապետյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ(1): Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

________________

1) Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող` 483-րդ հոդվածի 8-րդ մասի, սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

4. Բողոք բերած անձը, վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 40-րդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 4-րդ արձանագրության 2-րդ հոդվածները, գտել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` դատավարական օրենքի խախտում, որով զրկել է Կ. Եղնուկյանին իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքից:

Բողոքաբերը, վերլուծության ենթարկելով իրավամեկնաբանման expression unius կանոնը, գտել է, որ սույն գործով սահմանահատումների արգելքը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին դատական ակտը ենթակա է վերաքննության կարգով բողոքարկման: Բացի այդ, ըստ բողոքաբերի, բողոքարկված դատական ակտը չի կարող բողոքարկվել դատավճռի հետ միասին, քանի որ դատավճիռը կարող է կայացվել մի քանի տարի անց, որի դեպքում սահմանահատումների արգելքի կապակցությամբ բողոքարկումը կլինի ոչ արդյունավետ:

5. Բողոքաբերը գտել է նաև, որ դատարանն անհիմն սահմանափակել է Կ. Եղնուկյանի ազատ տեղաշարժվելու իրավունքը: Մասնավորապես, 2019 թվականին Կ. Եղնուկյանի սահմանահատումների արգելքը վերացնելուց հետո, նոր որոշում չկայացնելու և դրա մասին չտեղեկացնելու պայմաններում, առանց անհրաժեշտության և պատճառաբանության կրկին կիրառել է արգելքը, այդպիսով թույլ տալով լիազորությունների չարաշահում և օրենքով չնախատեսված լիազորության կիրառում:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2022 թվականի հունիսի 3-ի որոշումը և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության կամ բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և որոշում կայացնել Կ. Եղնուկյանի սահմանահատումների արգելքը վերացնելու մասին:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Առաջին ատյանի դատարանը, դատական քննության փուլում քննարկելով ամբաստանյալ Կ. Եղնուկյանի սահմանահատումների արգելքը վերացնելու մասին պաշտպան Տ. Հայրապետյանի միջնորդությունը, մերժել է այն, նշելով, որ գործի քննության ներկա փուլում Դատարանը գտնում է, որ հնարավոր է Կ. Եղնուկյանը հետագա դատական նիստերին ներկայանալուց խուսափի, ուստի անհրաժեշտ է պահպանել սահմանահատումների արգելքը(2):

 

________________

2) Տե՛ս քրեական գործ, հավելված, թերթեր 8-9:

 

8. Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով պաշտպան Տ. Հայրապետյանի վերաքննիչ բողոքը, նշել է. «(...) Ինչպես հետևում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի` վերը մեջբերված դրույթների ուսումնասիրությունից, դրանցով առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող քրեական գործով ամբաստանյալի սահմանահատումների նկատմամբ արգելքը վերացնելու միջնորդությունը վարույթն իրականացնող դատարանի կողմից մերժելու վերաբերյալ որոշման վերաքննության կարգով բողոքարկման հնարավորություն նախատեսված չէ: Միևնույն ժամանակ, նշված հոդվածի 8-րդ կետի լույսի ներքո հարկ է նաև արձանագրել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի որևէ այլ դրույթով նույնպես նախատեսված չէ այդ որոշման ՀՀ վերաքննիչ քրեական դատարան բողոքարկելու հնարավորություն: Ուստի կիրառելով մեկնաբանման expression unius կանոնը, որի համաձայն` սպառիչ ցանկում որևէ տարր չներառելը պետք է մեկնաբանել դրա բացառման իմաստով` Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող քրեական գործով ամբաստանյալի սահմանահատումների արգելքը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին այդ դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորություն ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում, այսինքն` այդ որոշումը վերաքննիչ բողոքարկման ենթակա չէ (...)»(3):

 

________________

3) Տե՛ս քրեական գործ, հավելված, թերթեր 26-28:

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի կողմից Կ. Եղնուկյանի սահմանահատումների արգելքը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպան Տ. Հայրապետյանի կողմից բերված վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը:

10. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 376.1-րդ հոդվածի համաձայն` «Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են`

1) առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը.

2) առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերն այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը.

2.1) առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով.

3) առաջին ատյանի դատարանների` գործով վարույթը կասեցնելու որոշումները.

4) առաջին ատյանի դատարանների` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` խուզարկության, առգրավման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման, կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցման վերաբերյալ որոշման իրավաչափությունը հաստատելու մասին որոշումները.

5) առաջին ատյանի դատարանի` հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքների կապակցությամբ կայացված որոշումները.

6) հանձնման մասին դատարանի որոշումները.

7) սույն օրենսգրքի 49 գլխով նախատեսված հարցերի կապակցությամբ դատարանի կայացրած որոշումները.

8) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` այլ դատական ակտեր»:

11. Վճռաբեկ դատարանը, Արամ Արաբյանի գործով կայացված որոշմամբ, վերլուծության ենթարկելով սույն որոշման նախորդ կետով մեջբերված քրեադատավարական նորմն արձանագրել է հետևյալը` «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ինչպես մեջբերված, այնպես էլ որևէ այլ հոդվածով դատական քննության փուլում կայացված` ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց ընտրելու, վերացնելու կամ այն վերացնելու միջնորդությունը մերժելու մասին որոշումների վերաքննության կարգով բողոքարկման հնարավորություն նախատեսված չէ:

Կիրառելով մեկնաբանման expression unius կանոնը, որի համաձայն` սպառիչ ցանկում որևէ տարր չներառելը պետք է մեկնաբանել դրա բացառման իմաստով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատական քննության ընթացքում ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորություն ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում, այսինքն` այդ որոշումը վերաքննիչ բողոքարկման ենթակա չէ:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, գործի դատական քննության փուլում ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի վերաբերյալ կայացված որոշման բողոքարկման հնարավորության բացակայությունը պայմանավորված է տվյալ խափանման միջոցի` անձի իրավունքների նկատմամբ նվազ միջամտության աստիճանով, ինչպես նաև վերադաս դատական ատյանի կողմից առաջին ատյանի դատարանի` քրեական գործի քննության բնականոն ընթացքին անհարկի չմիջամտելու անհրաժեշտությամբ:

(...) Ընդ որում հարկ է նկատել, որ վերոնշյալ դիրքորոշումը բխում է նաև 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներից: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի 352-րդ հոդվածը սահմանելով դատական վերանայման կառուցակարգերը և դրանցում ընդգրկված բողոքարկման ենթակա դատական ակտերի շրջանակը` դատական քննության փուլում բացակայելու արգելք խափանման միջոցի վերաբերյալ կայացված որոշման բողոքարկման հնարավորություն չի նախատեսում` այդպիսով պահպանելով վերոնշյալ որոշումների վերաքննիչ բողոքարկման առարկա չհանդիսանալու մոտեցումը (...)»(4):

 

________________

4) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արամ Արաբյանի գործով 2023 թվականի օգոստոսի 25-ի թիվ ԵԴ/0040/01/21 որոշումը:

 

i

12. Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1690 որոշմամբ(5), ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` Լուսինե Կարապետյանի գործով(6) արտահայտված իրավական դիրքորոշումները սույն դեպքում կիրառելի չեն, քանի որ դրանք վերաբերում են ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն ընտրելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա դիտարկելու հնարավորությանը:

 

________________

i

5) Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2023 թվականի մայիսի 30-ի թիվ ՍԴՈ-1690 որոշումը:

6) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Լուսինե Կարապետյանի գործով 2022 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ԿԴ2/0009/11/19 որոշումը:

 

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ`

- Առաջին ատյանի դատարանը, դատական քննության ընթացքում, 2022 թվականի մայիսի 12-ի որոշմամբ մերժել է ամբաստանյալ Կ. Եղնուկյանի սահմանահատումների արգելքը վերացնելու մասին պաշտպան Տ. Հայրապետյանի միջնորդությունը(7):

 

________________

7) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

- Վերաքննիչ դատարանը 2022 թվականի հունիսի 3-ին պաշտպան Տ. Հայրապետյանի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության(8):

 

________________

8) Տես սույն որոշման 8-րդ կետը:

 

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-12-րդ կետերում վկայակոչված իրավադրույթի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի վերաբերյալ կայացված որոշումը, այնպես էլ այդ խափանման միջոցի կիրառման հետևանքը հանդիսացող` սահմանահատումների արգելքի վերացման միջնորդությունը մերժելու մասին որոշումը դատական քննության փուլում չեն հանդիսանում վերաքննիչ բողոքարկման առարկա:

Ուստի, Վերաքննիչ դատարանը, Կ. Եղնուկյանի սահմանահատումների արգելքը վերացնելու մասին պաշտպան Տ. Հայրապետյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելով հանգել է իրավաչափ հետևության` կայացնելով հիմնավորված ու պատճառաբանված դատական ակտ:

15. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից Կ. Եղնուկյանի պաշտպան Տ. Հայրապետյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելն իրավաչափ է:

16. Նման պայմաններում, ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ զրկված է բողոքաբերի` սույն որոշման 5-րդ կետում մեջբերված փաստարկներին անդրադառնալու հնարավորությունից:

17. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ չի տվել դատական սխալ` քրեադատավարական օրենքի էական խախտում, ուստի վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի` 2022 թվականի հունիսի 3-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Կարո Հակոբի Եղնուկյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի հունիսի 3-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=15481123719148245

 

pin
Վճռաբեկ դատարան
10.10.2023
N ԵԷԴ/0039/01/17
Որոշում