Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱԿԱՐԱՆ ԱՊՕՐԻՆԻ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՎ ԳՈՒՅՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆԱԿԱՐԱՆ ԱՊՕՐԻՆԻ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՎ ԳՈՒՅՔԻ ԳԱՂՏՆԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՐԻՇԻ ԳՈՒՅՔԸ ՈՉՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                   ՍԴ/0129/01/20

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր` Ս. Համբարձումյան

    դատավորներ`        Ն. Հովակիմյան

                                     Կ. Մարդանյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ.Ասատրյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Լ.Թադևոսյանի

                                                                              Ա.Պողոսյանի

                                                                              Ս.Օհանյանի

 

    15 նոյեմբերի 2023 թվական                  ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով Վրեժ Վաղինակի Ստեփանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի մայիսի 19-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2020 թվականի մարտի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 41100620 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2020 թվականի հուլիսի 14-ի որոշմամբ Վրեժ Վաղինակի Ստեփանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով և 185-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի` 2020 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ Վրեժ Ստեփանյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով և 185-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի` 2020 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ թիվ 41100620 քրեական գործից անջատվել է Վրեժ Ստեփանյանի վերաբերյալ մասը, որին շնորհվել է 41100620/1 համարը:

2020 թվականի հոկտեմբերի 23-ին թիվ 41100620/1 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

2. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2021 թվականի հունվարի 25-ի դատավճռով Վրեժ Ստեփանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով և 185-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով Վ.Ստեփանյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման, իսկ 185-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում` 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ` նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով, Վ.Ստեփանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 5 (հինգ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

Պատժի սկիզբը հաշվվել է 2020 թվականի հուլիսի 12-ից:

Վ.Ստեփանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Տուժող Արթուր Ալավերդյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը բավարարվել է ամբողջությամբ: Վճռվել է Վ.Ստեփանյանից հօգուտ տուժողի բռնագանձել 892.000 (ութ հարյուր իննսուներկու հազար) ՀՀ դրամ` որպես հանցագործությամբ պատճառված գույքային վնասի հատուցում:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2021 թվականի մայիսի 19-ի որոշմամբ ամբաստանյալ Վ.Ստեփանյանի պաշտպան Ռ.Ղազարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանվել և փոփոխվել է, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Վ.Ստեփանյանը ճանաչվել է անմեղ և արդարացվել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Նրան թողնվել է կրելու ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված հանցագործության համար նշանակված` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը: Առաջին ատյանի դատարանի դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ ընդունվել է վարույթ(1): Վճռաբեկ դատարանը 2023 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

_____________________

1) Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող` 483-րդ հոդվածի 8-րդ մասի, սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքի հեղինակը նշել է, որ անհիմն են Վերաքննիչ դատարանի հետևություններն առ այն, որ գողություն կատարելու նպատակով մուտքի դռան փականը վնասելու միջոցով բնակարան ապօրինի մուտք գործելն ընդգրկված է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետի դիսպոզիցիայում:

Բողոք բերած անձն ընդգծել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից բավարար չափով քննարկման և վերլուծության առարկա չեն դարձվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով և 185-րդ հոդվածով նախատեսված հանցակազմերի հատկանիշները, ինչի արդյունքում դատարանը հանգել է անհիմն հետևության առ այն, որ գույքի վնասման կամ ոչնչացման գործողություններն ընդգրկված են ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետի դիսպոզիցիայում, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով չպետք է որակվեն:

Բողոքաբերը փաստարկել է, որ գողություն կատարելու նպատակ ունեցող անձը, որոշակի գույք վնասելիս կամ ոչնչացնելիս, բոլոր դեպքերում գործում է ուղղակի կամ անուղղակի դիտավորությամբ` գիտակցում է, որ բնակարան ապօրինի մուտք գործելու համար վնասում է գույքը, նախատեսում է դրա արդյունքում տուժողին վնաս պատճառելը և ցանկանում է դա, կամ առնվազն գիտակցաբար թույլ է տալիս:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանի մոտեցմամբ առաջնորդվելու դեպքում, չի ապահովվի մարդու իրավունքների քրեաիրավական լիարժեք պաշտպանությունը, և, օրինակ, 10.000 ՀՀ դրամ արժեքով գույքը հափշտակելու համար 1.000.000 ՀՀ դրամ արժեքով գույքը ոչնչացնելու (վնասելու) դեպքում քրեական օրենքի պաշտպանության տակ է առնվելու բացառապես հափշտակված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, իսկ կրած ավելի մեծ գույքային վնասը քրեաիրավական պաշտպանությունից դուրս է մնալու, ինչը, բնականաբար, հիմնավորված չէ:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակի` Վ.Ստեփանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով անմեղ ճանաչելու և արարքում հանցակազմի բացակայության հիմքով արդարացնելու մասով, բեկանել` օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի դատավճռին:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Վրեժ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. «Նա ուրիշի գույքը անուղղակի չկոնկրետացված դիտավորությամբ վնասելու եղանակով բնակարան ապօրինի մուտք գործելով խոշոր չափերով գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով ինքնությունը դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ, հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելու շահադիտական նպատակով, 2020 թվականի փետրվարի 28-ի` ժամը 12:00-ից մինչև 2020 թվականի մարտի 3-ը ժամը` 13:50-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան ներքին փականը տեղահան անելու միջոցով ապօրինի մուտք գործելով Արթուր Աշոտի Ալավերդյանի` Կապան համայնքի Վահանավանք 33 հասցեում գտնվող առանձնատուն, գողացել է մոտ 885.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 1 հատ «Sony» (Սոնի) ապրանքանիշի 115 դյույմ անկյունագծով և 1 հատ «LG» (Էլ Ջի) ապրանքանիշի` 45 դյույմ անկյունագծով սմարթ հնարավորությամբ պլազմային հեռուստացույցներ, առյուծի պատկերով 1 փայտե քանդակ-մոխրաման, եգիպտական պապիրուսի վրա արված 1 նկար, «Բայկալ MP-512» տեսակի օդաճնշիչ 1 հրացան, 1 հատ «Electrolux» (Էլեկտրոլյուքս) և 1 հատ այլ ապրանքանիշի էլեկտրական տաքացուցիչներ, ճամփորդական 1 պայուսակ, «Արարատ, 5 աստղ» տեսակի 0.5 լիտր տարողության 2 շիշ կոնյակ և «Բակարդի» ապրանքատեսակի 1 լիտր տարողության 1 շիշ ռոմ, ինչի հետևանքով Արթուր Ալավերդյանին գույքը վնասելու հետ կապված դիտավորությամբ պատճառվել է նաև զգալի չափերի` 60.000 ՀՀ դրամ գույքային վնաս»(2):

 

_____________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 39-44:

 

8. Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի հունվարի 25-ի դատավճռի համաձայն` «(...) Դատարանը հաստատված է համարում, որ ամբաստանյալ Վրեժ Վաղինակի Ստեփանյանը կատարել է հանցավոր արարքներ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով ու ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 1-ին մասով և որակվում են որպես գողություն, որը կատարվել է խոշոր չափերով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ու բնակարան ապօրինի մուտք գործելով և ուրիշի գույքը դիտավորությամբ վնասել, որը զգալի չափերի վնաս է պատճառել:

Այսինքն, ամբաստանյալի` ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով ու ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 1-ին մասով, կատարած հանցանքները հիմնավորված են, մեղսագրվող արարքի նկատմամբ քրեական օրենքի որակումը` ճիշտ, որոնցով էլ նա ենթակա է պատասխանատվության և պատժի:

(...)

Տուժող Արթուր Ալավերդյանը հայցադիմում է ներկայացրել` Վրեժ Ստեփանյանից 892.000 (ութ հարյուր իննսուներկու հազար) ՀՀ դրամ բռնագանձման պահանջով, որպես հանցագործությամբ պատճառված գույքային վնասի հատուցում:

(...)

Տվյալ դեպքում, դատարանը հաստատված համարելով Վրեժ Ստեփանյանին առաջադրված մեղադրանքն ամբողջ ծավալով, գտնում է, որ տուժող Արթուր Ալավերդյանի ներկայացված քաղաքացիական հայցը ենթակա է բավարարման: (...)»(3):

 

_____________________

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 64-73:

 

9. Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի մայիսի 19-ի որոշման համաձայն` «(...) Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, հանգում է այն հետևության, որ Ռ.Ղազարյանի վերաքննիչ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն` դատավճիռը բեկանել և փոփոխել, ամբաստանյալին ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով ճանաչել անմեղ և արդարացնել` հետևյալ պատճառաբանությամբ:

(...)

Վերաքննիչ դատարանը, ստուգելով սույն գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենսգրքի կիրառման ճշտությունը, գալիս է այն հետևության, որ գործի փաստական հանգամանքները բացահայտված են ճիշտ, սակայն քրեական օրենքը կիրառելիս դատարանը թույլ է տվել դատական սխալ` ամբաստանյալ Վ.Ստեփանյանի արարքը բացի ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետից` հանցագործությունների համակցությամբ որակելով նաև ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով:

Այսպես, առանձնատան մուտքի դռան ներքին փականը տեղահան անելու միջոցով բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողությունը որակելով նաև ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով, համարելով, որ Վ.Ստեփանյանը ուրիշի գույքը վնասել է անուղղակի չկոնկրետացված դիտավորությամբ, նախաքննության մարմինը և Առաջին ատյանի դատարանը հաշվի չեն առել այն հանգամանքը, որ մուտքի դռան ներքին փականը տեղահան անելու միջոցով դուռը բացելը հանդիսացել է բնակարան ապօրինի մուտք գործելու միջոցը կամ եղանակը, առանց որի ամբաստանյալը չէր կարող բնակարան մուտք գործել: Վերջինիս դիտավորությունը որևէ կերպ ուղղված չի եղել դռան փականը վնասելուն, այլ դրա միջոցով նա ցանկացել է բացել դուռը և գողություն կատարելու նպատակով ապօրինի մուտք գործել բնակարան:

Հետևաբար, բնակարանի մուտքի դռան փականը վնասելու միջոցով այնտեղ ապօրինի մուտք գործելը և գողություն կատարելն ընդգրկված է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետի դիսպոզիցիայում և այն ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով լրացուցիչ որակում չի պահանջում:

Դռան փականը տեղահան անելիս պատճառված վնասի փոխհատուցման պահանջ կարող է ներկայացվել քաղաքացիական դատավարության կարգով:

(...)

Այսպիսով, պաշտպան Ռ.Ղազարյանի վերաքննիչ բողոքի հիման վրա վերանայելով ամբաստանյալ Վ.Ստեփանյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ վերաքննիչ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն, դատավճիռը բեկանել և փոփոխել, ամբաստանյալին ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով ճանաչել անմեղ ու արդարացնել` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ (...)»(4):

 

_____________________

4) Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 40-53:

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բնակարան ապօրինի մուտք գործելով գույքի գաղտնի հափշտակության և ուրիշի գույքը ոչնչացնելու կամ վնասելու հանցակազմերի հարաբերակցության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման և իրավունքի զարգացման համար:

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյո՞ք Վերաքննիչ դատարանի հետևություններն առ այն, որ ուրիշի գույքի վնասումն ընդգրկված է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված` բնակարան ապօրինի մուտք գործելով գողության հանցակազմի դիսպոզիցիայում, հետևաբար ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով լրացուցիչ որակում չի պահանջում:

11. ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Գողություն է համարվում ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունը»:

Նույն օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետի համաձայն` «Գողությունը, որը կատարվել է` (...)

1.1) բնակարան ապօրինի մուտք գործելով,

(...) պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:

12. Վճռաբեկ դատարանը բնակարան ապօրինի մուտք գործելով գողության հատկանիշների մեկնաբանմանն անդրադարձել է Արայիկ Հակոբյանի և Արտակ Գրիգորյանի վերաբերյալ գործով որոշման շրջանակներում, որտեղ, ի թիվս այլնի, վերլուծության է ենթարկել բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակների առանձնահատկությունները` ընդգծելով հետևյալը. «(...) Բնակարան մուտք գործելը կարող է կատարվել հանցավորի կողմից ինչպես ֆիզիկական, այնպես էլ տեխնիկական միջոցներով կամ տարատեսակ սարքերով, գաղտնի կամ բացահայտ եղանակով բնակարան ներթափանցելով: Ինչ վերաբերում է բնակարան մուտք գործելու ապօրինությանը, ապա այն ենթադրում է, որ հանցավորը հայտնվում է ուրիշի բնակարանում առանց համապատասխան իրավական հիմքերի, բնակարանի տիրոջ կամքին հակառակ, մասնավորապես` առանց նրա թույլտվությունը կամ համաձայնությունը ստանալու կամ նրա կամքն ընդհանրապես անտեսելով: Այսպես` ներթափանցումը կարող է իրականացվել ինչպես գաղտնի, այնպես էլ բռնություն գործադրելով, դրա սպառնալիքով կամ խաբեության միջոցով, այն է` հանցավորի կողմից բնակարանի սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի` բնակարան մուտք գործելու թույլտվությունը կամ համաձայնությունը ձեռք բերելը` վերջինիս մոլորության մեջ գցելու արդյունքում (օրինակ` ներկայանում է որպես իշխանության կամ սպասարկման ծառայության ներկայացուցիչ, էլեկտրաէներգիայի կամ գազի մատակարարման կազմակերպության աշխատակից, վերանորոգող-փականագործ և այլն): Ընդ որում, բնակարան ապօրինի մուտք գործելու վերոնշյալ եղանակներն արարքի քրեաիրավական որակման վրա որևէ կերպ չեն ազդում (...)»(5):

 

_____________________

i

5) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արայիկ Հակոբյանի և Արտակ Գրիգորյանի գործով 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԱՔԴ/0063/01/17 որոշման 10-12-րդ կետերը:

 

13. Ընդհանրացնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի պայմաններում գողության` բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակներն օրենսդրորեն կոնկրետացված չեն և կարող են ամենատարբեր դրսևորումներն ունենալ` գաղտնի կամ բացահայտ, սպառնալիքի միջոցով կամ բռնության գործադրմամբ, խաբեությամբ, գույքը ոչնչացնելով կամ վնասելով և այլն: Ընդ որում, վերոնշյալ եղանակները կարող են լինել ինչպես ոչ հանցավոր, այնպես էլ հանցավոր` պարունակելով այլ հանցակազմի հատկանիշներ:

Այս տեսանկյունից կարևոր է ընդգծել, որ թեև բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակները հանցակազմի որակման վրա որևէ ազդեցություն չունեն, այնուամենայնիվ, եթե մուտք գործելը դրսևորվում է հանցակազմի ինքնուրույն հատկանիշներ պարունակող արարքով, ապա կատարվածը պետք է որակվի հանցագործությունների համակցության կանոններով: Վերոնշյալ դատողության համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն, որ կոնկրետ հանցավոր եղանակը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի դիսպոզիցիայում կամ ծանրացնող հանգամանքներում ընդգրկված չէ, դրա բաղկացուցիչ մասը չէ, ուստի դուրս է հանցակազմի շրջանակներից և ինքնուրույն քրեաիրավական գնահատական է պահանջում (օրինակ` նման իրավիճակ կարող է առաջանալ նաև խարդախության և կեղծ փաստաթուղթ օգտագործելու, սպանության և ապօրինի կերպով հրազեն կրելու կամ պահելու և այլ հանցակազմերի պարագայում):

Հետևաբար, այս համատեքստում անդրադառնալով բնակարան ապօրինի մուտք գործելով գողության և ուրիշի գույքը ոչնչացնելու կամ վնասելու հանցակազմերի համակցման հիմնախնդրին` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով նախատեսված գողության հանցակազմը` ընդհանրապես, և դրա որակյալ` բնակարան ապօրինի մուտք գործելով տեսակը` մասնավորապես, չեն բովանդակում այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են հանցանքն ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով կատարելը, այլ կերպ` վերոնշյալ եղանակն ընդգրկված չէ գողության հանցակազմի դիսպոզիցիայում, դրա շրջանակներից դուրս է, ուստի չի կարող դիտարկվել որպես գողության բաղկացուցիչ մաս և կլանվել նշված հանցակազմում:

Վերոշարադրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ եթե ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված բնակարան ապօրինի մուտք գործելով գողությունը զուգորդվել է ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով, որն իր մեջ պարունակում է տվյալ հանցակազմի բոլոր հատկանիշները, կատարվածն անհրաժեշտ է որակել հանցագործությունների համակցության կանոններով:

i

14. 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 254-րդ հոդվածի համաձայն` «1. Գողությունը` գաղտնի հափշտակությունը` պատժվում է (...):

2. Գողությունը, որը կատարվել է`

(...)

3) տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այլ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով,

(...) պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով::

3. Գողությունը, որը կատարվել է`

(...)

2) բնակարան ապօրինի մուտք գործելով,

(...) պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով»:

i

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի համաձայն` «1. Ուրիշի գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել`

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը`

1) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով,

3) կատարվել է` կապված անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ,

4) կատարվել է ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով,

5) կատարվել է խուլիգանական դրդումներով կամ

6) առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը`

1) կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) անզգուշությամբ առաջացրել է պատմական, գեղարվեստական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկայի ոչնչացում կամ վնասում` պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով»:

14.1. ՀՀ գործող քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի վերլուծությունից երևում է, որ, ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի, ՀՀ գործող քրեական օրենսգրքով գողության հանցակազմում (նաև` ավազակության և կողոպուտի դեպքում) նախատեսվել է նոր ծանրացնող հանգամանք, որն ավելի խիստ պատասխանատվություն է սահմանում գողությունը որևէ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով կատարելու դեպքում: Մասնավորապես, օրենսդրի կողմից առավել վտանգավոր են գնահատվել գողության այն դրսևորումները, երբ հանցավորն ուրիշի գույքին տիրանալու համար որոշակի ֆիզիկական արգելք է հաղթահարում` ընդհուպ մինչև ոչնչացնում կամ վնասում է այդ գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը:

Վերոգրյալից հետևում է, որ, այսպես կոչված կոտրանքը, նախատեսվելով որպես ծանրացնող հանգամանք, ընդգրկվել է գողության հանցակազմում, դարձել դրա որակյալ տեսակի բաղկացուցիչ մասը: Այլ կերպ` նշված դեպքում գործ ունենք բաղկացական հանցագործության հետ, քանի որ հանցագործության եղանակը հանցակազմի ինքնուրույն հատկանիշներ պարունակող հանցավոր արարք է:

Այսպես` բաղկացական հանցագործությունների դեպքում հանցակազմի ինքնուրույն հատկանիշներ պարունակող արարքն ուղղակիորեն նկարագրված է բուն հանցագործության դիսպոզիցիայում կամ դրա որակյալ տեսակ(ներ)ում, դրա բաղկացուցիչ մասն է կազմում, ուստի դրանք, իրենց ներքին միասնությամբ պայմանավորված, դիտարկվում են որպես մեկ հանցագործություն (բաղկացական հանցագործությունների օրինակ է ավազակությունը, մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը, սեքսուալ բնույթի բռնի գործողությունները և այլն): Բացառություն են կազմում, սակայն, այն դեպքերը, երբ հանցագործության մաս կազմող հանցանքի համար օրենքով ավելի խիստ կամ հավասար պատիժ է նախատեսված, քան ամբողջ հանցագործության համար: Նման դեպքերում արարքները որակվում են առանձին` համակցության կանոններով, ինչն ուղղակիորեն բխում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հետևյալ իրավակարգավորումից` «Եթե հանցակազմի բաղկացուցիչ մաս է այլ հանցանքի կատարումը, ապա դրա համար անձն առանձին ենթարկվում է քրեական պատասխանատվության միայն այն դեպքում, երբ այդ հանցագործության համար սույն օրենսգրքով հավասար կամ ավելի խիստ պատիժ է նախատեսված, քան այն հանցակազմի համար, որի բաղկացուցիչ մասն է տվյալ հանցանքը»:

15. Սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարզելու համար, թե ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով կատարված գողության դեպքում արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի 254-րդ և 264-րդ հոդվածների համակցությամբ, թե միայն 254-րդ հոդվածով, անհրաժեշտ է համեմատական վերլուծության ենթարկել վերոնշյալ նորմերի քրեաիրավական սանկցիաները: Մասնավորապես, եթե կատարվածն իր մեջ պարունակում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` ուրիշի գույքը ոչնչացնելու կամ վնասելու հանցակազմի հասարակ տեսակը, ապա այն կլանվում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ծանրացնող հանգամանքի մեջ և ինքնուրույն քրեաիրավական գնահատական չի պահանջում: Մինչդեռ, եթե կատարվածն իր մեջ պարունակում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված որևէ ծանրացնող հանգամանք, ապա հանցանքները պետք է որակվեն համակցության կանոններով, քանի որ դրանց դեպքում, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի համեմատ, ավելի խիստ պատիժ է նախատեսված:

15.1. Վերոնշյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ եթե բնակարան ապօրինի մուտք գործելով գողությունը զուգորդվում է ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով, որն իր մեջ պարունակում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշները, ապա կատարվածը պետք է որակվի միայն 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, մինչդեռ, ծանրացնող հանգամանքների առկայության դեպքում` նախատեսված ՀՀ գործող քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասերով, արարքները պետք է որակվեն հանցագործությունների համակցության կանոններով:

16. Սույն գործի փաստական հանգամանքներից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել ամբաստանյալ Վ.Ստեփանյանի մեղավորությունն իրեն մեղսագրվող` ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով ու նույն օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքները կատարելու մեջ(6):

 

_____________________

6) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ բնակարանի մուտքի դռան փականը վնասելու միջոցով այնտեղ ապօրինի մուտք գործելը և գողություն կատարելն ընդգրկված է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետի դիսպոզիցիայում, և այն ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով լրացուցիչ որակում չի պահանջում: Արդյունքում, Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանել և փոփոխել է, ամբաստանյալ Վ.Ստեփանյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով ճանաչել է անմեղ ու արդարացրել` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ (7):

_____________________

7) Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

 

17. Վերոշարադրյալ փաստական հանգամանքները գնահատման ենթարկելով սույն որոշման 13-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների համատեքստում` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետևություններն առ այն, որ ուրիշի գույքի վնասումն ընդգրկված է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված` բնակարան ապօրինի մուտք գործելով գողության հանցակազմի դիսպոզիցիայում, հետևաբար ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով լրացուցիչ որակում չի պահանջում, հիմնավոր չեն:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ, ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի, ՀՀ գործող քրեական օրենսգրքով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով կամ վնասելով կատարված գողությունը, նախատեսվելով որպես ծանրացնող հանգամանք, արդեն իսկ ընդգրկվել է գողության հանցակազմում և դարձել դրա որակյալ տեսակի բաղկացուցիչ մասը:

18. ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1. Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով

(...)»:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Սույն գլխում զգալի չափ է համարվում հանցագործության պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հինգհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը) (...)»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է սահմանում ուրիշի գույքը ոչնչացնելու կամ վնասելու համար, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել, իսկ նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի համաձայն` պատճառված գույքային վնասի խոշոր չափ է համարվում 500.000 ՀՀ դրամից մինչև 5 միլիոն ՀՀ դրամը:

19. Մեջբերված իրավակարգավորումներից հետևում է, որ ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի, որի պարտադիր հատկանիշ է զգալի չափերի (30.000 ՀՀ դրամից 500.000 ՀՀ դրամը չգերազանցող գումարը) վնասի պատճառումը, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է խոշոր չափերի (500.000 ՀՀ դրամից 5 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարը) գույքային վնասի պատճառումը: Միևնույն ժամանակ, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով կամ վնասելով կատարված գողության պարագայում, օրենսդիրը պատճառած գույքային վնասի նվազագույն չափ չի սահմանել(8):

 

_____________________

8) Նույնպիսի մոտեցում օրենսդիրը որդեգրել է նաև, օրինակ, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 2-րդ մասում` որպես «Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու» հանցակազմի ծանրացնող հանգամանք նախատեսելով «գույքը ոչնչացնելու կամ վնասելու» հատկանիշը:

 

20. Սույն գործի փաստական հանգամանքներից բխում է, որ Վ.Ստեփանյանին մեղսագրվել է գողության ընթացքում տուժողի գույքին 60.000 ՀՀ դրամի չափով վնասի պատճառում:

21. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալը գնահատման ենթարկելով սույն որոշման 18-19-րդ կետերում մեջբերված իրավական նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումները լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տուժողի գույքին 60.000 ՀՀ դրամի չափով վնաս պատճառելու արարքը շարունակում է մնալ հանցավոր և համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին: Սակայն, նշված հոդվածի և ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիաների համեմատական վերլուծությունը(9) վկայում է այն մասին, որ նոր օրենքն այդ արարքի համար առավել խիստ պատիժ է նախատեսում, հետևաբար, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի ուժով, համաձայն որի` «Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի», այն չի կարող հետադարձ ուժ ունենալ(10): Հետևաբար, ամբաստանյալ Վ.Ստեփանյանին մեղսագրված արարքները ենթակա են որակման հանցանքների համակցությամբ` ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով և 185-րդ հոդվածի 1-ին մասով:

 

_____________________

9) Տե՛ս սույն որոշման 14-րդ և 18-րդ կետերը:

10) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Նորայր Հովհաննիսյանի գործով 2022 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ ԵԴ/0721/01/20 որոշման 19-րդ կետը:

 

22. Վերոնշյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում քննարկել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Վ.Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդումը բացառող հանգամանքի առկայության հարցը:

Մասնավորապես, 1998 հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...)

6) անցել են վաղեմության ժամկետները (...)»:

Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի` ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից. (...):

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: (...)»(11):

_____________________

11) Անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջի համաձայն` ամբաստանյալ Վ.Ստեփանյանի նկատմամբ կիրառելի է հանցավոր արարքը կատարելու պահին գործող` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված` վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավական կարգավորումը:

 

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը դիտավորյալ հանցագործություն է, որի համար նախատեսված ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի գերազանցում երկու տարին, ուստի այն դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին: Հետևաբար, նշված հոդվածով սահմանված հանցավոր արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի:

23. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:

24. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Վ.Ստեփանյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող արարքն ավարտվել է առավելագույնը 2020 թվականի մարտի 3-ին(12) և 2022 թվականի մարտի 3-ի դրությամբ վերջինիս նկատմամբ առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ:

 

_____________________

12) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

25. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 22-23-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վ.Ստեփանյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի հիման վրա պետք է դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

26. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Վ.Ստեփանյանին արդարացնելով, թույլ է տվել նյութական իրավունքի խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի համաձայն` հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ Վ.Ստեփանյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով անցել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, ուստի անհրաժեշտ է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն` ամբաստանյալ Վ.Ստեփանյանի վերաբերյալ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի հունվարի 25-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի մայիսի 19-ի որոշումը բեկանել և փոփոխել` ամբաստանյալ Վ.Ստեփանյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 163-րդ հոդվածի պահանջն առ այն, որ քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը լուծվում է դատավճռով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների դատական ակտերը պետք է փոփոխել նաև քաղաքացիական հայցի մասով. տուժող Ա.Ալավերդյանի կողմից ներկայացված և ամբողջությամբ բավարարված քաղաքացիական հայցի գումարից պետք է հանել գույքը վնասելու հետ կապված 60.000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ գումարը` այդ մասով քաղաքացիական հայցը թողնելով առանց քննության: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, քրեական դատավարությունում հարուցված քաղաքացիական հայցը, որը դատարանի կողմից թողնվել է առանց քննության, կարող է հետագայում հարուցվել քաղաքացիական դատավարության կարգով(13):

 

_____________________

i

13) Տե՛ս նաև Վճռաբեկ դատարանի` Ռուստամ Սահակյանի գործով 2023 թվականի հունիսի 16-ի թիվ ԵԴ/0864/01/20 որոշման 16-րդ կետը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 367-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Վրեժ Վաղինակի Ստեփանյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով և քաղաքացիական հայցի մասով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2021 թվականի հունվարի 25-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի մայիսի 19-ի որոշումը բեկանել և փոփոխել:

2. Ամբաստանյալ Վրեժ Վաղինակի Ստեփանյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

3. Ամբաստանյալ Վրեժ Վաղինակի Ստեփանյանին թողնել կրելու 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նշանակված` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը` առանց գույքի բռնագրավման:

Ամբաստանյալ Վրեժ Վաղինակի Ստեփանյանից հօգուտ տուժող Արթուր Ալավերդյանի բռնագանձել 832.000 (ութ հարյուր երեսուներկու հազար) ՀՀ դրամ` որպես հանցագործությամբ պատճառված գույքային վնասի հատուցում: Գույքը վնասելու հետ կապված 60.000 (վաթսուն հազար) ՀՀ դրամի չափով քաղաքացիական հայցը թողնել առանց քննության:

4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Ասատրյան

Դատավորներ` Լ. Թադևոսյան
                                Ա. Պողոսյան
                               Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
15.11.2023
N ՍԴ/0129/01/20
Որոշում