Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ (ԲԱՑԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ, ԴԱՏԱՎՈՐԻ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ...

 

 

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 փետրվարի 2024 թվական N 02-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ, ԴԱՏԱՎՈՐԻ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ, ԴԱՏԱԽԱԶԻ, ՔՆՆԻՉԻ), ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ, ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) որոշում է.

1. Սահմանել պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագիրքը` համաձայն հավելվածի:

2. Հանձնաժողովի հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության և կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչություններին` մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն ապահովել հանրային իրազեկում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի ապրիլի 1-ից:

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ

    ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ            Մ. ԳԱԼՍՏՅԱՆ

 

ք. Երևան

 

Հավելված

Կոռուպցիայի կանխարգելման

հանձնաժողովի 2024 թվականի

փետրվարի 6-ի N 02-Ն որոշման

 

ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ, ԴԱՏԱՎՈՐԻ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ, ԴԱՏԱԽԱԶԻ, ՔՆՆԻՉԻ), ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ, ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ

 

ԲԱԺԻՆ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց (այսուհետ` հանրային պաշտոն զբաղեցնող անձ) վարքագծի կանոնագիրքը (այսուհետ` Կանոնագիրք) վարքագծի կանոնների ամբողջություն է, որով պետք է առաջնորդվեն հանրային պաշտոն զբաղեցնող անձինք:

2. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները բխում են «Հանրային ծառայության մասին» օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված վարքագծի սկզբունքներից, դրանց հիման վրա սահմանված հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններից, և հանդիսանում են հանրային ծառայության բարեվարքության համակարգի տարր:

3. Կանոնագրքի պահանջները տարածվում են հանրային պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ ինչպես միանձնյա ղեկավարման լիազորություն ունենալու, այնպես էլ` կոլեգիալ մարմնի անդամ հանդես գալու դեպքում:

4. Կանոնագրքով սահմանվում են նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձի` որպես մասնավոր անձի վարքագծի որոշակի կանոններ, որոնք կարող են ազդել հանրային իշխանության հեղինակության վրա, նվազեցնել հանրության վստահությունը հանրային ծառայության նկատմամբ, ինչպես նաև առանձին խրախուսելի կանոններ:

5. Կանոնագրքի նպատակներն են`

1) հանրային ծառայությունում բարեվարքության համակարգի տարրերի ներդրումն ու շարունակական զարգացումը,

2) հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարք, պատասխանատու և օրինակելի վարքագծի ձևավորումը,

3) հանրային ծառայության նկատմամբ հանրության վստահության ամրապնդումը,

4) կոռուպցիայի նկատմամբ զգոնության և անհանդուրժողականության ամրապնդումը,

5) վարքագծի սկզբունքների կիրառման միասնականության ապահովումը:

6. Կանոնագիրքը ներառում է վարքագծի կանոնների պարտադիր և խրախուսելի բաղադրիչներ: Կանոնագրքի 7-րդ բաժնով սահմանված նորմերից բացի, մյուս բոլոր կանոնները հանդիսանում են վարքագծի պարտադիր կանոններ:

7. Կանոնագրքի պարտադիր բաղադրիչը որոշակի վարքագիծ դրսևորելու կամ դրան հետևելու պարտադիր բնույթ ունեցող կանոնների համախումբ է, որոնց չհետևելու դեպքում հանրային պաշտոն զբաղեցնող անձը, օրենքով սահմանված դեպքերում և կարգով, կարող է ենթարկվել պատասխանատվության:

8. Կանոնագրքի խրախուսելի բաղադրիչն (այսուհետ` խրախուսելի կանոններ) օրինակելի կանոնների համախումբ է, որոնց համապատասխան գործելակերպ դրսևորելը հայեցողական բնույթ ունի և ուղղված է հանրային ծառայության համակարգում գերազանցության ապահովմանը: Հանրային պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի համապատասխանեցումը խրախուսելի կանոններին ցանկալի է: Կանոնագրքում խրախուսելի կանոնների թվարկումը սպառիչ չէ:

9. Կանոնագրքում վարքագծի կանոնների սահմանված հերթականությունը չի ընդգծում դրանց առաջնահերթությունը:

10. Կանոնագրքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) վարքագծի կանոններ` Օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներից բխող նորմեր, որոնք կարգավորում են հանրային պաշտոն զբաղեցնող անձի բարեվարք գործելակերպը` պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների կատարման ընթացքում և դրանից դուրս,

2) նվեր` Օրենքի իմաստով նվեր հանդիսացող ցանկացած գույքային առավելություն,

3) բարեվարքություն` ընդհանուր էթիկական արժեքներին, սկզբունքներին և նորմերին համապատասխան վարքագծի պահպանում, որի նպատակն է ամրապնդել մասնավոր շահերի նկատմամբ հանրային շահի գերակայությունը և պաշտպանությունը պետական համակարգում, հանրային իշխանության մարմիններում պաշտոն զբաղեցնող անձանց կողմից իրենց լիազորություններով պայմանավորված և կարգավիճակից բխող գործառույթների անկողմնակալ, ազնիվ և արդարացի իրականացումը, նրանց հաշվետու և թափանցիկ գործելակերպը:

4) հանրային շահ` սահմանադրական արժեք, որի պաշտպանության համար հիմնական իրավունքը կամ ազատությունը կարող է սահմանափակվել: Հանրային շահի առարկան համընդհանուր, համամարդկային որոշակի բարիքներն են, որոնց առարկայացումը հասարակական կյանքում անհրաժեշտ նախապայման է հասարակության գոյատևման և հետագա զարգացման համար: Հանրային շահի կրողը հասարակությունն է` որպես մեկ միասնական, ամբողջական օրգանիզմ: Ընդ որում, շահը հանրային որակելու համար պարտադիր նախապայման չէ հասարակության բոլոր անդամների կողմից այդ շահի ընկալելի, ընդունելի լինելու հանգամանքը,

5) կոռուպցիոն բնույթի հանցագործություն` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի N 1 հավելվածով սահմանված կոռուպցիոն հանցանք,

6) հանրային շահերին ուղղված վնաս` հանրային առողջությանը, հասարակության նյութական կամ հոգևոր արժեքներին կամ շրջակա միջավայրին հասցված վնաս, պետության ռեսուրսների կամ գույքի վատնում, ինչպես նաև այլ վնաս, որը պատճառվել է հասարակական կամ պետական կառավարման կարգին,

7) հանրային ռեսուրսներ` ծառայողական պարտականությունների իրականացման համար նախատեսված նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական, մարդկային ռեսուրսներ, աշխատաժամանակ, պետական կամ հանրային սեփականություն հանդիսացող այլ ռեսուրսներ,

8) շահերի բախում` իրավիճակ, երբ հանրային պաշտոն զբաղեցնող անձի մասնավոր շահերն ազդում են կամ կարող են ազդել վերջինիս պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա:

9) հովանավորչություն` կողմնակալության ձև, երբ անձը ընտրվում/ նշանակվում է որևէ պաշտոնի ի հաշիվ անձնական կապերի կամ պատկանելիության (քաղաքական, խմբային, կլանային)` անկախ իր որակավորումից և հանրային շահից:

10) ինստիտուցիոնալ հիշողություն` օրենքով պաշտոնական փաստաթղթավորման կամ պաշտոնականացման այլ ձևի ոչ ենթակա գիտելիքների, տեղեկատվության, տվյալների ամբողջությունը, որը կարող է կուտակվել տվյալ հանրային պաշտոնը զբաղեցնող անձի մոտ այդ պաշտոնը զբաղեցնելու ուժով և կարող է կարևոր կամ էական դիտարկվել նորանշանակ հանրային պաշտոն զբաղեցնող անձի կողմից պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների կատարմանը հնարավորինս արագ և արդյունավետ ձեռնամուխ լինելու համար:

11) սոցիալական մեդիա` սոցիալական ցանցեր, ֆորումներ, բլոգներ և սոցիալական մեդիայի այլ գործիքակազմ, որոնց միջոցով կարելի է կատարել գրավոր կամ տեսաձայնային հրապարակումներ, կատարել գրառումներ, մեկնաբանություններ, հավանումներ կամ կիրառել վերաբերմունքն արտահայտող այլ նշաններ, կիսվել այլ աղբյուրների նյութերով:

 

ԲԱԺԻՆ 2
ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԾԱՌԱՅԵԼՈՒ ԳԻՏԱԿՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ

 

ԳԼՈՒԽ 1
ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

11. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը ծառայողական պարտականությունները կատարելիս պարտավոր է գործել իրավունքի գերակայության սկզբունքին, օրենքի ոգուն և տառին համապատասխան, հարգել ու պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սահմանադրական օրենքները, օրենքները, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերը, Կանոնագիրքը, իրավական այլ ակտերը և գործել դրանց համապատասխան` օրինակ ծառայելով իրեն ենթակա հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց, հանրային ծառայողների և այլ աշխատողների համար:

12. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում քաղաքացիների և հանրության բարօրության ապահովման նպատակով իրագործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված` պետության քաղաքականության նպատակները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների շրջանակում` պատշաճ կերպով իրականացնել մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ իրացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը:

13. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է չչարաշահել վերադաս լիազորությունը` չտալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին հակասող կամ իր կամ կատարողի լիազորությունների շրջանակից դուրս բանավոր կամ գրավոր հանձնարարականներ, ինչպես նաև այնպիսի հանձնարարականներ, որոնց կատարումը հանգեցնում է մարդու իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ պաշտոնի հեղինակազրկման: Եթե հանրային պաշտոն զբաղեցնող անձին կատարողի կողմից ներկայացվում է հանձնարարականի օրինականության կասկածի վերաբերյալ գրավոր զեկուցագիր, ապա հանձնարարականը պնդելու դեպքում հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է այն վերահաստատել գրավոր կարգով` հիմնավորելով իր կողմից տրված հանձնարարականի օրինականությունը, ներկայացնելով կատարման հիմքերը և հանձնարարականի անհրաժեշտությունը:

14. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է ձեռնպահ մնալ այնպիսի վարքագիծ դրսևորելուց, որը կարող է ընկալվել որպես հակաօրինական գործունեություն (գործողություն կամ անգործություն) կամ դրա խրախուսում կամ դրա նկատմամբ հանդուրժողականություն կամ անհարգալից վերաբերմունք օրինավոր վարքագծի նկատմամբ:

 

ԳԼՈՒԽ 2
ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

15. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների կատարման ընթացքում իրեն վերապահված լիազորությունների շրջանակում պաշտպանել իրեն ենթակա հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց, հանրային ծառայողների և այլ աշխատողների իրավունքները և օրինական շահերը` միջամտելով նրանց հանդեպ ոտնձգության կամ այլ անարդար վերաբերմունքի ցանկացած դրսևորման դեպքում:

16. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է պաշտոնեական (ծառայողական) պարտականությունները կատարելիս աջակցել տվյալ հանրային իշխանության մարմնի հետ հարաբերվող անձանց` իրացնելու իրենց այն իրավունքները, ազատությունները, օրինական շահերը, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով:

 

ԲԱԺԻՆ 3
ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀԻՆ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ

 

ԳԼՈՒԽ 1
ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

 

17. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է ծառայել հանրությանը, հանրային շահին ու մարդու իրավունքների, ազատությունների, օրինական շահերի պաշտպանությանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում պաշտոնեական (ծառայողական) պարտականությունները կատարել պատշաճ կարգով, նվիրումով և հնարավոր արդյունավետությամբ:

18. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է պաշտոնեական (ծառայողական) պարտականություններն իրականացնելիս կիրառել իրավասու մարմինների կողմից ընդունված պարտադիր կատարման ենթակա և վերաբերելի քաղաքականությունները, որոշումները, ուղեցույցները, ռազմավարական փաստաթղթերը, կազմակերպական բնույթի այլ ակտերը` անկախ իր անձնական դիրքորոշումից, իսկ առարկություններ, առաջարկություններ ունենալու դեպքում ներկայացնել դրանք մինչև համապատասխան ակտերի ընդունումը:

19. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է Օրենքով թույլատրված դեպքերում այլ աշխատանք իրականացնելիս ապահովել հանրային ծառայությունում իր լիազորությունների (պարտականությունների) գերակայությունն այլ աշխատանքի հետ կապված լիազորությունների (պարտականությունների) նկատմամբ:

20. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է հանրային իշխանության հեղինակությունը պահպանելու հարցում լինել հետևողական, բացահայտել և իրեն վերապահված լիազորությունների շրջանակում վերացնել իր կամ իրեն ենթակա հանրային պաշտոն զբաղեցնող այլ անձանց կամ հանրային ծառայողների կողմից թույլ տրված սխալները և բացթողումները:

21. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների կատարման ընթացքում զերծ մնալ չփաստարկված և չհիմնավորված գործողություններ կատարելուց կամ որոշումներ ընդունելուց:

 

ԳԼՈՒԽ 2
ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

22. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր լիազորություններն իրականացնելիս, այդ թվում` հանրային իշխանության այլ մարմինների ու պաշտոնատար անձանց հետ գործողությունները համակարգելիս կամ համագործակցելիս, ապահովել թափանցիկություն` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

23. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է բացառել չճշտված, իրականությանը չհամապատասխանող կամ ապակողմնորոշող տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձանցից, հանրային ծառայողներից կամ այլ աշխատողներից չպահանջել նման տեղեկատվության տրամադրում կամ հրապարակում:

24. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների կատարման կամ լիազորությունների շրջանակում իրականացված գործունեության առնչությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ապահովել հաշվետվողականություն:

25. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է օրենքով սահմանված դեպքերում և կարգով ապահովել հանրության մասնակցությունը որոշումների կայացմանը (հանրաքվեի նշանակմանն ուղղված օրենքով նախատեսված գործողություններ, ծանուցումներ, լսումներ, հանրային քննարկումներ և այլն):

26. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը, տեղեկատվության ազատությունը երաշխավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, պարտավոր է ի պաշտոնե իր տնօրինման տակ եղած տեղեկատվությունն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել հանրային իշխանության այլ մարմինների, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց:

 

ԳԼՈՒԽ 3
ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

27. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է չօգտագործել իր պաշտոնեական դիրքը` իր, իր հետ փոխկապակցված անձանց, այլ անձանց կամ կազմակերպությունների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չսահմանված արտոնություններ, բացառություններ, նպաստավոր այլ պայմաններ ստեղծելու կամ դրանց ստեղծմանն աջակցելու նպատակով:

28. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է խուսափել այնպիսի գործառույթներ ստանձնելուց, որոնց իրականացման ընթացքում կանխատեսելի են շահերի բախման հաճախակի ծագող իրավիճակներ:

29. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պետք է ապահովի Օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված գործողությունների պահպանումը:

30. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր լիազորությունները կատարելիս խուսափել այնպիսի հարաբերություններից, որոնք առաջացնում են կամ կարող են առաջացնել շահերի բախում կամ որոնց առկայության պայմաններում հանրային պաշտոն զբաղեցնող անձը հնարավորություն չի ունենա անաչառ և անկողմնակալ կատարել իր պաշտոնեական (ծառայողական) պարտականությունները:

31. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է չտալ ոչ օբյեկտիվ երաշխավորություններ, չանել միջնորդություններ որևէ անձի պաշտոնի նշանակելու, առաջխաղացման, պաշտոնեական (ծառայողական) կարգավիճակի բարելավման և այլ հարցերի վերաբերյալ, ինչպես նաև չդրդել որևէ մեկին նման երաշխավորություններ տալ կամ միջնորդություններ անել:

32. Բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի` հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է չընդունել, չպահանջել կամ չխրախուսել արտոնյալ վերաբերմունք հանրային իշխանության այլ մարմինների և այլ պաշտոնատար անձանց հետ հարաբերություններում` կապված իր պաշտոնեական (ծառայողական) կարգավիճակի հետ և զերծ մնալ արտոնյալ վերաբերմունք դրսևորելուց որևէ մեկի նկատմամբ` պայմանավորված հանրային ծառայությունում այդ անձի զբաղեցրած պաշտոնով, քաղաքական պատկանելիությամբ:

33. Հանրային պաշտոն զբաղեցնող անձին արգելվում է իր պաշտոնեական (ծառայողական) դիրքն օգտագործել մասնավոր կազմակերպությունների (այդ թվում` առևտրային կազմակերպությունների) համար փաստացի առավելություններ կամ արտոնություններ ապահովելու համար:

 

ԳԼՈՒԽ 4
ՆՎԵՐՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

 

34. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը չպետք է իր պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունի կամ դրանք հետագայում ընդունելու համաձայնություն հայտնի` բացառությամբ Օրենքի իմաստով թույլատրելի համարվող նվերների:

35. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պետք է միջոցներ ձեռնարկի, որ իր ընտանիքի անդամները և Օրենքի իմաստով իր հետ փոխկապակցված այլ անձինք չընդունեն նվեր կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն չհայտնեն, եթե առկա է հնարավոր կամ իրական կապ հանրային պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների կատարման և ստացված նվերի միջև:

 

ԲԱԺԻՆ 4
ԲԱՐԵԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԼԻՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ

 

ԳԼՈՒԽ 1
ՎԱՐՔԱԳԻԾԸ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

36. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է ի պաշտոնե հանդես գալիս, ցանկացած իրավիճակում, ցուցաբերել բարեկրթություն, քաղաքավարություն, նրբանկատություն, զսպվածություն:

37. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է հարգել վերադասի, անմիջական ղեկավարի (առկայության դեպքում), այլ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, հանրային ծառայողների և այլ աշխատողների, ինչպես նաև այլոց պատիվն ու արժանապատվությունը:

38. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է աշխատանքի վայր և իր պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված այլ վայրեր ներկայանալ պատշաճ տեսքով, պահպանել արտաքին տեսքին ներկայացվող` տվյալ մարմնի կողմից սահմանված կանոնները:

39. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը, պաշտոնեական (ծառայողական) լիազորություններն իրականացնելիս, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, պարտավոր է չգործադրել ֆիզիկական ուժ կամ չներկայացնել դրա կիրառման սպառնալիք, չգործադրել հոգեբանական կամ այլ տեսակի բռնություն կամ չներկայացնել դրա կիրառման սպառնալիք, ինչպես նաև` զերծ մնալ այլ անձանց նկատմամբ ոտնձգության ցանկացած դրսևորումից:

40. Հանրային պաշտոն զբաղեցնող անձին արգելվում է ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ազդեցության տակ գտնվել աշխատավայրում կամ պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների կատարման այլ վայրում:

41. Հանրային պաշտոն զբաղեցնող անձին արգելվում է ծխել աշխատավայրի կամ պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների կատարման այլ վայրերի փակ տարածքներում:

42. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է հարգել Հայաստանի Հանրապետության խորհրդանիշները (դրոշը, զինանշանը, օրհներգը) և պետական լեզուն, ինչպես նաև հանրային իշխանության մարմինների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված խորհրդանիշներն ու տարբերանշանները:

43. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է բացառել պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների համար նախատեսված տարածքներում Հայաստանի Հանրապետության խորհրդանիշներից, հանրային իշխանության մարմինների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված խորհրդանիշներից ու տարբերանշաններից, արարողակարգային խորհրդանիշներից և տարբերանշաններից, օտարերկրյա պատվիրակությունների հետ հանդիպումների ընթացքում` այդ պետությունների պետական խորհրդանիշներից, միջազգային կառույցների հետ հանդիպումների ընթացքում` այդ կառույցների խորհրդանիշներից ու տարբերանշաններից բացի որևէ այլ խորհրդանիշի կամ տարբերանշանի ցուցադրումը կամ դրանց կրումը:

44. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը, ի պաշտոնե հանդես գալիս, պարտավոր է ձգտել հաղորդակցվել գրական հայերենով` բացառելով առօրյա-խոսակցական, ժարգոնային կամ ոչ նորմատիվային բառապաշարի կիրառումը:

45. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը, ի պաշտոնե հանդես գալիս, պարտավոր է զերծ մնալ այլ անձանց (այդ թվում` իր հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող) մտքի, կրոնի, խղճի ազատության իրավունքին ոտնձգող գործողություններ կատարելուց, այդ թվում` այս կամ այն կրոնի դավանանքի քարոզ իրականացնելուց, կամ իր համոզմունքներն այլ անձանց պարտադրելուց, կամ այլ անձանց մտքի, կրոնի, խղճի վերաբերյալ իր համոզմունքները տարածելուց և ազդեցություն գործադրելուն ուղղված գործողություններ կատարելուց:

 

ԳԼՈՒԽ 2
ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՅՈՎ

 

46. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը զանգվածային լրատվության միջոցներով կամ սոցիալական մեդիայով պաշտոնեական լիազորությունների շրջանակում հանդես գալու դեպքում պարտավոր է ներկայացնել բացառապես հանրային իշխանության կամ հանրային իշխանության տվյալ մարմնի պաշտոնական դիրքորոշումը կամ պաշտոնական տեղեկատվություն:

47. Հանրային պաշտոն զբաղեցնող անձն օրենքով չարգելված դեպքերում սոցիալական մեդիայում ունեցած օգտահաշվից կարող է տարածել (այդ թվում` հրապարակել, վերահրապարակել, նշել անձի) հանրային իշխանության կամ հանրային իշխանության տվյալ մարմնի գործունեությանը կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձի` պաշտոնեական լիազորություններին առնչվող տեղեկատվություն:

48. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է սոցիալական մեդիայում իր աշխատավայր հանդիսացող կամ հանրային իշխանության այլ մարմնի գործունեությունը հեղինակազրկող մեկնաբանություններով հանդես չգալ: Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պետք է զերծ մնա սոցիալական մեդիայի օգտահաշիվներից այնպիսի գրառումներ, հավանումներ անելուց կամ վերաբերմունք արտահայտող այլ նշաններ կիրառելուց, որոնք կարող են վնասել, նսեմացնել կամ այլ եղանակով արատավորել հանրային ծառայության հեղինակությունը, կասկածի տակ առնել հանրային ծառայությունում իր լիազորությունների անաչառ և պատշաճ իրականացումը:

49. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը սոցիալական մեդիայում հրապարակումներ և մեկնաբանություններ կատարելիս պարտավոր է հստակ նշել դրա` հանրային իշխանության մարմնի պաշտոնեական դիրքորոշում կամ սեփական տեսակետ լինելու մասին:

50. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է խուսափել սոցիալական մեդիայի օգտահաշիվներում անձնական բնույթի այնպիսի լուսանկարների, տեսագրությունների, ձայնագրությունների կամ այլ բովանդակության հրապարակումից, որոնք կարող են հանրային ծառայությունը վարկաբեկող լուրերի տարածման պատճառ հանդիսանալ:

51. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է լրագրողների, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հաղորդակցվելիս ցուցաբերել հարգալից վերաբերմունք, իր գործողություններով չխախտել լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքները, չխոչընդոտել նրանց օրինական գործունեությանը և մասնագիտական աշխատանքին:

 

ԲԱԺԻՆ 5
ԲԱՐԵԽՂՃՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ

 

ԳԼՈՒԽ 1
ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՉՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ, ՀԱՆՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԲԱՐԵԽԻՂՃ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

 

52. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է պահպանել պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած` օրենքով պահպանվող տեղեկությունները (այդ թվում` օրենքով սահմանված դեպքերում` անձանց վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրամադրված բարեվարքության վերաբերյալ եզրակացությունների տվյալները), նման տեղեկությունների և տեղեկակիրների հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները, ինչպես նաև այլ նպատակներով չօգտագործել, չհրապարակել կամ այլ կերպ մատչելի չդարձնել (այդ թվում` պաշտոնից ազատվելուց հետո) դրանք, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

53. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր պաշտոնեական (ծառայողական) պարտականություններից չբխող հետազոտություններում կամ աշխատություններում չօգտագործել այնպիսի տեղեկություններ, որոնք, թեև ենթակա են հրապարակման, սակայն դեռևս չեն հրապարակվել հանրային իշխանության մարմնի կողմից:

54. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է ձեռնպահ մնալ իր լիազորությունների կատարման հետ չառնչվող պետական և ծառայողական գաղտնիքի տեղեկակիրներին, տեղեկություններին, գաղտնաբառերին կամ հատուկ պահպանվող տարածքներին հասանելիություն ստանալուն ուղղված քայլերի ձեռնարկումից, ինչպես նաև առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլտվության դրանց տեղեկակիրների պատճենահանումից, ձայնագրումից, լուսանկարումից կամ տեսագրումից, հատուկ պահպանվող տարածքների լուսանկարումից կամ տեսագրումից:

55. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների համար տրամադրված հանրային ռեսուրսները (այդ թվում` մարդկային ռեսուրսները, աշխատաժամանակը) օգտագործել բարեխղճորեն` բացառապես իր լիազորությունների իրականացման նպատակով, ինչպես նաև` չօգտագործել հանրային պաշտոն զբաղեցնող այլ անձանց և հանրային ծառայողների աշխատաժամանակը սեփական շահերը բավարարելու կամ այլ մասնավոր նպատակներով:

 

ԲԱԺԻՆ 6
ՕԲՅԵԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ

 

ԳԼՈՒԽ 1
ԱՆԱՉԱՌՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌՈՒՄ

 

56. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր պաշտոնեական (ծառայողական) պարտականություններն իրականացնելիս դրսևորել անաչառություն, զերծ մնալ խոսքով կամ վարքագծով կողմնակալություն ցուցաբերելուց, գործել այնպես, որ նման կասկած չհարուցվի կամ ողջամտորեն նման տպավորություն չստեղծվի:

57. Հանրային պաշտոն զբաղեցնող անձն իր պաշտոնեական (ծառայողական) պարտականություններն իրականացնելիս պարտավոր է չառաջնորդվել ենթադրություններով, մասնավոր նախասիրություններով, հույզերով, վախերով, անձնական վերաբերմունքով կամ այլ կողմնակի ներազդեցությամբ, հիմնվել բացառապես վերաբերելի փաստերի և հստակ չափանիշների վրա:

58. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է բացառել խտրական վերաբերմունքի դրսևորում որևէ կազմակերպության, խմբի կամ անհատի նկատմամբ` կապված նրա սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային պատկանելության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության, տարիքի կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների հետ:

59. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է մասնագիտական աջակցության, կարողությունների զարգացման, կատարողականի գնահատման, առաջխաղացման, պարգևատրման և աշխատանքային գործունեությունից բխող այլ հարաբերություններում ցուցաբերել ոչ կանխակալ, արդարամիտ վերաբերմունք:

60. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պաշտոնեական պարտականությունները կատարելիս պարտավոր է զերծ մնալ հովանավորչության ցանկացած դրսևորումից:

 

ԳԼՈՒԽ 2
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶՍՊՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

61. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է հարգել հանրային պաշտոն զբաղեցնող այլ անձանց, հանրային ծառայողների և այլ աշխատողների քաղաքական չեզոքություն և քաղաքական զսպվածություն դրսևորելու օրենսդրական պարտականությունը և չպահանջել նրանցից գործել դրա շրջանակներից դուրս:

62. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է ընտրությունների ժամանակ պահպանել նախընտրական քարոզչության, ներառյալ` քաղաքական գովազդին օրենքով ներկայացվող սահմանափակումները և պահանջները, ինչպես նաև` չօգտագործել հանրային ռեսուրսները, օրենքով նախատեսված վարչական ռեսուրսներն իր, այլ անձանց կամ քաղաքական կուսակցությունների նախընտրական քարոզարշավի համար, չներգրավել այլ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, հանրային ծառայողների կամ այլ աշխատողների` օգտագործելու իրենց աշխատանքային ժամերը կամ այլ ռեսուրսները այդ նպատակի համար:

63. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր պաշտոնեական (ծառայողական) պարտականություններն իրականացնելիս չկատարել կուսակցական շահը սպասարկելու համար հանրային ռեսուրսները տրամադրելու պահանջները, ինչպես նաև նման պահանջներ չներկայացնել հանրային պաշտոն զբաղեցնող այլ անձանց, հանրային ծառայողների կամ այլ աշխատողների:

64. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ քաղաքական զսպվածության պարտավորություն ունեցող հանրային պաշտոն զբաղեցնող անձը, այդ թվում` անկախ ու ինքնավար մարմիններում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձը, ում անմիջական ղեկավարը կամ վերադասն ունի քաղաքական զսպվածության օրենսդրական պարտավորություն, պարտավոր է զերծ մնալ քաղաքական բնույթի հանրային ելույթներ ունենալուց, քաղաքական կողմնորոշում ունեցող հոդվածներ հրապարակելուց կամ սոցիալական մեդիայում ունեցած իր օգտահաշվից քաղաքական որևէ կուսակցության օգտին կամ դրա դեմ գրառումներ կատարելուց, նմանատիպ գրառումներ հավանելուց կամ տարածելուց:

 

ԳԼՈՒԽ 3
ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

 

65. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պետք է հնարավոր հասանելի հաղորդակցման միջոցներով հանրային իշխանության իրավասու մարմնին կամ պաշտոնատար անձին գրավոր հաղորդում ներկայացնի օրենքի առերևույթ խախտումների մասին իրեն հայտնի դարձած տեղեկությունների վերաբերյալ, ներառյալ` հանցանքի` այդ թվում` կոռուպցիոն բնույթի հանցագործության, շահերի բախման իրավիճակների, վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների առերևույթ խախտումների, հանրային շահին ուղղված այլ վնասի կամ էական գործառնական սխալների մասին:

66. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է հարգալից, բարեկիրթ ու անաչառ վերաբերմունք դրսևորել խախտումների մասին հաղորդում ներկայացրած հանրային պաշտոն զբաղեցրած այլ անձի, հանրային ծառայողների, այլ աշխատողների ու անձանց նկատմամբ:

 

ԲԱԺԻՆ 7
ՎԱՐՔԱԳԾԻ ԽՐԱԽՈՒՍԵԼԻ ԿԱՆՈՆՆԵՐ

 

67. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պետք է իր աշխատանքի որակը բարձրացնելու նպատակով բաց լինի նորարարական մոտեցումների առջև, շարունակաբար դիտարկի իր ոլորտին վերաբերելի ներպետական և միջազգային պատշաճ գործելակերպը, հետևի միջազգային և տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև փորձի դրանք ներմուծել իր աշխատանքում` որպես կիրարկման ենթակա հնարավոր պրակտիկա:

68. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պետք է ջանքեր գործադրի իր գործունեության ոլորտին վերաբերելի առկա մարտահրավերները վեր հանելու և դրանց հաղթահարման ուղիներ գտնելու ուղղությամբ` հանրային պաշտոններ զբաղեցնող այլ անձանց, հանրային ծառայողների, հանրային իշխանության այլ մարմինների հետ հանրային քննարկումների և հանրության հետ համագործակցության միջոցով:

69. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պետք է անհրաժեշտության դեպքում իրեն ենթակա հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, հանրային ծառայողներին և այն աշխատակիցներին, ովքեր աշխատանքային պարտականություններից ելնելով որևէ կերպ առնչվում են որոշումների կայացմանը` ներգրավի այդ որոշումների կայացման գործընթացում, նրանց թույլ տա կարծիք արտահայտել այդ որոշումների վերաբերյալ, իսկ դրանց հետ չհամաձայնելու դեպքում` հայտնի պատճառները:

70. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պետք է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերի իրեն ենթակա հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, հանրային ծառայողներին, այլ աշխատողներին իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների կատարման ընթացքում:

71. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը աշխատավայրում պետք է ստեղծի աշխատանքային բարոյահոգեբանական բարենպաստ և առողջ միջավայր, որը կնպաստի ավելի արդյունավետ աշխատանքի իրականացմանը:

72. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պետք է բարեխղճորեն կատարի իր պարտականությունները` որպես քաղաքացի, ներառյալ` բոլոր ֆինանսական պարտավորությունները, հատկապես` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարումների գծով պարտավորությունները, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ պարտականությունները:

73. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը մասնավոր ֆինանսական գործարքներ կնքելիս պետք է հավաստիանա և ապահովի, որ իր մասնավոր գործարքների արդյունքում հանրային ծառայության հեղինակությունը և իր աշխատավայր հանդիսացող հանրային իշխանության մարմնի աշխատանքները որևէ գործառնական կամ հեղինակության վնաս չկրեն:

74. Առողջ աշխատանքային միջավայր ստեղծելու նպատակով հանրային պաշտոն զբաղեցնող անձը քննադատություն (պարզաբանման ենթակա հիմքերով) պետք է ներկայացնի իրեն ենթակա հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող այն անձի կամ հանրային ծառայողի ներկայությամբ, ում այդ քննադատությունն ուղղված է, իսկ հանրային ծառայության այլ պաշտոն զբաղեցնող անձի ենթակա հանրային ծառայողի դեպքում` նրա ղեկավարին:

75. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պաշտոնից ազատվելուց անմիջապես առաջ և, հնարավորության դեպքում, նաև` հետո, պետք է պատրաստակամ լինի իր փոխարեն նշանակված հանրային պաշտոն զբաղեցնող անձին փոխանցել իր պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների ընթացքում ձևավորված ինստիտուցիոնալ հիշողությունը:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 փետրվարի 2024 թվական:

 

 

pin
Կոռուպցիայի կանխ. հանձնաժողով
06.02.2024
N 02-Ն
Որոշում