Սեղմել Esc փակելու համար:
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մարտի 2024 թվականի N 72-Ն

 

ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Փոստային կապի մասին» օրենքի 18.2-րդ հոդվածի 10-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների հաշվարկման մեթոդիկան` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի ապրիլի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    ՆԱԽԱԳԱՀ     Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

ք. Երևան

13 մարտի 2024 թ.

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2024 թվականի մարտի 13-ի

N 72-Ն որոշման

 

ՄԵԹՈԴԻԿԱ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն մեթոդիկան սահմանում է Փոստային կապի ազգային օպերատորի կողմից Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման Սակագների հաշվարկման սկզբունքները և կարգը:

2. Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման Սակագները որոշվում են հետևյալ փուլերով.

1) անհրաժեշտ հասույթի և դրա բաղադրիչների որոշում,

2) ծախսերի, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների արժեքների բաշխում Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների և Ոչ ունիվերսալ ծառայությունների միջև,

3) Սակագների կառուցվածքի որոշում:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

3. Մեթոդիկայում օգտագործված հիմնական հասկացություններն են`

 

1) Ընդհանուր տնտեսական  Փոստային կապի ազգային օպերատորի կողմից

       ծախսեր`               իրականացվող տնտեսական գործունեության ծախսերը

                             կամ հիմնական միջոցների ու ոչ նյութական

                             ակտիվների արժեքները, որոնք ընդհանուր են

                             Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների և

                             Ոչ ունիվերսալ ծառայությունների համար.

 

    2) Հանձնաժողով`          Հայաստանի Հանրապետության հանրային

                             ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

 

    3) Հաշվարկային տարի`     Հանձնաժողովի կողմից սակագնային կարգավորման

                             նպատակով կիրառվող տասներկուամսյա

                             ժամանակաշրջան.

 

    4) Ոչ ունիվերսալ         Փոստային կապի ազգային օպերատորի կողմից

       ծառայություններ`      մատուցվող բոլոր փոստային և  ոչ փոստային

                             ծառայությունները, բացառությամբ

                             Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների.

 

    5) Սակագին`              Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների

                             մատուցման վճարման համար Հանձնաժողովի կողմից

                             սահմանված չափ.

 

    6) Ուղղակի ծախսեր`       Փոստային կապի ազգային օպերատորի կողմից

                             կատարվող ծախսերը կամ հիմնական միջոցների և ոչ

                             նյութական ակտիվների արժեքները, որոնք կարելի է

                             ուղղակիորեն և հստակ վերագրել կոնկրետ

                             ծառայությանը կամ ծառայությունների կոնկրետ

                             խմբին.

 

    7) Փոստային կապի         Փոստային կապի օպերատոր, որը պատվիրակված է

       ազգային օպերատոր      Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում

       (նշանակված            ապահովելու Փոստային կապի ունիվերսալ

       օպերատոր)`            ծառայությունների մատուցումը, ինչպես նաև

                             Համաշխարհային փոստային միության ակտերից բխող

                             պարտավորությունների կատարումը, և որը կրում է

                             Հայաստանի Հանրապետության փոստի խորհրդանիշը.

 

    8) Փոստային կապի         «Փոստային կապի մասին» օրենքով սահմանված որակի

       ունիվերսալ            չափանիշներին համապատասխան` բոլոր օգտվողների

       ծառայություններ`      համար, անկախ Հայաստանի Հանրապետությունում

                             նրանց գտնվելու վայրից, հասանելի, մշտական

                             հիմունքներով փոստային կապի ծառայությունների

                             նվազագույն շրջանակի մատուցում:

 

ԳԼՈՒԽ 3. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՍՈՒՅԹԻ ՈՐՈՇՈՒՄ

 

4. Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների Սակագների սահմանման հիմքում դրվում է անհրաժեշտ հասույթի ապահովման սկզբունքը, որը պետք է բավարարի Փոստային կապի ազգային օպերատորի կողմից Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների հուսալի, անվտանգ և շարունակական գործունեության համար անհրաժեշտ ու հիմնավորված`

1) շահագործման և պահպանման ծախսերի իրականացմանը,

2) օգտակար և օգտագործվող հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մաշվածության (ամորտիզացիայի) հատուցմանը,

3) օգտակար և օգտագործվող ակտիվների դիմաց ողջամիտ շահույթի ապահովմանը:

5. Անհրաժեշտ հասույթը (ԱՀ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ԱՀ = ՇՊԾ + ՄԾ + ԹՇ, որտեղ`

 

1) ՇՊԾ-ն շահագործման և պահպանման ծախսերն են (դրամ),

2) ՄԾ-ն օգտակար և օգտագործվող հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մաշվածության (ամորտիզացիայի) տարեկան ծախսերն են (դրամ),

3) ԹՇ-ն թույլատրելի շահույթն է (դրամ):

6. Անհրաժեշտ հասույթի որոշման ժամանակ Հաշվարկային տարվա ծախսերի որոշման համար հիմք է հանդիսանում Հաշվարկային տարվան նախորդած` ավարտված օրացուցային տարվա (այսուհետ` փորձնական տարի) ծախսերի (որոնց վերաբերյալ գոյություն ունի սպառիչ տեղեկատվություն) վերլուծությունը:

7. Անհրաժեշտ հասույթը վերահաշվարկվում է` կիրառելով հետևյալ մոտեցումները.

1) ծախսերի նորմալացում, որի դեպքում փորձնական տարվա ընթացքում կատարված ծախսերը համապատասխանեցվում են Հաշվարկային տարվա ընթացքում կատարվող ծախսերին,

2) հայտնի չափարկելի և կանխատեսելի փոփոխությունների դիտարկում, որոնք պետք է հաշվի առնվեն Հաշվարկային տարվա անհրաժեշտ հասույթում:

 

ԳԼՈՒԽ 4. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐ

 

8. Շահագործման և պահպանման ծախսերում (ՇՊԾ) ներառվում են Հաշվարկային տարվա ընթացքում կատարվող ընթացիկ ծախսերը, որոնք հիմնավորված և անհրաժեշտ են Փոստային կապի ազգային օպերատորի բնականոն գործունեությունն ապահովելու համար, այդ թվում`

1) աշխատանքի վարձատրության ծախսերը,

2) գործուղման և ուսուցման ծախսերը,

3) նորոգման ծախսերը,

4) նյութական ծախսերը,

5) չփոխհատուցվող հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները,

6) օրենսդրությամբ նախատեսված հիմնավորված և անհրաժեշտ այլ ծախսերը:

9. Անհրաժեշտ հասույթի հաշվարկում ընդգրկվող շահագործման և պահպանման ծախսերը որոշվում են Փոստային կապի ազգային օպերատորի կողմից կատարված փաստացի ծախսերի վերլուծության հիման վրա` հաշվի առնելով սույն մեթոդիկայի 7-րդ կետով ամրագրված մոտեցումները:

 

ԳԼՈՒԽ 5. ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՇՎԱԾՈՒԹՅՈՒՆ (ԱՄՈՐՏԻԶԱՑԻԱ)

 

10. Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մաշվածության (ամորտիզացիայի) ծախսերը (ՄԾ) որոշվում են գծային եղանակով` ելնելով Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման համար Հանձնաժողովի կողմից օգտակար և օգտագործվող ճանաչված հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների սկզբնական կամ ձեռքբերման արժեքից և օգտակար ծառայության ժամանակահատվածից: Օգտակար և օգտագործվող ճանաչված հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների սկզբնական կամ ձեռքբերման արժեքից հանվում են որպես նվիրատվություն ստացված ակտիվների արժեքը, այդ ակտիվների ստեղծման նպատակով ստացված ցանկացած միջոցները, Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցմանը մասնակցող կամ երբևէ մասնակցած ակտիվների օտարումից առաջացող եկամուտը:

11. Հաշվետու տարվա Սակագներում հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների բազայի ավելացումը համաձայնեցվում է փոստային կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հետ:

12. Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վերագնահատումների դեպքում հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների բազայում վերագնահատված արժեքները կարող են հաշվի առնվել միայն տվյալ վերագնահատման մասին օրենք ընդունված լինելու դեպքում:

 

ԳԼՈՒԽ 6. ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՇԱՀՈՒՅԹ

 

13. Թույլատրելի շահույթը (ԹՇ) որոշվում է հետևյալ բանաձևով.

 

ԹՇ = ՇԲ . ՇՆ, որտեղ`

 

1) ՇԲ-ն շահույթի հաշվարկման բազան է (դրամ),

2) ՇՆ-ն թույլատրելի շահույթի նորման է մինչև հարկումը (տոկոս):

14. Շահույթի հաշվարկման բազա է հանդիսանում Փոստային կապի ազգային օպերատորի զուտ ակտիվների արժեքը, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

ՇԲ = ՕՕՈԸԱ - ԿՄԱ + ՇԿ, որտեղ`

 

1) ՕՕՈԸԱ-ն Հանձնաժողովի կողմից օգտակար և օգտագործվող ճանաչված ոչ ընթացիկ ակտիվների սկզբնական կամ ձեռքբերման արժեքն է (դրամ),

2) ԿՄԱ-ն կուտակված մաշվածությունն (ամորտիզացիան) է (դրամ),

3) ՇԿ-ն հիմնավորված և անհրաժեշտ շրջանառու կապիտալի մեծությունն է (դրամ):

15. Շրջանառու կապիտալի մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով.

 

ՇԿ = ՇՊԾ . 30/365:

 

16. Թույլատրելի շահույթի նորման, քննարկելով Փոստային կապի ազգային օպերատորի հետ, սահմանվում է Հանձնաժողովի կողմից` ելնելով Հայաստանի Հանրապետությունում ռիսկի նույն մակարդակով գործող ընկերությունների շահութաբերության վերլուծությունից:

17. Շահույթի հաշվարկման բազան ժամանակ առ ժամանակ (բայց ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ) վերահաշվարկվում է` հաշվի առնելու համար`

1) օգտակար և օգտագործվող ճանաչված ակտիվներում կատարված ներդրումները,

2) կուտակված մաշվածության (ամորտիզացիայի) փոփոխությունը,

3) շրջանառու կապիտալի մեծության փոփոխությունը:

 

ԳԼՈՒԽ 7. ԾԱԽՍԵՐԻ, ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄ

 

18. Փոստային կապի ազգային օպերատորն իր հաշվապահական հաշվառումն իրականացնում է այնպես, որ հաշվապահական հաշվառման համակարգում գրանցված ծախսերի, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների արժեքների վերաբերյալ տեղեկատվությունը հնարավոր լինի դուրս բերել և ամփոփել ըստ Ուղղակի ծախսերի և Ընդհանուր տնտեսական ծախսերի:

19. Փոստային կապի ազգային օպերատորի ծախսերի, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների արժեքի բաշխումն իրականացվում է հետևյալ փուլերով`

1) Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների և Ոչ ունիվերսալ ծառայությունների միջև բաշխում,

2) Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների տեսակների միջև բաշխում:

20. Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների ծախսերը ձևավորվում են Ուղղակի ծախսերից և Ընդհանուր տնտեսական ծախսերի մեջ Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մասնաբաժնից:

21. Ուղղակի ծախսերը Փոստային կապի ունիվերսալ ծառայություններին և Ոչ ունիվերսալ ծառայություններին վերագրվում են ուղղակիորեն:

22. Ընդհանուր տնտեսական ծախսերը Փոստային կապի ունիվերսալ ծառայություններին և Ոչ ունիվերսալ ծառայություններին վերագրվում են սույն մեթոդիկայի 23-30-րդ կետերին համապատասխան:

23. Փոստային կապի ազգային օպերատորի ստորաբաժանումների և աշխատակիցների գործառութային նշանակության հիմքով առանձնացվում են հետևյալ հինգ ծախսային կենտրոնները.

1) փոստային բաժանմունքների ցանց,

2) փոստատարներ,

3) փոստի փոխանակման կենտրոններ,

4) տրանսպորտային ծառայություն,

5) վարչական աշխատակազմ` ըստ տնօրինությունների:

24. Յուրաքանչյուր ծախսային կենտրոնի շրջանակում` Ընդհանուր տնտեսական ծախսերի վերագրումն իրականացվում է ըստ գործառույթի նշանակության դրանք տարանջատելու միջոցով` հիմք ընդունելով գործառույթը բնութագրող հիմնական ցուցանիշը (հասույթը, մատուցվող ծառայությունների քանակը կամ առաքանիների քաշերը):

25. Փոստային բաժանմունքների ցանցի աշխատակազմի գծով ընդհանուր բնույթի աշխատանքի վարձատրության ծախսերը (աշխատողների թվաքանակը) Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների և Ոչ ունիվերսալ ծառայությունների միջև բաշխվում են ըստ տվյալ ծառայությունների` Հանձնաժողովի կողմից ընդունելի համարված քրոնոմետրաժի արդյունքներով հաշվարկված ժամանակային գործակիցների, իսկ քրոնոմետրաժի ընդունելի տարբերակի բացակայության դեպքում` ըստ տվյալ ծառայությունների նախորդ տարվա հասույթների տեսակարար կշիռների:

26. Փոստատարների ընդհանուր բնույթի աշխատանքի վարձատրության ծախսերը (աշխատողների թվաքանակը) Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների և Ոչ ունիվերսալ ծառայությունների միջև բաշխվում են ըստ համապատասխան ծառայությունների քանակների տեսակարար կշիռների:

27. Փոստի փոխանակման կենտրոնների աշխատողների ընդհանուր բնույթի աշխատանքի վարձատրության ծախսերը (աշխատողների թվաքանակը) Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների և Ոչ ունիվերսալ ծառայությունների միջև բաշխվում են ըստ տվյալ ծառայությունների քանակների տեսակարար կշիռների:

28. Տրանսպորտային ծառայության աշխատողների ընդհանուր բնույթի աշխատանքի վարձատրության ծախսերը (աշխատողների թվաքանակը) Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների և Ոչ ունիվերսալ ծառայությունների միջև բաշխվում են ըստ համապատասխան ծառայությունների շրջանակում փոխադրված առաքանիների քաշերի տեսակարար կշիռների:

29. Վարչական աշխատակազմի աշխատողների ընդհանուր բնույթի աշխատանքի վարձատրության ծախսերը (աշխատողների թվաքանակը) Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների և Ոչ ունիվերսալ ծառայությունների միջև բաշխվում են ըստ տվյալ ծառայությունների նախորդ տարվա հասույթների տեսակարար կշիռների: Միայն փոստային կապի ծառայությունների մատուցման գործառույթներով օժտված ստորաբաժանումների (աշխատողների) ընդհանուր բնույթի աշխատանքի վարձատրության ծախսերի (աշխատողների թվաքանակի) բաշխման նպատակով Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների և Ոչ ունիվերսալ ծառայությունների հասույթների տեսակարար կշիռը որոշվում է միայն փոստային կապի ծառայությունների նախորդ տարվա հասույթի նկատմամբ:

30. Փոստային կապի ազգային օպերատորի` սույն մեթոդիկայի 8-րդ կետի 2-6-րդ ենթակետերում նշված ընդհանուր բնույթի ծախսերը, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների արժեքները, դրանց նկատմամբ սույն մեթոդիկայի համաձայն հաշվարկվող մաշվածության (ամորտիզացիայի) ծախսը և թույլատրելի շահույթը Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների և Ոչ ունիվերսալ ծառայությունների միջև բաշխվում են ըստ նշանակության դրանք տարանջատելու միջոցով` հիմք ընդունելով ծախսը բնութագրող հիմնական ցուցանիշը (հասույթ, ծառայության քանակ կամ քաշ):

 

ԳԼՈՒԽ 8. ՍԱԿԱԳՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 

31. Սակագները կարող են արտահայտել ինչպես որոշակի թվային արժեք, այնպես էլ որոշակի մեծություններից կախված հաշվարկային բանաձև:

32. Սակագները (Ս(i)) հաշվարկվում են հետևյալ բանաձևով`

 

 

1) ԱՀ(i)-ն սույն մեթոդիկայի 5-րդ կետի և 7-րդ գլխի համաձայն Փոստային կապի ունիվերսալ ծառայության i-րդ տեսակի համար որոշված Հաշվարկային տարվա անհրաժեշտ հասույթն է,

2) Ք(i)-ն Հաշվարկային տարվա ընթացքում մատուցվող i-րդ Փոստային կապի ունիվերսալ ծառայության քանակն է:

33. Փոստային կապի ազգային օպերատորի կողմից մատուցվող Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների տեսակները կարող են դիտարկվել որպես մեկ ընդհանուր ծառայություն, որի մեջ ներառված ծառայությունների միջև ծախսերի և շահույթի բաշխում չի կատարվում:

34. Սույն մեթոդիկայի 33-րդ կետի համաձայն դիտարկված մեկ ընդհանուր ծառայության մեջ առանձնացված ծառայությունների Սակագները սահմանում է Հանձնաժողովը` Փոստային կապի ազգային օպերատորի ներկայացմամբ: Տվյալ դեպքում Սակագները որոշվում են սույն մեթոդիկայի 32-րդ կետի համաձայն` այնպես, որ ապահովվի այդ մեկ ընդհանուր ծառայության համար հաշվարկված անհրաժեշտ հասույթը:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 21 մարտի 2024 թվական:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
13.03.2024
N 72-Ն
Որոշում