Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅ ...

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 ապրիլի 2024 թվականի N 460-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Դատախազության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի

(Պ-792-05.03.2024-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. ապրիլի

Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ

(Պ-792-05.03.2024-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ագնեսա Խամոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Դատախազության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ներկայացնում ենք հետևյալը.

Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության, ՀՀ փրկարար ծառայության, ՀՀ ԱԱԾ ծառայողների, ՀՀ քննչական և հակակոռուպցիոն կոմիտեներում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև դատախազների համար սահմանել թմրանյութերի և հոգեմետ նյութերի օգտագործումը պարզելու նպատակով տարեկան 2 անգամ ստուգման պահանջ, իսկ նշված պարտադիր ստուգման պահանջից հրաժարվելու դեպքում` առաջարկվում է սահմանել, որ այն հանդիսանում է վերջիններիս ծառայությունից ազատելու հիմք:

Որպես նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորում նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին աճել են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության ծավալները, որպիսի պայմաններում առավել քան անհրաժեշտ է դարձել վերահաստատել և ի ցույց դնել դրա դեմ պետական պայքարի քաղաքականությունը, որի լավագույն դրսևորումը հենց իրավապահ և նախաքննական մարմիններում այդպիսի արգելված միջոցների օգտագործման բացառումն է, իսկ նման արարքների ի հայտ գալու դեպքում` համակարգից հեռացումը:

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ընթացակարգն առավել քան կանոնակարգված է, և անկախ հիմնավորմամբ նշված հանգամանքներից` նախատեսված են քրեական կամ վարչական պատասխանատվության միջոցներ, որից ազատված չեն նաև ներկայացված նախագծերում նշված կառույցների աշխատակիցները:

Ինչ վերաբերում է միջազգային փորձի շրջանակներում բերված հիմնավորումներին` թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործումը պարզելու նպատակով պարտադիր թեստավորման օրենսդրական պահանջը որոշ պետություններում սահմանված լինելու վերաբերյալ օրինակին` հարկ է նշել, որ ի տարբերություն Հայաստանի Հանրապետության, մի շարք պետություններում թմրանյութերի որոշ տեսակների կամ դրանց անալոգների (համարժեքների) օգտագործումն օրենքով արգելված չէ: Ակնհայտ է, որ նման օրենսդրական միջամտության անհրաժեշտությունը բխել է տվյալ երկրներում ձևավորված հասարակական հարաբերություններից և թմրամիջոցների համատարած կիրառման թույլատրելիությունից: Կարող ենք արձանագրել, որ հարաբերությունների կարգավորման պահանջը համադրելի չէ Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակի հետ:

Ուսումնասիրելով նշված օրենսդրական փոփոխությունները` հարկ ենք համարում նաև արձանագրել, որ ներպետական իրավական համակարգում առկա են համապատասխան գործիքակազմեր նմանատիպ երևույթների դեմ արդյունավետ պայքարելու համար, ինչպիսին է օրինակ` այդ դեպքերի կապակցությամբ կարգապահական վարույթի հարուցումը համապատասխան մարմիններում:

Բացի այդ ներկայումս գործող օրենսդրությամբ ծառայության անցնելու ընթացակարգերում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործումը պարզելու նպատակով թեստավորում անցնելու պահանջն այժմ էլ առկա է օրինակ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական գործառույթներ իրականացնող վարչությունում և այլն: Բացի այդ հարկ է նշել, որ ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 882-Ն և N 892-Ն որոշումների` համապատասխանաբար փրկարար ծառայության տնօրենի տեղակալների, փրկարարական ծառայողների և ոստիկանության ծառայողների համար ամրագրվել է ատեստավորման գործընթացին մասնակցելու համար թմրամիջոցի և հոգեմետ (հոգեներգործուն) նյութի օգտագործման վերաբերյալ ստուգման պահանջ:

Գտնում ենք, որ հիշատակված գործիքակազմն արդեն իսկ զսպող դեր ունի նմանատիպ երևույթները կանխարգելելու հարցում, մինչդեռ առաջարկվող օրենսդրական փոփոխությունները և դրանցով առաջարկվող կոնկրետ մեխանիզմը, այսինքն` առանց որևէ կասկածի կամ համապատասխան վարույթի առկայության, անձին աշխատանքից ազատելու սպառնալիքով ստիպելը, որ վերջինս թմրամիջոցի վերաբերյալ ստուգում անցնի, խնդրահարույց են Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով ամրագրված անձի իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության տեսանկյունից:

Անհրաժեշտ է նաև նկատի ունենալ, որ թմրամիջոց օգտագործելու կամ չօգտագործելու փաստը յուրաքանչյուր դեպքում պարզելը պետք է լինի կարգապահական վարույթի քննության առարկան: Բացի դրանից հենց կարգապահական վարույթում անձն ինքը կարող է համապատասխան ստուգում անցնել թմրամիջոց օգտագործելու փաստական հանգամանքի վերաբերյալ համապատասխան մարմնի պաշտոնատար անձի կողմից բերված փաստարկները հերքելու նպատակով:

Կարևոր է նաև արձանագրել, որ Կառավարությունը վարում է ինչպես ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում, այնպես էլ Ազգային անվտանգության ծառայությունում, ՀՀ դատախազությունում, Քննչական կոմիտեում, Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայության հավակնող անձանց գիտելիքների և բարեվարքության ստուգման գործիքակազմ կիրառելու միջոցով կադրային համալրման քաղաքականություն, ինչի կիրառման արդյունքում և քրեական ու վարչական պատասխանատվություն նախատեսվող օրենսդրական կարգավորումների համադրությամբ, չեն կարող համակարգային բնույթ կրել ծառայողների մոտ թմրանյութերի օգտագործման արատավոր երևույթները, որի պարագայում անհրաժեշտություն առաջանար նման կարգավորումներ նախատեսելու:

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ընթացակարգն առավել կանոնակարգված լինելու նպատակով Կառավարությունը կդիտարկի բացի ծառայության անցնելու պահին անձի գիտելիքների և թմրամիջոցի և հոգեմետ նյութի օգտագործման ստուգումը նաև հետագայում ծառայության ընթացքում ատեստավորման գործընթացներում թեստավորման հնարավոր պահանջ սահմանելու նպատակահարմարության հարցը, բայց միանշանակ է, որ դա չի կարող իրականացվել սույն նախագծերի փաթեթում նշված մեխանիզմով` տարեկան 2-անգամյա սկզբունքով, առանց հիմնավոր պատճառների, աշխատանքից ազատելու սպառնալիքով և առանց դրա համար հիմնավորումների, հակառակ պարագայում մենք կունենանք մարդու իրավունքների տեսանկյունից ոչ համաչափ ներգործության իրավական կարգավորումներ:

Ամփոփելով վերոգրյալը` կարող ենք եզրակացնել, որ անձի անձնական կամ ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքի սահմանափակումը յուրաքանչյուր դեպքում պետք է ունենա փաստարկված հիմնավորում, և որևէ անհիմն կամ կամայական սահմանափակում անթույլատրելի է: Ուստի գտնում ենք, որ ներկայացված նախագծերի փաթեթը խնդրահարույց է բարձրացված խնդիրների համատեքստում:

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.04.2024
N 460-Լ
Որոշում