ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
15 փետրվարի 2001 թվականի N 6
19. 2000 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի նախագահ Գ. Մարտիրոսյանի հաղորդումը 2000 թվականի ընթացքում մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքների մասին:
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ`
ա) մինչև 2001 թվականի փետրվարի 28-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքից բխող ծրագրերը որպես մարդասիրական օգնության կամ բարեգործական որակելու կարգի նախագիծը.
բ) 10-օրյա ժամկետում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության վերաբերյալ մարդասիրական և տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» 1992 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների արտոնություններից օգտվելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառման վերաբերյալ հրահանգում:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի նախագիծը մշակելիս քննարկել բարեգործական ծրագրերի համաֆինանսավորման նպատակով միջոցներ հատկացնելու հնարավորությունը:
4. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին` սահմանել վերահսկողություն համապատասխան կազմակերպություններում մարդասիրական օգնության ու բարեգործական ծրագրերի շրջանակներում ստացված ապրանքների և մատուցված ծառայությունների արդյունքների մուտքագրման, հաշվառման և նպատակային օգտագործման նկատմամբ: