ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
28 դեկտեմբերի 2000 թվականի N 58
35. ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԵՐԱԿԱ ՃՅՈՒՂԵՐԻՑ ՄԵԿԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման տեմպերը և դրա առկա ներուժը Հայաստանում, ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերության առանձնահատուկ դերն արդի տնտեսության միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման, ինֆորմացիոն հասարակությանն անցման, տնտեսության այլ ճյուղերի զարգացման, ինֆորմացիոն հասարակությանն անցման, տնտեսության այլ ճյուղերի զարգացման ու ներդրումների ներգրավման գործում, ինչպես նաև դրա բացառիկ կարևորությունը որպես տնտեսության ժամանակակից ենթակառուցվածք`
1. Ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերությունը ճանաչել Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը և ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերության գերակայության ճանաչումն ամրագրել Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրում:
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` համապատասխան ոլորտներում ծրագրեր մշակելիս հաշվի առնել ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերության աջակցության և զարգացման խնդիրը:
3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը`
ա) մինչև 2001 թվականի փետրվարի 28-ը մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման հայեցակարգ` մշակման աշխատանքներում ներգրավելով Հայաստանի Հանրապետության համապատասխան շահագրգիռ նախարարություններին և գերատեսչություններին.
բ) հայեցակարգի մշակմանը զուգընթաց իրականացնել գործող օրենսդրության վերլուծություն` նկատի ունենալով ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման համար նպաստավոր օրենսդրական դաշտի ձևավորումը: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման ծրագրի մշակման և իրականացման աշխատանքներին մասնակից դարձնել ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում գործող կազմակերպությունները.
գ) մինչև 2001 թվականի մայիսի 30-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ ապահովել ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման հայեցակարգի դրույթներից բխող անհրաժեշտ օրենսդրական ակտերի նախագծերի մշակումը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.
դ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ` Համաշխարհային բանկի հետ մշակվող ոչ պետական ընկերությունների զարգացման վարկային, տեխնիկական օգնության ծրագրի շրջանակներում իրականացնել Հայաստանի Հանրապետության ինֆորմացիոն տեխնոլոգիաների գոտու ստեղծման արդյունավետ ձևի և գործարար ծրագրի մշակման ու ներդրումների ներգրավման համալիր ծրագրի նախապատրաստումը.
ե) իրազեկել միջազգային ֆինանսական հաստատություններին ու դոնոր կազմակերպություններին Հայաստանի Հանրապետությունում ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերությունը գերակա ճյուղերից մեկը ճանաչվելու փաստի մասին և բանակցությունների ընթացքում ներկայացնել ինֆորմացիոն տեխնոլոգիաների վարկավորման ու տեխնիկական աջակցության առաջնահերթ ծրագրերը և խնդիրները:
4. Զարգացման հայկական գործակալությանը` օժանդակել ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների ներդրումային ծրագրերի մշակմանը:
5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային`
ա) Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հետ համատեղ հանրային կրթության, գիտության և մշակութային զարգացման ծրագրերը նպատակաուղղել Հայաստանի Հանրապետությունում ինֆորմացիոն (հետարդյունաբերական) համակարգի կայացմանը.
բ) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ ներկայացնել առաջարկություններ ժամանակակից պահանջներին համապատասխանող աշխատուժի վերապատրաստման վերաբերյալ.
գ) ներկայացնել ծրագիր բուհերում ինֆորմացիոն տեխնոլոգիաներ դասավանդող մասնագետների վերապատրաստման վերաբերյալ.
դ) 2001 թվականին բուհերում ավելացնել ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի պետական պատվերով մասնագետների պատրաստման թիվը.
ե) բուհերի ծրագրերում ապահովել օտար լեզուների, հատկապես, անգլերենի, խորացված ուսուցումը` ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերության ոլորտի մասնագետների համար.
զ) բուհերում ոչ ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերությանը վերաբերող մասնագիտությունների ծրագրերում նախատեսել համակարգչային խորացված ուսուցում.
է) հանրակրթական դպրոցների ծրագրերում ապահովել պարտադիր համակարգչային դասընթացները:
6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին աջակցել էլեկտրոնային գործարարության սպասարկման և խթանման աշխատանքներին:
7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` համատեղ նախապատրաստել և իրականացնել միջոցառումներ` ուղղված համաշխարհային շուկայում Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերության ներկայացմանը և դրա նկատմամբ վստահության կայուն վարկանիշի ձևավորմանը:
8. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը և Երևանի քաղաքապետին` 15-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություն ինֆորմացիոն տեխնոլոգիաներով զբաղվող կազմակերպությունների գործունեության համար անհրաժեշտ տարածքների հատկացման վերաբերյալ: