040.0092.090201
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«9» փետրվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 փետրվարի 2001 թվականի N 92
ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
Ջրային ռեսուրսների կառավարման մարմին (ՋՌԿՄ)
Հիմնական ֆունկցիաներ
Պետական մակարդակով առաջարկվում է ստեղծել Ջրային ռեսուրսների կառավարման մարմին (ՋՌԿՄ), որը Հայաստանի կառավարության անունից պետք է պատասխանատու լինի երկրում ջրային ռեսուրսների կառավարման և բաշխման համար: ՋՌԿՄ-ն պետք է ունենա հետևյալ հիմնական առաջադրանքներն ու պատասխանատվությունները`
- Ջրի ազգային ծրագրի մշակում
- ՋՌԿ քաղաքականությունների և ռազմավարությունների մշակում
- Ջրային մարմինների դասակարգումը ըստ ֆունկցիաների և կարգավիճակի
(պետական, տարածաշրջանային, տեղական)
- ՋՌԿ օրենսդրության և կանոնադրության պատրաստում
- ՋՌԿ ստանդարտների և նորմերի պատրաստման կոորդինացում
- Ջրային ռեսուրսների կառավարման պլանների (ՋՌԿՊ) պատրաստում, որոնք,
միջին ժամկետով, որոշում են ջրի բաշխումը տարբեր բնագավառներին
- Ջրային ռեսուրսների կառավարման հաստատված պլանների իրականացման
վերահսկողություն:
ՋՌԿ քաղաքականությունների և ռազմավարությունների մշակումը պահանջվում է անհապաղ: Ռազմավարությունների մի մասը պետք է ներառի ջրային մարմինների դասակարգումը (օրինակ, քաղաքային, շրջակա միջավայր, հանգստավայրեր, գյուղատնտեսություն, նավարկություն), ինչը, իր հերթին, պետք է որոշի պահանջվող ջրի քանակը և նվազագույն հոսքի պահանջները: Պահանջվում է նաև որոշել, որ գետերն են պետական, տարածաշրջանային կամ տեղական նշանակության: Ավելորդ է ասել, որ այս գործունեությունները պետք է սերտորեն կոորդինացվեն առնչվող կառավարական ինստիտուտների հետ միասին:
Օրենքները, կանոնակարգերն ու ստանդարտները պետք է նորացվեն:
Ջրային ռեսուրսների կառավարման պլանների պատրաստումը և դրանց հետ կապված ջրի բաշխումը պետք է լինի ՋՌԿՄ-ի հիմնական առաջադրանքներից մեկը: Այս գործունեությունը ներառում է` - Ջրային ռեսուրսների ցուցակի կազմում - Ջրային ռեսուրսների մատչելիության ապագա պլանավորումների պատրաստում - Բնագավառային պլանների հիման վրա պահանջարկի կանխատեսումների պատրաստում - Ջրի բաշխման համար տարբերակների մշակում և գնահատում - Ջրային ռեսուրսների կառավարման պլանների պատրաստում
Այս գործունեության արդյունքում կպատրաստվեն Հայաստանում հիմնական ջրավազանների համար Ջրային ռեսուրսների կառավարման միջնաժամկետ (5-10 տարի) պլաններ, որոնք, այլոց թվում կներառեն տարբեր բնագավառների ջրի միջնաժամկետ բաշխումներ: Գործընթացի ընթացքում ՋՌԿՄ-ը պետք է սերտորեն խորհրդակցի շահագրգիռ կողմերի և ջրօգտագործողների կազմակերպությունների հետ: Հայաստանի կառավարությունը պետք է հաստատի Ջրային ռեսուրսների կառավարման միջնաժամկետ պլանները: Ջրային ռեսուրսների կառավարման այս պլանները պետք է ներառեն տարբեր բնագավառներին ջրի բաշխումները և հիմք հանդիսանան ջրի օգտագործման և կեղտաջրի արտանետման թույլտվությունների և օգտագործող կազմակերպությունների հետ պայմանագրերի համար: Այդ պատճառով ՋՌԿ պլանները կարիք ունեն իրավական հիմքի կամ կարգավիճակի, որպեսզի հնարավոր լինի դրանք հսկել և պարտադրել: Պլանների հաստատումից հետո ՋՌԿՄ-ն պետք է վերահսկի դրանց իրականացումը:
ՋՌԿՄ-ը կարող է լինել համեմատաբար փոքր միավոր` բարձրորակ մասնագիտական և տեխնիկական փոքրաթիվ կադրերով: Ավելի մեծ ուսումնասիրություններն ու հետազոտությունները կարող են իրականացվել կառավարական և մասնավոր կազմակերպությունների հետ ենթապայմանագրերի միջոցով:
Վարչական կառուցվածքում ՋՌԿՄ-ի առաջարկվող դիրքը
ՋՌԿՄ-ը պետք է կոորդինացնի և հաղորդակցվի տարբեր շահագրգիռ կողմերի հետ: Այն կարիք կունենա համակցելու ֆունկցիաներ, պատրաստելու առաջարկություններ գոյություն ունեցող հիմնախնդիրների հաղթահարման համար և առաջարկելու (երբեմն հակամարտող) ջրի բաշխումներ: Իր առաջադրանքներն իրականացնելու համար ՋՌԿՄ-ը պետք է գործի որպես անկախ կարգավիճակով և բավարար լիազորություններով չեզոք գործակալություն: ՋՌՀԿ-ի համար պատասխանատու կազմակերպության իրավական կարգավիճակը պետք է բավարարի հետևյալ չափանիշները`
Նրան պետք է թույլ տալ` - առաջարկել և կոորդինացնել քաղաքականություններ, պլաններ և օրենսդրություն
ՋՌՀԿ համար, - գործել չեզոք և ջրօգտագործող կազմակերպություններից անկախ, - ունենալ իր սեփական բյուջեն, առանց բնագավառային նախարարության
միջամտության, - վարել անկախ կադրային քաղաքականություն` մշակման գործում ունենալու որոշակի
ճկունություն հմուտ անձնակազմ հավաքելու նպատակով:
Վերոհիշյալ պատճառներով առաջարկվում է ՋՌԿՄ-ը ստեղծել կամ ուղղակիորեն Հայաստանի կառավարությանն առընթեր կամ ՀՀ բնապահպանության նախարարության համակարգում` գերատեսչության կարգավիճակով: ՋՌԿՄ-ի կողմից պատրաստվելիք բոլոր քաղաքական փաստաթղթերը, ռազմավարությունները և Ջրային ռեսուրսների կառավարման պլանները պետք է հաստատվեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Ջրավազանների ինքնակառավարման մարմիններ (ՋԱԻԿ)
Հիմնական ֆունկցիաներ
ՋՌԿՄ-ի կողմից ջրավազանների համար Ջրային ռեսուրսների կառավարման պլանների ստեղծումից հետո այս պլանները պետք է իրականացվեն: Նաև այն գետավազաններում, որտեղ գոյություն չունեն ՋՌԿ պլաններ, որևէ մեկը պետք է պատասխանատու լինի առաջնային ջրային մարմինների շահագործական կառավարման համար: Ջրային ռեսուրսների շահագործական կառավարումը ներառում է հետևյալ առաջադրանքները:
Վերահսկել ջրային հոսքի կարգավորումն ու առաջնային ջրային մարմինների և ջրավազանում դրանց հետ կապված կառուցվածքների ամենօրյա շահագործումը: Կարգավորել ջրի մատակարարումը ջրօգտագործող կազմակերպություններին, համաձայն ջրի բնագավառային բաշխումների: Այս առաջադրանքը ներառում է ջրօգտագործողների հետ պայմանագրերի պատրաստումը: Կոորդինացնել ջրի շահագործական մատակարարումը ջրօգտագործողների տարբեր խմբերին և խորհրդակցել օգտագործող կազմակերպությունների հետ: Վերահսկել ջրի օգտագործման մոնիտորինգը (ներառել նվազագույն հոսքի պահանջներին համապատասխանությունը), համաձայնեցված բաշխումներին և պայմանագրերին համապատասխան:
Առաջարկվում է ընտրված ջրավազաններում աստիճանաբար ստեղծել Ջրավազանային ինքնակառավարման մարմիններ, որոնք պատասխանատու կլինեն առաջնային ջրային մարմինների շահագործական կառավարման համար և կիրականացնեն կամ կվերահսկեն հաստատված ՋՌԿ պլանների փաստացի կատարումը:
Ջրային ռեսուրսների մոնիտորինգը ներկայումս իրականացվում է մի շարք ինստիտուտների կողմից, մասնավորապես, Հիդրոօթերևութաբանական ծառայության (մակերևութային ջրային հոսքեր), Շրջակա միջավայրի մոնիտորինգի կենտրոնի (ջրի որակ) և ջրային ռեսուրսների պահպանման վարչության (ստորերկրյա ջուր) կողմից, որոնք բնապահպանության նախարարության կազմում են:
Գոյություն ունեն վերոհիշյալ ինստիտուտների կողմից իրականացվող մոնիտորինգի գործունեությունները միավորելու երեք կարևոր պատճառներ.
- Մոնիտորինգի տարբեր գործունեությունները սերտորեն կապված են մեկը մյուսի հետ և մեկ տիպի մոնիտորինգի տվյալները պետք է կապվեն այլ տվյալների հետ, որպեսզի հնարավոր լինի համապարփակ պլանավորման գործընթացի միջոցով հանգել ճիշտ եզրակացությունների:
- Ավելի արդյունավետ է համակցել մոնիտորինգի տարբեր տեսակները, օրինակ, կայաններն ու մակերևութային ջրի քանակական մոնիտորինգի համար պատասխանատու անձնակազմը կարող է նաև պարբերաբար նմուշներ վերցնել որակի մոնիտորինգի համար: Կնվազեն նաև ավելորդ ծախսերը:
- Ներգրավված ինստիտուտների մեծ մասը լուրջ բյուջետային սահմանափակումներ ունեն և մեծ դժվարություններ ունեն առաջադրված առաջադրանքների իրականացման գործում:
Այդ պատճառով առաջարկվում է տարբեր կենտրոնների մոնիտորինգի գործունեությունները համակցել մեկ կազմակերպության մեջ: Այս կոնտեքստում գերադասելի է ուժեղացնել գոյություն ունեցող կազմակերպություններից մեկը, այս նպատակով լիովին նոր կազմակերպություն ստեղծելու փոխարեն: Հիդրոօթերևութաբանական ծառայությունն արդեն ներգրավված է մակերևութային ջրային հոսքերի մոնիտորինգի գործում և նաև այն փոքրաթիվ կառույցներից մեկն է, որը ներկայումս համապատասխան ձևով իրականացնում է իր առաջադրանքները: Այս պատճառով առաջարկվում է միավորել Շրջակա միջավայրի մոնիտորինգի կենտրոնի և ստորերկրյա ջրի մոնիտորինգի գործունեությունները «Հիդրոմետի» գործունեությունների մեջ:
Լաբորատորիաներ
Մոնիտորինգի գործունեությունների հետ միասին նշվել է, որ Շրջակա միջավայրի մոնիտորինգի կենտրոնը և Շրջակա միջավայրի տեսչությունն ունեն իրենց սեփական լաբորատորիաները, որոնցից շատերը վատ են սարքավորված և ունեն բյուջետային դժվարություններ: Առաջարկվում է գոյություն ունեցող լաբորատոր սարքավորումները միավորել մեկ կազմակերպության մեջ, պետական մակարդակով մեկ կենտրոնական և լավ սարքավորված շրջակա միջավայրի լաբորատորիայով և շրջանային մակարդակով մի քանի ավելի փոքր լաբորատորիաներով: Այս իմաստով, կոորդինացումը այլ նախարարությունների հետ (ջրին առնչվող), որոնցից յուրաքանչյուրն ունի իր սեփական լաբորատորիաները, միևնույն հիմնախնդիրներով, օգտակար կլինի: Կենտրոնական լաբորատորիան կարող է ապահովել իր ծառայությունները տարբեր նախարարություններին առընթեր բոլոր բաժանմունքներին և, պահանջվելու դեպքում նաև ջրօգտագործողներին: Այս նշումն ընդգրկված է միայն որպես ընդհանուր առաջարկություն և կարիք ունի առավել մանրամասն մշակման:
Պետական մակարդակով ստեղծել Ջրային ռեսուրսների խորհուրդ
Նպատակահարմար է ստեղծել Ջրային ռեսուրսների խորհուրդ պետական մակարդակով, որի առաջադրանքը կլինի խորհրդատվություն ապահովել ՋՌԿՄ-ին ջրային ռեսուրսների կառավարման հետ կապված բոլոր կարևոր հարցերի վերաբերյալ: ՋՌԿՄ-ը պետք է պարտավոր լինի խորհրդատվություն տալ Ջրային ռեսուրսների խորհրդին ՋՌԿ խոշոր հարցերի վերաբերյալ և ապահովել նրան բոլոր անհրաժեշտ տեղեկություններով: Խորհուրդը պետք է առաջարկություններ ներկայացնի կառավարություն ջրային ռեսուրսների կառավարման խոշոր հարցերի վերաբերյալ, ներառյալ`
- Ջրային ռեսուրսների կառավարման քաղաքականություններ և
ռազմավարություններ
- Ջրային ռեսուրսների օրենսդրություն և կառուցվածքային բարեփոխումներ
- Ջրային ռեսուրսների կառավարման պլաններ պետական և շրջանային
կարևորության ջրային մարմինների համար:
- Ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ միջազգային պայմանագրեր:
- Ջրային ռեսուրսների խորհուրդը կարող է ընդգրկել հետևյալ ինստիտուտների
ավագ ներկայացուցիչներին`
. ՀՀ վարչապետի խորհրդական ջրային խնդիրներով
. Բնապահպանության նախարարություն (այդ թվում` «Հիդրոմետ» և ՋՌԿՄ)
. Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
. Ջրային տնտեսության կոմիտե (նախարարություն)
. Գյուղատնտեսության նախարարություն
. Քաղաքաշինության նախարարություն
. Էներգետիկայի նախարարություն
. Առողջապահության նախարարություն
. Երևանի քաղաքապետարան
. Ջրային ձեռնարկություններ
. Հիդրոէներգետիկայի ձեռնարկություններ
. Ֆերմերների կազմակերպություններ
. Արդյունաբերական կազմակերպություններ
. Սպառողների կազմակերպություններ
. Ընտրված ՈԿԿ-եր
Բնապահպանության նախարարությունը կարող է պարտավորվել կոորդինացնել Ջրային ռեսուրսների խորհրդի գործունեությունները, վարել քարտուղարությունը:
Ստեղծել ջրօգտագործման խորհուրդներ մարզերի (կամ համակարգերի)
մակարդակով
Առաջարկվում է աստիճանաբար ստեղծել ջրօգտագործողների խորհուրդներ պետական և շրջանային նշանակության կարևոր գետավազանների համար: Նրանց խնդիրը պետք է լինի օժանդակել և խորհուրդներ տալ կառավարական գործակալություններին` իրենց համապատասխան տարածքներում Ջրային ռեսուրսների կառավարման պլանների պատրաստման և իրականացման գործում: Կառավարական գործակալությունների պարտավորությունները պետք է լինի համապատասխանաբար ընդգրկել և խորհրդակցել նման Ջրօգտագործողների խորհուրդների հետ, ջրի հետ կապված բոլոր խոշոր հարցերի շուրջ:
Խորհուրդները կարող են ներկայացուցիչներ ընդգրկել հետևյալ կազմակերպություններից.
- Մարզային և համայնքային իշխանություններ,
- Ջրավազանների ինքնակառավարման մարմիններ,
- Գյուղատնտեսական կազմակերպություններ,
- (Մասնավոր) հիդրոկայաններ,
- (Մասնավոր) ջրային ձեռնարկություններ,
- Կենտրոնական կառավարական գործակալությունների տեղական գրասենյակներ,
- Այլ ջրօգտագործող խմբեր:
Մարզային իշխանությունները, ջրային ռեսուրսների համար պատասխանատու նախարարության հետ համատեղ կարող են ստանձնել Կոմիտեի գործունեությունների կոորդինացումը:
Նպատակահարմար չէ Ջրօգտագործողների խորհուրդներն ստեղծել կառավարության որոշմամբ, այլ սկսել և օժանդակել նման խորհուրդներին փորձնական եղանակով և թույլ տալ նրանց աստիճանաբար զարգանալ: Օժանդակումը կարելի է սկսել որոշակի գետավազանի համար ՋՌԿ պլաններ կազմելիս ջրօգտագործողների խմբերի խորհրդատվության միջոցով: Հատկապես կարևոր է շատ գյուղատնտեսական կազմակերպություններ և տարբեր օգտագործող խմբեր ունեցող տարածքներում նախաձեռնելը և օժանդակելը:
Ջրային տնտեսության ընկերությունների կառավարման բարելավումների
ռազմավարություն
Ջրային տնտեսության ոլորտում կառավարման բարելավումների նպատակով անհրաժեշտ է տարանջատել ջրի ռեսուրսի կառավարումը ջրօգտագործման կառավարումից և պետական կարգավորման գործառույթներից:
Կարգավորման գործառույթները նպատակահարմար է օրենքով փոխանցել կառավարությունից անկախ պետական կարգավորման մարմնի:
Հայաստանի նման ոչ մեծ երկրի համար տնտեսական նպատակահարմարությունը թելադրում է այդ գործառույթները փոխանցել ներկա ՀՀ էներգետիկայի հանձնաժողովին և այն վերակազմավորել սակագնային-կարգավորող հանձնաժողովի: Այստեղ պետք է հաշվի առնել նաև գործող հանձնաժողովի ձեռք բերած փորձառության հանգամանքը:
Ընդ որում, հաշվի առնելով, որ ինչպես համայնքները (խմելու ջրի պարագայում), այնպես էլ ոռոգման ՋՕՄ-երը, ՋՍԿ-երը դեռևս հեռու են կայացումից և կազմակերպական, ֆինանսական և կադրերի պրոֆեսիոնալիզմի առումով, նպատակահարմար է առաջիկա 5 տարիների ընթացքում վերակազմակերպվող հանձնաժողովին փոխանցել նաև մանրածախ սակագների սահմանումը:
Զարգացած առանձին երկրների փորձը ցույց է տալիս, որ ջրային տնտեսությունը շահութաբեր բիզնես է: Ի վերջո, պետական ֆինանսների վրա պետական ընկերությունների ներկա ծանրագույն բեռից ազատվելու և այդ ընկերությունների գործունեությունն արդյունավետ դարձնելու առավել ցանկալի ձևը մասնավոր կապիտալի ներգրավումն է:
Սակայն, մասնավորեցման գործընթացը հնարավոր չէ արհեստականորեն արագացնել: Համենայնդեպս, 2000 թ. հոկտեմբերին Ալմա-Աթայում կայացած OECD երկրների բնապահպանության, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարների խորհրդաժողովում ակնհայտ ընդգծվեց այնպիսի երկրների ներկայացուցիչների, ինչպեսիք Դանիան, Ֆինլանդիան, Գերմանիան, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան են, զգուշավորությունը շտապողականության կամ կրկնօրինակման վտանգավորության վերաբերյալ: Անհրաժեշտ է բավարար նախապատրաստել գործընթացը, ընկերությունները դարձնել բիզնեսի համար հետաքրքիր:
Այս ուղղությամբ առաջին քայլերն արդեն կատարված են (Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՊՓԲԸ կառավարման մեջ մասնավոր միջազգային օպերատորի ներգրավումը, ոռոգման ՋՍԿ-երի և ՋՕՄ-երի ստեղծումը, խմելու ջրի ներքին ցանցի փոխանցումը համայնքներին):
Սակայն որոշակի բացառություններով առաջին դեպքում, մյուս երկու դեպքերի համար, շտապողականության և ոչ բավարար նախապատրաստման հետևանքով առայժմ շոշափելի դրական տեղաշարժեր չեն արձանագրված և վտանգվում է գաղափարն ինքնին:
Այս պայմաններում շատ կարևոր է ՋՕՄ-երի և ՋՍԿ-երի հետագա հետևողական աստիճանական ամրապնդումը, ֆինանսական և կազմակերպական հզորացումը: Ավելին, անհրաժեշտ է շտապողականությամբ, ձևականորեն ստեղծվածները լուծարել, (բացառությամբ որոշակի հաջողությամբ գործողների), կազմել այդ նույն տեղերում ՋՕՄ-երի հիմնավոր վերականգնման 1-2 տարվա ծրագիր, հստակեցնել դրանց ներսում ինքնակառավարման, հաշվառման և պլանավորման մեխանիզմները, մշակել և իրականացնել ներդրումային ծրագիր:
Հաջորդ փուլերում, կառավարությունը պետք է ունենա ՋՕՄ-երի և ՋՍԿ-երի ըստ ջրավազանների, իսկ երբեմն ըստ մարզերի ինքնակառավարման ավելի խոշոր մարմինների ստացիոնարների ստեղծման աջակցող ծրագիր: Ընդ որում, նշված ասոցիացիաներին նպատակահարմար է ներգրավել տվյալ ջրավազանի ոռոգման ամբողջ համակարգի շահագործման կամ սեփականության կառավարման մեջ:
Համանման ձևով, խմելու ջրի, ջրահեռացման, ինչպես նաև ջեռուցման և այլ խնդիրների հաջողությամբ լուծումն անհրաժեշտ է դարձնում համատիրությունների զարգացման կառավարության ծրագրի մշակումը և իրականացումը, որի համար նպատակահարմար է ներգրավել երկարաժամկետ արտոնյալ վարկեր և դրամաշնորհներ:
Այլապես, համատիրությունների հարցում ոչ բավարար նախապատրաստվածությունը նրանց արժանացրել է ՋՕՄ-երի ճակատագրին:
ՋՕՄ-երի, ՋՍԿ-երի, համատիրությունների և նրանց ասոցիացիաների լիարժեք կայացումն իրատեսական է 5-8 տարվա ժամանակահատվածում, որն այդ ուղին անցած երկրների համեմատությամբ կարճատև է:
Ինչ վերաբերում է «Ոռոգում», «Հայջրմուղկոյուղի» ընկերություններին, այստեղ Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՊՓԲԸ օրինակով նպատակահարմար է մասնավոր (այդ թվում` տեղական) օպերատորի ներգրավումը կամ գույքի հավատարմագրային կառավարման համակարգի ներդրումը: Ի տարբերություն Երևանի օրինակի, անհրաժեշտ է առաջադրել գործունեության 3-5 տարվա առավել հստակ ծրագիր: Դրա կատարումն ապահովել կառավարչի բավարար ֆինանսական երաշխիքներով և կառավարչին վճարել իր կողմից ավելացված եկամտի հաշվին և ոչ թե վարկային կամ բյուջետային միջոցներից:
Հետագայում հնարավոր է նրանց շահագործումը կոնցեսիայի պայմանագրով, կամ սեփականաշնորհումը:
Այդ ընթացքում, հատկապես առաջիկա 3-5 տարում նշված համակարգերը վերջնական քայքայումից փրկելու, ներդրվող ծավալում միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու, կառավարելիության բավարար աստիճան ձեռք բերելու, հաշվառելի և վերահսկելի դարձնելու, ջրամատակարարման խնդիրների լուծումը կառավարության լիազոր մարմնի համար առաջնահերթ, ամենօրյա, ծրագրավորված աշխատանքի վերածելու համար անհրաժեշտ է արմատական ինստիտուցիոնալ փոփոխությունների իրականացումը:
Այդպիսին կարող է լինել ոռոգման, խմելու ջրի և ջրահեռացման բոլոր պետական բաժնեմասերով ընկերությունների և պետական հիմնարկների կառավարման լիազորությունների փոխանցումը մեկի նախարարությանը կամ կառավարությանն առընթեր մարմնին:
Նշված ընկերությունների հիմնախնդիրների լուծումը պահանջում է ամենօրյա և տևական աշխատանք, որը երբեք չի կարող ամենաառաջնայինը լինել (փորձը դա է ապացուցել և արդյունքներն ակնհայտ են) ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ քաղաքաշինության նախարարության և Երևանի քաղաքապետարանի բազմաբնույթ ֆունկցիաների շարքում:
Նման պահանջը թելադրված է նաև բարեփոխումների, ֆինանսական հիմնախնդիրների լուծումների, ներդրումային ծրագրերի, հաշվառման և գանձումների մեթոդների միատեսակությամբ:
Ընդ որում, փոփոխությունն արդյունավետ կարող է լինել նոր մարմնի կազմավորման ճանապարհով, քանի որ մինչ այդ կառավարող լիազոր մարմիններն արդյունավետ չգտնվեցին այդ ֆունկցիայի իրականացման գործում և նման դեպքերում հին կառույցներին բնորոշ է իներցիոնությունը:
Նոր մարմնի կազմավորումն ըստ էության չի հանգեցնի նաև պետբյուջեի ծախսերի ավելացման, քանի որ միաժամանակ նվազում են նախկին լիազոր մարմինների գործառույթները, լուծարման կենթարկվեն համապատասխան ստորաբաժանումները, կկրճատվեն պահպանման ծախսերը:
Ավելին, շատ հիմնախնդիրների միասնական լուծումները իրենց մեջ պարունակում են արդյունավետության բարձրացման հնարավորություններ:
Նոր մարմնի առաջնահերթ խնդիրները (իր կազմավորմանը, ընկերությունների նորմալ ֆունկցիոնավորման ապահովմանը զուգընթաց) պետք է լինեն հետևյալները`
- Հայաստանի բնակավայրերի ջրամատակարարման բարելավման ներդրումային ծրագրի վերաբերյալ ՀԲ-ի հետ վարկային համաձայնագրի բանակցությունների արագացումը, համաձայնագրի ստորագրումը և վավերացումը:
- Ոռոգման ոլորտի և «Հայջրմուղկոյուղի» ընկերությունների կառավարման և կառուցվածքային բարեփոխումների, ֆինանսական վերականգնման և ֆինանսական հոսքերի միջին ժամկետ ծրագրերի մշակումը:
- ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, ՀՀ տարածքային կառավարման և ՀՀ արդարադատության նախարարությունների հետ համատեղ ՋՕՄ-երի, ՋՍԿ-երի և համատիրությունների զարգացման ծրագրերի մշակումը:
- Էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերի, «Հայռուսգազարդի», Երևանի և մյուս քաղաքապետարանների հետ պայմանագրերի կնքումը ոռոգման և խմելու ջրերի, էլեկտրաէներգիայի, բնական գազի, ջեռուցման, հաշվառման և վճարների գանձման միասնական համակարգ ստեղծելու վերաբերյալ:
Ջրային ռեսուրսների կառավարման բարելավումները, ՋՍԿ-երի, ՋՕՄ-երի և համատիրությունների զարգացման խնդիրները, ջրային ոլորտի ընկերությունների կառավարման նոր մարմնի արդյունավետ գործունեությունը պահանջում են մեծաթիվ գործնական և ներդրումային ծրագրերի, մեխանիզմների, նորմատիվ փաստաթղթերի մշակումներ և խորհրդատվության մատուցում, որոնց համար նպատակահարմար է քննարկումներ իրականացնել միջազգային ֆինանսական կազմակերպությունների, դոնոր երկրների հետ և ներգրավել դրամաշնորհներ: