Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

14 դեկտեմբերի 2000 թվականի N 56

 

22. «ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ «Հաշմանդամների վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հայեցակարգին (կցվում է):

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

 

«ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Տնտեսության զարգացման անբավարար տեմպերի, համախառն ներքին արդյունքի և պետբյուջեի եկամուտների դանդաղ աճի հետևանքով անհրաժեշտ պայմաններ չեն ստեղծվել սոցիալական ապահովության ակտիվ քաղաքականություն իրականացնելու համար:

Անցումային փուլում բավականին նվազել է բնակչության կենսամակարդակը և տեղի է ունեցել հասարակության բևեռացում:

Բնակչության մեծամասնությունը դարձել է անապահով: Առավել անբարենպաստ պայմաններում են հայտնվել հաշմանդամները, միայնակ տարեց կենսաթոշակառուները, բազմազավակ ընտանիքները և ծնողազուրկ երեխաները:

Ստեղծված սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակում հրատապ է դարձել հաշմանդամների սոցիալական պաշտպանվածության հիմնահարցերի լուծումը:

Ներկայումս հաշմանդամների սոցիալական պաշտպանության հիմնախնդիրները կարգավորվում են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» 1993 թ. ընդունված ՀՀ օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության միջոցառումների մասին» թիվ 600 որոշմամբ:

Հաշմանդամների սոցիալական պաշտպանության համակարգում, որպես հասարակության մեջ հաշմանդամի ինտեգրման անհրաժեշտ պայման, այսօր կարևորվում է հաշմանդամների վերականգնումը:

Վերականգնումը գործընթաց է, որի նպատակն է օգնել հաշմանդամներին հասնելու կենսագործունեության ֆիզիկական, մտավոր, հոգեկան և սոցիալական գործունեության առավելագույն մակարդակի և աջակցել նրանց հասարակության մեջ ինտեգրվելու:

Վերականգնողական օգնության տեսակները և տրամադրման կարգը սահմանվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Հաշմանդամի վերականգնումը ներառում է անձի բժշկական, մասնագիտական, հոգեբանական և սոցիալական վերականգնմանն ուղղված միջոցառումները:

Հաշմանդամների վերականգնման բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականությունն արտահայտվում է հաշմանդամների առողջության պահպանման, բժշկական, սոցիալական, հոգեբանական և մասնագիտական վերականգնման և վերականգնողական միջոցների նկատմամբ նրանց պահանջարկի բավարարման իրավական, տնտեսական և սոցիալական պայմանների ապահովմամբ:

Օրենքի նախագծի մշակման ժամանակ հաշվի է առնվելու` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1975 թ.-ին ընդունած Հաշմանդամների իրավունքների մասին Հռչակագրի դրույթներն ու սկզբունքները, 1982 թ.-ին ընդունած Հաշմանդամների վերաբերյալ գործողությունների համաշխարհային ծրագիրը և 1993 թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունած Հաշմանդամների հավասար հնարավորությունների ապահովման Ստանդարտ Կանոնները, որոնք անհրաժեշտ են համարում բոլոր երկրներում հաշմանդամների համար մյուսներին հավասար հնարավորությունների ապահովումը և հասարակական կյանքին նրանց լիարժեք մասնակցությունը:

Չնայած հաշմանդամների և հաշմանդամության խնդիրների վերաբերյալ ընդունված բազմաթիվ իրավական ակտերի առկայությանը, հաշմանդամներն իրենց պահանջմունքներին համապատասխան սոցիալական աջակցություն, բժշկական, իրավական և նյութական օգնություն բավարար չափով չեն ստանում կապված օրենսդրական ակտերի անբավարարության, ինչպես նաև ֆինանսական միջոցների բացակայության հետ:

Հանրապետությունում գործող օրենսդրական ակտերը դեռևս լիարժեք չեն սահմանում «հաշմանդամի վերականգնում» հասկացությունը, վերականգնման ձևերն ու տեսակները, վերականգնման անհատական ծրագրի բովանդակությունը, վերականգնողական ողջ համակարգը, հաշմանդամների վերականգնման բնագավառում պետական և հասարակական կազմակերպությունների գործառույթներն ու փոխհամագործակցության սկզբունքները, հաշմանդամների համար հավասար պայմանների ստեղծման, մատչելիության ապահովման միջոցներն ու սկզբունքները` հաշվի առնելով այդ ոլորտի միջազգային փորձը:

Կարևորելով հաշմանդամներին հասարակական կյանքին ինտեգրելու գերխնդիրը և նկատի ունենալով, որ այդ բնագավառում դեռևս կան շատ բացթողումներ և օրենսդրական դաշտում և գործնական աշխատանքում` անհրաժեշտություն է առաջացել ընդունել «Հաշմանդամների վերականգնման մասին» օրենքը:

 

2. «ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Օրենքի նախագծում նախատեսվում է ներառել հաշմանդամների վերականգնման համար անհրաժեշտ դրույթներն ու սկզբունքները:

Հաշմանդամների վերականգնումը դիտվելու է որպես հաշմանդամներին ուղղված պետական քաղաքականության առաջնահերթ ուղղություն:

Այդ նպատակով նախատեսվում է ստեղծել հաշմանդամների վերականգնողական պետական ծառայություն:

Օրենքի նախագծում ներառվելու են հաշմանդամների վերականգնման գործընթացում պետական քաղաքականության սկզբունքները, այդ ոլորտում օրենսդրության խնդիրները, պետական ծրագրերը և հասարակական կազմակերպությունների մասնակցությունը, որոնք ուղղված կլինեն հաշմանդամների վերականգնման ծրագրերի իրականացմանը:

Վերականգնողական միջոցառումների անցկացման նախնական հիմնարար սկզբունքներն են` հետևողականությունը, հաջորդականությունը, համալիր բնույթը և նրանց իրագործման անընդհատությունը: Հաշմանդամների վերականգնումը հնարավոր է միայն համապատասխան կազմակերպական կառույցների առկայության դեպքում` նրանց նկատմամբ համակարգված մոտեցմամբ անհատական ծրագրերի իրագործման շնորհիվ:

Նախագծում մեծ ուշադրություն կդարձվի հաշմանդամների բժշկական վերականգնմանը:

Վերականգնումը ներառում է հաշմանդամի բժշկական, սոցիալ-հոգեբանական և մասնագիտական վերականգնմանն ուղղված համալիր միջոցառումների համակցություն:

Բժշկական վերականգնումը մարդու օրգանիզմի բնածին արատների, հիվանդությունների և վնասվածքների հետևանքով խախտված ֆունկցիոնալ հնարավորությունների բժշկական միջոցներով վերականգնմանն ու փոխարինմանն ուղղված գործընթաց է:

Կազմակերպչական առումով այն ձևավորվում է հատուկ մասնագիտացված բժշկական վերականգնողական կենտրոնների ստեղծման միջոցով:

Օրենքի նախագծում կնախատեսվեն բժշկական վերականգնման կենտրոնների համակարգը, դրանց խնդիրները, հաշմանդամների անհատական վերականգնման ծրագրին համապատասխան վերականգնողական գործընթացների իրականացման կարգը և պայմանները:

Նախագծում հատուկ ուշադրություն կդարձվի հաշմանդամների մասնագիտական վերականգնմանն ու նրանց աշխատանքի տեղավորման խնդիրներին, նրանց մասնագիտական պիտանիության փորձաքննության կարգավորմանը:

Կարևոր տեղ է տրված սոցիալական վերականգնման խնդիրներին: Սոցիալական վերականգնումն ապահովում է հաշմանդամների նորմալ կենսամակարդակը, հավասար հնարավորություններ ստեղծում հասարակական կյանքին նրանց լիարժեք մասնակցության համար: Այնտեղից ակնհայտ է, որ վերականգնման գործընթացն անհնար է իրականացնել առանց մեկը մյուսի հետ զուգորդելու:

Վերականգնման գործընթացի արդյունավետությունը պայմանավորված է բժշկական գործողությունները սոցիալ-հոգեբանական և մասնագիտական վերականգնմանն ուղղված միջոցառումների հետ զուգակցմամբ:

Հաշմանդամների սոցիալական վերականգնումը միջոցառումների համակարգ է, որն ապահովում է հաշմանդամների նորմալ կենսամակարդակ և հավասար հնարավորություններ է ստեղծում հասարակական կյանքին նրա լիարժեք մասնակցության համար:

Հաշմանդամի բժշկա-սոցիալական վերականգնումը ավելի լիարժեք կլինի, եթե չանտեսվի նրանց հոգեբանական վերականգնումը, որն ուղղված է հոգեբանական բարդույթներից հաշմանդամի ձերբազատմանը և որի շնորհիվ հաշմանդամը ձեռք կբերի հավատ և վստահություն իր հնարավորությունների նկատմամբ:

Բժշկա-սոցիալական վերականգնումը նշանակում է` հաշմանդամին ապահովել կյանքը թեթևացնող օժանդակ տեխնիկական միջոցներով, վերականգնողական պարագաներով, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում պրոթեզավորման և օրթեզավորման բնագավառում:

Օրենքի նախագծում կնախատեսվեն նաև մասնագիտական վերականգնման հասկացությունները, հաշմանդամների վերականգնման խնդիրները, այդ ուղղությամբ իրագործվող պետական ծրագրերի ուղղությունները, հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման, նրանց վերականգնողական պարագաներով ապահովման կարգը, վերականգնման ֆինանսավորման աղբյուրները, վերականգնողական հաստատությունների և համակարգի կառավարման նկատմամբ վերահսկողության իրականացման կարգը, տարբեր կազմակերպությունների միջև փոխհամագործակցության հիմքերը, ինչպես նաև այդ բնագավառում միջազգային համագործակցությունը:

Հաշմանդամների վերականգնման գործընթացում կարևորվում է նրանց համար հասարակական կյանքի բոլոր բնագավառներում մատչելիության ապահովումը, սոցիալական ենթակառուցվածքների, բնակելի շենքերի, շինությունների, տրանսպորտի և կապի միջոցների, մշակույթի և մարզական օջախների հարմարեցումը հաշմանդամներին: Այս ամենը կկանոնակարգվի և վերահսկողության կենթարկվի ինչպես քաղաքաշինության, այնպես էլ սոցիալական կառույցների կողմից:

Հատուկ ուշադրություն կդարձվի հաշմանդամ ունեցող ընտանիքների հետ տարվող սոցիալ-հոգեբանական աշխատանքներին, դրանց հետ աշխատող մասնագետների պատրաստմանը և վերապատրաստմանը, ինչպես նաև զարգացած երկրների առաջավոր փորձի ուսումնասիրմանը և ներդրմանը:

 

3. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

Օրենքն ընդունելուց հետո իրականացվելու է մի շարք անհրաժեշտ միջոցառումներ օրենքի սահմանած դրույթները կյանքի կոչելու համար:

Միջոցառումների ժամանակացույցը կցվում է:

 

հավելված

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

* Հաշմանդամների վերականգնման պետական ծրագրի մշակում: (2002 թ.)

* Հանրապետության մարզերում բժշկասոցիալական վերականգնման կենտրոնների

ստեղծում: (2002-2005 թթ.)

* Հասարակական կազմակերպությունների հետ համագործակցություն

հաշմանդամների համար զբաղվածության, մշակութային և սպորտային ծրագրերի

մշակման և իրականացման գործում: (2001-2005 թթ.)

* Բժիշկ-վերականգնողաբանների և հաշմանդամների հետ աշխատող մյուս

մասնագետների պատրաստման և վերապատրաստման դասընթացների կազմակերպում:

(2001-2005 թթ.)

* Հաշմանդամության խնդիրներին նվիրված հանրապետական գիտագործնական

խորհրդակցությունների և սեմինարների կազմակերպում: (2001-2002 թթ.)

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.12.2000
N 56
Արձանագրային որոշում