ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հուլիսի 2024 թվականի N 1143-Ն
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
2024 թ. հուլիսի 25
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2024 թվականի հուլիսի 25-ի
N 1143-Ն որոշման
ԿԱՐԳ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով ամրագրված նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (այսուհետ` ՇՄԱԳ) իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Գնահատման և փորձաքննության ենթակա` Ա, Բ կատեգորիայի նախատեսվող գործունեության տեսակների նախագծային փաստաթղթի և ՇՄԱԳ հաշվետվության գնահատման և փորձաքննության գործընթացներն իրականացվում են օրենքով սահմանված ժամկետներում և ընթացակարգով:
2. ՇՄԱԳ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ
3. Օրենքով սահմանված նախատեսվող գործունեության տեսակ հանդիսանալու կամ ՇՄԱԳ-ի ենթակա նախատեսվող գործունեության տեսակի (ըստ կատեգորիաների) դասակարգման վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով, մինչև ՇՄԱԳ գործընթացի սկսելը, նախաձեռնողը կարող է գրավոր դիմել լիազոր մարմնին` ներկայացնելով նախատեսվող գործունեության ընդհանուր բնութագիրը (վայր, տեսակ, ծավալ, հնարավոր ազդեցություն):
4. Լիազոր մարմինը սույն կարգի 3-րդ կետով պահանջվող պարզաբանումը գրավոր տեղեկացնում է դիմումատուին` դիմումն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:
5. Նախագծային փաստաթղթով նախատեսված լուծումների այլընտրանքային տարբերակների բացահայտման նպատակով դիտարկվում են հնարավոր այլընտրանքային, այդ թվում` զրոյական` նախատեսվող գործունեության չիրականացնելու տարբերակները: Այլընտրանքները պետք է ներառեն այլընտրանքային վայրերի, տեղադիրքի, երթուղիների, տեխնոլոգիաների, գործընթացների, հումքի, նախագծային և շինարարական աշխատանքների լուծումների, բնապահպանական և սոցիալական միջոցառումների նկարագրություններ: Նախընտրելի տարբերակի ընտրությունը հիմնավորելու նպատակով իրականացվում է նախատեսվող գործունեության նախընտրելի տարբերակի և այլընտրանքային տարբերակների բնապահպանական և սոցիալ-տնտեսական համեմատական վերլուծություն:
6. ՇՄԱԳ գործընթացում նախաձեռնողը կարող է գրավոր դիմել լիազոր մարմնին` գնահատման գործընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով:
7. Լիազոր մարմինն իր լիազորությունների շրջանակներում սույն կարգի 6-րդ կետով պահանջվող տեղեկատվությունը գրավոր տրամադրում է դիմումատուին` դիմումն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում:
3. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ ԵՎ ՀԵՏՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
8. Նախաձեռնողը, իր լիազորությունների շրջանակում իրականացնում է մշտադիտարկում (մոնիթորինգ)` համաձայն նախատեսվող գործունեության բնապահպանական կառավարման պլանի և մշտադիտարկման ծրագրի` շրջակա միջավայրի` ներառյալ մարդու առողջության վրա ազդեցությունների հետևանքով առաջացող հնարավոր փոփոխությունները կանխատեսելու նպատակով:
9. Մշտադիտարկման տարեկան արդյունքների, նախատեսվող գործունեության նախագծի և ՇՄԱԳ հաշվետվության տվյալների համեմատական վերլուծության արդյունքում նախաձեռնողի կողմից կազմվում է հետնախագծային վերլուծության տարեկան ծրագիր, բացառությամբ սույն կարգի 11-րդ կետի:
10. Յուրաքանչյուր տարվա մինչև փետրվարի առաջին տասնօրյակը մշտադիտարկման և հետնախագծային վերլուծության արդյունքները հրապարակվում են նախաձեռնողի կայքում (առկայության դեպքում) կամ տրամադրվում են լիազոր մարմնին` վերջինիս կայքում տեղադրելու նպատակով:
11. Գործունեության կոնկրետ տեսակների կամ օբյեկտների մշտադիտարկման համար օրենսդրությամբ հատուկ ընթացակարգեր սահմանված լինելու դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հատուկ սահմանված ընթացակարգերով:
Պաշտոնական հրապարակման օրը` 25 հուլիսի 2024 թվական: