Սեղմել Esc փակելու համար:
«ԶԵՅԹՈՒՆ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՎԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԶԵՅԹՈՒՆ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՎԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0197.140301

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» մարտի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մարտի 2001 թվականի N 197

 

«ԶԵՅԹՈՒՆ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՎԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամի կանոնադրությունը (կցվում է):

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թ.

մարտի 14-ի N 197 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ԶԵՅԹՈՒՆ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՎԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամը (այսուհետև` հիմնադրամ) հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված ու անդամություն չունեցող, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է:

2. Հիմնադրամն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի պահանջներին համապատասխան և իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

3. Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը:

4. Հիմնադրամի անվանումն է`

հայերեն լրիվ` «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամ.

հայերեն կրճատ` «Զեյթուն» հիմնադրամ.

ռուսերեն լրիվ` Ֆոնդ «Ստուդենչեսկիյ գոռոդոկ «Զեյտուն».

ռուսերեն կրճատ` Ֆոնդ «Զեյտուն».

անգլերեն լրիվ` Student city found «Zeitun».

անգլերեն կրճատ` Found «Zeitun»:

5. Հիմնադրամի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, Դավիթ Անհաղթի 10:

 

II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

6. Հիմնադրամի գործունեության առարկան է`

ա) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ հիմնադրամի կանոնադրական խնդիրներին վերաբերող ծրագրերի նախապատրաստումը և իրականացումը.

բ) անհրաժեշտության դեպքում իր գործունեության վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության շահագրգիռ այլ նախարարությունների և հասարակական կազմակերպությունների.

գ) իր ծրագրերի իրականացմանը մասնակցող փոքր ձեռնարկատիրական գործունեության զարգացմանն աջակցությունը:

7. Հիմնադրամի գործունեության հիմնական նպատակներն են`

ա) հանրակացարանաբնակ ուսանողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը.

բ) համապատասխան պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցելով հանրակացարանաբնակ ուսանողների համար մարզական և մշակութային միջոցառումների ծրագրերի իրականացումը.

գ) առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած հանրակացարանաբնակ ուսանողների խրախուսումը և ֆինանսական օժանդակության կազմակերպումը:

 

III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

8. Հիմնադրամը պետական գրանցման պահից ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ:

9. Հիմնադրամն օգտվում է իրավաբանական անձի համար օրենքով սահմանված բոլոր իրավունքներից և կրում համապատասխան պարտականություններ:

10. Հիմնադրամն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների բանկերում հաշվարկային ու այլ հաշիվներ, իր անվամբ և Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով դրոշմակնիք, կնիք, ձևաթուղթ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գրանցված խորհրդանիշ ու այլ նշաններ:

11. Հիմնադրամն իր անունից կարող է ձեռք բերել գույքային և ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

Հիմնադրամն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով:

12. Հիմնադրամի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

13. Հիմնադրամը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն` սույն կանոնադրությամբ սահմանված նպատակների իրականացման համար և դրանց համապատասխան:

14. Հիմնադրամը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար իրավունք ունի ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակից:

15. Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում իր հիմնադրի պարտավորությունների, իսկ հիմնադիրը` հիմնադրամի պարտավորությունների համար:

16. Հիմնադրամն իրավունք ունի ստեղծելու ներկայացուցչություններ, մասնաճյուղեր և հիմնարկներ:

 

IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ

 

17. Հիմնադրի` հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է:

18. Հիմնադրամը տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն պատկանող ու իր կողմից ձեռք բերված գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները` իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան:

19. Հիմնադրամը կարող է որպես սեփականություն ունենալ անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ` դրամով, տարադրամով և այլն:

20. Հիմնադրամի գույքի` ներառյալ ֆինանսական միջոցները, գոյացման աղբյուրներն են`

ա) քաղաքացիների և կազմակերպությունների բարեգործական նվիրատվությունները.

բ) տեղական և օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսական ու նյութական ներդրումները և նվիրատվությունները.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

21. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա բանկերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բացել հաշվարկային ու այլ հաշիվներ (այդ թվում` տարադրամային):

22. Հիմնադրամը պարտավոր է ամեն տարի հրապարակել հաշվետվություն իր սեփականությունը հանդիսացող գույքի օգտագործման մասին:

23. Հիմնադրամի սեփականությունը գտնվում է պետության պաշտպանության ներքո:

 

V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

24. Հիմնադրամի կառավարման մարմիններն են հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը և գործադիր տնօրենը:

25. Հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինը հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետև` խորհուրդ), որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ղեկավարում է հիմնադրամի գործունեությունը:

26. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարն է, որի որոշմամբ սահմանվում է խորհրդի անհատական կազմը: Խորհուրդն ունի 13 (տասներեք) անդամ, որոնց լիազորությունների ժամկետը 3 տարի է:

27. Խորհրդի կազմում ընդգրկվում են մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունից, Համահայկական երիտասարդական հիմնադրամից, ինչպես նաև այն պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից, որոնց տնօրինությանն են հանձնվել առանձին հանրակացարանային մասնաշենքեր կամ հարկաբաժիններ:

28. Խորհրդի բացառիկ իրավասություններն են`

ա) հիմնադրամի կանոնադրության և դրա փոփոխությունների մշակումը.

բ) հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունների որոշումը.

գ) հիմնադրամի տարեկան բյուջեի ու ծրագրերի հաստատումը.

դ) հիմնադրամի եռամսյա ու տարեկան ֆինանսական հաշվետվությունների հաստատումը.

ե) հիմնադրամի հաշվետվությունների վերստուգման համար անկախ աուդիտորներ ընտրելու նպատակով անցկացվող մրցույթի արդյունքների հաստատումը.

զ) առանձին ծրագրերի ֆինանսավորման հաստատումը.

է) հիմնադրամի գործադիր տնօրենին պաշտոնի նշանակելը և պաշտոնից ազատելը.

ը) հոգաբարձուների խորհրդի նոր անդամներ նշանակելը և ազատելը.

թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը:

29. Խորհուրդը վերահսկողություն է իրականացնում հիմնադրամի գույքի նպատակային օգտագործման, ինչպես նաև հիմնադրամի գործադիր տնօրենի գործունեության նկատմամբ:

30. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Առանձին դեպքերում խորհրդի որոշումներն ընդունվում են հարցման միջոցով: Նիստերը գումարվում են պարբերաբար` առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ: Խորհրդի արտահերթ նիստերը գումարվում են խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ:

Խորհրդի նիստերը համարվում են իրավազոր, եթե դրանց մասնակցում է խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

Խորհրդի նիստերն արձանագրվում են: Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է իր կողմից հաստատված կանոնակարգին համապատասխան:

31. Հիմնադրամի խորհրդի անդամն իրավունք ունի`

ա) ստանալու տեղեկություններ հիմնադրամի գործադիր տնօրենի կողմից հիմնադրամի միջոցների օգտագործման մասին.

բ) հետևելու հիմնադրամի գույքի պահպանմանը, ստուգելու հիմնադրամի փաստաթղթերը, այդ թվում` հաշվեկշիռը, ինչպես նաև գործունեության այլ ոլորտներ.

գ) հիմնադրամի գործադիր տնօրենից ու այլ աշխատողներից պահանջելու ցանկացած տվյալ և հաշվետվություն.

դ) հիմնադրամի աշխատանքները բարելավելու նպատակով նրա կառավարման մարմիններ ներկայացնելու առաջարկություններ.

ե) սպառիչ տեղեկատվություն ստանալու հիմնադրամի գործունեության մասին.

զ) դուրս գալու հոգաբարձուների խորհրդից:

32. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամը կարող է ունենալ օրենքով, սույն կանոնադրությամբ և խորհրդի կանոնակարգով սահմանված այլ իրավունքներ ու պարտականություններ:

33. Հիմնադրամի գործադիր մարմինը գործադիր տնօրենն է, որը վարում է հիմնադրամի ընթացիկ գործերը և հաշվետու խորհրդին:

34. Գործադիր տնօրենը`

ա) առանց լիազորագրի գործում է հիմնադրամի անունից.

բ) հիմնադրամը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

գ) տնօրինում է հիմնադրամի գույքը, ներառյալ ֆինանսական միջոցները` համաձայն խորհրդի կողմից հաստատված բյուջեի.

դ) կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային).

ե) բացում է բանկային հաշիվներ.

զ) սահմանում է աշխատողների աշխատանքի վարձատրության չափը.

է) կատարում է աշխատանքի բաշխում աշխատողների միջև.

ը) տալիս է լիազորագրեր.

թ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:

 

VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

35. Հիմնադրամի գործունեության ստուգումները կատարվում են անկախ աուդիտորների կողմից` առնվազն տարեկան մեկ անգամ:

36. Հիմնադրամի խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով կարող է անցկացվել արտահերթ աուդիտորական ստուգում:

37. Աուդիտորներն ընտրվում են մրցութային կարգով և հաստատվում խորհրդի կողմից:

 

VII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

38. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություններ:

39. Հիմնադրամի հաշվապահական հաշվառումը կազմակերպվում, վարվում և հաշվապահական հաշվետվությունը կազմվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

VIII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

40. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.03.2001
N 197
Որոշում