Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

14 նոյեմբերի 2024 թվականի N 14-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի ԹԻՎ 06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի օգոստոսի 11-ի «Օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգները սահմանելու մասին» N 06-Ն հրամանի`

1) 1-ին կետը լրացնել նոր 8-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

i

«8) խմելու, տեխնիկական և հանքային ստորերկրյա ջրերի հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգը` համաձայն N 8 հավելվածի:»:

2) Հրամանը լրացնել նոր հավելվածով համաձայն` հավելված N 8-ի:

 

i

    ՆԱԽԱՐԱՐ                                Գ. ՍԱՆՈՍՅԱՆ

 

Հավելված

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2024 թվականի նոյեմբերի 14-ի

թիվ 14-Ն հրամանի

 

«Հավելված N 8»

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2021 թվականի օգոստոսի 11-ի

N 06-Ն հրամանի

 

ՀՐԱՀԱՆԳ ԽՄԵԼՈՒ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՔԱՅԻՆ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Խմելու, տեխնիկական և հանքային (բացառությամբ` արդյունաբերական և ջերմաէներգետիկ) ստորերկրյա ջրերի (այսուհետ` Ստորերկրյա ջրեր) հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգով (այսուհետ` Հրահանգ) կանոնակարգվում են խմելու, տեխնիկական և հանքային` բացառությամբ արդյունաբերական և ջերմաէներգետիկ, ստորերկրյա ջրերի հանքավայրերի (տեղամասերի, երևակումների) ջրաերկրաբանահետախուզական համալիր աշխատանքները:

2. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի N 1480-Ն որոշմամբ հաստատված «Ստորերկրյա ջրերի շահագործական պաշարների և կանխատեսումային ռեսուրսների դասակարգման» (այսուհետ` Դասակարգում)` ստորերկրյա ջրերի պաշարների հաշվարկման, դրանք ըստ կարգերի տարանջատման, ինչպես նաև ըստ նպատակային նշանակության դրանց օգտագործման ոլորտների առանձնացման օբյեկտներ են հանդիսանում Ստորերկրյա ջրերի հանքավայրերը (տեղամասերը) կամ ընդերքի մասերը:

3. Հանքավայրերի սահմաններում և ընդերքի մասերում ստորերկրյա ջրերի պաշարների հաշվարկը իրականացվում է առանձին ջրատար հորիզոններով (համալիրներով) և այլ ջրատար ջրաերկրաբանական (հիդրոերկրաբանական) միավորներով, որոնք պարունակում են իրենց որակական հատկանիշներով տրված նպատակային նշանակությամբ օգտագործման համար պիտանի ստորերկրյա ջրեր: Ընդ որում.

1) ստորերկրյա ջրերի պաշարների հաշվարկ հասկացությունը անհրաժեշտ է ընկալել որպես ջրառման (ջրհան) կառույցների (նախագծվող կամ գործող, այդ թվում վերակառուցման ենթակա)` տրված ռեժիմի և շահագործման պայմանների դեպքում, երկրաբանատեխնիկապես հիմնավորված, հնարավոր հաշվարկային արտադրողականության, ինչպես նաև շրջակա միջավայրի պահանջների ու սահմանափակումների հաշվառմամբ, ջրհան կառույցների շահագործման հաշվարկային ժամկետի ընթացքում, համապատասխան նպատակային նշանակությամբ օգտագործման համար ներկայացող պահանջներին բավարարող ջրի որակի որոշումը:

2) հանքավայրի (տեղամասերի) սահմաններում կամ ընդերքի մասերում (այսուհետ` Հանքավայր) երկու կամ ավելի ջրատար հորիզոնների (համալիրների) և այլ ջրատար միավորների առկայության դեպքում` ստորերկրյա ջրերի պաշարների հաշվարկը պետք է իրականացվի յուրաքանչյուր ջրատար միավորի համար` առանձին և գումարային` բոլոր այդ ջրատար միավորների համար:

3) պաշարների հաշվարկման ժամանակ ջրառման (ջրհան) կառույցների շահագործման ժամկետը, որպես կանոն, սահմանվում է մինչև 25 տարի:

4) պաշարների հաշվարկը, տարվա կամ օրվա ընթացքում անհավասարաչափ ջրառի պայմաններում, կատարվում է ջրառի (ջրի ծախսի) մեծությունը հավասարաչափ ջրառի բերելով. հաշվարկվում է միջին տարեկան ջրառի քանակը:

4. Ստորերկրյա ջրերի պաշարների հաշվարկ, ըստ հետախուզվածության կարգերի բաժանում և ըստ նպատակային օգտագործման հնարավորության պայմանների խմբերի առանձնացում, կատարվում է հետևյալ դեպքերում.

1) ընդերքօգտագործման նպատակով տրամադրված ընդերքի մասերում երկրաբանական ուսումնասիրման կամ ուսումնասիրման և արդյունահանման արդյունքներով պաշարների գնահատման (հաշվարկման):

2) ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված հանքավայրերում (տեղամասերում) ստորերկրյա ջրերի պաշարների վերագնահատման (վերահաշվարկման):

5. Ստորերկրյա ջրերի պաշարների վերագնահատման դեպքում, կարող է իրականացվել ստորերկրյա ջրերի հաշվեկշռային և արտահաշվեկշռային պաշարների դուրսգրում:

6. Ստորերկրյա ջրերի պաշարների հաշվարկ, դրանք ըստ հետախուզվածության կարգերի բաժանում և ըստ իրենց նպատակային օգտագործման հնարավորության պայմանների այդ ջրերի պաշարների խմբերի առանձնացում իրականացվում է հետևյալ սահմաններում.

1) ընդերքի մասերում` պետական միջոցների հաշվին երկրաբանական ուսումնասիրման համար տրամադրված.

2) ընդերքի մասերում` ընդերքօգտագործողներին սեփական միջոցներով (այդ թվում` ներգրավված) արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվությամբ տրամադրված.

3) ընդերքի մասերում` ընդերքօգտագործողներին սեփական (այդ թվում` ներգրավված) միջոցներով արդյունահանման թույլտվությամբ տրամադրված.

4) ընդերքի մասերում` օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված, որտեղ իրականացվող աշխատանքները ուղեկցվում են ցամաքուրդային (դրենաժային) ջրի արդյունահանմամբ, որն էլ կարող է օգտագործվել որպես խմելու կամ տեխնիկական ջուր:

7. Ստորերկրյա ջրերի պաշարները հաշվարկելիս և վերագնահատելիս պետք է կիրառվեն երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման առավել արդյունավետ մեթոդներ, պաշարների և դրանց ձևավորման աղբյուրների (հիդրոդինամիկական, հիդրավլիկ, համակցված, մաթեմատիկական մոդելավորման, հաշվեկշռային և այլ) գնահատման տարբեր մեթոդներ: Հաշվետու նյութերում պետք է գնահատվեն ջրաերկրաբանական պարամետրերի և պաշարների հաշվարկման վերջնական արդյունքների արժանահավատությունը:

8. Դասակարգման համաձայն` Ստորերկրյա ջրերի կանխատեսումային ռեսուրսների հաշվարկման օբյեկտ են հանդիսանում ջրատար հորիզոնները (համալիրները) և այլ ջրատար ջրաերկրաբանական միավորները: Ընդ որում.

1) ջրատար ջրաերկրաբանական միավորների համար կանխատեսումային ռեսուրսների հաշվարկն իրականացվում է տարբեր կարգերի ջրաերկրաբանական կառույցների սահմաններում կամ դրանց մասերում (արտեզյան ավազաններ, ջրաերկրաբանական ծալքավոր տարածքներ, ջրաերկրաբանական զանգվածներ և այլն), գետային ավազաններում (հովիտներում) և այլն.

2) կանխատեսումային ռեսուրսները կարող են հաշվարկվել նաև Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների տարածքներում, ինչպես նաև այնպիսի մակերեսներում (ընդերքի մասերում), որոնք հեռանկարային են Ստորերկրյա ջրերի հանքավայրերի հայտնաբերման համար.

3) կանխատեսումային ռեսուրսների հաշվարկ կարող է իրականացվել հետախուզված կամ գնահատված ստորերկրյա ջրերի հանքավայրերի թևերում, ինչպես նաև ստորերկրյա ջրերի հանքավայրերի առանձին ոչ բավարար ուսումնասիրված ջրաերկրաբանական միավորների սահմաններում.

4) համապատասխան ջրաերկրաբանական կառույցների սահմաններում կամ տարածքներում հետախուզված կամ գնահատված հանքավայրերի կանխատեսումային ռեսուրսների և ստորերկրյա ջրերի պաշարների հանրագումարը հանդիսանում է ստորերկրյա ջրերի ռեսուրսային ներուժը:

9. Ստորերկրյա ջրերի հանքավայրերը կապված են ժամանակակից և թաղված գետահովիտների սահմաններում, արտեզյան ավազաններում, նախալեռնային շլեյֆների և միջլեռնային իջվածքների արտաբերման կոներում, սահմանափակ կառուցվածքներում կամ ճեղքային-կարստային ապարների զանգվածներում ու տեկտոնական խախտումների գոտիներում, անապատների ու կիսաանապատների ավազային զանգվածներում, վերմորենային (վերսառցաբերուկային) և միջմորենային (միջսառցաբերուկային) ջրային-սառցադաշտային հանքավայրերում, հավերժական սառցային ապարների զարգացման շրջանի հալուտային (հավիտենական սառածության) գոտիներում տարածված ջրատար հորիզոնների հետ:

10. Ստորերկրյա ջրերի հանքավայրերի տարբեր տիպերի ջրաերկրաբանական պայմանների բարդությունը որոշվում է ջրատար հորիզոնների տեղադրման բնույթով ու կառուցվածքով, ջրատար ապարների հզորության և ֆիլտրացիոն հատկությունների փոփոխականությամբ, ջրերի շահագործական պաշարների ձևավորման աղբյուրների առանձնահատկություններով և ջրաքիմիական իրավիճակով:

11. Ստորերկրյա ջրերի հանքավայրերի շահագործական պաշարներ կարող են ապահովվել.

1) շահագործվող և դրա հետ հիդրավլիկորեն կապված հարակից ջրատար հորիզոնների ստորերկրյա ջրերի բնական պաշարներով և բնական ռեսուրսներով.

2) շահագործման գործընթացում մակերևութային ջրերի ներգրավմամբ.

3) հիդրոտեխնիկական շինարարության, հողերի ոռոգման, արոտավայրերի ջրարբիացման (ջրման), անգամ ջրառների արհեստական սնուցման արդյունքում առաջացած արհեստական պաշարներով և ռեսուրսներով.

12. Ծակոտիներում, ճեղքերում, կարստերում և լեռնային ապարների այլ դատարկություններում կուտակված, ինչպես նաև շերտային ճնշման իջեցման ժամանակ ճնշումային ջրատար հորիզոնից ազատված ջրի առաձգական պաշարները հանդիսանում են բնական պաշարներ:

13. Ստորերկրյա ջրերի շահագործմամբ չխախտված ջրաերկրաբանական պայմաններով ջրատար հորիզոնի սնման ծավալները հանդիսանում են բնական ռեսուրսներ: Բնական ռեսուրսները հավասար են ջրատար հորիզոնի հաշվեկշռի բոլոր մուտքային տարրերի գումարին. մթնոլորտային տեղումների ինֆիլտրացում (ծծանցում), մակերևութային ջրավազանների (ջրամբարների) և ջրհոսքերի ջրերի ներգրավում, հարակից ջրատար հորիզոններից հոսունահաղորդում, ջրատար հորիզոնով ստորերկրյա ջրերի ներհոսք և այլն: Դրանք կարող են որոշվել նաև ջրատար հորիզոնների հաշվեկշռի բոլոր ծախսային տարրերի` գոլորշացում, աղբյուրային հոսք, ստորգետնյա հոսք դեպի գետեր, հանքավայրի սահմաններից դուրս ստորերկրյա ջրատար հորիզոնով ջրերի արտահոսք և այլն, գումարով: Բնական ռեսուրսների քանակը կարող է տարվա եղանակներին և բազմամյա ժամանակահատվածում փոփոխվել կախված ջրատար հորիզոնի սնման ինտենսիվությունից:

1) Ստորերկրյա ջրերի շահագործմամբ խախտված ջրաերկրաբանական պայմաններով ջրատար հորիզոնի սնումը կարող է մեծանալ մթնոլորտային տեղումների ինֆիլտրացիայի պայմանների բարելավմամբ, մակերևույթից գրունտային ջրերի գոլորշացման և տրանսպիրացիայի նվազեցմամբ և այլ գործոնների հաշվին:

 

2. ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆ ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ

 

14. Ըստ իրենց նպատակային օգտագործման հնարավորության պայմանների` Ստորերկրյա ջրերի պաշարների խմբավորումը (հաշվեկշռային և արտահաշվեկշռային)` իրականացվում է, ընդերքի երկրաբանական ուսումնասիրության արդյունքներով, ինչպես նաև ընդերքի մասերում գործող ջրառման կառույցների շահագործման փորձով որոշված` ստորերկրյա ջրերի կազմի այդ ջրերին ներկայացվող պայմաններին համապատասխանությունից ելնելով: Ընդ որում.

1) խմելու ստորերկրյա ջրերի հանքավայրերի (տեղամասեր) ջրի որակին ներկայացվող պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 876 հրամանով (կամ ՍանՊիՆ 2.1.4.1074-01) («Խմելու ջուր: Կենտրոնացված ջրամատակարարման համակարգերի ջրի որակի հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն») փաստաթղթով:

2) խմելու ստորերկրյա ջրերի հանքավայրերի (տեղամասեր) ջրի որակին ներկայացվող պահանջները սահմանվում են ՍանՊիՆ 2.1.4.1175-02 («Ոչ կենտրոնացված ջրամատակարարման ջրի որակի հիգիենիկ պահանջներ: Աղբյուրների սանիտարական պաշտպանություն») փաստաթղթով:

3) բնակչության կենտրոնացված և ոչ կենտրոնացված ջրամատակարարման համար օգտագործվող ստորերկրյա ջրերում քիմիական նյութերի (տարրերի) թույլատրելի կոնցենտրացիաների (քանակների) վերաբերյալ պահանջները սահմանվում են ԳՆ 2.1.5.1315-03 («Տնտեսական-խմելու, կուլտուր-կենցաղային ջրօգտագործման ջրային օբյեկտներում քիմիական նյութերի սահամանային թույլատրելի կոնցենտրացիաները (այսուհետ` ՍԹԿ)») փաստաթղթով:

4) խմելու ստորերկրյա ջրերի պաշարների հաշվարկման (գնահատման) կամ վերահաշվարկման (վերագնահատման) ժամանակ անհրաժեշտ է գնահատել ջրառման նախագծային կառույցների սանիտարական պաշտպանության գոտիներ ստեղծելու հնարավորությունը: Սանիտարական պաշտպանության գոտիների հնարավոր չափերը գնահատվում են համաձայն ՍանՊիՆ 2.1.4.1110-02 («Ջրամատակարարման աղբյուրների ու տնտեսական-խմելու ջրերի ջրամատակարարման խողովակաշարերի սանիտարական պաշտպանության գոտիները») փաստաթղթի պահանջների:

5) Պաշարների հաշվարկման նյութերում ստորերկրյա ջրերի կազմի գործող սանիտարահամաճարակային պահանջներին համապատասխանության աստիճանի և սանիտարահիգիենիկ պաշտպանության գոտիներ ստեղծելու հնարավորության գնահատումն իրականացվում է լիազոր մարմինների կողմից: Ընդ որում, հաշվետվության նյութերի վերաբերյալ լիազոր մարմնի կողմից կազմվում են եզրակացություններ` ըստ ընդերքի տեղամասերի և հանքավայրերի (հանքավայրերի մասերի):

6) Գործող ջրառման կառույցների տեղակայման վայրերի ընդերքի մասերի պաշարները հաշվարկելիս կիրառվում են այդ ջրառման կառույցների համար լիազոր մարմնի կողմից տրված սանիտարահամաճարակային եզրակացությունները:

7) Արդյունաբերական օբյեկտների տեխնոլոգիական ջրամատակարարման համար նախատեսված տեխնիկական ստորերկրյա ջրերի որակի նկատմամբ պահանջները սահմանվում են տեխնիկական պայմաններով` մշակված այդ նպատակով օգտագործման համար նախատեսված ընդերքի մասերի համար, կամ գերատեսչական (ոլորտային) նորմատիվատեխնիկական փաստաթղթերով:

8) Դասակարգման համաձայն, տեխնիկական ստորերկրյա ջրերի արտահաշվեկշռային պաշարներ չեն առանձնացվում: Պետական հաշվեկշռում ներառվում են տեխնիկական ստորերկրյա ջրերի միայն այն պաշարները, որոնք կոնկրետ ընդերքօգտագործողների կողմից օգտագործվում են կամ նախատեսված են օգտագործման համար:

15. Ստորերկրյա ջրերի հանքավայրերի (տեղամասերի) պաշարների վերագնահատման արդյունքների հիման վրա պաշարները հաշվեկշռայիններին կամ արտահաշվեկշռայիններին վերագրելիս, բացի լիազոր մարմինների կողմից տրված եզրակացությունները, անհրաժեշտ է հաշվի առնել նաև հանքավայրերը (տեղամասերը) իրենց մեջ ներառող հողերի կարգավիճակը: Եթե հանքավայրերը (տեղամասերը) գտնվում են մասնավոր սեփականություն կամ երկարաժամկետ վարձակալության օբյեկտ հանդիսացող հողամասերում, ապա ստորերկրյա ջրերի պաշարները պետք է վերագրվեն արտահաշվեկշռայիններին` անկախ այլ պայմաններից:

16. Ընդերքի մասերում կամ հանքավայրերում (տեղամասերում) հանքային ստորերկրյա ջրերի որակի ուսումնասիրությունը ջրերի որակի լրացուցիչ ուսումնասիրությունն իրականացվում է ԳՕՍՏ 13273-88-ի` «Հանքային խմելու, բուժիչ և բուժիչ-սեղանի ջրեր: Տեխնիկական պայմաններ», պահանջներին համապատասխան:

1) Ստորերկրյա ջրերի վերագրումը հանքային ջրերին իրականացվում է հատուկ բժշկական եզրակացությունների հիման վրա (այսուհետ` հանքաջրաբուժական (ջերմուկաբուժական, բալնեոլոգիական) հաշվետվություններ կամ հաշվետվություններ և կոնդիցիաների մասին տեղեկանքներ:

2) Հանքաջրաբուժական եզրակացություններով սահմանվում են գնահատվող ստորերկրյա ջրերում բուժիչ հատկությունների առկայությունը: Հանքային բուժիչ ջրերի կոնդիցիաներով սահմանվում են համապատասխան բաղադրիչների պարունակության փոփոխության սահմանները, որոնց միջակայքերում պահպանվում են ջրի բուժիչ հատկությունները:

3) Պաշարների հաշվարկման նյութերում լեռնասանիտարական պահպանության շրջանի գոտիների չափերի ընտրության և դրանց կազմակերպման հնարավորությունների մասին առաջարկությունները մշակելիս առաջնորդվում են բժշկական-առողջարանային և հանգստի գոտիների լեռնասանիտարական պահպանության պահանջները սահմանող փաստաթղթերով:

4) Պաշարների հաշվարկման նյութերում հանքավայրերի (տեղամասերի) լեռնասանիտարական պահպանության շրջանների հիմնավորումները կրում են խորհրդատվական բնույթ: Լեռնասանիտարական պահպանության շրջանների վերջնական եզրագծերը սահմանվում են այդպիսի շրջանների նախագծերում` ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:

5) Հանքային ջրերի պաշարների վերագրումը հաշվեկշռայիններին կամ արտահաշվեկշռայիններին կատարվում է պետական ընդերքաբանական փորձաքննության եզրակացությամբ` հանքաջրաբուժական եզրակացությունների (կոնդիցիաների մասին տեղեկանքի), իսկ լեռնասանիտարական պահպանության շրջաններում` նաև համապատասխան լիազոր մարմինների եզրակացությունների հաշվառմամբ, և հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

17. Դասակարգման համաձայն, հանքավայրերի (տեղամասեր) ստորերկրյա ջրերի արտահաշվեկշռային պաշարները հաշվարկվում և հանրապետական հաշվեկշռում հաշվառվում են, եթե առկա են ջրի մաքրման մեթոդների զարգացման այնպիսի հեռանկարներ, որոնք կարող են ստորերկրյա ջրերի որակը բերել կարգավորող նորմատիվային փաստաթղթերով սահմանված պահանջներին: Ընդ որում.

1) այս դեպքում պաշարների հաշվարկման նյութերում անհրաժեշտ է հստակ նկարագրել այդ հեռանկարները, տալ դրանց մոտավոր բնութագիրը, բերել որակի կարգավորման տեխնոլոգիայի նկարագրությունը և պարամետրերը` իրենց ծախսային ցուցանիշներով:

2) Համանման մոտեցումները կիրառվում են նաև խմելու կամ հանքային ստորերկրյա ջրերի գնահատված կամ հետախուզված հանքավայրերի սահմաններում ջրառման նախագծային կառույցների սանիտարական (լեռնասանիտարական) պահպանություն շրջաններ և գոտիներ ստեղծելու հնարավորությունը գնահատելու համար:

18. Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ստորերկրյա ջրերի հաստատված պաշարներով հանքավայրերը` իրենց տեղամասերով, թվով 85-ն են.

1) Հայաստանի Հանրապետության Ստորերկրյա ջրերի հաստատված պաշարներով հանքավայրերի` ներառյալ դրանց տեղամասերի, վերաբերյալ ամփոփ տեղեկությունները բերված են աղյուսակ 1-ում:

 

Աղյուսակ 1

 

Հայաստանի Հանրապետության խմելու, տեխնիկական և հանքային ջրերի

հաստատված պաշարներով հանքավայրերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն

 

._________________________________________________________________________.

|        Օգտագործման                   |Ստորերկրյա ջրի      |Հաստատված    |

|                                      |հանքավայրը, հատ     |պաշարների    |

|______________________________________|____________________|որակին       |

|տեսակը          |նպատակային           |ածխա-   |քաղց-|Ընդա-|ներկայացվող  |

|                |նշանակությունը       |թթվային |րա-  |մենը |պահանջները   |

|                |                     |հանքային|համ  |     |             |

|                |                     |ստոր-   |     |     |             |

|                |                     |երկրյա  |     |     |             |

|                |                     |ջրեր    |     |     |             |

|________________|_____________________|________|_____|_____|_____________|

|Խմելու          |խմելու-տնտեսական     |-       |38   |38   |ԳՕՍՏ 2874-82 |

|                |ջրամատակարարում      |        |     |     |             |

|                |_____________________|________|_____|_____|_____________|

|                |խմելու               |-       |4    |4    |ԳՕՍՏ 2874-82 |

|________________|_____________________|________|_____|_____|_____________|

|Խմելու -        |խմելու-տնտեսական     |-       |7    |7    |ԳՕՍՏ 2874-73 |

|տեխնիկական      |ջրամատակարարում,     |        |     |     |             |

|                |ոռոգում              |        |     |     |             |

|                |_____________________|________|_____|_____|_____________|

|                |խմելու, տեխնիկական   |-       |1    |1    |-            |

|                |_____________________|________|_____|_____|_____________|

|                |խմելու-տնտեսական և   |-       |1    |1    |ԳՕՍՏ 2874-82 |

|                |ջերմաէներգետիկ       |        |     |     |             |

|                |ջրամատակարարում      |        |     |     |             |

|                |_____________________|________|_____|_____|_____________|

|                |խմելու-տնտեսական,    |-       |1    |1    |-            |

|                |տեխնիկական           |        |     |     |             |

|                |ջրամատակարարում և    |        |     |     |             |

|                |ոռոգում              |        |     |     |             |

|________________|_____________________|________|_____|_____|_____________|

|Տեխնիկական      |տեխնիկական           |-       |3    |3    |-            |

|                |ջրամատակարարում      |        |     |     |             |

|________________|_____________________|________|_____|_____|_____________|

|Հանքային        |արդյունաբերական      |4       |-    |4    |ԳՕՍՏ 13273-73|

|                |(շշալցման), բուժական |        |     |     |             |

|                |_____________________|________|_____|_____|_____________|

|                |արդյունաբերական      |6       |-    |6    |ՀՍՏ 191-2000 |

|                |(շշալցման)           |        |     |     |             |

|                |_____________________|________|_____|_____|_____________|

|                |արդյունաբերական      |2       |-    |2    |ՀՍՏ 191-2000 |

|                |(շշալցման), ածխաթթու |        |     |     |             |

|                |գազի կորզում         |        |     |     |             |

|                |_____________________|________|_____|_____|_____________|

|                |բուժական             |2       |-    |2    |-            |

|                |_____________________|________|_____|_____|_____________|

|                |արդյունաբերական      |16      |-    |16   |ԳՕՍՏ 13273-73|

|                |(շշալցման), բուժական,|        |     |     |             |

|                |ածխաթթու գազի կորզում|        |     |     |             |

|______________________________________|________|_____|_____|_____________|

|               Ընդամենը               |30      |55   |85   |-            |

._________________________________________________________________________.

 

2) Հայաստանի Հանրապետության հաստատված պաշարներով ստորերկրյա ջրերի հանքավայրերը բնութագրվում են տարբեր խոշորությամբ: Ստորերկրյա ջրերի առավել խոշոր հանքավայրեր են հանդիսանում Արարատյան արտեզյան ավազանը` ներառյալ Գայ-Հայկաշենի հանքավայրը (հաշվեկշռային պաշարները` 73663 լ/վ), Մասրիկի գոգավորության հանքավայրը (հաշվեկշռային պաշարները` 3929 լ/վ), Վերին Ախուրյանի հանքավայրը (հաշվեկշռային պաշարները` 3330.4 լ/վ), Սարուխանի հանքավայրը (հաշվեկշռային պաշարները` 2056 լ/վ), Արտենիի հանքավայրը (հաշվեկշռային պաշարները` 1834 լ/վ), իսկ հանքային` Ջերմուկի հանքավայրը (18.6 լ/վ), Հանքավանի հանքավայրը (հաշվեկշռային պաշարները` 45.8 լ/վ), Լիճքի հանքավայրը (հաշվեկշռային պաշարները` 39.4 լ/վ), Սևանի հանքավայրը (հաշվեկշռային պաշարները` 32.5 լ/վ) և Բջնիի հանքավայրը (10.4 լ/վ):

 

3. ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆ ԸՍՏ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ՋՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ

 

19. Հետախուզման գործընթացում Ստորերկրյա ջրերի հանքավայրերի ուսումնասիրման մանրամասնության անհրաժեշտ և բավարար աստիճանը որոշվում է` կախված դրանց երկրաբանական կառուցվածքի բարդությունից և ջրաերկրաբանական պայմաններից:

20. Ստորերկրյա ջրերի ընդերքի մասերը և հանքավայրերը (տեղամասերը) ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության և ջրաերկրաբանական պայմանների բաժանվում են խմբերի: Ընդ որում.

1) ընդերքի մասերի և հանքավայրերի (դրանց մասերի) երկրաբանական կառուցվածքի բարդության աստիճանը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև դրանց լեռնաերկրաբանական, բնապահպանական, ֆիզիկաաշխարհագրական, ջրատնտեսական և այլ պայմանները ու գործոնները:

2) նախորդ ենթակետում թվարկված պայմանների և գործոնների բարդության աստիճանը կանխորոշում է երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման մեթոդաբանությունը, պաշարների հաշվարկման և դրանց ձևավորման աղբյուրների գնահատման արժանահավատությունը:

21. Դասակարգման համաձայն` հանքավայրերը (տեղամասերը) և ընդերքի մասերը, ըստ ջրաերկրաբանական, ջրատնտեսական, երկրաէկոլոգիական, լեռնաերկրաբանական, ջրաքիմիական, երկրաջերմային պայմանների բարդության և հաշվարկային ջրաերկրաբանական պարամետրերի (ջրատար հորիզոնի արդյունավետ հզորություն, ջուր պարունակող ապարների ֆիլտրացիոն հատկություններ` ֆիլտրացիայի, ջրահաղորդականության, ճնշումահաղորդականության և մակարդակահաղորդականության գործակիցներ, ջրերի որակի ցուցանիշներ և մակարդակների դիրքեր, ստորերկրյա սնման և ստորերկրյա հոսքի գործակիցներ, ջրածախս և այլն) փոփոխականության աստիճանի, ստորաբաժանվում են 3 խմբի, որի համար կիրառվում են հետևյալ հիմնական չափանիշները.

1) շահագործական ջրատար հորիզոնների, ինչպես նաև այդ հորիզոնները ծածկող և հիմնատակող ջրատար և թույլ ջրաթափանց շերտերի տեղադրման և կառուցվածքի բնույթը.

2) ջրապարունակ ապարների ֆիլտրացիոն հատկությունների և հզորության փոփոխականությունը.

3) ջրաերկրաքիմիական իրադրության բարդությունը.

4) բնապահպանական, ջրատնտեսական իրադրության և լեռնաերկրաբանական պայմանների բարդությունը.

5) երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքներով ստորերկրյա ջրերի պաշարների ձևավորման հիմնական աղբյուրների, ջրերի որակի, ինչպես նաև ջրառման կառույցների շահագործման ընթացքում դրանց փոփոխությունների կանխատեսման արժանահավատությունը.

6) շրջակա միջավայրի և ընդերքի վրա ստորերկրյա ջրերի ջրառի ազդեցության կանխատեսման հուսալիությունը:

22. 1-ին խմբին են վերագրվում պարզ երկրաբանական կառուցվածքով, ջրաերկրաբանական, ջրատնտեսական, ջրաէկոլոգիական, լեռնաերկրաբանական, ջրաքիմիական, երկրաջերմային և այլ պայմաններով բնութագրվող հանքավայրերը (տեղամասերը) կամ ընդերքի մասերը, որոնց բնորոշ են ջրատար հորիզոնների հանդարտ (մերձհորիզոնական) և չխախտված տեղադրությունը, և դրանց ու մեկուսիչ թույլ թափանցելիությամբ շերտերի կայուն հզորությունն ու կառուցվածքը, ջուր պարունակող ապարների համասեռ ֆիլտրացիոն հատկությունները, հատակագծում և կտրվածքներում ջրաերկրաքիմիական (գազաջրաքիմիական) և ջերմաստիճանային օրինաչափությունների հաստատունությունը:

1) 1-ին խմբին վերագրվող հանքավայրերը (տեղամասերը) կամ ընդերքի մասերը սովորաբար հարում են պլատֆորմային կառուցվածքի (ստրուկտուրայի) արտեզյան ավազաններին, հազվադեպ` նախալեռնային գոգավորությունների և միջլեռնային իջվածքների նախալեռնային և միջլեռնային արտեզյան ավազաններին, ինչպես նաև գետահովտային ջրատար հորիզոններին (համալիրներին), նախալեռնային արտաբերման կոներին և այլն:

2) Այս խմբի հանքավայրերի (տեղամասերի) կամ ընդերքի մասերի ջրերի շահագործական պաշարների ձևավորման հիմնական սնող աղբյուրները և շահագործման ժամանակ դրանց փոփոխությունները կարող են հետախուզման գործընթացում քանակապես հավաստիորեն ուսումնասիրվել: Հետախուզման ժամանակ կարող է կատարվել շրջակա միջավայրի վրա նախագծվող ջրառման կառույցի քանակական ու որակական հնարավոր ազդեցության հիմնավորված կանխատեսում:

3) Այս խմբի հանքավայրերում հետախուզական աշխատանքները կարող են կատարվել ստորերկրյա ջրերի երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման ստանդարտ մեթոդների և տեխնոլոգիաների օգտագործմամբ: Ջրերի պաշարների յուրացումը չի պահանջում հատուկ տեխնոլոգիաների (ջրի պաշարների արհեստական համալրում, երկրաշրջապտուտային համակարգեր, բարդ կոնստրուկցիայի խորը հորատանցքեր, ճառագայթային ջրհան կառույցներ և այլն) կիրառում:

4) Հայաստանի Հանրապետությունում այս խմբին վերագրվող հանքային ջրերի հանքավայրեր հայտնի չեն:

5) Այս խմբի հանքավայրերում, հետախուզական աշխատանքների արդյունքներով, կարող են առանձնացվել և հաշվարկվել B, C1 և C2 կարգի պաշարներ, իսկ գործող ջրառման կառույցներով ընդերքի մասերի, հանքավայրերի (տեղամասերի) սահմաններում` դրանց պաշարները գնահատելիս և վերագնահատելիս նաև A կարգի պաշարներ:

6) Այս խմբի հանքավայրերի առավել փոփոխուն հաշվարկային պարամետրի փոփոխականության (վարիացիայի) գործակիցը մինչև 60 տոկոս է:

23. 2-րդ խմբին են վերագրվում բարդ երկրաբանական կառուցվածքով, ջրաերկրաբանական, ֆիզիկաաշխարհագրական, ջրատնտեսական, ջրաէկոլոգիական, լեռնաերկրաբանական, ջրաքիմիական, երկրաջերմային և այլ պայմաններով բնութագրվող հանքավայրերը (տեղամասերը) կամ ընդերքի մասերը, որոնց բնորոշ են ջրատար հորիզոնների ոչ հանդարտ և խախտված տեղադրությունը, անկայուն (փոփոխական) հզորությունը և շահագործական ջրատար հորիզոնների (ինչպես նաև մեկուսիչ ջրամերժ շերտերի) բարդացված ներքին կառուցվածքը, հատակագծում և կտրվածքներում ջուր պարունակող ապարների ոչ միատարր ֆիլտրացիոն հատկությունները, ջրաերկրաքիմիական և ջերմաստիճանային օրինաչափությունների անկայունությունը և ջրառման կառույցների շահագործման ընթացքում ջրի քանակի ու որակի փոփոխությունների կանխատեսման ոչ միանշանակությունը ու կարող են որոշվել միայն մոտավոր` հաշվարկային եղանակով:

1) 2-րդ խմբին վերագրվող հանքավայրերը (տեղամասերը) կամ ընդերքի մասերը առավել հաճախ հարում են նախալեռնային և միջլեռնային արտեզյան ավազաններին, սակայն կարող են հանդիպել նաև ճեղքավորված և ճեղքակարստավորված ապարներին հարող պլատֆորմային կառուցվածքի (ստրուկտուրաների), գետահովտային արտեզյան ավազաններում, իսկ առանձին դեպքերում` ջրաերկրաբանական զանգվածների սահմաններում և ջրաերկրաբանական ծալքային շրջաններում և այլն:

2) Այս խմբի հանքավայրերի (տեղամասերի) կամ ընդերքի մասերի ջրերի շահագործական պաշարների ձևավորման հիմնական սնող աղբյուրները և շահագործման ժամանակ դրանց փոփոխությունները հետախուզման գործընթացում քանակապես կարող են որոշվել մոտավոր` մասամբ և տարբեր աստիճանի հավաստիությամբ: Հետախուզման ժամանակ հնարավոր է գնահատել բնական միջավայրի միայն առանձին բաղադրիչների փոփոխությունները:

3) Այս խմբի հանքավայրերի հետախուզական աշխատանքները հիմնականում կատարվում են ստորերկրյա ջրերի երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման ստանդարտ մեթոդների և տեխնոլոգիաների օգտագործմամբ: Շահագործական պաշարների հետախուզման և յուրացման ժամանակ հատուկ տեխնոլոգիաների կիրառումը սահմանափակ է, որոշ դեպքերում անհրաժեշտ է օգտագործել ավելի բարդ տեխնոլոգիաներ` ներառյալ վերգետնյա երկրաֆիզիկական համալիր հետազոտությունների, առաջանցիկ փորձարարական հորատանցքերի հորատման` հորատահանուկի առբերմամբ, շարունակական խմբային արտամղումների իրականացմամբ և այլն:

4) Այս խմբին են վերագրվում Հայաստանի Հանրապետության հանքային ջրերի Ֆրոլովա-Բալկայի, Սոլակի, Քարաշամբի հանքավայրերը:

5) Այս խմբի հանքավայրերում, նախնական հետախուզական աշխատանքների արդյունքներով, կարող են առանձնացվել և հաշվարկվել C1 և C2 կարգի պաշարներ, մանրազնին հետախուզման արդյունքներով` B կարգի պաշարեր, իսկ գործող ջրառման կառույցներով ընդերքի մասերի, հանքավայրերի (տեղամասերի) սահմաններում` դրանց պաշարները գնահատելիս և վերագնահատելիս նաև A կարգի պաշարներ: Նախկինում հետախուզված հանքավայրերի (դրանց մասերի) սահմաններում դրանց պաշարների վերագնահատման ժամանակ կարող են առանձնացվել B, C1 և C2 կարգի պաշարներ:

6) Այս խմբի հանքավայրերի առավել փոփոխուն հաշվարկային պարամետրի փոփոխականության (վարիացիայի) գործակիցը 60-150 տոկոս է:

24. 3-րդ խմբին են վերագրվում երկրաբանական կառուցվածքով ջրաերկրաբանական, ֆիզիկաաշխարհագրական, երկրաէկոլոգիական, ջրատնտեսական, լեռնաերկրաբանական, ջրաքիմիական և երկրաջերմային պայմաններով` խմելու, տեխնիկական ու հանքային ջրերի շատ բարդ և հանքային ջրերի բացառապես բարդ, հանքավայրերը (տեղամասերը) և ընդերքի մասերը:

1) Այս խմբին վերագրվող հանքավայրերը ստորաբաժանվում են երկու ենթախմբի` 3ա և 3բ:

ա. 3ա ենթախմբին են վերագրվում ստորերկրյա հանքավայրերը (տեղամասերը) և ընդերքի մասերը, որոնց բնորոշ են նաև ջրատար հորիզոնների (համալիրների) զգալի խախտված տեղադրությունը, կտրուկ փոփոխական հզորությունն, բարդ ներքին կառուցվածքը, ճեղքավորված և կարստավորված ապարներում ջրատար հորիզոնների սահմանափակ տարածումը: Բնութագրական են նաև ջուր պարունակող ապարների սահմանափակ չափերը, ֆիլտրացիոն հատկությունների խիստ փոփոխականությունը և բարդ ջրաերկրաքիմիական, ջերմաստիճանային ու երկրաջերմային պայմանները, և որպես հետևանք ջրառման կառույցների շահագործման ընթացքում ջրի քանակի ու որակի փոփոխությունների կանխատեսումների անորոշությունը և կարող են որոշվել միայն ընդհանուր ջրաերկրաբանական և ջրատնտեսական վիճակի վերլուծության հիման վրա կամ շահագործվող այլ հանքավայրերի համանմանությամբ:

բ. 3բ ենթախմբին են վերագրվում հանքային ջրերի այն հանքավայրերը (տեղամասերը) և ընդերքի մասերը, որոնց 3ա ենթախմբին բնորոշ առանձնահատկությունների հետ մեկտեղ հատուկ են նաև ջրատար գոտիների, հատակագծում և կտրվածքներում տարբեր ծագումնաբանություն ունեցող ապարների ճեղքավորվածության խիստ փոփոխականությունը և դրանց բացահայտման բարդությունը երկրաֆիզիկական և այլ մեթոդներով:

2) Այս խմբի.

ա. 3ա ենթախմբի հանքավայրերը (տեղամասերը) և ընդերքի մասերը հարում են ջրաերկրաբանական զանգվածներին, ջրաերկրաբանական ծալքավոր շրջաններին, ինչպես նաև միջլեռնային արտեզյան ավազաններին և կապված են տարբեր ծագումնաբանություն ունեցող ապարների ճեղքավորված ջրատար հորիզոնների կամ տարբեր ջրաերկրաբանական կառուցվածքների սահմանափակ մակերեսով կարբոնատային ապարների և կարստավորված զանգվածների հետ:

բ. 3բ ենթախմբի հանքավայրերը (տեղամասերը) և ընդերքի մասերը սովորաբար հարում են տեկտոնական խախտումների գոտիներում ֆլյուիդների խորքային բեռնաթափման գոտիներին: Այս ենթախմբի հանքավայրերի տիպիկ օրինակ են հանդիսանում ջրաերկրաբանական ծալքավոր շրջաններին կամ արտեզյան ավազաններին սահմանակցող մասերի այսպես կոչված «ջրաներարկային (հիդրոինժեկցիոն) տիպի» հանքավայրերը:

3) Այս խմբի շահագործական պաշարները ձևավորող սնող աղբյուրների ջրածախսը.

ա. 3ա ենթախմբի հանքավայրերի դեպքում կարող է քանակապես գնահատվել մոտավոր, իսկ շրջակա միջավայրի փոփոխությունների հնարավոր հետևանքները կարող են կանխատեսվել ըստ ընդհանուր երկրաէկոլոգիական վիճակի վերլուծության և շահագործվող ուրիշ հանքավայրերի համանմանությամբ.

բ. 3բ ենթախմբի հանքավայրերի դեպքում կարող է քանակապես կամ կիսաքանակապես կանխատեսվել միայն երկարաժամկետ փորձարարական կամ փորձարարաշահագործական արտամղումների, ինչպես նաև փորձարարաարդյունաբերական շահագործման տվյալների հիման վրա:

4) Այս խմբի հանքավայրերի հետախուզական աշխատանքները հիմնականում կատարվում են ստորերկրյա ջրերի երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման հատուկ, բարդ մեթոդների և տեխնոլոգիաների օգտագործմամբ: Ընդ որում.

ա. 3ա ենթախմբի հանքավայրերի դեպքում դրանք ներառում են վերգետնյա երկրաֆիզիկական հետազոտությունների տարբեր մեթոդներ, ճեղքավորված ապարների ջրատար հորիզոնների (համալիրների) և ջրատար գոտիների միջակայքային նմուշառում, շարունակական խմբային փորձարարական և փորձարարաշահագործական արտամղումներ և այլն.

բ. 3բ ենթախմբի հանքավայրերի դեպքում հետազոտությունների ստանդարտ մեթոդների կիրառումը չի կարող ապահովել շահագործական պաշարները սնող աղբյուրների ձևավորման արժանահավատ գնահատականը:

5) Այս խմբին են վերագրվում Հայաստանի Հանրապետության հանքային ջրերի գրեթե բոլոր հանքավայրերը, բացառությամբ սույն հրահանգի նախորդ կետի 4-րդ ենթակետում նշվածները, մասնավորապես Ծաղկամարգի, Լիճքի ածխաթթվային հանքային ջրերի հանքավայրերը:

6) Այս խմբի.

ա. 3ա ենթախմբի հանքավայրերում, նախնական հետախուզական աշխատանքների արդյունքներով, առանձնացվում և հաշվարկվում են C2 կարգի պաշարներ, մանրազնին հետախուզման արդյունքներով` C1 կարգի պաշարներ, իսկ գործող ջրառման կառույցներով կամ նախկինում հետախուզված ու հաստատված պաշարներով հանքավայրերի (տեղամասերի) սահմաններում` դրանց պաշարները գնահատելիս և վերագնահատելիս նպատակահարմար է առանձնացնել նաև B կարգի պաշարներ.

բ. 3բ ենթախմբի հանքավայրերում, նախնական հետախուզական և մանրազնին հետախուզման աշխատանքների արդյունքներով, առանձնացվում և հաշվարկվում են C2 կարգի պաշարներ, իսկ փորձարարաարդյունաբերական շահագործման արդյունքներով` C1 կարգի պաշարներ:

7) Այս խմբի հանքավայրերի առավել փոփոխուն հաշվարկային պարամետրի փոփոխականության (վարիացիայի) գործակիցը 150 տոկոսից ավելի է:

 

4. ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

25. Ստորերկրյա ջրերի շահագործական պաշարները բացահայտելու և հանքավայրերն առավել արդյունավետ ուսումնասիրության համար անհրաժեշտ է աշխատանքներն իրականացնել հետախուզման մեթոդների և տեխնիկական միջոցների ռացիոնալ համալիրի հիմնավորմամբ և կիրառմամբ` պահպանելով երկրաբանահետախուզական աշխատանքների սահմանված հաջորդականությունը (փուլայնությունը): Հանքավայրի ուսումնասիրության աստիճանը պետք է ապահովի համալիր գնահատման ամբողջականությունը, դրա համալիր յուրացման գնահատման հնարավորությունը` շրջակա միջավայրի պահպանության պահանջների պարտադիր հաշվառմամբ: Հանքավայրի ուսումնասիրվածության աստիճանը կարող է համարվել բավարար, եթե հաշվարկված պաշարները բավարարում են Դասակարգման (V գլխի) 25-րդ կետի պահանջներին:

1) Առանձին դեպքերում` հետախուզվածության աստիճանից, ջրաերկրաբանական պայմանների բարդությունից, ջրի պահանջարկից և հանքավայրը արդյունաբերական յուրացմանը նախապատրաստելու համար սահմանված ժամկետներից կախված, որոշ փուլեր կարող են դուրս գալ երկրաբանահետախուզման գործընթացի ընդհանուր սխեմայից կամ զուգակցվել մյուսների հետ:

2) Հանքավայրի ուսումնասիրվածությունը պետք է ապահովի բավարար տեղեկատվության ստացում` ստորերկրյա ջրերի պաշարների, դրանց որակի, շահագործման պայմանների արժանահավատ գնահատման և շահագործման նախագծի մշակման համար անհրաժեշտ այլ տվյալների վերաբերյալ` շրջակա միջավայրի պահպանության պարտադիր կատարման ենթակա պահանջներին համապատասխան:

3) Եթե երկրաբանահետախուզական աշխատանքները կատարվել են ուսումնասիրության ծրագրով սահմանված ծավալներով, սակայն դրանք բավարար չեն ջրերի շահագործական պաշարների օբյեկտիվ գնահատման և արդյունաբերական յուրացմանը նախապատրաստվածության գնահատման համար, ապա կախված դրանց ծավալից կարող է կազմվել ՏՏԶ` հանքավայրում մանրազնին հետախուզում իրականացնելու նպատակահարմարության մասին:

4) Եթե երկրաբանական ուսումնասիրման ծրագրով սահմանված են եղել ջրերի շահագործական պաշարների օբյեկտիվ գնահատման համար անհրաժեշտ և բավարար աշխատանքներ, սակայն այդ ծավալների ամբողջությամբ չկատարումը հանգեցրել է պաշարների օբյեկտիվ գնահատման անհնարինության, ապա ընդերքաբանական փորձաքննության ժամանակ կարող է եզրակացվել, որ նպատակահարմար է հանքավայրում իրականացնել մանրազնին երկրաբանահետախուզական աշխատանքներ, սակայն այն չի կարող իրականացվել այն ընդերքօգտագործողի կողմից, որը խախտել է նախօրոք սահմանված ծրագիրը:

5) Այն հանքավայրերում, որտեղ ավելի քան 10 տարի առաջ հաստատվել են ստորերկրյա ջրերի շահագործական պաշարներ, սակայն դրանք չի շահագործվել, ապա նախքան շահագործման նպատակով տրամադրելը վերագնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվության տրամադրման ժամանակ երկրաբանական ուսումնասիրության ծրագրում անհրաժեշտ է նախատեսել պաշարների հաստատման իրավական ակտում առկա թերությունների կամ լրացուցիչ ուսումնասիրման ենթակա աշխատանքների կատարում:

26. Երկրաբանահետախուզական աշխատանքների ծախսերի ռացիոնալացման նպատակով, Ստորերկրյա ջրերի նոր հանքավայրերի հայտնաբերման դեպքում, նախքան մանրազնին հետախուզման փուլը, խորհուրդ է տրվում կատարել նախնական հետախուզում` դրանց արդյունաբերական նշանակությունը հիմնավորելու նպատակով: Նախնական հետախուզության արդյունքներով որոշվում է ստորերկրյա ջրերի հանքավայրերի շահագործական պաշարների ընդհանուր մեծությունը` ըստ C1 և C2 կարգերով, սահմանվում է դրանց հետագա ուսումնասիրման և օգտագործման տեխնիկատնտեսական նպատակահարմարությունը: Մանրազնին ջրաերկրաբանական հետախուզական աշխատանքների իրականացման համար կատարվում է անհրաժեշտ տեղամասի և դրան բնորոշ ջրաերկրաբանական պայմաններում ռացիոնալ ջրառման համակարգի ընտրություն:

27. Մանրազնին ջրաերկրաբանական հետախուզական աշխատանքներն իրականացվում են այն դեպքում, երբ նախնական հետախուզման տվյալներով եզրակացվել է, որ նպատակահարմար է հանքավայրում իրականացնել մանրազնին երկրաբանահետախուզական աշխատանքներ կամ որոշ դեպքերում դրանք հնարավոր է զուգակցել նախնական հետախուզման աշխատանքների հետ: Մանրազնին հետախուզման տվյալները պետք է ապահովեն.

1) Դասակարգմամբ պահանջվող հարաբերակցությամբ, A, B և C1 կարգերով և քանակով ջրերի շահագործական պաշարների հաշվարկի արժանահավատ իրականացումը:

2) ապագայում ջրառման համակարգի ընդլայնման հնարավորությունը պարզելու նպատակով` ստորերկրյա ջրերի ընդհանուր շահագործական պաշարների` ներառյալ C2 կարգի, հաշվարկման հնարավորությունը:

28. Մանրազնին հետախուզման արդյունքներով, հետախուզվող հանքավայրի համար անհրաժեշտ է ունենալ դրա չափերին, երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններին և տեղանքի ռելիեֆին համապատասխանող մասշտաբի տեղագրական հիմք (հանույթ)` կոորդինատների WGS-84 (ARMREF 02) համակարգով: Վերջինիս վրա գործիքային տեղակապման արդյունքներով անհրաժեշտ է արտացոլել բոլոր հետախուզական և շահագործական փորվածքները (հորատանցքերը, հետախուզահորերը, հորանային ջրհորերը և ստորասրահները (գալերեա)), երկրաֆիզիկական պրոֆիլները և ջրաերկրաբանական դիտարկման կետերը, ինչպես նաև ստորերկրյա ջրերի բնական ելքերը:

1) Փոքր մասշտաբի տեղագրական հանույթի վրա պետք է արտացոլվի նաև ստորերկրյա ջրերի ջրահավաք ավազանի սահմանները:

2) Խոշոր մասշտաբի տեղագրական հանույթի վրա պետք է արտացոլվի նաև ստորերկրյա ջրերի ջրառման կառույցների սանիտարական գոտիների սահմանները:

29. Հանքավայրի շրջանի և հանքային դաշտի վերաբերյալ անհրաժեշտ է ներկայացնել աշխարհագրական և WGS-84 (ARMREF 02) կոորդինատների ցանցով ջրաերկրաբանական (անհրաժեշտության դեպքում նաև երկրաբանական) քարտեզ` համապատասխան կտրվածքներով, ինչպես նաև շրջանի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունները և ջրատար հորիզոնների տարածման ջրաերկրաբանական պայմանները, դրանց բնական սահմանները, ստորերկրյա ջրերի որակի փոփոխության օրինաչափությունները, գործող ջրհան (ջրառման) կառույցների տեղադիրքը, ստորերկրյա ջրերի հետախուզված պաշարներով տեղամասերը, ջրաչափական նշագծերը, կենցաղային և արդյունաբերական կեղտաջրերի արտանետման տեղամասերը և ստորերկրյա ջրերի աղտոտման այլ աղբյուրները արտացոլող այլ գրաֆիկական նյութեր: Գրաֆիկական նյութերի մասշտաբը պետք է ընտրվի այնպես, որ հնարավոր լինի ընթեռնելի կերպով արտացոլել նշված տեղեկատվությունը, սովորաբար այն կազմվում է 1:10000 կամ 1:25000, իսկ որոշ չափազանց մեծ չափերով շրջանների դեպքում 1:50000 մասշտաբներով:

1) Գծագրական նյութերը պետք է արտահայտեն նաև շրջանի ապարների քարաբանաապարագիտական (լիթոլոգապետրոգրաֆիական) համալիրները և տեղադրման պայմանները:

30. Հանքավայրի երկրաբանական կառուցվածքը, ջրաերկրաբանական պայմանները, իսկ հանքային ստորերկրյա ջրերի դեպքում նաև երկրաքիմիական և երկրաջերմային պայմանները պետք է մանրազնին ուսումնասիրվեն նաև մասնագիտացված ջրաերկրաբանական քարտեզներում, դրանց կտրվածքներում (1:2000-1:10000 մասշտաբի (կախված չափերից և կառուցվածքի բարդությունից)), իսկ անհրաժեշտության դեպքում` երկրատեղեկատվական ծրագրային համալիրներով կազմված մոդելներում, արտացոլելով ջրատար հորիզոնների ու դրանք բաժանող ջրամերժ շերտերի տարածումը, հզորությունները, կառուցվածքը և տեղադրման պայմանները, ջրապարունակ ապարների քարաբանական (լիթոլոգիական) կազմը և ֆիլտրացիոն հատկությունների փոփոխականության բնույթը` հատակագծում (հանքավայրի մակերեսում) և կտրվածքում (ըստ խորության), ստորերկրյա և մակերևութային ջրերի մակարդակները, դրանց որակը և այլն:

31. Ստորերկրյա ջրերի որոնման և հետախուզման ժամանակ, երբ շահագործական պաշարների ձևավորման աղբյուրներից են հանդիսանում նաև մակերևութային ջրերը, պետք է իրականացվեն հիդրոլոգիական ուսումնասիրություններ և ձեռք բերվեն մակերևութային ջրային ռեսուրսների ընդհանուր քանակի և դրանցից ստորերկրյա ջրերի շահագործական պաշարների ձևավորմանը մասնակցող մասի գնահատման համար անհրաժեշտ նյութեր:

1) Հիդրոլոգիական ուսումնասիրությունները պետք է ապահովեն ջրային հոսքերի ձևաբանական բնութագրերի, դրանց մակարդակի ռեժիմի, հեղուկ և պինդ հոսքի ռեժիմի, մակերևութային ջրերի որակի, հունային գործընթացների, ջրհոսքի չորացման կամ սառչելու ժամանակ հոսքերի բացակայության տևողության, ողողահունում ջրի ելքի բացարձակ նիշերի, դրանց ջրածածկման տևողության և հաճախականության, ջրի առավելագույն և նվազագույն մակարդակների և ծախսերի միջին օրական ցուցանիշների գերազանցման հաշվարկային հավանականության մասին տվյալների ստացումը:

2) Հիդրոլոգիական հետազոտությունների կազմը և ծավալը որոշվում են ընդերքի մասի (տեղամասի) ջրաերկրաբանական առանձնահատկությունների և ջրահոսքերի ու ջրավազանների հիդրոլոգիական ռեժիմի համակցությամբ, որոնողագնահատման աշխատանքները սկսելուց առաջ շրջանի հիդրոլոգիական ուսումնասիրվածության մակարդակից և հանքավայրի մակերեսից կախված, նախագծային ջրառման և մակերևութային ջրային ռեսուրսների քանակների հարաբերակցությամբ, սակավաջուր ժամանակահատվածում բնական պաշարների հետագա վերականգնմամբ օգտագործման (մաշման, դատարկման) հնարավորությամբ:

32. Մանրազնին ջրաերկրաբանական հետախուզական աշխատանքների (փորվածքների տեղաբաշխման համակարգը, դրանց քանակը և խորությունը, փորձարարական աշխատանքների տեսակներն ու ծավալները, դրանց տևողությունը, իսկ հանքային ստորերկրյա ջրերի դեպքում նաև հորատանցքերի կառուցվածքը, դիտարկման հորատանցքերի տեղակայման խտությունը (ցանցը) և ստորերկրյա ջրերի ռեժիմային դիտարկումների տևողությունը, ջրաերկրաբանական, երկրաֆիզիկական և հետազոտման այլ հատուկ եղանակների տեսակները և ծավալները) իրականացման մեթոդաբանությունը որոշվում է ելնելով հանքավայրի ջրաերկրաբանական պայմանների բարդությունից` այնպես, որ ապահովեն Դասակարգման V գլխում (16-ից 22-րդ կետեր) սահմանված կարգերով և Դասակարգման V գլխում (25-րդ կետ) սահմանված հարաբերակցությամբ պաշարների հաշվարկման հնարավորությունը:

1) Նախնական ջրաերկրաբանական հետախուզական աշխատանքները առանձին փուլով իրականացված լինելու դեպքում, այն կապակցվում է առկա ջրառման կառույցի նախատեսված սխեմայի և Դասակարգման պահանջների հետ:

33. Ստորերկրյա խմելու և տեխնիկական ջրերի հանքավայրերում հորատանցքերը (փորվածքները) իրենց նշանակությամբ ստորաբաժանվում են որոնողականներ (քարտեզագրման), պարամետրային (հարաչափական), հետախուզական, հետախուզաշահագործական և դիտողական հորատանցքերի:

1) Ստորերկրյա ջրերի բոլոր տիպերի հանքավայրերի մանրազնին հետախուզման փուլում հետախուզական և հետախուզաշահագործական հորատանցքերը հիմնականում տեղադրվում են ջրառման տեղամասի սահմաններում` նախկինում հորատված և ջրառման նախանշված սխեմայում կիրառելի հորատանցքերի հաշվառմամբ:

2) Հետախուզաշահագործական հորատանցքերի կառուցվածքը պետք է ապահովի նախագծային արտադրողականությամբ դրանց հետագա շահագործման հնարավորությունը: Այդպիսի հորատանցքերի հորատումը իրականացվում է լիազոր մարմնի հետ համաձայնեցմամբ` հանքավայրի (տեղամասի) յուրացման ժամկետների հաշվառմամբ:

3) Ջրառման նախանշված սխեմայով հորատման ենթակա հորատանցքերի քանակը որոշվում է հանքավայրի բարդության խմբից և բուն սխեմայից կախված: Այսպիսով, բարդության 1-ին և 2-րդ խմբերի հանքավայրերի համեմատաբար համասեռ ֆիլտրացիոն հատկություններով հորիզոններում, ջրառի սխեմայում հետախուզական և հետախուզաշահագործական հորատանցքերի քանակը պետք է կազմի նախագծային շահագործական հորատանցքերի թվի 15-20%-ը: Բարդության 3-րդ խմբի հանքավայրերում յուրաքանչյուր նախագծային շահագործական հորատանցքերի մոտ (կամ տեղում) պետք է հորատվեն հետախուզական կամ հետախուզաշահագործական հորատանցքեր:

34. Հանքային ջրերի հանքավայրերի հետախուզումը իրականացվում է հորատանցքերով, որոնք իրենց նշանակությամբ ստորաբաժանվում են որոնողական, հետախուզական, հետախուզաշահագործական և դիտողական հորատանցքերի:

1) Հորատանցքերի քանակի որոշման, դրանց տեղադրման սխեմայի մշակման և կառուցվածքի ընտրության ժամանակ անհրաժեշտ է տարբեր նպատակների համար նախատեսել միևնույն հորատանցքերի օգտագործման հնարավորությունը, իսկ բազմաշերտ հանքավայրերում` մեկ հորատանցքում մի քանի ջրատար հորիզոններից առանձին կամ առանձին-համատեղ փորձարկումների իրականացման հնարավորությունը: Պետք է հաշվի առնվեն նաև հանքային ջրերի տարբեր տիպերի հանքավայրերի առանձնահատկությունները, դրանց բարդության և ուսումնասիրվածության աստիճանը, որոնողագնահատանքային աշխատանքների տարբեր փուլերում լուծվող խնդիրների բնույթը: Բոլոր դեպքերում պետք է հաշվի առնվեն հետախուզվող մակերեսում նախկինում հորատված բոլոր հորատանցքերը, գնահատվեն դրանց փորձարարական կամ դիտողական նպատակներով օգտագործման հնարավորությունը և անհրաժեշտության դեպքում իրականացվեն դրանց վերանորգավերականգնողական աշխատանքներ:

2) Հանքային ջրերի հանքավայրերի հետախուզման ժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ շատ դեպքերում պահանջարկը կարող է բավարարվել հատուկենտ հորատանցքերի շահագործմամբ: Այդ դեպքերում, հանքային ջրերի բարդության 1-ին և 2-րդ խմբերի հանքավայրերի հետախուզումը իրականացվում է առանձին (եզակի) հորատանցքերի հորատմամբ և նմուշարկմամբ: Այդ պատճառով յուրաքանչյուր հետախուզական կամ հետախուզաշահագործական հորատանցքում պետք է իրականացվի հետազոտությունների այնպիսի համալիր, որը հնարավորություն կտա բացահայտել հետախուզվող հանքավայրի ջրաերկրաբանական և ջրաքիմիական հիմնական առանձնահատկությունները, իսկ հորատանցքերի կառուցվածքը հնարավորինս պետք է ապահովի հետագա շահագործման համար դրանց պիտանելիությունը:

35. Շահագործման հատուկ մեթոդներ (ճառագայթային ջրառման, սրահներով, ջրհորերով, ստորերկրյա ջրերի արհեստական սնուցմամբ) պահանջող հանքավայրերի հետախուզման ժամանակ անհրաժեշտ է կառուցել հետախուզաշահագործական ջրառման կառույցներ, որի նպատակով հորատանցքերի հորատմանը զուգընթաց անց են կացվում լեռնային փորվածքներ` հետախուզահորեր, հետախուզաառուներ, հորանային ջրհորեր, փոսորակներ: Այդպիսի շինարարությունը իրականացվում է հանքավայրին բնորոշ ջրաերկրաբանական պայմաններով բնութագրվող տեղամասերում:

36. Ստորերկրյա ջրերի հանքավայրերի ուսումնասիրության ժամանակ օգտագործվում են երկրաֆիզիկական հետախուզության մեթոդներ` վերերկրյա և հորատանցքերում:

1) Վերերկրյա երկրաֆիզիկական հետազոտությունները, որպես կանոն, իրականացվում են մեթոդների համալիրով` հորատման և փորձարարական աշխատանքների հիմնական ծավալին առաջընթաց կերպով: Այս ուսումնասիրություններն իրականացվում են կտրվածքում քարաբանական (լիթոլոգիական) կազմի տարանջատման, ջրապարունակ ապարների տեղադրման պայմանների բացահայտման, ստորերկրյա ջրերի կուտակման համար առավել բարենպաստ պայմաններով ջրատար հորիզոնի տեղամասերի եզրագծման և դրանց ջրառի կամ բեռնաթափման հնարավորության բացահայտման, ջրապարունակ ապարների ֆիլտրացիոն հատկությունների և ստորերկրյա ջրերի հանքայնացման փոփոխականության, բնական և խախտված պայմաններում ստորերկրյա ջրերի մակարդակների գնահատման և այլ նպատակներով:

2) Հորատանցքերում երկրաֆիզիկական հետազոտություններն իրականացվում են երկրաբանական կտրվածքի ճշգրտման, ֆիլտրերի տեղադրման խորությունների որոշման, ջրապարունակ ապարների ֆիլտրացիոն հատկությունների և կտրվածքում ջրի որակի փոփոխականության առանձնահատկությունների բացահայտման, ջրատար հորիզոնների արդյունավետ հզորության և շահագործման ժամանակ ջրի մակարդակի իջեցման առավելագույն մեծության սահմանման, ջրատար հորիզոնների միջև և մակերևութային ջրերի հետ ունեցած փոխադարձ կապի ուսումնասիրման, ինչպես նաև փորձարարաֆիլտրացման աշխատանքների ժամանակ հորատանցքերի փողերի և ֆիլտրերի տեխնիկական վիճակի ուսումնասիրման համար և այլ նպատակներով: Հանքային ստորերկրյա ջրերի հանքավայրերի դեպքում իրականացվում են նաև ամրակապող (շրջապահ) խողովակների տեղադրման և շերտափորձարկիչների իջեցման խորությունների որոշման, առանձին ճեղքավոր-երակային գոտիների առանձնացման և մի քանի ջրատար հորիզոնների բացման դեպքում ջրի ստատիկ մակարդակների սահմանման նպատակով:

37. Հետախուզման ժամանակ հորատված կամ վերականգնված հորատանցքերից և անցած լեռնային փորվածքներից կատարվում են ջրի փորձնական, փորձարարական (եզակի. փնջային (կույտային), խմբային) և փորձարարական-շահագործական արտամղումներ (ճնշումային ջրերի դեպքում` բացթողումներ) ու (ներ)մղումներ (լցումներ):

38. Փորձնական արտամղումներ կամ բացթողումներ իրականացվում են ջրապարունակ ապարների` հատակագծում և ըստ խորության (կտրվածքում), ֆիլտրացիոն հատկությունների փոփոխականության, ջրատար հորիզոնների ջրի որակի նախնական գնահատման և հետախուզական ու հետախուզաշահագործական հորատանցքերի հնարավոր արտադրողականության որոշման համար անհրաժեշտ տվյալների ստացման նպատակով:

39. Փորձարարական արտամղումներ կամ բացթողումներ (եզակի, փնջային (կույտային) և խմբային) իրականացվում են ջրի մակարդակի իջեցումից կախված ծախսի (դեբիտի) կախվածության բնույթը սահմանելու, ջրաերկրաբանական պարամետրերի (ցուցանիշների), սահմանային պայմանների և ջրատար հորիզոնների փոխադարձ կապի, մակերևութային և ստորերկրյա ջրերի միջև կապի որոշման, ժամանակի ընթացքում և հորատանցքերի փոխազդեցության ժամանակ մակարդակների (հանքային ջրերի դեպքում ծախսի և ջրի որակի) փոփոխման օրինաչափությունների բացահայտման, ինչպես նաև ստորերկրյա ջրերի որակի ուսումնասիրման և հորատանցքերի օպտիմալ շահագործական ծախսի (դեբիտի) սահմանման նպատակով:

1) Ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 1-ին խմբին վերագրվող հանքային ստորերկրյա ջրերի հանքավայրերի հետախուզման ժամանակ, որպես կանոն, սահմանափակվում են փորձարարական արտամղումների (բացթողումների) իրականացմամբ. դրանց դեբիտը պետք է մոտ լինի նախագծայինին:

40. Ջրառման սխեմայի համաձայն հորատված (անցկացված) մեկ հորատանցքից (փորվածքից) կամ հորատանցքերի (փորվածքների) խմբից փորձարարաշահագործական արտամղումներ կամ բացթողումներ իրականացվում են.

1) ստորերկրյա խմելու և տեխնիկական ջրերի.

ա. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 3-րդ խմբին վերագրվող հանքավայրերի հետախուզման դեպքում` նախագծայինին մոտ դեբիտով, երբ դրանց բարդ ջրաերկրաբանական և ջրաքիմիական պայմանները չեն կարող արտացոլվել հաշվարկային սխեմայի տեսքով:

բ. հանքավայրերում` արհեստական սնուցմամբ ջրառման կառույցների մանրամասն ուսումնասիրությունների դեպքում:

գ. հանքավայրերում` բարդ համակարգերով (հորիզոնական և ճառագայթային) ջրառման կառույցների հիմնավորման համար իրականացվող ուսումնասիրությունների դեպքում:

2) ստորերկրյա հանքային ջրերի.

ա. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 2-րդ և 3-րդ խմբերին վերագրվող հանքավայրերի հետախուզման դեպքում` նախագծայինին մոտ դեբիտով, երբ դրանց բարդ ջրաերկրաբանական, ջրաքիմիական և երկրաջերմային պայմանները չեն կարող արտացոլվել հաշվարկային սխեմայի տեսքով:

բ. հանքավայրերում` հանքային ջրերի քայքայող գործունեության, հորատանցքերում և արդյունագործական սարքավորումներում աղանստեցման գործընթացների ուսումնասիրությունների դեպքում:

3) ստորերկրյա խմելու և տեխնիկական ջրերի հանքավայրերի հետախուզման ժամանակ, տրված ջրառի դեպքում ստորերկրյա ջրերի մակարդակների կամ որակի փոփոխությունների էմպիրիկ կախվածությունների սահմանման, իսկ արհեստական սնուցմամբ ջրառման կառույցների կամ դրանց բարդ համակարգերի կիրառման դեպքում, տվյալ ջրաերկրաբանական պայմաններում, այդպիսի ջրառման կառույցների արդյունավետ աշխատանքի գնահատման նպատակով:

4) ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի հետախուզման ժամանակ, տրված ջրառի դեպքում ժամանակի ընթացքում հանքային ջրերի մակարդակների կամ որակի փոփոխությունների բնույթի (առանձին դեպքերում նաև տարբեր որակի ջրերի եզրագծերի շարժունակության (փոփոխությունների) աստիճանի) սահմանման նպատակով:

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
14.11.2024
N 14-Ն
Հրաման