ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 նոյեմբերի 2024 թվականի N 1829-Ն
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Անասնաբուժության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել գյուղատնտեսական կենդանիների շուկաներին ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթսուներորդ օրը, բացառությամբ`
1) հավելվածի 6-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից.
2) հավելվածի 8-11-րդ և 13-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. նոյեմբերի 21
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2024 թվականի նոյեմբերի 21-ի
N 1829-Ն որոշման
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն պահանջներով կարգավորվում են գյուղատնտեսական կենդանիների շուկայի հետ կապված հարաբերությունները:
2. Գյուղատնտեսական կենդանիների շուկան առևտրի իրականացման վայր է, որտեղ իրականացվում է գյուղատնտեսական կենդանիների առուվաճառք:
3. Գյուղատնտեսական կենդանիների շուկաները հանդիսանում են անասնահամաճարակային նշանակության կամ անասնաբուժական պետական վերահսկման ենթակա օբյեկտներ: Վերջիններիս գործունեությունը կազմակերպող անհատ ձեռնարկատերը կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք պարտավոր են ծանուցել անասնաբուժության ոլորտի վերահսկողություն իրականացնող մարմնին` Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին (այսուհետ` լիազոր մարմին)` նշելով գործունեության վայրը:
4. Գյուղատնտեսական կենդանիների շուկայում թույլատրվում է վաճառել կեր, կենդանիների խնամքի համար նախատեսված պարագաներ և ձիաքարշ կցորդներ:
5. Գյուղատնտեսական կենդանիների շուկայում արգելվում է գյուղատնտեսական արտադրանքի (սննդամթերքի) և արդյունաբերական ապրանքների վաճառքը:
2. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
i
6. Գյուղատնտեսական կենդանիների շուկաների կառուցման թույլտվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 1-ի N 06-Ն հրամանով հաստատված հավելվածի համաձայն:
i
7. Գյուղատնտեսական կենդանիների շուկայում գյուղատնտեսական կենդանին վաճառվում է` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի N 1 ձևի անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի (այսուհետ` անասնաբուժական վկայական) պարտադիր առկայության դեպքում:
8. Գյուղատնտեսական կենդանիների շուկայի տարածքը պետք է լինի ցանկապատված` առնվազն 1,5 մետր բարձրությամբ, այցելուների և տրանսպորտային միջոցների համար նախատեսված առանձին մուտքերով:
9. Գյուղատնտեսական կենդանիների շուկաները պետք է ապահովված լինեն`
1) կենդանիների բեռնման և բեռնաթափման հարթակներով.
2) առանձին դարպասներով` կենդանիների մուտքի և ելքի համար.
3) լվացող, ցողարկող և ախտահանող սարքերով.
4) կոյուղատար առվակներով.
5) կառուցված կենցաղային հարմարություններով (էլեկտրաէներգիա և ջրամատակարարում).
6) փոխադրամիջոցների անիվների ախտահանման համապատասխան հարմարություններով, մուտքի և ելքի մոտ` ախտահանիչ ավազան կամ ցողարկիչ.
7) կանգնելատեղերով` ճաղազատված տարածքներով.
8) կենդանիների կենսական պահանջներն ապահովող միջոցներով` ջրախմոցներ, կերամաններ, ինչպես նաև զոոհիգիենիկ պահանջներն ապահովող` գոմաղբի հավաքման և հեռացման հարմարանքներ.
9) ծածկով` տեղումներից և արևի ճառագայթներից կենդանիներին պաշտպանելու համար.
10) վարչական շինությունով` առանձնացված անասնաբույժի սենյակ.
11) հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող կենդանիների մեկուսացման համար նախատեսված փակ տարածքով.
12) պահեստային առանձին տարածքներով` սարքավորումներ, ախտահանիչներ, կեր պահելու համար.
13) ավտոկայանատեղիով` մարդատար և գյուղատնտեսական կենդանիների փոխադրամիջոցի կայանման համար:
10. Գյուղատնտեսական կենդանիների շուկայի տարածքը պետք լինի հարմարավետ ջրահեռացման, մեխանիկական մաքրման, լվացման և ախտահանման աշխատանքներ իրականացնելու համար:
11. Գյուղատնտեսական կենդանիները տեղափոխվում են շուկա փոխադրման համար նախատեսված բեռնատար մեքենաներով, որոնք պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`
1) թափք կողավոր` բարձրությունը 100-150 սմ, հատակը հարթ և ծածկված ցամքարով.
2) խոշոր եղջերավոր կենդանիներ և ձիեր տեղափոխելիս բեռնատարի թափքը տաք եղանակին կարող է լինել բաց, իսկ ցուրտ եղանակին` ծածկված բրեզենտե ծածկով.
3) մանր եղջերավոր կենդանիներ, խոզեր տեղափոխելիս բեռնատար մեքենայի թափքը պետք է ծածկված լինի բրեզենտե ծածկով.
4) մանր եղջերավոր կենդանիներին, խոզերին տեղափոխող բեռնատարի թափքը պետք է ունենա միջնապատեր.
5) թռչունները և ճագարները բեռնատարի թափքում տեղավորում են վանդակներով.
6) յուրաքանչյուր տեղափոխումից հետո անհրաժեշտ է բեռնատարի թափքը մաքրել և ախտահանել:
12. Գյուղատնտեսական կենդանիների շուկայի գործունեությունը կազմակերպող անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը պարտավոր է շուկան ապահովել սպասարկող անասնաբույժով:
13. Գյուղատնտեսական կենդանիների շուկայի տարածքը պետք է ապահովված լինի տեսահսկման համակարգով:
3. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
14. Գյուղատնտեսական կենդանիների շուկայում գյուղատնտեսական կենդանիներ վաճառողը պարտավոր է գյուղատնտեսական կենդանիների շուկան սպասարկող անասնաբույժին ներկայացնել անասնաբուժական վկայականը:
15. Գյուղատնտեսական կենդանիների շուկան սպասարկող անասնաբույժը պարտավոր է`
1) իրականացնել վաճառքի ենթակա գյուղատնտեսական կենդանիների պարտադիր անասնաբուժական զննում.
2) վարել անասնաբուժության ոլորտի լիազոր մարմնի կողմից հաստատված ձևի, կնքված ու համարակալված գրանցամատյան (այն ենթակա է պարտադիր պահպանման առնվազն երեք տարի), որտեղ պետք է արտացոլվի նաև գյուղատնտեսական կենդանիների անասնաբուժական վկայականի համարը.
3) գյուղատնտեսական կենդանիների առուվաճառքի ժամանակ` «Անի Պաս» էլեկտրոնային համակարգում իրականացնել գյուղատնտեսական կենդանու սեփականատիրոջ փոփոխություն.
4) ստուգել անասնաբուժական վկայականը:
16. Գյուղատնտեսական կենդանիների անասնաբուժական զննման համար գյուղատնտեսական կենդանիների շուկայի մուտքի մոտ պետք է լինի առանձնացված, ցանկապատված տարածք:
17. Գյուղատնտեսական կենդանին գյուղատնտեսական կենդանիների շուկա մուտք է գործում` անասնաբույժի կողմից պարտադիր անասնաբուժական զննումից և անասնաբուժական վկայականի առկայությունը ստուգելուց հետո:
18. Գյուղատնտեսական կենդանիների շուկայում գյուղատնտեսական կենդանիները պետք է ունենան անհատական նույնականացման համարներ` ականջապիտակներ, և գրանցված լինեն «Անի Պաս» էլեկտրոնային համակարգում, իսկ անհատական նույնականացման համարներ չունեցող գյուղատնտեսական կենդանիները պետք է ունենան տարբերանշաններ:
19. Գյուղատնտեսական կենդանիների շուկայի գործունեությունը կազմակերպող անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը գրավոր դիմում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` «Անի Պաս» էլեկտրոնային համակարգին հասանելիություն ստանալու համար:
Պաշտոնական հրապարակման օրը` 21 նոյեմբերի 2024 թվական: