Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՎԱ ...

 

 

020.0288.270201

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ (ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 27 փետրվարի 2001 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2000 թվականի դեկտեմբերի 14-ին Վաշինգտոնում ստորագրված զարգացման վարկի (Դատաիրավական բարեփոխումների ծրագիր) համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ. Հարությունյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրն ու գործում առկա մյուս փաստաթղթերը և ուսումնասիրելով դատաիրավական բարեփոխումների իրականացմանն ուղղված նախկին վարկային համաձայնագրերի իրավակիրառական պրակտիկան, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Քննության առարկա համաձայնագիրն ստորագրվել է 2000 թվականի դեկտեմբերի 14-ին` Վաշինգտոնում: Ըստ համաձայնագրի` Միջազգային զարգացման ընկերակցությունը դատաիրավական բարեփոխումների ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետությանը տարբեր տարադրամներով տրամադրելու է ութ միլիոն վեց հարյուր հազար փոխառության հատուկ իրավունքներին համարժեք (SDR 8,6 միլիոն) վարկ:

2. Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է պարբերաբար Ընկերակցությանը վճարել պարտավճար` վարկի չառհանված գումարների դիմաց` ոչ ավելի, քան տարեկան 0,5 տոկոսի չափով և սպասարկման վարձ` վարկի առհանումների և մնացորդի դիմաց` տարեկան 0,75 տոկոսի չափով: Վարկի հիմնագումարը պետք է մարել կիսամյակային մուծումներով` 2010 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2040 թվականի հունիսի 1-ը:

3. Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է պատշաճ և արդյունավետ իրագործել համաձայնագրի 2-րդ հավելվածում ամփոփված ծրագրի նպատակները, անհրաժեշտության դեպքում ժամանակին տրամադրել ծրագրի համար պահանջվող միջոցներ, տարածքներ, ծառայություններ և այլ ռեսուրսներ, Ընկերակցության համար ընդունելի առևտրային բանկում մինչև 2001 թվականի հունվարի 31-ը բացել և վարել ծրագրի հաշիվ, ինչպես նաև ծրագիրն իրագործել ըստ համաձայնագրի 4-րդ հավելվածում սահմանված իրականացման պլանի:

4. Քննության առարկա համաձայնագրով վարկավորվող ծրագրի նպատակներն են` դատական համակարգի կառավարման կատարելագործումը, դատարանների կառավարման և գործավարության բարելավումը, դատավորների և դատարանների աշխատակազմերի շարունակական ուսուցման համար ինստիտուցիոնալ հիմքի զարգացումը, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ուժեղացումը, դատավորների, իրավաբանների, գործարար միջավայրի և քաղաքացիների համար մատչելի իրավական տեղեկատվական համակարգի զարգացումը, ինչպես նաև օրենքների և իրավական հաստատությունների վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացումը:

5. Ծրագիրը բաղկացած է 7 մասից, որոնք Կողմերի համաձայնությամբ ժամանակի ընթացքում կարող են փոփոխվել: Դրանք են.

ա) դատական համակարգի ինստիտուցիոնալ հնարավորությունների ամրապնդում,

բ) դատարանների ենթակառուցվածքի վերականգնում` դատարանի մեկ օրինակելի շենքի կառուցում Գյումրիում և 6 դատարանների օրինակելի շենքերի վերակառուցում և վերանորոգում, ինչպես նաև դատարանների 13 ընտրված շենքերի վերանորոգում,

գ) դատավորների և դատարանների աշխատակազմերի վերապատրաստում,

դ) տեխնիկական աջակցություն դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը` սարքավորումների ձեռքբերում և անձնակազմի վերապատրաստում,

ե) իրավական տեղեկատվության արդյունավետ և մրցունակ տարածման համար ռազմավարության մշակում և դատարաններին իրավական տեղեկատվությամբ ապահովում,

զ) հասարակության իրազեկության և հանրության ուսուցման գործընթաց, որը ներառում է դատական համակարգի` հասարակության հետ կապերի ռազմավարության մշակում և Դատարանների նախագահների խորհրդի հասարակության հետ կապերի բաժնի ստեղծում, լրագրողների հատուկ մասնագիտական ուսուցման ապահովում, բնակչության շրջանում իրավական տեղեկատվության տարածում և օրենսդրության ու իրավական հաստատությունների մասին հանրության իրազեկվածության և դատարանների նկատմամբ վերաբերմունքի բացահայտմանն ուղղված հասարակական կարծիքի ուսումնասիրություն,

է) ծրագրի իրականացման գրասենյակին սարքավորումների, ուսուցման և վարչական օժանդակության տրամադրում և պահպանման ծախսերի ֆինանսավորում:

Ծրագրի ավարտի ակնկալվող ժամկետը 2004 թվականի հունիսի 30-ն է:

6. Համաձայնագրի առաջին հավելվածով նախատեսվում են վարկի տրամադրման համամասնություններն ըստ ապրանքների, աշխատանքների, խորհրդատվական ծառայությունների և ծրագրի իրականացման գրասենյակի պահպանման ծախսերի: Համաձայնագրով նախատեսվել է ծրագրի նախապատրաստման կանխավճար` 470000 ԱՄՆ-ի դոլարի չափով, որից, համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 16.02.2001 թ. տեղեկանքի` ծախսվել է 34737 ԱՄՆ-ի դոլար:

7. Քննության առարկա համաձայնագրի 4-րդ հավելվածում սահմանված` ծրագրի իրականացման պլանի առաջին կետի «դ» ենթակետի համաձայն փոխառուն պետք է ստեղծի ծրագրի կառավարման խորհուրդ, որը պատասխանատու կլինի ծրագրի համընդհանուր կառավարման համար, և որում ընդգրկված կլինեն արդարադատության նախարարության, Դատարանների նախագահների խորհրդի, դատաիրավական համակարգի, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, հարկադիր կատարման ծառայության ներկայացուցիչները, ծրագրի իրականացման գրասենյակի տնօրենը: Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշման 4-րդ կետին համապատասխան ստեղծվել է Միջազգային զարգացման ընկերակցության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող «Դատաիրավական բարեփոխումներ» վարկային ծրագրի կառավարման խորհուրդ և ՀՀ վարչապետի 2000 թվականի օգոստոսի 17-ի N 546 որոշմամբ հաստատվել են այդ խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը:

Սակայն Ծրագրի կառավարման խորհրդի կազմավորման ակտում և կանոնադրության 27 հոդվածում կան թերություններ: Մասնավորապես, հետևողականորեն հաշվի չի առնվել համաձայնագրի վերոհիշյալ կետի պահանջը:

8. Դատական համակարգի բարեփոխումներին աջակցություն նախատեսված է եղել նաև Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված` կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության առաջին և երկրորդ վարկային համաձայնագրերով, ինչպես նաև TACIS-ի 1998 թվականի ֆինանսավորման հուշագրի AR9801 ծրագրով: «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67 հոդվածի առաջին մասի հիման վրա ուսումնասիրելով նշված համաձայնագրերի գործադրման իրավակիրառական պրակտիկան, սահմանադրական դատարանը միաժամանակ պարզեց.

ա) TACIS-ի 1998-99 թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանի դատական համակարգի ամրապնդման ծրագրի համար հատկացվել է մեկ միլիոն եվրո դրամաշնորհ: Ծրագրի գործընկերն էր ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը: Ծրագրի շրջանակներում եղել է եվրոպական կապալառուի (CILC) երեք այցելություն: Սակայն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 20.02.2001 թ. նամակից հետևում է, որ ծրագրի անհաջող ընթացքի պատճառով Եվրոմիության հանձնաժողովը որոշում է կայացրել դադարեցնել ծրագիրը,

բ) Համաշխարհային բանկի կառուցվածքային բարեփոխումների զարգացման տեխնիկական օգնության առաջին վարկային ծրագրի շրջանակներում դատաիրավական բարեփոխումների բնագավառում իրականացված աշխատանքների համար հատկացվել է 124460 ԱՄՆ-ի դոլար, որից 50000 ԱՄՆ-ի դոլարը` դատաիրավական վերապատրաստման կենտրոնի ծրագրի մշակման համար, 50000 ԱՄՆ-ի դոլարը` դատական որոշումների հարկադիր կատարման ծառայության զարգացման ծրագրի մշակման համար (ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 20.02.2001 թ. տեղեկանք),

գ) Համաշխարհային բանկի կառուցվածքային բարեփոխումների զարգացման տեխնիկական օգնության երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում դատական համակարգի համար հատկացվել է 208108 ԱՄՆ-ի դոլար, որից դատական համակարգին հատկացվել է ընդամենը 62020 ԱՄՆ-ի դոլար, իսկ 70 տոկոսը (145488 ԱՄՆ-ի դոլար) օգտագործվել կամ նախատեսվում է օգտագործել արդարադատության նախարարության և նրա կառուցվածքային ստորաբաժանումների համար սարքավորումների ձեռքբերման, աշխատակիցների ուսուցման և օրենսդրության կատարելագործման նպատակով:

Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ, վարկի գումարն ըստ ծրագրի բաղկացուցիչ մասերի հստակ բաշխված չլինելու պայմաններում, այդ միջոցների նպատակային ծախսման նկատմամբ անհրաժեշտ է առավել արդյունավետ վերահսկողություն:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2000 թվականի դեկտեմբերի 14-ին Վաշինգտոնում ստորագրված զարգացման վարկի (Դատաիրավական բարեփոխումների ծրագիր) համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

27 փետրվարի 2001 թ.

ՍԴՈ-288

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
27.02.2001
N ՍԴՈ-288
Որոշում