020.0293.160301
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-ԻՆ ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
16 մարտի 2001 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին 1999 թվականի հուլիսի 14-ին Վարշավայում ստորագրված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Խաչատրյանի բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա կոնվենցիան ստորագրվել է 1999 թվականի հուլիսի 14-ին` Վարշավայում: Կոնվենցիայի նպատակն է Կողմերի ռեզիդենտ հանդիսացող անձանց նկատմամբ եկամուտների և գույքի կրկնակի հարկման բացառումը, հարկումից խուսափելու կանխումը:
2. Կոնվենցիան կիրառվում է Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտներ հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ:
Կոնվենցիայով սահմանվում են այն հարկատեսակները, որոնց վրա տարածվում է դրա գործողությունը, ինչպես նաև հարկման ենթակա եկամուտները և կրկնակի հարկումը բացառելու մեթոդները:
Ըստ կոնվենցիայի Կողմերը պարտավորվում են միջոցներ ձեռնարկել ռեզիդենտ հանդիսացող անձանց կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու համար:
Կողմերը պարտավորվում են նաև թույլ չտալ հարկային խտրականություն և աջակցել միմյանց կոնվենցիայում ընդգրկվող հարկերի գանձման գործում:
Կոնվենցիայով նախատեսվում է նաև դրա մեկնաբանման կամ կիրառման ընթացքում առաջացող վեճերի լուծման, տեղեկատվության փոխանակման, կոնվենցիայի ուժի մեջ մտնելու կարգը:
Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրը կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հինգ տարի հետո ցանկացած ժամանակ կարող է դադարեցնել կոնվենցիան` պահպանելով դրանով նախատեսված արարողակարգը:
3. Սույն կոնվենցիան համահունչ է մարդու իրավունքների և ազատությունների վերաբերյալ միջազգային կոնվենցիաների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 4, 8 և 9 հոդվածների դրույթներին:
Կոնվենցիան կոչված է նպաստելու Կողմերի միջև տնտեսական, գիտական, տեխնիկական և մշակութային համագործակցության զարգացմանը և ամրապնդմանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին 1999 թվականի հուլիսի 14-ին Վարշավայում ստորագրված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
16 մարտի 2001 թ.
ՍԴՈ-293