31 հունվարի 1995թ թ. 0216/3-3
Բոլոր շրջանային (քաղաքային) հարկային պետական տեսչություններին
Կից ուղարկվում է Հայաստանի հանրապետության կառավարության 1994թ. դեկտեմբերի 29-ի «Ակցիզային հարկի դրույքաչափերի մասին» թիվ 606 որոշումը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 1994թ. դեկտեմբերի 27-ի թիվ 17 և 3/14 գրությամբ ( համաձայնեցված ՀՀ ՀՊՏ 30.12.94թ. թիվ 03522/3-3 և ՀՀ կենտրոնական բանկի 30.12.94թ.) հաստատված «Մինչև 1993թ. հոկտեմբերի 26-ը միասնական դրամական համակարգում գտնվելու ժամանակ Հայաստանի Հանրապետության և նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև գործառնությունների գծով առաջացած կրեդիտորական և դեբիտորական պարտքերի վերագնահատման» կարգը:
Այդ կապակցությամբ տեղեկացնում ենք.
1.ՀՀ կառավարության 1994թ. դեկտեմբերի 29-ի «Ակցիզային հարկի դրույքաչափերի մասին» թիվ 606 որոշումը կիրառվում է Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և ներմուծվող ենթաակցիզային ապրանքների նկատմամբ սկսած 1995թ. հունվարի 1-ից, անկախ ներմուծվող ենթաակցիզային ապրանքների ներմուծման գծով պայմանագրերի կնքման ժամկետից:
Փաստորեն, դրանով իսկ սեփական արտադրության և ներմուծված ենթաակցիզային ապրանքների համար սկսած 1995թ. հունվարի 1-ից կիրառվում են նույն դրույքաչափերը:
Դրա հետ կապված և ի լրումն մեր 30.12.94թ. թիվ 03525/3-3 շրջաբերականի (տես 3-րդ կետի դ) ենթակետը` լրացուցիչ ուղարկման ենթակա նյութերի առումով) հայտնում ենք, որ որպես «ներմուծվող ապրանքների ակցիզային հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի ամփոփ տարբերակի հավելվածներ հ.1 և հ.5, ինչպես նաև «Սեփական արտադրության ապրանքների ակցիզային հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի ամփոփ տարբերակի հավելված հ.1, փաստորեն համարվելու է հենց վերը նշված ՀՀ կառավարության թիվ 606 որոշումը, որով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ակցիզային հարկի ինչպես միասնական դրույքաչափերը, այնպես էլ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների կոդերը:
Միաժամանակ պարզաբանում ենք, որ կոնյակը համարվում է ենթաակցիզային ապրանքատեսակ, ընդգրկվում է «գինի-օղու արտադրանք» ապրանքախմբի մեջ և ակցիզային հարկով հարկվում է այդ ապրանքախմբի համար սահմանված 50 տոկոս դրույքաչափով:
2.Կապված ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից հաստատված «կարգ»-ի հետ, հիշեցնում ենք, որ «կարգը» գործում է ի կատարումն ՀՀ կառավարության 1994թ. նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության և նախկին ԽՍՀՄ հանրապետությունների տնտեսվարող սուբյեկտների միջև միասնական դրամական համակարգի ժամանակ առաջացած փոխադարձ պարտքերի մասին» թիվ 521 որոշման 3-րդ կետի, որը Ձեզ ուղարկվել է ՀՀ ՀՊՏ 30.12.94թ. թիվ 03525/3-3 շրջաբերական փաթեթով: