050.0063.060301
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
6 մարտի 2001 թվականի թիվ 63
ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ «ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հոկտեմբերի 18-ի «Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների տարածման ընդհանուր ստանդարտին Հայաստանի Հանրապետության անդամագրվելու նախապատրաստական միջոցառումների մասին» թիվ 648 որոշումը և Արժույթի միջազգային հիմնադրամի վիճակագրության վարչության պատվիրակության հետ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ը Երևանում իրականացված աշխատանքները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության դեպարտամենտի ներկայացրած «Արժույթի միջազգային հիմնադրամի «Տվյալների տարածման ընդհանուր համակարգին» Հայաստանի Հանրապետության անդամակցության ուղղությամբ 2000 թվականի չորրորդ եռամսյակում կատարված աշխատանքների վերաբերյալ» հաշվետվությունը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԱՄՀ-Ի ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2000 թ. օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 11-ը ԱՄՀ-ի հատուկ առաքելության այցելությունից հետո լուծվեցին Տվյալների տարածման ընդհանուր համակարգին (ՏՏԸՀ) ՀՀ անդամակցության հետ կապված տեխնիկական հարցերը` անհրաժեշտ մեթատվյալների կազմում, ԱՄՀ-ի հարցաթեթիկների լրացում, ՀՀ վիճակագրության համար պատասխանատու հաստատությունների աշխատանքին ծանոթացում: Առաքելության այցելության վերջում պատվիրակության ղեկավարի գնահատականներով, ՏՏԸՀ-ին հանրապետության անդամակցության հարցը պետք է լուծվեր մինչև 2000 թ. վերջը: Այս գնահատականի հիման վրա ԿԲ-ի վիճակագրության վարչության աշխատանքային ծրագրերում ընդգծվում էր, որ անդամակցությունը պետք է ավարտվեր մինչև 2000 թ. վերջը: Ըստ էության, ՏՏԸՀ-ին անդամակցելուն ուղղված ԿԲ դրամավարկային քաղաքականության դեպարտամենտի (ԴՔԴ) աշխատանքները առաքելության մեկնումից հետո ավարտվել են: Անդամակցության հետ կապված մնացած բոլոր հարցերը պետք է իրենց վերջնական լուծումը ստանային ԱՄՀ-ի համապատասխան մարմիններում:
2000 թ. չորրորդ եռամսյակի ընթացքում դրամավարկային և բանկային վիճակագրության բաժինը մշտական կապի մեջ է եղել ՏՏԸՀ-ի առաքելության անդամների հետ: Առաքելության ղեկավար տիկին Կ. Անդրադեի կարծիքով, որոշ աշխատանքներ պետք է կատարվեին միայն ՀՀ հարկաբյուջետային հատվածին վերաբերող մեթատվյալներում: Այս գործը արագացնելու նպատակով, Կ. Անդրադեի խնդրանքով, ՀՀ ԿԲ դրամավարկային և բանկային վիճակագրության բաժնի աշխատակիցները կապվեցին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համապատասխան ստորաբաժանման հետ:
Ըստ վերջին տեղեկության` ՀՀ ՏՏԸՀ-ի մեթատվյալները քննարկվել են ԱՄՀ-ի վիճակագրության վարչության ՏՏԸՀ-ի բաժնում, սակայն մեթատվյալների ռուսերեն թարգմանությունը շատ երկար է տևել: Մոտակա օրերին մեթատվյալների ռուսերեն և անգլերեն տարբերակները պետք է պատրաստ լինեն և պաշտոնապես ուղարկվեն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի տեղակալ պարոն Ա. Չիլինգարյանին (որը ՏՏԸՀ-ի անդամակցության գծով պատասխանատուն է)` վերջնական վերանայման համար:
ՏՏԸՀ-ին ՀՀ անդամակցության հարցի վերջնական լուծումը, ԱՄՀ-ի առաքելության ղեկավարի գնահատմամբ, ժամանակի հարց է: Կիսելով ԱՄՀ-ի ներկայացուցչի այս դիրքորոշումը` ԴՔԴ-ի վիճակագրության վարչությունը մշակեց և ՀՀ ԿԲ խորհրդի հաստատմանը ներկայացրեց ՏՏԸՀ-ի շրջանակներում ԿԲ կարճաժամկետ և միջինժամկետ խնդիրները, որոնք խորհուրդը քննարկելուց և որոշակի փոփոխություններ կատարելուց հետո հաստատեց ընթացիկ տարվա հունվարին: Նշված խնդիրները նախատեսում են ՀՀ դրամավարկային վիճակագրությունն ամբողջովին համապատասխանեցնել ՏՏԸՀ-ի պահանջներին և դրանով իսկ հեշտացնել և արագացնել ԱՄՀ-ի վիճակագրական մյուս ստանդարտին` Տվյալների տարածման հատուկ ստանդարտին հանրապետության անդամակցությունը: