Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 14.03.202...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 14.03.2022 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ ԲԴԽ-24-Ո-Կ-6 ՈՐՈՇՄԱՆ ՆՈՐ ԵՐԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-19-Ո-Կ-3

2025 թ.

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 14.03.2022 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ ԲԴԽ-24-Ո-Կ-6 ՈՐՈՇՄԱՆ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔԻ ՀԻՄՔՈՎ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(1-ին մաս)

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ` ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

նախագահությամբ`

    Բարձրագույն դատական խորհրդի նախագահ    Ա. Աթաբեկյանի

 

մասնակցությամբ`

    անդամներ                               Ա. Դանիելյանի

                                           Կ. Թումանյանի

                                           Ե. Թումանյանցի

                                           Էդ. Հովհաննիսյանի

                                           Ք. Մկոյանի

 

    քարտուղարությամբ`                      Ս. Բերակչյանի

 

    2025 թվականի ապրիլի 17-ին              ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով Սիմա Իսկանդարյանի (այսուհետ նաև` Դիմող) կողմից 03.03.2025 թվականին ներկայացված «Բարձրագույն դատական խորհրդի` 14.03.2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշման` նոր երևան եկած հանգամանքներով վերանայման» վերաբերյալ դիմումը (այսուհետ նաև` Դիմում),

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի նախապատմությունը.

Արդարադատության նախարարի 02.02.2022 թվականի N 15-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև` Խորհուրդ)` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Խորհուրդը 14.03.2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշմամբ բավարարել է Արդարադատության նախարարի միջնորդությունը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են:

ՀՀ ոստիկանությունը 09.11.2021 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Դիմողի` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.3-րդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին:

ՀՀ վարչական դատարանը 26.10.2022 թվականի թիվ ՎԴ/12304/05/21 որոշմամբ ՀՀ ոստիկանության հայցն ընդդեմ Սիմա Իսկանդարյանի` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.3-րդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, մերժել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը 31.10.2024 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատարանի 26.10.2022 թվականի թիվ ՎԴ/12304/05/21 գործով կայացված որոշումը թողել է անփոփոխ:

27.02.2025 թվականին առաքման հանձնված և 03.03.2025 թվականին ստացված Դիմումով Դիմողը Խորհրդին խնդրել է` Օրենսգրքի 157-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով վերանայել Խորհրդի 14.03.2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշումը:

Խորհրդի անդամ Մերի Համբարձումյանը 07.03.2025 թվականին կայացած նիստի ընթացքում ներկայացրել է ինքնաբացարկի միջնորդություն, որը բավարարվել է:

Կողմերը ծանուցվել են գրավոր կարգով Դիմումի քննության, ինքնաբացարկի ընդունման արդյունքում Խորհրդի կազմի մասին, ինչպես նաև Արդարադատության նախարարը ծանուցվել է Դիմումի պատասխան ներկայացնելու իրավունքի մասին:

Արդարադատության նախարարի կողմից 24.03.2025 թվականին ներկայացվել է պատասխան, որի պատճենն ուղարկվել է Դիմողին:

Գրավոր ընթացակարգով Դիմումի քննությունը շարունակվել է 07.04.2025 թվականին:

07.04.2025 թվականին Դիմողի կողմից ներկայացվել է Արդարադատության նախարարի պատասխանի վերաբերյալ առարկություն:

07.04.2025 թվականին Դիմումի քննությունն ավարտվել է:

17.04.2025 թվականին նշանակվել է որոշման կայացման օր:

 

2. Դիմողի դիրքորոշումը.

Դիմողը 03.03.2025 թվականին ներկայացրել է Դիմում Խորհրդին, որով մասնավորապես հայտնել է հետևյալը. «(...) 08.09.2021 թվականին Դատավորն իրեն սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցով երթևեկել է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դ. Անհաղթի փողոցով: Ժամը 21:00-ի սահմաններում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, միմյանց են բախվել Դատավորի և այլ անձի կողմից վարվող տրանսպորտային միջոցները:

Ճանապարհատրանսպորտային պատահարից հետո ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների և Դատավորի միջև տեղի է ունեցել միջադեպ, որի արդյունքում պարեկային ծառայության աշխատակիցները ձերբակալել են Դատավորին և տեղափոխել ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժին:

Անհայտ անձի կողմից միջադեպի առանձին հատվածներ տեսաձայնագրվել են:

Վերը նշված միջադեպի վերաբերյալ 09.09.2021 թ.-ին Դատավորն անմիջապես զեկուցագիր է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին և հայտնել նշված միջադեպի մասին` դատավորների անկախությունը երաշխավորող մարմնից ակնկալելով համապատասխան աջակցություն ոստիկանների կողմից իր հանդեպ դրսևորած ոչ պատշաճ և պարկեշտ վարքագծի կապակցությամբ:

Դատավորի` իր իսկ ներկայացված զեկուցագիրը Բարձրագույն դատական խորհուրդն օգտագործել է որպես առիթ` այն Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողով ուղարկելու համար:

Դատավորի զեկուցագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցվել է թիվ Կ-15/2021 կարգապահական վարույթը:

Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողովի կողմից 22.11.2021 թ.-ի որոշմամբ թիվ Կ-15/2021 կարգապահական վարույթը կարճվել է այն պատճառաբանությամբ, որ կարգապահական խախտման հիմքում դրված փաստերը հանդիսանում են դատական ստուգման առարկա ՀՀ ոստիկանության կողմից Սիմա Իսկանդարյանի դեմ ոստիկանի օրինական պահանջները չկատարելու և վերջիններիս վիրավորելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով վարչական դատարանին ներկայացված հայցի շրջանակներում, իսկ այդ փաստերը գնահատելու բացառիկ իրավունքը Սահմանադրությամբ և օրենքով վերապահված է դատարանին, ինքնին նախապես հաստատված ուժ ունենալ չեն կարող և հետևաբար ոստիկանության ծառայողների բացատրություններում ներկայացված տեղեկությունները թերևս պետք է ստուգվեն դատական կարգով հիշյալ գործի շրջանակներում: Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողովը գտել է, որ վկայակոչված փաստերը վերջնական ակտով հերքվելուց կամ հաստատվելուց հետո միայն հնարավոր կլինի գալ վերջնական եզրահանգման առ այն, որ առկա է Դատավորի կողմից թույլ տրված այնպիսի արարք, որով վարկաբեկվել է դատական իշխանությունը: Այդ կապակցությամբ Հանձնաժողովն ընդգծել է, որ պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ ԲԴԽ դիմելու մասին որոշումը չի կարող հիմնված լինել դեռ դատական կարգով պարզման ենթակա փաստերի վրա, այսինքն` պայմանավորվել վիճահարույց հանգամանքներով, հիմնված լինել` այնպիսի հավանական եզրակացությունների և դատողությունների վրա, որոնք դատական քննության արդյունքում կարող են հերքվել, ուստի առկա չէ Դատավորին վերագրված նման խախտման համար անհրաժեշտ փաստակազմի այնպիսի անվիճարկելի հիմք, որը բացառում է հակառակի ողջամիտ հավանականությունը:

Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողովի կողմից 22.11.2021 թ.-ի որոշմամբ կարգապահական վարույթը կարճվելուց հետո Սիմա Իսկանդարյանը ստացել է ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Քրիստինե Գրիգորյանի 23.12.2021 թ.-ի կարգապահական վարույթ հարուցելու մասին թիվ 97-Ա որոշումը, որի փաստական հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողով կողմից քննված և արդեն իսկ լուծում ստացած` վերը հիշատակված փաստական հանգամանքները:

Արդարադատության նախարարի 02.02.2022 թվականի N 15-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ` Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Կարգապահական վարույթին կից ներկայացվել է 08.09.2021 թվականին Դատավորի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի տեսաձայնագրությունը:

Բարձրագույն դատական խորհրդում 03.03.2022 թվականին` տեղի ունեցած նիստում Դատավորի ներկայացուցիչները ներկայացրել են կարգապահական վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն` պատճառաբանելով, որ ՀՀ վարչական դատարանում է քննվում ՀՀ ոստիկանության 09.11.2021 թվականի հայցն ընդդեմ Սիմա Իսկանդարյանի` ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին (գործ թիվ ՎԴ/12304/05/21), և այնքանով որքանով դեռևս քննվող գործի միևնույն փաստական հանգամանքներն են դրված դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության կողմից հարուցված միջնորդության հիմքում, հետևապես անհրաժեշտ է կասեցնել կարգապահական վարույթի քննությունը` մինչև դատական կարգով պարզման ենթակա փաստերի հաստատումը կամ հերքումը:

Վերոհիշյալ միջնորդությունը նույն նիստում մերժվել է արձանագրային որոշմամբ:

14.03.2022 թվականի Բարձրագույն Դատական Խորհրդի ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշմամբ (այսուհետ` Որոշում) Դատավորի լիազորությունները դադարեցվել են:

Ուսումնասիրելով գործի նյութերում առկա տեսագրությունը` Խորհուրդը Դատավորի լիազորությունները դադարեցրել է` հիմք ընդունելով երկու փաստական հանգամանք. առաջինը` ոստիկանության ծառայողին վիրավորելը, իսկ երկրորդը` ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելը: Բարձրագույն դատական խորհուրդը, մասնավորապես, նշել է` «Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորը քննարկվող միջադեպի ընթացքում չի ենթարկվել ոստիկանության ծառայողի պահանջներին` կասկածի տակ դնելով դրանց օրինականությունն այն պայմաններում, երբ ոստիկանի կողմից հասարակական կարգի պահպանությանն ուղղված պահանջի նկատմամբ գործում է դրա օրինական լինելու կանխավարկածը: Միաժամանակ Դատավորի նման վարքագիծը զուգորդվել է ոստիկանի նկատմամբ անպարկեշտ արտահայտություններ անելով, ինչպիսի վարքագիծը հասարակության կողմից չի կարող ընկալվել որպես իրավիճակի օբյեկտիվ գնահատականի արտահայտում, առավել ևս դատավորի բարձր կարգավիճակին հարիր վարքագիծ»:

Վարչական դատարանի 26.10.2022 թվականի թիվ ՎԴ/12304/05/21 որոշմամբ ՀՀ ոստիկանության հայցն ընդդեմ Սիմա Իսկանդարյանի` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.3-րդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, մերժվել է:

ՎԴ/12304/05/21 որոշմամբ Դատարանը թույլատրելի չի համարվել Ոստիկանության կողմից ներկայացված այն տեսանյութը, որի միջոցով ԲԴԽ-ն հիմնավորել էր վիրավորանքը, իսկ ոստիկանության ծառայողի օրինական պահանջին չենթարկվելու մասով` հայցվորի ներկայացուցիչները ընդունել են, որ ո՛չ 08.09.2021 թվականին, ո՛չ դրանից հետո չի կազմվել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:

ՀՀ ոստիկանության կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը մերժվել է 31.10.2024 թվականի որոշմամբ:

Վերը նշված որոշման դեմ ՀՀ ոստիկանության կողմից վճռաբեկ բողոք չի ներկայացվել, որոշումը մտել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանն իր որոշմամբ նշել է` «միաժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ գործի նյութերում առկա է էլեկտրոնային կրիչ տեսաձայնագրությամբ /1-ին հատոր, գ. թ. 105/, որը Դատարանը համարել է անթույլատրելի ապացույց` բողոքարկված դատական ակտով հիմնավորելով դրա անթույլատրելիությունը: Այս մասով ուշագրավ է, որ վերաքննիչ բողոքով հայցվոր կողմը չի ներկայացրել իր առարկությունները նշյալ տեսաձայնագրության անթույլատրելի հանդիսանալու մասով, ըստ այդմ, Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասը, այլևս չի անդրադառնում նշյալ հիմնահարցին»: Վերաքննիչ վարչական դատարանը նաև նշել է` «վերը նշյալ ամբողջական դիտարկումների ծանրության ներքո անմիջականորեն գնահատելով գործում առկա բոլոր ապացույցները` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պատասխանողի կողմից Ոստիկանության ծառայողին հրապարակայնորեն վիրավորելը` կապված նրա կողմից հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու հետ, մնում է վիճելի, որի բացասական հետևանքները պետք է կրի հայցվորը, որպիսի պարագայում, առկա չեն հիմքեր պատասխանող Սիմա Իսկանդարյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 172.3-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու համար»:

2. Դիմումի հիմքերը և հիմնավորումները.

1. «ՀՀ Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի վերանայելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին իր որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով:

2. Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` Նոր երևան եկած հանգամանքները հիմք են Բարձրագույն դատական խորհրդի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման վերանայման համար, եթե այն վերանայելու դիմում ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել կարգապահական վարույթի ընթացքում, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել միջնորդություն ներկայացրած անձին ու Բարձրագույն դատական խորհրդին, և այդ հանգամանքները կարգապահական վարույթի համար ունեն էական նշանակություն:

3. Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման միջնորդություն կարող է բերվել սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված հիմքերի ի հայտ գալու պահից 3 ամսվա ընթացքում, եթե Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չի անցել 20 տարի: Դատավորը վերանայման միջնորդությունը կարող է ներկայացնել նաև Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 20 տարին լրանալուց հետո:

4. Վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Սույն օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված, ինչպես նաև 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերով նախատեսված` բողոքարկված և չբեկանված մասով դատական ակտը անփոփոխ թողնելու դեպքերում վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտն (համապատասխան մասը) օրինական ուժի մեջ է մտնում վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից:

5. Հաշվի առնելով վերոհիշյալ կարգավորումները` պետք է նշենք, որ սույն դիմումը ներկայացնելու հիմք են հանդիսացել թիվ ՎԴ/12304/05/21 գործով Վարչական և Վերաքննիչ դատարանների որոշումները:

6. Թիվ ՎԴ/12304/05/21 գործով Վերաքննիչ դատարանի որոշումը Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվել է 01.11.2024 թվականին, և օրինական ուժի մեջ է մտել 03.12.2024 թվականին:

7. Վերոհիշյալ որոշումներով Վարչական և Վերաքննիչ դատարանները ճանաչել են մարդու իրավունքների խախտումներով ձեռք բերված ապացույցի անթույլատրելիությունը և արձանագրել են, որ առկա չեն հիմքեր Սիմա Իսկանդարյանին ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու համար:

i. ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշման հիմքում դրված տեսաձայնագրությունը Վարչական և վերաքննիչ վարչական դատարանների կողմից ճանաչվել է անթույլատրելի ապացույց, որպիսի պարագայում ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշման վերանայման միջոցով դրա հիմքում դրված ապացույցների շարքից պետք է դուրս հանվի տեսաձայնագրությունը:

8. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն` Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհրդի որոշման ներածական մասում նշվում են` այն ապացույցները, որոնց վրա հիմնված են Բարձրագույն դատական խորհրդի հետևությունները, ինչպես նաև այս կամ այն ապացույցն անարժանահավատ համարելու փաստարկները:

9. Սույն դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը, ղեկավարվելով Վարչական դատավարության օրենսգրքի կարգավորումներով, դատավորին վերագրվող արարքները, այն է` ոստիկանության ծառայողին վիրավորելը և ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելը, հիմնավորել է անհայտ անձի կողմից արված տեսաձայնագրությամբ` դատավորի ներկայացուցչի կողմից բարձրացված հարցերը ապացույցն անթույլատրելի ճանաչելու դիտանկյունից համարելով ոչ էական: Ընդ որում, Խորհուրդն ապացույցի թույլատրելիությունը գնահատել է Վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի կարգավորումների շրջանակներում`(1) նշելով. «Վկայակոչված իրավական կարգավորումից հետևում է, որ ապացույցի թույլատրելիությունն ապացույցի պիտանի լինելն է աղբյուրների, տեղեկությունների ստացման մեթոդների և հնարքների օրինականության տեսակետից: Ըստ էության ապացույցների թույլատրելիության կանոնների էությունը նրանում է, որ որպես ապացույց կարող են օգտագործվել այն տվյալները, որոնք համապատասխանում են օրենքի պահանջներին: Հաջորդիվ օրենսդիրը սահմանել է նաև ապացույցի անթույլատրելիության հաջորդ կանոնը, որի էությունը հանգում է հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված ապացույցի օգտագործման արգելքին»: Հաջորդիվ մեջբերելով «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը` Խորհուրդը եզրակացրել է` «Վկայակոչված իրավական կարգավորումից հետևում է, որ ծառայողական պարտականությունների իրականացման ընթացքում ոստիկանության ծառայողն իրավունք ունի իրականացնելու տեսանկարահանում: Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում նշել, որ ի տարբերություն դատական վարույթների, Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այս վարույթում ապացույցներն ընդամենը տեղեկություններ են պարունակում որոշակի արարքի կատարման, բնույթի, ծավալի և այլնի վերաբերյալ, հետևաբար, եթե ապացույցի բովանդակությունն ինքնին կասկածի տակ չի առնվում շահագրգիռ անձի կողմից, ապա, ըստ էության, երկրորդական են դառնում դրա ձեռքբերման հատկանիշները: Այսինքն, եթե նույնիսկ ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, ապա միևնույն է, կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող վարքագիծ թույլ տրված լինելու փաստը շարունակում է գոյություն ունենալ, քանի որ Դատավորը չի վիճարկում տեսագրության բովանդակության իսկությունը, կասկածի տակ չի առնում իր մասնակցությունը տեսագրությամբ ամփոփված միջադեպին(2): Ուստի նշվածի հաշվառմամբ, Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի ներկայացուցչի կողմից բարձրացված հարցերը չեն կարող էական համարվել սույն վարույթի շրջանակներում ապացույցն անթույլատրելի ճանաչելու համար»:

 

____________________

1) Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին ԲԴԽ-68-Ն-15 որոշման Հավելված 1-ի 93-րդ կետի համաձայն` Կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության փուլում Խորհուրդը, որպես դատարան գործելիս, ղեկավարվում է Օրենքով, իսկ այն դեպքում, երբ կոնկրետ դատավարական գործընթացը կարգավորված չէ Օրենքով` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նորմերով:

2) Հարկ է նկատի ունենալ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը որպես ապացույցի տեսակ դիտարկում է դատավարության մասնակցի` որպես վկայի ցուցմունքը: Համաձայն 36-րդ հոդվածի` 1. Եթե, չնայած ապացույցներ ձեռք բերելու համար ձեռնարկված միջոցներին, ձեռք բերված ապացույցները բավարար չեն համապատասխան դատական ակտը կայացնելու համար, և դատավարության մասնակցին կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որևէ փաստ, ապա իր նախաձեռնությամբ կամ մյուս կողմի միջնորդությամբ դատարանը կարող է կարգադրել նրան հանդես գալ որպես վկա: ԲԴԽ-ում իրականացված դատական նիստերի ընթացքում Սիմա Իսկանդարյանը որպես դատավարության մասնակից ցուցմունք չի տվել:

 

10. Մինչդեռ, Բարձրագույն դատական խորհրդի կարգապահական գործընթացին զուգահեռ իրականացված վարչական պատասխանատվության վերաբերյալ վարույթի շրջանակում ևս քննարկման առարկա է դարձել տեսաձայնագրության` որպես ապացույցի թույլատրելիությունը` կրկին ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի կարգավորումների լույսի ներքո:

11. Վարչական դատարանը այդ կապակցությամբ նշել է, «Դատարանը, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը, Ոստիկանության կողմից ներկայացված տեսանյութը, որն առկա է նաև սույն գործով ներկայացված ծառայողական քննության նյութերում, թույլատրելի չի համարել` հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային դիրքորոշումները (տե՛ս օրինակ P. G. և J. H. ընդդեմ Միացյալ Թագավորության գործով ՄԻԵԴ 25.09.2001 թվականի վճիռը, գանգատ 44787/98, Բարբուլեսկուն ընդդեմ Ռումինիայի գործով ՄԻԵԴ 28.10.1999 թվականի վճիռը, գանգատ թիվ 28342/95, Կարին Կեպկեն ընդդեմ Գերմանիայի գործով ՄԻԵԴ 05.10.2010 թվականի վճիռը, գանգատ թիվ 420/07, Անտովիչը և Միրկովիչն ընդդեմ Մոնտենեգրոյի գործով ՄԻԵԴ 28.11.2017 թվականի վճիռը, գանգատ թիվ 70838/13), այն հաշվառմամբ, որ պարզ չէ դրա ծագման աղբյուրը, հետևաբար նաև հնարավոր չէ պարզել տեսագրման նպատակի իրավաչափությունը, համաչափությունը, տեսանկարահանվողի համար ողջամտորեն կանխատեսելիությունը, (այն դեպքում, երբ պատասխանողի ներկայացուցիչը դատական նիստով առարկեց տեսանյութը որպես ապացույց ընդունելու միջնորդության դեմ), չարաշահման դեմ բավարար երաշխիքների առկայությունը»: Այսինքն` Վարչական դատարանը, հիմք ընդունելով հենց Բարձրագույն Դատական Խորհրդի կողմից կիրառված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի` հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցների օգտագործումն արգելվում է: Դրանք ապացուցողական ուժ չունեն և չեն կարող դրվել դատական ակտի հիմքում, տեսաձայնագրությունը համարել է ոչ թույլատրելի ապացույց:

12. Վարչական դատարանի կողմից տեսաձայնագրության անթույլատրելիության ճանաչումը բացառում է այնպիսի դատական ակտերի գոյությունն ու իրավաբանական ուժը, որոնք հիմնված են այդ անթույլատրելի ապացույցի վրա: Հակառակ պարագայում կխարխլվի իրավական անվտանգությունը և կխախտվի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայունության և պարտադիրության սկզբունքը, որին անդրադարձել է նաև ՀՀ Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-754 որոշմամբ` նշելով. «Միջազգային իրավունքում հայտնի սկզբունքը` «Դատարանը կրկին չի որոշի արդեն որոշված գործը» (res judicata), ամրագրված է ինչպես միջազգային դատական մարմինների հիմնադիր փաստաթղթերում, այնպես էլ մի շարք պետությունների` քրեական և քաղաքացիական արդարադատության վերաբերյալ օրենսդրության մեջ: Այս սկզբունքը ենթադրում է, որ դատական գործով ընդունված վերջնական որոշումը որպես իրավական որոշակիության արդյունք ենթակա է հարգանքի»:

13. Այս առնչությամբ հարկ է նկատի ունենալ, որ վերանայման վարույթների միջոցով ներդաշնակեցվում են ներպետական դատարանների հակասական իրավական դիրքորոշումներ: ՄԻԵԴ-ը ներպետական դատարանների հակասական որոշումների պայմաններում քննարկում է արդար դատաքննության իրավունքի խախտման առկայությանը, եթե առկա են «խորքային և կայուն անհամապատասխանություններ», և օրենսդրությունը կամ չի նախատեսում այդ անհամապատասխանությունները վերացնելու մեխանիզմներ, կամ առկա մեխանիզմները չեն կիրառվել (տես` lordan Iordanov և ուրիշներ ընդդեմ Բուլղարիայի, թիվ 23530/02, §§ 49-50, 2 հուլիսի 2009 թ. Stefanica և ուրիշներ ընդդեմ Ռումինիայի, թիվ 38155/02, § 36, 2 նոյեմբերի 2010թ.): Եվրոպական դատարանի գնահատման հիմքում մշտապես ընկած է իրավական որոշակիության սկզբունքը, որը նպատակ ունի ապահովելու իրավական կայունությունը և ամրապնդելու հանրային վստահությունը արդարադատության համակարգի նկատմամբ: Դատական ակտերի կայուն հակասությունը կարող է հանգեցնել իրավական անորոշության, որը կարող է նվազեցնել հանրային վստահությունը դատական համակարգի նկատմամբ, այն դեպքում, երբ այդ վստահությունը հանդիսանում է իրավունքի գերակայության հիմնական բաղադրիչներից մեկը (տես` Paduraru ընդդեմ Ռումինիայի, թիվ 63252/00, § 98, ԵԴԱ 2005-XII (հատվածներ), Vincic և ուրիշներ ընդդեմ Սերբիայի, թիվ 44698/06 և այլք, § 56, 1 դեկտեմբերի 2009 թ., Stefan և Stef, վերը նշված, § 33, և Stefanica և ուրիշներ, վերը նշված, § 38):

14. Ակսիսը և այլոք ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանը գտել է, որ դիմումատուների բողոքի հիմնական էությունը հենց այն է, որ Վճռաբեկ դատարանի 4-րդ և 13-րդ քաղաքացիական պալատները տարբեր կերպ են որակել 1999 թվականի օգոստոսի 17-ի երկրաշարժի հետևանքով պատճառված վնասների փոխհատուցման պահանջները և տարակերպ են հաշվարկել վաղեմության ժամկետները:

Դիմումատուների հայցը մերժվել է, քանի որ այն քննվել էր Վճռաբեկ դատարանի 13-րդ քաղաքացիական պալատի կողմից, որը վեճը որակել էր որպես պայմանագրային, իսկ տասնամյա վաղեմության ժամկետը հաշվարկել էր շինարարական աշխատանքների ավարտից: Մինչդեռ նման գործերով 4-րդ քաղաքացիական պալատը հայցերը դիտարկել է որպես արտապայմանագրային պատասխանատվության պահանջներ և հաշվարկել վաղեմության ժամկետը երկրաշարժի օրվանից (տես § 54): Եվրոպական դատարանը նաև նկատել է, որ դիմումատուների` դատական պրակտիկայի ներդաշնակեցման վերաբերյալ դիմումը վարույթի չի ընդունվել Վճռաբեկ դատարանի կողմից, որպիսի պարագայում դատարանն արձանագրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում:

ii. Վարչական և վերաքննիչ վարչական դատարանները, արձանագրել են, որ առկա չեն հիմքեր Սիմա Իսկանդարյանին ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու համար:

15. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն` հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

16. Այսինքն, ոստիկանության ծառայողի օրինական պահանջին չենթարկվելը վարչական զանցանք է, որի կատարումը կարող է հիմնավորվել բացառապես վարչական օրենսդրությամբ նախատեսված կարգով` վարչական դատարանի դատական ակտով: Սա նաև նշանակում է, որ միայն նշված զանցանքի` սահմանված ընթացակարգերով հաստատումից հետո կարող են վրա հասնել բացասական հետևանքներ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար:

17. Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Վարչական դատարանները քննում են` սույն օրենսգրքի 41.5, 147, 172.3 հոդվածներով, 180.1, 182, 183.1, 189.2-189.6, 189.9, 189.25, 189.26-189.28 հոդվածներով, 198.2 հոդվածի չորրորդ մասով և 206.16-րդ հոդվածով նախատեսված դեպքերում` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների (պաշտոնատար անձանց) հայցադիմումով:

18. Այդ առնչությամբ Վարչական դատարանը նշել է. «Այսպես, ՀՀ վարչական դատարանի` թիվ ՎԴ/12388/05/21 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած 03.03.2022 թվականի վճռով անվավեր է ճանաչվել 08.09.2021 թվականի թիվ 8180018458 որոշումը, որով Սիմա Իսկանդարյանը վարչական պատասխանատվության էր ենթարկվել տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար` մեկ լիտր արյան մեջ ալկոհոլի պարունակությունը 0.560 մլ քանակով պայմանավորված, մինչդեռ վարչական դատարանը փաստել է, որ առկա չէ որևէ ապացույց առ այն, որ Սիմա Իսկանդարյանն անցել է զննություն` արյան հետազոտության միջոցով:

Բացի դա, նշված զեկուցագրում և բացատրություններով փաստվել է, որ Սիմա Իսկանդարյանը չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին, մինչդեռ սույն գործով հայցվորի ներկայացուցիչն ընդունեց, որ ո՛չ 08.09.2021 թվականին, ո՛չ դրանից հետո չի կազմել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու փաստի կապակցությամբ, թեև իրավական պետությունում վարչական իրավախախտման գործով արձանագրություն կազմող վարչական մարմինը պարտավոր է իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում արձագանքելու վարչական իրավախախտման փաստին:

Վերոգրյալի հիման վրա Դատարանը փաստում է, որ Ղ. Գրիգորյանի 08.09.2021 թվականի զեկուցագրի, ինչպես նաև նույն օրը Ղ. Գրիգորյանի և Ս. Մարուքյանի բացատրությունների` որպես ապացույց արժանահավատությունը խնդրահարույց է, և Դատարանի կողմից վերը նշված փաստարկները որևէ ապացույցներով չեն հերքվում, կասկածները չեն փարատվում»:

19. Հարկ է նկատել, որ նույնիսկ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության առկայության պայմաններում` նշված արձանագրությունը չէր կարող համարվել որպես ապացույց: Այսպես` սույն գործով Վերաքննիչ դատարանը արձանագրել է` «...Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատավարության կարգը սահմանվում է սույն օրենսգրքով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով:

Իսկ նույն օրենսգրքի 216-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերով վարչական իրավախախտման մասին արձանագրություն կազմելու կամ հայցադիմումի համար հիմք ծառայած հանգամանքների ապացուցման բեռը չի կարող դրվել այն անձի վրա, որի գործողությունների վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրությունը: Արձանագրությունը ինքնին ապացույց չէ:

Այսպիսով` ստեղծված իրողության պարագայում կիրառման ենթակա են ոչ թե Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածում զետեղված իրավական կարգավորումները, այլ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված դրույթները: Իսկ վերը ներկայացված իրավական դրույթների վերլուծությունից անմիջականորեն բխում է, որ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերի վարույթի շրջանակներում վարչական իրավախախտման մասին արձանագրություն կազմելու համար հիմք ծառայած հանգամանքների ապացուցման բեռը կրում է վարչական մարմինը: Ավելին, քննարկվող դեպքում օրենսդիրն արձանագրությունն ինքնին ապացույց չի դիտարկել»:

20. Հատկանշական է նաև այն, որ գործի քննության ընթացքում, պատասխանելով օրինական պահանջին չենթարկվելու հարցին, Վարույթ հարուցած մարմինը նշել է, մեջբերում ենք, - այդ և Ձեր կողմից թվարկված նախորդիվ մի քանի այլ ձևակերպումներ միջնորդությունում ընդգրկված, դրանք առերևույթ որպես այդպիսին գոյություն ունենալու մակարդակում են նկարագրված որպես փաստական տվյալներ, որոնք հայտնի են դարձել գործի նյութերից, սակայն դրանք միջնորդության հիմքում դրված չեն, այսինքն առերևույթ վիրավորական արտահայտությունն է դրված միջնորդության հիմքում (10.03.2022 թվականի նիստից):

21. Ուստի, սույն իրավիճակում, թեև ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու հանգամանքը կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության հիմքում դրված չի եղել, սակայն ԲԴԽ-ն իր որոշման հիմքում դրել է նաև այդ արարքը` դրա կատարումը հաստատված համարելով` նախքան օրենքով սահմանված ընթացակարգերով Դատավորին վերագրվող` ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու արարքի պարզումը:

22. Հաշվի առնելով ՎԴ/12304/05/21 գործով Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների որոշումները, որոնք հերքում են Դատավորի կողմից ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու զանցանքի առկայությունը, ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշումը ենթակա է վերանայման նոր երևան եկած հանգամանքի ուժով:

3. Դիմումի իրավապայմանները

23. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են Բարձրագույն դատական խորհրդի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման վերանայման համար, եթե` այն վերանայելու դիմում ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել կարգապահական վարույթի ընթացքում, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել միջնորդություն ներկայացրած անձին ու Բարձրագույն դատական խորհրդին, և այդ հանգամանքները կարգապահական վարույթի համար ունեն էական նշանակություն:

24. Օրենսդիրը սույն հոդվածով առանձնացրել է այն իրավապայմանները, որոնց առկայության պայմաններում իրավասու անձանց կողմից ներկայացված հանգամանքները կարող են համարվել «նոր երևան եկած», դրանք են.

- այդ հանգամանքները գոյություն են ունեցել կարգապահական վարույթի ընթացքում,

- այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել միջնորդություն ներկայացրած անձին ու Բարձրագույն դատական խորհրդին,

- այդ հանգամանքները կարգապահական վարույթի համար ունեն էական նշանակություն:

25. ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշման վերանայման` նոր երևան եկած երկու ինքնուրույն հանգամանքներն են.

1. հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված ապացույցի օգտագործումը;

2. ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար վարչական պատասխանատվության հիմքերի բացակայության պայմաններում` կարգապահական վարույթի շրջանակում այդ արարքի վերագրելիությունը դատավորին:

26. Նշված հանգամանքները գոյություն են ունեցել կարգապահական վարույթի ընթացքում, սակայն հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել Դատավորին ու Բարձրագույն դատական խորհրդին այն պատճառով, որ այդ հանգամանքները հաստատվել են միայն Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների կողմից:

27. Դիմումում ներկայացված հանգամանքներն էական նշանակություն ունեն կարգապահական վարույթի համար, քանի որ ՎԴ/12304/05/21 գործով Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների որոշումներով անթույլատրելի ճանաչված տեսաձայնագրությունը ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշման հիմքում դրված միակ ապացույցն է, հետևապես կանխորոշում է կարգապահական վարույթի ելքը: Նույն կերպ, ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար վարչական պատասխանատվության հիմքերի բացակայության դատական արձանագրումը բացառում է նշված ենթադրյալ արարքի համար որևէ, այդ թվում` կարգապահական հետևանքի առաջացումը:

Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 5-րդ մասով, խնդրում ենք` 14.03.2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշումը նոր երևան եկած հանգամանքներով վերանայել (...):»:

Դիմողը 07.04.2025 թվականին ներկայացրել է Արդարադատության նախարարի պատասխանի վերաբերյալ դիրքորոշում, հայտնելով հետևյալը.»21.03.2025 թվականին ներկայացված դիմումի պատասխանով Արդարադատության նախարարը (այսուհետ` Նախարար) հանգել է այն հետևությանը, որ վարչական պատասխանատվության ենթարկելու գործով միևնույն ապացույցի վերաբերյալ Վարչական դատարանի կողմից տրված գնահատականը չի կարող հիմք հանդիսանալ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու համար:

Ուստի, սույն դիրքորոշմամբ ցանկանում ենք անդրադառնալ նախարարի կողմից ներկայացված դիմումի պատասխանի հիմքերին և հիմնավորումներին:

Արդյո՞ք կարգապահական վարույթի հարուցման և իրականացման հետագա գործընթացները կարգավորվում են բացառապես ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով:

Իր հիմնավորումներում Նախարարը նշել է` «Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ կարգապահական վարույթի հարուցման և իրականացման հետագա գործընթացը կարգավորվում է բացառապես Օրենսգրքով: Ընդ որում, Օրենսգրքի համալիր ուսումնասիրության արդյունքում պետք է փաստել, որ օրենսդիրը չի հատկորոշել դատավորի կողմից թույլ տրված խախտման վերաբերյալ ձեռքբերված ապացույցների թույլատրելիության կամ արժանահավատության կանոններ, սակայն անդրադարձել է ապացույցների ստացման եղանակներին, որպիսի պարագայում կարելի է եզրահանգել, որ Օրենսգրքով դրանց կարգավորված չլինելը պայմանավորված է եղել դատավորի կողմից թույլ տրված խախտումը հիմնավորելու համար ավելի ցածր ապացուցողական շեմ սահմանելով` սահմանափակվելով միայն ներկայացված ապացույցների վերաբերելիության և իսկության ստուգմամբ (...)»:

Վերոգրյալի հետ կապված հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին ԲԴԽ-68-Ն-15 որոշման Հավելված 1-ի 93-րդ կետի համաձայն` կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության փուլում Խորհուրդը, որպես դատարան գործելիս, ղեկավարվում է Օրենքով, իսկ այն դեպքում, երբ կոնկրետ դատավարական գործընթացը կարգավորված չէ Օրենքով` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նորմերով:

Այսինքն, Խորհուրդը հենց ինքն է ընտրել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նորմերը որպես կիրառելի օրենք` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս: Ուստի, Ապացույցի վերաբերելիության և թույլատրելիության հարցը որոշելիս Խորհուրդը պետք է շարժվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նորմերով: Ըստ այդմ, Վարչական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի կողմից միևնույն դատավարական նորմերին ենթարկվելու պայմաններում խոսք չի կարող գնալ ապացույցի ավելի ցածր շեմ սահմանված լինելու մասին:

Հետևաբար, նախարարի այն պնդումը, ըստ որի վարույթի հարուցման և իրականացման հետագա գործընթացը կարգավորվում է բացառապես «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, և որ օրենսդիրը չի սահմանել դատավորի կողմից թույլ տրված խախտման վերաբերյալ ձեռքբերված ապացույցների թույլատրելիության կամ արժանահավատության կանոններ, հակասում է ԲԴԽ-68-Ն-15 որոշման Հավելված 1-ի 93-րդ կետին:

Արդյո՞ք միայն օրինական ուժի մեջ մտած արդարացման կամ մեղադրական դատավճիռն է պարտադիր Բարձրագույն դատական խորհրդի համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելիս:

Հաջորդիվ մեջբերելով Դատական օրենսգրքի 150-րդ հոդվածի 4-րդ մասը` Նախարարը նշել է «Հարկ է նշել նաև, որ Օրենսգրքի համալիր ուսումնասիրությունից հետևում է, որ միայն Օրենսգրքի 150-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` օրինական ուժի մեջ մտած արդարացման կամ մեղադրական դատավճիռն է պարտադիր Բարձրագույն դատական խորհրդի համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելիս, այսինքն` նույնիսկ քաղաքացիական և վարչական դատավարության կարգով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված փաստերին օրենսդիրը նշանակություն չի տվել և նախադատելի չի համարել Բարձրագույն դատական խորհրդում քննվող կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործի համար»:

Սույն իրավիճակում անհրաժեշտ է նկատել, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքին տրվել է սխալ մեկնաբանություն:

Այսպես` նշված հոդվածի համաձայն` Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհուրդը կարճում է, եթե կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը վերսկսելուց հետո առկա են սույն օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված դատավորի լիազորությունների դադարման հիմքեր: Օրինական ուժի մեջ մտած արդարացման կամ մեղադրական դատավճիռը կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելիս պարտադիր է Բարձրագույն դատական խորհրդի համար միայն այն փաստերով, որոնցով հաստատված են որոշակի գործողությունների կատարումը և դրանք կատարած անձինք:

Սույն հոդվածը անհրաժեշտ է մեկնաբանել օրենսգրքի 160-րդ հոդվածի համատեքստում, որով սահմանված են դատավորի լիազորությունների դադարման հիմքերը: Այսինքն` տվյալ իրավիճակում խոսքը գնում է դատավորի լիազորությունների դադարման հիմքով կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը կարճելու մասին, իսկ «դատավորի լիազորությունների դադարում» և «դատավորի լիազորությունների դադարեցում» հասկացությունները տարբեր են: Մասնավորապես, Սահմանադրության 164-րդ հոդվածից հետևում է, որ դատավորի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվում են անհամատեղելիության պահանջները խախտելու, քաղաքական գործունեությամբ զբաղվելու, առողջական վիճակի պատճառով պաշտոնավարման անհնարինության, էական կարգապահական խախտում կատարելու դեպքերում: Իսկ դատավորի լիազորությունները դադարում են` լիազորությունների ժամկետն ավարտվելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցնելու, նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրա հրաժարականի, մահվան դեպքերում:

Դատավորի լիազորությունների դադարեցման վերաբերյալ Սահմանադրության համառոտ պարզաբանումներում նշված է «Դատավորի արտաքին անկախությանն առնչվող մեկ այլ կարևոր հարց է նրա լիազորությունների դադարեցման իրավասություն ունեցող սուբյեկտների շրջանակը: 2005թ. խմբագրությամբ Սահմանադրությամբ Հանրապետության նախագահին էր վերապահված ոչ միայն դատավորի լիազորությունների դադարեցման, այլև նրան կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու հարցերում վերջնական որոշման իրավասությունը: 2015թ. խմբագրությամբ Սահմանադրությամբ այս հարցերը վերապահվել են միայն Բարձրագույն դատական խորհրդի իրավասությանը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորների դեպքում` Սահմանադրական դատարանին»(3):

 

____________________

3) Հայաստանի Հանրապետության 2015 թ. խմբագրությամբ Սահմանադրությունը.- Եր.: Տիգրան Մեծ, 2016 - 132 էջ: https://lawlibrary.info/ar/books/giz2016-ar -Brief_explanations_of_Consitution_2016.pdf;

 

Այսինքն` դադարման դեպքում հետևանքն առաջանում է իրավունքի ուժով, երբ առկա է փաստը, ուստի այդ է պատճառը, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 4-րդ մասում նշվում է միայն օրինական ուժի մեջ մտած արդարացման կամ մեղադրական դատավճռի մասին:

Հետևաբար, նշված նորմը չի կարող մեկնաբանվել այնպես, որ քաղաքացիական և վարչական դատավարության կարգով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված փաստերը նախադատելի չեն Բարձրագույն դատական խորհրդում քննվող կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործի համար և չեն կարող հիմք հանդիսանալ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու համար:

Արդյո՞ք Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի կողմից կարգապահական խախտում թույլ տալու փաստն ապացուցելու համար կիրառում է ապացույցի թույլատրելիության ավելի ցածր շեմ:

Նախարարը, մեջբերելով թիվ ՎԴ/12304/05/21 որոշումը, եկել է այն եզրահանգման, որ Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի կողմից կարգապահական խախտում թույլ տալու փաստն ապացուցելու համար կիրառում է ապացույցի թույլատրելիության ավելի ցածր շեմ:

Ինչպես արդեն նշել ենք, միևնույն դատավարական նորմերին ենթարկվելու պայմաններում ապացույցի թույլատրելիության շեմը չի կարող տարբեր լինել: Այսինքն` անկախ այն հանգամանքից անձը ենթարկվում է կարգապահական, թե վարչական պատասխանատվության, միևնույն նորմերի կիրառման դեպքում ապացույցի թույլատրելիության շեմը չի կարող նվազ լինել: Սակայն նվազ կարող է լինել անձին պատասխանատվության ենթարկելու շեմը. անձը կարող է կարգապահական պատասխանատվության ենթարկվել այնպիսի արարքի համար, որի համար վարչական պատասխանատվություն նախատեսված չէ:

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
17.04.2025
N ԲԴԽ-19-Ո-Կ-3
Որոշում