ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-19-Ո-Կ-3
2025 թ.
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 14.03.2022 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ ԲԴԽ-24-Ո-Կ-6 ՈՐՈՇՄԱՆ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔԻ ՀԻՄՔՈՎ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(2-րդ մաս)
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ` ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`
նախագահությամբ`
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ա. Աթաբեկյանի
մասնակցությամբ`
անդամներ Ա. Դանիելյանի
Կ. Թումանյանի
Ե. Թումանյանցի
Էդ. Հովհաննիսյանի
Ք. Մկոյանի
քարտուղարությամբ` Ս. Բերակչյանի
2025 թվականի ապրիլի 17-ին ք. Երևան
Այնուամենայնիվ, տվյալ դեպքում Դատավորի լիազորությունների դադարեցման հիմքում դրվել է հենց ոստիկանության ծառայողին վիրավորելու հանգամանքը, որի համար պատասխանատվություն նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով: Բարձրագույն դատական խորհուրդը, մասնավորապես, նշել է` «(...) Վերը նշված հոդվածների մեկնաբանությունից բխում է, որ ոստիկաններն օրենքով նախատեսված այն սուբյեկտներն են, որոնք ունենալով իրավախախտներին պատասխանատվության ենթարկելու իրավական գործիքակազմ` ապահովում են հասարակական կարգի պահպանությունը, ուստի ոստիկանության ծառայողների համազգեստ կրողների նկատմամբ յուրաքանչյուր քաղաքացի պետք է տածի հարգանք, իբրև հարգանք` սեփական պետության կարգուկանոնի հանդեպ, ինչը դրսևորվում է նրանում, որ բոլոր քաղաքացիները և պաշտոնատար անձինք պարտավոր են անվերապահ կատարել ոստիկանության ծառայողի օրինական պահանջները:
(...) իր արտահայտություններով Դատավորն անպարկեշտ վարքագիծ է դրսևորել գործադիր իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության ծառայողների նկատմամբ, չի ենթարկվել վերջիններիս` օրինական պահանջներին, ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք, դուրս է եկել քաղաքավարության նորմերի շրջանակից, խախտել է բարեկրթության կանոնները` ցածրացնելով Դատավորի բարձր կարգավիճակը»:
Ուստի հարկ է արձանագրել, որ Դատավորի լիազորությունների դադարեցման հիմքում դրված է այնպիսի արարք, որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով, և որը չի հիմնավորվել Վարչական դատավարության կարգով:
Արդյո՞ք այն հանգամանքը, որ Դատավորը չի վիճարկել տեսագրության բովանդակության իսկությունը և կասկածի տակ չի դրել տեսագրությամբ ամփոփված միջադեպին իր մասնակցությունը, ինքնին տեսագրությունը թույլատրելի ապացույց է դարձնում:
Նախարարը, մեջբերելով Խորհրդի որոշումը, նշել է` «Վերոգրյալից կարելի է եզրահանգել, որ Խորհուրդն արդեն իսկ քննարկվող որոշմամբ նախորդիվ արտահայտել է այն դիրքորոշումը, ըստ որի` եթե նույնիսկ ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, ապա միևնույն է, կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող վարքագիծ թույլ տրված լինելու փաստը շարունակում է գոյություն ունենալ, քանի որ Դատավորը չի վիճարկում տեսագրության բովանդակության իսկությունը, կասկածի տակ չի առնում իր մասնակցությունը տեսագրությամբ ամփոփված միջադեպին»:
Սույն դեպքում անհրաժեշտ է նկատել, որ Դատավորի կողմից 27.02.2025 թվականի ներկայացված դիմումով` որպես նոր երևան եկած հանգամանք, ներկայացվել է տեսագրության` որպես ապացույց, թույլատրելի չլինելու հարցը, որը հաստատվել է Վարչական դատարանի կողմից: Ուստի, Դատավորի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ընթացքում տեսագրության բովանդակության իսկությունը չվիճարկելը դեռևս ապացույցը թույլատրելի չի դարձնում: Ավելին` կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ընթացքում հենց Դատավորն է միջնորդություն ներկայացրել, որպեսզի կասեցվի` կարգապահական վարույթը, քանի որ Վարչական դատարանում ընթացող իրավական գործընթացի շրջանակներում, ի թիվս այլնի, պետք է պարզվեր նաև տեսագրության բովանդակության իսկությունը:
Սիմա Իսկանդարյանը կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ընթացքում միջնորդել է Բարձրագույն դատական խորհրդին տեսագրությունը դիտել ոչ թույլատրելի ապացույց այն նույն հիմնավորումներով, որոնցով հետագայում ինչպես առաջին ատյանի, այնպես է վերաքննիչ վարչական դատարանների կողմից այն համարվել է ոչ թույլատրելի ապացույց:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Դատավորը կասկածի տակ չի առել իր մասնակցությունը տեսագրությամբ ամփոփված միջադեպին, ապա պետք է նկատենք, որ նշված հանգամանքը կասկածի տակ չի դրվել նաև վարչական դատավարության ընթացքում, ավելին` Դատարանը իր որոշմամբ փաստել է. «Դատարանը փաստում է, որ գործում առկա ապացույցներով հաստատվող միակ` առերևույթ վիրավորանք («ոչխար») պարունակող արտահայտությունը Սիմա Իսկանդարյանը կատարել է բացառապես իրեն ցավ պատճառելու արդյունքում` «ոչխար ես, որովհետև ինադու ցավացնում ես»»:
Այսինքն` Բարձրագույն դատական խորհրդի կողմից` որպես վիրավորանք գնահատված վերը նշված արտահայտությունը եղել է Սիմա Իսկանդարյանին պատճառված ֆիզիկական ցավի, պարեկների ոչ վայել վարքագծի և վերջինիս հասցեին անհարգալից արտահայտությունների հնչեցման հետևանք, որի առնչությամբ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 31.10.2024թ. որոշմամբ ևս մեկ անգամ շեշտվել է այն հանգամանքը, որ գործի նյութերում առկա է եղել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի տեղակալի 08.06.2022 թվականի թիվ 28/354 գրությունը, որով ընդունվել են պարեկային ծառայության համապատասխան աշխատակցի կողմից Սիմա Իսկանդարյանի նկատմամբ դրսևորած անհարգալից վերաբերմունքի, վերջինիս հասցեին անհարգալից արտահայտությունների հնչեցման և պարեկային ծառայության կողմից իրենց լիազորությունների ոչ պատշաճ կատարման փաստերը:
Հենց այդ հանգամանքներով է պայմանավորված եղել միջադեպի հաջորդ օրը Սիմա Իսկանդարյանի նախաձեռնությամբ Բարձրագույն դատական խորհուրդ զեկուցագիր ներկայացնելը` ակնկալելով Բարձրագույն դատական խորհրդից գնահատական տալ դատավորի նկատմամբ դրսևորած ոչ վայել վարքագծի կապակցությամբ, սակայն հենց նույն զեկուցագիրը հետագայում դրվեց կարգապահական վարույթի հարուցման հիմքում սկզբում Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողովի կողմից, որի 22.11.2021թ.-ի թիվ Կ-15/2021 որոշմամբ կարճվեց կարգապահական վարույթը, ապա նույն փաստական հանգամանքներով կրկնակի հարուցման հիմքում ՀՀ արդարադատության նախարարության կողմից` դատավորի լիազորությունների դադարեցման ելքով` ապահովելով միևնույն հարցի վերաբերյալ երկու հավասարազոր իրավասու մարմինների իրարամերժ որոշումների գոյություն:
Այսպիսով, Դատավորի կողմից տեսագրությամբ ամփոփված միջադեպին իր մասնակցությունը կասկածի տակ չդնելը ևս չի կարող տեսագրությունը դարձնել թույլատրելի ապացույց:
Նման պայմաններում, ստացվում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը, ունենալով պարտականություն առաջնորդվելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նորմերով և հենց այդ օրենսգրքով քննելու Սիմա Իսկանդարյանի` դեռևս կարգապահական հարցի քննության ընթացքում ներկայացված` ապացույցն անթույլատրելի ճանաչելու միջնորդությունը, չի առաջնորդվել դրանով, և դատավորի լիազորությունների դադարեցման հիմքում դրել է լիազորությունների դադարեցումից հետո հետագայում Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից արդեն իսկ անթույլատրելի ճանաչված միակ ապացույցը` տեսագրությունը:
Սիմա Իսկանդարյանը կարգապահական հարցի քննության ընթացքում չի տվել նաև վկայի ցուցմունքներ»:
3. Արդարադատության նախարարի դիրքորոշումը.
Արդարադատության նախարարը 24.03.2025 թվականին Խորհրդին ներկայացրած պատասխանով հայտնել է հետևյալը.
«(...) 3. Դիմումի քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.
3.1 Խորհրդի 14.03.2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշմամբ, մասնավորապես, նշված է հետևյալը.
«Տվյալ պարագայում գործի նյութերում առկա տեսագրության ուսումնասիրությունից պարզվել է, որ վթարից հետո Դատավորը հրաժարվել է ենթարկվել իրենց պաշտոնեական լիազորություններն իրականացնող ոստիկանների պահանջներին: Մասնավորապես ոստիկանների կողմից Դատավորին բերման ենթարկելու փորձ կատարելիս վերջինս դիմադրություն է ցույց տվել` ասելով «ուրեմն կմնամ ստեղ», «այ սենց կմնամ ստեղ»: Ոստիկանի` ոստիկանական ավտոմեքենան նստելու պահանջին ի պատասխան Դատավորն ընդդիմացել է, պահանջել չցավեցնել իրեն` ասելով «չեմ քայլում և չեմ նստում»: Միաժամանակ ոստիկանի այն հարցադրմանը, թե ինչու է Դատավորը վիրավորում վերջինիս` ասելով «ոչխար», Դատավորը պատասխանել է` «ոչխար ես, որովհետև կին ա ու ցավացնում ես»: Այնուհետև, ոստիկաններից մեկի` «հավքի բեր» արտահայտությունից հետո Դատավորին նստեցրել են ոստիկանական ավտոմեքենան:
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորը քննարկվող միջադեպի ընթացքում չի ենթարկվել ոստիկանության ծառայողի պահանջներին` կասկածի տակ դնելով դրանց օրինականությունն այն պայմաններում, երբ ոստիկանի կողմից հասարակական կարգի պահպանությանն ուղղված պահանջի նկատմամբ գործում է դրա օրինական լինելու կանխավարկածը: Միաժամանակ Դատավորի նման վարքագիծը զուգորդվել է ոստիկանի նկատմամբ անպարկեշտ արտահայտություններ անելով, ինչպիսի վարքագիծը հասարակության կողմից չի կարող ընկալվել որպես իրավիճակի օբյեկտիվ գնահատականի արտահայտում, առավել ևս դատավորի բարձր կարգավիճակին հարիր վարքագիծ: (...)
Մինչդեռ քննարկելով Դատավորի կողմից թույլ տրված արտահայտություններն ու վարքագիծը` Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ միջնորդության հիմքում վկայակոչված բոլոր փաստական հանգամանքներն ապացուցում են, որ Դատավորի կողմից թույլ են տրվել արտահայտություններ և դրսևորվել է վարքագիծ, որոնք անհամատեղելի են դատավորի կարգավիճակի հետ. իր արտահայտություններով Դատավորն անպարկեշտ վարքագիծ է դրսևորել գործադիր իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության ծառայողների նկատմամբ, չի ենթարկվել վերջիններիս օրինական պահանջներին, ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք, դուրս է եկել քաղաքավարության նորմերի շրջանակից, խախտել է բարեկրթության կանոնները` ցածրացնելով Դատավորի բարձր կարգավիճակը: (...)
Վկայակոչված իրավական կարգավորումից հետևում է, որ ծառայողական պարտականությունների իրականացման ընթացքում ոստիկանության ծառայողն իրավունք ունի իրականացնելու տեսանկարահանում: Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում նշել, որ ի տարբերություն դատական վարույթների, Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այս վարույթում ապացույցներն ընդամենը տեղեկություններ են պարունակում որոշակի արարքի կատարման, բնույթի, ծավալի և այլնի վերաբերյալ, հետևաբար, եթե ապացույցի բովանդակությունն ինքնին կասկածի տակ չի առնվում շահագրգիռ անձի կողմից, ապա, ըստ էության, երկրորդական են դառնում դրա ձեռքբերման հատկանիշները: Այսինքն, եթե նույնիսկ ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, ապա միևնույն է, կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող վարքագիծ թույլ տրված լինելու փաստը շարունակում է գոյություն ունենալ, քանի որ Դատավորը չի վիճարկում տեսագրության բովանդակության իսկությունը, կասկածի տակ չի առնում իր մասնակցությունը տեսագրությամբ ամփոփված միջադեպին: Ուստի նշվածի հաշվառմամբ, Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի ներկայացուցչի կողմից բարձրացված հարցերը չեն կարող էական համարվել սույն վարույթի շրջանակներում ապացույցն անթույլատրելի ճանաչելու համար:
Ավելին, սույն դեպքում Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում այն փաստը, որ Դատավորն ինքն է միջնորդել Բարձրագույն դատական խորհրդի նիստում ապացույցների հետազոտման ընդունված կարգից շեղմամբ հետազոտել տեսագրությունը` հիմնավորելու համար Դատավորին վերագրվող վարքագիծը իրավիճակից թելադրվող, միջադեպի մյուս մասնակիցների վարքագծով պայմանավորված լինելու և կարգապահական խախտման հատկանիշներ չպարունակելու հանգամանքները, և երբևէ չի հերքել տեսագրված վարքագիծն իր կողմից դրսևորված լինելը: (...)»
3.2 Թիվ ՎԴ/12304/05/21 վարչական գործի շրջանակներում Վարչական դատարանի կողմից քննության է առնվել ՀՀ ոստիկանության հայցն ընդդեմ Սիմա Իսկանդարյանի` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.3-րդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, որի արդյունքում 03.08.2022 թվականին կայացված որոշմամբ հայցը մերժվել է: Հիշյալ որոշմամբ, մասնավորապես, նշված է հետևյալը.
«Նման պայմաններում Դատարանը նկատում է, որ գործում առկա չէ որևէ ապացույց, որով կհաստատվեր, որ Սիմա Իսկանդարյանը ոստիկանական ծառայողի կողմից հենց հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականություններ իրականացնելու հետ պայմանավորված է վերջինիս նկատմամբ օգտագործել վերը նշված արտահայտությունը:
Այսպես, անդրադառնալով գործում առկա ապացույցներին, Դատարանը փաստում է, որ հայցվորի կողմից ներկայացված զեկուցագիրը, ոստիկանների կողմից տրված բացատրությունները Դատարանը արժանահավատ չի համարում թեկուզ և այն պատճառաբանությամբ, որ գործում առկա են և վերևում արդեն իսկ նշվել են բավարար ապացույցներ, որ ոստիկանները Սիմա Իսկանդարյանի նկատմամբ դրսևորել են ոչ իրավաչափ վարքագիծ, ինչն արդեն իսկ կասկած է հարուցում` արդյո՞ք առհասարակ Սիմա Իսկանդարյանը թույլ է տվել իրեն վերագրվող արտահայտությունները («ոչխար, անասուն, դուք ով եք, արա»), այն դեպքում, երբ այդ արտահայտությունները հաստատող որևէ ապացույց, բացի ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորած ոստիկանների տված բացատրություններից և վերջիններիցս մեկի կողմից կազմած զեկուցագրից, առկա չեն: (...)
Ավելին, նշված բացատրություններն ու զեկուցագիրը որպես ապացույց արժանահավատ չեն նաև այն պատճառաբանությամբ, որ դրանցում տեղ գտած այլ տեղեկություններ հերքվել են ինչպես այլ, այնպես սույն գործի շրջանակներում:
Այսպիսով, Դատարանը փաստում է, գործում առկա ապացույցներով հաստատվող միակ` առերևույթ վիրավորանք («ոչխար») պարունակող արտահայտությունը Սիմա Իսկանդարյանը կատարել է բացառապես իրեն ցավ պատճառելու արդյունքում` «ոչխար ես, որովհետև ինադու ցավացնում ես»: Դատարանը փաստում է, որ գործում առկա չէ որևէ ապացույց, որով կարող էր հաստատվել, որ Սիմա Իսկանդարյանին ոստիկանության ծառայողը ցավ է պատճառել` հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունների իրացման անհրաժեշտությամբ պայմանավորված:
Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ այդ արտահայտությունը պայմանավորված չէ ոստիկանական ծառայողի կողմից հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականություններ իրականացնելու հետ, ուստի և դուրս է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.3-րդ հոդվածի կարգավորումների շրջանակներից, հետևաբար չի կարող դրանով նախատեսված պատասխանատվության կիրառման հիմք հանդիսանալ: (...)
Դատարանն անհիմն է համարում հայցվորի փաստարկները` Բարձրագույն դատական խորհրդի` 14.03.2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշման վերաբերյալ` հետևյալ պատճառաբանությամբ.
Նախ, Բարձրագույն դատական խորհրդի առջև բարձրացված է եղել դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտման հարցը, ընդ որում` ոչ միայն սույն գործով քննարկված արտահայտությունների մասով, այլև դատավորի կողմից դրսևորած վարքագծով առհասարակ, որը տեղ է գտել Բարձրագույն դատական խորհրդի նիստում հետազոտված տեսանյութում: Մինչդեռ սույն դեպքում վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը քննվում է` անկախ պատասխանատվության ենթարկվող անձի` որևէ պաշտոն զբաղեցնելու հանգամանքից և Սիմա Իսկանդարյանին վերագրվող ավելի փոքրաթիվ արարքների կապակցությամբ, քան քննարկվել է Բարձրագույն դատական խորհրդում: Երկրորդ, Բարձրագույն դատական խորհուրդը խնդրո առարկա տեսանյութի կապակցությամբ ինքն է նշել, որ «եթե նույնիսկ ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, ապա, միևնույնն է, կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող փաստը շարունակում է գոյություն ունենալ», այսինքն` Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի կողմից կարգապահական խախտում թույլ տալու փաստը ապացուցելու համար է միայն նախատեսել ապացույցի թույլատրելիության ավելի ցածր շեմ, քան նախատեսված է Վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով, մինչդեռ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված գործի քննության ընթացքում Դատարանը չի կարող անտեսել նշված նորմի իմպերատիվ պահանջը: Երրորդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածը սահմանում է ապացուցման կարիք չունեցող փաստերի շրջանակը, մինչդեռ նշված նորմում Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ հաստատված փաստերը, որպես ապացուցման կարիք չունեցող փաստեր, նախատեսված չեն թեկուզև այն պատճառաբանությամբ, որ, ինչպես նշվեց վերը, Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի կողմից կարգապահական խախտում թույլ տալու փաստը ապացուցելու համար կիրառում է ապացույցի թույլատրելիության ավելի ցածր շեմ:»
3.3 Վերաքննիչ վարչական դատարանի 31.10.2024 թվականի որոշմամբ մերժվել է Վարչական դատարանի 03.08.2022 թվականի որոշումը` հիմքում դրվելով միևնույն պատճառաբանությունները: Հիշյալ որոշմամբ, մասնավորապես, նշված է նաև հետևյալը.
«Ավելին, Բարձրագույն դատական խորհուրդը քննարկել է սույն վարչական գործի առարկայից էապես տարբերվող հիմնահարց պատասխանողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին, ըստ այդմ, քննության արդյունքում, ապրիորի, չէր կարող ընդունվել վարչական գործն ըստ էության լուծող դատական ակտ` միևնույն կողմերի մասնակցությամբ.
Վերոնշյալ վերլուծության ծանրության ներքո Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարում հետևությունն այն մասին, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի տիրույթում չեն Բարձրագույն դատական խորհրդի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները ու հաստատված փաստական հանգամանքները:»
4. Դիմումի պատասխանի հիմքերը և հիմնավորումները.
Ուսումնասիրելով դիմումի հիմքերն ու հիմնավորումները, գործի փաստերը համադրելով կիրառման ենթակա նորմերի հետ` գտնում եմ, որ այն ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանություններով.
Դիմումատուի ներկայացրած Դիմումը, ըստ էության, հանգում է նրան, որ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշման հիմքում դրված միակ ապացույցն այն տեսաձայնագրությունն է, որը թիվ ՎԴ/12304/05/21 վարչական գործով դատարանների կողմից ճանաչվել է անթույլատրելի և նշված հանգամանքը հանդիսանում է նոր երևան եկած հանգամանք` Խորհրդի հիշյալ որոշումը վերանայելու համար:
Նշված դիրքորոշման կապակցությամբ առանցքային հարցադրում է հետևյալը.
Արդյո՞ք անձին դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու գործով միևնույն ապացույցի վերաբերյալ դատարանի կողմից տրված գնահատականը կարող է հիմք հանդիսանալ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու համար:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենսգիրք) 141-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության է ենթարկում Բարձրագույն դատական խորհուրդը:
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են` դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված` դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` կարգապահական խախտման համար դատավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` Բարձրագույն դատական խորհրդի` կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ: Դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:
Օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վարույթ հարուցող մարմինը մինչև դրա հարուցման հարցի լուծումն իրավունք ունի հաղորդում ներկայացրած անձին առաջարկելու ներկայացնել կարգապահական վարույթ հարուցելու համար նշանակություն ունեցող տեղեկությունների վերաբերյալ նյութեր:
Օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հարուցված կարգապահական վարույթի ընթացքում վարույթ հարուցող մարմինն իրավունք ունի`
1) դատարանից պահանջելու և ուսումնասիրելու օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով քրեական, քաղաքացիական կամ ցանկացած այլ գործի նյութեր.
2) դատարանում ծանոթանալու քրեական, քաղաքացիական կամ ցանկացած այլ գործի նյութերի, որոնց վերաբերյալ դեռևս չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ` չմիջամտելով արդարադատության կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման գործընթացին.
3) դատավորին առաջարկելու ներկայացնել գրավոր բացատրություններ.
4) առաջարկելու հաղորդում ներկայացրած անձին, ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացնել կարգապահական վարույթի համար նշանակություն ունեցող տեղեկություններ և նյութեր.
5) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից և պաշտոնատար անձանցից պահանջելու և ստանալու նյութեր:
Օրենսգրքի 147-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատավորը, որի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, իրավունք ունի ներկայացնելու գրավոր բացատրություններ, ապացույցներ և անելու միջնորդություններ.
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ մինչև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդին միջնորդությամբ դիմելը դատավորի նկատմամբ իրականացվում է կարգապահական վարույթ, որի ընթացքում իրականացվող բոլոր ընթացակարգային գործողությունները կատարվում են բացառապես Օրենսգրքով նախատեսված եղանակով և կարգով: Մինչև միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելը վարույթ հարուցող մարմինն Օրենսգրքով նախատեսված ընթացակարգերի և գործիքների միջոցով, այդ թվում` Օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասով, 147-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված եղանակներով, ինչպես նաև դատավորի կողմից ներկայացված ապացույցների հավաքագրման միջոցով եզրահանգման է գալիս դատավորին վերագրվող խախտման առկայության կամ բացակայության մասին:
Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ կարգապահական վարույթի հարուցման և իրականացման հետագա գործընթացը կարգավորվում է բացառապես Օրենսգրքով: Ընդ որում, Օրենսգրքի համալիր ուսումնասիրության արդյունքում պետք է փաստել, որ օրենսդիրը չի հատկորոշել դատավորի կողմից թույլ տրված խախտման վերաբերյալ ձեռքբերված ապացույցների թույլատրելիության կամ արժանահավատության կանոններ, սակայն անդրադարձել է ապացույցների ստացման եղանակներին, որպիսի պարագայում կարելի է եզրահանգել, որ Օրենսգրքով դրանց կարգավորված չլինելը պայմանավորված է եղել դատավորի կողմից թույլ տրված խախտումը հիմնավորելու համար ավելի ցածր ապացուցողական շեմ սահմանելով` սահմանափակվելով միայն ներկայացված ապացույցների վերաբերելիության և իսկության ստուգմամբ: Մասնավորապես, անդրադառնալով դատավորի վարքագծի կանոնների խախտման հիմքով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելուն և կատարված խախտումը հաստատված համարելուն` օրենսդիրը, գերակա համարելով դատավորի կողմից դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու պարտականությունը, Բարձրագույն դատական խորհրդի կողմից իրականացվող դատական վարույթում ապացույցների գնահատման հարցում սահմանափակվել է յուրաքանչյուր իրավաչափ եղանակով ձեռքբերված ապացույցների իսկության ստուգմամբ:
Հարկ է նշել նաև, որ Օրենսգրքի համալիր ուսումնասիրությունից հետևում է, որ միայն Օրենսգրքի 150-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` օրինական ուժի մեջ մտած արդարացման կամ մեղադրական դատավճիռն է պարտադիր Բարձրագույն դատական խորհրդի համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելիս, այսինքն` նույնիսկ քաղաքացիական և վարչական դատավարության կարգով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված փաստերին օրենսդիրը նշանակություն չի տվել և նախադատելի չի համարել Բարձրագույն դատական խորհրդում քննվող կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործի համար:
Այսպիսով, գտնում եմ, որ Օրենսգրքով նախատեսված չէ ոչ միայն կարգապահական վարույթի ընթացքում ձեռքբերված, այլ նաև Բարձրագույն դատական խորհրդում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ քննության ընթացքում հետազոտվող ապացույցներին ներկայացվող պահանջներ, և ըստ այդմ` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար գործում է ապացույցների թույլատրելիության ցածր շեմ: Ավելին, դատավորին վարքագծի կանոնների խախտման հիմքով կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար պատշաճ ապացույց կարող է համարվել տվյալ հանգամանքը հիմնավորող և յուրաքանչյուր հասանելի դարձած եղանակով ստացված ցանկացած նյութ, որը կարող է տեղեկություններ պարունակել և վկայել վերջինիս կողմից դատավորի վարքագծի որևէ կանոնի խախտման վերաբերյալ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ` ՎԻՎՕ) 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում (...) մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
ՎԻՎՕ 172.3-րդ հոդվածի համաձայն` ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին հրապարակայնորեն վիրավորելը` կապված նրա կողմից հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու հետ` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
Նշված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ անձը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվել ՎԻՎՕ 172.3-րդ հոդվածով նախատեսված արարքի համար` հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
1. Անձը վիրավորել է ոստիկանության կամ զինվորական ծառայողին,
2. Հասցված վիրավորանքը կրել է հրապարակային բնույթ,
3. Ոստիկանության կամ զինվորական ծառայողը կատարել է հասարակական կարգի պահպանության և պարտականություններ, հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված պարտականություններ,
4. Հրապարակայնորեն հասցված վիրավորանքը կապված է եղել ոստիկանության կամ զինվորական ծառայողի կողմից հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու հետ:
Հետևաբար, վերը ներկայացված պայմաններից որևիցե մեկի բացակայության դեպքում անձի նկատմամբ չի կարող վրա հասնել ՎԻՎՕ 172.3-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցը: Ընդ որում, հարկ է հաշվի առնել, որ ՎԻՎՕ 172.3-րդ հոդվածով նախատեսված զանցակազմի հաստատման համար անհրաժեշտ են այնպիսի ապացույցներ, որոնք կարող են հաստատապես վկայել ներկայացված 4 կետերով վերհանված պայմանների առկայության մասին:
Անդրադառնալով Դիմումին, ինչպես նաև դրա հիմքում ընկած թիվ ՎԴ/12304/05/21 վարչական գործով կայացված դատական ակտերի հիմքով` Դիմումատուին Խորհրդի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը վերանայելու հնարավորության հարցին, անհրաժեշտ է նշել, որ նախևառաջ թիվ ՎԴ/12304/05/21 վարչական գործով Ոստիկանության կողմից ներկայացված հայցադիմումի հիման վրա Վարչական դատարանում քննության առարկա է դարձվել Սիմա Իսկանդարյանին ՎԻՎՕ 172.3-րդ հոդվածի հիմքով դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը, որի շրջանակներում դատարանի համար քննարկման առարկա է դարձվել ոչ թե դատավոր Սիմա Իսկանդարյանի կողմից դատավորի վարքագծի կանոնների խախտում թույլ տալու հարցը, այլ` Սիմա Իսկանդարյանի կողմից ոստիկանության ծառայողին հրապարակայնորեն վիրավորելը, որը կապված է եղել նրա կողմից հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու հետ, սակայն նշված վարչական գործի շրջանակներում արձանագրվել է, որ Սիմա Իսկանդարյանի կողմից թույլ տրված արարքում չի հիմնավորվել ՎԻՎՕ 172.3-րդ հոդվածով նախատեսված զանցանքը, քանի որ ձեռքբերված նյութերով և ապացույցներով չի հիմնավորվել, որ հասցված վիրավորանքը վերաբերել է ոստիկանության ծառայողի կողմից հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելուն: Այս կապակցությամբ հարկ է մեջբերել Վարչական դատարանի կողմից կատարված հետևյալ եզրահանգումը. «Նման պայմաններում Դատարանը նկատում է, որ գործում առկա չէ որևէ ապացույց, որով կհաստատվեր, որ Սիմա Իսկանդարյանը ոստիկանական ծառայողի կողմից հենց հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականություններ իրականացնելու հետ պայմանավորված է վերջինիս նկատմամբ օգտագործել վերը նշված արտահայտությունը»:
Ինչ վերաբերում է Վարչական դատարանի կողմից ոչ արժանահավատ ապացույցների ճանաչմանը, ապա ըստ Վարչական դատարանի 03.08.2022 թվականի որոշման` ոչ արժանահավատ ապացույցներ են համարվել գործի շրջանակներում ձեռքբերված բացատրություններն ու զեկուցագիրը, որոնք վերաբերել են անցկացված ծառայողական քննությանը:
Միաժամանակ, համաձայն լինելով Վարչական դատարանի կողմից կայացված որոշմամբ արտահայտված դիրքորոշման հետ` անհրաժեշտ է մեջբերել նաև դրանով Վարչական դատարանի կողմից Խորհրդի որոշման հիմքում ընկած ապացույցների գնահատման շուրջ կատարված անդրադարձը.
«Դատարանն անհիմն է համարում հայցվորի փաստարկները` Բարձրագույն դատական խորհրդի` 14.03.2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշման վերաբերյալ` հետևյալ պատճառաբանությամբ. նախ, Բարձրագույն դատական խորհրդի առջև բարձրացված է եղել դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտման հարցը, ընդ որում` ոչ միայն սույն գործով քննարկված արտահայտությունների մասով, այլև դատավորի կողմից դրսևորած վարքագծով առհասարակ, որը տեղ է գտել Բարձրագույն դատական խորհրդի նիստում հետազոտված տեսանյութում:
Մինչդեռ սույն դեպքում վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը քննվում է` անկախ պատասխանատվության ենթարկվող անձի` որևէ պաշտոն զբաղեցնելու հանգամանքից և Սիմա Իսկանդարյանին վերագրվող ավելի փոքրաթիվ արարքների կապակցությամբ, քան քննարկվել է Բարձրագույն դատական խորհրդում:
Երկրորդ, Բարձրագույն դատական խորհուրդը խնդրո առարկա տեսանյութի կապակցությամբ` ինքն է նշել, որ «եթե նույնիսկ ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, ապա, միևնույնն է, կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող փաստը շարունակում է գոյություն ունենալ», այսինքն` Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի կողմից կարգապահական խախտում թույլ տալու փաստը ապացուցելու համար է միայն նախատեսել ապացույցի թույլատրելիության ավելի ցածր շեմ, քան նախատեսված է Վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով, մինչդեռ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված գործի քննության ընթացքում Դատարանը չի կարող անտեսել նշված նորմի իմպերատիվ պահանջը:
Երրորդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածը սահմանում է ապացուցման կարիք չունեցող փաստերի շրջանակը, մինչդեռ նշված նորմում Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ հաստատված փաստերը, որպես ապացուցման կարիք չունեցող փաստեր, նախատեսված չեն թեկուզև այն պատճառաբանությամբ, որ, ինչպես նշվեց վերը, Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի կողմից կարգապահական խախտում թույլ տալու փաստը ապացուցելու համար կիրառում է ապացույցի թույլատրելիության ավելի ցածր շեմ:»
Վերոգրյալի արդյունքում կարելի է եզրահանգել, որ Վարչական դատարանը նույնպես իր որոշմամբ արձանագրել է, որ 1. Բարձրագույն դատական խորհրդի առջև բարձրացված է եղել դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտման հարցը, ընդ որում` ոչ միայն սույն գործով քննարկված արտահայտությունների մասով, այլև դատավորի կողմից դրսևորած վարքագծով առհասարակ, որը տեղ է գտել Բարձրագույն դատական խորհրդի նիստում հետազոտված տեսանյութում, 2. Սույն դեպքում վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը քննվում է` անկախ պատասխանատվության ենթարկվող անձի` որևէ պաշտոն զբաղեցնելու հանգամանքից և Սիմա Իսկանդարյանին վերագրվող ավելի փոքրաթիվ արարքների կապակցությամբ, քան քննարկվել է Բարձրագույն դատական խորհրդում, 3. Բարձրագույն դատական խորհուրդը խնդրո առարկա տեսանյութի կապակցությամբ ինքն է նշել, որ «եթե նույնիսկ ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, ապա, միևնույնն է, կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող փաստը շարունակում է գոյություն ունենալ», 4. Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ հաստատված փաստերը, որպես ապացուցման կարիք չունեցող փաստեր, նախատեսված չեն թեկուզև այն պատճառաբանությամբ, որ, ինչպես նշվեց վերը, Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի կողմից կարգապահական խախտում թույլ տալու փաստը ապացուցելու համար կիրառում է ապացույցի թույլատրելիության ավելի ցածր շեմ:
Նշվածի կապակցությամբ անհրաժեշտ է մեջբերել նաև Խորհրդի կողմից ընդունված քննարկվող որոշմամբ արտահայտված հետևյալ դիրքորոշումը.
«Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում նշել, որ ի տարբերություն դատական վարույթների, Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այս վարույթում ապացույցներն ընդամենը տեղեկություններ են պարունակում որոշակի արարքի կատարման, բնույթի, ծավալի և այլնի վերաբերյալ, հետևաբար, եթե ապացույցի բովանդակությունն ինքնին կասկածի տակ չի առնվում շահագրգիռ անձի կողմից, ապա, ըստ էության, երկրորդական են դառնում դրա ձեռքբերման հատկանիշները: Այսինքն, եթե նույնիսկ ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, ապա միևնույն է, կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող վարքագիծ թույլ տրված լինելու փաստը շարունակում է գոյություն ունենալ, քանի որ Դատավորը չի վիճարկում տեսագրության բովանդակության իսկությունը, կասկածի տակ չի առնում իր մասնակցությունը տեսագրությամբ ամփոփված միջադեպին: Ուստի նշվածի հաշվառմամբ, Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի ներկայացուցչի կողմից բարձրացված հարցերը չեն կարող էական համարվել սույն վարույթի շրջանակներում ապացույցն անթույլատրելի ճանաչելու համար:»
Վերոգրյալից կարելի է եզրահանգել, որ Խորհուրդն արդեն իսկ քննարկվող որոշմամբ նախորդիվ արտահայտել է այն դիրքորոշումը, ըստ որի` եթե նույնիսկ ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, ապա միևնույն է, կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող վարքագիծ թույլ տրված լինելու փաստը շարունակում է գոյություն ունենալ, քանի որ Դատավորը չի վիճարկում տեսագրության բովանդակության իսկությունը, կասկածի տակ չի առնում իր մասնակցությունը տեսագրությամբ ամփոփված միջադեպին: Այսինքն` Խորհրդի որոշումից կարելի է եզրահանգել, որ Խորհուրդն արդեն իսկ արտահայտել է այն տեսակետը, ըստ որի` նույնիսկ քննարկվող ապացույցն օրենքի խախտմամբ ձեռքբերված լինելու պայմաններում, նման փաստը չի կարող ազդեցություն ունենալ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման վրա, հետևաբար նաև` այլ դատարանների կողմից տվյալ ապացույցի վերաբերյալ արտահայտած դիրքորոշումը չի կարող քննարկվող որոշման վերանայման համար հիմք հանդիսանալ:
Այսպիսով, հաշվի առնելով ամբողջ վերոգրյալը` գտնում եմ, որ Դիմումով ներկայացված փաստերը թույլ չեն տալիս վերանայել Խորհրդի 14.03.2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշումը, քանի որ նախ` Խորհրդի կողմից քննության առարկա է դարձվել հետազոտված տեսանյութով դատավոր Սիմա Իսկանդարյանի կողմից թույլ տրված դատավորի վարքագծի կանոնները, մինչդեռ թիվ ՎԴ/12304/05/21 վարչական գործով Ոստիկանության հայցադիմումի հիման վրա քննության առարկա է դարձվել Սիմա Իսկանդարյանի (ոչ դատավոր) կողմից` ոստիկանության ծառայողին` հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու հետ կապված հրապարակայնորեն վիրավորելու զանցակազմի առկայության հարցը, որոնք միմյանցից էականորեն տարբերվում են թե՛ սուբյեկտային կազմով, թե՛ վերագրված խախտումներով և թե՛ վերագրվող խախտումները հիմնավորող ապացուցման բազայով և դրանց ներկայացված պահանջներով: Ուստի, Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դատական վարույթով և թիվ ՎԴ/12304/05/21 վարչական գործով Դատավորին վերագրված վարչական իրավախախտման վերաբերյալ գործով ստացված միևնույն ապացույցը` կախված վարույթների և գործերի առանձնահատկություններից, կարող է մի դեպքում հիմք հանդիսանալ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, իսկ մյուս դեպքում` դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համար` ոչ, հետևաբար նաև` դատավոր չհանդիսացող Սիմա Իսկանդարյանին դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դատական վարույթով հետազոտված ապացույցների վերաբերյալ դատարանի արտահայտած դիրքորոշումը չի կարող նոր երևան եկած հանգամանքի հիմքով Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշման վերանայման համար հիմք հանդիսանալ:
Հաշվի առնելով ամբողջ վերոգրյալը` գտնում եմ, որ Դիմումատուի կողմից ներկայացված` իր գնահատմամբ նոր երևան եկած հանգամանքը չի կարող որևէ նշանակություն ունենալ և հիմք հանդիսանալ Խորհրդի 14.03.2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշումը վերանայելու համար.
Այսպիսով, հիմք ընդունելով սույն պատասխանում կատարված իրավական վերլուծությունների արդյունքում արված եզրահանգումները` խնդրում եմ Սիմա Իսկանդարյանի 27.02.2025 թվականի դիմումը` Բարձրագույն դատական խորհրդի 14.03.2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշումը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ, մերժել:»:
4. Դիմումի քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.
4.1. ՀՀ վարչական դատարանը, 26.10.2022 թվականի թիվ ՎԴ/12304/05/21 որոշմամբ մերժելով ՀՀ ոստիկանությունն ընդդեմ Սիմա Իսկանդարյանի` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.3-րդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին հայցը, ի թիվս այլնի, նշել է, որ.
«(...) Դատարանը նկատում է, որ գործում առկա չէ որևէ ապացույց, որով կհաստատվեր, որ Սիմա Իսկանդարյանը ոստիկանական ծառայողի կողմից հենց հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականություններ իրականացնելու հետ պայմանավորված է վերջինիս նկատմամբ օգտագործել վերը նշված արտահայտությունը: (...) Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ այդ արտահայտությունը պայմանավորված չէ ոստիկանական ծառայողի կողմից հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականություններ իրականացնելու հետ, ուստի և դուրս է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.3-րդ հոդվածի կարգավորումների շրջանակներից, հետևաբար չի կարող դրանով նախատեսված պատասխանատվության կիրառման հիմք հանդիսանալ: Միաժամանակ, հաշվի առնելով, որ գործում առկա չէ որևէ վերաբերելի, թույլատրելի և արժանահավատ ապացույց, որով կհաստատվեր Սիմա Իսկանդարյանին վերագրվող այլ արտահայտություններ թույլ տալու փաստը, Դատարանը գտնում է, որ առկա չէ նաև Սիմա Իսկանդարյանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.3-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու փաստը հաստատող որևէ ապացույց»:
ՀՀ վարչական դատարանը, անդրադառնալով հայցվորի մի շարք փաստարկներին, արձանագրել է նաև. «Դատարանն անհիմն է համարում հայցվորի փաստարկները` Բարձրագույն դատական խորհրդի` 14.03.2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշման վերաբերյալ` հետևյալ պատճառաբանությամբ.
նախ, Բարձրագույն դատական խորհրդի առջև բարձրացված է եղել դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտման հարցը, ընդ որում` ոչ միայն սույն գործով քննարկված արտահայտությունների մասով, այլև դատավորի կողմից դրսևորած վարքագծով առհասարակ, որը տեղ է գտել Բարձրագույն դատական խորհրդի նիստում հետազոտված տեսանյութում: Մինչդեռ սույն դեպքում վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը քննվում է` անկախ պատասխանատվության ենթարկվող անձի` որևէ պաշտոն զբաղեցնելու հանգամանքից և Սիմա Իսկանդարյանին վերագրվող ավելի փոքրաթիվ արարքների կապակցությամբ, քան քննարկվել է Բարձրագույն դատական խորհրդում:
Երկրորդ, Բարձրագույն դատական խորհուրդը խնդրո առարկա տեսանյութի կապակցությամբ ինքն է նշել, որ «եթե նույնիսկ ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, ապա, միևնույնն է, կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող փաստը շարունակում է գոյություն ունենալ», այսինքն` Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի կողմից կարգապահական խախտում թույլ տալու փաստը ապացուցելու համար է միայն նախատեսել ապացույցի թույլատրելիության ավելի ցածր շեմ, քան նախատեսված է Վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով, մինչդեռ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված գործի քննության ընթացքում Դատարանը չի կարող անտեսել նշված նորմի իմպերատիվ պահանջը:
Երրորդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածը սահմանում է ապացուցման կարիք չունեցող փաստերի շրջանակը, մինչդեռ նշված նորմում Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ հաստատված փաստերը, որպես ապացուցման կարիք չունեցող փաստեր, նախատեսված չեն թեկուզև այն պատճառաբանությամբ, որ, ինչպես նշվեց վերը, Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի կողմից կարգապահական խախտում թույլ տալու փաստը ապացուցելու համար կիրառում է ապացույցի թույլատրելիության ավելի ցածր շեմ:
Չորրորդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատավարության կարգը սահմանվում է նույն օրենսգրքով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով:
Մինչդեռ ո՛չ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով, ո՛չ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված չէ, իսկ այդ մասով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով էլ հղում կատարված չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից արտահայտած իրավական դիրքորոշումները պարտադիր են վարչական դատարանի համար` վարչական դատարանում քննվող նույնանման փաստական հանգամանքներով քննվող գործերի շրջանակներում:
Այսպիսով, Դատարանն արձանագրում է, որ գործում առկա ապացույցներով չի հաստատվում Սիմա Իսկանդարյանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.3-րդ հոդվածով նախատեսված արարք թույլ տալու փաստը, ուստի ՀՀ ոստիկանության հայցը` Սիմա Իսկանդարյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.3-րդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին անհիմն է և ենթակա է մերժման:»:
4.2. Վերաքննիչ վարչական դատարանը 31.10.2024 թվականի որոշմամբ հայցվոր ՀՀ ոստիկանության ներկայացրած վերաքննիչ բողոքն ամբողջությամբ մերժել է` ՀՀ վարչական դատարանի 26.10.2022 թվականին կայացրած որոշումը թողնելով անփոփոխ:
4.3. ՀՀ վարչական դատարանի 26.10.2022 թվականի թիվ ՎԴ/12304/05/21 գործով կայացված որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ վարչական դատարանի 31.10.2024 թվականի որոշումն օրինական ուժի մեջ է մտել 03.12.2024 թվականին:
--------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում