ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-19-Ո-Կ-3
2025 թ.
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 14.03.2022 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ ԲԴԽ-24-Ո-Կ-6 ՈՐՈՇՄԱՆ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔԻ ՀԻՄՔՈՎ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(3-րդ մաս)
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ` ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`
նախագահությամբ`
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ա. Աթաբեկյանի
մասնակցությամբ`
անդամներ Ա. Դանիելյանի
Կ. Թումանյանի
Ե. Թումանյանցի
Էդ. Հովհաննիսյանի
Ք. Մկոյանի
քարտուղարությամբ` Ս. Բերակչյանի
2025 թվականի ապրիլի 17-ին ք. Երևան
4.4. Խորհուրդն իր 14.03.2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշմամբ, ի թիվս այլնի, արձանագրել է. «(...) Բարձրագույն դատական խորհուրդը փաստում է, որ գրեթե անհնար է նախապես կազմել բոլոր այն գործողությունների լիարժեք ցանկը, որոնք արգելված են դատավորին, այնուամենայնիվ, դատավորն իր իրավունքների իրականացման ճանապարհին պետք է զսպվածություն ցուցաբերի և մշտապես դրսևորի իր բարձր կոչմանը համապատասխան վարքագիծ` նպաստելով հասարակության կողմից դատական համակարգի նկատմամբ ակնկալվող վստահության և հարգանքի ձևավորմանը:
Ավելին, դատավորները, հանդիսանալով պետական իշխանության թևերից մեկի ներկայացուցիչներ, ի պաշտոնե պարտավոր են պահպանել զսպվածություն` վտանգի տակ չդնելով իրենց անաչառությունը, դատական իշխանության անկախությունը և հեղինակությունը, հեղինակության բավարար օգտագործումը, ինչպես նաև պարտավոր են կանխատեսել իրենց վարքագծից ծագող հետևանքները:
Մինչդեռ քննարկելով Դատավորի կողմից թույլ տրված արտահայտություններն ու վարքագիծը` Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ միջնորդության հիմքում վկայակոչված բոլոր փաստական հանգամանքներն ապացուցում են, որ Դատավորի կողմից թույլ են տրվել արտահայտություններ և դրսևորվել է վարքագիծ, որոնք անհամատեղելի են դատավորի կարգավիճակի հետ. իր արտահայտություններով Դատավորն անպարկեշտ վարքագիծ է դրսևորել գործադիր իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության ծառայողների նկատմամբ, չի ենթարկվել վերջիններիս օրինական պահանջներին, ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք, դուրս է եկել քաղաքավարության նորմերի շրջանակից, խախտել է բարեկրթության կանոնները` ցածրացնելով Դատավորի բարձր կարգավիճակը:
Անդրադառնալով ապացույցն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ Դատավորի ներկայացուցչի միջնորդությանը` Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի: Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտի համաձայն պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցների օգտագործումն արգելվում է: Դրանք ապացուցողական ուժ չունեն և չեն կարող դրվել դատական ակտի հիմքում:
Վկայակոչված իրավական կարգավորումից հետևում է, որ ապացույցի թույլատրելիությունն ապացույցի պիտանի լինելն է աղբյուրների, տեղեկությունների ստացման մեթոդների և հնարքների օրինականության տեսակետից:
Ըստ էության ապացույցների թույլատրելիության կանոնների էությունը նրանում է, որ որպես ապացույց կարող են օգտագործվել այն տվյալները, որոնք համապատասխանում են օրենքի պահանջներին:
Հաջորդիվ օրենսդիրը սահմանել է նաև ապացույցի անթույլատրելիության հաջորդ կանոնը, որի էությունը հանգում է հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված ապացույցի օգտագործման արգելքին:
«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` հասարակական կարգը պահպանելիս ոստիկանությունն իրավունք ունի` (...) հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունը (այդ թվում` ճանապարհային երթևեկության անվտանգությունը) ապահովելիս ոստիկանությունը կարող է հանրային վայրերում օգտագործել անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ: Հանրային վայրերում տեխնիկական միջոցներով վերահսկողություն իրականացնելիս այդ մասին հրապարակվում է նախազգուշացում: Սույն մասով նախատեսված նախազգուշացումը կատարվում է վերահսկողության մասին տեսանելի վայրերում ցուցանակներ տեղադրելու և տեխնիկական միջոցներով վերահսկվող փողոցների հասցեները կամ վերահսկվող տարածքների նկարագրերը ոստիկանության պաշտոնական կայքէջում հրապարակելու միջոցով: Հանրային վայրերում անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցները տեղադրվում են ոստիկանության համապատասխան տարածքային մարմնի ղեկավարի կամ ճանապարհային ոստիկանության պետի որոշմամբ` հաշվի առնելով տվյալ տարածքում կատարվող հանցագործությունների և հասարակական կարգի խախտումների կանխարգելման անհրաժեշտությունը` համաձայնեցնելով համապատասխան համայնքի ղեկավարի հետ: (...):
Հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները կարող են օգտագործել շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ոստիկանության տվյալ լիազորությունների իրականացմամբ սահմանափակվող ժամկետում: Տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցն ամրացվում է ոստիկանության ծառայողի համազգեստին կամ գտնվում է ոստիկանության ծառայողի ձեռքում կամ ոստիկանության ծառայողական տրանսպորտային միջոցում: Ոստիկանության ծառայողները պետք է տեսաձայնագրող և լուսանկարահանող տեխնիկական միջոցները կրեն տեսանելի ձևով, բացառությամբ գաղտնի օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման դեպքերի: Սույն մասով նախատեսված տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով ոչ գաղտնի վերահսկողության մասին ոստիկանության ծառայողը պարտավոր է բանավոր նախազգուշացնել իր հետ անմիջականորեն հաղորդակցվող անձին:
Տեսաձայնագրումը, տեսանկարահանումը և լուսանկարահանումն իրականացվում են միայն ծառայողական (ոչ անձնական) տեխնիկական միջոցներով:
Տեխնիկական միջոցով իրավախախտում հայտնաբերելու կամ ամրագրելու դեպքում ոստիկանության ծառայողն իրավունք չունի դադարեցնելու կամ ընդհատելու տեսանկարահանումը կամ տեսաձայնագրումը:
Վկայակոչված իրավական կարգավորումից հետևում է, որ ծառայողական պարտականությունների իրականացման ընթացքում ոստիկանության ծառայողն իրավունք ունի իրականացնելու տեսանկարահանում: Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում նշել, որ ի տարբերություն դատական վարույթների, Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այս վարույթում ապացույցներն ընդամենը տեղեկություններ են պարունակում որոշակի արարքի կատարման, բնույթի, ծավալի և այլնի վերաբերյալ, հետևաբար, եթե ապացույցի բովանդակությունն ինքնին կասկածի տակ չի առնվում շահագրգիռ անձի կողմից, ապա, ըստ էության, երկրորդական են դառնում դրա ձեռքբերման հատկանիշները: Այսինքն, եթե նույնիսկ ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, ապա միևնույն է, կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող վարքագիծ թույլ տրված լինելու փաստը շարունակում է գոյություն ունենալ, քանի որ Դատավորը չի վիճարկում տեսագրության բովանդակության իսկությունը, կասկածի տակ չի առնում իր մասնակցությունը տեսագրությամբ ամփոփված միջադեպին: Ուստի նշվածի հաշվառմամբ, Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի ներկայացուցչի կողմից բարձրացված հարցերը չեն կարող էական համարվել սույն վարույթի շրջանակներում ապացույցն անթույլատրելի ճանաչելու համար:
Ավելին, սույն դեպքում Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում այն փաստը, որ Դատավորն ինքն է միջնորդել Բարձրագույն դատական խորհրդի նիստում ապացույցների հետազոտման ընդունված կարգից շեղմամբ հետազոտել տեսագրությունը` հիմնավորելու համար Դատավորին վերագրվող վարքագիծը իրավիճակից թելադրվող, միջադեպի մյուս մասնակիցների վարքագծով պայմանավորված լինելու և կարգապահական խախտման հատկանիշներ չպարունակելու հանգամանքները, և երբևէ չի հերքել տեսագրված վարքագիծն իր կողմից դրսևորված լինելը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորը թույլ է տվել Օրենքի 67-րդ հոդվածով սահմանված պահանջի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` դատավորի վարքագծի կանոնների խախտում, ինչը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է հանդիսանում: (...)
Քննության առնելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջոցի ընտրության հարցը` Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ընտրվող պատասխանատվության միջոցը պետք է համաչափ լինի խախտմանը, որպիսի պարագայում անհրաժեշտ է նաև իրավական գնահատական տալ այն հարցին, թե արդյո՞ք դատավորի դրսևորած վարքագիծը բավարար հիմքեր է պարունակում վերջինիս կողմից թույլ տրված կարգապահական խախտումն էական գնահատելու համար:
Օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն` էական կարգապահական խախտում է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խախտումը, որը դրսևորվել է 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 9-րդ, 11-րդ և 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 7-րդ և 8-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված դատավորի պարտականությունների խախտմամբ և պայմանավորված կատարման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով` համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ:
Կարգապահական խախտումն էական գնահատելու համար Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 9-րդ, 11-րդ և 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 7-րդ և 8-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված դատավորի պարտականություններից յուրաքանչյուրի խախտումը, կապված խախտման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով կարող է դիտվել որպես էական խախտում:
Քննարկվող դեպքում Դատավորը թույլ է տվել Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտում, ինչն Օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն հանգեցնում է էական կարգապահական խախտման:
Օրենքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
Այսպիսով, Դատավորն իր գործողություններում զերծ չի մնացել դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, ուստի միջնորդության քննությամբ հաստատված փաստերի հաշվառմամբ, Բարձրագույն դատական խորհուրդը գալիս է այն եզրահանգման, որ Դատավորի կողմից թույլ տրված վարքագծի կանոնի խախտումն էական կարգապահական խախտում է, որը համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ: (...)»:
5. Սույն Դիմումի քննության շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումը.
Հաշվի առնելով Դիմողի կողմից բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Արդարադատության նախարարի կողմից ներկայացված դիրքորոշումը` Խորհուրդը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայման մասին Դիմումի քննության համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը.
- Արդյո՞ք առկա է Խորհրդի 14.03.2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշման «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև` Օրենսգիրք) 157-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված նոր երևան եկած հանգամանքով վերանայման հիմք:
6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Խորհուրդը, նախ հարկ է համարում անդրադառնալ Դիմումի քննության ընթացքը կարգավորող կիրառելի նորմերի որոշման հարցին, որի շրջանակներում կարևոր է համարում արձանագրել, հետևյալը.
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք: Դատական վարույթը կամ դրա մի մասը, օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ` վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով:
Օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:
Օրենսգրքի 156.1.-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կամ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ ներկայացված բողոքները քննում և դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ գալիս է եզրահանգման, որ անհրաժեշտ է բողոքի քննությունն իրականացնել նիստում: Բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ կայացվում է որոշում:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` բողոքի քննությունը կատարվում, և որոշումը կայացվում է բողոքը ստանալուց հետո` երկամսյա ժամկետում:
Օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի վերանայելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին իր որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով:
Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են Բարձրագույն դատական խորհրդի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման վերանայման համար, եթե` այն վերանայելու դիմում ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել կարգապահական վարույթի ընթացքում, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել միջնորդություն ներկայացրած անձին ու Բարձրագույն դատական խորհրդին, և այդ հանգամանքները կարգապահական վարույթի համար ունեն էական նշանակություն.
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի որոշումը վերանայելու դիմումը կարող է ներկայացվել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցած մարմնի կամ այն դատավորի կողմից, որի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում է կայացվել:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումը վերանայելու համար հիմք հանդիսացող հանգամանքների ապացուցման պարտականությունը կրում է դիմում ներկայացրած անձը:
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` եթե Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ բացակայում են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու հիմքերը, ապա որոշում է ընդունում կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը չվերանայելու վերաբերյալ:
Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու հիմքերի առկայության դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը վերացնում է իր որոշումը և կայացնում է նոր որոշում:
Նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն` եթե Բարձրագույն դատական խորհուրդը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերացնում է որպես կարգապահական պատասխանատվություն դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը, ապա որոշում է կայացնում այդ դատավորին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին: Տվյալ դատարանում համապատասխան մասնագիտացման դատավորի թափուր պաշտոն չլինելու դեպքում դատավորը ձեռք է բերում ռեզերվային դատավորի կարգավիճակ: Նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնվելու դեպքում դատավորին վճարվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե օրենսդրության մեջ բացակայում է կոնկրետ հասարակական հարաբերությունը կարգավորող իրավական նորմը, սակայն օրենսդրությամբ սահմանված է համանման հարաբերությունները կարգավորող այլ իրավական նորմ, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ (եթե դա չի հակասում դրանց էությանը) կիրառվում են համանման հարաբերություններ կարգավորող իրավական նորմերը (օրենքի անալոգիա):
Տվյալ դեպքում Խորհուրդը ներկայացված Դիմումի քննարկման պատշաճ ընթացքն ապահովելու նպատակով` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումների նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով քննության ընթացքը կանոնակարգող նորմերի բացակայության հանգամանքով պայմանավորված` օրենքի անալոգիայի կիրառման արդյունքում կիրառելի է համարել համանման հարաբերությունները կարգավորող` «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կամ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումը բողոքարկելը» վերտառությամբ Օրենսգրքի 156.1-րդ հոդվածի 2-6-րդ մասերը, որոնք վերաբերում են մասնավորապես` ստացված վերանայման դիմումը մյուս կողմին ուղարկվելուց հետո դիմումի պատասխան ներկայացնելու ժամկետին, դիմումի վերաբերյալ որոշման կայացման ընթացակարգին (գրավոր ընթացակարգով կամ նիստում), նիստի վայրի և ժամանակի մասին ծանուցելուն, ընտրված զեկուցող անդամի կողմից զեկույց ներկայացնելուն, զեկուցողին հարցեր տալուն, ինչպես նաև քննության տևողությանը:
Տվյալ դեպքում հաշվի առնելով այն հանգամանքը, որ բացակայում է Դիմումի քննությունը դատական նիստում իրականացնելու անհրաժեշտությունը` Խորհուրդը գտել է, որ Դիմումի քննությունը նպատակահարմար է իրականացնել գրավոր ընթացակարգով:
Անդրադառնալով Դիմողի կողմից ներկայացված դիրքորոշումներին` Խորհուրդը հարկ է համարում նշել, որ Դիմողի կողմից որպես վերանայման ենթակա վկայակոչված` 14.03.2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշմամբ, ի թիվս այլնի, արձանագրվել է. «(...) Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում նշել, որ ի տարբերություն դատական վարույթների, Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այս վարույթում ապացույցներն ընդամենը տեղեկություններ են պարունակում որոշակի արարքի կատարման, բնույթի, ծավալի և այլնի վերաբերյալ, հետևաբար, եթե ապացույցի բովանդակությունն ինքնին կասկածի տակ չի առնվում շահագրգիռ անձի կողմից, ապա, ըստ էության, երկրորդական են դառնում դրա ձեռքբերման հատկանիշները: Այսինքն, եթե նույնիսկ ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, ապա միևնույն է, կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող վարքագիծ թույլ տրված լինելու փաստը շարունակում է գոյություն ունենալ, քանի որ Դատավորը չի վիճարկում տեսագրության բովանդակության իսկությունը, կասկածի տակ չի առնում իր մասնակցությունը տեսագրությամբ ամփոփված միջադեպին: Ուստի նշվածի հաշվառմամբ, Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի ներկայացուցչի կողմից բարձրացված հարցերը չեն կարող էական համարվել սույն վարույթի շրջանակներում ապացույցն անթույլատրելի ճանաչելու համար:
Ավելին, սույն դեպքում Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում այն փաստը, որ Դատավորն ինքն է միջնորդել Բարձրագույն դատական խորհրդի նիստում ապացույցների հետազոտման ընդունված կարգից շեղմամբ հետազոտել տեսագրությունը` հիմնավորելու համար Դատավորին վերագրվող վարքագիծը իրավիճակից թելադրվող, միջադեպի մյուս մասնակիցների վարքագծով պայմանավորված լինելու և կարգապահական խախտման հատկանիշներ չպարունակելու հանգամանքները, և երբևէ չի հերքել տեսագրված վարքագիծն իր կողմից դրսևորված լինելը (...)»:
Վերոգրյալի հաշվառմամբ, Խորհուրդը հարկ է համարում նշել, որ Սահմանադրական դատարանը 22.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222 որոշմամբ անդրադառնալով նոր երևան եկած հանգամանքներին, նշել է. «(...) այդ հանգամանքներն իրենց բնույթով այնպիսին են, որ չնայած օբյեկտիվորեն գոյություն են ունեցել գործով վերջնական դատական ակտի կայացման պահին, սակայն հայտնի չէին և (կամ) չէին կարող հայտնի լինել թե՛ գործին մասնակցող անձանց և թե՛ դատարանին, կամ հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, կամ որոշ դեպքերում (ՀՀ քաղ. դատ. օր-ի 204.32-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ)` նորահայտ են (...)»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներով վերահաստատել է, որ այն հանգամանքները, որոնք արդեն իսկ առկա են դատաքննության ժամանակ, սակայն որևէ պատճառով չեն ներկայացվել դատարան և հայտնի են դարձել միայն դատավարությունից հետո, համարվում են «նոր երևան եկած»: Դատարանի ակտն ուժը կորցրած ճանաչելու պահանջով դիմած անձը պետք է ցույց տա, որ ապացույցն անհնար է եղել ներկայացնել վերջնական նիստի ժամանակ, և այդ ապացույցն ունի էական նշանակություն (տե՛ս` Xheraj v. Albania, application no. 37959/02, § 53-54, Nikitin v. Russia, no. 50178/99, § 54-57, Yerogova v. Russia, application no. 77478/01, § 33, Maltseva v. Russia, application no. 76676/01, § 33, Kumkin and others v. Russia, application no. 73294/01, § 31):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անդրադառնալով նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման գործընթացի իրավական կարևորության խնդրին` արձանագրել է. «(...) Գործի նորոգումը նոր երևան եկած հանգամանքների հիման վրա ինքնին չի հակասում իրավական որոշակիության սկզբունքին այնքանով, որքանով այն օգտագործվում է արդարադատության սխալներն ուղղելու համար: Դատարանի խնդիրն է պարզել արդյո՞ք ընթացակարգը կիրառվել է այնպես, որ համահունչ է 6-րդ հոդվածի 1-ին պարագրաֆին» (Case of Kuznetsova v. Russia, Application no. 67579/01, see Pravednaya, cited above, § 28):
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն դիրքորոշումը, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար նոր երևան եկած հանգամանքի էական լինելը յուրաքանչյուր գործով որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն` արդյոք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե` ոչ (տե՛ս, ըստ Մարինե Մանուկյանի դիմումի` նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտը վերանայելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/2392/02/08 քաղաքացիական գործով 13.03.2009 թվականի որոշումը):
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, եթե իրավական ակտում`
1) նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն «և» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով, կամ
2) նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն ստորակետերով բաժանված պայմաններով, կամ
3) նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով և «և» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով:
Վերոգրյալի հաշվառմամբ, ակնհայտ է, որ Օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, մասնավորապես, նոր երևան եկած հանգամանքները հիմք են Բարձրագույն դատական խորհրդի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման վերանայման համար, եթե` այն վերանայելու դիմում ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները.
- գոյություն են ունեցել կարգապահական վարույթի ընթացքում,
- միաժամանակ հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել միջնորդություն ներկայացրած անձին ու Բարձրագույն դատական խորհրդին, և
- միաժամանակ այդ հանգամանքները կարգապահական վարույթի համար ունեն էական նշանակություն:
Տվյալ դեպքում Խորհուրդը կարևոր է համարում անդրադառնալ Դիմողի պնդմանն այն մասին, որ հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված ապացույցի օգտագործման և թիվ ՎԴ/12304/05/21 գործով Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների որոշումներով Դիմողին վարչական պատասխանատվության ենթարկելու հիմքերի բացակայության հաստատված լինելու պարագայում Խորհրդի 14.03.2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշումն Օրենսգրքի 157-րդ հոդվածի կիրառմամբ ենթակա է վերանայման նոր երևան եկած երկու ինքնուրույն հանգամանքների հիմքով:
Այսպես, Դիմողի կողմից «հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված ապացույցի օգտագործումը» որպես վերանայման ինքնուրույն հիմք վկայակոչված լինելու մասով Խորհուրդը հարկ է համարում նշել, որ.
Օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են Բարձրագույն դատական խորհրդի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման վերանայման համար, եթե` այն վերանայելու դիմում ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել կարգապահական վարույթի ընթացքում, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել միջնորդություն ներկայացրած անձին ու Բարձրագույն դատական խորհրդին, և այդ հանգամանքները կարգապահական վարույթի համար ունեն էական նշանակություն:
Տվյալ դեպքում, Խորհուրդն անդրադառնալով ապացույցն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ Դիմողի ներկայացուցչի միջնորդությանը, դեռևս 14.03.2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշմամբ արձանագրել է, որ. «(...) Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում նշել, որ ի տարբերություն դատական վարույթների, Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այս վարույթում ապացույցներն ընդամենը տեղեկություններ են պարունակում որոշակի արարքի կատարման, բնույթի, ծավալի և այլնի վերաբերյալ, հետևաբար, եթե ապացույցի բովանդակությունն ինքնին կասկածի տակ չի առնվում շահագրգիռ անձի կողմից, ապա, ըստ էության, երկրորդական են դառնում դրա ձեռքբերման հատկանիշները: Այսինքն, եթե նույնիսկ ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, ապա միևնույն է, կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող վարքագիծ թույլ տրված լինելու փաստը շարունակում է գոյություն ունենալ, քանի որ Դատավորը չի վիճարկում տեսագրության բովանդակության իսկությունը, կասկածի տակ չի առնում իր մասնակցությունը տեսագրությամբ ամփոփված միջադեպին: Ուստի նշվածի հաշվառմամբ, Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի ներկայացուցչի կողմից բարձրացված հարցերը չեն կարող էական համարվել սույն վարույթի շրջանակներում ապացույցն անթույլատրելի ճանաչելու համար:
Ավելին, սույն դեպքում Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում այն փաստը, որ Դատավորն ինքն է միջնորդել Բարձրագույն դատական խորհրդի նիստում ապացույցների հետազոտման ընդունված կարգից շեղմամբ հետազոտել տեսագրությունը` հիմնավորելու համար Դատավորին վերագրվող վարքագիծը իրավիճակից թելադրվող, միջադեպի մյուս մասնակիցների վարքագծով պայմանավորված լինելու և կարգապահական խախտման հատկանիշներ չպարունակելու հանգամանքները, և երբևէ չի հերքել տեսագրված վարքագիծն իր կողմից դրսևորված լինելը (...)»:
Հետևաբար, Խորհրդի կողմից դեռևս 2022 թվականին քննարկման առարկա է դարձվել «ապացույցի թույլատրելիության հարցը», ավելին` Խորհուրդն իր` 14.03.2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշմամբ արձանագրել է, որ «այս վարույթում ապացույցներն ընդամենը տեղեկություններ են պարունակում որոշակի արարքի կատարման, բնույթի, ծավալի և այլնի վերաբերյալ, հետևաբար, եթե ապացույցի բովանդակությունն ինքնին կասկածի տակ չի առնվում շահագրգիռ անձի կողմից, ապա, ըստ էության, երկրորդական են դառնում դրա ձեռքբերման հատկանիշները»: Միաժամանակ Խորհուրդը Դիմողի կողմից տեսագրության բովանդակության իսկությունը կասկածի տակ չառնելու հանգամանքը հիմնավորել է Դիմողի կողմից տեսագրված վարքագիծը երբևէ հերքված չլինելու հանգամանքով, այդ թվում` ապացույցների հետազոտման ընդունված կարգից շեղմամբ տեսագրությունը հետազոտելու Դիմողի միջնորդությամբ` հիմնավորելու համար Դիմողին վերագրվող վարքագիծն իրավիճակից թելադրվող, միջադեպի մյուս մասնակիցների վարքագծով պայմանավորված լինելու և կարգապահական խախտման հատկանիշներ չպարունակելու հանգամանքները:
Այսպիսով, Դիմողի կողմից որպես նոր երևան եկած ինքնուրույն հանգամանք վկայակոչված` «հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված ապացույցի օգտագործումը» չի կարող Խորհրդի 14.03.2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշման վերանայման հիմք հանդիսանալ, քանի որ Խորհուրդը նույն որոշմամբ, անդրադառնալով ապացույցի թույլատրելիության հարցին, արդեն իսկ դիրքորոշում է հայտնել նշված ապացույցի օրենքի խախտմամբ ձեռք բերված լինելու հավանականության վերաբերյալ, հետևաբար, տվյալ պարագայում բացակայում են Օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված միաժամանակյա վավերապայմանները, այն է` նշված հանգամանքի գոյություն ունենալը կարգապահական վարույթի ընթացքում, դրա հայտնի չլինելը և հայտնի լինելու անհնարինությունը միջնորդություն ներկայացրած անձին ու Բարձրագույն դատական խորհրդին, ինչպես նաև այդ հանգամանքի` կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունենալը:
Ինչ վերաբերում է Դիմողին վարչական պատասխանատվության ենթարկելու հիմքերի բացակայության պայմաններում Խորհրդի 14.03.2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշումն Օրենսգրքի 157-րդ հոդվածի կիրառմամբ վերանայման ենթակա լինելու մասին փաստարկին, ապա ապացույցի օրենքի խախտմամբ ձեռք բերված լինելու հավանականության վերաբերյալ արտահայտված դիրքորոշման պարագայում Դիմողին վարչական պատասխանատվության ենթարկելու հիմքերի բացակայության հաստատված լինելը կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունենալ չի կարող և, հետևաբար, չի կարող նաև վերոնշյալ որոշման վերանայման հիմք հանդիսանալ:
ՀՀ վարչական դատարանը, միևնույն ժամանակ անդրադառնալով հայցվորի մի շարք փաստարկներին, արձանագրել է նաև. «Դատարանն անհիմն է համարում հայցվորի փաստարկները` Բարձրագույն դատական խորհրդի` 14.03.2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշման վերաբերյալ` հետևյալ պատճառաբանությամբ.
նախ, Բարձրագույն դատական խորհրդի առջև բարձրացված է եղել դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտման հարցը, ընդ որում` ոչ միայն սույն գործով քննարկված արտահայտությունների մասով, այլև դատավորի կողմից դրսևորած վարքագծով առհասարակ, որը տեղ է գտել Բարձրագույն դատական խորհրդի նիստում հետազոտված տեսանյութում: Մինչդեռ սույն դեպքում վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը քննվում է` անկախ պատասխանատվության ենթարկվող անձի` որևէ պաշտոն զբաղեցնելու հանգամանքից և Սիմա Իսկանդարյանին վերագրվող ավելի փոքրաթիվ արարքների կապակցությամբ, քան քննարկվել է Բարձրագույն դատական խորհրդում:
Երկրորդ, Բարձրագույն դատական խորհուրդը խնդրո առարկա տեսանյութի կապակցությամբ ինքն է նշել, որ «եթե նույնիսկ ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, ապա, միևնույնն է, կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող փաստը շարունակում է գոյություն ունենալ», այսինքն` Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի կողմից կարգապահական խախտում թույլ տալու փաստը ապացուցելու համար է միայն նախատեսել ապացույցի թույլատրելիության ավելի ցածր շեմ, քան նախատեսված է Վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով, մինչդեռ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված գործի քննության ընթացքում Դատարանը չի կարող անտեսել նշված նորմի իմպերատիվ պահանջը:
Երրորդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածը սահմանում է ապացուցման կարիք չունեցող փաստերի շրջանակը, մինչդեռ նշված նորմում Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ հաստատված փաստերը, որպես ապացուցման կարիք չունեցող փաստեր, նախատեսված չեն թեկուզև այն պատճառաբանությամբ, որ, ինչպես նշվեց վերը, Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի կողմից կարգապահական խախտում թույլ տալու փաստը ապացուցելու համար կիրառում է ապացույցի թույլատրելիության ավելի ցածր շեմ:
Չորրորդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատավարության կարգը սահմանվում է նույն օրենսգրքով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով:
Մինչդեռ ո՛չ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով, ո՛չ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված չէ, իսկ այդ մասով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով էլ հղում կատարված չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից արտահայտած իրավական դիրքորոշումները պարտադիր են վարչական դատարանի համար` վարչական դատարանում քննվող նույնանման փաստական հանգամանքներով քննվող գործերի շրջանակներում:
Այսպիսով, Դատարանն արձանագրում է, որ գործում առկա ապացույցներով չի հաստատվում Սիմա Իսկանդարյանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.3-րդ հոդվածով նախատեսված արարք թույլ տալու փաստը, ուստի ՀՀ ոստիկանության հայցը` Սիմա Իսկանդարյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.3-րդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին անհիմն է և ենթակա է մերժման:»:
Տվյալ պարագայում, Խորհուրդն իր 14.03.2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշմամբ արձանագրել է, որ. «(...) Բարձրագույն դատական խորհուրդը փաստում է, որ գրեթե անհնար է նախապես կազմել բոլոր այն գործողությունների լիարժեք ցանկը, որոնք արգելված են դատավորին, այնուամենայնիվ, դատավորն իր իրավունքների իրականացման ճանապարհին պետք է զսպվածություն ցուցաբերի և մշտապես դրսևորի իր բարձր կոչմանը համապատասխան վարքագիծ` նպաստելով հասարակության կողմից դատական համակարգի նկատմամբ ակնկալվող վստահության և հարգանքի ձևավորմանը:
Ավելին, դատավորները, հանդիսանալով պետական իշխանության թևերից մեկի ներկայացուցիչներ, ի պաշտոնե պարտավոր են պահպանել զսպվածություն` վտանգի տակ չդնելով իրենց անաչառությունը, դատական իշխանության անկախությունը և հեղինակությունը, հեղինակության բավարար օգտագործումը, ինչպես նաև պարտավոր են կանխատեսել իրենց վարքագծից ծագող հետևանքները:
Մինչդեռ քննարկելով Դատավորի կողմից թույլ տրված արտահայտություններն ու վարքագիծը` Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ միջնորդության հիմքում վկայակոչված բոլոր փաստական հանգամանքներն ապացուցում են, որ Դատավորի կողմից թույլ են տրվել արտահայտություններ և դրսևորվել է վարքագիծ, որոնք անհամատեղելի են դատավորի կարգավիճակի հետ. իր արտահայտություններով Դատավորն անպարկեշտ վարքագիծ է դրսևորել գործադիր իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության ծառայողների նկատմամբ, չի ենթարկվել վերջիններիս օրինական պահանջներին, ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք, դուրս է եկել քաղաքավարության նորմերի շրջանակից, խախտել է բարեկրթության կանոնները` ցածրացնելով Դատավորի բարձր կարգավիճակը: (...)
(...) Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում նշել, որ ի տարբերություն դատական վարույթների, Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այս վարույթում ապացույցներն ընդամենը տեղեկություններ են պարունակում որոշակի արարքի կատարման, բնույթի, ծավալի և այլնի վերաբերյալ, հետևաբար, եթե ապացույցի բովանդակությունն ինքնին կասկածի տակ չի առնվում շահագրգիռ անձի կողմից, ապա, ըստ էության, երկրորդական են դառնում դրա ձեռքբերման հատկանիշները: Այսինքն, եթե նույնիսկ ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, ապա միևնույն է, կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող վարքագիծ թույլ տրված լինելու փաստը շարունակում է գոյություն ունենալ, քանի որ Դատավորը չի վիճարկում տեսագրության բովանդակության իսկությունը, կասկածի տակ չի առնում իր մասնակցությունը տեսագրությամբ ամփոփված միջադեպին: Ուստի նշվածի հաշվառմամբ, Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի ներկայացուցչի կողմից բարձրացված հարցերը չեն կարող էական համարվել սույն վարույթի շրջանակներում ապացույցն անթույլատրելի ճանաչելու համար:
Ավելին, սույն դեպքում Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում այն փաստը, որ Դատավորն ինքն է միջնորդել Բարձրագույն դատական խորհրդի նիստում ապացույցների հետազոտման ընդունված կարգից շեղմամբ հետազոտել տեսագրությունը` հիմնավորելու համար Դատավորին վերագրվող վարքագիծը իրավիճակից թելադրվող, միջադեպի մյուս մասնակիցների վարքագծով պայմանավորված լինելու և կարգապահական խախտման հատկանիշներ չպարունակելու հանգամանքները, և երբևէ չի հերքել տեսագրված վարքագիծն իր կողմից դրսևորված լինելը:
(...) Քննության առնելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջոցի ընտրության հարցը` Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ընտրվող պատասխանատվության միջոցը պետք է համաչափ լինի խախտմանը, որպիսի պարագայում անհրաժեշտ է նաև իրավական գնահատական տալ այն հարցին, թե արդյո՞ք դատավորի դրսևորած վարքագիծը բավարար հիմքեր է պարունակում վերջինիս կողմից թույլ տրված կարգապահական խախտումն էական գնահատելու համար:
Օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն` էական կարգապահական խախտում է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խախտումը, որը դրսևորվել է 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 9-րդ, 11-րդ և 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 7-րդ և 8-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված դատավորի պարտականությունների խախտմամբ և պայմանավորված կատարման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով` համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ:
Կարգապահական խախտումն էական գնահատելու համար Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 9-րդ, 11-րդ և 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 7-րդ և 8-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված դատավորի պարտականություններից յուրաքանչյուրի խախտումը, կապված խախտման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով կարող է դիտվել որպես էական խախտում:
Քննարկվող դեպքում Դատավորը թույլ է տվել Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտում, ինչն Օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն հանգեցնում է էական կարգապահական խախտման:
Օրենքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
Այսպիսով, Դատավորն իր գործողություններում զերծ չի մնացել դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, ուստի միջնորդության քննությամբ հաստատված փաստերի հաշվառմամբ, Բարձրագույն դատական խորհուրդը գալիս է այն եզրահանգման, որ Դատավորի կողմից թույլ տրված վարքագծի կանոնի խախտումն էական կարգապահական խախտում է, որը համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ: (...)»:
Այսպիսով, վերոգրյալի հաշվառմամբ Խորհուրդն արձանագրում է, որ Դիմողի կողմից վկայակոչված` նոր երևան եկած թվով երկու ինքնուրույն հանգամանքները չեն բավարարում Օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված վերանայման համար անհրաժեշտ վավերապայմաններին, ուստի Բարձրագույն դատական խորհրդի` «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ» 14.03.2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշման վերանայման հիմքերը բացակայում են:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածով, 157-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի 1-ին կետով և 7-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇԵՑ
1. Բարձրագույն դատական խորհրդի` «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ» 14.03.2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշումը չվերանայել:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և վերջնական է:
Բարձրագույն դատական
խորհրդի նախագահ` Ա. Աթաբեկյան
Անդամներ` Ա. Դանիելյան
Կ. Թումանյան
Ե. Թումանյանց
Էդ. Հովհաննիսյան
Ք. Մկոյան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (https://court.am/storage/uploads/files/ bdx-disciplinary-proceedings/RuZ7vcBRjZShNhIeX4LUx2XJWhuAJhcoUOgMkolo.pdf)` 17 ապրիլի 2025 թվական: