Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԵՏԲԱԽՈՒՄԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԵՏԲԱԽՈՒՄԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

14 դեկտեմբերի 2000 թվականի N 56

 

20. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԵՏԲԱԽՈՒՄԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածքների հետբախումային վերականգնման ծրագրին (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը` միջազգային տարբեր հանդիպումների և բանակցությունների ընթացքում քննարկել միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների միջոցների ներգրավման հնարավորությունների հարցը` ծրագրի իրականացման համար:

 

ԾՐԱԳԻՐ

 

Հայաստանի Հանրապետության տարածքների հետբախումային

վերականգնման

 

1. Ներածություն

 

Ղարաբաղյան հակամարտության հետևանքով 1988-1992 թթ.` մինչև ժամանակավոր հրադադարի հաստատումը, Ադրբեջանից բռնի տեղահանվել են կես միլիոնից ավել հայեր, որոնցից 360 հազարը բռնագաղթել են Հայաստանի Հանրապետություն:

Հայաստանի Հանրապետություն են ներգաղթել նաև 48 հազար տեղահանվածներ ԼՂՀ-ից, հարևան Շահումյանի հայաբնակ շրջանից, որոնց գումարվել են նաև հետխորհրդային տարածաշրջաններում ծագած հակամարտությունների հետևանքով տեղահանված ևս շուրջ 11 հազար հայեր: Նորանկախ Հայաստանի Հանրապետության համար վերը նշված անձանց, ինչպես նաև 1988 թ. դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած շուրջ 530 հազար մարդկանց անհետաձգելի օգնության կազմակերպումը հանդիսացել է որպես գերակայող հիմնախնդիր: Անցած տարիներին մասամբ է լուծվել նրանց կացարաններով ապահովումը, աղետի գոտում դեռևս 26000, իսկ 1988-1992 թթ. Հայաստան բռնագաղթված փախստականներից 14000 ընտանիքներ շարունակում են բնակվել ժամանակավոր կացարաններում (հանրակացարան, հյուրանոց, մետաղյա տնակ, ադմինիստրատիվ մասնաշենք և այլն):

Հանրապետության սոցիալ-ժողովրդագրական պատկերի ամբողջականացման նպատակով ավելացնենք, որ պատերազմական գործողություններն ավերածություններ են առաջացրել նաև Ադրբեջանին սահմանակից Հայաստանի Հանրապետության Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերում, որոնք միասին զբաղեցնում են 16.962 ք. կմ. տարածք (ՀՀ տարածքի 57%-ը) և որտեղ բնակվում է 976 հազար մարդ (ՀՀ բնակչության 25,7%-ը): Ավերվել են նշված մարզերի Ադրբեջանին առավել մոտ գտնվող 170 գյուղերի հազարավոր բնակելի տներ, արտադրական և սոցիալական նշանակության բազմաթիվ օբյեկտներ, շարքից դուրս են եկել կապի, տրանսպորտի, ոռոգման համակարգերի մեծ մասը և հասցվել են այլ վնասներ: Այս ամենի հետևանքով իրենց մշտական բնակության (ծագման) վայրերը լքել են 72.000 մարդիկ, որոնք իրենց պետության ներսում դարձել են տեղահանվածներ` լրացնելով հանրապետությունում անօթևան բազմահազար ընտանիքների շարքերը: Հարկ է նշել, որ այդ անձանց շրջանում մեծ թիվ են կազմում 1988-92 թթ. Հայաստան ներգաղթած փախստականները, որոնք ժամանակին բնակեցվել էին այդ գոտում: Փաստորեն, նշված անձինք կարճ ժամանակահատվածում կրկնակի անգամ ենթարկվեցին տառապանքների առաջինը Ադրբեջանում, իսկ այնուհետև` Հայաստանի սահմանամերձ շրջաններում:

Տեղահանվածների ճնշող մեծամասնությունը ներկայումս, բնակվում է ժամանակավոր կացարաններում կամ բարեկամների տանը և, ինչպես ցույց են տալիս նրանց շրջանում կատարված հարցումները, մեծ ցանկություն ունի վերադառնալու իրենց բնակավայրերը` անձի անվտանգության անհրաժեշտ երաշխիքների տրամադրման, բնակության և եկամուտների ապահովվածության նվազագույն պայմանների ստեղծման դեպքում:

Մինչդեռ այդ հարցերի լուծման ձգձգումը նպաստում է դիտարկվող մարզերից բնակչության արտահոսքին, ծանրացնում է այդ բնակավայրերի առանց այն էլ ոչ բարվոք սոցիալ-տնտեսական վիճակը, և դրանով իսկ հանդիսանում հանրապետության սոցիալական համերաշխության խաթարման գործոն: Այս ամենն էլ իր հերթին խթանիչ ազդեցություն է ունենում միգրացիոն հոսքերի աճին ինչպես դեպի Ռուսաստանի Դաշնություն, այնպես էլ Եվրոպական երկրներ և ԱՄՆ: Թերևս, նշված հանգամանքներով կարելի է բացատրել, որ ապաստան հայցողների թվով Հայաստանը արդեն մի քանի տարի է, ինչ գտնվում է Գերմանիա, Բելգիա, Հոլանդիա, Լեհաստան նման հայցերով դիմողների ըստ երկրների կազմված ցուցակների առաջին տասնյակում, իսկ Լեհաստանում` նույնիսկ երրորդն է:

Ուստի, հաշվի առնելով սահմանամերձ շրջանների պատերազմական ավերածությունների հետևանքով լքված անձանց հետ կապված վերոհիշյալ հիմնախնդիրները և դրանք կարգավորելուն նպաստող ստեղծված հրադադարը, անհրաժեշտություն է առաջացել մշակել և իրականացնել նրանց իրենց բնակության վայրեր վերադարձնելու, արդեն վերադարձված, ինչպես նաև այդ տարածքները չլքած անձանց իրենց բնակավայրերում ամրագրելու ծրագիր:

 

2. Պատերազմական գործողությունների հետևանքով

պատճառված վնասների գնահատում

 

1998 թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսներին Միգրացիայի միջազգային կազմակերպության և ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակի շրջանակներում գործող «ՀՀ միգրացիայի կառավարման բնագավառում կադրային բազայի ամրապնդման» ծրագրի «Փախստականներ և տեղահանված անձինք» աշխատանքային խմբի անդամների կողմից Հայաստանի Հանրապետության Ադրբեջանի հետ սահմանակից 5 մարզերի պատերազմական գործողությունների հետևանքով տուժած 54 սահմանամերձ գյուղերում անցկացվել է հետազոտություն: Բացի այդ ՀՀ կառավարության համապատասխան կառույցների միջոցով ուսումնասիրություններ են կատարվել նաև 200 սահմանամերձ գյուղերից 87-ում, որի հիման վրա կազմվել է «ՀՀ սահմանամերձ բնակավայրերի իրավիճակի մասին» ծավալուն նյութը:

ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունը (այսուհետև` ՄՓՎ) առկա փաստական նյութերի և իր կողմից կատարված ուսումնասիրությունների հիման վրա կատարել է պատերազմական գործողությունների հետևանքով սահմանամերձ մարզերի բնակիչներին, մարզերի ենթակառույցներին հասցված վնասների գնահատում:

Տեղահանվածների շրջանում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ նրանց 75%-ը տեղավորվել են ժամանակավոր կացարաններում, 18%-ը` բարեկամների մոտ: Նրանց շուրջ 40%-ը` օգտագործելով հրադադարի ընձեռած հնարավորությունները, սեփական նախաձեռնությամբ և միջոցներով վերադարձել են իրենց բնակավայրերը, իսկ մնացածների 92%-ը պատրաստակամ են պետության աջակցությամբ վերադառնալ, եթե այնտեղ ստեղծվեն անձի ապահովվածության և գոյատևման նվազագույն պայմաններ:

Վերը նշված ուսումնասիրությունների շնորհիվ արձանագրվել է, որ պատերազմական գործողությունների հետևանքով ավերվել են կամ վնասվել ավելի քան 12300 տներ, վերակառուցման և վերանորոգման կարիք ունեն 78 կրթօջախներ, 62 բուժսպասարկման օբյեկտներ, 515 կմ խմելու և 724 կմ ոռոգման ջրագծեր, 575 կմ ավտոճանապարհ: Հրետակոծություններից առավելապես տուժել են Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի սահմանամերձ բնակավայրերը, որտեղից նկատվում է բնակչության առավել մեծ արտահոսք և որի հետևանքով խաթարվել է բնակչության դեմոգրաֆիկ կառուցվածքը: Աշխատունակ տարիքի (16-65) անձանց թվաքանակը կազմում է ամբողջի միայն 47%-ը: Այդտեղ մեծ թիվ են կազմում միայնակները և 2-3 անձից բաղկացած փոքր ընտանիքները` ընդհանուր թվի կեսից ավելին: Նշված տարածքներում ավերվել են բնակելի տների 40%-ը, շարքից դուրս են եկել ճանապարհների 60%-ը, բնակավայրերի շուրջ 70%-ը զրկված են խմելու և ոռոգման ջրամատակարարումից: Ստեղծված իրավիճակում բնակչության հիմնական եկամտաբեր գործունեությունը` գյուղատնտեսությունը, չի ապահովում ընտանիքի գոյության համար անհրաժեշտ նախապայմանները, քանի որ ընտանիքների աշխատող ձեռքերի պակասը, տեխնիկայի բացակայությունը դժվարություններ են ստեղծում վարելահողերի, այգիների մշակման գործում: Նշված, ինչպես նաև անմիջականորեն սահմանային մոտիկ գտնվելու և ականապատված լինելու պատճառներով օգտագործվում են վարելահողերի 70%-ը, ոռոգելի տարածքների 60%-ից պակասը: Դիտարկվող բնակավայրերում գյուղատնտեսության եկամտաբերությունը նվազում է նաև դրանց գյուղատնտեսական շուկաներից հեռու գտնվելու և տեղերում գյուղմթերքների վերամշակման ենթակառույցների չգործելու պատճառով:

ՄՓՎ-ն սահմանամերձ բնակավայրերից բնակչության հետագա արտահոսքը կանխելու, այնտեղ վերադարձած անձանց ամրագրելու և տեղահանվածներին իրենց բնակավայրերը վերադարձնելու ուղղությամբ նախանշել է լուծումներ պահանջող առաջնահերթ խնդիրները և դրանց լուծման ուղիները, որոնցից կարևորագույնը մարդկանց ապահովվածության երաշխավորումն ու վերաբնակեցման կազմակերպումն է: Նշված հիմնադրի լուծումը ենթադրում է վերադարձողների բնակարանային ապահովում և սկզբնական շրջանի համար անհրաժեշտ գոյամիջոցների նվազագույն փաթեթի հատկացում: Հաջորդ գերակա խնդիրը նրանց համար եկամտաբեր գործունեության ապահովումն է, որն իր մեջ ներառում է մշակվող գյուղատնտեսական նշանակության տարածքների ավելացում և բերքատվության բարձրացում` ականազերծման, մեքենայացման և պարարտացման բարելավման, ոռոգման համակարգերի վերագործարկման շնորհիվ: Կարևորագույն խնդիր է մնում նաև սոցիալական նշանակության ենթակառույցների գործունեության ապահովումը, որոնցից պետք է առանձնացնել Էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, կրթական և բժշկական օգնության ապահովման հարցերի լուծումը, որն իր մեջ ներառում է նաև համապատասխան մասնագետներով ապահովելը: Ընթացքում պետք է լուծել նաև հեռախոսակապի, ռադիոկապի, հեռուստահաղորդումների ընդունման կազմակերպումը: Հաշվի առնելով հանրապետության անտառային ֆոնդի սակավությունը բնապահպանական խնդիրների տեսանկյունից էական նշանակություն ունի գազամատակարարման կազմակերպումը: Սահմանամերձ բնակավայրերի բնակչության համար լրացուցիչ եկամուտներ ստեղծելու առումով կարևորվում է աշխատատեղեր ստեղծելու հարցը, որը հնարավոր է գյուղմթերքների և տեղական հումքի վերամշակմամբ զբաղվելու ցանկություն ունեցողներին, ինչպես նաև տնայնագործությունը զարգացնողներին խրախուսելով` արտոնյալ վարկեր տրամադրելու միջոցով: Կարևորվում է նաև այդ գոտիներում արտոնյալ հարկային քաղաքականության վարումը:

 

3. Վերաբնակեցման և վերականգնման

ծրագրի ռազմավարությունը

 

Ներկայացվող ծրագրի շրջանակներում իրականացվելիք աշխատանքները կարելի է պայմանականորեն բաժանել վերաբնակեցման և վերականգնման ուղղությունների: Ծրագրի վերաբնակեցման հատվածը իր մեջ ներառում է սահմանամերձ բնակավայրերը լքած շուրջ 39 հազար տեղահանված անձանց դեպի իրենց բնակավայրեր վերադարձի կազմակերպման հետ առնչվող հարցերը` նրանց համար ապահովելով գոյատևման նվազագույն անհրաժեշտ պայմաններ:

Ծրագրի վերականգնման մասը շոշափում է ինչպես նշված, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ` արդեն իսկ վերադարձած 28 հազար, ինչպես նաև բնակավայրերը չլքած մնացած բոլոր անձանց շահերը, և նպատակ է հետապնդում ավերված և վնասված սոցիալ-տնտեսական նշանակության օբյեկտների վերականգնման ու ինքնուրույն եկամուտներ ստանալու հնարավորություններ ստեղծելու ճանապարհով սահմանամերձ տարածքների բնակչությանը ամրապնդել իրենց բնակավայրերում: Հարկ է նշել, որ հրադադարի հաստատումից ի վեր հանրապետության կառավարության համար գերակա խնդիր է հանդիսացել ավերված բնակավայրերի վերականգնումը, և այդ նպատակով էլ մշակվել է «Սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի առաջնահերթ խնդիրների հայեցակարգային ծրագիր»:

Սակայն նշված, ինչպես նաև նախկինում մշակված նմանատիպ այլ ծրագրերը հնարավոր չի եղել ամբողջությամբ իրականացնել, քանի որ հանրապետությունը ստիպված էր նույնպես լուծումներ փնտրել անկախությունից հետո իրեն բաժին հասած մյուս հիմնախնդիրների առնչությամբ (երկրաշարժ, փախստականներ):

Հետբախումային վերականգնման ծրագրի ռազմավարական նպատակների իրականացման համար նախատեսվում է օգտագործել ինչպես հանրապետության ներքին միջոցները, այնպես էլ ստանալ հնարավոր ֆինանսական աջակցություն միջազգային հանրությունից:

 

3.1. Ծրագրի հիմնական սկզբունքները

 

1. Տեղահանվածների վերադարձը կիրականացվի կամավորության սկզբունքով, նրանց համար ապահովելով անձի անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ:

2. Վերադարձածների համար կենսաապահովության նվազագույն պայմանների ստեղծում` կացարանի ապահովում, որոշակի ժամանակաշրջանի համար սննդի օժանդակության տրամադրում և եկամտաբեր գործունեությամբ զբաղվելու հնարավորության ստեղծում:

3. Վերաբնակեցման գործընթացի համատեղում տուժած տարածքների սոցիալական նշանակության ենթակառույցների վերակառուցման հետ:

4. Ծրագրի վերակառուցման բաժնով նախատեսված աշխատանքներին վերադարձածների մասնակցության ապահովում: Դրանով` վերաբնակիչների համար կառուցվելիք օբյեկտների վրա հսկողության իրականացման աշխատանքների արդյունավետ կազմակերպման և լրացուցիչ եկամուտների ստեղծման հնարավորության ընձեռնում:

5. Ծրագիրը կիրականացվի լայն հրապարակայնության պայմաններում` ներգրավելով ոչ կառավարական կազմակերպություններին, ընտանիքներին, համայնքներին, տեղական և հանրապետական կառավարման մարմիններին:

6. Ծրագրի շրջանակներում աջակցություն կտրվի ինչպես ներքին տեղահանվածներին, այնպես էլ նրանց, ովքեր արդեն վերադարձել են, և նրանց ովքեր չեն լքել բնակավայրերը, սակայն տուժել են հակամարտությունից:

Թվարկված վերջին սկզբունքի հիման վրա նյութական օժանդակություն կտրվի այն 28.000 անձանց, որոնք իրենց սեփական միջոցներով արդեն վերադարձել են իրենց բնակավայրերը և ձեռնամուխ են եղել պատերազմի պատճառած վնասների ինքնուրույն հաղթահարմանը, ինչպես նաև իրենց բնակավայրերը չլքած այն անձանց, որոնք նույնպես տուժել են հակամարտությունից:

Ծրագիրը նախատեսում է կազմակերպել տեղահանված շուրջ 9300 ընտանիքների կամավոր, երաշխավորված վերադարձը և նրանց ու պատերազմական գործողությունների հետևանքով տուժած մնացած ընտանիքներին ապահովել իրենց բնակավայրերում ապրելու նվազագույն պայմաններ, որոնք իրենց մեջ ներառում են սոցիալական ենթակառույցների նորմալ գործունեություն և եկամուտների ապահովվածություն:

Ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է 80,935 մլն. ԱՄՆ դոլար, իրականացվելու է 2000-2002 թվականներին, հասարակական, ինքնուրույն և պետական կազմակերպությունների միջոցով, մարզային և համայնքային մակարդակներում, կիրառելով իրականացման տարբեր մոտեցումներ:

 

3.2 Վերաբնակեցում

 

Վերաբնակեցման ծրագիրը ուղղված է գրեթե 39.000 անձանց (շուրջ 9300 ընտանիքի) իրենց բնակավայրերը վերադարձնելուն և նրանց պատկանող վերականգնված կամ վերանորոգված բնակարաններում բնակեցնելուն, որի իրականացմանը ըստ ցանկության կարող են ընդգրկվել նաև իրենք: Ծրագրի այս մասով նախատեսվում է, շահագրգիռ կազմակերպությունների հետ բնակավայրերի առաջնահերթությունը ճշտելով, եռամյա ժամկետում ստեղծել պայմաններ տարեկան ավելի քան 3000 ընտանիքի վերադարձ իրենց ծագման բնակավայրեր ապահովելու համար: Վերաբնակեցումը կազմակերպելիս յուրաքանչյուր ընտանիքին կտրամադրվի առավելագույնը 660 դոլար` գույքի և ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերի և առաջին 6 ամսվա ընթացքում (մինչև գյուղատնտեսության ոլորտում սեփական եկամուտների ստեղծումը) սննդամթերքով աջակցություն ցույց տալու համար:

Հիմնովին ավերված բնակարանների, տների համար նախատեսվում է 4000 դոլարի սահմաններում ստեղծել նվազագույն կենցաղային պայմաններ` 25 ք. մ. մակերեսով մեկ սենյակի կառուցում, իսկ ընտանիքների մեծաթիվ խմբի համար` բնակարանների մասնակի նորոգում: Ծրագրի բնակարանային մասի արժեքը` 24,438 մլն ԱՄՆ դոլար է, որն իր մեջ ներառում է նաև վերաբնակեցման, արդեն վերադարձածների և բնակավայրերը չլքած որոշ բնակիչների տների, վերանորոգման ծախսերը:

 

3.3 Շրջակա միջավայրի ականազերծում և բնապահպանություն

 

Շրջակա միջավայրի ականազերծումը վերաբնակեցման ու տնտեսական և սոցիալական վերականգման տեսանկյունից բավականին բարդ, կարևոր և հրատապ խնդիր է: Այն ոչ միայն հնարավորություն կընձեռի շուրջ 25%-ով ավելացնել սահմանամերձ գյուղերի մշակովի գյուղատնտեսական տարածքները, այլև տեղի բնակիչներին ապահովվածության զգալի երաշխիքներ կտա: Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի Ադրբեջանին սահմանակից ամբողջ արևելյան սահմանը և Գեղարքունիքի մարզի արևելյան սահմանի մի մասը այսօր փաստորեն զինվորական ստորաբաժանումների հսկողության տակ չեն գտնվում, սակայն այդտեղ դեռևս պահպանվում են խառը ականապատված տեղամասեր, որոնք ռեալ վտանգ են ներկայացնում տեղի բնակիչների համար: Միայն Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքների վարչական տարածքների գյուղատնտեսական նշանակության 1699 հա հողատարածք, միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության 10 կմ ճանապարհի եզրերը ու մոտ 300 հա անտառահատվածներ ականապատված են: Դրանց մի մասի ականազերծումը կատարվել է հայաստանցի զինվորական ինժեներների միջոցով, սակայն եղած նյութական և տեխնիկական հնարավորությունները թույլ չեն տալիս ամբողջությամբ իրականացնելու ականազերծումը: Ականազերծման աշխատանքների արժեքը գնահատվում է 3,5 մլն ԱՄՆ դոլար:

Սահմանամերձ գոտում անտառահատումների կանխարգելմանը էապես կնպաստի սահմանամերձ գյուղերի գազաֆիկացումը, որի իրականացման համար ծրագրով նախատեսվում է 4,34 մլն ԱՄՆ դոլարի ներդնում:

 

3.4 Վերականգնում

 

Վերականգնման ծրագիրը վերաբերվում է սոցիալական և տնտեսական նշանակության ենթակառույցների վերականգնմանը և նորմալ գործունեության ապահովմանը և նպատակաուղղված է ներքին տեղահանված անձանց վերաբնակեցումից հետո և արդեն վերադարձած կամ իրենց բնակավայրերը չլքած անձանց այդ բնակավայրերին ամրագրելուն:

Ծրագիրը, որը պահանջում է 35,097 մլն ԱՄՆ դոլար ներդրումներ, գումարած 2,4 մլն ԱՄՆ դոլար չնախատեսված ծախսեր, 6,5 մլն ԱՄՆ դոլար գործարկման ծախսեր, որոնցից ըստ բնագավառների կարևորվում են հետևյալ ծախսերը.

 

Գյուղատնտեսություն և ոռոգում. Ծրագիրը նախատեսում է 12,62 մլն ԱՄՆ դոլարի ներդրում գյուղատնտեսության ոլորտում սեփական եկամուտների ստանալու հնարավորությունների արագ ստեղծման նպատակով, դրա մի մասը նախատեսվում է օգտագործել սերմացու, պարարտանյութեր, անասուններ և աշխատանքային գործունեության համար անհրաժեշտ գույք ձեռք բերելու համար, իսկ մի մասն էլ նպատակաուղղել ոռոգման ենթակառուցվածքի վերանորոգման և շահագործման ապահովմանը: Սահմանային գոտում հայտնված և ականապատված սեփականաշնորհված հողամասերի դիմաց ծրագրով նախատեսված է բնակիչներին պահուստային հողերից նույն չափերով հողամասերի հատկացումը: Այդ գումարից 1,26 մլն ԱՄՆ դոլար նախատեսվում է օգտագործել աշխատանքային կազմակերպման համար, որոշակի գումար էլ առանձնացվում է չնախատեսված ծախսերը հոգալուն:

 

Եկամտաբեր գործունեություն (գյուղատնտեսությունից դուրս). Հաշվի առնելով սահմանամերձ բնակավայրերում փոքր դրամաշնորհներով և միկրո վարկերով գյուղատնտեսական մթերքների վերամշակման և տեղական հումքի վրա արդյունաբերական ձեռնարկություններ ստեղծելու հնարավորությունները ծրագիրը դրա համար նախատեսում է 3,01 մլն ԱՄՆ դոլարի ծախսեր, որոնց մի մասը կնպատակաուղղվի տեղերում ոչ պետական կազմակերպություններին աջակցելուն:

 

Էլեկտրականություն. Ավերված ենթակայանները, փոխադրող և բաշխիչ գծերը վերականգնելու և սահմանամերձ բնակավայրերի էլեկտրամատակարարման ապահովման համար ծրագիրը նախատեսում է 0,5 մլն ԱՄՆ դոլար:

 

Կրթություն. Ծրագիրը նախատեսում է 8,59 մլն ԱՄՆ դոլարի ներդրում սահմանամերձ բնակավայրերի դպրոցների վերակառուցման և վերանորոգման համար: Այս գումարը ներառում է նաև դպրոցներին անհրաժեշտ դասագրքերով, սարքավորումներով ապահովելը, ինչպես նաև որոշակի գումար ուսուցիչների վերապատրաստման համար:

 

Առողջապահություն. Ծրագիրը 2,06 մլն ԱՄՆ դոլարի ներդրումների շրջանակում նախատեսում է սահմանամերձ բնակավայրերում ավերված բժշկական ծառայություն ենթակառուցվածքի վերականգնում, որն իր մեջ ներառում է կառույցների վերականգնում և վերանորոգում, բժշկական սարքավորումների, առողջության առաջնային պահպանության համար անհրաժեշտ դեղամիջոցների ձեռքբերում, բուժ. անձնակազմով ապահովում և նրանց վերապատրաստման կազմակերպում:

 

Ջրամատակարարում. Ջրամատակարարման և բաշխման 515 կմ ջրագծի վերանորոգման, ենթակառուցվածքի նորմալ գործունեության ապահովման միջոցառումներ իրականացնելու համար ծրագրով նախատեսվում է 7,54 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ:

 

Տրանսպորտ և հաղորդակցություն. 575 կմ ճանապարհային ցանցի վերանորոգման, սահմանամերձ գյուղերի հեռախոսային և ռադիոկապի վերականգնման և վերանորոգման, բնակավայրերի հեռուստահաղորդումներ ընդունելու հնարավորություն ընձեռելու համար ծրագրում նախատեսված է 6,55 մլն ԱՄՆ դոլար:

 

4. Ծրագրի արժեքը և ֆինանսավորումը

 

Ծրագիրն ընդգրկում է Ադրբեջանին սահմանակից 170 գյուղերից առավել տուժած 132 գյուղերում կատարվելիք վերաբնակեցման և վերականգման աշխատանքները: Հակամարտության հետևանքով պատճառված վնասները ամբողջությամբ գնահատելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ ուսումնասիրություններ:

Ուսումնասիրված բնակավայրերի մասով ծրագրի ընդհանուր արժեքը 80,935 մլն ԱՄՆ դոլար է, որից 12,3 մլն դոլար ներկայացնում է կատարողական և չնախատեսված ծախսերը, որոնք իրենց մեջ ներառում են աշխատանքային խմբերի կողմից կատարվելիք հետազոտական և նախագծային աշխատանքների ֆինանսավորումը, շրջակա միջավայրի բարեկարգմանը ուղղված, անհրաժեշտ մասնագետների բնակեցման հետ կապված ծախսերը, դրանից 3,4 մլն ԱՄՆ դոլար նախատեսվում է համայնքների վարչական շենքերի և ընդհանուր օգտագործման այլ կառույցների վերանորոգման և վերականգնման համար: Որոշակի գումար նախատեսվում է մի շարք ոլորտների ընթացիկ գործունեության սկզբնական ապահովման համար: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել երեք տարում, նշված ժամկետը, իհարկե, պայմանավորված է նաև ֆինանսական միջոցների հայթայթումով: Կառավարությունը ամեն տարի իր հնարավորության սահմաններում ֆինանսավորելու է ծրագիրը և նպատակային աշխատանքներ է տանելու ծրագրի ֆինանսավորմանը նվիրատուներ ընդգրկելու ուղղությամբ: Հանրապետության կառավարությունը ծրագրով նախատեսված աշխատանքների ֆինանսավորման նպատակով կդիմի Միավորված ազգերի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարին (հատկապես ծրագրի վերաբնակեցման և բնակարանաշինության ենթաբաժինների մասով), Համաշխարհային Բանկին, Միավորված Ազգերի Զարգացման Ծրագրին (հատկապես ականազերծման աշխատանքների մասով):

Այս ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությունը պատրաստակամ է համագործակցել բոլոր նվիրատու, միջազգային, օտարերկրյա և ոչ կառավարական կազմակերպությունների հետ:

 

5. Ծրագրի իրականացումը

 

Ծրագրի իրականացումը պայմանավորված է նրա բաղադրիչների իրականացումով, որոնց փաստական ֆինանսավորման հերթականությունը որոշում է կառավարությունը նվիրատու կազմակերպությունների հետ միասին: Ժամանակավոր կացարաններում և բարեկամների տանը բնակվող, այլ երկրներում գտնվող տեղահանվածների հիմնախնդիրներով զբաղվում է ՄՓՎ-ն, որը համակարգում է և նպաստում այս ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացմանը, նա ստեղծում է հավասար պայմաններ իրենց ժամանակավոր բնակավայրերը թողնելու պատրաստակամություն հայտնած անձանց այս ծրագրում ընդգրկելու համար: Նախատեսվում է այս աշխատանքները իրականացնել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման և մարմինների լայն ընդգրկմամբ մասնակից դարձնելով միջազգային և տեղական ոչ կառավարական կազմակերպություններին: ՄՓՎ-ն կապահովի այդ կառույցների աշխատանքների համակարգումը: Նախատեսվում է նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված խորհրդատվական խմբի ստեղծում: Ծրագրի իրականացման մանրամասն նկարագրությունը կտրվի ընդհանուր ծրագրի համաձայնեցումից հետո:

 

6. Ծրագրի օգտակարությունը

 

Ծրագիրը նպատակ ունի աջակցել երեք խմբի.

ա) Շուրջ 39.000 անձանց, որոնք պատրաստակամ են իրենց զբաղեցրած ժամանակավոր կացարաններից ծրագրով նախատեսված ապահովվածության երաշխիքներով վերաբնակեցվել հիմնական բնակավայրերում:

բ) Շուրջ 28.000 նախկին տեղահանվածների, որոնք սեփական միջոցներով արդեն վերադարձել են իրենց բնակավայրերը:

գ) Ծրագրից օգնություն կստանան նաև իրենց բնակավայրերը չլքած այն քաղաքացիները, որոնք նույնպես տուժել են պատերազմական գործողությունների ընթացքում:

Առավել չափի օգնությունները ներառում են.

ա) Նշված 39.000 անձանց վերաբնակեցում, ներառյալ բնակարանի հատկացում, սննդի աջակցություն և եկամուտների ստեղծման հնարավորության ընձեռում:

բ) Արդեն վերադարձած և բնակավայրերը չլքած մոտ 3000 ընտանիքների տների վերանորոգում:

գ) Եկամուտների ստեղծման հնարավորության ապահովում` գյուղատնտեսությամբ զբաղվելու համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծում, մշակովի հողատարածքների ավելացում ականազերծման և ոռոգման համակարգի վերականգնման շնորհիվ, ինչպես նաև փոքր դրամաշնորհներով և միկրովարկերով այլ ծրագրեր իրականացնող ոչ պետական կազմակերպությունների ստեղծում:

դ) Սոցիալական և արտադրական հիմնական ենթակառուցվածքների գործունեության վերականգնում, կրթության, առողջապահության, էլեկտրականության, կապի, տրանսպորտի և ջրամատակարարման ոլորտներում:

Այն տեսանկյունից, որ այս ծրագիրը լայնորեն հիմնվում է վերանորոգման ու վերակառուցման և ոչ թե նոր կառուցվածքների ստեղծման վրա, բավականաչափ օգտակար է շրջակա միջավայրի համար: Շրջակա միջավայրի պահպանության տեսակետից նախատեսվում են միջոցառումներ, որոնք կկանխարգելեն անտառահատումները, կնպաստեն շրջակա միջավայրի կանաչապատմանն ու բարեկարգմանը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.12.2000
N 56
Արձանագրային որոշում