ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
19 մայիսի 2025 թվականի N 4-Ն
ՏԵՂԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԶԵՆՔԻ ԱՄՐԱԿՑՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ, ՏԵՂԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԿԱԶՄՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ԱՆՁԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պաշտպանության մասին» օրենքի 29.2-րդ հոդվածի 7-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջները`
Հրամայում եմ
1. Սահմանել`
1) տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանումների կազմում ներգրավված անձանց զենքի ամրակցման և պահպանման կարգը` համաձայն հավելված 1-ի.
2) տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանման կազմում ներառվող անձի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն հավելված 2-ի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 21-ի «Աշխարհազորայիններին զենքի ամրակցման և պահպանման կարգը, ինչպես նաև աշխարհազորայինի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու մասին» N 9-Ն հրամանը:
ՀՀ Պաշտպանության նախարար Ս. Պապիկյան
Հավելված N 1
ՀՀ պաշտպանության նախարարի
2025 թվականի մայիսի 19-ի
N 4-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՏԵՂԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԶԵՆՔԻ ԱՄՐԱԿՑՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերում (այսուհետ` զորամաս) ստեղծված տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանումների (այսուհետ նաև` ստորաբաժանումներ) պատրաստության և կիրառման շրջանակներում ստորաբաժանումների կազմում ներառված անձանց (այսուհետ` կամավորական) զենքի, դրա համար անհրաժեշտ ռազմամթերքի և ռազմատեխնիկական գույքի (այսուհետ նաև` զենք և ռազմամթերք) ամրակցման ու պահպանության իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Կամավորականներին զենքը և ռազմամթերքն ամրակցվում է զորամասի տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանման հրամանատարի կողմից` ամրակցման տեղեկագրով (Ձև 1): Զենքը և ռազմամթերքը ամրակցելուց հետո տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանումում դրանց շարժն իրականացվում է զենքի ու ռազմամթերքի տրման գրքով (Ձև 2): Ամրակցման տեղեկագրում և ստորաբաժանման զենքի ու ռազմամթերքի տրման գրքում գրառումները կատարվում են կապույտ թանաքով գրիչով, ընթեռնելի և առանց ջնջումների:
3. Կամավորականին զենքը և ռազմամթերքն ամրակցելուց հետո դրանք գտնվում են կամավորականի մոտ` պատրաստության ժամանակահատվածում, իսկ ստորաբաժանման կիրառման դեպքում` դրա ողջ ժամանակահատվածում: Պատրաստությունից կամ կիրառումից դուրս ժամանակահատվածում կամավորականին ամրակցված զենքը և ռազմամթերքը պահվում է ստորաբաժանումում` զորամասի զենքի և ռազմամթերքի պահպանման կանոնների համաձայն:
4. Ստորաբաժանման հրամանատարը պարտավոր է ապահովել զենքի կրման անվտանգության կանոնների ուսուցանումը կամավորականներին, կամավորականի կողմից զենքի կրման անվտանգության կանոնների խստիվ կատարումը և պահպանումը:
5. Զենքի և ռազմամթերքի հետ վարվելիս արգելվում է`
1) առանց հրամանի զենքը պահել լիցքավորված վիճակում.
2) փամփուշտները կրել առանց տուփերի կամ պահեստատուփերի.
3) կատարել զենքի կամ փամփուշտների, նռնակների, արկերի, պայթուցիչների, նմանակիչ և այլ պայթուցիկ նյութերի քանդում.
4) զենքը և ռազմամթերքը փոխանցել այլ անձի:
6. Զենքի և ռազմամթերքի առկայությունը, սարքին պահելը հանդիսանում է ստորաբաժանման մարտունակության կարևորագույն բաղադրիչը, իսկ դրանց հուսալի պահպանության իրականացումը` ստորաբաժանման հրամանատարի պարտականությունը:
7. Զենքի և ռազմամթերքի առկայության, սարքինության ու պահպանության նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով ստորաբաժանման հրամանատարը պարտավոր է յուրաքանչյուր շաբաթ ստուգել կամավորականներին ամրակցված զենքի և ռազմամթերքի առկայությունը, լրակազմությունն ու սարքինությունը, իսկ զորամասում զենքի և ռազմամթերքի առկայության համար պատասխանատու ավագ պետն ամիսը մեկ անգամ համապատասխան ստորաբաժանման հաշվառման տվյալները համեմատում (ստուգում) է զորամասի զենքի և ռազմամթերքի հաշվառման տվյալների հետ: Համեմատման (ստուգման) արդյունքներով կազմվում է ակտ, որը պահվում է զորամասի շտաբում:
8. Կամավորականի կողմից զենքի և ռազմամթերքի հետ հանձնումը կատարվում է ստորաբաժանման հրամանատարի որոշմամբ` ինչի վերաբերյալ ստորաբաժանման զենքի և ռազմամթերքի տրման գրքում կատարվում են համապատասխան գրառումներ:
9. Ստորաբաժանման հրամանատարը, ըստ ստորաբաժանմանն առաջադրված խնդիրների, զենքը և ռազմամթերքը ստանում է զորամասի հրամանատարի հրամանով` զենքի և ռազմամթերքի պահպանության պահեստից` ապրանքագրով:
10. Ստորաբաժանումում համապատասխան զենքի և ռազմամթերքի կարիքը վերանալու դեպքում ստորաբաժանման հրամանատարը զենքը և ռազմամթերքը` լրակազմով, սարքին և սպասարկված վիճակում, ապրանքագրով հետ է հանձնում զորամասի զենքի և ռազմամթերքի պահպանության պահեստ:
11. Զենքի և ռազմամթերքի յուրաքանչյուր կորստի դեպքում ստորաբաժանման հրամանատարը (կամ ստուգող ավագ պետը) պարտավոր է միջոցներ ձեռնարկել դրանց որոնման համար և անհապաղ զեկուցել վերադաս հրամանատարին:
Ձև 1
ՏԵՂԵԿԱԳԻՐ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ ԶԵՆՔԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ԱՄՐԱԿՑՄԱՆ
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Ազգանուն, անուն,| Ամրակցված է |Ստացողի |
| |հայրանուն |_____________________________________|ստորագրու-|
| | |Զենքի |Սվին |Փամփշտա-|Հակագազ|Այլ |թյունը |
| | |տեսակը և |դանակ|տուփ | | |ստանալուց |
| | |համարը | | | | | |
|___|________________|_________|_____|________|_______|____|__________|
|___|________________|_________|_____|________|_______|____|__________|
|___|________________|_________|_____|________|_______|____|__________|
|___|________________|_________|_____|________|_______|____|__________|
|___|________________|_________|_____|________|_______|____|__________|
._____________________________________________________________________.
______ զորամասի ՏՊՈՒ ստորաբաժանման հրամանատար ________________________
(ստորագրություն, ա., ա)
«» ____________________20 թ.
Ձև 2
ՏՊՈՒ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՈՒՄ ԶԵՆՔԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՏՐՄԱՆ ԳԻՐՔ
._________________________________________________________________________.
|Հ/Հ| Տրված է | Վերադարձված է |
| |_______________________________________|_____________________________|
| |Ամսա- |Զենքի |Քանակը|Զենք |Ստացողի|Ամսա- |Քանակը|Հանձ- |Ընդու-|
| |թիվը |(ռազմա-| |ստացողի |ստորագ-|թիվը | |նողի |նողի |
| | |մթերքի)| |ազգա- |րութ- | | |ստորա- |ստորա-|
| | |անվա- | |նունը, |յունը | | |գրու- |գրու- |
| | |նումը | |անունը, | | | |թյունը |թյունը|
| | | | |հայրա- | | | | | |
| | | | |նունը | | | | | |
|___|_______|_______|______|________|_______|_______|______|_______|______|
|___|_______|_______|______|________|_______|_______|______|_______|______|
|___|_______|_______|______|________|_______|_______|______|_______|______|
._________________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ պաշտպանության նախարարի
2025 թվականի մայիսի 19-ի
N 4-Ն հրամանի
Ձև
ՏԵՂԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԿԱԶՄՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ԱՆՁԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
____ ______________ 20 թ.
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1.1. _____________________________________________________________-ը,
(Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համապատասխան
_____________________________________________________________________
զինվորական կոմիսարիատի իրավասու պաշտոնատար անձի պաշտոն, անուն,
ազգանուն)
մի կողմից, և քաղաքացի _____________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, անձը
____________________________________________________________________
հաստատող փաստաթղթի սերիան և համարը, տրման օրը, ամիսը, տարին)
(այսուհետ` կամավորական), մյուս կողմից (այսուհետ նաև` Կողմեր), կնքեցին սույն պայմանագիրն այն մասին, որ կամավորականը ներգրավվում է տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանման կազմում և մասնակցում է «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.2-րդ հոդվածով սահմանված ու սույն պայմանագրով նախատեսված տեղական պաշտպանության ուժերի խնդիրների կատարմանը:
1.2. Կողմերը պայմանավորվում են, որ կամավորականի հետ սույն պայմանագիրը կնքվում է, եթե կամավորականը կցագրված չէ պատերազմական ժամանակաշրջանի հաստիքի, հաշվառված է պահեստազորի երկրորդ խմբում կամ հանված է զինվորական հաշվառումից և`
1.2.1. ենթակա չէ պարտադիր զինվորական ծառայության, կամ
1.2.2. չի հանդիսանում զինծառայող կամ ոստիկանության ծառայող կամ փրկարար ծառայող կամ քրեակատարողական ծառայող կամ հարկադիր ծառայող, կամ
1.2.3. պատիժ չի կրում ազատազրկման կամ կարճաժամկետ ազատազրկման ձևով, կամ նրա նկատմամբ չի իրականացվում քրեական հետապնդում:
1.3. Կողմերը պայմանավորվում են, որ տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանման կազմում կամավորականը`
1.3.1. անցնում է սահմանված կարգով պատրաստություն` պարապմունքների և վարժանքների միջոցով.
1.3.2. ստորաբաժանման կիրառման շրջանակներում մասնակցում է Հայաստանի Հանրապետության սահմանների պահպանությանն ու պաշտպանությանը, իրականացում է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման հետմղման ժամանակ առանձին մարտական խնդիրների կատարումը` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միավորումների և զորամասերի հետ համատեղ, մասնակցում է հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների դեմ պայքարին, աջակցում է ռազմական, հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների, բնակչության պաշտպանությանը,
1.3.3. նշանակվում է պաշտոնի, նրա համար հաշվարկվում է դրամական ապահովություն` ըստ նշանակված (զբաղեցրած) զինվորական պաշտոնի` պայմանագրային զինծառայողների համար օրենքով սահմանված չափով, ապահովվում է անվճար սննդով և բժշկական սպասարկմամբ` զինծառայողների համար սահմանված կարգով, նրան հատկացվում է զինվորական համազգեստ և ամրակցվում է զենք.
1.3.4. պարտավորվում է բարեխղճորեն և պատշաճ կատարել իր կարգավիճակով և պաշտոնով նախատեսված պարտականությունները, անվերապահորեն ենթարկվել իր անմիջական հրամանատարի` վերջինիս իրավասության սահմաններում տրված հրամաններին կամ հանձնարարականներին, ապահովել դրանց կատարումը:
1.4. Կողմերը պայմանավորվում են, որ սույն պայմանագրի գործողության ընթացքում ստորաբաժանման կազմում պատրաստության և կիրառման ժամանակահատվածում կամավորականի վրա տարածվում են զինվորական կանոնագրքերի պահանջները և զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված պատասխանատվությունը:
2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
2.1. Կողմերը պայմանավորվում են, որ պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրելու օրվանից և գործում է 1 (մեկ) տարի ժամկետով: Եթե պայմանագրի ժամկետը լրանալու օրվան նախորդող 1 (մեկ) ամսվա ընթացքում Կողմերից որևէ մեկը մյուս կողմին գրավոր չի ծանուցում ժամկետը լրանալու հիմքով պայմանագիրը լուծելու մտադրության մասին, ապա պայմանագրի գործողությունը համարվում է երկարաձգված` սույն կետում նախատեսված ժամկետով:
2.2. Կողմերը պայմանավորվում են, որ պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի վաղաժամկետ լուծելու պայմանագիրը` այդ մասին առնվազն 10 օրացուցային օր առաջ տեղեկացնելով մյուս կողմին: Պայմանագիրը լուծվում է նաև սույն պայմանագրի 1.2.2 կամ 1.2.3 կետերում նախատեսված հանգամանքների ի հայտ գալու դեպքում:
2.3. Սույն պայմանագիրը կնքվում է երեք օրինակից, որոնցից յուրաքանչյուրն ունի հավասար իրավաբանական ուժ: Պայմանագրի մեկ օրինակը տրվում է կամավորականին, մեկ օրինակը պահվում է պայմանագիրը կնքած զինվորական կոմիսարիատում, իսկ մյուս օրինակը` այն զորամասում, որի կազմում գործող տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանումում ներգրավված է կամավորականը:
3. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
----------------------------------- -----------------------------
(պաշտոնատար անձի անվան ու հայրանվան (քաղաքացու անվան ու հայրանվան
սկզբնատառերը, ազգանունը) սկզբնատառերը, ազգանունը)
------------------------ ------------------------
(ստորագրությունը) (ստորագրությունը)
Կնիքի տեղ
----- ---------------- 20 թ. ----- ---------------- 20 թ.
Պաշտոնական հրապարակման օրը` 26 մայիսի 2025 թվական: