Սեղմել Esc փակելու համար:
«ՓՈՔՐ ՄՀԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՓՈՔՐ ՄՀԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0276.310301

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«31» մարտի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մարտի 2001 թվականի N 276

 

«ՓՈՔՐ ՄՀԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ստեղծել «Փոքր Մհեր» հիմնադրամ և հաստատել դրա կանոնադրությունը (կցվում է):

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թվականի

մարտի 31-ի N 276 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՓՈՔՐ ՄՀԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Փոքր Մհեր» հիմնադրամը (այսուհետև` հիմնադրամ) Հայաստանի Հանրապետության (այսուհետև` հիմնադիր) գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է կրթական, ռազմահայրենասիրական, մարզական և սոցիալական նպատակներ:

2. Հիմնադրամը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենսդրության, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

3. Հիմնադրամը գործում է օրինականության, ինքնակառավարման և հրապարակայնության սկզբունքներով:

4. Հիմնադրամը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում և օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

5. Հիմնադրամի գտնվելու վայրն է` Կոտայքի մարզի Նաիրիի շրջանը, Հայաստանի Հանրապետության «Հայ արիներ» հայկազունների ազգային միության «Նորբերդ» ռազմաուսումնամարզական կենտրոն:

6. Հիմնադրամի պաշտոնական լեզուն հայերենն է:

7. Հիմնադրամի անվանումն է`

հայերեն` «Փոքր Մհեր» հիմնադրամ,

ռուսերեն` Ֆօնդ «Պօկռ Մգեռ»,

անգլերեն` Found «Poukr Mher»:

 

II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՐԿԱՆ

 

8. Հիմնադրամի գործունեության նպատակներն են`

ա) հանրակրթական հիմնական, ինչպես նաև լրացուցիչ (հայկազունական- կադետական-սեպուհական) կրթական ծրագրերի իրականացումը, որոնց նպատակն է նպաստել անչափահաս քաղաքացիների, այդ թվում` մուրացիկ, թափառաշրջիկ և անապահով երեխաների ռազմահայրենասիրական պատրաստությանը` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համազորային կանոնադրություններին համապատասխան.

բ) հանրակրթական և հայկազունական-կադետական-սեպուհական լրացուցիչ ծրագրերի հիման վրա սովորողների անհատականության ձևավորումը, նրանց նախապատրաստումը ինքնուրույն կյանքին, աշխատանքին, հասարակական համակեցությանը և հայրենիքին ծառայելուն.

գ) սաների նախապատրաստումը ռազմական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդունվելու համար` նրանց մեջ ձևավորելով և զարգացնելով հավատարմության զգացում զինվորական պարտքի նկատմամբ.

դ) ուսուցման և դաստիարակության իրականացումն ի շահ սանի, հասարակության և պետության` ապահովելով սաների բազմակողմանի զարգացումը, առողջության պահպանումը, ինքնակրթության և լրացուցիչ կրթության պահանջմունքների բավարարման համար պայմանների ստեղծումը:

9. Հիմնադրամի գործունեության առարկան է`

ա) հիմնադրամի կանոնադրական խնդիրներին համապատասխան սահմանված կարգով գիշերօթիկ կադետական կրթահամալիրի ստեղծումը.

բ) սաների համակողմանի կրթությունը և դաստիարակությունը, նրանց նախազորակոչային պատրաստությունն ապահովելը.

գ) բանակումների, արշավների, մրցումների, իրականացվող կրթական ծրագրերից բխող այլ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը.

դ) օրենքով չարգելված այլ գործունեության իրականացումը.

ե) կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով նաև օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ համագործակցելը:

 

III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

10. Հիմնադրամի իրավունակությունը ծագում է դրա պետական գրանցման պահից և դադարում լուծարման ավարտի պահից:

11. Հիմնադրամն իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում հիմնադրամի պետական գրանցման պահից:

12. Հիմնադրամն ունի իրավաբանական անձի համար սահմանված բոլոր իրավունքները և կրում է համապատասխան պարտականություններ:

13. Հիմնադրամն ունի սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության նպատակներին համապատասխան քաղաքացիական իրավունքներ և կրում է այդ գործունեության հետ կապված պարտականություններ:

Հիմնադրամն իրեն պատկանող քաղաքացիական իրավունքները, ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում է իր հայեցողությամբ: Հիմնադրամի կողմից իր այդ իրավունքների իրականացումից հրաժարվելը չի հանգեցնում այդ իրավունքների դադարմանը` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

14. Հիմնադրամը`

ա) ունի առանձնացված գույք, որպես սեփականություն, և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով.

բ) կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ.

գ) դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող.

դ) ունի ինքնուրույն հաշվեկշիռ.

ե) ունի կլոր կնիք, դրոշմակնիք, հաշվարկային հաշիվ բանկերում` թե՛ Հայաստանի Հանրապետության արժույթով, թե՛ արտարժույթով.

զ) կարող է ունենալ ապրանքային նշան և ֆիրմային անվանում:

15. Հիմնադրամն իրավունք ունի`

ա) Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված բոլոր ձևերով ձեռք բերելու գույք, այդ թվում` արժեթղթեր, տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու դրանք ու դրանցից ստացված եկամուտը.

բ) ինքնուրույնաբար կազմավորելու իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում` փոխառու միջոցների ներգրավմամբ, ստանալու վարկեր.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելու պայմանագրեր և կրելու պարտավորություններ:

Հիմնադրամն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ:

16. Հիմնադրամի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով սահմանված կարգով:

17. Հիմնադրամը քաղաքացիական իրավունքները ձեռք է բերում ու իրականացնում իր կամքով և ի շահ իրեն:

Հիմնադրամն ազատ է պայմանագրի հիման վրա սահմանելու իր իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:

18. Հիմնադրամն ունի օրենքով չարգելված բոլոր եղանակներով իր քաղաքացիական իրավունքների ինքնապաշտպանության իրավունք:

19. Հիմնադրամը կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքում, երբ դա ծառայում է սույն կանոնադրությամբ սահմանված` նպատակների իրականացմանը և համապատասխանում այդ նպատակներին:

Ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար հիմնադրամն իրավունք ունի ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու դրանց մասնակիցը:

 

IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ԴՐԱ ՀԻՄՆԱԴՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

20. Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում պետության պարտավորությունների, ինչպես պետությունը` հիմնադրամի պարտավորությունների համար:

21. Հիմնադիրը պատասխանատու չէ իր ստեղծած հիմնադրամի պարտավորությունների, իսկ հիմնադրամը` իր հիմնադրի պարտավորությունների համար:

22. Հիմնադրամն իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով:

23. Հիմնադրամը պարտավոր է ամեն տարի հաշվետվություն հրապարակել իր գույքի օգտագործման մասին:

 

V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

24. Հիմնադրամի կառավարման մարմիններն են հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը և գործադիր տնօրենը:

25. Հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինը հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետև` խորհուրդ), որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ղեկավարում է հիմնադրամի գործունեությունը:

26. Խորհրդի նիստերը հրավիրվում են առնվազն յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ` խորհրդի նախագահի կողմից, որը սահմանում է նաև նիստերի անցկացման ժամկետները:

27. Խորհրդի արտահերթ նիստը հրավիրվում է նրա նախագահի կողմից, իր նախաձեռնությամբ, խորհրդի անդամների մեկ երրորդի կամ տնօրենի պահանջով: Եթե 10 օրվա ընթացքում չի բավարարվում արտահերթ նիստ հրավիրելու պահանջը, ապա նախաձեռնողները կարող են իրենք հրավիրել արտահերթ նիստ:

28. Նիստի օրակարգը բաժանվում է խորհրդի անդամներին` ոչ ուշ, քան նիստից 5 օր առաջ:

29. Խորհրդի բացառիկ իրավասության հարցերն են`

ա) հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը.

բ) խորհրդի նախագահի և հիմնադրամի տնօրենի նշանակումն ու ազատումը.

գ) հիմնադրամի տնօրենի հաշվետվության հաստատումը.

դ) հիմնադրամի միջոցների օգտագործման ուղղությունների ու կարգի սահմանումը.

ե) սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում խորհրդի անդամի ընդունումը և ազատումն անդամությունից.

զ) հիմնադրամի միջոցների տնօրինումը.

է) հիմնադրամի տնօրենի կողմից հիմնադրամի միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

ը) հիմնադրամի գույքի օգտագործման մասին ամենամյա հաշվետվության հրապարակումը.

թ) հիմնադրամի պաշտոնատար անձանց գույքային պատասխանատվության ենթարկելու մասին որոշումների ընդունումը.

ժ) իր որոշումների կատարմանը, հիմնադրամի գույքի պահպանմանը, ինչպես նաև այլ գործունեության իրականացմանը հետևելը, հիմնադրամի փաստաթղթերի, այդ թվում` հաշվեկշռի ստուգումը:

30. Հիմնադրամի խորհուրդը`

ա) կարող է ցանկացած տվյալներ ու հաշվետվություն պահանջել հիմնադրամի տնօրենից և մյուս աշխատողներից.

բ) իրավունք ունի քննելու և լուծելու հիմնադրամի գործունեությանն առնչվող ցանկացած հարց` բացառությամբ հիմնադրամի տնօրենի իրավասությանը վերապահվածների:

31. Սույն կանոնադրության 29-րդ կետի «ա», «դ» և «ե» ենթակետերով սահմանված հարցերի մասին որոշումներն ընդունվում են խորհրդի բոլոր անդամների ձայների երկու երրորդով: Մնացած հարցերի մասին որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

32. Խորհրդի նիստը կարող է հարցեր քննարկել և որոշումներ ընդունել, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին, բացառությամբ սույն կանոնադրության 31-րդ կետում նշված հարցերի, որոնց դեպքում խորհրդի նիստին պետք է մասնակցի խորհրդի անդամների երկու երրորդից ավելին:

33. Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է իր կողմից հաստատված կանոնակարգի համաձայն:

34. Խորհրդի նիստերում նրա յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:

35. Խորհրդի նախագահը (այսուհետև` նախագահ) ընտրվում է խորհրդի նիստի կողմից` 3 տարի ժամկետով:

36. Նախագահը`

ա) հրավիրում է խորհրդի նիստեր.

բ) համակարգում է խորհրդի անդամների և հիմնադրամի տնօրենի աշխատանքները.

գ) կազմում է նիստերի արձանագրությունները.

դ) իրականացնում է խորհրդի լիազորած այլ իրավասություններ:

37. Խորհրդի անդամներն են`

ա) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեկ պատգամավոր (համաձայնությամբ)` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացմամբ.

բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալը.

գ) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալը.

դ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալը.

ե) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալը.

զ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալը.

է) Երևանի քաղաքապետի տեղակալը.

ը) Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչը (համաձայնությամբ).

թ) Հայաստանի Հանրապետության «Հայ արիներ» հայկազունների ազգային սկաուտական-կադետական-սեպուհական միության ատենապետը.

ժ) Հայաստանի Հանրապետության աղջիկ սկաուտների և գայդերի «Աստղիկ» միության ատենապետուհին:

38. Իրենց ցանկությամբ խորհրդի անդամ կարող են դառնալ հիմնադրամին 5 մլն դրամ կամ դրան համարժեք գույք հանգանակած ֆիզիկական անձինք կամ իրավաբանական անձանց ներկայացուցիչները, որոնք դրա մասին նախօրոք կհայտնեն նախագահին:

39. Խորհրդի անդամն իրավունք ունի`

ա) իրականացնելու վերահսկողություն հիմնադրամի տնօրենի կողմից հիմնադրամի միջոցների օգտագործման նկատմամբ.

բ) հետևելու հիմնադրամի գույքի պահպանմանը, ինչպես նաև այլ գործունեության իրականացմանը, ստուգելու հիմնադրամի փաստաթղթերը, այդ թվում` հաշվեկշիռը.

գ) ցանկացած տվյալներ և հաշվետվություն պահանջելու հիմնադրամի տնօրենից և մյուս աշխատողներից.

դ) հիմնադրամի աշխատանքները բարելավելու նպատակով դրա մարմիններ ներկայացնելու առաջարկություններ.

ե) ստանալու սպառիչ տեղեկատվություն հիմնադրամի գործունեության մասին.

զ) դուրս գալու խորհրդի անդամությունից:

40. Խորհրդի անդամը պարտավոր է`

ա) հոգալ հիմնադրամի հեղինակության բարձրացման մասին.

բ) աջակցել հիմնադրամի ներդրումների համալրմանը.

գ) չխախտել խորհրդի կանոնակարգի պահանջները:

41. Խորհրդի անդամները խորհրդի աշխատանքներին մասնակցելու համար խորհրդի որոշմամբ կարող են վարձատրվել:

42. Խորհրդի այն անդամը, որն իր գործողություններով խոչընդոտում է հիմնադրամի նպատակներին հասնելուն կամ վարկաբեկում է նրա հեղինակությունը, կարող է խորհրդի որոշմամբ հեռացվել խորհրդի անդամությունից:

Հեռացվողը քվեարկությանը մասնակցելու իրավունք չունի:

43. Հիմնադրամի գործադիր մարմինը գործադիր տնօրենն է, որը նշանակվում և ազատվում է խորհրդի կողմից:

44. Հիմնադրամի տնօրենն իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի գործում է հիմնադրամի անունից, ներկայացնում դրա շահերը, տնօրինում հիմնադրամի գույքը, այդ թվում` ֆինանսական ռեսուրսները, կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային), հիմնադրամի վարձու աշխատողների համար իրականացնում է գործատուի գործառույթներ, տալիս լիազորագրեր, բանկերում բացում հաշվարկային և այլ հաշիվներ, հաստատում հաստիքները, արձակում հրամաններ, հիմնադրամի աշխատողներին տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ, իրականացնում խորհրդի կողմից սահմանված այլ լիազորություններ:

 

VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

45. Հիմնադրամն իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար կարող է ունենալ առանձնացված ստորաբաժանումներ` մասնաճյուղեր և ներկայացուցչություններ:

46. Մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ղեկավարները նշանակվում են հիմնադրամի տնօրենի կողմից ու գործում նրա լիազորագրի հիման վրա:

 

VII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ

 

47. Հիմնադրամի գույքը հիմնադրամի սեփականությունն է:

Հիմնադրամի սեփականության իրավունքի օբյեկտներն են`

ա) գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները,

բ) աշխատանքները և ծառայությունները,

գ) տեղեկատվությունը,

դ) մտավոր գործունեության արդյունքները` ներառյալ դրանց նկատմամբ բացառիկ իրավունքները (մտավոր սեփականություն),

ե) ոչ նյութական բարիքները,

զ) գույքային իրավունքները`

այդ թվում`

գրավի իրավունքը,

գույքի օգտագործման իրավունքը,

սերվիտուտները:

48. Հիմնադրամի սեփականության ներքո կարող է գտնվել ցանկացած գույք, բացառությամբ գույքի առանձին տեսակների, որոնք օրենքին համապատասխան չեն կարող պատկանել իրավաբանական անձանց: Հիմնադրամի սեփականության ներքո գտնվող գույքի քանակն ու արժեքը չեն սահմանափակվում` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

49. Հիմնադրամի միջոցները գոյանում են կամավոր մուծումներից:

Հիմնադրամի կազմավորմանը կարող են մասնակցել հիմնադրամի նպատակների իրականացման խնդրով շահագրգռված ֆիզիկական և իրավաբանական անձինք:

Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ իր տարեկան եկամուտներից կարող է միջոցներ հատկացնել հիմնադրամին: Հիմնադրամին հատկացումներ կարող են կատարվել նաև միանվագ նվիրատվության, ժառանգման, անանուն փոխանցումների և այլ ձևերով: Խոշոր միանվագ մուծումների դեպքերում կարող են իրականացվել անվանական ծրագրեր:

Հիմնադրամի կազմավորման յուրաքանչյուր մասնակից իր մուծումների չափին համապատասխան ստանում է վկայական: Հիմնադրամի կազմավորման և միջոցների հավաքագրման գործին մեծ նպաստ բերողներին խորհրդի կողմից կարող են շնորհվել խորհրդի սահմանած պատվավոր կոչումներ:

50. Հիմնադրամն օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված կարգով, իր հայեցողությամբ տիրապետում, տնօրինում և օգտագործում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը, այդ թվում ` կարող է իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այլ գույքի տիրապետման, տնօրինման և օգտագործման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:

51. Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնադրամի սեփականությունը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո:

52. Հիմնադրամի սեփականությունը կարող է բռնագանձվել միայն դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերում:

53. Հիմնադրամի, ինչպես նաև այլ անձանց կողմից հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է: Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակներով:

 

VIII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

54. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.03.2001
N 276
Որոշում