Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

26 մայիսի 2025 թվականի N 49-Ն

 

«ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 14-րդ հոդվածի 1-ին մասը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել` «Հաղորդման և հաշվառման ենթակա հիվանդությունների ստանդարտ բնորոշումներ» հանրային առողջապահական նորմատիվը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասնհինգերորդ օրը:

 

    26.05.2025                             Ա. Ավանեսյան

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2025 թվականի մայիսի 26-ի

թիվ 49-Ն հրամանի

 

«ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ

 

ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. «Հաղորդման և հաշվառման ենթակա հիվանդությունների ստանդարտ բնորոշումներ» հանրային առողջապահական նորմատիվը (այսուհետ` Նորմատիվ) նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ` բժշկական կազմակերպություն) բուժաշխատողների համար, ովքեր իրականացնում են հիվանդությունների դեպքերի հայտնաբերում և հանրային առողջապահության ոլորտի համաճարակաբանական դիտարկում իրականացնող մասնագետների համար: Նորմատիվը նախատեսված չէ հիվանդությունների ախտորոշման կամ համախտանիշի կամ կլինիկական վիճակի վարման համար:

2. Նորմատիվը սահմանում է հաղորդման և հաշվառման ենթակա հիվանդությունների դեպքերի ստանդարտ բնորոշումները:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ, ՎԱՐԱԿԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

 

3. Կլինիկական չափանիշները հիվանդության ընդհանուր և բնորոշ նշաններն ու ախտանշաններն են, որոնք առանձին-առանձին կամ իրար հետ համակցված կազմում են հիվանդության հստակ կամ ընդհանուր կլինիկական պատկերը:

4. Լաբորատոր չափանիշները դեպքի հաստատման համար կիրառվող լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ են (մեթոդները): Դեպքը հաստատելու համար կիրառվում է մեկ կամ մի քանի հետազոտություն: Հավանական դեպքի լաբորատոր չափանիշները կիրառվում են դեպքի ախտորոշմանը նպաստելու համար, սակայն ոչ` հաստատելու:

5. Համաճարակաբանական չափանիշներ և համաճարակաբանական կապ. համաճարակաբանական չափանիշները համարվում են առկա, երբ հնարավոր է հաստատել համաճարակաբանական կապը: Գաղտնի (ինկուբացիոն) շրջանում համաճարակաբանական կապը լինում է հետևյալներից մեկը.

1) մարդուց մարդ փոխանցում. փաստ, որ մարդը շփում է ունեցել լաբորատոր հաստատված դեպքի հետ.

2) կենդանուց մարդ փոխանցում. փաստ, որ մարդը շփում է ունեցել լաբորատոր հաստատված վարակված կենդանու հետ.

3) ընդհանուր աղբյուրի ազդեցություն. փաստ, որ մարդը ենթարկվել է նույն ընդհանուր վարակի աղբյուրի կամ փոխանցողի ազդեցությանը, որին ենթարկվել է հաստատված դեպքը.

4) բաղարկված սննդի կամ խմելու ջրի ազդեցություն. մարդու կողմից լաբորատոր հաստատված վարակված սննդամթերքի կամ խմելու ջրի օգտագործման փաստ կամ լաբորատոր հաստատված վարակված կենդանուց ստացված մթերքի օգտագործման փաստ.

5) շրջակա միջավայրի ազդեցություն. մարդու` ջրում լողալու կամ շրջակա միջավայրի լաբորատոր հաստատված բաղարկված աղբյուրի հետ շփման փաստ.

6) լաբորատոր ազդեցություն. փաստ, որ մարդն աշխատել է լաբորատորիայում, որտեղ առկա է ազդեցության հավանականություն:

6. Մարդը համարվում է հաստատված դեպքի հետ համաճարակաբանական կապ ունեցող, եթե փոխանցման շղթայում առնվազն մեկ դեպքը լաբորատոր հաստատված է: Կղանքաբերանային (ֆեկալ-օրալ) կամ օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակների բռնկումների ժամանակ դեպքը համաճարակաբանական կապ ունեցող համարելու համար փոխանցման շղթայի հաստատում չի իրականացվում:

7. Վարակի փոխանցումը տեղի է ունենում հետևյալ ուղիներից մեկով կամ մի քանիսով.

1) օդակաթիլային ճանապարհ. հազալու, երգելու, խոսելու ժամանակ աէրոզոլի ներթափանցում վարակված անձից այլ անձանց շնչուղիներ.

2) շփում.

ա. անմիջական շփում վարակված մարդու հետ (ֆեկալ-օրալ, օդակաթիլային, մաշկային, սեռական) կամ կենդանու հետ (խայթոց, հպում).

բ. անուղղակի շփում բաղարկված նյութի կամ առարկաների հետ (բաղարկված ֆոմիտներ` ախտածին մանրէներով բաղարկված առարկաներ, կենսաբանական հեղուկներ).

3) ուղղահայաց. փոխանցում մորից երեխային, առավել հաճախ` ներարգանդային զարգացման կամ կենսաբանական հեղուկների հետ պատահական շփման ժամանակ, հիմնականում նախածննդյան շրջանում.

4) վեկտորային փոխանցում. վարակի փոխանցում մարդուն վարակված մոծակների, տզերի, ճանճերի և այլ հոդվածոտանիների միջոցով.

5) փոխանցում սննդամթերքի կամ ջրի միջոցով. ենթադրյալ բաղարկված սննդի կամ խմելու ջրի օգտագործում:

8. Հիվանդության դեպքերը դասակարգվում են որպես կասկածելի, հավանական և հաստատված.

1) կասկածելի դեպքը հաշվառման ժամանակ որպես կասկածելի դասակարգվող դեպքն է: Այն դեպքի ստանդարտ բնորոշման կլինիկական չափանիշներին համապատասխանող դեպքն է` առանց հիվանդության համաճարակաբանական կամ լաբորատոր չափանիշների: Դեպքի բնորոշումը որպես կասկածելի ունի բարձր զգայունություն և ցածր մասնահատկություն (սպեցիֆիկություն).

2) հավանական դեպքը հաշվառման ժամանակ որպես հավանական դասակարգվող դեպքն է: Այն դեպքի ստանդարտ բնորոշման կլինիկական չափանիշներ և համաճարակաբանական կապ ունեցող դեպքն է: Հավանական դեպքի լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունները նշվում են միայն որոշ հիվանդությունների համար.

3) հաստատված դեպքը հաշվառման ժամանակ որպես հաստատված դասակարգվող դեպքն է: Հաստատված դեպքերը լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններով հաստատված են և կարող են համապատասխանել կամ չհամապատասխանել դեպքի ստանդարտ բնորոշման կլինիկական չափանիշներին:

9. Հաստատված դեպքերը լինում են.

1) լաբորատոր հաստատված դեպք կլինիկական չափանիշներով, որը համապատասխանում է դեպքի հաստատման լաբորատոր չափանիշներին և դեպքի ստանդարտ բնորոշման կլինիկական չափանիշներին.

2) լաբորատոր հաստատված դեպք անհայտ կլինիկական չափանիշներով, որը համապատասխանում է դեպքի հաստատման լաբորատոր չափանիշներին, սակայն կլինիկական չափանիշների վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ (առկա են միայն լաբորատոր ախտորոշիչ հետազոտության տվյալներ).

3) լաբորատոր հաստատված դեպք առանց կլինիկական չափանիշների, որը համապատասխանում է դեպքի հաստատման լաբորատոր չափանիշներին, սակայն չի համապատասխանում դեպքի ստանդարտ բնորոշման կլինիկական չափանիշներին կամ անախտանշան է:

10. Բոլոր լաբորատոր ախտորոշիչ հետազոտությամբ հաստատված դեպքերը հաշվառվում են որպես հաստատված դեպքեր, եթե նույնիսկ կլինիկական ախտանշաններ առկա չեն:

 

ԲԱԺԻՆ 2. ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 3. ՍԻԲԻՐՅԱՆ ԽՈՑ (ԱՆԹՐԱՔՍ)

 

11. Կլինիկական չափանիշներ. անձն ունի հետևյալ կլինիկական ձևերից առնվազն մեկը`

1) սիբիրյան խոցի մաշկային ձև. հետևյալ նշաններից առնվազն մեկը`

ա. պապուլյար կամ վեզիկուլյար ախտահարում.

բ. սեղմված սև, անցավ (նույնիսկ ասեղով ծակելիս) խիտ կեղև (ստրուպ)` շրջապատող այտուցով.

2) սիբիրյան խոցի աղեստամոքսային ձև. տենդ կամ տենդային վիճակ և հետևյալ նշաններից առնվազն մեկը`

ա. սուր, կտրող բնույթի ցավեր որովայնում.

բ. լուծ և փսխում.

3) սիբիրյան խոցի թոքային ձև. տենդ կամ տենդային վիճակ և հետևյալ նշաններից առնվազն մեկը`

ա. սուր շնչառական խանգարում.

բ. միջնորմի լայնացման ճառագայթաբանական (ռադիոլոգիական) նշաններ.

4) սիբիրախոցային մենինգիտ. տենդ և հետևյալ նշաններից առնվազն մեկը`

ա. ցնցումներ.

բ. գիտակցության կորուստ.

գ. մենինգեալ նշաններ.

5) սիբիրախոցային սեպտիցեմիա:

12. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը`

1) հարուցչի (բացիլուս անթրացիս` Bacillus anthracis) անջատում կենսաբանական նյութի նմուշից.

2) հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում:

13. Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը`

1) կենդանուց մարդ փոխանցում.

2) ընդհանուր աղբյուրի ազդեցություն.

3) բաղարկված սննդի կամ խմելու ջրի ազդեցություն:

14. Դեպքի դասակարգում.

1) կասկածելի դեպք` կիրառելի չէ.

2) հավանական դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.

3) հաստատված դեպք` կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:

 

ԳԼՈՒԽ 4. ԲՈՏՈՒԼԻԶՄ

 

15. Կլինիկական չափանիշներ.

1) բոտուլիզմ` սննդային թունավորում, որի ժամանակ առկա է հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը`

ա. գանգուղեղային նյարդի երկկողմանի ախտահարում (երկտեսություն (դիպլոպիա)), տեսողության պղտորություն, պտոզ (կոպի իջեցում), միդրիազ (բբերի լայնացում), դիսֆագիա (կլման ակտի խանգարում), բուլբար թուլություն, ռնգախոսություն, խոսքի խանգարում.

բ. ծայրամասային համաչափ (սիմետրիկ) կաթված.

2) մինչև 12 ամսական երեխաների շրջանում կարող է լինել հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը`

ա. փորկապություն.

բ. լեթարգիա.

գ. ծծելու կամ կերակրման դժվարություն.

դ. պտոզ.

ե. դիսֆագիա.

զ. ընդհանուր մկանային թուլություն:

16. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը`

1) բոտուլինոտոքսին արտադրող կլոստրիդիայի (կլոստրիդիում բոտուլինում (Clostridium botulinum), կլոստրիդիում բարատիի (C. baratii), կլոստրիդիում բուտիրիկում (C. butyricum)) անջատում կենսաբանական նյութում (կղանք, արյուն, փսխման զանգված)` կախված բոտուլիզմի տեսակից.

2) բոտուլինոտոքսինի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում (կղանք, արյուն, փսխման զանգված).

3) կլոստրիդիում բոտուլինումի (Clostridium botulinum-ի) թունածին շտամների դեզօքսիռիբոնուկլեինաթթվի (այսուհետ` ԴՆԹ) հայտնաբերում կենսաբանական նյութի (կղանք, արյուն, փսխման զանգված) նմուշում:

17. Համաճարակաբանական չափանիշ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը`

1) ընդհանուր աղբյուրի ազդեցություն.

2) բաղարկված սննդի ազդեցություն:

18. Դեպքի դասակարգում.

1) կասկածելի դեպք` կիրառելի չէ.

2) հավանական դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.

3) հաստատված դեպք` կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:

 

ԳԼՈՒԽ 5. ԲՐՈՒՑԵԼՈԶ

 

19. Կլինիկական չափանիշներ. տենդ ունեցող անձ, որն ունի հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը`

1) քրտնարտադրություն (հատկապես գիշերային` առատ, տհաճ հոտով).

2) սարսուռ.

3) հոդացավ.

4) թուլություն.

5) դեպրեսիա.

6) գլխացավ.

7) անորեքսիա:

20. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը`

1) հարուցչի (մարդու համար ախտածին բրուցելաների (Brucella spp.)) անջատում կենսաբանական նյութի նմուշից.

2) հարուցչի նկատմամբ առաջացած մասնահատուկ (սպեցիֆիկ) հակամարմինների հայտնաբերում (ստանդարտ ագլուտինացիայի ռեակցիա, կոմպլեմենտի կապման ռեակցիա, էլայզա (ELISA)) արյան շիճուկում հակամարմինների քառակի կամ ավել անգամ աճ սուր և կոնվալեսցենտ փուլերի միջև 2 կամ ավել շաբաթ ընդմիջումով.

3) հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում:

21. Համաճարակաբանական չափանիշ. ստորև թվարկված համաճարակաբանական կապերից առնվազն մեկը`

1) բաղարկված սննդի կամ խմելու ջրի ազդեցություն.

2) վարակված կենդանուց ստացված մթերքի (կաթ, կաթնամթերք) ազդեցություն.

3) կենդանուց մարդ փոխանցում (բաղարկված արտադրություններ կամ օրգաններ` հեշտոցային արտադրություն, ընկերք).

4) ընդհանուր աղբյուրի ազդեցություն.

5) լաբորատոր ազդեցություն:

22. Դեպքի դասակարգում.

1) կասկածելի դեպք` կիրառելի չէ.

2) հավանական դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող անձ.

3) հաստատված դեպք` կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող անձ:

 

ԳԼՈՒԽ 6. ԷՆՏԵՐԻՏ` ՀԱՐՈՒՑՎԱԾ ԿԱՄՊԻԼՈԲԱԿՏԵՐԻԱՆԵՐՈՎ

 

23. Կլինիկական չափանիշ. անձն ունի հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը`

1) լուծ.

2) որովայնային ցավ.

3) տենդ:

24. Լաբորատոր չափանիշ. հետևյալ երկուսից առնվազն մեկը`

1) հարուցչի (մարդու համար ախտածին կամպիլոբակտերի (Campylobacter spp.)) անջատում կենսաբանական նյութի նմուշից (մարդու համար ախտածին կամպիլոբակտերի (Campylobacter spp.) նկատմամբ հակամանրէային զգայունության որոշումը պետք է կատարվի նմուշների ներկայացուցչական ենթախմբերում).

2) հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում:

25. Համաճարակաբանական չափանիշ. հետևյալ հինգ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը`

1) կենդանուց մարդ փոխանցում.

2) մարդուց մարդ փոխանցում.

3) ընդհանուր աղբյուրի ազդեցություն.

4) բաղարկված սննդի կամ խմելու ջրի ազդեցություն.

5) շրջակա միջավայրի ազդեցություն:

26. Դեպքի դասակարգում.

1) կասկածելի դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ (կասկածվում է որպես աղիքային վարակ, ոչ որպես էնտերիտ` հարուցված կամպիլոբակտերիաներով).

2) հավանական դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.

3) հաստատված դեպք` կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:

 

ԳԼՈՒԽ 7. ՉԻԿՈՒՆԳՈՒՆՅԱ ՎԻՐՈՒՍՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

 

27. Կլինիկական չափանիշ. տենդ (կլինիկական չափանիշները մեկնաբանվում են` հաշվի առնելով հիվանդությունը լիովին բնորոշող այլընտրանքային ախտորոշման առկայությունը):

28. Լաբորատոր չափանիշ (շճաբանական հետազոտության արդյունքները մեկնաբանվում են` հաշվի առնելով նախկինում տարած այլ ալֆավիրուսներով պայմանավորված հիվանդությունները).

1) հավանական դեպք. մեկ շիճուկի նմուշում չիկունգունյայի նկատմամբ մասնահատուկ իմունագլոբուլին Էմ (Ig M) հակամարմինների հայտնաբերում.

2) հաստատված դեպք. հետևյալներից առնվազն մեկը`

ա. չիկունգունյա վիրուսի անջատում կենսաբանական նյութի նմուշից.

բ. չիկունգունյա վիրուսային նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում.

գ. չիկունգունյայի նկատմամբ մասնահատուկ իմունագլոբուլին Էմ (Ig M) հայտնաբերում մեկ շիճուկի նմուշում և հաստատում չեզոքացմամբ.

դ. շիճուկի զույգ նմուշներում շճափոխարկում (սերոկոնվերսիա) կամ չիկունգունյայի նկատմամբ մասնահատուկ հակամարմինների տիտրի քառակի աճ:

29. Համաճարակաբանական չափանիշ. ախտանշանների ի հայտ գալուց երկու շաբաթ առաջ բնակության կամ այցելության փաստ չիկունգունյա հիվանդության շարունակական փոխանցում արձանագրող տարածքում:

30. Դեպքի դասակարգում.

1) կասկածելի դեպք` կիրառելի չէ.

2) հավանական դեպք` անձ, որը համապատասխանում է կլինիկական և համաճարակաբանական չափանիշներին և հավանական դեպքի լաբորատոր չափանիշներին.

3) հաստատված դեպք` լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:

31. Շճաբանական արդյունքները մեկնաբանվում են` հաշվի առնելով տարած այլ ֆլավիվիրուսներով պայմանավորված հիվանդությունները և պատվաստումային կարգավիճակը: Նման իրավիճակներում հաստատված դեպքերը պետք է վավերացվեն շիճուկի չեզոքացման հետազոտությամբ կամ այլ համարժեք հետազոտություններով:

 

ԳԼՈՒԽ 8. ԽԼԱՄԻԴԻԱՅԻՆ ՎԱՐԱԿ, ՆԵՐԱՌՅԱԼ ԽԼԱՄԻԴԻԱՅԻՆ ԼԻՄՖՈԳՐԱՆՈՒԼՈՄԱՆ (ՎԵՆԵՐԱԿԱՆ)

 

32. Կլինիկական չափանիշ. անձ, ում մոտ առկա է հետևյալ կլինիկական ձևերից առնվազն մեկը`

1) խլամիդիային վարակ առանց լիմֆոգրանուլոմայի` հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը`

ա. միզուկաբորբ (ուրեթրիտ).

բ. մակամորձաբորբ (էպիդիդիմիտ).

գ. արգանդափողերի սուր բորբոքում (սալպինգիտ).

դ. արգանդի մարմնի լորձաթաղանթի սուր բորբոքում (էնդոմետրիտ).

ե. արգանդի պարանոցի բորբոքում (ցերվիցիտ).

զ. ուղիղ աղիքի լորձաթաղանթի բորբոքում (պրոկտիտ).

2) նորածինների մոտ հետևյալ երկուսից առնվազն մեկը`

ա. շաղկապենաբորբ (կոնյունկտիվիտ).

բ. թոքաբորբ.

3) խլամիդիային վարակ լիմֆոգրանուլոմայով` հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը`

ա. միզուկաբորբ.

բ. սեռական օրգանների խոց.

գ. աճուկային լիմֆադենոպաթիա.

դ. արգանդի պարանոցի բորբոքում.

ե. ուղիղ աղիքի լորձաթաղանթի բորբոքում:

33. Լաբորատոր չափանիշ.

1) խլամիդիային վարակ առանց լիմֆոգրանուլոմայի. հետևյալներից առնվազն մեկը`

ա. հարուցչի (խլամիդիա տրախոմատիս (Chlamydia trachomatis)) անջատում անոգենիտալ հատվածի նմուշից կամ շաղկապենուց.

բ. հարուցչի հայտնաբերում կենսաբանական նմուշում` ուղղակի ֆլուորեսցենտային հակամարմինների թեստով.

գ. հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նմուշում նուկլեինաթթուների ամպլիֆիկացիայի մեթոդով.

2) խլամիդիային վարակ լիմֆոգրանուլոմայով. հետևյալներից առնվազն մեկը`

ա. հարուցչի անջատում անոգենիտալ հատվածի նմուշից կամ շաղկապենուց.

բ. հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նմուշում և L1, L2 կամ L3-ի շճատիպի (գենոտիպի) նույնականացում:

34. Համաճարակաբանական չափանիշ. մարդուց մարդ փոխանցում համաճարակաբանական կապ (սեռական շփում կամ ուղղահայաց փոխանցում):

35. Դեպքի դասակարգում.

1) կասկածելի դեպք` կիրառելի չէ.

2) հավանական դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.

3) հաստատված դեպք` լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:

 

ԳԼՈՒԽ 9. ԽՈԼԵՐԱ

 

36. Կլինիկական չափանիշ. անձ, որն ունի հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը`

1) լուծ.

2) փսխում:

37. Լաբորատոր չափանիշ.

1) խոլերայի վիբրիոնի անջատում կենսաբանական նյութի նմուշից.

2) O1 կամ O139 հակածնի հայտնաբերում նմուշում (իզոլատում).

3) խոլերա-էնտերոտոքսինի կամ խոլերա-էնտերոտոքսինի գենի հայտնաբերում նմուշում:

38. Համաճարակաբանական չափանիշ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը`

1) ընդհանուր աղբյուրի ազդեցություն.

2) մարդուց մարդ փոխանցում.

3) բաղարկված սննդի կամ խմելու ջրի ազդեցություն.

4) շրջակա միջավայրի ազդեցություն:

39. Դեպքի դասակարգում.

1) կասկածելի դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ (կասկածվում է որպես աղիքային վարակ, ոչ որպես խոլերա).

2) հավանական դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.

3) հաստատված դեպք` կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:

 

ԳԼՈՒԽ 10. ԿՐԵՅՏՑՖԵԼԴՏ-ՋԱԿՈԲԻ (CREUTZFELDT-JAKOB) ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

 

40. Նախապայմաններ`

1) յուրաքանչյուր անձ, որն ունի պրոգրեսիվող նյարդահոգեբուժական խանգարում` հիվանդության առնվազն 6 ամիս տևողությամբ.

2) ընթացիկ (ռուտին) հետազոտությունները թույլ չեն տալիս դնել այլընտրանքային ախտորոշում.

3) անամնեզում հիպոֆիզի հորմոնների ազդեցության կամ մարդու ուղեղի կարծր թաղանթի փոխպատվաստման բացակայություն.

4) չկա փոխանցվող սպունգանման էնցեֆալոպաթիայի գենետիկ ձևի ոչ մի ապացույց:

41. Կլինիկական չափանիշ. յուրաքանչյուր անձ, որն ունի հետևյալ ախտանշաններից առնվազն չորսը`

1) վաղ հոգեբուժական ախտանշաններ (դեպրեսիա, տագնապ, ապաթիա, զառանցանք).

2) կայուն ցավոտ զգայական ախտանշաններ (ցավ կամ դիզեսթեզիա (գրգիռի ընկալման աղավաղում)).

3) հավասարակշռության խանգարում (ատաքսիա).

4) մկանակծկում կամ խորեա կամ դիստոնիա.

5) դեմենցիա:

42. Ախտորոշիչ չափանիշներ.

1) դեպքի հաստատման ախտորոշիչ չափանիշներ. նյարդաբանական հաստատում` սպունգանման փոփոխություն և պրիոնային սպիտակուցի արտահայտված վահանիկներով ծավալուն նստվածք ամբողջ ուղեղում և ուղեղիկում.

2) հավանական կամ կասկածելի դեպքի ախտորոշիչ չափանիշներ.

ա. էլեկտրաէնցեֆալոգրաֆիան (այսուհետ` ԷԷԳ) ցույց չի տալիս սպորադիկ Կրեյտցֆելդտ-Ջակոբի (Creutzfeldt-Jakob) հիվանդությանը (այսուհետ` ԿՋՀ) բնորոշ տեսքը հիվանդության վաղ փուլերում (ԷԷԳ-ի բնորոշ տեսքը սպորտադիկ ԿՋՀ-ում բաղկացած է տարածուն պարբերական համալիրներից` մոտավորապես մեկ վայրկյան հաճախականությամբ: Դրանք երբեմն կարող են դիտվել ԿՋՀ-ի ուշ փուլերում).

բ. երկկողմանի պուլվինար բարձր ազդանշան գլխուղեղի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիայի (այսուհետ` ՄՌՏ) ժամանակ.

գ. նշագեղձի դրական բիոպսիա (սովորաբար նշագեղձի բիոպսիա չի առաջարկվում, այդ թվում ԿՋՀ-ին բնորոշ ԷԷԳ-ի դրսևորումներով, սակայն կարող է կողմնորոշիչ լինել կասկածելի դեպքերում, երբ կլինիկական առանձնահատկությունները համատեղելի են ԿՋՀ-ի հետ, իսկ ՄՌՏ-ն ցույց չի տալիս պուլվինար բարձր ազդանշան):

43. Համաճարակաբանական չափանիշ. մարդուց մարդ փոխանցում համաճարակաբանական կապ (օրինակ` արյան փոխներարկում):

44. Դեպքի դասակարգում.

1) կասկածելի դեպք`

ա. յուրաքանչյուր անձ, որի մոտ առկա են նախապայմանները և համապատասխանում է կլինիկական չափանիշներին.

բ. յուրաքանչյուր անձ, որի մոտ առկա են նախապայմանները և բացասական ԷԷԳ սպորադիկ ԿՋՀ-ի համար.

2) հավանական դեպք`

ա. յուրաքանչյուր անձ, որի մոտ առկա են նախապայմանները և համապատասխանում է կլինիկական չափանիշներին.

բ. յուրաքանչյուր անձ, որի մոտ առկա են նախապայմանները և բացասական ԷԷԳ սպորադիկ ԿՋՀ-ի համար.

գ. յուրաքանչյուր անձ, որի մոտ առկա են նախապայմանները և ուղեղի ՄՌՏ սկանավորման դրական արդյունք.

դ. յուրաքանչյուր անձ, որի մոտ առկա են նախապայմանները և նշագեղձի դրական բիոպսիա.

3) հաստատված դեպք` յուրաքանչյուր անձ, որի մոտ առկա են նախապայմանները և համապատասխանում է դեպքի հաստատման ախտորոշիչ չափանիշներին:

 

ԳԼՈՒԽ 11. ԿՐԻՊՏՈՍՊՈՐԻԴԻՈԶ

 

45. Կլինիկական չափանիշ. յուրաքանչյուր անձ, որի մոտ առկա են հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը`

1) լուծ.

2) ցավ որովայնի շրջանում:

46. Լաբորատոր չափանիշ. հետևյալներից առնվազն մեկը`

1) հարուցչի (կրիպտոսպորիդիում (Cryptosporidium)) օվոցիստերի առկայություն կղանքի մեջ.

2) հարուցչի առկայություն աղու պարունակության կամ բարակ աղու կենսանմուշում.

3) հարուցչի ԴՆԹ-ի հայտնաբերում կղանքի մեջ.

4) հարուցչի հակածնի հայտնաբերում կղանքի մեջ:

47. Համաճարակաբանական չափանիշ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը`

1) մարդուց մարդ փոխանցում.

2) ընդհանուր աղբյուրի ազդեցություն.

3) կենդանուց մարդ փոխանցում.

4) բաղարկված սննդի կամ խմելու ջրի ազդեցություն.

5) շրջակա միջավայրի ազդեցություն:

48. Դեպքի դասակարգում.

1) կասկածելի դեպք` կիրառելի չէ.

2) հավանական դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.

3) հաստատված դեպք` կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:

 

ԳԼՈՒԽ 12. ԴԵՆԳԵԻ ՏԵՆԴ

 

49. Կլինիկական չափանիշ` տենդ (կլինիկական չափանիշները մեկնաբանվում են` հաշվի առնելով հիվանդությունը բնորոշող այլընտրանքային ախտորոշման առկայությունը):

50. Լաբորատոր չափանիշ (շճաբանական հետազոտության արդյունքները մեկնաբանվում են համաձայն այլ ֆլավիվիրուսային վարակների նախկին ազդեցության և ֆլավիվիրուսի պատվաստման կարգավիճակի: Նման իրավիճակներում հաստատված դեպքերը վավերացվում են շիճուկի չեզոքացման կամ համարժեք այլ հետազոտությամբ).

1) հավանական դեպք. շիճուկի մեկ նմուշում հարուցչի (դենգեի վիրուսի) նկատմամբ առաջացած մասնահատուկ իմունագլոբուլին Էմ (Ig M) հայտնաբերում.

2) հաստատված դեպք. հետևյալներից առնվազն մեկը`

ա. հարուցչի անջատում կենսաբանական նյութի նմուշից.

բ. հարուցչի վիրուսային նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում.

գ. հարուցչի վիրուսային հակածնի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում.

դ. հարուցչի նկատմամբ առաջացած մասնահատուկ իմունագլոբուլին Էմ (Ig M) հայտնաբերում շիճուկի մեկ նմուշում և հաստատում չեզոքացման ռեակցիայի միջոցով.

ե. շիճուկի զույգ նմուշներում շճափոխարկում կամ դենգեի վիրուսի նկատմամբ մասնահատուկ հակամարմինների տիտրի քառակի աճ:

51. Համաճարակաբանական չափանիշ` շարունակական փոխանցմամբ դենգե արձանագրված տարածքում ուղևորության կամ բնակության փաստ ախտանշանների ի հայտ գալուն նախորդող երկու շաբաթվա ընթացքում:

52. Դեպքի դասակարգում.

1) կասկածելի դեպք` կիրառելի չէ.

2) հավանական դեպք` յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական և համաճարակաբանական չափանիշներին և հավանական դեպքի լաբորատոր չափանիշներին.

3) հաստատված դեպք` յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է հաստատված դեպքի լաբորատոր չափանիշներին:

 

ԳԼՈՒԽ 13. ԴԻՖԹԵՐԻԱ

 

53. Կլինիկական չափանիշ. յուրաքանչյուր անձ, որն ունի հետևյալ կլինիկական ձևերից առնվազն մեկը`

1) ըմպանաբորբով կամ կոկորդաբորբով կամ նշիկաբորբով ընթացող և կպչուն թաղանթի/կեղծ թաղանթի (ադհեզիվ մեմբրան/պսևդոմեմբրան) առկայությամբ վերին շնչուղիների հիվանդություն.

2) ըմպանաբորբով կամ կոկորդաբորբով կամ նշիկաբորբով ընթացող` առանց կպչուն թաղանթի/կեղծ թաղանթի վերին շնչուղիների հիվանդություն.

3) մաշկի դիֆթերիա` մաշկի ախտահարում չլավացող խոցերի առկայությամբ.

4) այլ դիֆթերիա` շաղկապենու կամ լորձաթաղանթների ախտահարում:

54. Լաբորատոր չափանիշ. կորինեբակտերիայի (կորինեբակտերիում դիֆթերի) (Corynebacterium diphtheriae), կորինեբակտերիում ուլցերանս (Corynebacterium ulcerans), կորինեբակտերիում պսևդոտուբերկուլոզիս (Corynebacterium pseudotuberculosis)) թունածին շտամի անջատում կենսաբանական նյութի նմուշից` հաստատված թունածնության որոշման Էլեկ (Elek)-թեստով:

55. Համաճարակաբանական չափանիշ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը`

1) մարդուց մարդ փոխանցում.

2) կենդանուց մարդ փոխանցում:

56. Դեպքի դասակարգում.

1) կասկածելի դեպք` յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է ըմպանի դիֆթերիայի կլինիկական չափանիշներին.

2) հավանական դեպք` յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է դիֆթերիայի կլինիկական չափանիշներին և ունի մարդու հաստատված դեպքի հետ մարդուց մարդ փոխանցում կամ կենդանուց մարդ փոխանցում համաճարակաբանական կապ և շնչառական ախտանշաններ կամ կորինեբակտերիում դիֆթերի (Corynebacterium diphtheriae), կորինեբակտերիում ուլցերանս (Corynebacterium ulcerans) կամ կորինեբակտերիում պսևդոտուբերկուլոզիս (Corynebacterium pseudotuberculosis) տեսակների անջատում կենսաբանական նյութի նմուշից` առանց թունածնության հաստատման.

3) հաստատված դեպք` լաբորատոր չափանիշներին և առնվազն մեկ կլինիկական ձևին համապատասխանող յուրաքանչյուր անձ:

 

ԳԼՈՒԽ 14. ԷԽԻՆՈԿՈԿՈԶ

 

57. Կլինիկական չափանիշ. դիտարկման համար էական չէ:

58. Ախտորոշիչ չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը`

1) էխինոկոկուս գրանուլոզուսի (Echinococcus granulosus) կամ էխինոկոկուս մուլտիլոկուլարիսի (Echinococcus multilocularis) ձևաբանություն կամ մակաբուծաբանություն (օրինակ` պրոտոսկոլեքսի առկայություն բշտային հեղուկում).

2) բշտերի վիրաբուժական նմուշներում էխինոկոկուս գրանուլոզուսի ախտաբանական մակրոսկոպիկ բշտերի հայտնաբերում.

3) օրգանների մասնահատուկ ախտահարումներ, որոնք հայտնաբերվել են պատկերավորման մեթոդներով (համակարգչային շերտագրում (այսուհետ` ՀՇ), ուլտրաձայնային հետազոտություն (այսուհետ ՈՒՁՀ), ՄՌՏ) և հաստատվել շճաբանական հետազոտությամբ.

4) շճաբանական թեստով հարուցչի (էխինոկոկուս սպպ. Echinococcus spp.) մասնահատուկ շիճուկային հակամարմինների բարձր զգայունություն և հաստատված բարձր մասնահատկություն.

5) էխինոկոկուս գրանուլոզուսի կամ էխինոկոկուս մուլտիլոկուլարիսի ԴՆԹ-ի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում:

59. Համաճարակաբանական չափանիշ. կիրառելի չէ:

60. Դեպքի դասակարգում.

1) կասկածելի դեպք` կիրառելի չէ.

2) հավանական դեպք` կիրառելի չէ.

3) հաստատված դեպք` ախտորոշիչ չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:

 

ԳԼՈՒԽ 15. ԼՅԱՄԲԼԻՈԶ (ՋԻԱՐԴԻԱԶ)

 

61. Կլինիկական չափանիշ. յուրաքանչյուր անձ, որն ունի հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը`

1) լուծ.

2) ցավեր որովայնի շրջանում.

3) աղիների փքվածություն.

4) ներծծման խանգարումներ (ստեատոռեա (կղանքում ճարպի մեծ քանակություն), քաշի կորուստ):

62. Լաբորատոր չափանիշ. հետևյալներից առնվազն մեկը`

1) լյամբլիայի (ջիարդիա լամբլիա (Giardia lamblia)) բշտերի կամ տրոֆոզոիդների հայտնաբերում կղանքի մեջ, 12-մատնյա աղու (դուոդենալ) հեղուկում կամ բարակ աղու կենսանմուշում.

2) հակածնի հայտնաբերում կղանքում, 12-մատնյա աղու հեղուկում կամ բարակ աղու բիոպտատում.

3) լյամբլիայի ԴՆԹ-ի հայտնաբերում կղանքում, 12-մատնյա աղու հեղուկում կամ բարակ աղու բիոպտատում:

63. Համաճարակաբանական չափանիշ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը`

1) բաղարկված սննդի կամ խմելու ջրի ազդեցություն.

2) մարդուց մարդ փոխանցում.

3) ընդհանուր աղբյուրի ազդեցություն.

4) շրջակա միջավայրի ազդեցություն:

64. Դեպքի դասակարգում.

1) կասկածելի դեպք` կիրառելի չէ.

2) հավանական դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.

3) հաստատված դեպք` կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:

 

ԳԼՈՒԽ 16. ԳՈՆՈԿՈԿԱՅԻՆ ՎԱՐԱԿ

 

65. Կլինիկական չափանիշ. ցանկացած անձ, որն ունի հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը`

1) միզուկաբորբ.

2) արգանդափողերի սուր բորբոքում.

3) կոնքի բորբոքային հիվանդություն.

4) արգանդի պարանոցի բորբոքում.

5) մակամորձաբորբ.

6) ուղիղ աղիքի լորձաթաղանթի բորբոքում.

7) ֆարինգիտ.

8) հոդաբորբ.

9) շաղկապենաբորբով յուրաքանչյուր նորածին երեխա:

66. Լաբորատոր չափանիշ. հետևյալներից առնվազն մեկը`

1) հարուցչի (նեյսերիա գոնոռհոե (Neisseria gonorrhoeae)) անջատում կենսաբանական նյութի նմուշից.

2) հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում պոլիմերազային շղթայական ռեակցիայի (այսուհետ` ՊՇՌ) մեթոդով.

3) հարուցչի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում` կենսաբանական նյութի նմուշում նուկլեինաթթվի հիբրիդիզացիայի հետազոտության միջոցով.

4) տղամարդկանց միզուկային նմուշում ներբջջային գրամ-բացասական դիպլոկոկերի մանրադիտակային հայտնաբերում:

67. Համաճարակաբանական չափանիշ. մարդուց մարդ փոխանցում համաճարակաբանական կապ (սեռական շփում կամ ուղղահայաց փոխանցում):

68. Դեպքի դասակարգում.

1) կասկածելի դեպք` կիրառելի չէ.

2) հավանական դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող, համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.

3) հաստատված դեպք` լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:

 

ԳԼՈՒԽ 17. ՀԵՄՈՖԻԼՈՒՍ ԻՆՖԼՈՒԵՆՑԱՅՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐԱԿ

 

69. Կլինիկական չափանիշ. դիտարկման նպատակով կարևոր չէ:

70. Լաբորատոր չափանիշ. հետևյալներից առնվազն մեկը`

1) հարուցչի (հեմոֆիլուս ինֆլուենզա (Haemophilus influenzae)) անջատում օրգանիզմի նորմայում մանրէազերծ հատվածներից (ողնուղեղային հեղուկ, արյուն, հոդապարկի հեղուկ, թոքամզային հեղուկ, հարսրտային հեղուկ).

2) հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում օրգանիզմի` նորմայում մանրէազերծ հատվածներից կամ խոռոչներից (ողնուղեղային հեղուկ, արյուն, հոդապարկի հեղուկ, թոքամզային հեղուկ, հարսրտային հեղուկ):

71. Համաճարակաբանական չափանիշ. կիրառելի չէ:

72. Դեպքի դասակարգում.

1) կասկածելի դեպք` կիրառելի չէ.

2) հավանական դեպք` կիրառելի չէ.

3) հաստատված դեպք` լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:

 

ԳԼՈՒԽ 18. ՍՈՒՐ ՀԵՊԱՏԻՏ Ա

 

73. Կլինիկական չափանիշ. ախտանշանների ընդհատվող (դիսկրետ) սկիզբ ունեցող յուրաքանչյուր անձ (հոգնածություն, որովայնի ցավ, ախորժակի կորուստ, ընդհատվող սրտխառնոց և փսխում) և հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը`

1) տենդ.

2) դեղնուկ.

3) շիճուկում ամինոտրանսֆերազների մակարդակի բարձրացում:

74. Լաբորատոր չափանիշ. հետևյալներից առնվազն մեկը`

1) հեպատիտ Ա-ի վիրուսի նուկլեինաթթվի հայտնաբերում շիճուկում կամ կղանքում.

2) հեպատիտ Ա-ի վիրուսի նկատմամբ առաջացած մասնահատուկ հակամարմինների հայտնաբերում.

3) կղանքում հեպատիտ Ա-ի վիրուսի հակածնի հայտնաբերում:

75. Համաճարակաբանական չափանիշ. հետևյալներից առնվազն մեկը`

1) մարդուց մարդ փոխանցում.

2) ընդհանուր աղբյուրի ազդեցություն.

3) բաղարկված սննդի կամ խմելու ջրի ազդեցություն.

4) շրջակա միջավայրի ազդեցություն:

76. Դեպքի դասակարգում.

1) կասկածելի դեպք` կիրառելի չէ.

2) հավանական դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող, համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.

3) հաստատված դեպք` կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:

 

ԳԼՈՒԽ 19. ՀԵՊԱՏԻՏ Բ

 

77. Սուր հեպատիտ Բ-ի կլինիկական չափանիշներն են` առանձին հիվանդության սուր սկիզբը սուր վիրուսային վարակներին բնորոշ նշաններով/ախտանշաններով (տենդ, թուլություն, հոգնածություն) և լյարդի ախտահարման նշաններով, որոնք կարող են լինել կլինիկական (ախորժակի բացակայություն, սրտխառնոց, դեղնուկ, մեզի մգացում, բութ ցավ որովայնի աջ վերին քառորդում) կամ կենսաքիմիական (ալանին ամինոտրանսֆերազների (այսուհետ` ԱԼՏ) մակարդակը ավելի քան 10 անգամ գերազանցում է նորմայի վերին սահմանը):

78. Լաբորատոր չափանիշները հետևյալներից առնվազն մեկի կամ մի քանիսի դրական արդյունքն է.

1) իմունագլոբուլին Էմ (Ig M) հեպատիտ Բ-ի վիրուսի կորիզային հակածնի նկատմամբ` հակա-ՀԲկ (anti-HBc) իմունագլոբուլին Էմ (Ig M) (այսուհետ` իմունագլոբուլին Էմ (Ig M) հակա-ՀԲկ),

2) հեպատիտ Բ-ի մակերեսային հակածնի (HBsAg, այսուհետ` ՀԲմ) նկատմամբ հետազոտություն,

3) հեպատիտ Բ-ի «ե» հակածնի (HBeAg, այսուհետ` ՀԲե) նկատմամբ հետազոտություն,

4) հեպատիտ Բ-ի նուկլեինաթթվի (HBV-DNA, այսուհետ` ՀԲՎ ԴՆԹ) հայտնաբերում:

79. Համաճարակաբանական չափանիշը մարդուց մարդ փոխանցումն է, որը ներառում է փոխանցման հետևյալ ուղիները և գործոնները.

1) հաստատված վիրուսային հեպատիտով անձի հետ շփում (սեռական շփում, կենցաղային շփում` վիրուսով բաղարկված հիգիենիկ պարագաների ընդհանուր օգտագործում).

2) արյան և արյան պատրաստուկների փոխներարկում.

3) բժշկական և ոչ բժշկական կազմակերպություններում ինվազիվ միջամտություններ.

4) չպաշտպանված սեռական հարաբերություններ.

5) ներարկային թմրամիջոցների գործածում.

6) հաստատված դրական դեպք մորից ծնված երեխա:

80. Սուր հեպատիտ Բ-ի դեպքի դասակարգում.

1) կասկածելի` կլինիկական չափանիշներին համապատասխանող դեպք.

2) հավանական` կլինիկական չափանիշներով յուրաքանչյուր անձ, համաճարակաբանական վերհուշում վիրուսային հեպատիտ Բ-ի հնարավոր վարակվածության մասին տվյալների առկայություն հեպատիտ Բ-ի մակերեսային հակածնի (այսուհետ` ՀԲմ հակածնի) հայտնաբերումից առաջ` 6 ամսվա ընթացքում.

3) հաստատված` լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:

81. Քրոնիկ հեպատիտ Բ-ի դեպքի դասակարգում`

1) կասկածելի` արյան մեջ ՀԲմ հակածնի հայտնաբերում, առանց սուր հեպատիտի Բ-ի չափանիշների (երբ պացիենտը հետազոտվում է լյարդի քրոնիկ հիվանդության հետազոտության համար).

2) հավանական` կասկածելի դեպք, որի համաճարակաբանական վերհուշում առկա են վիրուսային հեպատիտ Բ-ի հնարավոր վարակվածության մասին տվյալներ.

3) հաստատված` կասկածելի դեպք, ՀԲմ հակածնի երկու դրական թեստերի արդյունքներով` առնվազն 6 ամիս տարբերությամբ:

 

ԳԼՈՒԽ 20. ՀԵՊԱՏԻՏ Ց

 

82. Սուր հեպատիտ Ց-ի կլինիկական չափանիշներն են` առանձին հիվանդության սուր սկիզբը սուր վիրուսային վարակներին բնորոշ նշաններով/ախտանշաններով (տենդ, թուլություն, հոգնածություն) և լյարդի ախտահարման նշաններով, որոնք կարող են լինել կլինիկական (ախորժակի բացակայություն, սրտխառնոց, դեղնուկ, մեզի մգացում, բութ ցավ որովայնի աջ վերին քառորդում) կամ կենսաքիմիական (ԱԼՏ-ի մակարդակը ավելի քան 10 անգամ գերազանցում է նորմայի վերին սահմանը):

83. Սուր հեպատիտ Ց-ի լաբորատոր չափանիշը հետևյալներից առնվազն մեկն է`

1) հեպատիտ Ց-ի վիրուսի նկատմամբ հակամարմինների (HCV` այսուհետ` հակա-ՀՑՎ) շճափոխարկում.

2) հեպատիտ Ց-ի վիրուսի (այսուհետ` ՀՑՎ) ռիբոնուկլեինաթթվի (այսուհետ` ՌՆԹ) հայտնաբերումը հակա-ՀՑՎ բացակայության պարագայում.

3) հակա-ՀՑՎ-ի դրական և հակա-ՀԱՎ (հեպատիտ Ա-ի վիրուս` HAV) իմունագլոբուլին Մ (Ig M), հակա-ՀԲկ իմունագլոբուլին Մ (Ig M) և հակա-ՀԵՎ (հեպատիտ Ե-ի վիրուս` HEV) իմունագլոբուլին Մ (Ig M) բացասական արդյունք:

84. Քրոնիկ հեպատիտ Ց-ի լաբորատոր չափանիշ. հետևյալներից առնվազն մեկը`

1) անցյալ կամ ներկա վարակի շճաբանական ապացույց` հակա-ՀՑՎ-ի դրական արդյունք,

2) ՀՑՎ ՌՆԹ-ի կամ ՀՑՎ կորիզային հակածնի դրական արդյունք:

85. Համաճարակաբանական չափանիշը մարդուց մարդ փոխանցումն է, որը ներառում է փոխանցման հետևյալ ուղիները և գործոնները`

1) հաստատված վիրուսային հեպատիտով անձի հետ շփում (սեռական շփում, կենցաղային շփում` վիրուսով բաղարկված հիգիենիկ պարագաների ընդհանուր օգտագործում).

2) արյան փոխներարկում.

3) բժշկական և ոչ բժշկական կազմակերպություններում ինվազիվ միջամտություններ.

4) չպաշտպանված սեռական հարաբերություններ.

5) ներարկային թմրամիջոցների գործածում.

6) հաստատված դրական դեպք մորից ծնված երեխա:

86. Սուր հեպատիտ Ց-ի դեպքի դասակարգում`

1) կասկածելի դեպքը կլինիկական չափանիշներին համապատասխանող դեպքն է.

2) հավանական դեպքը կլինիկական չափանիշներ ունեցող անձն է, որի համաճարակաբանական վերհուշում առկա են վիրուսային հեպատիտ Ց-ի հնարավոր վարակվածության մասին տվյալներ հակա-ՀՑՎ-ի հայտնաբերումից առաջ` 6 ամսվա ընթացքում.

3) հաստատված դեպք` լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:

87. Քրոնիկ հեպատիտ Ց-ի դեպքի դասակարգում`

1) կասկածելի` արյան մեջ հակա-ՀՑՎ-ի հայտնաբերում, առանց սուր հեպատիտի Ց-ի չափանիշների (երբ պացիենտը հետազոտվում է լյարդի քրոնիկ հիվանդության հետազոտության համար).

2) հավանական` այն կասկածելի դեպքն է, որի համաճարակաբանական վերհուշում առկա են վիրուսային հեպատիտ Ց-ի հնարավոր վարակվածության մասին տվյալներ.

3) հաստատված դեպքը այն հավանական դեպքն է, որի արյան շիճուկում առկա է ՀՑՎ ՌՆԹ կամ հեպատիտ Ց վիրուսի կորիզային հակածին` ՀՑՎ-կ հակածնի (HCV-coreAg), առանց սուր հեպատիտի նշանների:

 

ԳԼՈՒԽ 21. ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՎԻ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ

 

88. Կլինիկական չափանիշ. մարդու իմունային անբավարարության վիրուսով հարուցված հիվանդություն (այսուհետ` ՄԻԱՎ)` բացակայում է:

89. Լաբորատոր չափանիշ ՄԻԱՎ.

1) 18 ամսականից մեծ անձանց համար. ՄԻԱՎ-ի վերաբերյալ երեք տարբեր շճաբանական հետազոտությունների դրական պատասխան` համաձայն 18 ամսականից մեծ անձանց մոտ ՄԻԱՎ վարակի լաբորատոր ախտորոշման նպատակով հետազոտությունների ռազմավարության.

2) մինչև 18 ամսական երեխաների համար. ՊՇՌ մեթոդով ՄԻԱՎ-ի ԴՆԹ-ի հայտնաբերման հետազոտությունների դրական արդյունք երկու առանձին նմուշների վրա` համաձայն մինչև 18 ամսական երեխաների մոտ ՄԻԱՎ վարակի ախտորոշման համար հետազոտությունների ռազմավարության:

90. Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (այսուհետ` ՁԻԱՀ) արձանագրվում է հաստատված ՄԻԱՎ վարակով մեծահասակների և երեխաների մոտ` կլինիկական կամ իմունաբանական չափանիշների հիման վրա`

1) կլինիկական չափանիշներ մեծահասակների և երեխաների համար. ՄԻԱՎ վարակի կլինիկական 4-րդ փուլին բնորոշ հիվանդություններ և տուբերկուլոզ.

2) իմունաբանական չափանիշներ մեծահասակների և 5-ից բարձր տարիքի երեխաների համար` CD4 + <200բջ/մկլ կամ CD4 + <15%.

3) իմունաբանական չափանիշներ 5-ից ցածր տարիքի երեխաների համար`

ա. 11 ամսականից փոքր երեխաներ CD4 + <25%.

բ. 12-35 ամսական երեխաներ CD4 + <20%.

գ. 36-59 ամսական երեխաներ CD4 + <15%:

91. Համաճարակաբանական չափանիշներ կիրառելի չէ:

92. Դեպքերի դասակարգում.

1) կասկածելի դեպք` կիրառելի չէ.

2) հավանական դեպք` կիրառելի չէ.

3) հաստատված դեպք`

ա. ՄԻԱՎ վարակ` ՄԻԱՎ վարակի լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ.

բ. ՁԻԱՀ` յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է ՁԻԱՀ-ի կլինիկական չափանիշներին և ՄԻԱՎ վարակի լաբորատոր չափանիշներին.

 

--------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Առողջապահության նախարարություն
26.05.2025
N 49-Ն
Հրաման