Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

26 մայիսի 2025 թվականի N 49-Ն

 

«ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

ԳԼՈՒԽ 69. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ (ԿՆՀ) ՎԱՐԱԿ (CNS)

 

286. Ներգանգային վարակը (CNS-IC) (ուղեղի թարախակույտ (աբսցես), սուբդուրալ կամ էպիդուրալ վարակ, էնցեֆալիտ) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

1) պացիենտի մոտ առկա են հարուցիչներ` անջատված ուղեղի հյուսվածքներից կամ կարծրենուց վերցված նմուշից.

2) թարախակույտ կամ ներգանգային վարակի նշաններ, որոնք հայտնաբերվել են վիրահատության ժամանակ կամ ձևաբանական հետազոտության արդյունքում.

3) պացիենտի մոտ առկա են ստորև թվարկված նշաններից առնվազն երկուսը, որոնք չունեն այլ հաստատված պատճառ` գլխացավ, գլխապտույտ, տենդ (> 38 oC), օջախային նյարդաբանական ախտանշաններ, գիտակցության վիճակի փոփոխություն կամ գիտակցության մթագնում և ստորև թվարկվածներից առնվազն մեկը`

ա. ախտածին մանրէների հայտնաբերում գլխուղեղի հյուսվածքների կամ թարախակույտի պարունակության նմուշների մանրադիտակային հետազոտության ժամանակ, որոնք ստացվել են վիրահատության կամ դիահերձման ժամանակ պունկցիայի կամ սովորական բիոպսիայի մեթոդներով.

բ. հակածնի նկատմամբ արյան կամ մեզի հետազոտության դրական արդյունք.

գ. վարակի հաստատում ճառագայթային ախտորոշիչ հետազոտությամբ` ռենտգենաբանական, ՀՇ, ՄՌՏ, ուղեղի ռադիոնուկլիդային սկանավորում կամ զարկերակագրություն (արտերիոգրամմա).

դ. տվյալ հարուցչի նկատմամբ ախտորոշիչ մեկ հակամարմնի տիտր (իմունագլոբուլին Էմ) կամ տիտրի քառակի աճ զույգ շիճուկներում (իմունագլոբուլին Ջի).

4) եթե ախտորոշումը կատարվել է կենդանության օրոք, բժշկի կողմից նշանակված համապատասխան հակամանրէային բուժում:

287. Նշում հաղորդման վերաբերյալ. Եթե մենինգիտը և ուղեղի թարախակույտը առկա են իրար հետ համակցված, հայտնում են որպես ներգանգային վարակ (IC):

288. Մենինգիտը կամ վենտրիկուլիտը (CNS-MEN) համապատասխանում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

1) մանրէի անջատում ուղեղ-ողնուղեղային հեղուկի ցանքից.

2) թվարկված նշաններից մեկի առկայություն, որոնք չունեն այլ հաստատված պատճառ. տենդ (> 38 oC), գլխացավ, պարանոցային մկանների կարկամություն, մենինգեալ նշաններ, գանգուղեղային նյարդերի ախտահարման նշաններ, գրգռվածություն և ստորև թվարկվածներից առնվազն մեկի առկայություն`

ա. ուղեղ-ողնուղեղային հեղուկի մեջ լեյկոցիտոզ և սպիտակուցի մակարդակի բարձրացում կամ գլյուկոզայի ցածր մակարդակ.

բ. մանրէի հայտնաբերում ուղեղ-ողնուղեղային հեղուկում` Գրամի մեթոդով ներկած նմուշում.

գ. մանրէի հայտնաբերում արյան ցանքում.

դ. ուղեղ-ողնուղեղային հեղուկի, արյան, մեզի` հակածնի նկատմամբ հետազոտությունների դրական արդյունքներ.

ե. տվյալ հարուցչի նկատմամբ ախտորոշիչ մեկ հակամարմնի տիտր (իմունագլոբուլին Էմ) կամ տիտրի քառակի աճ զույգ շիճուկներում (իմունագլոբուլին Ջի),

3) եթե ախտորոշումը կատարվել է կենդանության օրոք, բժշկի կողմից նշանակված համապատասխան հակամանրէային բուժում:

289. Նշում հաղորդման վերաբերյալ.

1) հաղորդել ողնուղեղային հեղուկի շունտային վարակը որպես վիրաբուժական վերքի վարակ (SSI), եթե այն առաջացել է տեղադրումից <= 90 օրվա ընթացքում, եթե անցել է > 90 օր կամ վարակը զարգացել է շունտի հետ կապված հետագա միջամտություններից/ աբսցեսից հետո, ապա հաղորդվում է որպես մենինգիտ կամ վենտրիկուլիտ, եթե վարակը համապատասխանում է ներհիվանդանոցային վարակի ընդհանուր դեպքերի սահմանմանը.

2) հաղորդել մենինգոէնցեֆալիտի մասին որպես մենինգիտ.

3) հաղորդել մենինգիտով ողնաշարի թարախակույտի մասին որպես մենինգիտ:

290. Ողնաշարի թարախակույտ (սպինալ աբսցես) առանց մենինգիտի (CNS-SA). ողնաշարի էպիդուրալ կամ սուբդուրալ տարածության թարախակույտը, առանց ողնուղեղային հեղուկի կամ հարակից ոսկրային տարրերի ներգրավման, համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

1) մանրէի անջատում ողնաշարի էպիդուրալ կամ սուբդուրալ տարածության թարախակույտի պարունակության նմուշներից.

2) թարախակույտ ողնաշարի էպիդուրալ կամ սուբդուրալ տարածությունում, որը հայտնաբերվում է վիրահատության կամ դիահերձման ժամանակ կամ հաստատվել է ձևաբանական հետազոտության արդյունքում.

3) ստորև թվարկված նշաններից մեկի առկայություն, որոնք չունեն այլ հաստատված պատճառ` տենդ (> 38 oC), ցավեր մեջքում, օջախային ցավ, ռադիկուլիտ, պարապարեզ, պարապլեգիա.

4) և ստորև թվարկվածներից առնվազն մեկի առկայություն`

ա. մանրէի անջատում արյան ցանքից.

բ. ողնաշարի թարախակույտը հաստատվել է ճառագայթային ախտորոշիչ հետազոտությամբ (օրինակ` միելոգրաֆիայի, ուլտրաձայնային (ՈՒՁՀ) հետազոտության, ՀՇ-ի, ՄՌՏ-ի, ռադիոիզոտոպային (գալիում, տեխնեցիում և այլն) եղանակով շեղումների հայտնաբերում).

5) եթե ախտորոշումը կատարվել է կենդանության օրոք, բժշկի կողմից նշանակված համապատասխան հակամանրէային բուժում:

291. Նշում հաղորդման վերաբերյալ. մենինգիտով ուղեկցվող ողնաշարի թարախակույտը հաղորդվում է որպես մենինգիտ:

 

ԳԼՈՒԽ 70. ԿԱԹԵՏԵՐ-ԱՍՈՑԱՑՎԱԾ ՎԱՐԱԿ (CRI)

 

292. Կենտրոնական երակային կաթետեր (ԿԵԿ) ասոցացված տեղային վարակը (առանց արյան ցանքի դրական արդյունքի) (CRI1-CVC) համապատասխանում է հետևյալ չափանիշներին`

1) քանակական ԿԵԿ ցանք` >= 10(3) ԳԱՄ/մլ, կամ կիսաքանակական ԿԵԿ ցանք` > 15 ԳԱՄ/մլ (ԳԱՄ` գաղութ առաջացնող միավոր).

2) թարախի առկայություն կամ բորբոքում կաթետերի տեղադրման հատվածում կամ թունելում:

293. Ծայրամասային երակային կաթետեր (ԾԵԿ) ասոցացված տեղային վարակը (առանց արյան ցանքի դրական արդյունքի) (CRI1-PVC) համապատասխանում է հետևյալ չափանիշներին`

1) քանակական ԾԵԿ ցանք` >= 10(3) ԳԱՄ/մլ, կամ կիսաքանակական ԾԵԿ ցանք` > 15 ԳԱՄ/մլ.

2) թարախի առկայություն կամ բորբոքում կաթետերի տեղադրման հատվածում կամ թունելում:

294. ԿԵԿ ասոցացված ընդհանուր վարակը (առանց արյան դրական նմուշի) (CRI2-CVC) համապատասխանում է հետևյալ չափանիշներին`

1) քանակական ԿԵԿ ցանք` >= 10(3) ԳԱՄ/մլ, կամ կիսաքանակական ԿԵԿ ցանք` > 15 ԳԱՄ/մլ.

2) կլինիկական ախտանշանները վերանում են կաթետերի հեռացումից հետո 48 ժամվա ընթացքում:

295. ԾԵԿ ասոցացված ընդհանուր վարակը (առանց արյան դրական նմուշի) (CRI2-PVC) համապատասխանում է հետևյալ չափանիշներին`

1) քանակական ԾԵԿ ցանք` >= 10(3) ԳԱՄ/մլ, կամ կիսաքանակական ԾԵԿ ցանք` > 15 ԳԱՄ/մլ.

2) կլինիկական ախտանշանները վերանում են կաթետերի հեռացումից հետո 48 ժամվա ընթացքում:

296. ԿԵԿ ասոցացված արյան հունի վարակը` մանրէաբանական հաստատումով (CRI3-CVC), համապատասխանում է հետևյալ չափանիշներին`

1) արյան հունի վարակ, որը ի հայտ է եկել կաթետերը հանելուց (եթե այն հանվել է) 48 ժամ առաջ կամ հետո.

2) նույն մանրէի անջատում` ըստ ստորև նշված եղանակներից որևէ մեկի`

ա. ԿԵԿ քանակական ցանք` >= 10(3) ԳԱՄ/մլ, կամ ԿԵԿ կիսաքանակական ցանք` > 15 ԳԱՄ/մլ.

բ. արյան քանակական ցանքի` ԿԵԿ արյան նմուշի հարաբերությունը ծայրամասային արյան նմուշին` > 5.

գ. արյան ցանքերի դրական արդյունքի ստացման տարբերակիչ հապաղում. ԿԵԿ արյան նմուշի ցանքը դրական է ծայրամասային արյան ցանքից 2 կամ ավելի ժամ առաջ (արյան նմուշները վերցված են միաժամանակ).

դ. միևնույն մանրէի անջատում կաթետերի տեղադրման հատվածի թարախային արտադրությունից:

297. ԾԵԿ ասոցացված արյան հունի վարակը` մանրէաբանական հաստատումով (CRI3-PVC), համապատասխանում է հետևյալ չափանիշներին`

1) արյան հունի վարակ, որն ի հայտ է գալիս կաթետերի հեռացումից (եթե այն հանվել է) 48 ժամ առաջ կամ հետո.

2) ցանքի դրական արդյունք նույն մանրէի հայտնաբերմամբ` ըստ ստորև նշված եղանակներից որևէ մեկի`

ա. քանակական ԾԵԿ ցանք` >= 10(3) ԳԱՄ/մլ, կամ կիսաքանակական ԾԵԿ ցանք` > 15 ԳԱՄ/մլ.

բ. միևնույն մանրէի անջատում կաթետերի տեղադրման հատվածի թարախային արտադրությունից:

 

ԳԼՈՒԽ 71. ՍՐՏԱՆՈԹԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐԱԿ (CVS)

 

298. Զարկերակային կամ երակային վարակը (CVS-VASC) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

1) վիրահատության ժամանակ երակից կամ զարկերակից վերցված նմուշների ցանքից անջատվել է մանրէ, և արյան ցանք չի իրականացվել կամ արյան ցանքի արդյունքը բացասական է.

2) պացիենտի մոտ առկա են երակային կամ զարկերակային վարակի նշաններ, որոնք հայտնաբերվել են վիրահատության կամ ձևաբանական հետազոտության ժամանակ.

3) պացիենտի մոտ առկա են ստորև թվարկված նշաններից կամ ախտանշաններից առնվազն մեկը, որոնք չունեն այլ հաստատված պատճառ` տենդ (>38 oC), ցավ, կարմրություն, ջերմություն և ստորև նշվածներից երկուսի առկայություն`

ա. ավելի քան 15 գաղութի աճ ներանոթային կանյուլայի ծայրից վերցված նմուշի կիսաքանակական ցանքում.

բ. արյան ցանք չի կատարվել կամ արյան ցանքը բացասական է.

4) պացիենտի մոտ առկա է թարախային արտադրություն ախտահարված անոթի հատվածում և արյան ցանք չի կատարվել կամ արյան ցանքը բացասական է:

299. Նշում հաղորդման վերաբերյալ. հաղորդել զարկերակ-երակային տրանսպլանտատի, շունտի, խուղակի կամ ներանոթային կանյուլաների տեղադրման հատվածի վարակների մասին` առանց արյունից անջատված մանրէների` որպես զարկերակային կամ երակային վարակ: Հաղորդել զարկերակային կամ երակային վարակը, որը համապատասխանում է որպես CRI1 կամ CRI2 չափանիշին:

300. Էնդոկարդիտ (CVS-ENDO): Սրտի բնական կամ արհեստական փականի էնդոկարդիտը համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

1) մանրէի անջատում պացիենտի փականի կամ հյուսվածքի նմուշի ցանքից.

2) պացիենտի մոտ առկա են ստորև թվարկված նշաններից կամ ախտանշաններից առնվազն երկուսը, և` որոնք չունեն այլ հաստատված պատճառ. տենդ (> 38 oC), սրտի նոր կամ փոփոխվող աղմուկ, էմբոլիկ երևույթներ, մաշկային դրսևորումներ (պետեխիաներ, կետային կամ գծային արյունազեղումներ, ցավոտ ենթամաշկային հանգույցներ), կանգային երևույթներ, սրտային անբավարարություն կամ սրտի հաղորդականության խանգարում, ինչպես նաև հետևյալներից առնվազն մեկը`

ա. մանրէի անջատում արյան երկու կամ ավելի ցանքից.

բ. մանրէների հայտնաբերում ըստ Գրամի ներկված փականի հյուսվածքի նմուշի մեջ` երբ ցանքը բացասական է կամ ցանք չի կատարվել.

գ. փականային վեգետացիաներ, որոնք հայտնաբերվում են վիրահատության կամ դիահերձման ժամանակ.

դ. հակածինների նկատմամբ արյան կամ մեզի հետազոտությունների դրական արդյունք (հեմոֆիլուս ինֆլուենցե (Haemophilus influenzae), ստրեպտոկոկուս պնևմոնիա (Streptococcus pneumonia), նեյսերիա մենինգիտիդիս (Neisseria meningitidis), Բ խմբի ստրեպտակոկեր (Group B Streptococcus).

ե. նոր վեգետացիայի նշաններ, որոնք հայտնաբերվել են էխոսրտագրության ժամանակ.

3) եթե ախտորոշումը կատարվել է կենդանության օրոք, բժշկի կողմից նշանակված համապատասխան հակամանրէային բուժում:

301. Միոկարդիտը կամ պերիկարդիտը (CVS-CARD) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

1) պացիենտի մոտ առկա են պերիկարդի հյուսվածքից կամ հեղուկից անջատված մանրէներ, որոնք ստացվել են ասեղային ասպիրացիայի կամ վիրահատության ժամանակ.

2) ստորև թվարկված նշաններից երկուսի առկայություն, որոնք չունեն այլ հաստատված պատճառ` տենդ (> 38 oC), ցավեր կրծքավանդակում, պարադոքսալ անոթազարկ կամ սրտի չափերի մեծացում, և ստորև թվարկվածներից առնվազն մեկի առկայություն`

ա. էլեկտրասրտագրությամբ հայտնաբերված միոկարդիտին կամ պերիկարդիտին բնորոշ շեղումներ.

բ. հակածինների նկատմամբ արյան հետազոտության դրական արդյունք (Հեմոֆիլուս ինֆլուենցե (Haemophilus influenzae), Ստրեպտոկոկուս պնևմոնիե (Streptococcus pneumoniae)).

գ. սրտի հյուսվածքի ձևաբանական հետազոտությամբ հայտնաբերված միոկարդիտի կամ պերիկարդիտի նշաններ.

դ. տիպասպեցիֆիկ հակամարմինների մակարդակի քառակի աճ` ըմպանից կամ կղանքից վիրուսի անջատումով կամ առանց դրա.

ե. պերիկարդիալ արտադրության հայտնաբերում էխոսրտագրությամբ, համակարգչային շերտագրմամբ, մագնիսառեզոնանսային շերտագրմամբ, անոթագրմամբ:

302. Մեդիաստինիտը (CVS-MED) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

1) պացիենտի մոտ առկա են ասեղային ասպիրացիայի միջոցով կամ վիրահատության ժամանակ նմուշառված միջնորմի հյուսվածքի կամ հեղուկի ցանքից անջատված մանրէներ.

2) մեդիաստինիտի նշաններ, որոնք հայտնաբերվել են վիրահատության ժամանակ կամ ձևաբանական հետազոտությամբ.

3) պացիենտի մոտ թվարկված նշաններից կամ ախտանշաններից առնվազն մեկի առկայություն, որոնք չունեն այլ հաստատված պատճառ` տենդ (> 38 oC), ցավ կրծքավանդակում, կրծոսկրի շարժունություն, և հետևյալներից առնվազն մեկի առկայություն`

ա. թարախային արտադրություն միջնորմի հատվածից.

բ. մանրէի անջատում արյան կամ միջնորմի հատվածի արտադրության ցանքից.

գ. միջնորմի լայնացում ռենտգեն պատկերում:

303. Նշում հաղորդման վերաբերյալ. սրտի վիրահատությունից հետո առաջացած մեդիաստինիտը, որն ուղեկցվում է օստեոմիելիտով, հաղորդվում է որպես վիրաբուժական վերքի վարակ` օրգանի/տարածության (SSI-O):

 

ԳԼՈՒԽ 72. ԱՉՔԻ, ԱԿԱՆՋԻ, ՔԹԻ, ԿՈԿՈՐԴԻ, ԲԵՐԱՆԻ ԽՈՌՈՉԻ ՎԱՐԱԿ (EENT)

 

304. Կոնյունկտիվիտը (շաղկապենաբորբը) (EENT-CONJ) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

1) պացիենտի մոտ առկա են մանրէներ, որոնք անջատվել են շաղկապենուց կամ հարակից հյուսվածքներից` կոպերից, եղջերաթաղանթից, մեյբոմի գեղձերից կամ արցունքագեղձերից վերցված թարախային արտադրությունից.

2) պացիենտի մոտ առկա է շաղկապենու կամ հարակնային շրջանի ցավ կամ կարմրություն և ստորև թվարկվածներից մեկը`

ա. լեյկոցիտների և ախտածին մանրէների հայտնաբերում արտազատուկի` Գրամի մեթոդով ներկված նմուշների մեջ.

բ. թարախային արտադրություն.

գ. աչքի շաղկապենու քերուկի կամ արտադրության հակածնի նկատմամբ հետազոտությունների (էլայզա (ELISA) մեթոդով խլամիդիա տրախոմատիսի (Chlamydia trachomatis), հերպեսի վիրուսի (herpes simplex), ադենովիրուսի նկատմամբ) դրական արդյունք.

դ. բազմամիջուկ հսկա բջիջներ, որոնք տեսանելի են շաղկապենու արտազատուկի կամ քերուկի մանրադիտակային հետազոտության ժամանակ.

ե. վիրուսի անջատում բջջային կուլտուրայում.

զ. հարուցչի նկատմամբ իմունագլոբուլին Էմ հակամարմինների ախտորոշիչ տիտր կամ իմունագլոբուլին Ջի հակամարմինների մակարդակի քառակի աճ շիճուկի զույգ նմուշներում:

305. Նշում հաղորդման վերաբերյալ. աչքի այլ վարակը հաղորդվում է որպես աչքի վարակ (EYE), հաղորդման ենթակա չէ քիմիական բնույթի կոնյունկտիվիտը` պայմանավորված արծաթի նիտրատով (AgNO3), կամ վիրուսային վարակիչ հիվանդություններով (կարմրուկ, ջրծաղիկ, վերին շնչուղիների վարակ):

306. Աչքի այլ վարակը, բացառությամբ կոնյունկտիվիտի (EENT-EYE), համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

1) պացիենտի մոտ մանրէի անջատում առաջային կամ հետին խցիկների պարունակության կամ ապակենման մարմնի հեղուկի ցանքից.

2) պացիենտի մոտ առկա են ստորև թվարկված նշաններից կամ ախտանշաններից առնվազն երկուսը, որոնք չունեն այլ հաստատված պատճառ` ցավ աչքերում, տեսողության խանգարում, հիպոպիոն, և ստորև թվարկվածներից առնվազն մեկը`

ա. բժշկի կողմից աչքի վարակի ախտորոշում.

բ. արյան դրական թեստ հակածնի նկատմամբ (հեմոֆիլուս ինֆլուէնցե (Haemophilus influenzae), ստրեպտոկոկուս պնևմոնիե (Streptococcus pneumoniae)).

գ. արյան ցանքից անջատված մանրէներ:

307. Ականջի և պտկաձև ելունի վարակը (EENT-EAR) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

1) արտաքին ականջաբորբը (օտիտ) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

ա. պացիենտի լսողական անցքի թարախային արտադրությունից անջատվել են հարուցիչներ.

բ. պացիենտի մոտ առկա է հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն մեկը, որոնք չունեն այլ հաստատված պատճառ` տենդ (> 38 oC), ցավ, կարմրություն կամ արտադրություն լսողական անցուղուց.

գ. մանրէների հայտնաբերում` թարախային արտադրության Գրամի մեթոդով ներկման արդյունքում:

2) միջին օտիտը (միջին ականջի բորբոքումը) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

ա. պացիենտի միջին ականջի հեղուկից անջատվել են մանրէներ, որը ստացվել է տիմպանոցենտեզի կամ վիրահատության ժամանակ.

բ. պացիենտի մոտ առկա է հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն երկուսը, որոնք չունեն այլ հաստատված պատճառ` տենդ (> 38 oC), ցավ թմբկաթաղանթում, թմբկաթաղանթի բորբոքում, ներքաշում կամ շարժունակության նվազում, կամ հեղուկի կուտակում թմբկաթաղանթի հետևում.

3) ներքին օտիտը (ներքին ականջի բորբոքումը) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

ա. պացիենտի ներքին ականջի հեղուկից անջատվել են մանրէներ վիրահատության ժամանակ.

բ. բժշկի կողմից պացիենտի մոտ ախտորոշվել է ներքին ականջի վարակ:

4) մաստոիդիտը (պտկաձև ելունի բորբոքումը) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

ա. պացիենտի պտկանման ելունի թարախային արտադրությունից անջատվել են մանրէներ.

բ. պացիենտի մոտ առկա է հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն երկուսը, որոնք չունեն այլ հաստատված պատճառ. տենդ (> 38 oC), ցավ, թուլություն, էրիթեմա, գլխացավ կամ դիմային նյարդի կաթված և նշվածներից առնվազն մեկը` պտկանձև ելունից թարախային արտադրության` ըստ Գրամի ներկված նմուշում մանրէների հայտնաբերում, արյան դրական թեստ հակածնի նկատմամբ:

308. Բերանի խոռոչի (բերան, լեզու, լնդեր) վարակը (EENT-ORAL) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

1) պացիենտի բերանի խոռոչի հյուսվածքների թարախային արտադրությունից անջատվել են մանրէներ.

2) պացիենտի մոտ առկա է բերանի խոռոչի թարախակույտ կամ վարակի այլ նշան, որը հայտնաբերվել է անմիջական հետազոտության, վիրահատության կամ ձևաբանական հետազոտության ժամանակ.

3) պացիենտի մոտ առկա է հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն մեկը, որոնք չունեն այլ հաստատված պատճառ. թարախակույտ, լորձաթաղանթի խոց, բերանի բորբոքված լորձաթաղանթի վրա ուռուցիկ սպիտակ բծեր կամ վահանիկներ կամ փառ բերանի լորձաթաղանթի վրա և հետևյալներից առնվազն մեկը`

ա. մանրէներ, որոնք երևում են ըստ Գրամի ներկելու ժամանակ.

բ. դրական KOH (կալիումի հիդրօքսիդ) թեստ.

գ. լորձաթաղանթի քերուկի մանրադիտակային հետազոտության ժամանակ երևում են բազմամիջուկ հսկա բջիջներ.

դ. բերանի խոռոչի արտադրությունների` հակածնի նկատմամբ դրական թեստ.

ե. տվյալ հարուցչի նկատմամբ ախտորոշիչ մեկ հակամարմնի տիտր (իմունագլոբուլին Էմ) կամ տիտրի քառակի աճ զույգ շիճուկներում (իմունագլոբուլին Ջի).

զ. բժշկի կողմից վարակի ախտորոշում և տեղային կամ բերանային ճանապարհով հակասնկային բուժում:

309. Նշում հաղորդման վերաբերյալ. հաղորդել բերանի խոռոչի բժշկական միջամտությունների հետ կապված առաջնակի հերպես սիմպլեքս վարակի մասին որպես բերանի խոռոչի վարակ, կրկնվող հերպեսային վարակները ներհիվանդանոցային վարակ չեն հանդիսանում:

310. Սինուսիտը (EENT-SINU) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

1) պացիենտի հարքթային ծոցի (սինուսի խոռոչի) թարախային արտադրությունից անջատվել են մանրէներ.

2) պացիենտն ունի հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն 1-ը, որոնք չունեն այլ հաստատված պատճառ` տենդ (> 38 oC), ախտահարված ծոցի հատվածում ցավ կամ զգայունություն, գլխացավ, թարախային արտադրություն կամ քթի խցանում և հետևյալներից առնվազն 1-ը`

ա. դրական տրանսիլյումինացիա (լուսաթափանցում հատուկ լույսի միջոցով).

բ. դրական ճառագայթային ախտորոշիչ հետազոտություն (ներառյալ համակարգչային շերտագրումը (ՀՇ)):

311. Վերին շնչուղիների վարակը, ֆարինգիտը, լարինգիտը, էպիգլոտիտը (EENT-UR) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

1) պացիենտի մոտ առկա է հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն երկուսը, որոնք չունեն այլ հաստատված պատճառ` տենդ (> 38 oC), ըմպանի կարմրություն, կոկորդի ցավ, հազ, խռպոտություն կամ կոկորդում թարախային արտադրություն և հետևյալներից առնվազն մեկը`

ա. կոնկրետ հատվածից անջատված մանրէներ.

բ. արյունից անջատված մանրէներ.

գ. դրական թեստ հակածնի նկատմամբ արյան կամ շնչառական ուղիների արտադրությունների մեջ.

դ. հարուցչի նկատմամբ ախտորոշիչ մեկ հակամարմնի տիտր (իմունագլոբուլին Էմ) կամ տիտրի քառակի աճ զույգ շիճուկներում (իմունագլոբուլին Ջի).

ե. վերին շնչուղիների վարակի ախտորոշում բժշկի կողմից.

2) պացիենտի մոտ հայտնաբերվել է թարախակույտ անմիջական հետազոտության, վիրահատության կամ ձևաբանական հետազոտության ժամանակ:

 

ԳԼՈՒԽ 73. ՍՏԱՄՈՔՍ-ԱՂԻՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐԱԿ (GI)

 

312. Կլոստրիդիում դիֆիցիլեով (Clostridium difficile-ով) պայմանավորված վարակը (GI-CDI) (նախկինում նաև կոչվում էր կլոստրիդիում դիֆիցիլեով պայմանավորված լուծ կամ CDAD) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

1) լուծ կամ հաստ աղու տոքսիկ լայնացում (տոքսիկ մեգակոլոն) և կղանքում կլոստրիդիում դիֆիցիլե (Clostridium difficile) Ա (A) կամ Բ (B) տոքսինի նկատմամբ լաբորատոր ախտորոշիչ հետազոտության դրական արդյունք կամ կղանքում տոքսին արտադրող կլոստրիդիում դիֆիցիլեի (Clostridium difficile) հայտնաբերում ցանքի կամ այլ հետազոտություններով, օրինակ` դրական ՊՇՌ.

2) ստամոքս-աղիքային ուղու ստորին հատվածների էնդոսկոպիկ հետազոտությամբ հայտնաբերված պսևդոմեմբրանային կոլիտ.

3) էնդոսկոպիայի, կոլեկտոմիայի կամ դիահերձման ժամանակ ստացված նմուշում հաստ աղու հյուսվածախտաբանություն, որը բնորոշ է կլոստրիդիում դիֆիցիլեով պայմանավորված վարակին (լուծով կամ առանց դրա):

313. Գաստրոէնտերիտը (բացառությամբ կլոստրիդիում դիֆիցիլեով պայմանավորված վարակի (CDI)) (GI-GE) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

1) պացիենտի մոտ սկսվել է սուր լուծ (ջրիկ կղանք 12 ժամից ավելի), որն ուղեկցվում է փսխումով և տենդով (> 38 oC) կամ առանց փսխման ու տենդի, և առանց հավանական ոչ վարակիչ պատճառի (ախտորոշիչ հետազոտություններ, բուժական միջոցառում, բացառությամբ հակամանրէային միջոցների, քրոնիկ վիճակի կտրուկ սրացում կամ հոգեբանական սթրես).

2) պացիենտի մոտ առկա են հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն 2-ը, որոնք չունեն այլ հաստատված պատճառ` սրտխառնոց, փսխում, ցավ որովայնում, տենդ (> 38 oC), գլխացավ և հետևյալներից առնվազն 1-ը`

ա. աղիքային վարակի հարուցչի անջատում կղանքից կամ ուղիղ աղիքի քսուքից.

բ. աղիքային վարակի հարուցչի հայտնաբերում սովորական կամ էլեկտրոնային մանրադիտակային հետազոտությամբ.

գ. աղիքային վարակի հարուցչի հայտնաբերում արյան մեջ կամ կղանքում հակածնի կամ հակամարմինների նկատմամբ հետազոտության միջոցով.

դ. աղիքային վարակի հարուցչի հայտնաբերում հյուսվածքային նմուշներում ցիտոպաթիկ փոփոխություններով (հետազոտություն տոքսինի նկատմամբ).

ե. հարուցչի նկատմամբ ախտորոշիչ մեկ հակամարմնի տիտր (իմունագլոբուլին Էմ) կամ տիտրի քառակի աճ զույգ շիճուկներում (իմունագլոբուլին Ջի):

314. Ստամոքս-աղիքային տրակտի (կերակրափողի, ստամոքսի, բարակ և հաստ աղիների և ուղիղ աղու) վարակը` բացառությամբ գաստրոէնտերիտի և ապենդիցիտի (GI-GIT), համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն 1-ին`

1) պացիենտի մոտ առկա է թարախակույտ կամ վարակի այլ նշաններ, որոնք հայտնաբերվել են վիրահատության կամ ձևաբանական հետազոտության ժամանակ.

2) պացիենտի մոտ առկա են հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն 2-ը` առանց որևէ այլ հաստատված պատճառի, և համապատասխանում են ախտահարված օրգանի կամ հյուսվածքի վարակի հետ` տենդ (> 38 oC), սրտխառնոց, փսխում, որովայնի ցավ և հետևյալներից առնվազն 1-ը`

ա. վիրահատության կամ էնդոսկոպիայի ժամանակ հյուսվածքից կամ դրենաժից կամ վիրաբուժական ճանապարհով տեղադրված դրենաժի արտազատուկից անջատված մանրէներ.

բ. մանրէներ, որոնք երևում են ըստ Գրամի կամ KOH-ի ներկելու ժամանակ, կամ բազմամիջուկ հսկա բջիջներ, որոնք երևում են վիրահատության կամ էնդոսկոպիայի ընթացքում կամ վիրահատական դրենաժային արտազատուկի կամ հյուսվածքի մանրադիտակային հետազոտության ժամանակ.

գ. արյունից անջատված մանրէներ.

դ. ճառագայթային ախտորոշիչ հետազոտությամբ հայտնաբերվել են ախտաբանական շեղումներ.

ե. Էնդոսկոպիկ հետազոտության ժամանակ հայտնաբերվել են ախտաբանական շեղումներ (օրինակ` Candida spp. էզոֆագիտ կամ ուղիղ աղիքի բորբոքում):

315. Հեպատիտը (GI-HEP) համապատասխանում է հետևյալ չափանիշներին` պացիենտի մոտ առկա են հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն 2-ը` առանց որևէ այլ հաստատված պատճառի` տենդ (> 38 oC), անոռեքսիա, սրտխառնոց, փսխում, որովայնի ցավ, դեղնություն կամ նախորդող 3 ամսվա ընթացքում արյան փոխներարկման պատմություն, և հետևյալներից առնվազն 1-ը`

1) հեպատիտ Ա-ի, հեպատիտ Բ-ի, հեպատիտ Ց-ի կամ դելտա հեպատիտի հակածնի կամ հակամարմինների նկատմամբ հետազոտության դրական արդյունք.

2) լյարդային ցուցանիշների նորմայից շեղում (բարձրացված ԱԼՏ/ԱՍՏ, բիլիռուբին).

3) մեզում կամ բերանըմպանային արտազատուկի մեջ ցիտոմեգալովիրուսի (ՑՄՎ) հայտնաբերում:

316. Նշում հաղորդման վերաբերյալ.

1) չի հաղորդվում ոչ վարակիչ ծագման հեպատիտի կամ դեղնախտի մասին (ալֆա-1 հակատրիպսինի անբավարարություն և այլն).

2) չի հաղորդվում հեպատիտի կամ դեղնախտի մասին, որը առաջանում է հեպատոտոքսինների ազդեցության հետևանքով (ալկոհոլային կամ ացետամինոֆենից առաջացած հեպատիտ և այլն).

3) չի հաղորդվում հեպատիտի կամ դեղնախտի մասին, որը առաջանում է լեղուղիների խցանումից (խոլեցիստիտ):

317. Ներորովայնային վարակներ (GI-IAB), այլ տեղ չդասակարգված` ներառյալ լեղապարկի, լեղուղիների, լյարդի (բացառությամբ վիրուսային հեպատիտի), փայծաղի, ենթաստամոքսային գեղձի, որովայնամզի, ենթաստոծանային տարածության կամ այլ ներորովայնային հյուսվածքների կամ տարածության վարակ, որը սահմանված չէ որևէ այլ բաժնում: Ներորովայնային վարակները համապատասխանում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

1) պացիենտի մոտ անջատվել են մանրէներ վիրահատության կամ ասեղային ասպիրացիայի ժամանակ ստացված ներորովայնային տարածության թարախային նյութից.

2) պացիենտի մոտ առկա է թարախակույտ կամ ներորովայնային վարակի այլ նշան, որը հայտնաբերվել է վիրահատության կամ ձևաբանական հետազոտության ժամանակ.

3) պացիենտի մոտ առկա են հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն երկուսը` առանց որևէ այլ հաստատված պատճառի` տենդ (> 38 oC), սրտխառնոց, փսխում, որովայնի ցավ կամ դեղնություն և հետևյալներից առնվազն մեկը`

ա. վիրահատական ճանապարհով տեղադրված դրենաժի (օրինակ` փակ ասպիրացիոն դրենաժային համակարգ, բաց դրենաժ, T-խողովակային դրենաժ) արտադրությունից անջատված մանրէներ.

բ. մանրէների հայտնաբերում վիրահատության ժամանակ կամ պունկցիայի մեթոդով ստացված արտադրության կամ հյուսվածքի` Գրամի եղանակով ներկված նմուշում.

գ. մանրէների անջատում արյան ցանքից և վարակի հաստատում ճառագայթային ախտորոշիչ հետազոտությամբ` ՈՒՁՀ, ՀՇ, ՄՌՏ, ռադիոիզոտոպային եղանակով կամ որովայնի ռենտգենաբանական հետազոտությամբ:

318. Նշում հաղորդման վերաբերյալ. չի հաղորդվում պանկրեատիտի մասին (բորբոքային համախտանիշ, որը բնութագրվում է որովայնի ցավով, սրտխառնոցով և փսխումով, որոնք կապված են ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների բարձր մակարդակի հետ), եթե չի հաստատվել, որ այն վարակիչ ծագում ունի:

 

ԳԼՈՒԽ 74. ՍՏՈՐԻՆ ՇՆՉՈՒՂԻՆԵՐԻ ՎԱՐԱԿ` ԲԱՑԻ ԹՈՔԱԲՈՐԲԻՑ (LRI)

 

319. Բրոնխիտ, տրախեոբրոնխիտ, բրոնխիոլիտ, տրախեիտ` առանց թոքաբորբի նշանների (LRI-BRON): Պացիենտի մոտ առկա են հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն երկուսը, որոնք չունեն այլ հաստատված պատճառ` տենդ (> 38 oC), հազ, նոր կամ ավելացած խորխի արտադրություն, խզզոցներ, սուլող շնչառություն` թոքաբորբի կլինիկական կամ ռենտգենաբանական նշանների բացակայությամբ և հետևյալներից առնվազն մեկը`

1) հարուցչի անջատում խորը շնչափողային ասպիրացիայից կամ բրոնխոսկոպիայից ստացված նմուշում.

2) հակածնի նկատմամբ դրական թեստ շնչառական ուղիների արտադրություններում:

320. Նշում հաղորդման վերաբերյալ. թոքերի քրոնիկ հիվանդությամբ պացիենտի մոտ քրոնիկ բրոնխիտը չհայտնել որպես վարակ, քանի դեռ չկա սուր երկրորդային վարակի նշան, որն արտահայտվում է հարուցչի փոփոխությամբ:

321. Ստորին շնչուղիների այլ վարակները (LRI-LUNG) համապատասխանում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

1) պացիենտի թոքային հյուսվածքի կամ հեղուկի, ներառյալ թոքամզային հեղուկը, քսուքի կամ նմուշի մեջ հայտնաբերվել են մանրէներ.

2) պացիենտի մոտ առկա է թոքի թարախակույտ կամ էմպիեմա, որը հայտնաբերվել է վիրահատության կամ ձևաբանական հետազոտության ժամանակ.

3) պացիենտի թոքերի ճառագայթային ախտորոշիչ հետազոտության ժամանակ երևում է թարախակույտի խոռոչը:

322. Նշում հաղորդման վերաբերյալ. առանց թոքաբորբի թոքերի թարախակույտը կամ էմպիեման հաղորդել որպես ստորին շնչուղիների այլ վարակներ:

 

ԳԼՈՒԽ 75. ՀԱՏՈՒԿ ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ԴԵՊՔԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄՆԵՐ (NEO)

 

323. Կլինիկական սեպսիսը (NEO-CSEP) համապատասխանում է հետևյալ բոլոր երեք չափանիշներին`

1) բուժող բժիշկը սկսել է սեպսիսի համապատասխան հակամանրէային բուժում առնվազն 5 օր,

2) արյան ցանքում մանրէ չի հայտնաբերվել կամ հետազոտություն չի իրականացվել,

3) այլ տեղակայման ակնհայտ վարակի բացակայություն և հետևյալ չափանիշներից 2-ը (առանց այլ ակնհայտ պատճառի)`

ա. տենդ (> 38 oC) կամ մարմնի անկայուն ջերմություն (ինկուբատորը հաճախակի փոփոխում է ջերմաստիճանը) կամ հիպոթերմիա (< 36,5 oC).

բ. հաճախասրտություն (> 200/րոպե) կամ նոր/աճող հազվասրտություն (< 80/րոպե).

գ. մազանոթների լցման արագությունը > 2 վրկ.

դ. նոր կամ հարաճող ապնոէ(ներ) (> 20 վրկ).

ե. անբացատրելի մետաբոլիկ ացիդոզ.

զ. առաջին անգամ առաջացած հիպերգլիկեմիա (> 140 մգ/դլ).

է. սեպսիսի այլ նշան (մաշկի գույն (միայն եթե մազանոթի լցման արագությունը չի օգտագործվում), լաբորատոր նշաններ (C-ռեակտիվ սպիտակուց, ինտերլեյկին), թթվածնի պահանջի բարձրացում/անհրաժեշտություն (ինտուբացիա), պացիենտի ընդհանուր անկայուն վիճակ, ապաթիա):

324. Լաբորատոր հաստատված արյան հունի վարակը (NEO-LCBI) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն երկուսին` ջերմաստիճանը > 38 oC կամ < 36,5 oC կամ մարմնի անկայուն ջերմություն, հաճախասրտություն կամ հազվասրտություն, ապնոէ, մազանոթների լցման ժամանակի երկարում (արագության նվազում), մետաբոլիկ ացիդոզ, հիպերգլիկեմիա, արյան հունի վարակի այլ նշաններ, ինչպիսիք են ապաթիան, և հաստատված հարուցիչ, բացի կոագուլազա-բացասական ստաֆիլակոկերից, որոնք անջատվել են արյունից կամ ողնուղեղային հեղուկից (ուղեղ-ողնուղեղային հեղուկը ներառված է, քանի որ այս տարիքային խմբում մենինգիտը սովորաբար հեմատոգեն է, ուստի ուղեղ-ողնուղեղային հեղուկի ցանքի դրական արդյունքը կարող է դիտվել որպես արյան հունի վարակի վկայություն, նույնիսկ եթե արյան ցանքերը բացասական են կամ չեն հետազոտվել):

325. Նշում հաղորդման վերաբերյալ.

1) նորածնային արյան հունի վարակի ծագման մասին հաղորդվում է «BSI-ի origin» դաշտում.

2) եթե դեպքը համապատասխանում է լաբորատոր հաստատված արյան հունի վարակին (NEO-LCBI-ին) և կլինիկական սեպսիսին (NEO-CNSB-ին), հաղորդվում է որպես լաբորատոր հաստատված արյան հունի վարակ (NEO-LCBI):

326. Լաբորատոր հաստատված արյան հունի վարակ` պայմանավորված կոագուլազա-բացասական ստաֆիլոկոկերով (NEO-CNSB). համապատասխանում է հետևյալներից առնվազն երկուսին`

1) ջերմաստիճանը > 38 oC կամ < 36,5 oC կամ մարմնի անկայուն ջերմություն, հաճախասրտություն կամ հազվասրտություն, ապնոէ, մազանոթների լցման ժամանակի երկարում, մետաբոլիկ ացիդոզ, հիպերգլիկեմիա, արյան հունի վարակի այլ նշան, ինչպիսին է ապաթիան.

2) կոագուլազա-բացասական ստաֆիլակոկեր անջատվում են արյունից կամ կաթետերի ծայրից.

3) պացիենտի մոտ առկա է հետևյալ ցուցանիշներից մեկը. C-ռեակտիվ սպիտակուց > 2,0 մգ/դլ, անհաս/ընդհանուր նեյտրոֆիլ հարաբերակցությունը (I/T հարաբերակցություն) > 0,2, լեյկոցիտներ < 5/նլ, թրոմբոցիտներ < 100/նլ:

327. Նշում հաղորդման վերաբերյալ.

1) մեծահասակների շրջանում արյան հունի վարակի (BSI) հաշվետվություններին համապատասխան լինելու համար (ներառյալ երկրորդական BSI).

2) նորածնային արյան հունի վարակի (BSI)-ի ծագման մասին հաղորդվում է BSI-ի ծագման դաշտում.

3) եթե լաբորատոր հաստատված արյան հունի վարակի (NEO-LCBI-ի) և կլինիկական սեպսիսի (NEO-CNSB-ի) դեպքերի բնորոշումները համընկնում են, զեկուցվում է որպես լաբորատոր հաստատված արյան հունի վարակ (NEO-LCBI):

328. Թոքաբորբը (NEO-PNEU) համապատասխանում է հետևյալ բոլոր չափանիշներին`

1) շնչառական խանգարումներ,

2) կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտությամբ հայտնաբերվել է նոր ինֆիլտրատ, կոնսոլիդացիա կամ հեղուկ պլևրալ խոռոչում,

3) առնվազն հետևյալ չորսի առկայություն` ջերմաստիճանը > 38 oC կամ < 36,5 oC կամ մարմնի անկայուն ջերմություն, հաճախասրտություն կամ հազվասրտություն, տախիպնոէ կամ ապնոէ, հևոց, շնչառական արտադրությունների ավելացում, թարախային խորխարտադրություն, շնչառական արտադրություններից անջատված հարուցիչ, C-ռեակտիվ սպիտակուց > 2,0 մգ/դլ, անհաս/ընդհանուր նեյտրոֆիլների հարաբերակցություն (I/T) > 0,2:

329. Նեկրոտիկ էնտերոկոլիտը (NEO-NEC) համապատասխանում է նշվածներից որևէ մեկին`

1) նեկրոտիկ էնտերոկոլիտի ձևաբանական նշաններ.

2) առնվազն մեկ բնորոշ շեղում ճառագայթային ախտորոշիչ հետազոտության ժամանակ (պնևմոպերիտոնեում, աղիքային պնևմատոզ, բարակ աղիքի անփոփոխ «կոշտ» գալարներ) գումարած նշվածներից առնվազն երկուսը` որոնք չունեն այլ բացատրություն. փսխում, որովայնի փքվածություն, կերակրելուց առաջ ստամոքսում առկա սննդի մնացորդային քանակ, չդադարող միկրոսկոպիկ կամ մակրոսկոպիկ արյուն կղանքում:

 

ԳԼՈՒԽ 76. ԹՈՔԱԲՈՐԲ (PN)

 

330. Թոքաբորբի ստանդարտ բնորոշումը համապատասխանում է հետևյալին` կրծքավանդակի առնվազն երկու ռենտգենբանական հետազոտության կամ համակարգչային շերտագրման արդյունքում հաստատված թոքաբորբ հիմնականում սիրտ-թոքային անբավարարություն ունեցող պացիենտների շրջանում, սիրտ-թոքային անբավարարության բացակայությամբ պացիենտների շրջանում մեկ ռենտգենաբանական կամ համակարգչային շերտագրման հետազոտությամբ թոքաբորբի հաստատում և ներքոհիշյալ ախտանշաններից առնվազն մեկը`

1) տենդ` > 38 oC, առանց այլ պատճառի.

2) լեյկոպենիա (< 4 000 լեյկոցիտ/մմ3) կամ լեյկոցիտոզ (>=12 000 լեյկոցիտ/մմ3).

3) ստորև նշվածներից առնվազն մեկը (կամ առնվազն երկուսը, եթե միայն կլինիկական թոքաբորբ է = PN 4 և PN 5).

ա. նոր առաջացած թարախային խորխ կամ խորխի բնույթի փոփոխություն (գույն, հոտ, քանակ, թանձրություն).

բ. հազ կամ հևոց կամ տախիպնոէ.

գ. սուգգեստիվ աուսկուլտացիա (խզզոցներ կամ բրոնխիալ շնչառաություն), խզզոց, սուլոց.

դ. գազափոխանակության վատացում (օրինակ` O2-ի դեսատուրացիա կամ թթվածնի պահանջարկի բարձրացում կամ օդափոխության պահանջարկի բարձրացում).

331. Կիրառվող ախտորոշման մեթոդներն են.

1) մանրէաբանական ախտորոշումն իրականացվում է`

ա. դրական քանակական ցանք ապանեխման առավելագույն պայմաններում վերցված ստորին շնչառական ուղիների նմուշից (PN 1).

բ. բրոնխոալվեոլային լավաժ (ԲԱԼ) շեմը >= 10(4) ԳԱՄ/մլ կամ ԲԱԼ-ից ստացված բջիջների >= 5%-ում մանրադիտակային հետազոտությամբ հայտնաբերվել են ներբջջային մանրէներ (դասակարգված է ըստ ԲԱԼ ախտորոշիչ կատեգորիայի).

գ. բաղարկումից պաշտպանված խոզանակով (PB Wimberley) վերցված նմուշ` >= 10(3) ԳԱՄ/մլ շեմով.

դ. բաղարկումից պաշտպանված դիստալ արտածծանք (DPA)` >= 10(3) ԳԱՄ/մլ շեմով.

ե. դրական քանակական ցանք ենթադրյալ բաղարկված ստորին շնչառական ուղիների նմուշից (PN 2).

զ. ստորին շնչառական ուղիների նմուշի քանակական ցանքի արդյունքում մանրէի անջատում (օրինակ` էնդոտրախեալ արտածծանք)` 10(6) ԳԱՄ/մլ շեմով.

2) այլընտրանքային մանրէաբանական մեթոդներ (PN 3)`

ա. արյան դրական ցանք, որը պայմանավորված չէ վարակի այլ աղբյուրով.

բ. թոքամզային հեղուկի նմուշում դրական աճ.

գ. պլևրալ կամ թոքային թարախակույտ` դրական պունկցիոն ասպիրացիայով.

դ. թոքերի ձևաբանական հետազոտությունը ցույց է տալիս թոքաբորբի նշաններ.

ե. վիրուսով կամ որոշակի մանրէներով (օրինակ` լեգիոնելա, ասպերգիլուս, միկոբակտերիա, միկոպլազմա, պնևմոցիստիս ժիրովեցի) թոքաբորբի նկատմամբ դրական հետազոտություններ.

զ. շնչառական արտազատուկներում վիրուսային հակածնի կամ հակամարմինների հայտնաբերում (ԻՖԱ, իմունաֆլուորեսցենտային անալիզ (FAMA), ՊՇՌ).

է. ուղղակի հետազոտության դրական արդյունք կամ դրական նմուշ բրոնխի արտազատուկներից կամ հյուսվածքից.

ը. շճափոխարկում (օրինակ` գրիպի վիրուսներ, լեգիոնելա, խլամիդիա).

թ. մեզի մեջ հակածինների հայտնաբերում (լեգիոնելա):

3) այլ`

ա. խորխի դրական նմուշ կամ ոչ քանակական ցանք ստորին շնչառական ուղիների նմուշից (PN 4).

բ. մանրէի անջատում չի եղել (PN 5):

332. Կրծքավանդակի օրգանների մեկ վերջնական ռենտգեն հետազոտությունը կամ CT-սկանը թոքաբորբի ընթացիկ դրվագի հայտնաբերման համար, կարող է բավարար լինել սրտի և թոքերի ուղեկցող հիվանդություններով պացիենտների համար, եթե հնարավոր է համեմատել նախորդ ռենտգենաբանական հետազոտությունների հետ: PN 1 և PN 2 չափանիշները վավերացվել են առանց նախորդ հակամանրէային բուժման: Այնուամենայնիվ, սա չի բացառում PN 1 կամ PN 2 ախտորոշումը նախկինում հակամանրէային բուժում կիրառելու դեպքում:

333. Ինտուբացիայով պայմանավորված թոքաբորբ (ԻՊԹ (IAP)). թոքաբորբը սահմանվում է որպես ինտուբացիայով պայմանավորված (ԻՊԹ), եթե վարակի առաջացմանը նախորդող 48 ժամում առկա է եղել ինվազիվ շնչառական սարք (նույնիսկ ընդհատումներով): Թոքաբորբը, որի համար ինտուբացիան արվել է առաջացման օրը, առանց իրադարձությունների հաջորդականության մասին լրացուցիչ տեղեկությունների, չի համարվում ԻՊԹ:

 

ԳԼՈՒԽ 77. ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՎԱՐԱԿ (REPR)

 

334. Էնդոմետրիտը (REPR-EMET) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

1) պացիենտի մոտ մանրէի անջատում էնդոմետրիումի հեղուկի կամ հյուսվածքի նմուշների ցանքերում, ստացված վիրահատության ժամանակ պունկցիայի կամ խոզանակի բիոպսիայի մեթոդով.

2) պացիենտի մոտ առկա է ստորև թվարկված նշաններից կամ ախտանշաններից առնվազն երկուսը, որոնք չունեն այլ հաստատված պատճառ` տենդ (> 38 oC), ցավեր որովայնում կամ արգանդի ցավոտություն կամ թարախային արտադրություն արգանդից:

335. Նշում հաղորդման վերաբերյալ. հետծննդյան էնդոմետիտը հաղորդվում է որպես ներհիվանդանոցային վարակ, բացառությամբ այն դեպքերի, երբ ամնիոտիկ հեղուկը վարակվել է հոսպիտալացման պահին կամ պացիենտը հոսպիտալացվել է պտղապարկի պատռումից 48 ժամ անց:

336. Էպիզիոտոմիայի (շեքի հյուսվածքների հատում) հետևանքով զարգացող վարակները (REPR-EPIS) համապատասխանում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

1) պացիենտի մոտ առկա է թարախահոսություն էպիզիոտոմիայի հատվածից.

2) պացիենտի մոտ առկա է թարախակույտ էպիզիոտոմիայի հատվածում:

337. Հեշտոցային մանժետի (Vaginal cuff) վարակները (REPR-VCUF) համապատասխանում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

1) հիստերէկտոմիայից հետո պացիենտի մոտ առկա է թարախահոսություն հեշտոցից.

2) հիստերէկտոմիայից հետո պացիենտի մոտ առկա է հեշտոցային մանժետի թարախակույտ.

3) հիստերէկտոմիայից հետո պացիենտի մոտ մանրէի անջատում հեշտոցային մանժետից վերցված հեղուկի կամ հյուսվածքի ցանքից:

338. Նշում հաղորդման վերաբերյալ. հեշտոցային մանժետի վարակների մասին հաղորդում են որպես վիրաբուժական վերքի վարակ` օրգանի/տարածության (SSI-O), եթե վիրաբուժական վերքի վարակի (SSI) այլ չափանիշները համապատասխանում են (հիստերէկտոմիայից հետո 30 օրվա ընթացքում):

339. Տղամարդկանց և կանանց վերարտադրողական օրգանների այլ վարակները (REPR-OREP) (մակամորձիների, ամորձիների, շագանակագեղձի, հեշտոցի, ձվարանների, արգանդի կամ կոնքի այլ խորը հյուսվածքների` բացառությամբ էնդոմետրիտի կամ հեշտոցային մանժետի վարակների) համապատասխանում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

1) պացիենտի մոտ առկա է ախտահարված հատվածից վերցված հյուսվածքի կամ հեղուկի նմուշների ցանքից մանրէների անջատում.

2) պացիենտի մոտ առկա է ախտահարված հատվածի թարախակույտ կամ վարակի այլ դրսևորումներ, որոնք հայտնաբերվում են վիրահատության կամ ձևաբանական հետազոտության ժամանակ.

3) պացիենտի մոտ առկա է ստորև թվարկված նշաններից կամ ախտանշաններից երկուսը` որոնք չունեն այլ հաստատված պատճառ. տենդ (> 38 oC), նողկանք, փսխում, ցավեր, զգայունություն, դիզուրիա և ստորև թվարկվածներից մեկի առկայություն`

ա. մանրէի անջատում արյան ցանքից.

բ. բժշկի կողմից դրված ախտորոշում:

 

ԳԼՈՒԽ 78. ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐՔԻ ՎԱՐԱԿ (SSI)

 

340. Վիրաբուժական վերքի մակերեսային վարակը (SSI-S) ի հայտ է գալիս վիրահատությունից հետո 30 օրվա ընթացքում և ընդգրկում է միայն կտրվածքի հատվածի մաշկը և ենթամաշկային հյուսվածքները և համապատասխանում է ստորև նշվածներից առնվազն մեկին`

1) թարախային արտադրություն մակերեսային կտրվածքից` լաբորատոր հաստատումով կամ առանց դրա.

2) մանրէի հայտնաբերում մակերեսային կտրվածքից վերցված հեղուկից կամ հյուսվածքից` ապանեխման պայմաններում ստացված նմուշից.

3) վարակի հետևյալ նշաններից կամ ախտանիշներից առնվազն մեկի առկայություն` ցավ կամ զգայունության բարձրացում, տեղային այտուց, կարմրություն կամ ջերմության բարձրացում, և` վերքը միտումնավոր բացվել է վիրաբույժի կողմից, բացառությամբ այն դեպքերի, երբ վերքից կատարված ցանքերի հետազոտության արդյունքը բացասական է.

4) վիրաբուժական վերքի վարակի ախտորոշում վիրաբույժի կամ բուժող բժշկի կողմից:

341. Վիրաբուժական վերքի խորը վարակը (SSI-D) առաջանում է վիրահատությունից հետո 30 օրվա ընթացքում` եթե վիրահատության ընթացքում իմպլանտ չի տեղադրվել, կամ 90 օրվա ընթացքում` եթե իմպլանտ տեղադրվել է, և պայմանավորված է վիրահատությամբ և ընդգրկում է խորանիստ փափուկ հյուսվածքները (փակեղ, մկան) և համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

1) թարախային արտադրություն վերքի խորանիստ հյուսվածքներից, սակայն ոչ վիրահատված օրգանից/տարածությունից.

2) խորը կտրվածքը ինքնաբերաբար բացվում է կամ միտումնավոր բացվում է վիրաբույժի կողմից, երբ պացիենտի մոտ առկա է հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն մեկը` տենդ (> 38 oC), տեղային ցավ կամ զգայունություն, բացառությամբ այն դեպքերի, երբ կտրվածքից կատարված ցանքի հետազոտությունը բացասական է.

3) առկա են խորը կտրվածքը ներառող թարախակույտ կամ վարակի այլ նշաններ, որոնք հայտնաբերվում են անմիջական զննմամբ, կրկնակի վիրահատության ժամանակ կամ ձևաբանական կամ ճառագայթային ախտորոշիչ հետազոտության ժամանակ.

4) վիրաբուժական խորը վարակի ախտորոշում վիրաբույժի կամ բուժող բժշկի կողմից:

342. Օրգանի/տարածության վարակը (SSI-O) ի հայտ է գալիս վիրահատությունից հետո 30 օրվա ընթացքում` եթե վիրահատության ընթացքում իմպլանտ չի տեղադրվել, կամ 90 օրվա ընթացքում` եթե իմպլանտ տեղադրվել է, և վարակը պայմանավորված է վիրահատությամբ ու, բացի վիրահատության ժամանակ արված կտրվածքի տեղից, ընդգրկում է նաև ցանկացած անատոմիական հատված (օրգաններ, տարածություններ), և համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

1) թարախային արտադրություն դրենաժից, որը կտրվածքի միջով տեղադրվել է օրգանի/տարածության մեջ.

2) մանրէների անջատում օրգանից/տարածությունից ասեպտիկ եղանակով ստացված հեղուկի կամ հյուսվածքի ցանքից.

3) օրգանը/տարածությունը ներառող թարախակույտ կամ վարակի այլ նշաններ, որոնք հայտնաբերվում են կրկնակի վիրահատության ընթացքում անմիջական զննման կամ ձևաբանական կամ ճառագայթային ախտորոշիչ հետազոտության ժամանակ.

4) օրգանի/տարածության վարակի ախտորոշում վիրաբույժի կամ բուժող բժշկի կողմից:

 

ԳԼՈՒԽ 79. ՄԱՇԿԻ ԵՎ ՓԱՓՈՒԿ ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ՎԱՐԱԿ (SST)

 

343. Մաշկի վարակները (SST-SKIN) համապատասխանում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

1) պացիենտի մոտ առկա են թարախային արտադրություններ, թարախաբշտեր, թարախակույտեր (պուստուլաներ, վեզիկուլներ, ֆուրունկուլներ).

2) պացիենտի մոտ առկա են հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն երկուսը, որոնք չունեն այլ հաստատված պատճառ` ցավ կամ զգայունություն, տեղային այտուց, կարմրություն կամ տաքություն, և հետևյալներից առնվազն մեկը`

ա. մանրէներ, որոնք ստացվել են ախտահարված հատվածի արտածծանքից կամ արտադրությունից, եթե մանրէները իրենցից ներկայացնում են մաշկի նորմալ միկրոֆլորա (դիֆթերոիդներ (բացի կորինեբակտերիում դիֆթերիե (Corynebacterium diphtheriae)), բացիլուս սպպ. (Bacillus spp.) (բացի բացիլուս անթրացիսի (B. anthracis)), պրոպիոնիբակտերիում (Propionibacterium spp.), կոագուլազ-բացասական ստաֆիլակոկեր (ներառյալ ստաֆիլոկոկուս էպիդերմիդիսը (Staphylococcus epidermidis)), վիրիդանս խմբի ստրեպտակոկեր, աէրոկոկուս (Aerococcus spp.), միկրոկոկեր (Micrococcus spp.)), ապա դրանք պետք է լինեն մոնոկուլտուրա.

բ. արյունից անջատված մանրէներ.

գ. ախտահարված հյուսվածքի կամ արյան` հակածնի նկատմամբ դրական թեստ.

դ. ախտահարված հյուսվածքի մանրադիտակային հետազոտության ժամանակ երևում են բազմամիջուկ հսկա բջիջներ.

ե. տվյալ հարուցչի նկատմամբ ախտորոշիչ մեկ հակամարմնի տիտր (իմունագլոբուլին Էմ) կամ տիտրի քառակի աճ զույգ շիճուկներում (իմունագլոբուլին Ջի):

344. Նշում հաղորդման վերաբերյալ.

1) ախտահարված պառկելախոցերը հաղորդվում են որպես պառկելախոց.

2) ախտահարված այրվածքները հաղորդվում են որպես այրվածք.

3) կրծքագեղձի թարախակույտը կամ մաստիտը հաղորդվում են որպես կրծքագեղձի թարախակույտ կամ մաստիտ:

345. Փափուկ հյուսվածքների (նեկրոտիկ ֆասցիտ, վարակիչ գանգրենա, նեկրոտիկ ցելյուլիտ, վարակիչ միոզիտ, լիմֆադենիտ կամ լիմֆանգիտ) վարակները (SST-ST) համապատասխանում են նշված չափանիշներից առնվազն մեկին`

1) պացիենտի մոտ ախտահարված հատվածի հյուսվածքից կամ արտադրությունից անջատվել են մանրէներ.

2) պացիենտի մոտ առկա է թարախային արտադրություն ախտահարված հատվածից.

3) պացիենտի մոտ առկա են թարախակույտ կամ վարակի այլ նշաններ, որոնք հայտնաբերվել են վիրահատության կամ ձևաբանական հետազոտության ժամանակ.

4) պացիենտի մոտ ախտահարված հատվածում առկա են հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն երկուսը` որոնք չունեն այլ հաստատված պատճառ. տեղային ցավ կամ զգայունություն, կարմրություն, այտուց, տաքություն, և ստորև թվարկվածներից առնվազն մեկը`

ա. արյունից անջատված մանրէներ.

բ. արյան կամ մեզի` հակածնի նկատմամբ հետազոտության դրական արդյունք (օրինակ` հեմոֆիլուս ինֆլուենզե (Haemophilus influenzae), ստրեպտակոկուս պնևմոնիա (Streptococcus pneumoniae), նեյսերիա մենինգիտիդիս (Neisseria meningitidis), Բ խմբի ստրեպտակոկեր, կանդիդա (Candida spp.)).

գ. տվյալ հարուցչի նկատմամբ ախտորոշիչ մեկ հակամարմնի տիտր (իմունագլոբուլին Էմ) կամ տիտրի քառակի աճ զույգ շիճուկներում (իմունագլոբուլին Ջի):

346. Նշում հաղորդման վերաբերյալ.

1) ախտահարված պառկելախոցերը հաղորդվում են որպես պառկելախոց.

2) կոնքի խորը հյուսվածքների վարակը հաղորդվում է որպես վերարտադրողական օրգանների այլ վարակ:

347. Պառկելախոցը, ներառյալ մակերեսային և խորը վարակները (SST-DECU), համապատասխանում է հետևյալ չափանիշին` պացիենտի մոտ առկա են հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն երկուսը, որոնք չունեն այլ հաստատված պատճառ` կարմրություն, ցավ, պառկելախոցի եզրերի այտուց, և հետևյալներից առնվազն մեկը`

1) պատշաճ կերպով նմուշառված հեղուկից կամ հյուսվածքից անջատված մանրէներ.

2) արյունից անջատված մանրէներ:

348. Այրվածքային վարակները (SST-BURN) համապատասխանում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

1) պացիենտի մոտ առկա է այրվածքային վերքի արտաքին տեսքի կամ բնույթի փոփոխություն` կեղևի (ստրուպ) արագ անջատում, կեղևի գույնի փոփոխություն մինչև մուգ-շագանակագույն, սև, մանուշակագույն, այտուց վերքի եզրերում.

2) այրվածքային վերքի բիոպտատի ձևաբանական հետազոտությունը ցույց է տալիս ախտածին մանրէների թափանցում հարակից կենսունակ հյուսվածքների մեջ.

3) պացիենտի մոտ առկա է այրվածքային վերքի արտաքին տեսքի կամ բնույթի փոփոխություն` կեղևի (ստրուպ) արագ անջատում, կեղևի գույնի փոփոխություն մինչև մուգ-շագանակագույն, սև, մանուշակագույն, այտուց վերքի եզրերում, և հետևյալներից առնվազն մեկը`

ա. արյունից անջատված մանրէներ` նույնականացված այլ վարակների բացակայության պայմաններում.

բ. հասարակ հերպեսի վիրուսի անջատում, ներառումների հյուսվածաբանական նույնականացում լուսային կամ էլեկտրոնային մանրադիտակով կամ վիրուսային մասնիկների հայտնաբերում էլեկտրոնային մանրադիտակով բիոպտատի կամ վերքի մակերեսի քերուկի մեջ.

4) այրվածք ունեցող պացիենտի մոտ առկա են հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն երկուսը` որոնք չունեն այլ հաստատված պատճառ. տենդ (> 38 oC) կամ հիպոթերմիա (< 36 oC), հիպոտենզիա, օլիգուրիա (< 20 սմ3/ժ), հիպերգլիկեմիա` նախկինում սննդային ածխաջրեր ընդունելու հետևանքով, գիտակցության խանգարում, և հետևյալներից առնվազն մեկը`

ա. այրվածքի բիոպսիայի հյուսվածաբանական հետազոտությունը ցույց է տալիս մանրէների ներթափանցում հարակից կենսունակ հյուսվածքներ.

բ. արյունից անջատված մանրէներ.

գ. հասարակ հերպեսի վիրուսի անջատում, ներառումների հյուսվածաբանական նույնականացում լուսային կամ էլեկտրոնային մանրադիտակով կամ վիրուսային մասնիկների հայտնաբերում էլեկտրոնային մանրադիտակով բիոպտատի կամ վերքի մակերեսի քերուկի մեջ:

349. Կրծքագեղձի թարախակույտը (SST-BRST) կամ մաստիտը համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

1) պացիենտի մոտ կտրվածքի և դրենավորման կամ ասեղային ասպիրացիայի եղանակով ստացված կաթնագեղձի ախտահարված հյուսվածքի կամ հեղուկի դրական ցանք.

2) պացիենտի մոտ առկա է կրծքագեղձի թարախակույտ կամ վարակի այլ նշաններ, որոնք հայտնաբերվում են վիրահատության կամ ձևաբանական հետազոտության ժամանակ.

3) պացիենտի մոտ առկա է տենդ (> 38 oC) և կրծքագեղձի տեղային բորբոքում, և բժշկի կողմից ախտորոշվել է կրծքագեղձի թարախակույտ:

 

--------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Առողջապահության նախարարություն
26.05.2025
N 49-Ն
Հրաման