ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
26 մայիսի 2025 թվականի N 49-Ն
«ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(5-րդ մաս)
ԳԼՈՒԽ 80. |
ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԱՐԱԿ (SYS) |
350. Տարածուն (դիսեմինացված) վարակները (SYS-DI) բնորոշվում են որպես վարակներ, որոնք ընդգրկում են մի քանի օրգան կամ համակարգ, առանց ակնհայտ վարակի միասնական օջախի, սովորաբար վիրուսային ծագման, այլ հայտնի պատճառ չունեցող նշաններով կամ ախտանշաններով և համատեղելի են մի քանի օրգանների կամ համակարգերի վարակային ախտահարման հետ:
351. Նշում հաղորդման վերաբերյալ.
1) այս ծածկագիրը օգտագործվում է այն վիրուսային վարակների համար, որոնք ներառում են բազմաթիվ օրգան համակարգեր (օրինակ` կարմրուկ, խոզուկ, կարմրախտ, ջրծաղիկ): Այս վարակները հաճախ կարող են նույնականացվել միայն կլինիկական չափանիշներով.
2) այս ծածկագիրը չի օգտագործվում բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների համար, օրինակ` բակտերիալ էնդոկարդիտի ժամանակ, հաղորդվում է միայն այս վարակների առաջնային օջախի մասին.
3) անհայտ ծագման տենդը չի հաղորդվում որպես տարածուն (դիսեմինացված (DI)).
4) վիրուսային էկզանթեմայի կամ ցանի մասին հաղորդվում է որպես տարածուն (դիսեմինացված (DI)):
352. Չախտորոշված ծանր վարակ, որի կապակցությամբ պացիենտը բուժվել է (SYS-CSEP)` երբ արյան ցանք չի կատարվել կամ արյան մեջ չեն հայտնաբերվել մանրէներ կամ հակածին, ակնհայտ վարակի բացակայություն այլ տեղում և բժիշկը նշանակել է սեպսիսի բուժում, և պացիենտի մոտ առկա է հետևյալներից առնվազն մեկը`
1) կլինիկական նշաններ կամ ախտանշաններ` առանց որևէ այլ հաստատված պատճառի.
2) տենդ (> 38 oC).
3) հիպոտենզիա (սիստոլիկ ճնշում < 90 մմ/սս).
4) օլիգուրիա (20 սմ3 (մլ)/ժամ):
353. Նշում հաղորդման վերաբերյալ.
1) այս ծածկագիրը չի օգտագործվում առանց ծայրահեղ անհրաժեշտության.
2) նորածինների չախտորոշված ծանր վարակի համար օգտագործվում է նորածինների չախտորոշված ծանր վարակ (NEO-CSEP) բնորոշումը:
ԳԼՈՒԽ 81. |
ՄԻԶՈՒՂԻՆԵՐԻ ՎԱՐԱԿ (UTI) |
354. Միզուղիների ախտանշանային վարակ` մանրէաբանական հաստատմամբ (UTI-A). պացիենտի մոտ առկա է հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն մեկը` որոնք չունեն այլ հաստատված պատճառ. տենդ (> 38 oC), միզելու անզուսպ ցանկություն, հաճախամիզություն, դիզուրիա, վերցայլքային ցավ, և մեզի դրական ցանք` >= 10(5) ԳԱՄ/մլ, երկու տեսակից ոչ ավելի մանրէներով:
355. Միզուղիների ախտանշանային վարակ` առանց մանրէաբանական հաստատման (UTI-B). պացիենտի մոտ առկա են հետևյալ ախտանշաններից առնվազն երկուսը` որոնք չունեն այլ հաստատված պատճառ` տենդ (> 38 oC), միզելու անզուսպ ցանկություն, հաճախամիզություն, դիզուրիա, վերցայլքային ցավ, և հետևյալներից առնվազն մեկը`
1) լեյկոցիտային էսթերազայի կամ նիտրատի հայտնաբերում թեստ-զոլերով.
2) պիուրիա` >=10(4) լեյկոցիտ/մլ կամ >= 3 լեյկոցիտ/տեսադաշտում` առավելագույն խոշորացմամբ չցենտրիֆուգված մեզի մեջ.
3) մանրէների հայտնաբերում ըստ Գրամի ներկված` չցենտրիֆուգված մեզի նմուշում.
4) մեզի առնվազն երկու ցանք` նույն հարուցչի կրկնակի անջատումով (գրամ բացասական մանրէներ կամ ստաֆիլոկոկուս սապրոֆիտիկուս (staphylococcus saprophyticus)) >10(2) գաղութ/մլ մեզի չառանձնացված նմուշներում.
5) միզուղիների վարակի դեմ արդյունավետ հակամանրէային բուժում ստացող պացիենտի մոտ մեկ հարուցչի (գրամ բացասական մանրէներ կամ ստաֆիլոկոկուս սապրոֆիտիկուս (staphylococcus saprophyticus)) <= 10(5) ԳԱՄ/մլ.
6) բժշկի կողմից միզուղիների վարակի ախտորոշում.
7) բժշկի կողմից միզուղիների վարակի համապատասխան բուժման նշանակում:
356. Անախտանիշ բակտերուրիան չի հաղորդվում, սակայն անախտանիշ բակտերուրիայով պայմանավորված երկրորդային արյան հունի վարակները հաղորդվում են որպես արյան հունի վարակ (BSI)` նշելով վարակի աղբյուրը (ծագումը) որպես միզուղիների վարակ (S-UTI):
357. Միզուղիների վարակը սահմանվում է որպես կաթետերով պայմանավորված, եթե միզային կաթետերը առկա է եղել (նույնիսկ ընդհատումներով) վարակին նախորդող 7 օրվա ընթացքում:
ԳԼՈՒԽ 82. |
ԿՈՆԿՐԵՏ ՀԱՐՈՒՑԻՉՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՐՅԱՆ ՀՈՒՆԻ ՎԱՐԱԿ |
358. Կլինիկական չափանիշ` դիտարկման նպատակով նշանակություն չունի:
359. Լաբորատոր չափանիշ` արյան ցանքի առնվազն մեկ դրական արդյունք ստաֆիլակոկուս աուրեուս (Staphylococcus aureus), կլեբսիելլա պնևմոնիե (Klebsiella pneumoniae), էշերիխիա կոլի (Escherichia coli), էնտերոկոկուս ֆեցիում (Enterococcus faecium), էնտերոկոկուս ֆեկալիս (Enterococcus faecalis), պսևդոմոնաս աէրոգինոսա (Pseudomonas aeruginosa), ացինետոբակտեր (Acinetobacter) կամ ստրեպտոկոկուս պնևմոնիեի (Streptococcus pneumoniae) հայտնաբերմամբ:
360. Համաճարակաբանական չափանիշ` դիտարկման նպատակով նշանակություն չունի:
361. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` կիրառելի չէ.
2) հավանական դեպք` կիրառելի չէ.
3) հաստատված դեպք:
362. Հակամանրէային կայունություն. հակամանրէային զգայունության նկատմամբ թեստերի արդյունքները զեկուցվում են`
1) ստաֆիլոկոկուս աուրեուսի համար` զգայունություն մեթիցիլինի և այլ հակաստաֆիլոկոկային բետա-լակտամների նկատմամբ.
2) էնտերոկոկուս ֆեցիումի և էնտերոկոկուս ֆեկալիսի համար` զգայունություն գլիկոպեպտիդների նկատմամբ.
3) կլեբսիելա պնևմոնիեի և էշերիխիա կոլիի համար` զգայունություն կարբապենեմների նկատմամբ և զգայունություն կոլիստինի նկատմամբ` կարբապենեմակայուն իզոլյատների համար.
4) պսևդոմոնաս աերուգինոսայի և ացինետոբակտեր տեսակների համար` զգայունություն կարբապենեմների նկատմամբ:
ԳԼՈՒԽ 83. |
ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ |
363. Հակամանրէային դեղերի (այսուհետ` ՀՄԴ) նկատմամբ մանրէների կայունություն (այսուհետ` ՀՄԿ).
1) բնորոշում` մանրէն դասակարգվում է ՀՄԴ-ի նկատմամբ կլինիկորեն զգայուն, միջանկյալ կամ կայուն` հիմք ընդունելով հակամանրէային զգայունության թեստավորման եվրոպական կոմիտեի (EUCAST) կամ այլ ստանդարտացված մեթոդաբանության գործող տարբերակի մեջ առկա սահմանային արժեքները այսինքն` տվյալ մանրէի աճն արգելակող ՀՄԴ-ի նվազագույն ճնշող խտությունը (այսուհետ` ՆՃԽ (minimum inhibitory concentration - MIC)) կամ մանրէի աճի ճնշման գոտու տրամագիծը` նկատի ունենալով, որ վերջիններս կարող են փոփոխվել ժամանակի ընթացքում` տվյալ մանրէի կայունության ձեռքբերմանը զուգահեռ.
2) դասակարգում.
ա. կլինիկորեն զգայուն («S» կամ «Զ»)` մանրէն սահմանվում է կլինիկորեն զգայուն` ըստ ՀՄԴ-ի ազդեցության մակարդակի, թերապևտիկ հաջող արդյունքի բարձր հավանականությամբ.
բ. կլինիկորեն միջանկյալ («I» կամ «Մ»)` մանրէն սահմանվում է կլինիկորեն միջանկյալ, եթե ՀՄԴ-ի թերապևտիկ ազդեցությունն անորոշ է: Դա նշանակում է, որ տվյալ հարուցիչով պայմանավորված վարակը կարելի է պատշաճ կերպով բուժել մարմնի այն մասերում, որտեղ տվյալ ՀՄԴ-երը ֆիզիկապես կենտրոնացված են կամ երբ հնարավոր է բարձրացնել ՀՄԴ-ի չափաբաժինը.
գ. կլինիկորեն կայուն («R» կամ «Կ»)` մանրէն սահմանվում է կլինիկորեն կայուն եթե առկա է ՀՄԴ-ի թերապևտիկ ազդեցության ձախողման մեծ հավանականություն.
3) կլինիկական բեկման կետերը ներկայացված են հետևյալ կերպ`
ա. Զ` ՆՃԽ <= x մգ/լ (ՆՃԽ-ի սահմանային արժեք), աճի ճնշման գոտու տրամագիծը >= sigma մմ (աճի ճնշման գոտու սահմանային արժեք).
բ. Մ` ՆՃԽ >= x (ՆՃԽ-ի սահմանային արժեք), <= y (ՆՃԽ-ի միջանկյալ արժեք) մգ/լ, աճի ճնշման գոտու տրամագիծը >= rho (աճի ճնշման գոտու միջանկյալ արժեք) մմ, < sigma (աճի ճնշման գոտու սահմանային արժեք) մմ.
գ. Կ` ՆՃԽ > y (ՆՃԽ-ի միջանկյալ արժեք) մգ/լ, աճի ճնշման գոտու տրամագիծը < rho (աճի ճնշման գոտու միջանկյալ արժեք).
4) ՀՄԴ-երի նկատմամբ մանրէների կայունության մակարդակներն են`
ա. բազմադեղակայուն (MDR multidrug-resistant)` երբ մանրէն կայուն է ՀՄԴ-ի 3 և ավել խմբերի նվազագույնը 1-ական ՀՄԴ-ի նկատմամբ.
բ. ծայրահեղ կայուն (XDR extensively drug-resistant)` երբ մանրէն կայուն է ՀՄԴ-ի բոլոր խմբերի նվազագույնը 1-ական ՀՄԴ-ի նկատմամբ.
գ. պանդեղակայուն (PDR-pandrug resistance)` երբ մանրէն կայուն է բոլոր խմբերի բոլոր ՀՄԴ-երի նկատմամբ:
364. Մանրէաբանական կայունություն հակամանրէային պատրաստուկների նկատմամբ.
1) ֆենոտիպային բնորոշում` մանրէն դասակարգվում է որպես վայրի տիպի ֆենոտիպ ունեցող կամ տեսակների համար ոչ վայրի ֆենոտիպ ունեցող` համաձայն հակամանրէային զգայունության թեստավորման եվրոպական կոմիտեի համաճարակաբանական սահմանային խտությունների (համաճարակաբանական շեմեր` ECOFFs) ստանդարտացված մեթոդաբանության մեջ (կամ ստանդարտացված մեթոդաբանության չափորոշված մեթոդաբանության մեջ), հիմնվելով տեսակների համար հատուկ ՆՃԽ բաշխումների և դրանց արգելակման գոտու տրամագծի փոխկապակցվածության վրա.
2) ֆենոտիպային դասակարգում`
ա. վայրի տիպի (WT) ֆենոտիպ` մանրէն սահմանվում է որպես վայրի տիպի (WT) տեսակների կամ տեսակների համալիրի համար, երբ այն զուրկ է ֆենոտիպորեն հայտնաբերվող ձեռքբերովի կայունության մեխանիզմից.
բ. ոչ վայրի տիպի (NWT) ֆենոտիպ` մանրէն սահմանվում է որպես ոչ վայրի տիպի (NWT) տեսակի համար, երբ այն արտահայտում է առնվազն մեկ ֆենոտիպային հայտնաբերման ձեռքբերովի կայունության մեխանիզմ.
գ. համաճարակաբանական շեմերը (ECOFFs) ներկայացված են որպես` վայրի տիպի (WT)` համաճարակաբանական շեմ (ECOFF) <= x (ՆՃԽ-ի սահմանային արժեք) մգ/լ, սկավառակի դիֆուզիոն գոտու տրամագիծը >= sigma (աճի ճնշման գոտու սահմանային արժեք) մմ և ոչ վայրի տիպի (NWT)` համաճարակաբանական շեմ (ECOFF) > x (ՆՃԽ-ի սահմանային արժեք) մգ/լ, սկավառակի դիֆուզիայի տրամագիծը < sigma (աճի ճնշման գոտու սահմանային արժեք) մմ.
3) ձեռք բերված հակամանրէային կայունության մեխանիզմի նույնականացում (օրինակ` դեղն ապաակտիվացնող ֆերմենտ, դեղի թիրախային սպիտակուցի տիպի փոփոխություն, արտահոսքի պոմպ)` մանրէի կողմից ձեռք բերված հակամանրէային կայունության մեխանիզմի արտահայտումը կարող է որոշվել ին վիտրո (in vitro), և մեխանիզմի տեսակը կարող է որոշվել ստանդարտացված մեթոդաբանության միջոցով` համաձայն հակամանրէային զգայունության թեստավորման եվրոպական կոմիտեի ուղեցույցի` կլինիկական կամ համաճարակաբանական նշանակության կայունության մեխանիզմների և հատուկ կայունությունների հայտնաբերման համար.
4) գենոտիպային բնորոշում` մանրէն դասակարգվում է որպես գենետիկական որոշիչ պարունակող կամ զուրկ կամ որոշիչ գործոնների համակցություն, որը նրան տալիս է ոչ վայրի տիպի զգայունության ֆենոտիպ` կապված հակամանրէային գործոնի հետ (փոխանցվող գեն կամ հիմնական գենի մուտացիա): Գենետիկական որոշիչի կամ որոշիչների համակցության առկայությունը, որը նրան տալիս է ոչ վայրի տիպի զգայունության ֆենոտիպ մեկ կամ մի քանի հակամանրէային գործոնների նկատմամբ, կարող է ցույց տալ բակտերիաների գենոմում համապատասխան նուկլեինաթթվի հաջորդականություն(ներ)ը հայտնաբերելու և նույնականացնելու միջոցով.
5) գենոտիպային դասակարգում. գենոտիպերը ներկայացված են հետևյալ կերպ`
ա. դրական. [կայուն գենի անվանումը կամ հիմնական գենի մուտացիայի առկայությունը].
բ. բացասական. [կայուն գենի անվանումը] կամ վայրի տիպի հիմնական գեների հաջորդականության բացակայությունը:
Պաշտոնական հրապարակման օրը` 5 հունիսի 2025 թվական: