ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 հունիսի 2025 թվականի N 744-Ն
«ՕՐԲԵԼԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՕՐԲԵԼԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՏՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 886-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետը, 3-րդ մասն ու 24-րդ հոդվածը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Օրբելի եղբայրների տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 85.210.01603, գրանցման օրը` 2003-02-05, հասցեն` Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, քաղ. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փ., 8, 2310) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 286.210.04828, գրանցման օրը` 2003-01-31, հասցեն` քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, 4):
2. Ստեղծել «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության «Օրբելի եղբայրների տուն-թանգարան» մասնաճյուղ:
3. Սահմանել, որ`
1) «Օրբելի եղբայրների տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չորսամսյա ժամկետում`
1) հաստատել ամրացված և սեփականության իրավունքով պատկանող փոխանցվող գույքի կազմը, արժեքը, միացման պայմանագիրը, միացման կարգը և պայմանները, գույքի ու պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր պարտավորությունների (ներառյալ վիճարկվող պարտավորություններ) փոխանցման ակտը, ինչպես նաև «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխությունները.
2) ապահովել`
ա. «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող «Օրբելի եղբայրների տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը,
բ. «Օրբելի եղբայրների տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարեցման և «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության սույն որոշումից բխող կանոնադրության փոփոխության պետական գրանցումը,
գ. «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից «Օրբելի եղբայրների տուն-թանգարան» մասնաճյուղի կանոնադրության հաստատումը և իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից հաշվառումը:
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո չորսամսյա ժամկետում «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել «Օրբելի եղբայրների տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2009 թվականի հունիսի 23-ին կնքված` ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 49/009 պայմանագրում որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ` համաձայնագիր): Համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
i
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 886-Ն որոշման N 3 հավելվածի 17-րդ կետը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. հունիսի 12
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 12 հունիսի 2025 թվական: