ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 հունիսի 2025 թվականի N 759-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «1146. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԾՐԱԳՐԻ «12015. ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՏՃՄ ՈԼՈՐՏԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ) ԴԱՍԱՎԱՆԴՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ՀՍՏԱԿ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 16.1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Նախագծով առաջարկվում է հաստատել պետական բյուջեի «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «12015. ՀՀ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ ոլորտի (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) դասավանդող ուսուցիչների համար վարձատրության բարձրացված հստակ չափաքանակի սահմանում» միջոցառման ֆինանսավորման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. հունիսի 12
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2025 թվականի հունիսի 12-ի
N 759-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «1146. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԾՐԱԳՐԻ «12015. ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ) ԴԱՍԱՎԱՆԴՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ՀՍՏԱԿ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «12015. ՀՀ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ ոլորտի (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) դասավանդող ուսուցիչների համար վարձատրության բարձրացված հստակ չափաքանակի սահմանում» միջոցառման շրջանակներում պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում (այսուհետ` հաստատություն) «Աշխարհագրություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Բնագիտություն», «Բնություն», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա», «Արհեստական բանականություն», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկաներ դասավանդող ուսուցիչներին (այսուհետ` ուսուցիչ) լրավճարի չափը սահմանելու և տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
2. Լրավճար տրվում է Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական բոլոր հաստատությունների` սույն կարգի 1-ին կետում նշված առարկաները դասավանդող ուսուցիչներին, այդ թվում` հեռավար ուսուցում իրականացնող` անկախ դրույքաչափից, կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափի փոփոխությունից, այլ հավելավճարների և լրավճարների տրամադրման և գործուղված լինելու հանգամանքներից:
3. Սույն կարգով տրվող լրավճարի չափը հավասար է տվյալ ուսուցչի դասավանդվող ժամերին համապատասխան տրամադրվող դրույքաչափի (հաշվի առնելով նաև կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափի փոփոխությունը) 25 տոկոսին` չհաշվելով այլ հավելավճարները և լրավճարները:
4. Ուսուցիչը սույն կարգի 3-րդ կետով սահմանված լրավճարը ստանում է նաև`
1) տվյալ հաստատությունում մեկից ավելի առարկաներ դասավանդելիս` սույն կարգի 1-ին կետում նշված յուրաքանչյուր առարկայի դասավանդման դեպքում.
2) համատեղությամբ այլ պետական հանրակրթական հաստատությունում դասավանդելիս` սույն կարգի 1-ին կետում նշված յուրաքանչյուր առարկայի դասավանդման դեպքում:
5. Միևնույն հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական, այդ թվում վարչական աշխատողներին դասավանդվող դասաժամերի համար սույն կարգով նախատեսված լրավճար չի տրամադրվում, իսկ այլ դպրոցում աշխատելու դեպքում նրանց լրավճար տրամադրվում է սույն հավելվածով սահմանված պահանջներին համապատասխան:
6. Հաստատության լիազոր մարմնի տվյալ բյուջետային միջոցառման համար պատասխանատու ստորաբաժանումը յուրաքանչյուր տարվա հունվար և սեպտեմբեր ամիսների երրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվա ավարտի դրությամբ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգից (այսուհետև` ԿԿՏՀ) ներբեռնում է միջոցառման շահառու հանդիսացող անձանց մասին տեղեկությունը, ուսումնասիրում դրանցում առկա ոչ ֆինանսական ցուցանիշները և`
1) առարկություններ չունենալու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում գլխավոր քարտուղարին (կամ աշխատակազմի ղեկավարին) է ներկայացնում նշված տեղեկության վերաբերյալ իր եզրակացությունը և վերջնական ամփոփ ցուցակները, որոնք սահմանված կարգով ներկայացվում են ֆինանսաբյուջետային գործընթացն իրականացնող ստորաբաժանմանը.
2) առարկություններ ունենալու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում հաստատությանը տեղյակ է պահում ԿԿՏՀ մուտքագրված տվյալների անճշտության մասին, որը պարտավոր է երեք աշխատանքային օրվա ընթացքում շտկել տվյալները: Նշված ժամկետում տվյալների չշտկման դեպքում համապատասխան գրությամբ հաստատությանը տեղյակ է պահվում չշտկված տեղեկության մասով ֆինանսավորում չտրամադրվելու մասին, իսկ տվյալների շտկման դեպքում գլխավոր քարտուղարին (կամ աշխատակազմի ղեկավարին) է ներկայացնում նշված տեղեկության վերաբերյալ իր եզրակացությունը և վերջնական ամփոփ ցուցակները, որոնք սահմանված կարգով ներկայացվում են ֆինանսաբյուջետային գործընթացն իրականացնող ստորաբաժանմանը:
7. Հաստատության լիազոր մարմնի ֆինանսաբյուջետային գործընթացն իրականացնող ստորաբաժանումը ուսումնասիրում է սույն կարգի 6-րդ կետում նշված և ստորաբաժանմանը մակագրված տեղեկությունում առկա ֆինանսական ցուցանիշները և`
1) առարկություն չունենալու դեպքում նախապատրաստում և ստորագրման է ներկայացնում հաստատությունների հետ կնքվող պայմանագրերի նախագծերը.
2) առարկություններ ունենալու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է դրանք լրամշակման:
8. Հաստատությունները սույն կարգով սահմանված լրավճարները ուսուցիչներին են փոխանցում ամենամսյա պարբերականությամբ, ինչպես նաև հաստատության լիազոր մարմնին եռամսյա պարբերականությամբ ներկայացնում են հաշվետվություններ ոչ ֆինանսական և ֆինանսական ցուցանիշների կատարման վերաբերյալ:
9. Հունվար և սեպտեմբեր ամիսների երրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվա ավարտից հետո սույն կարգի 2-րդ կետում նշված շահառուների կազմում նոր շահառու ավելանալու դեպքում վերջինիս տրամադրվող լրավճարը տրվում է սույն կարգի 2-րդ կետում նշված շահառու հանդիսանալու օրվանից սկսած:
10. Սույն կարգի 2-րդ կետում նշված շահառուների կազմից շահառուի դուրս գալու դեպքում վերջինս զրկվում է սույն կարգով լրավճար ստանալու իրավունքից սույն կարգի 2-րդ կետում նշված շահառու չհանդիսանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից:
Պաշտոնական հրապարակման օրը` 13 հունիսի 2025 թվական: