Սեղմել Esc փակելու համար:
ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԱՆԱՊԱՀՈՎ ՃԱՆԱՉՎԱԾ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՇԽԱՏՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ...

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հունիսի 2025 թվականի N 770-Լ

 

ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԱՆԱՊԱՀՈՎ ՃԱՆԱՉՎԱԾ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՇԽԱՏՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման, աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման և զբաղվածության ապահովման ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման հավելվածի 3-րդ և 7-րդ կետերով պահանջվող տեղեկատվության առցանց եղանակով տրամադրումը:

3. Սույն ծրագրի շրջանակներում աջակցությունը կարող է տրամադրվել նաև տեղական և միջազգային կազմակերպությունների և նրանց կողմից հատկացված դրամական միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից վերջիններիս հետ ձեռք բերված գրավոր համաձայնությամբ:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                                           Ն. Փաշինյան

 

2025 թ. հունիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2025 թվականի հունիսի 12-ի

N 770-Լ որոշման

 

ԾՐԱԳԻՐ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԱՆԱՊԱՀՈՎ ՃԱՆԱՉՎԱԾ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՇԽԱՏՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ծրագրի նպատակն անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացումն է` գործատուի կողմից ներկայացված պահանջներին համապատասխան մասնագիտական հմտություններ, կարողություններ և աշխատանքային փորձ ձեռք բերելուն աջակցելու և նրանց կայուն զբաղվածությունն ապահովելու միջոցով:

2. Սույն ծրագրի շրջանակներում աջակցություն է տրամադրվում «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի` անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման համակարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց (այսուհետ` աշխատանք փնտրող): Սույն ծրագրին մասնակցելու ցանկության դեպքում աշխատանք փնտրողը պետք է գրանցված լինի e-work.am հարթակում (այսուհետ` հարթակ) և կատարած լինի համապատասխան նշում` սույն ծրագրում ընդգրկվելու ցանկության վերաբերյալ: Տվյալ դեպքում աշխատանք փնտրողը նշում է կատարում ծրագրի շրջանակներում շահառու դառնալու համար իր տվյալները մշակելու, օգտագործելու և փոխանցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին: Նշումը կատարելուց հետո ինքնաշխատ եղանակով տվյալ անձի վերաբերյալ հարթակում առկա տեղեկատվությունը համադրվում է Ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության հետ և սույն կետում նշված չափանիշներին համապատասխանելու դեպքում անձի օգտահաշվում պահպանվում է կատարված նշումը:

3. Սույն ծրագրին մասնակցելու ցանկության դեպքում թափուր աշխատատեղ ունեցող գործատուն (բացառությամբ հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմինների) հարթակում նշում է կատարում ծրագրի շրջանակներում աջակցություն տրամադրելու համար իր տվյալները մշակելու, օգտագործելու և փոխանցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և ներկայացնում է դիմում, որտեղ վեբ ծառայության միջոցով ինքնաշխատ եղանակով արտացոլվում են գործատուի վերաբերյալ հետևյալ տվյալները`

1) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանից գործատուի հարկ վճարողի հաշվառման համարը.

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման ամսաթիվը, իրավաբանական անձի գտնվելու վայրը, իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի անունը և ազգանունը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի անունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, պետական հաշվառման ամսաթիվը, անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման կամ բնակության կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վայրի հասցեն:

4. Գործատուն դիմումում նշում է թափուր հաստիքի անվանումը, աշխատանքի համար անհրաժեշտ մասնագիտական հմտությունների և կարողությունների պահանջները:

5. Գործատուի դիմումը հարթակի միջոցով փոխանցվում է Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` ծառայություն) տարածքային կենտրոնի (այսուհետ` տարածքային կենտրոն) մասնագետին, որտեղ ցուցադրվում է գործատուի վերաբերյալ սույն ծրագրի 3-րդ կետում նշված տեղեկատվությունը:

6. Գործատուի դիմումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնի մասնագետի կողմից այն հաստատվելու դեպքում հարթակն ինքնաշխատ եղանակով համադրում է սույն ծրագրի 3-րդ կետով նշված պահանջները և աշխատանք փնտրողի վերաբերյալ հարթակում առկա տեղեկատվությունը, որի արդյունքում գործատուի օգտահաշվում ցուցադրվում է միջոցառման մեջ ընդգրկման ենթակա անձանց ցուցակը (անուն, ազգանուն, հայրանուն, մասնագիտություն, որակավորում, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե, ինքնակենսագրական (հրապարակված լինելու դեպքում):

7. Սույն ծրագրի 6-րդ կետում նշված համադրման արդյունքում տարածքային կենտրոնի մասնագետին սույն ծրագրի 5-րդ կետում նշված գործատուի վերաբերյալ տեղեկատվության հետ մեկտեղ, առցանց հարցման համաձայն` վեբ ծառայության միջոցով հասանելի է դառնում նաև աշխատանք փնտրողի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը`

1) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության բնակչության պետական ռեգիստրից անձի անունը, ազգանունը և հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայության համարանիշը կամ այն չունենալու վերաբերյալ տեղեկանքը, սեռը, քաղաքացիությունը, ծննդյան ամսաթիվը և հաշվառման հասցեն.

2) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանից անձի աշխատանքային տվյալները` պաշտոնը, կազմակերպության անվանումը և պաշտոնավարման ժամանակահատվածը.

3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների շտեմարանից անձի մահվան վերաբերյալ տեղեկատվությունը, որը ստուգվում է նաև ծրագրի ամբողջ ընթացքում:

8. Գործատուի դիմումը հաստատվելուց հետո մեկշաբաթյա ժամկետում գործատուն ցուցակում ընդգրկված անձանցից ընտրում է իր պահանջներին առավելապես բավարարող անձին (այսուհետ` շահառու) և հարթակի միջոցով առաջարկում տարածքային կենտրոնին`

1) շահառուի համար կազմակերպել կարճաժամկետ ուսուցման դասընթաց (շարունակական մասնագիտական զարգացում. այսուհետ` ուսուցում)`

ա. իր մոտ կամ,

բ. իր կողմից առաջարկվող ուսումնական հաստատությունում կամ.

2) շահառուի համար իր մոտ կազմակերպել աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթաց կամ.

3) տրամադրել իրեն մասնակի փոխհատուցում` շահառուի հետ առնվազն վեց ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում:

9. Շահառուն սույն ծրագրում կարող է ընդգրկվել միայն մեկ անգամ, ընդ որում` սույն ծրագրի 8-րդ կետում նշված աջակցության ուղղություններից միայն մեկով:

10. Ծրագիրը ֆինանսավորվում է`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, եթե բյուջետային գործընթացների արդյունքում, ելնելով հարկաբյուջետային հնարավորություններից, այդ նպատակով հատկացվել են միջոցներ.

2) օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 2. ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԱՆԱՊԱՀՈՎ ՃԱՆԱՉՎԱԾ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՇԽԱՏՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ

 

11. Գործատուի կողմից շահառուի ուսուցումը կազմակերպելու համար գործատուի առաջարկն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնի, գործատուի և շահառուի միջև կնքվում է ուսուցման կազմակերպման մասին եռակողմ պայմանագիր (այսուհետ` պայմանագիր 1), որի վերաբերյալ տեղեկատվությունը (պայմանագիր 1-ի համարը և կնքման ամսաթիվը) տարածքային կենտրոնի մասնագետի կողմից մուտքագրվում է հարթակում: Պայմանագիր 1-ի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը (այսուհետ` նախարար):

12. Պայմանագիր 1-ի հիման վրա շահառուն ընդգրկվում է մինչև հինգ ամիս տևողությամբ իրականացվող ուսուցման համապատասխան դասընթացում և առցանց տարածքային կենտրոն է ներկայացնում ուսումնական հաստատության կամ գործատուի հետ կնքված մասնագիտական ուսուցման իրականացման պայմանագրի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը: Պայմանագրի վերաբերյալ տեղեկատվությունը (պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը) տարածքային կենտրոնի մասնագետի կողմից մուտքագրվում է հարթակում:

13. Ուսուցման ամբողջ ժամանակահատվածում, սույն ծրագրի 12-րդ կետով նախատեսված ուսուցման իրականացման պայմանագրի հիման վրա, ուսուցմանը շահառուի մասնակցած օրերին համապատասխան, գործատուին վճարվում է ուսման վարձի փոխհատուցում մինչև 250000 դրամի չափով:

14. Ոչ լրիվ ուսումնական ամսվա համար փոխհատուցման գումարի չափը հաշվարկվում է` փոխհատուցման ամսական գումարը բաժանելով տվյալ ամսվա համար նախատեսված ուսուցման օրերի թվի վրա և բազմապատկելով ուսուցմանը մասնակցած օրերի թվով:

15. Շահառուն մինչև ուսուցման դասընթացի յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրն առձեռն կամ էլեկտրոնային եղանակով տարածքային կենտրոն է ներկայացնում ուսումնական հաստատության կողմից տրամադրված տեղեկանք` նախորդ ամսվա ընթացքում ուսուցմանը մասնակցած օրերին համապատասխան ուսման վարձի չափի վերաբերյալ:

16. Տարածքային կենտրոնը սույն ծրագրի 15-րդ կետով նախատեսված տեղեկանքն ստանալուց հետո վեց աշխատանքային օրվա ընթացքում գործատուին վճարում է ուսման վարձի փոխհատուցումը` նրա բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով, որից հետո գործատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոն է ներկայացնում ուսման վարձի վճարումը հավաստող փաստաթուղթը:

17. Ուսուցման դասընթացն ավարտելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում շահառուն ստացած վկայականի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը մուտքագրում է հարթակում և այդ մասին տեղեկացնում գործատուին և տարածքային կենտրոնին:

18. Սույն ծրագրի 17-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո գործատուն երկու աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով շահառուի հետ կնքում է նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիր` առնվազն վեց ամիս ժամկետով:

19. Շահառուի հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո գործատուն երկու աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պայմանագրի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակն առցանց ներկայացնում է տարածքային կենտրոն: Տարածքային կենտրոնի մասնագետը աշխատանքային պայմանագրի վերաբերյալ տեղեկատվությունը (աշխատանքային պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը) մուտքագրում է հարթակ:

20. Աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո վեց ամիս ժամկետով, ամսական կտրվածքով, գործատուին տրվում է գումար` առավելագույնը 50000 դրամի չափով` շահառուի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը փոխհատուցելու համար:

21. Տարածքային կենտրոնի մասնագետը հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանում առկա տեղեկատվության հիման վրա տվյալ ամսվա եկամտային հարկի հաշվարկի ներկայացման վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրը տեղեկանում է նախորդ ամսվա ընթացքում աշխատողների աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարի չափի վերաբերյալ, և վեց աշխատանքային օրվա ընթացքում սույն ծրագրի 20-րդ կետում նշված աջակցությունը տրամադրում է գործատուին` նրա բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով: Գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացված հարկային հաշվարկներում փոփոխություն կատարելու դեպքում ծրագրի շրջանակներում արդեն իսկ տրամադրված աջակցության չափերը վերահաշվարկվում են ճշտման արդյունքներով:

22. Սույն ծրագրի 18-րդ կետով նախատեսված ժամկետում շահառուի հետ աշխատանքային պայմանագիր չկնքելու կամ կնքված աշխատանքային պայմանագիրը մինչև գործողության ժամկետի վեց ամիսը լրանալը լուծելու դեպքում գործատուն ծառայությանն է վճարում հատուցում` իր առաջարկությամբ կազմակերպված ուսուցման ընթացքում որպես ուսման վարձի փոխհատուցում վճարված գումարի չափով` բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 5-7-րդ, 11-րդ, 12-րդ կետերով, 12.2-րդ կետի «դ» պարբերությամբ, 13-րդ, 14-րդ կետերով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված հիմքերով լուծելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ գործատուն մեկամսյա ժամկետում նոր աշխատանքային պայմանագիր է կնքում նույն շահառուի հետ` առնվազն սույն ծրագրի 18-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ժամկետի չիրացված մասով:

23. Ուսուցման ամբողջ ընթացքում որպես ուսման վարձի փոխհատուցում տրամադրված գումարը ենթակա է շահառուի կողմից վերադարձման, եթե շահառուն ներկայացրել է ոչ հավաստի տվյալներ, կամ տարածքային կենտրոնին չի տեղեկացրել նախկինում ներկայացված տվյալներում կատարված փոփոխությունների մասին, կամ հեռացվել է ուսուցման դասընթացից երեք անգամ անհարգելի պատճառով դասընթացի չներկայանալու հիմքով, կամ լուծել է աշխատանքային պայմանագիրը մինչև սույն ծրագրի 18-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը:

 

ԳԼՈՒԽ 3. ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԱՆԱՊԱՀՈՎ ՃԱՆԱՉՎԱԾ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՇԽԱՏՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԻՋՈՑՈՎ

 

24. Գործատուի կողմից շահառուի աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացն իր մոտ կազմակերպելու դեպքում` գործատուի առաջարկն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնի, գործատուի և շահառուի միջև կնքվում է աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպման մասին եռակողմ պայմանագիր (այսուհետ` պայմանագիր 2), որի վերաբերյալ տեղեկատվությունը (պայմանագիր 2-ի համարը և կնքման ամսաթիվը) տարածքային կենտրոնի մասնագետի կողմից մուտքագրվում է հարթակում: Պայմանագիր 2-ի օրինակելի ձևը հաստատում է նախարարը:

25. Պայմանագիր 2-ը կնքելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում գործատուն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով շահառուի հետ կնքում է նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիր` առնվազն վեց ամիս ժամկետով:

26. Շահառուի հետ աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո գործատուն երկու աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պայմանագրի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակն առցանց ներկայացնում է տարածքային կենտրոն: Տարածքային կենտրոնի մասնագետը աշխատանքային պայմանագրի վերաբերյալ տեղեկատվությունը (աշխատանքային պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը) մուտքագրում է հարթակ:

27. Շահառուի հետ աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո գործատուն երեք ամիս ժամկետով իր մոտ կազմակերպում է շահառուի աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթաց, որի ընթացքում գործատուին տրամադրվում է փոխհատուցում շահառուի աշխատավարձի վճարման համար` 165000 դրամի չափով, ամսական կտրվածքով` ներառյալ շահառուի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը:

28. Գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպումից հետո երեք ամիս ժամկետով, ամսական կտրվածքով, գործատուին տրվում է գումար առավելագույնը 50000 դրամի չափով` շահառուի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը փոխհատուցելու համար:

29. Սույն ծրագրի 27-րդ կետով նախատեսված աջակցությունը տրամադրվում է ամսվա լրիվ աշխատած օրերի համար, ընդ որում` ոչ լրիվ աշխատած ամսվա համար փոխհատուցման գումարի չափը հաշվարկվում է` փոխհատուցման ամսական գումարը բաժանելով տվյալ ամսվա աշխատանքային օրերի թվի վրա և բազմապատկելով լրիվ աշխատած օրերի թվով:

30. Տարածքային կենտրոնի մասնագետը հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանում առկա տեղեկատվության հիման վրա, տվյալ ամսվա եկամտային հարկի հաշվարկի ներկայացման վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրը, տեղեկանում է նախորդ ամսվա ընթացքում աշխատողների աշխատած օրերի և նրանց աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարի չափի վերաբերյալ, և վեց աշխատանքային օրվա ընթացքում սույն ծրագրի 27-րդ և 28-րդ կետերում նշված աջակցությունը տրամադրում է գործատուին` նրա բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով: Գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացված հարկային հաշվարկներում փոփոխություն կատարելու դեպքում ծրագրի շրջանակներում արդեն իսկ տրամադրված աջակցության չափերը վերահաշվարկվում են ճշտման արդյունքներով:

31. Շահառուի ժամանակավոր անաշխատունակության և նպատակային արձակուրդում գտնվելու ժամանակահատվածների համար գործատուին փոխհատուցում չի տրամադրվում:

32. Ծրագրի շրջանակներում շահառուի աշխատավարձի վճարման համար գործատուին փոխհատուցված ֆինանսական միջոցները «Զբաղվածության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ենթակա են ամբողջությամբ վերադարձման գործատուի կողմից` աշխատանքային պայմանագիրը մինչև գործողության ժամկետի վեց ամիսը լրանալը գործատուի կողմից լուծելու դեպքում` բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 5-7-րդ, 11-րդ, 12-րդ կետերով, 12.2-րդ կետի «դ» պարբերությամբ, 13-րդ, 14-րդ կետերով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված հիմքերով, ինչպես նաև այն դեպքում, երբ գործատուն մեկամսյա ժամկետում նոր աշխատանքային պայմանագիր է կնքում նույն շահառուի հետ` առնվազն սույն ծրագրի 25-րդ կետով նախատեսված աշխատանքային պայմանագրով սահմանված ժամկետի չիրացված մասով:

33. Ծրագրի շրջանակներում սույն ծրագրի 27-րդ կետով նախատեսված` շահառուի աշխատավարձի վճարման համար գործատուին փոխհատուցված ֆինանսական միջոցները, առանց շահառուի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկվող եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարի գումարի, ենթակա են վերադարձման շահառուի կողմից, եթե շահառուն ներկայացրել է ոչ հավաստի տվյալներ կամ տարածքային կենտրոնին չի տեղեկացրել նախկինում ներկայացված տվյալներում կատարված փոփոխությունների մասին կամ խախտել է համապատասխան պայմանագրային պարտավորությունները կամ լուծել է աշխատանքային պայմանագիրը մինչև սույն ծրագրի 25-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը:

 

ԳԼՈՒԽ 4. ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԱՆԱՊԱՀՈՎ ՃԱՆԱՉՎԱԾ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՇԽԱՏՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ` ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ

 

34. Գործատուի կողմից սույն ծրագրի 8-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված աջակցության ուղղությունն ընտրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում գործատուի, շահառուի և տարածքային կենտրոնի միջև կնքվում է գործատուին մասնակի փոխհատուցում տրամադրելու մասին եռակողմ պայմանագիր (այսուհետ` պայմանագիր 3)` երեք օրինակից` նախարարի հաստատած օրինակելի ձևին համապատասխան, որի վերաբերյալ տեղեկատվությունը (պայմանագիր 3-ի համարը և կնքման ամսաթիվը) տարածքային կենտրոնի մասնագետի կողմից մուտքագրվում է հարթակում:

35. Մասնակի փոխհատուցումը տրվում է այն գործատուին, որն առնվազն վեց ամիս ժամկետով, նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիր է կնքում իր պահանջներին համապատասխանող շահառուի հետ:

36. Շահառուի հետ աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո գործատուն երկու աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պայմանագրի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակն առցանց ներկայացնում է տարածքային կենտրոն: Տարածքային կենտրոնի մասնագետը աշխատանքային պայմանագրի վերաբերյալ տեղեկատվությունը (աշխատանքային պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը) մուտքագրում է հարթակ:

37. Աշխատանքային պայմանագիրը 6-11 ամիս ժամկետով կնքելու դեպքում ամսական կտրվածքով, վեց ամիս ժամկետով, գործատուին տրվում է փոխհատուցում` տվյալ անձի համար սահմանված ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 50000 դրամը, իսկ աշխատանքային պայմանագիրը 12 և ավելի ամիս ժամկետով կնքելու դեպքում` ամսական կտրվածքով, 12 ամիս ժամկետով, տվյալ անձի համար սահմանված ամսական աշխատավարձի 70 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը: Աջակցությունը տրամադրվում է ամսվա լրիվ աշխատած օրերի համար, ընդ որում, ոչ լրիվ աշխատած ամսվա համար փոխհատուցման չափը հաշվարկվում է` փոխհատուցման ենթակա ամսական գումարը բաժանելով տվյալ ամսվա աշխատանքային օրերի թվի վրա և բազմապատկելով լրիվ աշխատած օրերի թվով:

38. Տարածքային կենտրոնի մասնագետը հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանում առկա տեղեկատվության հիման վրա տվյալ ամսվա եկամտային հարկի հաշվարկի ներկայացման վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրը տեղեկանում է նախորդ ամսվա ընթացքում աշխատողների համար հաշվարկված աշխատավարձի չափի վերաբերյալ, և վեց աշխատանքային օրվա ընթացքում սույն ծրագրի 37-րդ կետում նշված աջակցությունը տրամադրում է գործատուին` նրա բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով: Գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացված հարկային հաշվարկներում փոփոխություն կատարելու դեպքում ծրագրի շրջանակներում արդեն իսկ տրամադրված աջակցության չափերը վերահաշվարկվում են ճշտման արդյունքներով:

39. Շահառուի ժամանակավոր անաշխատունակության և նպատակային արձակուրդում գտնվելու ժամանակահատվածների համար գործատուին փոխհատուցում չի տրամադրվում:

40. Փոխհատուցումը տրամադրվում է գործատուին` նրա բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով:

41. Գործատուին տրամադրված փոխհատուցման գումարը «Զբաղվածության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ենթակա է ամբողջությամբ վերադարձման գործատուի կողմից, եթե աշխատանքային պայմանագիրը լուծվում է գործատուի նախաձեռնությամբ` մինչև սույն ծրագրի 37-րդ կետով նախատեսված ժամկետը լրանալը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 5-7-րդ, 11-րդ, 12-րդ կետերով, 12.2-րդ կետի «դ» պարբերությամբ, 13-րդ, 14-րդ կետերով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-10-րդ կետերով նախատեսված հիմքերով, ինչպես նաև այն դեպքում, երբ գործատուն մեկամսյա ժամկետում նոր աշխատանքային պայմանագիր է կնքում նույն շահառուի հետ` առնվազն սույն ծրագրի 35-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ժամկետի չիրացված մասով:

42. Ծրագրի շրջանակներում գործատուին տրամադրված մասնակի փոխհատուցման գումարը ենթակա է ամբողջությամբ վերադարձման շահառուի կողմից, եթե նա ներկայացրել է ոչ հավաստի տվյալներ կամ տարածքային կենտրոնին չի տեղեկացրել նախկինում ներկայացված տվյալներում կատարված փոփոխությունների մասին կամ խախտել է համապատասխան պայմանագրային պարտավորությունները կամ լուծել է աշխատանքային պայմանագիրը մինչև սույն ծրագրի 37-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը:

 

ԳԼՈՒԽ 5. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

43. Ծառայությունն ամսական առնվազն մեկ անգամ իրականացնում է շահառուների ուսուցման դասընթացներին մասնակցության մոնիթորինգ, իսկ եռամսյակը մեկ անգամ` գործատուի կողմից շահառուի աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպման ծրագրի և գործատուին մասնակի փոխհատուցում տրամադրելու միջոցով շահառուի զբաղվածության ապահովման ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգ:

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.06.2025
N 770-Լ
Որոշում