ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 հունիսի 2025 թվականի N 778-Լ
ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ (ԳՆՈՒՄՆԵՐԻ) ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել սպանդանոցների կողմից խոշոր եղջերավոր կենդանիների մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը (այսուհետ` կարգ)` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) բյուջետային երաշխիքները կարող են տրամադրվել առանց ապահովման լրացուցիչ միջոցների.
2) շահառուի կողմից իրականացված վարկի հիմնական գումարի մարումներն առաջնահերթ ուղղվում են բյուջետային երաշխիքներով ապահովված պարտավորությունների մարմանը.
3) սպանդանոցային գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուի խոշոր եղջերավոր կենդանիների մթերումների (գնումների) ուղղության համար բյուջետային երաշխիքները տրամադրվում են առավելագույնը 15 ամիս մարման ժամկետով.
4) բյուջետային երաշխիքների հիման վրա վճարման պահանջ կարող է ներկայացվել վարկի գծով 90 օր և ավելի ժամկետանց պարտավորության առկայության դեպքում` մինչև բյուջետային երաշխիքի ժամկետի լրանալը.
5) յուրաքանչյուր շահառուին և «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն իր հետ փոխկապակցված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի բյուջետային երաշխիքների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 14.0 մլն դրամը և բյուջետային երաշխիքի գումարը երաշխիքի ստացման համար դիմելու պահին չպետք է գերազանցի երաշխիք ստացողի ակտիվների 20 տոկոսը.
6) ծրագրի շրջանակում բյուջետային երաշխիքի տրամադրման պարտադիր նախապայման է ձեռք բերվող խոշոր եղջերավոր կենդանիների համարակալված լինելը և խոշոր եղջերավոր կենդանիների գնման գործընթացից հետո դրանց ապահովագրումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվող վարկերի նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2025 թ. հունիսի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2025 թվականի հունիսի 12-ի
N 778-Լ որոշման
ԿԱՐԳ
ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ (ԳՆՈՒՄՆԵՐԻ) ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում է սպանդանոցների կողմից խոշոր եղջերավոր կենդանիների մթերումների (այսուհետ` գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման ընթացակարգը:
2. Սույն կարգի իմաստով օգտագործվող հասկացությունները և հապավումները`
1) ծրագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշմամբ հաստատված Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր.
2) կարգ` խոշոր եղջերավոր կենդանիների մթերումների նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգ.
3) շահառու` Հայաստանի Հանրապետությունում սպանդանոցային գործունեություն իրականացնող, համարակալված ու ապահովագրված խոշոր եղջերավոր կենդանիների գնումներ իրականացնող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը և (կամ) իր հետ փոխկապակցված որևէ անձ վարկի համար դիմելու պահին նախորդող 12 ամիսների ընթացքում չունի 90 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություն կամ «ոչ ստանդարտ» դասով դասակարգված վարկեր և դիմումի ներկայացման նախորդող օրվա դրությամբ չունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ.
4) ԳՖԿ` Էկոնոմիկայի նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույց.
5) ՖԿ` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկեր կամ վարկային կազմակերպություններ, որոնք գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում վարկերի տրամադրման համար սահմանված ընթացակարգով ԳՖԿ-ի հետ կնքել են պայմանագրեր.
6) բյուջետային երաշխիք` սույն որոշմամբ հաստատված գնումների նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում ՖԿ-ներից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով տրամադրվող վարկի հիմնական գումարի վերադարձի ապահովման միջոց:
3. Սույն կարգի հիման վրա բյուջետային երաշխիքներն առանց ապահովման միջոցի կարող են տրամադրվել յուրաքանչյուր վարկառուի առավելագույնը 15 ամիս մարման ժամկետով` շահառուի կողմից իրականացված վարկի հիմնական գումարի մարումներն առաջնահերթ բյուջետային երաշխիքներով ապահովված պարտավորությունների մարմանն ուղղելու պայմանով:
4. Տրամադրվող բյուջետային երաշխիքի գումարը չպետք է գերազանցի ծրագրի շրջանակներում ՖԿ-ի կողմից տրամադրվող վարկի գումարի 70%-ը, ընդ որում` յուրաքանչյուր շահառուին բյուջետային երաշխիք տրամադրվում է մեկ անգամ` առավելագույնը 14.0 մլն դրամ գումարի չափով և բյուջետային երաշխիքի գումարը երաշխիքի ստացման համար դիմելու պահին չպետք է գերազանցի երաշխիք ստացողի ակտիվների 20 տոկոսը:
5. Շահառուի համար բյուջետային երաշխիք ստանալու նախապայման է հանդիսանում ծրագրի շրջանակում ձեռք բերվող խոշոր եղջերավոր կենդանիների համարակալված ու ապահովագրված լինելու պարտավորության ստանձնումը:
6. Բյուջետային երաշխիքով ապահովված վարկի գծով կնքված պայմանագրի կրկնօրինակը և մարման ժամանակացույցը հաստատումից հետո ՖԿ-ն 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Ֆինանսների նախարարությանը, Էկոնոմիկայի նախարարությանը և ԳՖԿ-ին:
7. Մինչև վարկի տրամադրումը շահառուն իր հաշվին պետք է ունենա ՖԿ-ի կողմից սառեցված գումար` խոշոր եղջերավոր կենդանիների ապահովագրավճարի ընդհանուր կանխատեսվող գումարի չափով:
8. Բյուջետային երաշխիքով ապահովված վարկի հիմնական գումարի ամբողջական մարումից հետո ՖԿ-ն 3 աշխատանքային օրվա ընթացքում Ֆինանսների նախարարությանն է վերադարձնում բյուջետային երաշխիքի բնօրինակը, ինչի վերաբերյալ 3 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է Էկոնոմիկայի նախարարությանը:
9. Ծրագրի ավարտի վերջում տրամադրված բյուջետային երաշխիքի դիմաց որպես վճար շահառուի կողմից վճարվում է միջնորդավճար` երաշխիքային գումարի 1 տոկոսի չափով:
10. Այն դեպքում, երբ տրամադրվող բյուջետային երաշխիքի շրջանակներում շահառուի կողմից ստանձնած վարկային պարտավորությունների չկատարման արդյունքում ՖԿ-ի կողմից գրավադրված գույքի նկատմամբ իրականացվում է իրացման գործողություն, ապա գույքի իրացման արդյունքում առաջացող գումարի ՖԿ-ի կողմից հատկացված վարկի գծով գոյացած պարտավորությունների ծավալի գերազանցող մասն ուղղվում է վարկի բյուջետային երաշխիքով ապահովված մասի մարմանը:
II. ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
11. Շահառուները վարկավորման նպատակով ծրագրով սահմանված ընթացակարգով դիմում են ՖԿ-ին:
12. ՖԿ-ն իրականացնում է շահառուների վարկունակության գնահատում և կայացնում նախնական որոշում` ծրագրի ներքո վարկ տրամադրելու վերաբերյալ (վարկի նախահաստատում):
13. Եթե շահառուի կողմից հայցվող վարկի գումարը գերազանցում է վերջինիս կողմից առաջարկվող գրավի առարկայի կամ բանկային երաշխիքի դիմաց ՖԿ-ի կողմից տրամադրվող վարկի գումարին, ապա շահառուն հայցվող վարկի գումարի չբավարարող մասի համար բյուջետային երաշխիք ստանալու նպատակով կարող է դիմել Էկոնոմիկայի նախարարությանը` համաձայն N 1 ձևի:
14. Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
1) տեղեկանք ՖԿ-ից` վարկի ապահովման միջոցի չբավարարող մասի և ՖԿ-ի կողմից գնահատված վարկի ապահովման միջոցի շուկայական արժեքի վերաբերյալ.
2) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք` դիմումի ներկայացման նախորդող օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորությունների բացակայության մասին.
3) ԱՔՌԱ վարկային բյուրոյից` վարկային պատմության վերաբերյալ զեկույց.
4) պարտավորագիր` ծրագրի շրջանակում միայն համարակալված խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու և դրանք ապահովագրելու վերաբերյալ.
5) տեղեկանք 2024-2025 թվականների եկամուտների և ծախսերի վերաբերյալ (իրավաբանական անձանց դեպքում` ֆինանսական հաշվետվությունները).
6) տեղեկություն` տնտեսական գործունեության մասին` համաձայն N 2 ձևի.
7) տեղեկանք` դիմումի ներկայացման օրվա դրությամբ ակտիվների չափի մասին:
15. Եթե ներկայացված դիմումը թերի է կամ սույն կարգի 14-րդ կետում նշված փաստաթղթերն ամբողջական չեն, Էկոնոմիկայի նախարարությունը դիմումն ստանալու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է դիմումատուին` թերությունները և անհամապատասխանությունները վերացնելու և նոր դիմում ներկայացնելու մասին: Դիմումատուն պարտավոր է սույն կետով նախատեսված կարգով տեղեկացումն ստանալու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել սույն կարգի պահանջներին համապատասխան նոր դիմում:
16. Սույն կարգի պահանջներին համապատասխան դիմումն ստանալուց հետո Էկոնոմիկայի նախարարությունը ԳՖԿ-ի հետ համատեղ 3 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է այն և`
1) ոչ հիմնավոր ճանաչելու դեպքում գրությամբ պատասխանում է դիմումատուին` նշելով դիմումի մերժման պատճառները.
2) հիմնավոր ճանաչելու դեպքում Էկոնոմիկայի նախարարությունը շահառուին բյուջետային երաշխիք տրամադրելու մասին իր առաջարկություններով միջնորդություն է ներկայացնում Ֆինանսների նախարարություն` կցելով շահառուի կողմից ներկայացված փաստաթղթերը և դրա մասին գրությամբ տեղեկացնում է դիմումատուին:
17. Դիմումը մերժվում է, եթե`
1) ներկայացված փաստաթղթերում առկա են ոչ հավաստի տվյալներ.
2) շահառուն չի ապահովել սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված պահանջները.
3) պահանջվող բյուջետային երաշխիքի գումարի չափը գերազանցում է ՖԿ-ի կողմից տրամադրվող վարկի գումարի 70%-ը.
4) դիմումատուի կողմից սույն կարգի 15-րդ կետով նախատեսված ժամկետում սույն կարգի պահանջներին համապատասխան նոր դիմում չներկայացնելու դեպքում:
18. Խոշոր եղջերավոր կենդանիների գնման գործընթացից հետո շահառուները ծրագրի 23-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերի ներկայացումից բացի 5 աշխատանքային օրվա ընթացքում ՖԿ-ին են ներկայացնում նաև համարակալված խոշոր եղջերավոր կենդանիների ապահովագրության պայմանագրի կրկնօրինակը:
19. Ապահովագրական գումարի մեծությունը պետք է համարժեք լինի խոշոր եղջերավոր կենդանիների գնման պայմանագրային արժեքին և ապահովագրությունը պետք է իրականացվի կենդանիների հիվանդությունների, բնական աղետների, դժբախտ պատահարների և երրորդ անձանց կողմից անօրինական գործողությունների (այդ թվում` գողության) ռիսկերից:
20. Ապահովագրական հատուցման չափը որոշվում է.
1) ապահովագրված կենդանիների կորստի դեպքում` կենդանիների գնման պայմանագրային արժեքով.
2) հարկադիր սպանդի դեպքում` կենդանիների գնման պայմանագրային արժեքը նվազեցված հարկադիր սպանդի արդյունքում առաջացած մթերքի արժեքով:
III. ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
21. Շահառուի կողմից հայցվող վարկի գծով ՖԿ-ի կողմից տրամադրվող վարկի գումարի չբավարարող մասի համար բյուջետային երաշխիք տրամադրելու մասին միջնորդությունն ստանալուց հետո Ֆինանսների նախարարությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է այն և`
1) միջնորդությունը ոչ հիմնավոր ճանաչելու դեպքում այն գրությամբ վերադարձնում է Էկոնոմիկայի նախարարությանը` նշելով միջնորդությունը մերժելու պատճառները.
2) միջնորդությունը հիմնավոր ճանաչելու դեպքում` 3 աշխատանքային օրվա ընթացքում շահառուի հետ կնքում է բյուջետային երաշխիքի տրամադրման մասին պայմանագիր և վերջինիս տրամադրում թողարկված բյուջետային երաշխիքի բնօրինակը` դրա մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցելով Էկոնոմիկայի նախարարությանը:
22. Միջնորդությունը մերժվում է, եթե սույն կարգի 14-րդ կետում նշված փաստաթղթերն ամբողջական չեն կամ դրանցում նշված տվյալները չեն համապատասխանում սույն կարգով նախատեսված պահանջներին:
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
_____________________________________________________-ԻՑ
(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը,
ՀՎՀՀ-ն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն)
ԴԻՄՈՒՄ ԳՐԱՎԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՉԲԱՎԱՐԱՐՈՂ ՄԱՍԻ ՉԱՓՈՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ սպանդանոցային գործունեություն իրականացնող ________________
___________________________________________________________________-ին
(կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)
Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում խոշոր եղջերավոր կենդանիների գնումների նպատակով _______________________________-ից
(ֆինանսական կառույցի անվանումը) ______________________ (___________________________________________) դրամ
(գումարի չափը թվերով) (գումարի չափը տառերով)
վարկի ներգրավման նպատակով գրավի ______________________
ապահովման չբավարարող (գումարի չափը թվերով)
(____________________________) դրամի չափով տրամադրել բյուջետային երաշխիք:
(գումարի չափը տառերով)
[] Պարտավորվում եմ բյուջետային երաշխիքի ստացման դեպքում ծրագրի շրջանակում ձեռք բերել միայն համարակալված խոշոր եղջերավոր կենդանիներ և 5 աշխատանքային օրվա ընթացքում կնքել ապահովագրության պայմանագիր:
Առդիր _____ էջ:
Ստորագրող
_____________________ _______________________
(պաշտոն) (անուն, ազգանուն)
____________________
(ստորագրություն)
___ _________________ 20__ թ.
Ձև N 2
Տեղեկություն ___________________________տնտեսական գործունեության մասին
(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)
(մլն դրամ)
.___________________________________________________________.
|NN | 1 | 2 | 3 |
|ը/կ| | | |
|___|_________________________|_______________|_____________|
| |Ցուցանիշը |2024 թվական |2025 թվական |
| | |փաստացի |կանխատեսում |
|___|_________________________|_______________|_____________|
|1. |Հասույթ | | |
|___|_________________________|_______________|_____________|
|2. |Շրջանառության հարկ | | |
|___|_________________________|_______________|_____________|
|3. |Շահութահարկ | | |
|___|_________________________|_______________|_____________|
|4. |ԱԱՀ | | |
|___|_________________________|_______________|_____________|
|5. |Եկամտային հարկ | | |
|___|_________________________|_______________|_____________|
|6. |Այլ հարկեր և տուրքեր | | |
.___________________________________________________________.